Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-879-23.04.2010-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմնվելով միջազգային իրավունքի վրա,

Դիտարկելով ցեղասպանությունը, որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն,

Համարելով, որ մարդկության պատմության ընթացքում իրագործված ցեղասպանությունները անտեսելը, մեղմացնելը, արդարացնելը, մոռացության մատնելը կամ որեւէ այլ կերպ ուրանալը խաղաղության եւ մարդկության դեմ ուղղված նոր հանցագործություններ իրականացնելու խթան է,

Համոզմունք հայտնելով առ այն, որ մարդկությունն այդ նողկալի արհավիրքից ազատվելու համար կարիք ունի միջազգային առավել սերտ համագործակցության եւ ցեղասպանության ճանաչման մերժողական վարքագծի համընդհանուր դատապարտման,

Վերահաստատելով Հայաստանի Հանարապետության հանձնառությունը` համագործակցելու ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու, այն պատժելու եւ ցեղասպանության հետեւանքները վերացնելու գործում,

Նպատակ ունենալով ցեղասպանության կանխարգելման եւ պատժելու վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխան խթանել Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման, դատապարտման ու հետեւանքների հաղթահարման գործընթացը, սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանարապետության արտաքին քաղաքականության եւ հասարակական կյանքի այլ ոլորտներում Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման ապահովման պետական երաշխիքները եւ կարգավորում է դրանց առնչությամբ ծագող հարաբերությունները:

Հոդված 1. Հայոց ցեղասպանության դատապարտումը եւ դրա պատասխանատուն

1. Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում Հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունն ու հայրենազրկումը:

2. Օսմանյան Թուրքիան եւ նրա իրավահաջորդը կրում են լիակատար պատասխանատվություն` Հայոց ցեղասպանության, որպես մարդկության դեմ իրականացված հանցագործության, համար:

Հոդված 2. Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման մասին օրենսդրությունը

1. Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման առնչությամբ առաջացող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանարապետության անկախության մասին հռչակագրով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թվականի ցեղասպանության դատապարտման մասին» Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն Խորհրդի 1988 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1401-XI օրենքով, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով եւ իրավական ակտերով:

2. Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման առնչությամբ առաջացող հարաբերությունները միջազգային պայմանագրերով, ինչպես նաեւ Հայաստանի  Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերում կարող են կարգավորվել նաեւ այլ երկրների, ինչպես նաեւ դրանց իրավասու մարմինների եւ միջազգային կազմակերպությունների (այսուհետեւ` նաեւ կազմակերպություններ) կողմից ընդունված իրավական ակտերով, որոնք ճանաչել եւ/կամ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:

Հոդված 3. Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման ուղենիշները եւ պետական քաղաքականությունն իրականացնող սուբյեկտները

1. Հաստատել «Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտաման ուղենիշները» ( կցվում է ) :

2. Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտաման պետական քաղաքականությունը իրականացվում է սույն հոդվածի 1-ին մասով հաստատված ուղենիշներին (այսուհետեւ` նաեւ ուղենիշներ) համապատասխան` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ պաշտոնատար անձանց կողմից:

3. Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման պետական քաղաքականության համակարգման, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության 100 ամյակի հիշատակման եւ 2011-2015 ժամանակահտվածում միջոցառումների կազմակերպման եւ իրականացման համար, սույն օրենքի ուժով ստեղծվում է հանձնաժողով (սույն օրենքի իմաստով` նաեւ հանձնաժողով կամ լիազորված մարմին), որի կազմը, լիազորությունները, ինչպես նաեւ գործունեության կարգը սահմանվում են ուղենիշներով եւ Հանձնաժողովի կանոնակարգով:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտաման պետական քաղաքականության իրականացմանը մասնակցում են իրենց նախաձեռնությամբ:

5. Օտարերկրյա պետությունները, կազմակերպությունները եւ անձինք Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտաման պետական քաղաքականության իրագործմանը մասնակցում են իրենց նախաձեռնությամբ:

Հոդված 4. Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման պետական վիճակագրությունը

1. Հայաստանի Հանրապետությունում Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման վիճակագրական տվյալների հավաքագրման, մշակման, կուտակման, ամփոփման, պահպանման, վերլուծության, փոխանակման եւ վիճակագրական տեղեկատվության տրամադրման (հրապարակման) եւ դրանց հետ կապված աշխատանքների կազմակերպումն ու համակարգումն իրականացնում է պետական վիճակագրություն ոլորտի լիազորված մարմինը` վիճակագրության ամենամյա ծրագրին համապատասխան:

2. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, պաշտոնատար անձինք եւ կազմակերպությունները (անկախ կազմակերպական-իրավական ձեւից) պարտավոր են պետական վիճակագրության հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրա՟կան ծառայությանը տրամադրել Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման հարցերի վերաբերյալ համապատաս՟խան տեղեկատվություն:

Հոդված 5. Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման պետական քաղաքականության իրականացման մշտադիտարկումը (մոնիթորինգը)

1. Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման պետական քաղաքականության իրականացման մշտադիտարկումն ու գնահատումն իրականցնում է սույն օրենքով ստեղծված լիազորված մարմինը:

2. Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները, պաշտոնատար անձինք իրենց կողմից Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման պետական քաղաքականության իրականացման վերաբերյալ լիազոր մարմնի որոշմամբ սահմանված կարգով եւ ձեւերի հիման վրա ամենամյա տեղեկատվություն են ներկայացնում լիազորված մարմնին:

3. Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման պետական քաղաքականության իրագործման մշտադիտարկումն ու գնահատումն իրականացվում է իրենց նախաձեռնությամբ:

Հոդված 6. Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման պետական քաղաքականության իրականացման ֆինանսավորումը

1. Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման պետական քաղաքականության իրականացման համար նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին։

2. Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման պետական քաղաքականության իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետությունում կարող են ստեղծվել համապատասխան հիմնադրամներ։

3. Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման պետական քաղաքականության իրականացման համար նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների իրականացման համար կարող են կատարվել նաեւ օրենքով չարգելված այլ աղբյուրներից հատկացումներ (օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ այլ կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձեւից) եւ ֆիզիկական անձանց կողմից հանգանակություններ, նվիրատվություններ եւ այլ հատկացումներ), որոնք օգտագործվում են բացառապես այդ ծրագրերով նախատեսված նպատակով։

Հոդված 7. Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման պետական քաղաքականության հիմնադրույթների խախտման հիմքով դիմելը

1. Այն անձը, ով գտնում է, որ Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման պետական քաղաքականության հիմնադրույթները խախտվել են, իրավունք ունի դիմել իրավասու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց եւ օրենքով սահմանված ժամկետում ստանալ պատասխան:

2. Սույն հոդվածի 1-ին մասի հիմքով պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց դիմելը չի սահմանափակում անձի` դատական պաշտպանության իրավունքը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալը:

3. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնա՟տար անձանց, ինչպես նաեւ կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձեւից) եւ դրանց պաշտոնատար անձանց գործողությունները կամ անգործությունը, որոնք հանգեցրել են Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման պետական քաղաքականության հիմնադրույթների խախտման, կարող են բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:

Հոդված 8. Վերահսկողությունը սույն օրենքի կատարման նկատմամբ

1. Սույն օրենքի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են լիազորված մարմինը, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, պաշտոնատար անձինք` իրենց լիազորությունների սահմաններում:

2. Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները սույն օրենքի կատարման նկատմամբ կարող են իրականացնել հասարակական վերահսկողություն:

Հոդված 8. Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար

Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով սահմանված կարգապահական, վարչական կամ քրեական պատասխանատվություն:

Հոդված 9. Անցումային եւ եզրափակիչ դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 30 օրյա ժամկետում լիազորված մարմինը գումարում է իր առաջին նիստը:

3. 2016 թվականի հունվարի 1-ից լիազորված մարմնի իրավասություններն իրականացնում է Հայաստանի Հանարապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը:
 

ՕՐԻՆԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

Հայաստանի Հանարապետության անկախության հռչակագրի 11-րդ մասն արձանագրում է. Հայաստանի Հանարապետությունը սատար է կանգնում Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, իսկ 12-րդ մասի համաձայն հռչակագիրը հիմք է սահմանադրության եւ հանրապետության օրենսդրության մշակման, ինչպես նաեւ պետական մարմինների գործունեության համար:

ՀՀ սահմանադրության նախաբանի համաձայն, այն ընդունվում է հիմք ընդունելով անկախության հռչակագրում հաստատագրված Հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները: Այլ կերպ ասած, հիմնական օրենքը վերահաստատում է Ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման պետական ուղեգիծը:

Այս ուղեգծի եւս մեկ հաստատում է ՀՀ անվտանգության ռազմավարությում ամրագրված դրույթը, ըստ որի հետամուտ լինելով Հայոց Ցեղասպանության համընդհանուր, մասնավորապես Թուրքիայի կողմից ճանաչմանը եւ դատապարտմանը` Հայաստանն այն դիտարկում է ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլեւ տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի բարելավման եւ ապագայում նման ոճիրների կանխարգելման համատեքստում:

Օրինագծի ընդունման անհարաժեշտությունը հիմնականում պայմանավորված է հետեւյալ խնդիրների հրատապ լուծմամբ`

1. Չնայած վերը նշված հաստատումների առկայությանը, Հայաստանում ներկայումս բացակայում է այդ ուղեգծի ապահովման համակարգային օրենսդրությունը: Թերեւս բացառություն պետք է համարել Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն Խորհրդի 1988 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1401-XI օրենքը «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թվականի ցեղասպանության դատապարտման մասին», ինչը սակայն ակնհայտորեն բավարար չէ` պետական քաղաքականության մակարդակում ինստիտուցիոնալ մոտեցումներ սահմանելու տեսանկյունից:

2. Աշխարհի շուրջ 20 երկրներ եւ միջազգային կազմակերպություններ տարբեր ձեւակերպումներով ճանաչել եւ դատապարտել են Հայ ժողովրդի հանդեպ իրականացված ցեղասպանությունը, սակայն դրանք ոչ միայն տարբեր բանաձեւերով են ներկայացվում, այլեւ կիրառված է ճանաչման եւ/կամ դատապարտման տարբեր մեխանիզմներ: Հետեւաբար, անհրաժեշտություն կա Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման միջազգային փորձի դիտարկման հենքի վրա ընդհանրացումներ կատարելու եւ դրանք սահմանելու, որպես միջազգային ճանաչման ու դատապարտման պետական քաղաքականության ուղենիշներ:

3. Մոտենում են Հայոց ցեղասպանության հիշատակման 100 ամյա տարելիցը: Այս տարեթիվը պատշաճ կերպով նշելու, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչմանն ու դատապարտմանը նոր թափ հաղորդելու համար կարիք է առաջանում ներդնել պետական քաղաքականության մեխանիզմ, որը ոչ միայն համակարգային կդարձնի համազգային այս նպատակի իրականացումը, այլեւ հնարավորություն կընձեռի մշակել եւ գործադրել կոնկրետ ծրագրեր` գիտական, կրթական, մշակութային եւ այլ ոլորտներում:

Ներկայացվող օրինագծը մշակվել է միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխան: Մասնավորապես, Հայաստանի Հանարապետության համար 1993 թվականի հունիսի 23-ից ուժի մեջ մտած ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարեգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի 5-րդ հոդվածը սահմանում է, որ կոնվենցիային միացող երկիրը պարտավորվում է կոնվենցիայի դրույթները գործողության մեջ դնելու համար ընդունել իր սահմանադրությանը համապատասխան օրենսդրություն:

Օրինագիծը զարգացնում է Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչման, դատապարտման ու հետեւանքների հաղթահարման գործընթացին միտված իրավական եւ կազմակերպական համակարգերը:
 

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՄԱՆ ՈՒՂԵՆԻՇՆԵՐԸ

Հոդված 1. Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման եւ դատապարտման պետական քաղաքականության ուղենիշների սահմանման նպատակն ու կառուցվածքը

1. Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման պետական քաղաքականության ուղենիշների սահմանման նպատակն է ստեղծել Հայաստանի Հանարապետության եւ քաղաքացիական հասարակության գործունեության համար իրավական եւ կազմակերպական համակարգեր:

2. Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման պետական քաղաքականության ուղենիշները ներառում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման պետական քաղաքականության իրականացման ուղենիշները, իրականացվող քաղաքականության սկզբունքները, հիմնական ուղղությունները, ինչպես նաեւ իրավասու մարմինների ու պաշտոնատար անձանց լիազորությունները:

Հոդված 2. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման պետական քաղաքականության իրականացման ուղենիշները

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման պետական քաղաքականության ուղենիշները հիմնվում են հետեւյալ հանրաճանաչ փաստերի վրա.

1. Հայոց ցեղասպանությունը պետականորեն ծրագրվել եւ իրականացվել է Օսմանյան Թուրքիայի իշխանությունների կողմից` Օսմանյան կայսրությունում եւ Արեւմտյան Հայաստանում 1915-1923թթ` պատճառ հանդիսանալով մոտ երկու միլիոն հայերի բռնի տեղահանմանն ու հայրենազրկմանը, որոնցից մեկ միլիոն հինգ հարյուր հազարը այր, կին եւ երեխա սպանվեցին, իսկ հինգ հարյուր հազար փրկված հայեր արտաքսվեցին իրենց բնօրրանից, որի արդյունքում ոչնչացվեց հայերի բազմահազարամյա ներկայությունն իրենց պատմական հայրենիքում: Իրագործվեց մի ոճրագործություն, որը Հայ ժողովրդի եւ մարդկության պատմության մեջ չուներ իր նախօրինակը:

2. Հայոց ցեղասպանությանը նախորդել էր 19-րդ դարի վերջերին եւ 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում հայերի նկատմամբ պարբերաբար իրականացվող ջարդերը:

3. 1915թ մայիսի 24-ին Դաշնակից պետությունները` Անգլիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը առանց տարակարծության եւ միահամուռ առաջին անգամ մեղադրեցին մի կառավարության` մարդկության դեմ գործած հանցանքի համար. «Դաշնակից կառավարությունները հրապարակավ հայտարարում են Բարձր Դռանը, որ Օսմանյան կառավարության բոլոր անդամները, ինչպես նաեւ ջարդերն իրագործած նրանց կատարածուները պատասխանատու են այս կոտորածների համար»:

4. Առաջին համաշխարհային պատերազմից հետո թուրքական կառավարությունը մատնանշեց գլխավոր ղեկավարներին, ովքեր ներգրավված են եղել հայերի դեմ ցեղասպանության կազմակերպման եւ իրագործման, հայերի ջարդեր եւ կոտորածներ իրականացնելու մեջ: Մի շարք ռազմական դատարաններում երիտթուրքերի ռեժիմի պաշտոնյաները դատապարտվեցին եւ մեղավոր ճանաչվեցին հայ ժողովրդի նկատմամբ ջարդեր կազմակերպելու եւ իրականացնելու համար: Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչները` Թուրքիայի ռազմական նախարար Էնվերը, ներքին գործերի նախարար Թալեաթը եւ ռազմածովային նախարար Ջեմալը իրենց գործած ոճիրների համար մահվան դատապարտվեցին, սակայն դատարանի դատավճիռը չիրագործվեց:

5. Հայոց ցեղասպանությունը փաստագրված է ապացույցներով Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Վատիկանի եւ շատ այլ երկրների ազգային արխիվներում:

6. Հայ ժողովրդի նկատմամբ իրագործվածը ամբողջությամբ համապատասխանում է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» Միավորված Ազգերի Կազմակերպության 1948 թվկանի դեկտեմբերի 9-ի կոնվենցիայով սահմանված ցեղասպանության եզրույթին: Ռաֆայել Լեմկինը, ով 1944 թվականին ձեւակերպեց «ցեղասպանություն» եզրը, եւ ով Միացյալ ազգերի կազմակերպության ցեղասպանության կանխարգելման եւ պատժի կոնվենցիայի կողմնակիցն էր, հայկական դեպքը որակեց 20-րդ դարի ցեղասպանության ցայտուն օրինակ: Լեմկինի պնդմամբ՝ Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 1946 թ դեկտեմբեր 11-ի համար 96-1 բանաձեւը եւ ցեղասպանության կանխարգելման ու պատժի վերաբերյալ Միացյալ ազգերի կազմակերպության կոնվենցիան ճանաչում են Հայոց ցեղասպանությունը` որպես մի գործողություն, որը Միացյալ ազգերը նպատակադրված են կանխարգելել եւ պատժել` գոյություն ունեցող օրենսդրական չափանիշներով:

7. 1948թ Միացյալ ազգերի կազմակերպության պատերազմական հանցանքների հանձնաժողովը Հայոց ցեղասպանությունը անվանեց «գործողությունների տեսակ, որը համապատասխանում է ժամանակակից տերմինով «մարդկության դեմ հանցագործությունների»» բնորոշմանը, հանդիսանալով Նյուրնբերգյան դատավարությունների նախադեպը: Հանձնաժողովը հաստատեց. «1915թ Դաշնակիցների փաստաթղթի համաձայն Սեւրի դաշնագրի 230 հոդվածի դրույթները ակնհայտորեն ընդգրկում են այն հանցանքները, որոնք իրագործվել են ծագումով հայ կամ հույն թուրքական քաղաքացիություն ունեցող անհատների դեմ թուրքական տարածքում: Ուստի այս հոդվածը փոխարինում է Նյուրնբերգյան եւ Տոկիոյի կանոնադրությունների 5-րդ եւ 6-րդ հոդվածներին` որպես նախորդ, եւ կատեգորիաներից մեկով օրինակ է հանդիսանում` որպես «մարդկության դեմ հանցանք»»:

8. 1985թ. օգոստոսին Միացյալ Ազգերի Կազմակերպության Փոքրամասնությունների պաշտպանության եւ խտրականության կանխարգելման հարցերով ենթահանձնաժողովի 14 կողմ եւ 1 դեմ ձայնով հաստատված «Ցեղասպանության ոճիրի կանխարգելման եւ պատժի հարցերով ուսումնասիրության» զեկույցը ամրագրեց. «Նացիստական հանցագործությունները 20-րդ դարի ցեղասպանության միակ դեպքը չեն: Ի թիվս այլոց նման որակում ունեցող օրինակներից է Օսմանյան հայերի ջարդերը 1915-1916թթ.»: Զեկույցը հաստատեց նաեւ. «անկախ հեղինակությունների փորձագետների եւ ականատեսների հավաստի գնահատման համաձայն՝ առնվազն 1000000, եւ հնարավոր է հայ բնակչության կեսից ավելին սպանված է կամ մահվան գաղթի դատապարտված: Սա հիմնավորված է Միացյալ Նահանգների, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի արխիվներում գտնվող, ինչպես նաեւ Օսմանյան կայսրությունում ժամանակակից, ներառյալ դաշնակից Գերմանիայի, դիվանագետների, զեկույցներում»:

9. Հայոց ցեղասպանությունը դարձավ սահմանաբաժան հայ ժողովրդի բոլոր հատվածների ճակատագրում: Այն կտրուկ կերպով փոխեց եւ խաթարեց հայ ժողովրդի եւ հայոց պետականության ձեւավորման բնականոն զարգացման ուղին: Դրա ծանր հետեւանքները առկա են թե? Հայաստանի Հանարպետության եւ, թե? սփյուռքի հայության կյանքում:

10.  Հայ ժողովրդը երախտապարտ է Հայոց ցեղասպանությունը ճանաչած եւ դատապարտած պետություններին, կազմակերպություններին եւ անձանց:

11. Հայոց ցեղասպանության համընդհանուր, ներառյալ` Թուրքիայի Հանրապետության կողմից ճանաչումը, դատապարտումը եւ դրա հետեւանքների վերացումը միջազգային ոլորտում ստանձնած հանձնառությունների եւ համամարդկային արժեքներին հավատարմության երաշխիք է:

Հոդված 3. Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման պետական քաղաքականության սկզբունքները

1. Հայոց ցեղասպանության փաստն անվիճարկելի է:

2. Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչումը, դատապարտումը եւ դրա հետեւանքների վերացումը Հայոց պետականության հիմնարար սկզբունքներից ու համազգային նպատակներից է, սերունդների ազատության, անվտանգության, ընդհանուր բարեկեցության, քաղաքացիական համերաշխության, համամարդկային արժեքներին հավատարմության հաստատման երաշխիքը:

3. Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչումն ու դատապարտումը Հայաստանի Հանարապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է:

4. Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման եւ դատապարտման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս իբրեւ Հայաստանի Հանարապետությունում բնակվող եւ աշխարհասփյուռ հայության ազգային շահերի արտահայտիչ:

5. Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման եւ դատապարտման գործում Հայաստանի Հանրապետությունը մերժում է վրեժխնդրությունը:

6. Հայաստանի Հանարապետությունը Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչումը, դատապարտումը եւ հետեւանքների հաղթահարումը դիտարկում է որպես պատմական արդարության վերականգնման գործողություն, Հայաստանի Հանարապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ, ինչպես նաեւ  տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի բարելավման եւ ապագայում նման ոճիրների կանխարգելման ու Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման երաշխիք:

7. Հայաստանի Հանարապետության կողմից ցանկացած հարաբերություն Թուրքիայի Հանրապետության հետ չի կարող կասկածի տակ դնել հայ ժողովրդի հայրենազրկման ու ցեղասպանության իրողությունը:

8. Օտարերկրյա պետությունը, որի իրավասու մարմինը ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, Հայաստանի Հանարապետության համար դիտարկվում է որպես խաղաղության եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարող բարեկամ պետություն, որի հետ միջպետական համագործակցությունը դիտվում է որպես առաջնահերթություն:

9. Արգելվում է գիտական, կրթական, մշակութային, գործնական կամ հանրային որեւէ այլ կարգի քննարկումների, անկախ դրա ձեւից, կազմակերպումը, անցկացումը, մասնակցությունը կամ դրանց քաջալերումը, ֆինանսավորումը կամ որեւէ այլ կերպ աջակցությունը, որտեղ օրակարգային հարցը վերաբերում է կամ կարող է վերաբերել Հայոց ցեղասպանության փաստի վիճարկմանը:

10. Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանարապետության պետական  եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց անունից հանդես եկող ցանկացած անձ չի կարող մասնակցել միջպետական, միջկառավարական, միջգերատեսչական կամ միջազգային կարգի որեւէ գիտաժողովի, համաժողովի կամ համանման քննարկումների, որտեղ ուղղակի կամ անուղղակի կասկածի տակ է դրվում Հայոց ցեղասպանության եւ հայրենազրկման փաստը:

11. Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչմանն ու դատապարտմանը նպաստող օտարերկրյա կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք Հայաստանի Հանարապետությունում օգտվում են Հայաստանի Հանարապետությունում գրանցված կազմակերպությունների ու Հայաստանի Հանարապետության քաղաքացիների համար օրենքով սահմանված իրավունքներից եւ արտոնություններից:

Հոդված 4. Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման պետական քաղաքականության հիմնական ուղղությունները

Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման պետական քաղաքականության հիմնական ուղղություններն են`

1. ցեղասպանության ճանաչման ու դատապարտման վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտա՟վորությունների կատարումը,

2. ցեղասպանության ճանաչման ու դատապարտման ապահովման համար նորմատիվ իրավական բազայի ձեւավորումը եւ կազմակերպական մեխանիզմ՟ների ստեղծումը,

3. սոցիալական պաշտպանության (նյութական, հոգեբանական, ընտանեկան, բնակարանային պայմանների բարելավման եւ այլն), ինչպես նաեւ իրավական օժանդակության պետական ծրագերերի մշակում եւ գործադրում Հայոց ցեղասպանությունը վերապրած անձանց համար:

4. Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման հասնելուն ուղղված պետական նպատակային ծրագրերի եւ միջոցառումների մշակումն ու իրագործումը եւ դրանց ֆինանսավորումը, այդ թվում`

ա) Հայոց ցեղասպանության վերաբերյալ ամբողջական տեղեկատության  տարածման շրջանակներում տպագիր եւ էլեկտրոնային փաստագրական բազմալեզու գրականության հրատարակումն ու տարածումը, փաստագրական եւ գեղարվեստական ֆիլմերի պատրաստման աջակցությունն ու խրախուսումը,

բ) Հայոց ցեղասպանությունը ուրանալուն ուղղված քարոզչության կանխարգելումն ու հերքումը,

գ) Հայոց ցեղասպանության հետեւանք հանդիսացող հայրենազրկման, հայ ժողովրդի մշակությաին ժառանգության ոչնչացման, կրոնական խտրականության դրսեւորման, ազգությամբ հայերի գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքների ոտնահարման, պատճառված վնասի, ցեղասպանության հետեւանքների հաղթահարման եւ սփյուռքի գաղթոջախների ու հայրենադարձության գաղափարի վերաբերյալ ամբողջական տեղեկատվության ներկայացման ծրագրի մշակումը եւ գործադրումը,

5. կրթական ծրագրերում ցեղասպանագետ մասնագիտության եւ ցեղասպանության հետեւանքների հաղթահարման մասնագիտական ծրագրերի եւ չափորոշիչների սահմանումը եւ ներդրումը,

6. Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման վիճակագրության եւ պետական քաղաքականության իրականացման մշտադիտարկումը,

7. Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման, որպես խաղաղության եւ մարդկության դեմ իրականացված ծանրագույն հանցագործությունների դատապարտման ու կանխարգելման  գործում ավանդ ունեցող անձանց, պետություններին եւ կազմակերպություններին պետական խրախուսական մրցանակների տրամադրումը, պետական պարգեւների սահմանումն ու շնորհումը,

8. Հայոց ցեղասպանության մերժմանը, արդարացմանը, մեղմացմանը կամ որեւէ կերպ ուրացմանն ուղղված տեղեկատվությունից, քարոզչությունից միջազգային հանրությանը պաշտպանությունը:

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց լիազորությունները Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման պետական քաղաքականության իրականացման գործում

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին համապատաս՟խան` Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք, իրենց լիազորությունների սահմաններում առաջնորդվում են Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման պետական քաղաքականության հիմնադրույթներով եւ սույն ուղենիշներով:

2. Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին նախորդող վերջին քառօրյայում, ըստ անհրաժեշտության, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունում է հայտարարություն կամ ուղերձ, ինչպես նաեւ խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում`

ա) երախտագիտությունն է հայտնում Հայոց ցեղասպանությունը ճանաչած եւ դատապարտած պետությունների օրենսդիր մարմիններին, ինչպես նաեւ այն կազմակերպություններին ու օտարազգի եւ թուրք անհատներին, ընտանիքներին եւ պաշտոնյաներին, պետություններին, որոնց միջոցով Մեծ Եղեռնի օրերին եւ այնուհետ? փրկվեցին հազարավոր հայեր եւ ցեղասպանությունից ճողոպրած ու վերապրած հայ ժողովուրդի զավակները կարողացան գոյատեւել, ինչպես նաեւ բոլոր նրանց, ովքեր զորակցում են Հայոց ցեղասպանության ճանաչմանը

բ) նախանշում եւ հորդորում է Թուրքիայի Հանրապետության օրեսնդիր եւ գործադիր իշխանություններին` վերացնելու բոլոր իրավական, քաղաքական եւ այլ արգելքները, որոնք չեն թույլատրում Թուրքիայի հասարակությանը անկաշկանդ ձեւով ուսումնասիրելու իր անցյալը, հատկապես Հայոց ցեղսպանության փաստն ու մարդկության դեմ այդ ոճիրում այսօրվա Թուրքիայի Հանրապետության պատասխանատվությունը, Հայոց ցեղասպանության ժխտումը, փաստերը խեղաթյուրելու, իրողությունը մոռացության մատնելու եւ սեփական պատմության ամոթալի էջերը վերհանող ու դատապարտող թուրք մտավորականներին եւ առանձին անձանց լռեցնելու ջանքերը, որոնք ոչ միայն չեն նպաստում տարածաշրջանում կայուն խաղաղության ու բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը, այլեւ անպատժելիության մթնոլորտում հնարավոր են դարձնում նոր հանցագործությունների իրագործումը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր լիազորությունների սահմաններում`

ա) ձեւավորված օրենսդրական հիմքի եւ հիմնական ուղղությունների հիման վրա իրականացնում է Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման  պետական քաղաքականությունը,

բ) ապահովում է Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման  պետական քաղաքականությանն ուղղված ծրագրերի եւ միջոցառումների պետական բյուջեով, արտաբյուջետային եւ օրենքով չարգելված այլ միջոցներով ֆինանսավորումը,

գ) վերահսկում է Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման  պետական քաղաքականության ոլորտում պետական կառավարման (հանրապետական եւ տարածքային) եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը,

դ) աջակցում է Հայոց ցեղասպանության 100 ամյակի հիշատակման եւ 2011-2015 ժամանակահատվածում միջոցառումների կազմակերպման եւ իրականացման հանձնաժողովին,

ե) շնորհում է կառավարական պարգեւներ եւ խրախուսական մրցանակներ Հայոց ցեղասպանությունը ճանաչած եւ դատապարտած պետությունների կառավարություններին, կազմակերպություններին եւ անձանց,

զ) յուրաքանչյուր տարի ոչ ուշ, քան ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում եւ հրապարակում է Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման գործընթացի վերաբերյալ հաղորդում,

է) ստեղծում է իրավական եւ կազմակերպական գործուն մեխանիզմ՟ներ`  Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման պետական քաղաքականության ապահովման եւ իրագործման համար:

4. Տեղական ինքնակառավարման մարմինները պետության կողմից պատվիրակված եւ սեփական լիազորությունների շրջանակում միջոցառումներ են ձեռնարկում Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման պետական քաղաքականության իրականացման ուղղությամբ, պետական եւ համայնքային համապատասխան ծրագրերի եւ միջոցառումների աջակցման մասով համադրում եւ համապատասխանեցնում են իրենց գործողությունները լիազորված մարմնի եւ իրավասու պետական մարմինների գործողությունների հետ:

Հոդված 6. Հայոց ցեղասպանության 100 ամյակի հիշատակման, եւ 2011-2015 ժամանակահատվածում միջոցառումների կազմակերպման եւ իրականացման հանձնաժողովը

1. Հանձնաժողովի կազմում ընդգրկվելու իրավունքը (անձամբ կամ ներկայացուցչի միջոցով) վերապահվում է Հայաստանի Հանրապետության նախագահին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության վարչապետին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահին, Ամենայն հայոց կաթողիկոսին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են նաեւ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների մեկական ներկայացուցիչները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը, Երեւանի քաղաքապետը, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտը, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրենը, Երեւանի պետական համալսարանի ռեկտորը, Հայ կաթողիկե եկեղեցու ներկայացուցիչը, Հայ ավետարանական եկեղեցու ներկայացուցիչը, Հայոց ցեղասպանության հիմնահրացերով զբաղվող սփուռքի եւ այլ կառույցների ներկայացուցիչները, ինչպես նաեւ Հանձնաժողովի կանոնակարգով նախատեսված այլ անձինք:

2. Հանձնաժողովը գործում է սույն օրենքի եւ իր կողմից հաստատված կանոնակարգի հիման վրա` նիստերի եւ հանձնաժողովի մշտապես գործող աշխատակազմի կամ Հանձնաժողովի որոշմամբ աշխատակազմի գործառույթներն իրականացնող որեւէ այլ կազմակերպության գործունեության միջոցով: Հանձաժողովի աշխատակազմ ստեղծվելու դեպքում, այն հանդիսանում է պետական կառավարչական հիմնարկ, որի կազմը, կառուցվածքը եւ գործունեության կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից` օրենքով սահմանված կարգով:

3. Հանձնաժողովը`

ա) շահագրգիռ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավմամբ հասարակական կյանքի բոլոր ոլորտների համար մշակում եւ հաստատում է Հայոց ցեղասպանության 100 ամյակի հիշատակման եւ 2011-2015 ժամանակատվածում իրականացման ենթակա ծրագրեր եւ միջոցառումներ,

բ) ուսումնասիրում եւ ամփոփում է Հայոց ցեղասպանության 100 ամյակի հիշատակման եւ 2011-2015 ժամանակահտվածում պետական քաղաքա՟կանության իրագործման վերաբերյալ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց ներկայացրած ամենամյա տեղեկատվությունը, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներկայացրած մշտադիտարկման արդյունքները, եւ ամփոփման արդյունքները մինչեւ հաջորդ տարվա մարտի 1-ը պաշտոնապես հրապարակում է դրանք,

գ) նպաստում է քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակույթի եւ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման պետական քաղաքականության իրագործման համար գործուն մեխանիզմների ստեղծմանը,

դ) սույն օրենքի եւ ցեղասպանության դատապարտման ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարման վերաբերյալ կազմում եւ Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանարապետության Ազգային ժողովին եւ Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում ամենամյա հաշվետվություն,

ե) առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում Հայոց ցեղասպանության 2011-2015թթ. հիշատակման ծրագրերի եւ միջոցառումների ֆինանսավորումը նախատեսելու վերաբերյալ,

զ) վարում է Հայոց ցեղասպանությունը ճանաչած եւ դատավարտած պետությունների, օտարերկրյա իրավասու մարմինների, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման եւ դատապարտման գործում էական դերակատարություն ունեցող անձանց ռեեստրը, ,

է) առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանարապետության իրավասու մարմիններին` սույն մասի զ) կետում նշված երկրներին ու անձանց Հայաստանի Հանարապետությունում համարժեք իրավունքների տրամադրման, նրանց պարգեւներ ու մրցանականեր շնորհելու եւ/կամ նրանց անունով անվանակոչումներ իրականացնելու համար,

ը) Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման եւ դատապարտման ոլորտում սույն օրենքի կիրառումն ապահովվելու ուղղությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

Հոդված 7. Քաղաքացիական հասարակության աջակցությունը Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման պետական քաղաքականության իրականացմանը

1. Հասարակական միավորումներն իրավունք ունեն`

ա) մասնակցել Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընդունած որոշումների, ծրագրերի եւ միջոցառումների մշակմանը եւ իրագործմանը, ինչպես նաեւ վերջիններիցս ստանալ մեթոդական օժանդակություն,

բ) Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման պետական քաղաքականության իրականացման մշտադիտարման արդյունքները ներկայացնում է լիազորված մարմնին,

գ) իրականացնել Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման պետական քաղաքականության աջակցմանն ուղղված օրինական այլ գործողություններ:

2.  Զանգվածային լրատվության միջոցները կամավորության սկզբունքով աջակցում են Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման պետական քաղաքականության իրականացմանը` տեղեկատվության տարածմամբ: