Հոդված 1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-269 օրենսգրքի 75-րդ հոդվածի 7-րդ մասում «համայնքի ղեկավարին» բառերից հետո լրացնել «, իսկ Երեւան քաղաքում` Երեւանի վարչական շրջանի ղեկավարին» բառերը:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Դատավարության կողմերի իրավահավասարության եւ մրցակցության սկզբունքների դրսեւորումներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածը, որի համաձայն դատարանը գործին մասնակցող անձանց եւ դատավարության մյուս մասնակիցներին տեղեկացնում է /ծանուցում է/ դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի եւ վայրի մասին: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանվում է, որ եթե պատասխանողը չի ստացել սույն հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 5-րդ մասերով սահմանված կարգով ուղարկելու միջոցով, ապա հայցվորի միջնորդությամբ հայցադիմումն ուղարկում է պատասխանողի վերջին հայտնի բնակության կամ գրանցման վայրի համայնքի ղեկավարին:
«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածի համապատասխան Երեւան քաղաքը բաժանված է վարչական շրջանների եւ տեղական ինքնակառավարումն իրականացվում է վարչական շրջանների միջոցով:
Հաշվի առնելով Երեւան քաղաքի առանձնահատկությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 75-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթով սահմանված դատավարական գործողությունը առավել արդյունավետ իրականացնելու համար նպատակահարմար է Երեւան քաղաքում քաղաքացիական եւ վարչական գործերով պատասխանողի փաստացի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում դատարանի կողմից հայցադիմումը ուղարկել Երեւան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին: