Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-905-14.05.2010-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. "Պետական տուրքի մասին" Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի "9.7.3.4" ենթակետում "բազային տուրքի 100-ապատիկից 150-ապատիկի չափով" բառերը փոխարինել "բազային տուրքի 150-ապատիկի չափով" բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

"Պետական տուրքի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

"Պետական տուրքի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի "9.7.3.4" ենթակետի համաձայն մեկ մարզի տարածքում հեռուստահաղորդումների կաբելային հեռարձակման համար սահմանված է պետական տուրք` բազային տուրքի 100-ապատիկից 150-ապատիկի չափով:

Միաժամանակ, վերոնշյալ օրենքով չի սահմանվում, թե որ դեպքում եւ որ մարմինն է որոշելու մեկ մարզի տարածքում հեռուստահաղորդումների կաբելային հեռարձակման լիցենզիա տրամադրելու համար պետական տուրքի չափը: Նշվածով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել օրենքի վերոնշյալ դրույթը:

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 2-րդ մասի եւ "Իրավական ակտերի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի համաձայն` բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների տեսակները, չափը, վճարման կարգը, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել "Պետական տուրքի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքում:

"Պետական տուրքի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է մեկ մարզի տարածքում հեռուստահաղորդումների կաբելային հեռարձակման համար սահմանել բազային տուրքի 150-ապատիկի չափով պետական տուրք: