Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-896-12.05.2010-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի հուլիսի 10-ի Հ.Օ-160 օրենքի (այսուհետ՝ օրենք) 16-րդ հոդվածի 11-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«11. Ընթացիկ ուսումնական տարվա ընթացքում` մինչեւ մայիսի 15-ը ընդհանուր առմամբ 30 օր կամ 180 ժամ եւ ավելի կրթական ծրագրի մասնակցությունից բացակայած սովորողի հաջորդ դասարան կամ կրթության հաջորդ աստիճան փոխադրելու հարցը կարգավորվում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից։»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տասներորդ օրը:

Սույն օրենքի գործողությունը տարածվում է 2009 թվականի սեպտեմբերի 1-ից 2010 թվականի մայիսի 15-ը հանրակրթական ուսումնական հասատություններում ուսումնառած սովորողների նկատմամբ։

Հիմնավորում

«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի առաջադրման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ցանկություն ունենալով կարգավորել եւ վերահսկելի դարձնել աշակերտների բնականոն հաճախելիությունը դպրոց եւ մասնակցությունը կրթական ծրագրին՝ գործող օրենքով սահմանվել է խիստ կոնկրետ եւ միանշանակ լուծում։

Սակայն օրենքի մեկ տարվա կիրառության ընթացքում  ստեղծված իրավիճակները ցույց են տալիս, որ  դեպքերը եւ պատճառները տարբեր են եւ դրանց միանշանակ վերաբերվելը կարող է  բացասական ազդեցություն ունենալ երեխայի վրա։

Չմեղմելով հարցը եւ կարեւորելով երեխայի պարտադիր մասնակցությունը դասապրոցեսին, այնուամենայնիվ օրենսդրական նախաձեռնությամբ հնարավորություն է թողնված ստեղծված իրավիճակներում առավել ճկուն լուծուներ տալու համար։