ԳԼՈՒԽ I . ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի կազմակերպման եւ գործունեության իրավական հիմքերը, դրանց երաշխիքները, պետական մարմինների, գիտական, գիտատեխնիկական եւ ինովացիոն գործունեության սուբյեկտների եւ մասնակիցների հետ նրա փոխհարաբերության հիմնական սկզբունքները եւ ուղղված է Հայաստանի Հանրապետության գիտական ներուժի պահպանմանը, հիմնարար ու կիրառական գիտության զարգացմանը` որպես գիտատեխնիկական առաջնթացի, հանրապետության տնտեսական, սոցիալական եւ մշակութային զարգացման հիմքի:
Հոդված 2. ՀՀ Գիտությունների ագային ակադեմիայի կարգավիճակը
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան պետության կողմից հիմնադրված` հատուկ կարգավիճակ ունեցող, ինքնակառավարվող բարձրագույն գիտական կազմակերպություն է, որը կազմակերպում, իրականացնում եւ համակարգում է գիտելիքի վրա հիմնված` տնտեսական, սոցիալական եւ մշակութային զարգացման համար անհրաժեշտ հիմնարար եւ կիրառական հետազոտությունները:
2. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան իրավաբանական անձ հանդիսացող ոչ առեւտրային կազմակերպություն է, որի կազմակերպական իրավական ձեւի եւ կարգավիճակի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:
3. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան գործում է սույն օրենքի, ՀՀ այլ օրենքների եւ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, ինչպես նաեւ իր կանոնադրության հիման վրա:
4. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի լրիվ անվանումն է «Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիա ոչ առեւտրային կազմակերպություն» (այսուհետ` ՀՀ ԳԱԱ):
5. ՀՀ ԳԱԱ-ն իրեն վերապահված խնդիրների լուծման համար կատարում է պետական կառավարման մարմնի առանձին գործառույթներ, լիազորված է իրականացնել իր համակարգի գիտական կազմակերպությունների, իրավաբանական անձանց եւ հիմնարկների ընդհանուր ղեկավարումը, ապահովելով նրանց բնականոն եւ պատշաճ գործունեությունը: ՀՀ ԳԱԱ-ի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով եւ ՀՀ ԳԱԱ-ի կանոնադրությամբ:
6. ՀՀ ԳԱԱ-ն որպես սեփականություն ունի ամրացված գույք եւ իր անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
7. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ձեւավորման ժամանակ ՀՀ ԳԱԱ-ի եւ իր համակարգի բյուջետային ֆինանսավորման չափը կառավարման մարմնի կողմից ֆինանսների նախարարություն ներկայացվող ֆինանսական փաստաթղթերում նշվում է առանձին տողով:
8. Պետական բյուջեից ՀՀ ԳԱԱ-ի ֆինանսավորումը` գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բազային, պայմանագրային (թեմատիկ), նպատակային-ծրագրային ձեւերով իրականացվում է ընդհանուր հիմունքներով, համաձայն գործող կարգի:
9. ՀՀ ԳԱԱ-ն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
10. ՀՀ ԳԱԱ-ն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով եւ իր հայերեն, իրականացվուռուսերեն եւ անգլերեն անվանմամբ կլոր կնիք, կարող է ունենալ իր անվանմամբ ձեւաթղթեր, խորհրդանիշ եւ անհատականացման այլ միջոցներ:
11. ՀՀ ԳԱԱ հաստիքացուցակը հաստատում է ՀՀ ԳԱԱ նախագահությունը:
Հոդված 3. ՀՀ ԳԱԱ-ի կարգավիճակի առանձնահատկությունները
ՀՀ ԳԱԱ-ի հատուկ կարգավիճակի առանձնահատկություններն են`
1) ՀՀ ԳԱԱ-ն անմիջականորեն ենթարկվում է կառավարությանը.
2) ՀՀ ԳԱԱ-ի նախագահը մասնակցում է կառավարության նիստերին.
3) ՀՀ ԳԱԱ-ն գիտ ական գործունեության գծով կառավարության պաշտոնական խորհրդատուն է, որի առաջարկները պարտադիր կարգով քննարկում են կառավարությունը եւ պետական կառավարման համապատասխան մարմինները:
4) ՀՀ ԳԱԱ-ն կառավարության կողմից սահմանված կարգով իրականացնում է գիտության բնագավառում նորմատիվ իրավական ակտերի փորձաքննություն:
Հոդված 4. ՀՀ ԳԱԱ-ի եւ հիմնադրի պատասխանատվությունը
1. ՀՀ ԳԱԱ-ն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող գույքով:
2. ՀՀ ԳԱԱ-ն պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների համար:
Հոդված 5. ՀՀ ԳԱԱ-ի ստեղծումը եւ պետական գրանցումը
1. ՀՀ ԳԱԱ-ի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս կառավարության:
2. Հիմնադրի որոշմամբ սահմանվում են ՀՀ ԳԱԱ-ի անվանումը, նրա գործունեության առարկան եւ նպատակները, այդ թվում՝ նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակները, նրան սեփականության իրավունքով հանձնվող եւ (կամ) ամրացվող գույքի կազմն ու արժեքը, ինչպես նաեւ օրենքին չհակասող այլ դրույթներ:
3. Հիմնադրի բացառիկ լիազորություններն են`
ա) ՀՀ ԳԱԱ-ի հիմնադրումը.
դ) ՀՀ ԳԱԱ-ի կանոնադրության հաստատումը եւ դրանում փոփոխություններ կատարելը.
ե) ՀՀ ԳԱԱ-ի կառավարման համակարգի սահմանումը.
զ) ՀՀ ԳԱԱ-ի վերակազմակերպումը եւ լուծարումը.
ը) օրենքով եւ ՀՀ ԳԱԱ-ի կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:
3. ՀՀ ԳԱԱ-ն ենթակա է պետական գրանցման՝ օրենքով սահմանված կարգով:
Հոդված 6. ՀՀ ԳԱԱ-ի կանոնադրությունը
1. ՀՀ ԳԱԱ-ի հիմնադիր փաստաթուղթը կանոնադրությունն է, որը ընդունում է ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովը եւ հաստատում է կառավարությունը: ՀՀ ԳԱԱ-ի կանոնադրության մեջ փոփոխությունները եւ լրացումները կատարվում են նույն կարգով:
2. ՀՀ ԳԱԱ-ի կանոնադրությունը պետք է ներառի`
1) ՀՀ ԳԱԱ-ի անվանումը.
2) ՀՀ ԳԱԱ նախագահության գտնվելու վայրը.
3) ՀՀ ԳԱԱ-ի գործունեության առարկան եւ նպատակները, այդ թվում՝ նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակները.
4) ՀՀ ԳԱԱ-ի կառավարման մարմինները, դրանց կազմը եւ լիազորությունները.
5) ՀՀ ԳԱԱ-ի սեփականության ձեւավորման, տիրապետման, օգտագործման եւ տնօրինման կարգը.
6) ՀՀ ԳԱԱ-ի շահույթի օգտագործման կարգը.
7) օրենքով կամ հիմնադրի կողմից նախատեսված եւ օրենքին չհակասող այլ դրույթներ:
Հոդված 7. ՀՀ ԳԱԱ խնդիրները եւ գործունեության հիմնական ուղղությունները
ՀՀ ԳԱԱ խնդիրներն են`
1.Հայաստանի տնտեսական, սոցիալական եւ պետաիրավական զարգացման, մշակույթի, բնության ռացիոնալ (բանական) օգտագործման եւ պահպանության գիտական ապահովումը.
2. բնական, տեխնիկական, հումանիտար, սոցիալական գիտությունների եւ արվեստների կարեւորագույն ուղղություններով հիմնարար եւ կիրառական գիտական հետազոտությունների եւ մշակումների կազմակերպումը եւ համակարգումը.
3.լիազորված պետական մարմինների հետ Հանրապետության հիմնարար եւ կիրառական գիտական հետազոտությունների գերակա ուղղությունների ցանկերի որոշումը եւ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատման համար ներկայացումը.
4. գիտատեխնիկական առաջընթացի սկզբունքորեն նոր ուղիների բացահայտումը, մասնակցությունը հայրենական եւ համաշխարհային գիտության նվաճումների գործնական կիրառման առաջարկությունների մշակմանը.
5. հանրապետության գիտական կազմակերպություններում եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում կատարվող հիմնարար հետազոտությունների համակարգումը.
6. գիտական դպրոցների զարգացման, բարձր որակավորման գիտական աշխատողների պատրաստման, գիտնականների եւ մասնագետների որակավորման բարձրացման համար, այդ թվում արտասահմանյան գիտական կենտրոններում, պայմանների ստեղծումը,
7. գիտատեխնիկական տեղեկատվական համակարգի զարգացման ապահովումը.
8. Միջազգային գիտական համագործակցության զարգացման համար պայմանների ստեղծում:
ՀՀ ԳԱԱ գործունեության հիմնական ուղղություններն են`
1.գիտատեխնիկական ոլորտում առկա վիճակի վերլուծության անցկացումը եւ հետագա զարգացման միտումների վերաբերյալ կանխատեսումների մշակումը.
2.բնական, տեխնիկական, հումանիտար եւ սոցիալական գիտությունների հիմնախնդիրների գծով գիտական եւ գիտատեխնիկական խորհուրդների, հանձնաժողովների ստեղծումը.
3.օրենսդրության կատարելագործման վերաբերյալ սահմանված կարգով սեփական առաջարկությունների ներկայացում.
4.ՀՀ ԳԱԱ համակարգի գիտական կազմակերպությունների եւ այլ կառուցվածքային օղակների գործունեության հիմնական ուղղությունների սահմանումը.
5. բարձր որակավորման գիտական եւ գիտամանկավարժական (այդ թվում մագիստրական) կադրերի պատրաստումը պետական լիցենզիայի առկայության պայմաններում. պետական լիազորված մարմնի կողմից սահանված կարգով կառավարություն ներկայացվող գիտության հետ առնչվեղ փաստաթղթերի նախագծերի, գիտական, գիտատեխնիկական եւ տնտեսական ծրագրերի, ինովացիոն նախագծերի գիտական փորձաքննության անցկացումը.
6.ՀՀ ԳԱԱ-ի գիտատեխնիկական ներուժի զարգացման, նյութատեխնիկական բազայի ամրապնդման, գիտատար եւ բարձր տեխնոլոգիական գիտատեխնիկական արտադրանքի փորձնական արտադրության կազմակերպման ապահովումը, ինչպես նաեւ հետազոտման նոր միջոցների եւ մեթոդների ստեղծումը եւ տարածումը.
7.ՀՀ ԳԱԱ-ի համակարգի գիտական կազմակերպությունների եւ այլ կառուցվածքային օղակների զարգացմանն ուղղված կապիտալ ներդրումային ծրագրերի նախագծերի մշակումը եւ սահմանված կարգով ներկայացումը.
8.միջազգային գիտական եւ գիտատեխնիկական համագործակցության իրականացումը, արտասահմանյան երկրների գիտությունների ակադեմիաների եւ գիտական այլ կազմակերպությունների հետ փոխշահավետ կապերի զարգացումը, միջպետական գիտական եւ գիտատեխնիկական ծրագրերի եւ նախագծերի կատարումը, մասնակցությունը միջազգային գիտական եւ գիտատեխնիկական կազմակերպությունների եւ ասոցիացիաների գործունեությանը.
9.ՀՀ ԳԱԱ-ի համակարգի գիտական կազմակերպություններում իրականացվող հիմնարար եւ կիրառական հետազոտություններում օտարերկրյա, այդ թվում սփյուռքահայ, գիտական ներուժի մասնակցության ապահովումը.
10.կրթական համակարգի գիտական մակարդակի բարձրացմանը, բարձրագույն կրթության ստացումն ապահովող հաստատությունների պրո?ֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացմանը, կրթական ծրագրերի եւ ձեռնարկների ստեղծմանը աջակցելը.
11.գիտելիքների քարոզչությունը եւ տարածումը, հրատարակչական գործունեությունը եւ տպագրական հրատարակչությունը. .
12.ՀՀ ԳԱԱ-ի համակարգում, ինչպես նաեւ օրենքով թույլատրվող սահմաններում համատեղ գիտական, գիտակրթական եւ գիտաարտադրական կենտրոնների ստեղծումը.
13.գիտատեխնիկական տեղեկատվության սեփական ռեսուրսների ստեղծումն ու զարգացումը, այդ թվում տարածումը հայրենական եւ միջազգային տեղեկատվական համակարգչային ցանցերում.
14.գիտական նստաշրջանների, գիտաժողովների, դպրոցների, սեմինարների եւ խորհրդակցությունների անցկացումը, ինչպես նաեւ մասնակցությունը այդպիսի միջոցառումներին:
Հոդված 8. ՀՀ ԳԱԱ-ի իրավունքերը եւ պարտականությունները իր համակարգի կազմակերպությունների նկատմամբ
1. ՀՀ ԳԱԱ-ն իրականացնում է իր համակարգի կազմակերպությունների ընդհանուր կառավարումը, ապահովում է նրա բնականոն գործունեությունը եւ պատասխանատվություն է կրում դրանց չկատարման կամ անպատշաճ իրականացման համար:
2. ՀՀ ԳԱԱ-ն`
ա) կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է նրա կառավարման մարմինների ձեւավորումը եւ նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.
բ) իրականացնում է կազմակերպության գործունեության վերահսկողությունը.
դ) լսում է կազմակերպության գործունեության մասին հաշվետվություններ, քննում է դրանց գործունեության վերստուգման արդյունքները.
ե) վերահսկողություն է իրականացնում կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման եւ պահպանության նկատմամբ.
զ) հաստատում է կազմակերպության տարեկան հաշվետվությունները եւ տարեկան հաշվեկշիռը, եթե կազմակերպությունը չունի կոլեգիալ կառավարման մարմին.
ը) իրականացնում է սույն օրենքով, հիմնադրի որոշումներով եւ կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
ԳԼՈՒԽ II. ՀՀ ԳԱԱ-Ի ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ԿԱԶՄԸ
Հոդված 9-ի. ՀՀ ԳԱԱ-ի համակարգը
1. ՀՀ ԳԱԱ-ն գիական համակարգ է, որն իր կազմում միավորում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներին (իսկական անդամներին), թղթակից անդամներին, ՀՀ ԳԱԱ պատվավոր եւ արտասահմանյան անդամներին, ինչպես նաեւ ՀՀ ԳԱԱ-ի բաժանմունքները, ՀՀ ԳԱԱ-ի աշխատակազմը եւ ՀՀ ԳԱԱ-ի պետության կողմից հիմնադրված կազմակերպություններից:
2.ՀՀ ԳԱԱ-ի համակարգի մեջ մտնող պետական կազմակերպությունների ցանկը հաստատում է ՀՀ կառավարությունը` ՀՀ ԳԱԱ-ի կանոնադրությանը կից հավելվածի տեսքով:
Հոդված 10. ՀՀ ԳԱԱ անդամները
1.ՀՀ ԳԱԱ-ն շնորհում է հետեւյալ ակադեմիական գիտական տիտղոսները` ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոս (իսկական անդամ), ՀՀ ԳԱԱ-ի թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ-ի պատվավոր անդամ, ՀՀ ԳԱԱ-ի արտասահմանյան անդամ, ՀՀ ԳԱԱ-ի պատվավոր դոկտոր: ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիական գիտական տիտղոսները շնորհվում են ցմահ:
2.ՀՀ ԳԱԱ գիտական տիտղոսներն ամրագրվում են դիպլոմներով:
3.ՀՀ ԳԱԱ գիտական տիտղոսների շնորհումն իրականացվում է ՀՀ ԳԱԱ կանոնադրության համաձայն անցկացվող ընտրությունների արդյունքներով: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներին եւ թղթակից անդամներին տրամադրվում է ցմահ պատվովճար, որի չափը սահմանում է ՀՀ կառավարությունը: Պատվովճարի նշանակաման կարգը սահմանվում է ԳԱԱ- կանոնադրությամբ:
4.ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսների, թղթակից անդամների, պատվավոր, արտասահմանյան անդամների եւ պատվավոր դոկտորների ընտրությունների կարգը, նրանց իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են ՀՀ ԳԱԱ-ի կանոնադրությամբ:
5.ՀՀ ԳԱԱ-ի իսկական եւ թղթակից անդամների առավելագույն թիվը եւ մասնագիտությունները սահամանում է ՀՀ կառավարությունը` ՀՀ ԳԱԱ-ի նախագահության առաջարկությամբ: ՀՀ ԳԱԱ-ի իսկական եւ թղթակից անդամների ընտրությունները անցկացվում են ոչ ուշ քան 3 տարին մեկ անգամ:
6.Ակադեմիկոսի եւ թղթակից անդամների գիտական տիտղոսներ շնորհում է միայն ՀՀ ԳԱԱ-ն:
Հոդված 11. ՀՀ ԳԱԱ-ի գիտական, գիտատեխնոլոգիական կազմակերպությունները
1. ՀՀ ԳԱԱ-ի համակարգիում գործում են գիտական, գիտատեխնոլոգիական կազմակերպություններ:
2. ՀՀ ԳԱԱ-ի գիտական եւ գիտատեխնոլոգիական կազմակերպությունները պետության կողմից հիմնադրված պետական ոչ առեւտրային կազմակերպություններ են, որոնց կառավարումը լիազորված է իրականացնել ՀՀ ԳԱԱ-ն:
3. ՀՀ ԳԱԱ-ն գիտական եւ գիտատեխնոլոգիական կազմակերպությունների ստեղծումն ու կառավարումը իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ, ՀՀ ԳԱԱ-ի կանոնադրությամբ, ինչպես նաեւ այդ կազմակերպությունների կանոնադրություններով սահմանված կարգով:
4. ՀՀ ԳԱԱ-ի համակարգի գիտական կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով եւ սույն օրենքով սահմանված կարգով կարող են զբաղվել շահութաբեր գործունեությամբ` այդ նպատակների համար օգտագործելով պետական առաջադրանքի կատարումից ազատ տարածքները, սարքավորումները եւ այլ գույք:
5. ՀՀ ԳԱԱ-ի կողմից օտարերկրյա պետություններում գիտական կազմակերպությունների ստեղծումն իրականացվում է հիմնադիրի որոշմամբ` տվյալ երկրի օրենսդրությանը համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
Հոդված 12. ՀՀ ԳԱԱ-ի բաժանմունքները
1.Գիտության միեւնույն բնագավառում գործող ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսները, թղթակից եւ արտասահմանյան անդամները, գիտաշխատողները եւ գիտական կազմակերպությունները միավորվում են ՀՀ ԳԱԱ-ի բաժանմունքներում:
2.ՀՀ ԳԱԱ-ի բաժանմունքը պատասխանատվություն է կրում տվյալ բնագավառում կատարվող աշխատանքների կազմակերպան, գիտական ծրագրերի պատրաստման եւ կատարված աշխատանքների որակի համար:
3.ՀՀ ԳԱԱ-ի բաժանմունքը ղեկավարում է բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարը, որի ընտրության կարգը սահմանվում է ՀՀ ԳԱԱ-ի կանոնադրությամբ:
Հոդված 13. ՀՀ ԳԱԱ-ի աշխատակազմը
1.ՀՀ ԳԱԱ-ի աշխատակազմը ստեղծվում է ՀՀ ԳԱԱ-ի կառավարման մարմիններին վերապահված լիազորությունների լիարժեք եւ արդյունավետ իրականացման եւ ապահովման նպատակով:
2.ՀՀ ԳԱԱ աշխատակազմի կառուցվածքը եւ իրավասությունները որոշվում են ՀՀ ԳԱԱ-ի նախագահության հաստատած կանոնակարգով:
ԳԼՈՒԽ III. ՀՀ ԳԱԱ-Ի ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
Հոդված 14. ԳԱԱ կառավարման մարմինները
1. ՀՀ ԳԱԱ կառավարման մարմիններն են` ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովը, ՀՀ ԳԱԱ-ի նախագահությունը եւ ՀՀ ԳԱԱ-ի նախագահը:
2.ՀՀ ԳԱԱ-ի կառավարման կարգը, սահմանվում է սույն օրենքով, ՀՀ ԳԱԱ-ի կանոնադրությամբ:
Հոդված 15. ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովը
1.ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովը ՀՀ ԳԱԱ-ի կոլեգիալ կառավարման բարձրագույն մարմինն է, որի լիազորությունները սահմանվում են ՀՀ ԳԱԱ-ի կանոնադրությամբ:
2.ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովում ընդգրկվում են` ՀՀ ԳԱԱ-ի նախագահը, ՀՀ ԳԱԱ-ի նախագահության անդամները, ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսները եւ թղթակից անդամները, ՀՀ ԳԱԱ-ի գիտական կազմակերպությունների ներկայացուցիչները:
3.ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովում գիտական կազմակերպությունների ներկայացուցիչների թիվը, ընտրության կարգը եւ ընդհանուր ժողովին աշխատանքներին նրանց մասնակցության առանձնահատկությունները սահմանվում են ՀՀ ԳԱԱ-ի կանոնադրությամբ:
4.ՀՀ ԳԱԱ պատվավոր եւ արտասահմանյան անդամները կարող են մասնակցել ընդհանուր ժողովի աշխատանքներին` առանց ընտրելու իրավունքի:
Հոդված 16. ՀՀ ԳԱԱ-ի նախագահը
1. ՀՀ ԳԱԱ-ի նախագահը ղեկավարում է ՀՀ ԳԱԱ գործունեությունը՝ իր իրավասության սահմաններում եւ ՀՀ ԳԱԱ-ի կանոնադրությանը համապատասխան: Նա պատասխանատու է ՀՀ ԳԱԱ-ի բնականոն գործունեության համար:
2. ՀՀ ԳԱԱ-ի նախագահի լիազորությունները որոշվում են ՀՀ ԳԱԱ-ի կանոնադրությամբ:
3. ՀՀ ԳԱԱ-ի նախագահը հանդիսանում է վարկի կառավարիչ:
4.. ՀՀ ԳԱԱ-ի նախագահը համաձայն ՀՀ օրենսդրության եւ ՀՀ ԳԱԱ-ի կանոնադրության տիրապետում է ՀՀ ԳԱԱ-ի ունեցվածքը, այդ թվում եւ ֆինանսական միջոցները:
5.. ՀՀ ԳԱԱ-ի նախագահը ընտրվում է ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովի կողմից, ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսների թվից փակ գաղտնի քվեարկությամբ 5 տարի ժամանակավ, ոչ ավել քան երկու անընդմեջ ժամկետով:
Հոդված 17. ՀՀ ԳԱԱ-ի նախագահությունը
1. ՀՀ ԳԱԱ-ի նախագահությունը ՀՀ ԳԱԱ-ի կառավարման կոլեգիալ մարմինն է, որը իրականացնում է ՀՀ ԳԱԱ-ի ընթացիկ կառավարումը եւ հաշվետու է ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր Ժողովին: ՀՀ ԳԱԱ նախագահության լիազորությունները որոշվում են ՀՀ ԳԱԱ-ի կանոնադրությամբ:
2. ՀՀ ԳԱԱ-ի նախագահությունը գլխավորում է ՀՀ ԳԱԱ-ի նախագահը:
3. ՀՀ ԳԱԱ-ի փոխնախագահը եւ ակադեմիկոս քարտուղարը ընտրվում են ՀՀ ԳԱԱ-ի իսկական եւ թղթակից անդամների թվից ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովի կողմից փակ գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժակետով, ձայների պարզ մեծամասնությամբ:
4. ՀՀ ԳԱԱ-ի նախագահությունը կազմված է ի պաշտոնե եւ ընտրովի անդամներից: Ի պաշտոնե ՀՀ ԳԱԱ-ի նախագահության անդամ են ՀՀ ԳԱԱ-ի նախագահը, փոխնախագահը եւ ակադեմիկոս քարտուղարը եւ ՀՀ ԳԱԱ բաժանմունքների ակադեմիկոս քարտուղարները:
ՀՀ ԳԱԱ-ի նախագահության մնացած անդամները ՀՀ ԳԱԱ-ի նախագահության ներկայացմամբ ընտրվում են ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովում` վերջինիս անդամ հանդիսացող ՀՀ ԳԱԱ-ի գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներից 5 տարի ժամկետով` փակ (գաղտնի) քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ ՀՀ ԳԱԱ-ի կանոնադրությամբ սահամանված կարգով:
5. Բուհերի, տնտեսության ճյուղերի, ինչպես նաեւ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչները կարող են հրավիրվել մասնակցելու ՀՀ ԳԱԱ-ի նախագահության նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով:
ԳԼՈՒԽ IV. ՀՀ ԳԱԱ-Ի ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍՆԵՐԸ
Հոդված 18. ՀՀ ԳԱԱ-ի գույքի կազմը
1. ՀՀ ԳԱԱ-ին պատկանող գույքը բաղկացած է նրա սեփականությունը հանդիսացող գույքից եւ գիտական գործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նրան անժամկետ, անհատույց օգտագործման համար ամրացված գույքից:
2. ՀՀ ԳԱԱ-ին ամրագրված գույքի, այդ թվում եւ բյուջետային միջոցների, ինչպես նաեւ սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի օգտագործման, տիրապետման եւ տնօրինման կարգը որոշվում է ՀՀ ԳԱԱ-ի կանոնադրությամբ:
Հոդված 19. ՀՀ ԳԱԱ-ի սեփականությունը
1. ՀՀ ԳԱԱ-ի սեփականությունը ձեւավորվում է նրա հիմնադրման ժամանակ եւ հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաեւ գործունեության ընթացքում ստեղծված եւ ձեռք բերված գույքից:
2. ՀՀ ԳԱԱ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ հիմնադիրը չունի իրավունքներ, բացառությամբ լուծարումից հետո մնացած գույքի:
3. ՀՀ ԳԱԱ-ի սեփականության պահպանման պարտավորությունը կրում է ՀՀ ԳԱԱ-ն:
4. ՀՀ ԳԱԱ-ի սեփականության վրա կարող է բռնագանձում տարածվել միայն դատական կարգով:
Հոդված 20. ՀՀ ԳԱԱ-ին ամրացված գույքը
1. Հիմնադիրը կարող է ՀՀ ԳԱԱ-ին անժամկետ եւ անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել ցանկացած գույք:
2. Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնել իր կողմից ՀՀ ԳԱԱ-ին ամրացված գույքը:
3. ՀՀ ԳԱԱ-ն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքները օտարել, գրավ դնել, հանձնել անհատույց օգտագործման:
ՀՀ ԳԱԱ-ն իրավունք ունի իրեն ամրացված գույքը հանձնել վարձակալության: Ամրացված գույքի վարձակալության ժամկետը 5 տարուց ավելի չի կարող սահմանվել, բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի:
Ամրացված գույքի օգտագործման արդյունքում ՀՀ ԳԱԱ-ի ստացած եկամուտներն ուղղվում են նրա կանոնադրական խնդիրների իրականացնանը:
ՀՀ ԳԱԱ-ին ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:
4. Հիմնադրի կողմից գույքը ՀՀ ԳԱԱ-ին ամրացնելը հիմք չէ այդ գույքի նկատմամբ հիմնադրի կամ երրորդ անձանց իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:
Հոդված 21. ՀՀ ԳԱԱ-ի ֆինանսական միջոցները
1. ՀՀ ԳԱԱ-ի ֆինանսական միջոցները ձեւավորվում են`
1) ՀՀ ԳԱԱ-ի եւ համակարգի կազմակերպությունների գիտական եւ տնտեսական գործունեությունից, այդ թվում` հանրապետության եւ արտերկրի իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հետ պայմանագրային աշխատանքներից, սեփական մշակումների իրացման հետ կապված գիտաարտադրական գործունեությունից ստացված եկամուտներից.
2) իրավաբանական եւ ֆիզիկական անձանց, այդ թվում արտասահմանյան, նվիրատվություններից, ինչպես նաեւ կտակներից.
3) ՀՀ ԳԱԱ-ի գույքի եւ գույքային իրավունքի օգտագործումից ստացած եկամուտներից.
4) օրենքով չարգելված եւ ՀՀ ԳԱԱ-ի կանոնադրությամբ ամրագրված այլ աղբյուրներից:
2. Ֆինանսավարման լրացուցիչ աղբյուրների ներգրավումը չի կարող հանգեցնել պետական բյուջեից ՀՀ ԳԱԱ-ի ֆինանսավորման չափերի նվազեցմանը:
3. Իր ֆինանսավորման սահմաններում ՀՀ ԳԱԱ-ն եւ իր համակարգի կազմակերպությունները ինքնուրույնաբար են որոշում իրենց աշխատողների թիվը, նրանց վարձատրության կարգը, ինչպես նաեւ հատկացվող գումարների ծախսման հիմնական ուղղությունները, համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ ՀՀ ԳԱԱ-ի կանոնադրության պահանջների:
4. ՀՀ ԳԱԱ-ի համակարգի կազմակերպություններին պետական բյուջեով տրամադրված ֆինանսական միջոցների հատկացումը կատարում է ՀՀ ԳԱԱ-ն:
Հոդված 22. Խոշոր գործարքները
1. Խոշոր են այն գործարքը կամ մի քանի փոխկապակցված գործարքները, որոնք կապված են ՀՀ ԳԱԱ-ի կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն գույք ձեռք բերելու, օտարելու կամ օտարելու հնարավորության հետ, որի արժեքը կազմում է նման գործարքներ կատարելու մասին որոշման ընդունման օրվանը նախորդող եռամսյակում տրված հաշվապահական հաշվետվությամբ ՀՀ ԳԱԱ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի 50 տոկոսից ավելին: Խոշոր չեն այն գործարքները, որոնք կատարվում են ՀՀ ԳԱԱ-ի առօրյա գործունեության ընթացքում եւ համարվում են նրա կանոնադրական խնդիրներից ուղղակիորեն բխող գործառույթ:
2. Խոշոր գործարքը կատարվում է հիմնադրի համաձայնությամբ:
3. ՀՀ ԳԱԱ-ի կողմից սեփականության իրավունքով նրան պատկանող գույքի արժեքի 20-50 տոկոսը կազմող արժեքով ուղղակիորեն կամ անուղղակիորեն գույք ձեռք բերելու, օտարելու կամ օտարելու հնարավորության հետ կապված խոշոր գործարքներ կատարելու մասին որոշման ընդունումը ՀՀ ԳԱԱ-ի կանոնադրությամբ սահմանված կարգով վերապահվում է ՀՀ ԳԱԱ նախագահությանը
4. Սույն հոդվածի պահանջների խախտմամբ կատարված խոշոր գործարքը կարող է դատական կարգով ճանաչվել անվավեր՝ ՀՀ ԳԱԱ-ի հիմնադրի կամ նրա լիազորած պետական մարմնի հայցի հիման վրա:
ԳԼՈՒԽ VI
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 25. ՀՀ ԳԱԱ-ի վերակազմակերպումը եւ լուծարումը
1. ՀՀ ԳԱԱ-ն կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
2. ՀՀ ԳԱԱ-ն դատական կարգով կարող է վերակազմակերպվել օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով:
3. ՀՀ ԳԱԱ-ի լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է՝ առանց իրավունքները եւ պարտականությունները իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
4. ՀՀ ԳԱԱ-ն կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
ՀՀ ԳԱԱ-ն կարող է լուծարվել նաեւ սնանկության հետեւանքով:
5.ՀՀ ԳԱԱ-ն դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով:
Հոդված 25. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ՀՀ կառավարությունը եւ համապատասխան մարմինները պարտավոր են ՀՀ ԳԱԱ-ի կազմակերպման եւ գործունեության կարգը համապատասխանեցնել սույն օրենքին:
3. ՀՀ ԳԱԱ-ին վերաբերող բոլոր իրավական ակտերը համաձայնեցվում են սույն օրենքի հետ:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» եւ «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ
Պետական ոչ առեւտրային կազմակերպություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) գոյության իրավական հիմքերը, կարգավիճակը, նպատակներն ու խնդիրները մինչ այժմ կարգավորվել են «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքով (ընդունված 2000թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ-ի կողմից), համաձայն որի ՀՀ ԳԱԱ-ն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության գիտական բարձրագույն կենտրոնը եւ ՀՀ գիտական քաղաքականության մշակման, իրականացման եւ գիտության կառավարման ոլորտում ունի հատուկ կարգավիճակ եւ պետության հետ ունեցած հարաբերություններում անմիջականորեն առնչվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ:
Սակայն, հետագայում այդ գործառույթները, այն է` ՀՀ ԳԱԱ-ի եւ իր համակարգի գիտական կազմակերպությունների իրավական կարգավիճակը, նորամուծական (ինովացիոն) գործունեության եւ գիտական արդյունքների առեւտրայնացման հետ կապված ժամանակակից պահանջների իրականացումը ակամա հակասության մեջ են հայտնվել պետական ոչ առեւտրական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենսդրական դաշտի որոշակի դրույթների հետ:
Այս հակասությունները վերացնելու, ինչպե «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» եւ «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների ներկայացվող նախագծերը, որոնցով հստակեցված են ՀՀ ԳԱԱ-ի իրավական կարգավիճակի առանձնահատկությունները եւ դրանից բխող նպատակները եւ խնդիրները:
«Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքը երաշխավորում է ՀՀ ԳԱԱ-ի գործունեությունը ուղղված հիմնարար եւ կիրառական գիտության զարգացմանը, որպես գիտատեխնիկական առաջնթացի, հանրապետության տնտեսական, սոցիալական եւ մշակույթային զարգացման հիմքի, Հայաստանի Հանրապետության գիտական ներուժի պահպանմանը եւ հետագա զարգացմանը: Սահմանում է ՀՀ ԳԱԱ-ի համակարգի կառուցվածքը: Կարգավորում է ՀՀ ԳԱԱ-ի համակարգի գիտական կազմակերպությունների եւ այլ իրավաբանական անձանց գործունեության ոլորտները: Ներկայացնում է ՀՀ ԳԱԱ-ի ֆինանսավորման եւ գույքային առանձնահատկությունները: Սահմանում է պետական մարմինների, գիտական, գիտատեխնիկական եւ նորամուծական (ինովացիոն) գործունեության սուբեկտների եւ մասնակիցների հետ նրա փոխհարաբերությունները: