Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-857-26.03.2010-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻ

Հոդված 1. «Բնակչության զբաղվածության եւ գործազրության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության   2005 թվականի  հոկտեմբերի 24-ի ՀՕ-206-Ն օրենքը   լրացնել  հետեւյալ  բովանդակությամբ նոր  15.1 հոդվածով.

«Հոդված 15.1. Զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունները

1. Զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների գործունեությունը ենթակա է  լիցենզավորման  Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների գործունեության չափորոշիչները սահմանվում են Հայաստանի  Հանրապետության կառավարության կողմից:

3. Զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունները   իրավունք ունեն`

1) գործատուներից, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարերկրյա պետությունների համապատասխան մարմիններից ստանալու տեղեկություններ թափուր աշխատատեղերի, ինչպես նաեւ սպասվելիք կառուցվածքային փոփոխությունների եւ այլ միջոցառումների մասին, որոնց հետեւանքով կարող են տեղի ունենալ աշխատանքից ազատումներ.

2) աշխատանք փնտրող անձանց ուղեգրելու գործատուների մոտ` համապատասխան թափուր աշխատատեղերի առկայության դեպքում.

3) անձանց ներկայացրած փաստաթղթերի հավաստիությունը պարզելու նպատակով իրավասու մարմիններից ստանալու տեղեկություններ նրանց զբաղվածության, կենսաթոշակ ստանալու եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարումներ կատարած լինելու մասին:

4. Զբաղվածության ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունները պարտավոր են`

1) աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցել աշխատանք փնտրող, տվյալ կազմակերպությանը  յուրաքանչյուր դիմողի համար.

2) իրականացնել աշխատուժի արտաքին եւ ներքին տեղաշարժի կարգավորմանն ուղղված ծրագրեր, օժանդակել աշխատանք փնտրող անձանց ընտրելու հարմար աշխատանք, իսկ գործատուներին ապահովել անհրաժեշտ մասնագիտություն եւ որակավորում ունեցող մասնագետներով.

3) մատուցել ի տեղավորման ծառայություններ ելնելով միաժամանակ աշխատանք փնտրողների եւ գործատուների շահերից.

4) իրականացնել աշխատանք փնտրող անձանց հաշվառումը.

5) իրականացնել աշխատանք փնտրող անձանց մասնագիտական կողմնորոշման խորհրդատվությունը..

6) կազմակերպել գործազուրկների մասնագիտական ուսուցումը` ՀՀ կառավարության սահմանած կարգով.

7) կազմակերպել երկարամյա ծառայության եւ արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստացող աշխատանք փնտրող չզբաղված անձանց վերամասնագիտացումը, որի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

8) աջակցել վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպմանը`ապահովելով անհրաժեշտ աշխատուժով.

9) հանրապետական եւ տարածքային համաձայնեցման կոմիտեների ներկայացուցիչներին գրավոր հարցման հիման վրա տրամադրել տեղեկատվություն` իրականացրած աշխատանքների վերաբերյալ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի  հունվարի 1-ից: 

Հիմնավորում

«Բնակչության զբաղվածության եւ գործազրության դեպքում սոցիալական պաշտպանության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների  նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության

Նախագծերի փաթեթով  առաջարկվող լրացումները նպատակ ունեն օրենսդրորեն կանոնակարգել զբաղվածության ոչ պետական ծառայություններ մատուցող կազմակերպությունների գործառույթները, ստեղծել հնարավորություններ զբաղվածության պետական ծառայությունների հետ համագործակցության համար եւ  սահմանել  դրանց գործունեության նկատմամբ վերահսկողություն:

Համագործակցությունը զբաղվածության ծառայություններ մատուցող պետական եւ մասնավոր կառույցների միջեւ կապահովի առողջ մրցակցություն, արդյունքում բարձրացնելով մատուցվող ծառայությունների որակն ու նրանց միջեւ տվյալների փոխանակումն ու համադրումը, կնպաստի աշխատաշուկայի համակողմանի վերլուծությանը, այդ թվում աշխատուժի տարածքային տեղաշարժերի վերաբերյալ տվյալների հստակեցմանը: Իսկ փոխշահավետ համագործակցություն հնարավոր է միայն մասնավոր կառույցների գործունեության կանոնակարգման, ծառայությունների մատուցման միասնական չափորոշիչների ներդրման ճանապարհով: