Հոդված 1. «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հունիսի 1-ի օրենքի 50-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 50. Դատարանի կողմից կիրառվող սանկցիաները
«1. Դատարան ներկայանալուց չարամտորեն խուսափելու կամ դատավարական իրավունքներից անբարեխղճորեն օգտվելու կամ դատավարական պարտականություններն անհարգելի չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, դատավորի օրինական կարգադրությունները չկատարելու, դատական նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ նիստի կարգը խախտող այլ գործողություն կատարելու միջոցով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու դեպքում նիստը նախագահողն իրավունք ունի խախտում թույլ տված անձին նախազգուշացնելու, իսկ սահմանադրական դատարանը` անհրաժեշտության դեպքում նշանակելու տուգանք կամ կարգը խախտողին հեռացնելու նիստերի դահլիճից:
2. Սանկցիան պետք է համաչափ լինի արարքի ծանրությանը եւ նպատակ հետապնդի ապահովելու դատարանի գործունեության բնականոն ընթացքը:
Դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ նիստերի դահլիճից հեռացումը կարող է կիրառվել ոչ ավելի, քան 36 ժամով, իսկ դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ` որոշակի ժամկետով կամ մինչեւ դատաքննության ավարտը:
Նիստերի դահլիճից հեռացումը չի կարող կիրառվել տվյալ պահին բացատրություն տվող վկայի նկատմամբ: Սահամանադրական դատարան դիմողի նկատմամբ նիստերի դահլիճից հեռացում կիրառվելու դեպքում նիստը հետաձգվում է սանկցիայի կիրառման ժամկետով:
Դատավարությանը մասնակցող` նիստերի դահլիճից հեռացված անձի փաստաբանի կամ այլ ներկայացուցչի հիմնավորված միջնորդությամբ դատարանն իրավունք ունի մինչեւ սանկցիայի կիրառման ժամկետը լրանալը վերականգնել հեռացված անձի մասնակցությունը դատական նիստին:
3. Նիստերի դահլիճից հեռացնելու մասին որոշումն անհապաղ կամովին չկատարելու դեպքում կատարվում է հարկադիր կարգով դատական կարգադրիչների միջոցով:
4. Դատական տուգանքը կիրառվում է դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ: Դատական տուգանքը կարող է կիրառվել մինչեւ 100.000 դրամի չափով: Դատական տուգանքի չափը որոշվում է դատարանի հայեցողությամբ, սակայն, բացի արարքի ծանրությունից, պետք է հաշվի առնվի նաեւ արարք կատարողի անձը: Դատական տուգանքը կիրառվում է նույն դատական նիստում կայացվող դատարանի առանձին որոշմամբ: Դատական տուգանք կիրառելու մասին որոշումը ենթակա է հարկադիր կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
5. Եթե դատարանը գտնում է, որ դատավարությանը մասնակցող անձը կամ դատական նիստին ներկա գտնվող այլ անձը դատարանի նկատմամբ դրսեւորել է անհարգալից վերաբերմունք, որն առաջացնում է քրեական պատասխանատվություն, ապա նախագահողը կարող է ընդմիջել դատական նիստը եւ դատարանի քննարկմանը դնել սույն հոդվածով սահմանված կարգով կարգազանց անձի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու եւ քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դատախազին դիմելու հարցը: Այդ հարցով սահմանադրական դատարանն ընդունում է աշխատակարգային որոշում:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: