Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 223-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 223. Առաջին ատյանի դատարանները
Առաջին ատյանի դատարանները քննում են`
1) սույն օրենսգրքի 401 , 403 , 404 , 406 եւ 407 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` իրավասու ընտրական հանձնաժողովի հայցադիմումով.
2) սույն օրենսգրքի 1661 եւ 1831 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` համատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի հայցադիմումով.
3) սույն օրենսգրքի 53, 1801 , 1898 հոդվածներով եւ 175 հոդվածի երկրորդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` ոստիկանության իրավասու մարմնի հայցադիմումով.
4) սույն օրենսգրքի 972 եւ 973 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` պետատոմհսկողության մարմինների հայցադիմումով.
5) սույն օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կամ ոստիկանության համապատասխան մարմնի հայցադիմումով.
6) սույն օրենսգրքի 1892 , 1893 , 1894 , 1895 եւ 1896 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` լեզվի պետական տեսչության հայցադիմումով.
7) սույն օրենսգրքի 147, 1899 եւ 18910 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի հայցադիմումով.
8) սույն օրենսգրքի 1982 հոդվածի չորրորդ մասով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերը` հարկային տեսչության կամ աշխատանքի պետական տեսչության մարմինների հայցադիմումով.
9) սույն օրենսգրքի 2062 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերը` դատարանի նախաձեռնությամբ.
10) սույն օրենսգրքի 2065 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերը` հարկադիր կատարման ծառայության հայցադիմումով.
11) սույն օրենսգրքի 2068 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերը` մարդու իրավունքների պաշտպանի հայցադիմումով.
12) սույն օրենսգրքի 402 , 1705 , 1897 հոդվածներով եւ 1982 հոդվածի հինգերորդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հայցադիմումով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 185-րդ եւ 2062 -րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենսգրքի 254-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 254. Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը
Վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրությունը կազմում են վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնելու, իսկ սույն օրենսգրքի 223 հոդվածի 1-ից 11-րդ կետերով նախատեսված դեպքերում դատարան հայցադիմում ներկայացնելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները (պաշտոնատար անձինք):
Արձանագրություն չի կազմվում սույն օրենսգրքի 223 հոդվածի 12-րդ կետով եւ 257 հոդվածով նախատեսված դեպքերում:»
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
«Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է վարչական իրավախախտումների վերաբերյալ հայցադիմումով դատարան դիմելու ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավական հնարավորության ապահովման անհրաժեշտությամբ: Այդ նկատառումով`
1) «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածով հստակեցվել են առաջին ատյանի դատարանի քննությանը ենթակա վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով դատարան դիմելու դեպքերը եւ հայցադիմում ներկայացնելու իրավասություն ունեցող անձինք` սահմանելով, որ օրենքով նախատեսված դեպքերում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից դատարան հայցադիմում ներկայացնելիս վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմվում:
Արձանագրության չկազմելու դեպքերից է, օրինակ` «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի» 1897 -րդ` տեղեկություն տալու պարտականությունը չկատարելը վերտառությամբ հոդվածը (օրենքով նախատեսված տեղեկությունը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաեւ հանրային նշանակության կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից ապօրինաբար չտրամադրելը, որը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով): Համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի` յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը եւ (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին եւ ստանալու այդ տեղեկությունը։ Ակնհայտ է, որ այս դեպքում վարչական իրավախախտման համար պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող գործողությունը կամ անգործությունը կարող է ի հայտ գալ նաեւ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հարցմանը պատասխանելիս: Քանի որ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության մասին օրենսգրքի» 151-րդ` դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերի քննության կարգը, վերտառությամբ հոդվածով նախատեսված է, որ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերը հարուցվում են միայն օրենքով վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ կազմելու լիազորություն ունեցող մարմինների եւ պաշտոնատար անձանց հայցադիմումների հիման վրա, իսկ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու իրավասություն, ըստ էության` չունեն, ուստի վերջիններս ներկայումս չեն կարող դիմել դատարան` վարչական իրավախախտման համար պատասխանատու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին (պաշտոնատար անձին) վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հայցով:
Հատկանշական է, որ վերը նկարագրված խնդրի առնչությամբ առկա է նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի 2010թ. փետրվարի 5-ի «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 151 եւ 152-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրոությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով» ՍԴՈ-864 որոշումը: Թեեւ, ՀՀ սահմանադրական դատարանը «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նշված հոդվածները ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող, սակայն իր որոշման 6-րդ մասում մասնավորապես արձանագրել է`
«Վարչական դատավարության օրենսգրքի` վիճարկվող հոդվածները ներառող 26-րդ գլխի եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի դրույթների համակարգային վերլուծությունը վկայում է, որ անձին դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ գլխի իրավակարգավորումը սահմանելիս չի դրսեւորվել համակարգային մոտեցում: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով հստակ սահմանված չեն բոլոր այն կոնկրետ վարչական մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք, որոնք իրավասու են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմել եւ այն ներկայացնել դատարան` անձանց դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 223-րդ հոդվածում մատնանշված հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումները կատարելու համար:
Հաշվի առնելով վերոգրյալը` սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ իրավական համակարգում առկա է իրավակարգավորման բաց, ինչը թույլ չի տալիս պետությանն իրականացնել վարչական իրավահարաբերությունների ոլորտում օրինականության նկատմամբ վերահսկողության եւ հանրային շահերի պաշտպանության իր գործառույթները, ապահովել առանձին վարչական իրավախախտումների համար ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ պաշտոնատար անձանց վարչական պատասխանատվության անխուսափելիությունը, դրանով իսկ երաշխավորելու նաեւ իրավունքների պաշտպանության արդյունավետությունը: Դրա մասին է վկայում նաեւ այն փաստը, որ չնայած 1995-2007 թվականներին ավելի քան 10 անգամ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 223-րդ հոդվածում փոփոխություններ են կատարվել, սակայն մինչ օրս շարունակում է տեղ գտնել «ՀՀ գերագույն դատարանի դատավորները քննում են...» դրույթը:»:
2) «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նշված օրենսգրքի 151-րդ եւ 152-րդ հոդվածներում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է, որ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերը կարող են «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի» նոր խմբագրությամբ շարադրվող 223-րդ հոդվածի 12-րդ կետով նախատեսված դեպքում հարուցվել նաեւ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հայցադիմումով եւ հստակեցված է դրա իրականացման կարգը:»