Հոդված 1. «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի ապրիլի 17-ի (ԳԽ, 17.04.1993, ՀՕ-52) օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ.
« Հայաստանի Հանրապետությունը նպաստում է ժամանակակից գրական հայերենի կանոնարկմանը, բառակերտման, տերմինաբանության (եզրաբանության) ու տերմինաշինության (եզրաշինության), տառադարձության, ուղղագրության, ուղղախոսության եւ կետադրության կանոնարկման սկզբունքների մշակմանը»:
Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածը լրացնել նոր 1.1 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 1.1 Օրենքում գործածվող հիմնական հասկացությունները
Պետական լեզվական քաղաքականություն ՝ լեզվի բնագավառում պետության ձեռնարկած միջոցառումների ամբողջություն՝ ուղղված պետական լեզվի շահերի պաշտպանությանը, բոլոր ոլորտներում պետական լեզվի կենսագործունեության ապահովմանն ու զարգացմանը, լեզվավիճակի, լեզվահարաբերությունների կարգավորման կառավարման սահմանված կարգի պահպանմանը,
Պետական լեզու ` ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված եւ պետության հոգածությամբ ու հովանավորությամբ երկրի տարածքում գերակայություն ունեցող լեզու,
Պաշտոնական լեզու ` հայոց լեզվի քերականության, բառապաշարի, արտասանության որոշակի կանոնների ենթարկվող, հասարակության գրական ու գիտական պահանջներին ծառայող լեզու,
Լեզվավիճակ ` համաժամանակյա կտրվածքով ներկայացվող լեզվական իրողություններ, զարգացման միտումներ եւ երեւույթներ,
Լեզվական հարաբերություններ ` պետական լեզվի գործառույթներով պայմանավորված եւ օրենսդրությամբ հաստատված պետական լեզվի գործածության ձեւեր, որոնք իրականացվում են պետության ներսում եւ այլ պետություների ու միջազգային կառույցների միջեւ առկա փոխհարաբերություններում,
Գրական հայերենի կանոնարկում ` լեզվի հիմնական քերականական օրենքների, տերմինաշինության եւ լեզվաշինության միջոցով բառապաշարի հարստացման եւ քերականական նոր կանոնների ստեղծման գործընթաց,
Լեզվական իրավունք ` քաղաքացու, հանրության, պետական կամ հասարակական կառույցների լեզվական գործառնության նկատմամբ պետության կողմից սահմանված իրավունքներ,
Լեզվական պարտականություն ` ՀՀ քաղաքացիների եւ հաստատությունների կողմից հանրային կյանքի բոլոր ոլորտներում լեզվական քաղաքականությունից եւ լեզվական հարաբերություններից բխող սկզբունքների պահպանումը,
Գործավարություն `` փաստաթղթերի ստեղծման, ձեւավորման, շրջանառության ապահովման եւ պահպանման գործընթաց, որը ներառում է կազմակերպակարգադրական (կառավարման եւ վարչական աշխատանքի կազմակերպումն ապահովող), անհատական, նորմատիվ, տեխնիկական, գիտատեխնիկական, նախագծահաշվային, ուսումնամեթոդական, ֆինանսահաշվապահական, գործարքային, հաշվետու-վիճակագրական, առեւտրային, տեղեկատվական, բացատրական, հրահանգային (օգտագործման կամ շահագործման հրահանգներ, տեխնիկական անձնագրեր, մակնշում, ապրանքապիտակներ, գնապիտակներ, անդորրագրեր), տեխնոլոգիական, նամակագրական-թղթակցային, փաստաթղթերի ստեղծումը եւ (կամ) ձեւավորումը, շրջանառության ապահովումն ու պահպանումը:
Պետական վերահսկողության ենթակա փաստաթուղթ ` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների գործունեությանն առնչվող փաստաթուղթ»։
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածում կատարել հետեւյալ լրացումները.
1) առաջին նախադասության մեջ «տիրապետել» բառից հետո լրացնել «գրական» բառը,
2) երկրորդ նախադասության մեջ «լեզուն» բառից հետո լրացնել «գրական» բառը,
3) երրորդ նախադասության մեջ «ապահովել» բառից հետո լրացնել «գրական հայոց» բառերը»։
Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածի՝
1) ա) կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«գործավարությունը կատարել գրական հայերենով՝ ապահովելով հայոց լեզվի անաղարտությունը, հաստատված լեզվական կանոնները»։
2) բ) կետում «միջոցառումների» բառից հետո լրացնել «հեռուստառադիոհաղորդումների» բառը,
գ) կետում «ծրարները» բառից հետո լրացնել «գովազդի բոլոր միջոցները» բառերով։
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո։
ՕՐԻՆԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Ազգապահպանության գլխավոր երաշխիքներից մեկը մեր մայրենի լեզուն է՝ հայերենը, որի պահպանությունը եւ պաշտպանությունը օրենսդրական կարեւորագույն խնդիր է։ 1993թ. ընդունված «Լեզվի մասին» ՀՀ օրենքը, 2002թ. ՀՀ կառավարության հաստատված «Հայաստանի Հանրապետությունում լեզվական քաղաքականության պետական ծրագիրը» եւ մի շարք իրավական ակտեր ուղղված են հայերենի կանոնակարգմանը, պետական լեզվական քաղաքականության արդյունավետ կիրառմանը։
Այնուամենայնիվ, հասարական կյանքի տարբեր ոլորտներում, զանգվածային լրատվամիջոցներում, գովազդում, պաշտոնական խոսքում քիչ չեն դեպքերը, երբ աղավաղվում, խաթարվում է գրական հայերենը։ Ոճական, ուղղախոսական, քերականական սխալները դարձել են համատարած երեւույթ, իսկ ժարգոնը եւ փողոցի լեզուն հեռուստագովազդի եւ հեռուստաեթերի անբաժան մասն են։
Մայրաքաղաքի եւ հանրապետության համայնքներում, «Գովազդի մասին» ՀՀ օրենքի համատարած խախտումով (ՀՀ-ում գովազդի լեզուն հայերենն է), ճնշող մեծամասնություն են կազմում օտարալեզու հրապարակային գրվածքները, վահանակները, ցուցանակները, հայտարարությունները։ Ոտնահարվում են նաեւ հայերենով տեղեկատվություն ստանալու սպառողների իրավունքները։ Հայերենի պաշտպանվածության ներկա իրավիճակը օրենսդրական բարեփոխման խնդիր է առաջացնում։
Լեզվի տեսչության վերջին տարիների ստուգումները փաստում են, որ իրավախախտումների թիվն աճելու միտում ունի. անգամ կրկնակի ստուգումների ընթացքում վարչական իրավախախտումները չեն վերացվում` «Գովազդի մասին» օրենքի 5-րդ հոդվածի տարաբնույթ մեկնաբանությունների պատճառով:
2010 թվականի սկզբում մշտադիտարկումների արդյունքում միայն մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում արձանագրվել է հրապարակային գրվածքների, ցուցանակների, գովազդային վահանակների եւ գովազդային ցուցանակների լեզվական ձեւավորման շուրջ 500 խախտում, որոնց վերացման համար առկա օրենսդրական դաշտի պայմաններում կպահանջվի առնվազն 10 տարի:
«Գովազդի մասին» ՀՀ օրենքում գովազդի նկատմամբ ընդհանուր պահանջների ընդլայնումով (Հոդված 5) ու հստակ պարտականությունների սահմանումով վստահ ենք, որ օրենսդրական դաշտում դրական քայլ կապահովենք լեզվական հարաբերությունների կարգավորման եւ հայերենի պաշտպանության ուղղությամբ։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները գործող տույժերից ավելի բարձր տույժեր են սահմանում լեզվի բնագավառում օրենսդրության խախտման համար, ինչը կարծում ենք կնպաստի քաղաքացիների եւ պաշտոնական անձանց պատասխանատվության բարձրացմանը։
Օրենդրական նախաձեռնության փաթեթի մաս է կազմում նաեւ «Լեզվի մասին» ՀՀ օրենքում լրացումների նախաձեռնությունը, որը եւս ուղղված է գրական հայերենի պաշտպանվածության ամրապնդմանը։
Օրենսդրական նախաձեռնությունը մշակելիս նկատի ենք ունեցել ԱՊՀ մի շարք երկրների իրավական փորձը։