Հոդված 1. Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի Հ0-247 օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 94րդ հոդվածի 1ին մասում «համայնքի ղեկավարի » բառերից հետո լրացնել «,իսկ Երեւան քաղաքում` Երեւանի վարչական շրջանի ղեկավարի» բառերը։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՏԵՂԵԿԱՆ Ք-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Դատավարության կողմերի իրավահավասարության եւ մրցակցության սկզբունքների դրսեւորումներից է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը, որի համաձայն դատարանը գործին մասնակցող անձանց եւ դատավարության մյուս մասնակիցներին տեղեկացնում է /ծանուցում է/ դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի եւ վայրի մասին: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածով սահմանվում է, որ պատասխանողի փաստացի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում դատարանը գործը քննում է պատասխանողի վերջին հայտնի բնակության վայրի համայնքի ղեկավարի կամ նրա վերջին հայտնի աշխատավայրի տնօրինության կողմից ծանուցում ստանալու փաստը հավաստող մակագրությամբ հաղորդագրություն ստանալուց հետո:
«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածի համապատասխան Երեւան քաղաքը բաժանված է վարչական շրջանների եւ տեղական ինքնակառավարումն իրականացվում է վարչական շրջանների միջոցով:
Հաշվի առնելով Երեւան քաղաքի առաձնահատկությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի դրույթով սահմանված դատավարական գործողությունը առավել արդյունավետ իրականացնելու համար նպատակահարմար է Երեւան քաղաքում քաղաքացիական եւ վարչական գործերով պատասխանողի փաստացի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում Երեւանի քաղաքապետի անունից դատարան պատասխանողի վերջին հայտնի բնակության վայրի ծանուցում ստանալու փաստը հավաստող մակագրությամբ հաղորդագրություն ներկայացնելու լիազորությունը վերապահել Երեւան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին: