Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-881-23.04.2010-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-4-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Տարեկան ծրագիրը ներառում է տվյալ տարում իրականացվող վերահսկողության օբյեկտը, առարկան, ծավալը եւ ընդգրկվող ժամանակաշրջանը, ինչպես նաեւ ծրագրային այլ հարցեր»:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Վերահսկողությունն իրականացվում է վերահսկիչ պալատի խորհրդի որոշման հիման վրա, որտեղ նշվում են վերահսկողության իրավական հիմքը, նպատակը, վերահսկողության օբյեկտ(ներ)ի լրիվ անվանումը, տեսակ(ներ)ը, ձեւ(եր)ը, ժամկետը,  ընդգրկվող ժամանակաշրջանը եւ վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը եւ ազգանունը: Վերահսկվող օբյեկտում ստուգման ժամկետը սահմանվում է մինչեւ քսանչորս աշխատանքային օր, որը ստուգման ընթացքում կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան տասներկու աշխատանքային օրով` վերահսկիչ պալատի խորհրդի որոշմամբ»:

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Վերահuկողության իրականացման ընթացքում վերահuկիչ պալատը կարող է իրականացնել ընտրանքային (մեծածավալ ծրագրային հարցի պարագայում), իսկ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով` նաեւ հանդիպակաց uտուգումներ»:

3) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Հանդիպակաց ստուգում կարող է իրականացվել վերահսկիչ պալատի խորհրդի որոշման հիման վրա` միայն վերահսկվող օբյեկտի կնքած գործարք(ներ)ով նախատեսված պարտականությունների կատարման շրջանակներում, որտեղ նշվում են հանդիպակաց uտուգման իրավական հիմքերը, նպատակը, ստուգվող օբյեկտի լրիվ անվանումը, ստուգման ժամկետը,  ընդգրկվող ժամանակաշրջանը, ստուգման ենթակա գործարքներն ու հարցերը, uտուգումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը եւ ազգանունը։ Հանդիպակաց ստուգման ժամկետը սահմանվում է մինչեւ տասներկու աշխատանքային օր, որը  ստուգման ընթացքում կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան վեց աշխատանքային օրով` վերահսկիչ պալատի խորհրդի որոշմամբ»:

4) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Ստուգումը (ներառյալ` հանդիպակաց ստուգումը) անհնարին դարձնող հանգամանքների առկայության դեպքում ստուգումը կարող է կասեցվել վերահսկիչ պալատի խորհրդի որոշմամբ: Կասեցման հիմքերի վերացումից հետո վերահսկիչ պալատի խորհրդի որոշմամբ ստուգումը կարող է վերսկսվել մնացած ժամկետով, եթե ստուգման անհրաժեշտությունը չի վերացել:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ


«Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում (այսուհետ` Օրենք) տեղ գտած ներքին հակասությունները վերացնելու, ինչպես նաեւ վերահսկիչ պալատի խորհրդի իրավասությունները եւ վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրի բովանդակությունը հստակեցնելու անհրաժեշտությամբ: Այսպես, Օրենքի նախագծով առաջարկվում է հստակեցնել Օրենքի 15-րդ հոդվածով սահմանված` վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրում ներառման ենթակա հարցերը:

Օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերի համաձայն հանդիպակաց ստուգումը, ստուգման ժամկետի երկարաձգումը, ստուգման կասեցումը եւ վերսկսումը կարող է իրականացվել վերահսկիչ պալատի նախագահի հրամանով: Մինչդեռ, սույն հոդվածի 1-ին մասի համաձայն վերահսկողությունն իրականացվում է վերահսկիչ պալատի խորհրդի  որոշման հիման վրա,  որտեղ  նշվում են  վերահսկողության օբյեկտ(ներ)ը, տեսակ(ներ)ը, ձեւ(եր)ը, վերահսկողության կատարման ժամկետը, ընդգրկվող ժամանակաշրջանը եւ վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք։ Այսինքն` վերահսկիչ պալատի խորհրդի կողմից որոշում ընդունելուց հետո վերահսկիչ պալատի նախագահը կարող է միանձնյա հրաման արձակել` հանդիպակաց ստուգում սկսելու կամ ստուգումը կասեցնելու (վերսկսելու) նպատակով, որի հետեւանքով նույն գործընթացի մի մասը կկարգավորվի վերահսկիչ պալատի խորհրդի, իսկ մյուս մասը` վերահսկիչ պալատի նախագահի իրավական ակտերով: Արդյունքում, ներքին հակասություն է առաջանում Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ ու 5-րդ մասերի միջեւ, քանի որ վերահսկիչ պալատի խորհրդի կողմից ընդունված կոլեգիալ որոշմամբ սահմանված պայմանները, կարող են փոփոխվել վերահսկիչ պալատի նախագահի հրամանով:

Այսպիսով, վերահսկողության ամբողջ գործընթացը, ներառյալ հանդիպակաց ստուգումների անցկացումը, պետք է իրականացվի վերահսկիչ պալատի խորհրդի որոշմամբ` հաշվի առնելով, որ վերահսկիչ պալատի ղեկավարումն իրականացվում է կոլեգիալության սկզբունքով: