Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-8471-16.03.2010-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 12-ի թիվ ՀՕ-107 օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասի վերջում լրացնել  «եւ շքեղության հարկ» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՇՔԵՂՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԾԵՐԻ

Օրինագծի փաթեթը մշակելիս հաշվի է առնվել հայաստանյան այսօրվա իրականությունը, ինչպես նաեւ ուսումնասիրվել է միջազգային փորձը: ԱՊՀ երկրներից շքեղության հարկի մասին օրենք գործում է Ուկրաինայում, իսկ 2009 թ. սեպտեմբերին Ղազախստանում ընդունվել է  այդօրինակ մի օրենք եւ շքեղություն համարվող սեփականության օբյեկտների ցանկը եւ դրանց հարկային դրույքաչափերը  ամրագրվել են հարկային օրենսգրքում: 2007 թվականից սկսած Ռուսաստանում բուռն քննարկումներ են ընդանում շքեղության հարկի մասին օրինագծի վերաբերյալ, մասնավորապես 2007 թվականի հունվարին այդպիսի  նախաձեռնությամբ հանդես է եկել Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Բաբակովը, իսկ հետագայում Դաշնային Խորհրդի նախագահ` Սերգեյ Միրոնովը: Միջազգային փորձը վկայում է, որ շքեղություն համարվող սեփականության օբյեկտների թվում մասնավորապես նշվում են որոշակի  չափաքանակներ եւ արժեք ունեցող բնակարանները, առանձնատները, հողամասերը, մշակույթային արժեք ունեցող արվեստի ստեղծագործությունները, թանկարժեք զարդերը, ուղղաթիռները, ինքնաթիռները, ավտոմեքենաները, առագաստանավերը, մոտոռանավակները, հարստությունը (ունեցվածքը) եւ այլն: Ընդ որում հողամասերի, բնակարանների, առանձնատների հարկային դրուքաչափերի սահմանման ժամանակ կարեւորվում է գոտիականության  ամրագրման սկզբունքը, որից ելնելով էլ նախատեսվում են համապատասխան մոտեցումներ: Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Շվեցարիայում, Անգլիայում եւ Եվրոպական այլ երկրներում հարուստ լինելը բավականին թանկ է: Այդ պետություններում մասնավորապես անշարժ գույքի համար սահմանված հարկային դրույքաչափերը միջինը կազմում են այդ անշարժ գույքի արժեքի  1-2 տոկոսը: Ավստրիայում եւ Շվեյցարիայում այսպես կոչված էլիտար վայրերում գտնվող 500-600 քառ. մետր մակերես ունեցող կոտեջի համար նրա սեփականատերը պետությանը տարեկան վճարում է 10-15 հազար եվրո գումար: Ֆրանսիայում հարստության, ունեցվածքի  համար հարկ վճարում են այն ընտանիքները, որոնց ամբողջ հարստության, ունեցվածքի արժեքը ավել է 750 հազար եվրոյից` անկախ իրենց ունեցած տարեկան եկամտի չափից: Գերմանիայում 2006 թվականին  քաղաքացիներից գանձվող գերշահույթների չափը  42-ից բարձրացվել է 45 տոկոսի: Հարստության հարկ են վճարում նաեւ Իտալիայում: ԱՄՆ-ում շքեղության հարկը մտցվել է դեռեւս 1898 թվականին` Իսպանիայի դեմ մղվող  պատերազմի ծախսերը ֆինասավորելու  համար եւ կազմում էր 3 տոկոս: 2009 թվականի սեպտեմբերից Ղազախստանում գործող օրենքի համաձայն եթե թանկարժեք ունեցվածքի` այդ թվում անշարժ գույքի արժեքը կազմում է 420 հազարից 1 միլիոն ամերիկայն դոլար, ապա գանձվող հարկի չափը կազմում է 0.75 տոկոս, իսկ 1 միլիոնից ավելիի դեպքում` 1 տոկոս: Հետաքրքիր է միջազգային փորձը նաեւ շքեղություն համարվող անձնական օգտագործման թանկարժեք ավտոմեքենաների հարկման վերաբերյալ: Մի շարք երկրներում (Գերմանիա, Ֆրանսիա)  այդպիսի ավտոմեքենաների օգտագործման համար նախատեսված հարկային դրույքաչափերը պայմանավորված են տվյալ ավտոմեքենայի կշռով, չափերով, շարժիչի հզորությամբ, արտանետվող CO2  գազի քանակով: Դանիայում հիմքում դնելով էկոլոգիական գործոնը ավտոմեքենայի գրանցման համար  գանձվում է ավտոմեքենայի արժեքի  105 տոկոսի չափով գումար: Իսկ եթե ավտոմեքենայի արժեքը ավել է 18 հազար ամերիկյան դոլարից, ապա համապատասխան գումարը կազմում է 180 տոկոս: Իսրայելում ավտոմեքենաների հարկման չափորոշիչների հիմքում դրվում են ավտոմեքենայի չափերը եւ վնասակար գազերի արտանետումների քանակը: Այդ պարագայում քաղաքացիները վճարում են հարկ, որի չափը կազմում է տվյալ ավտոմեքենայի  արժեքի շուրջ 70 տոկոսը: Ավստրալիայում շքեղ մարդատար ավտոմեքենայի համար վճարում են շքեղության հարկ` տվյալ ավտոմեքենայի արժեքի 33 տոկոսի չափով: Ընդ որում շքեղ են համարվում 57 հազար ամերիկյան դոլարից ավել արժեք ունեցող մարդատար ավտոմեքենաները:

Օրինագծի հայեցակարգը, համապատասխան դրույքաչափերը եւ մյուս  դրույթները քննարկելի են: Հեղինակը պատրաստ է այդ քննարկումների արդյունքում լրամշակել ներկայացված օրինագիծը: Մեր գնահատականով օրինագծի ընդունումը  կնպաստի Հայաստանում սոցիալական արդարության հաստատմանը:

Օրինագծի մշակմանը մասնակցել են իմ օգնականներ` Արմենուհի Սաղաթելյանը եւ Երվանդ Դալլաքյանը: