Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-8971-11.05.2010-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի (2001թ. մայիսի 2, ՀՕ-185) 7-րդ հոդվածի 2-րդ մասի «նպատակային նշանակությունը» բառերից հետո լրացնել.

« ,կառավարության սահմանած կարգով հնագիտական պեղումներ կատարելուց հետո»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը:
 

ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Փաթեթը նպատակ ունի կարգավորելու հուշարձանների հայտնաբերման, պահպանության եւ օգտագործման հարաբերությունները:

ՀՀ Հողային օրենսգիրքը սահմանում է հողերի նպատակային նշանակության փոփոխության կարգը: Նպատակային նշանակությունը փոփոխվում է միայն կառավարության որոշումով:

Սակայն հնագետների հետ քննարկումներից պարզ է դառնում, որ կարգավորված չեն այն խնդիրները, որոնք կապված են նպատակային նշանակության փոփոխության հետեւյալ մասի հետ:

Հինականում թույլտվությունը  տրամադրվում է հուշարձանների ցուցակներից ելնելով` եթե նշված չէ , որ տվյալ հողատարածքում հուշարձան կա, ապա այդ հողամասում կարելի է կատարել հողի նպատակային նշանակության փոփոխություն եւ հնարավոր է դառնում կատարել շինարարական աշխատանքներ: Իսկ երբ աշխատանքների ընթացքում հայտնաբերվում է հուշարձան , եթե իհարկե սեփականատերը բարեխիղճ է եւ հայտնում է համապատասխան մարմիններին, արդեն հուշարձանը այնքան վնասված է լինում , որ վերականգնելը անհնար է դառնում, քանի որ արդեն հողի շերտը վնասված է լինում եւ ամբողջ ինֆորմացիան անհնար է դառնում վերականգնել: Այս դեպքում որեւէ պատիժ կիրառելը կարծում ենք չի կարող փրկել հուշաձանը :

Այդ իմաստով նպատակային նշանակությունը փոխելուց առաջ ճիշտ է անցկացնել հնագիտական պեղումներ `/դիագնոստիկա/ հնարավոր նոր հուշարձանների հայտնաբերման նպատակով, այնուհետեւ կատարել մնացած աշխատանքները:

ՈՒսումնասիրել ենք Եվրոպական երկրների փորձը` տվյալ ոլորտի օրենսդրությունը: Բոլոր զարգացած երկրներում կիրառվում է այս փորձը եւ նույնիսկ օտարերկրյա կազմակերպությունները , որոնք գործունեություն են ծավալում ՀՀ- ում, նրանք անկախ ՀՀ օրենքի պահանջից դիմում են համապատասխան մասնագետներին, ստանում հավաստագիր` /սերտիֆիկատ/ առ այն, որ նշված հողակտորում հուշարձան չկա, այնուհետեւ կատարում են իրենց աշխատանքները:

Կարծում ենք, որ այս օրենսդրական ներդրումը մեր իրավական համակարգում դրական ազդեցություն կունենա Հայաստանի Հանրապետությունում նոր հուշարձանների բացահայտման եւ պահպանման գործում:

Տեղական ինքնակառավարման մարմիններին ՀՀ օրենսդրությամբ (Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենք, Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին Հայաստանի Հանրապետության օրենք եւ այլն) արդարացիորեն տրված է հուշարձանների նկատմամբ պահպանության լիազորություն, քանի որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է «թանգարան բաց երկնքի տակ» եւ անհնար է ամեն հուշարձանի պահպանության համար «նշանակել հսկիչ»:

Տեղական ինքնակառավարման մարմիններին է հանձնված նաեւ հողամասը ոչ նպատակային նշանակության օգտագործեումը եւ հողատեսքի  ինքնակամ փոփոխելը չկանխելը:

Հողատեսքի ինքնակամ փոփոխման ժամանակ տեղական ինքնակառավարման մարմինները տեղյակ են լինում դրա մասին եւ տեսականորեն անհնար է , որեւէ համայնքում կատարվեն հողային աշխատանքներ եւ տեղական ինքնակառավարման մարմինները տեղյակ չլինեն: Այդ պատճառով նման դեպքերը կանխելու միջոց է նախատեսել օրենսդիրը` տեղական ինքնակառավարման մարմիններին խախտման համար վարչական պատիժ նշանակելը:

Բայց ցանկացած պատիժ պետք է լինի համարժեք: Իսկ ներկայիս հողատեսքի ինքնակամ փոփոխության համար օրենսդրությամբ սահմանված վարչական պատիժը շատ քիչ է, իսկ հուշարձանների պահպանության համար ընդհանրապես սահմանված չէ, որը կարծում ենք օրենսդրական բացթողում է:

Ստեղծվում է մի պատկեր , որ տրված է լիազորություն` հուշարձանների պահպանության , բայց նախատեսված չէ սանկցիա /պատիժ/ , չկատարելու կամ թերանալու համար, այսինքն ստեղծված չէ օրենքի կատարման երաշխիքներ:

Օրենքի նախագծերի փաթեթի ընդունումը կկարգավորի նոր հուշարձանների հայտնաբերման, շինարարական աշխատանքների ժամանակ հուշարձանները վնասելու հետագա վտանգից խուսափելու եւ հուշարձանների պահապանության խնդիրները: