Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» 1996 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-98 Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` օրենք) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահակային ու կայազորային ծառայությունների կանոնագրքի 326-րդ հոդվածից հետո լրացնել նոր` 326.1-րդ հոդվածը հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 326.1 Պատվո պահակախումբ է նշանակվում Երեւան քաղաքի Ծիծեռնակաբերդի բարձունքում` Մեծ եղեռնի հուշահամալիրի տարածքում, շուրջօրյա (24-ժամյա) ծառայության համար:
Սույն հոդվածով սահմանված պատվո պահակախմբի ծառայության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր պետական մարմինը:
Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ԵՎ ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1.Կարգավորման առարկան. Օրենքի նախագծի կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային եւ պահակային ծառայությունների կանոնագրքով նախատեսված պատվո պահակախմբերի կողմից հուշահամալիրներում մշտական տեղակայման հետ առնչվող հարաբերություններ են:
2.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը). Սույն նախագծի ընդունման նպատակն է ստեղծել օրենսդրական դաշտ, որով հնարավորություն կստեղծվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանել հուշարձաններում եւ հուշահամալիրներում, մասնավորապես` Երեւան քաղաքի Ծիծեռնակաբերդի բարձունքում` Մեծ եղեռնի հուշահամալիրի տարածքում մշտական զինվորական պատվո պահակախմբով ապահովելու համար:
2.1.Կարգավորվող հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը սահմանում է այն դեպքերը, որի ժամանակ իրականացվում է պատվո պահակախումբի նշանակում: Վերոհիշյալ օրենքը չի նախատեսում մշտական պատվո պահակախմբի առկայությունը հուշահամալիրներում, այլ միայն զինվորական հարգանք մատուցելու, հանդիսավոր նիստերին մարտական դրոշի մոտ կանգնելու, պետական հուշարձանները բացելու, օտարերկրյա ներկայացուցիչներին դիմավորելու եւ ճանապարհելու, ինչպես նաեւ` 334-րդ հոդվածում հիշատակված անձանց թաղման ժամանակ նախատեսված դեպքերը, որոնք կրում են ժամանակավոր բնույթ:
2.2.Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարել, ըստ որի հնարավորություն կստեղծվի պատվո պահակախումբ նշանակել Երեւան քաղաքի Ծիծեռնակաբերդի բարձունքում Մեծ եղեռնի հուշահամալիրի հավերժական կրակը մշտական` 24-ժամյա ծառայության զինվորական հարգանք մատուցելու նպատակով:
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքները.
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետությունը վերստին կարժեւորի Ցեղասպանության զոհերի հիշատակն ու Հայրենազրկման իրողությունը: Հուշահամալիրում մշտական զինվորական պատվո պահակախմբի ծառայությանը առավել կընդգծվի Մեծ եղեռնի 95-րդ տարելիցը` թույլ չտալով մեր ժողովրդի հավաքական հիշողությունից ջնջել մարդկության դեմ իրագործված ոճիրը, որը հայ սերունդներին զրկել է իրենց քաղաքակրթությունից, ժառանգությունից եւ հայրենիքից: