Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվական նոյեմբերի 6-ի ՀՕ-112 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի առաջին մասը 5-րդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերությամբ.
«ծանուցում՝ ծանուցագիրը շահագրգիռ անձանց գտնվելու կամ բնակվելու վայրով կամ փոստային հասցեով պատվիրված նամակով ուղարկելը կամ առձեռն հանձնելը կամ հաղորդագրության ձեւակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ ուղարկելը կամ պատշաճ այլ ձեւով հանձնելը:»:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» կետը լրացնել «կամ վնասում է սպառողների շահերը» բառերով:
Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«2. Տնտեսվարող սուբյեկտներին առնչվող հարցի քննարկման կապակցությամբ Հանձնաժողովի կողմից ընդունված որոշման հիման վրա տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են Հանձնաժողովին ներկայացնել որոշմամբ սահմանված՝ իրենց առնչվող հարցի քննարկման համար անհրաժեշտ փաստաթղթեր եւ այլ տեղեկատվություն:»:
Հոդված 4. Օրենքի 36-րդ հոդվածի երրորդ մասից հանել «Մրցակցության սահմանափակման նպատակով» բառերը:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման
1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ մասով երաշխավորված է շահագրգիռ անձանց՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստին մասնակցելու իրավունքը: Միաժամանակ, նիստում քննարկման ենթակա հարցի, ինչպես նաեւ քննարկման վայրի, օրվա, ժամի եւ մասին շահագրգիռ անձանց ծանուցելու պարտականությունը նույն հոդվածով դրված է Հանձնաժողովի վրա, սակայն օրենսդրությամբ սահմանված չէ շահագրգիռ անձանց՝ Հանձնաժողովի քննարկման մասին ծանուցելու պարտականության իրականացման կարգը, ինչը խոչընդոտում է շահագրգիռ անձանց՝ քննարկման մասին պատշաճ ծանուցմանը եւ Հանձնաժողովի բնականոն գործունեությանը:
2. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետը «կամ սպառողների իրավունքների խախտմանը» բառերով լրացումն անհրաժեշտ է՝ հաշվի առնելով, որ օրենքի նպատակն է սպառողների շահերի պաշտպանությանը նպաստելը, ինչպես նաեւ այն, որ տնտեսվարող սուբյեկտի կողմից գերիշխող դիրքի չարաշահումը կարող է վնասել սպառողների շահերին:
3. Հանձնաժողովի բնականոն գործունեությունը մեծապես պայմանավորված է ինչպես պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, այնպես էլ տնտեսվարող սուբյեկտներից ստացվող տեղեկատվությունից: Գործող օրենքը նախատեսում է տնտեսվարող սուբյեկտների՝ իրենց առնչվող հարցի քննարկման կապակցությամբ Հանձնաժողով տեղեկություններ ներկայացնելու հնարավորությունը, սակայն ամրագրված չէ Հանձնաժողովի՝ փաստաթղթեր եւ այլ տեղեկատվություն ստանալու իրավասությունը եւ մեխանիզմները: Նախագծի 2-րդ եւ 3-րրդ հոդվածները վերաբերում են նշված խնդիրների կանոնակարգմանը:
4. Համաձայն Օրենքի 7-րդ հոդվածի առաջին մասի՝ գերիշխող դիրքի չարաշահումն արգելվում է, իսկ Օրենքի 36-րդ հոդվածի երրորդ մասը սահմանում է պատասխանատվություն միայն մրցակցության սահմանափակման նպատակով գերիշխող դիրքի չարաշահման համար: Սակայն գերիշխող դիրքի չարաշահումն ոչ միշտ կարող է ունենալ մրցակցության սահմանափակման նպատակ. այն կարող է հանգեցնել մրցակցության սահմանափակման կամ վնասել սպառողների շահերը կամ արտահայտվել օրենքի 7-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված այլ ձեւերով եւ չունենալ մրցակցության սահմանափակման նպատակ: Հաշվի առնելով նշվածը, Օրենքի 7-րդ եւ 36-րդ հոդվածների միջեւ առկա հակասությունը վերացնելու նպատակով, առաջարկվում է 36-րդ հոդվածի երրորդ մասից հանել «Մրցակցության սահմանափակման նպատակով» բառերը: