Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999թ. ապրիլի 14-ի ՀՕ-297-Ն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիները նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամ օտարերկրացիների համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` իրենց ընտրությամբ»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման
Համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի. «Հայաստանի Հանրապետության քաղաքացի են սույն օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած անձինք:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հավասար են օրենքի առաջ` անկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու հիմքերից, ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ դրությունից, ունեն Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված բոլոր իրավունքները, ազատությունները եւ պարտականությունները», իսկ 13-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի է համարվում այն անձը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից բացի, ունի նաեւ այլ պետության (երկրների) քաղաքացիություն:
Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները եւ կրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերի»:
Հետեւաբար, ՀՀ երկքաղաքացին նույն ՀՀ քաղաքացին է եւ օգտվում է կրթության հավասար իրավունքից: Ավելին, համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ մասի` կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներից է պետական եւ ոչ պետական ուսումնական հաստատություններում քաղաքացիների` կրթություն ստանալու հնարավորությունների երաշխավորումը: Երկքաղաքացիների կրթության իրավունքը սահմանափակվում է «Կրթության մասին» ՀՀ օրենքով` մասնավորապես, 6-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված է, որ պետությունը ՀՀ քաղաքացիների համար երաշխավորում է պետական ուսումնական հաստատություններում անվճար ընդհանուր միջնակարգ եւ մրցույթային կարգով` անվճար նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթություն:
Գործող օրենսդրությամբ երկքաղաքացիները ՀՀ նախնական (արհեստագործական), միջին եւ բարձրագույն ուսումնական հաստատություններ են ընդունվելու ՀՀ քաղաքացիների համար սահմանված կանոններով: Սակայն, երկքաղաքացիների պարագայում առաջանում են բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես` հայերեն լեզվի տիրապետման: Օրենքների նախագծերով առաջարկվում է հնարավորություն տալ երկքաղաքացիներին քննությունների մասնակցել նաեւ օտարերկրա քաղաքացիների համար սահմանված կարգով: