Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության (2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337) օրենքի 40-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8) տալիս է համայնքի տարածքում հեղուկ վառելիքի կամ տեխնիկական հեղուկների կամ կոմպրեսացված (սեղմված) բնական գազերի կամ հեղուկացված գազերի մանրածախ առեւտրի կետերում հեղուկ վառելիքի կամ տեխնիկական հեղուկների կամ կոմպրեսացված (սեղմված) բնական գազերի կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվություն»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանքով:
«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքում կոմպրեսացված (սեղմված) գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրք սահմանված չէ: Նշված բացը լրացնելու համար ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից պատրաստվել է «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում եւս առեւտրի եւ ծառայությունների բնագավառում համայնքի ղեկավարի գործունեության շրջանակներում համայնքի տարածքում կոմպրեսացված (սեղմված) գազերի վաճառքի թույլտվություն տրամադրելու մասին նշված չէ: Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ տարակարծությունից խուսափելու եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը հստակեցնելու նպատակով` անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություն կատարել նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածում: