Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-873-15.04.2010-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-11-Ն, 23 սեպտեմբեր 2003թ.) 7-րդ հոդվածում ավելացնել նոր` 7-րդ մաս հետեւյալ   բովանդակությամբ.

«7. Պետական կառավարման մարմինները եւ Երեւան, Գյումրի, Վանաձոր քաղաքների տեղական ինքնակառավարման մարմինները պետք է ունենան ինտերնետային կայք էջ, որտեղ տեղադրվում են սույն հոդվածի 3-րդ մասում նշված տեղեկությունները, ինչպես նաեւ բյուջետային եւ արտաբյուջետային միջոցների մուտքերի եւ  կատարված ծախսերի վերաբերյալ տեղեկություններ` ըստ ուղղությունների: Բյուջետային եւ արտաբյուջետային միջոցների մուտքերի եւ  կատարված ծախսերի հրապարակայնության վերաբերյալ վերը նշված դրույթը չի տարածվում ազգային անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում լիազոր մարմինների եւ ոստիկանության գործառույթներ իրականացնող պետական կառավարման մարմնի վրա:

Տեղեկատվությունը պետք է տեղադրվի կատարված բյուջետային եւ արտաբյուջետային միջոցների մուտքերի եւ ծախսերի գործարքների կատարումից ոչ ուշ քան 10 - օրյա ժամկետում»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու նպատակն է` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հանրության համար ավելի թափանցիկ դարձնել պետական կառավարման մարմինների եւ Երեւան, Գյումրի, Վանաձոր քաղաքների տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը, կանխել կոռուպցիոն ռիսկերը, բարձրացնել բյուջետային եւ արտաբյուջետային միջոցներից կատարվող ծախսերի արդյունավետությունը, որը կառաջացնի ծախսերի վերահսկելիություն եւ առաջ կբերի պետական մարմինների նկատմամբ վստահություն: Օրենսդրական  առաջարկության ընդունումը թույլ կտա նաեւ իրացնել հարկատուների իրավունքը տիրապետել իրենց կողմից վճարվող հարկերի ծախսման եւ պետական մարմինների ֆինանսական եւ տնտեսական գործունեության արդյունավետության վերաբերյալ տեղեկատվությանը:

Առաջարկվող մոտեցումը հնարավորություն է տալիս նպաստելու տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն ու արդի ժամանակաշրջանում տեղեկատվության հասանելիությանը: