Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-8532-23.03.2010-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 3-րդ մասի «անապահով» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերից գործուղված» բառերը.

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «բնագավառներում» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերում» բառերը.

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի`

առաջին պարբերությունում «անապահով» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերից գործուղված» բառերը.
երրորդ պարբերությունում «համար» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերից գործուղված ուսանողներին» բառերը:

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Տեղեկանք-հիմնավորում

«Կրթության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման մասին.

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը (այսուհետ` Նախագծեր) մշակվել են նպատակ ունենալով ստեղծել օրենսդրական հիմքեր սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերում հաշվառված եւ վերջին տասը տարում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար անվճար բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթություն ստանալու իրատեսական լրացուցիչ հնարավորության ապահովման համար` այդ քաղաքացիներին պետական համապատասխան երաշխիք տրամադրելու ճանապարհով:

Նախագծերի ընդունումից հետո սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերից գործուղված ուսանողները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նպաստի ձեւով ուսման վճարի փոխհատուցումից օգտվելու, ինչպես նաեւ պետական կրթաթոշակ ստանալու իրավունք կունենան: Արդյունքում կստեղծվի իրատեսական հնարավորություն Հայաստանի Հանրապետության սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերն անհրաժեշտ մասնագետներով ապահովելու, ինճպես նաեւ այդ բնակավայրերում առկա եւ երկարաժամկետ հատվածում չհամալրվող, այդ թվում` հիմնականում բժիշկների եւ ուսուցիչների, աշխատատեղերը համալրելու համար:

Վերոհիշյալը անհրաժեշտ եւ կարեւոր պայման է նաեւ սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերի սոցիալական վիճակի բարելավման, այդ բնակավայրերից բնակչության արտագաղթի ռիսկի նվազեցման, տնտեսական կայուն զարգացման ապահովման համար, ինչպես նաեւ կարող է հանդիսանալ արդյունավետ միջոցառում ժողավրդագրական քաղաքականության շրջանակներում: