Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-910-20.05.2010-ԳԿ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ  I . ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կազմակերպման եւ գործունեության իրավական հիմքերը, դրանց երաշխիքները, պետական մարմինների, գիտական, գիտատեխնիկական եւ ինովացիոն գործունեության սուբեկտների եւ մասնակիցների հետ նրա փոխհարաբերության հիմնական սկզբունքները եւ ուղղված է Հայաստանի Հանրապետության գիտական ներուժի պահպանմանը, հիմնարար ու կիրառական գիտության զարգացմանը` որպես գիտատեխնիկական առաջընթացի, հանրապետության տնտեսական, սոցիալական եւ մշակութային զարգացման հիմքի:

Հոդված 2. ՀՀ Գիտությունների ագային ակադեմիայի կարգավիճակը

1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրված` հատուկ կարգավիճակ ունեցող, ինքնակառավարվող բարձրագույն գիտական կազմակերպություն է, որը կազմակերպում, իրականացնում եւ համակարգում է գիտելիքի վրա հիմնված` տնտեսական, սոցիալական եւ մշակութային զարգացման համար անհրաժեշտ հիմնարար եւ կիրառական հետազոտությունները:

2. ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան իրավաբանական անձ հանդիսացող ոչ առեւտրային կազմակերպություն է, որի կազմակերպական իրավական ձեւի եւ կարգավիճակի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:

3. ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան գործում է սույն օրենքի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, ինչպես նաեւ իր կանոնադրության հիման վրա:

4. ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի լրիվ անվանումն է «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» (այսուհետեւ` ՀՀ ԳԱԱ):

5. ՀՀ ԳԱԱ-ն իրեն վերապահված խնդիրների լուծման համար կատարում է պետական կառավարման մարմնի առանձին գործառույթներ, լիազորված է իրականացնել իր համակարգի գիտական կազմակերպությունների, իրավաբանական անձանց եւ հիմնարկների ընդհանուր ղեկավարումը, ապահովելով նրանց բնականոն  գործունեությունը: ՀՀ ԳԱԱ-ի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով եւ ՀՀ ԳԱԱ-ի կանոնադրությամբ:

6. ՀՀ ԳԱԱ-ն ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող գույք եւ իր անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

7. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ձեւավորման ժամանակ ՀՀ ԳԱԱ-ի եւ իր համակարգի բազային ֆինանսավորման չափը, կառավարման մարմնի կողմից ֆինանսների նախարարություն ներկայացվող ֆինանսական փաստաթղթերում նշվում է առանձին տողով, իսկ պետական բյուջեից ՀՀ ԳԱԱ-ի ֆինանսավորումը` գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ), նպատակային-ծրագրային ձեւերով իրականացվում է ՀՀ ԳԱԱ-ի համար կառավարության կողմից հաստատված  կարգի:

8. ՀՀ ԳԱԱ-ն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

9. ՀՀ ԳԱԱ-ն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով եւ իր հայերեն, ռուսերեն եւ անգլերեն անվանմամբ կլոր կնիք, կարող է ունենալ իր անվանմամբ ձեւաթղթեր, խորհրդանիշ եւ անհատականացման այլ միջոցներ:

10. ՀՀ ԳԱԱ հաստիքացուցակը հաստատում է ՀՀ ԳԱԱ նախագահությունը:

Հոդված 3. ՀՀ ԳԱԱ-ի կարգավիճակի առանձնահատկությունները

ՀՀ ԳԱԱ-ի հատուկ կարգավիճակի առանձնահատկություններն են`

1) ՀՀ ԳԱԱ-ն անմիջականորեն ենթարկվում է կառավարությանը.

2) ՀՀ ԳԱԱ-ի նախագահը մասնակցում է կառավարության նիստերին.

3) ՀՀ ԳԱԱ-ն գիտական գործունեության գծով կառավարության պաշտոնական խորհրդատուն է, որի առաջարկները պարտադիր կարգով քննարկում են կառավարությունը եւ պետական կառավարման  համապատասխան մարմինները:

4) ՀՀ ԳԱԱ-ն կառավարության կողմից սահմանված կարգով իրականացնում է գիտության բնագավառում նորմատիվ իրավական ակկտերի փորձաքննություն:

Հոդված 4. ՀՀ ԳԱԱ-ի եւ հիմնադրի պատասխանատվությունը

1. ՀՀ ԳԱԱ-ն իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով  իրեն պատկանող գույքով:

2. ՀՀ ԳԱԱ-ն պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների համար:

3. Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում ՀՀ ԳԱԱ-ի պարտավորությունների համար:

Հոդված 5. ՀՀ ԳԱԱ-ի ստեղծումը եւ պետական գրանցումը

1. ՀՀ ԳԱԱ-ի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս կառավարության:

2. Հիմնադրի որոշմամբ սահմանվում են ՀՀ ԳԱԱ-ի անվանումը, նրա գործունեության առարկան եւ նպատակները, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակները, նրան սեփականության իրավունքով հանձնվող եւ (կամ) ամրացվող գույքի կազմն ու արժեքը, ինչպես նաեւ օրենքին չհակասող այլ դրույթներ:

3. ՀՀ ԳԱԱ-ն ենթակա է պետական գրանցման` օրենքով սահմանված կարգով:

Հոդված 6. ՀՀ ԳԱԱ-ի հիմնադրի բացառիկ լիազորությունները

Հիմնադրի բացառիկ լիազորություններն են`

ա) ՀՀ ԳԱԱ-ի հիմնադրումը.

բ) ՀՀ ԳԱԱ-ի կանոնադրության հաստատումը եւ դրանում լրացումներ եւ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կանոնադրության նոր խմբագրությամբ հաստատելը.

գ) ՀՀ ԳԱԱ-ի կառավարման համակարգի սահմանումը.

դ) ՀՀ ԳԱԱ-ի վերակազմակերպումը եւ լուծարումը.

ե) սույն օրենքով եւ ՀՀ ԳԱԱ-ի կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:

Հոդված 7. ՀՀ ԳԱԱ-ի կանոնադրությունը

1. ՀՀ ԳԱԱ-ի հիմնադիր փաստաթուղթը կանոնադրությունն է, որը ընդունում է ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովը եւ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: ՀՀ ԳԱԱ-ի կանոնադրության մեջ փոփոխությունները եւ լրացումները կատարվում են նույն կարգով:

2. ՀՀ ԳԱԱ-ի կանոնադրությունը պետք է ներառի`

1) ՀՀ ԳԱԱ-ի անվանումը.

2) ՀՀ ԳԱԱ նախագահության գտնվելու վայրը.

3) ՀՀ ԳԱԱ-ի գործունեության առարկան եւ նպատակները, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակները.

4) ՀՀ ԳԱԱ-ի կառավարման մարմինները, դրանց կազմը եւ լիազորությունները.

5) ՀՀ ԳԱԱ-ի սեփականության ձեւավորման, տիրապետման, օգտագործման եւ տնօրինման կարգը.

6) ՀՀ ԳԱԱ-ի շահույթի օգտագործման կարգը.

Հոդված 8. ՀՀ ԳԱԱ խնդիրները եւ գործունեության հիմնական ուղղությունները

ՀՀ ԳԱԱ խնդիրներն են`

1. Հայաստանի տնտեսական, սոցիալական եւ պետաիրավական զարգացման, մշակույթի, բնության ռացիոնալ (բանական) օգտագործման եւ պահպանության գիտական ապահովումը.

2. Հայագիտական, ֆիզիկա-մաթեմատիկական, բնական, տեխնիկական, հումանիտար եւ սոցիալական գիտությունների կարեւորագույն ուղղություններով հիմնարար եւ կիրառական գիտական հետազոտությունների եւ մշակումների կազմակերպումը եւ համակարգումը.

3. լիազորված պետական մարմինների հետ Հանրապետության հիմնարար եւ կիրառական գիտական հետազոտությունների գերակա ուղղությունների ցանկերի որոշումը եւ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատման համար ներկայացումը.

4. գիտատեխնիկական առաջընթացի սկզբունքորեն նոր ուղիների բացահայտումը, մասնակցությունը հայրենական եւ համաշխարհային գիտության նվաճումների գործնական կիրառման առաջարկությունների մշակմանը.

5. Հանրապետության գիտական կազմակերպություններում եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում կատարվող հիմնարար հետազոտությունների համակարգումը.

6. գիտական դպրոցների զարգացման, բարձր որակավորման գիտական աշխատողների պատրաստման, գիտնականների եւ մասնագետների որակավորման բարձրացման համար, այդ թվում արտասահմանյան գիտական կենտրոններում, պայմանների ստեղծումը,

7. գիտատեխնիկական տեղեկատվական համակարգի զարգացման ապահովումը.

8. Միջազգային գիտական համագործակցության զարգացման համար պայմանների ստեղծում:

ՀՀ ԳԱԱ գործունեության հիմնական ուղղություններն են`

1. գիտատեխնիկական ոլորտում առկա վիճակի վերլուծության անցկացումը եւ հետագա զարգացման միտումների վերաբերյալ կանխատեսումների մշակումը.

2. հայագիտական, ֆիզիկա-մաթեմատիկական, բնական, տեխնիկական, հումանիտար եւ սոցիալական գիտությունների հիմնախնդիրների գծով գիտական եւ գիտատեխնիկական խորհուրդների, հանձնաժողովների ստեղծումը.

3. օրենսդրության կատարելագործման վերաբերյալ սահմանված կարգով սեփական առաջարկությունների ներկայացումը.

4. ՀՀ ԳԱԱ համակարգի գիտական կազմակերպությունների եւ այլ կառուցվածքային օղակների գործունեության հիմնական ուղղությունների սահմանումը.

5. բարձր որակավորման գիտական եւ գիտամանկավարժական (այդ թվում մագիստրական) կադրերի պատրաստումը.  պետական լիազորված մարմնի կողմից սահանված կարգով կառավարություն ներկայացվող գիտության հետ առնչվեղ փաստաթղթերի նախագծերի, գիտական, գիտատեխնիկական եւ տնտեսական ծրագրերի, ինովացիոն նախագծերի գիտական փորձաքննության անցկացումը.

6. ՀՀ ԳԱԱ-ի գիտատեխնիկական ներուժի զարգացման, նյութատեխնիկական բազայի ամրապնդման, գիտատար եւ բարձր տեխնոլոգիական գիտատեխնիկական արտադրանքի փորձնական արտադրության կազմակերպման ապահովումը, ինչպես նաեւ հետազոտման նոր միջոցների եւ մեթոդների ստեղծումը եւ տարածումը.

7. ՀՀ ԳԱԱ-ի համակարգի գիտական կազմակերպությունների եւ այլ կառուցվածքային օղակների զարգացմանն ուղղված կապիտալ ներդրումային ծրագրերի նախագծերի մշակումը եւ սահմանված կարգով ներկայացումը.

8. միջազգային գիտական եւ գիտատեխնիկական համագործակցության իրականացումը, արտասահմանյան երկրների գիտությունների ակադեմիաների եւ գիտական այլ կազմակերպությունների հետ փոխշահավետ կապերի զարգացումը, միջպետական գիտական եւ գիտատեխնիկական ծրագրերի եւ նախագծերի կատարումը, մասնակցությունը միջազգային գիտական եւ գիտատեխնիկական կազմակերպությունների եւ ասոցիացիաների գործունեությանը.

9. ՀՀ ԳԱԱ-ի համակարգի գիտական կազմակերպություններում իրականացվող հիմնարար եւ կիրառական հետազոտություններում օտարերկրյա, այդ թվում սփյուռքահայ, գիտական ներուժի մասնակցության ապահովումը.

10. կրթական համակարգի գիտական մակարդակի բարձրացմանը, բարձրագույն կրթությունն ապահովող հաստատությունների պրո?ֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացմանը, կրթական ծրագրերի եւ ձեռնարկների ստեղծմանն աջակցելը.

11. գիտելիքների քարոզչությունը եւ տարածումը եւ հրատարակչական գործունեությունը.

12. ՀՀ ԳԱԱ-ի համակարգում, ինչպես նաեւ օրենքի սահմաններում համատեղ գիտական, գիտակրթական եւ գիտաարտադրական կենտրոնների ստեղծումը.

13. գիտատեխնիկական տեղեկատվության սեփական ռեսուրսների ստեղծումն ու զարգացումը, այդ թվում տարածումը հայրենական եւ միջազգային տեղեկատվական համակարգչային ցանցերում.

14. գիտական նստաշրջանների, գիտաժողովների, գիտական դպրոցների, սեմինարների եւ խորհրդակցությունների անցկացումը, ինչպես նաեւ մասնակցությունը այդպիսի միջոցառումներին:

Հոդված 9. ՀՀ ԳԱԱ-ի իրավունքերը եւ պարտականությունները իր համակարգի կազմակերպությունների նկատմամբ

1. ՀՀ ԳԱԱ-ն իր կառավարման մարմինների միջոցով իրականացնում է իր կազմում գտնվող կազմակերպությունների ընդհանուր կառավարումը, ապահովում է նրանց բնականոն գործունեությունը եւ պատասխանատու է դրանց չկատարման կամ անպատշաճ իրականացման համար:

2. ՀՀ ԳԱԱ-ն`

1) կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է նրա կառավարման մարմինների ձեւավորումը եւ նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.

2) իրականացնում է կազմակերպության գործունեության վերահսկողությունը.

3) լսում է կազմակերպության գործունեության մասին հաշվետվություններ, քննում է դրանց գործունեության վերստուգման արդյունքները.

4) վերահսկողություն է իրականացնում կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման եւ պահպանության նկատմամբ.

5) հաստատում է կազմակերպության տարեկան հաշվետվությունները եւ տարեկան հաշվեկշիռը, եթե կազմակերպությունը չունի կոլեգիալ կառավարման մարմին.

6) իրականացնում է սույն օրենքով, հիմնադրի որոշումներով եւ կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

ԳԼՈՒԽ II. ՀՀ ԳԱԱ-Ի ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ԿԱԶՄԸ

Հոդված 10 -ի. ՀՀ ԳԱԱ-ի համակարգը

1.  ՀՀ ԳԱԱ-ն իր կազմում  միավորում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներին (իսկական անդամներին), թղթակից անդամներին, ՀՀ ԳԱԱ պատվավոր եւ արտասահմանյան անդամներին, ինչպես նաեւ ՀՀ ԳԱԱ-ի բաժանմունքները, ՀՀ ԳԱԱ-ի աշխատակազմը եւ ՀՀ ԳԱԱ-ի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հիմնադրված կազմակերպությունները:

2. ՀՀ ԳԱԱ-ի համակարգի մեջ մտնող պետական կազմակերպությունների ցանկը հաստատում է ՀՀ կառավարությունը` ՀՀ ԳԱԱ-ի կանոնադրությանը կից հավելվածի տեսքով:

Հոդված 11. ՀՀ ԳԱԱ անդամները

1. ՀՀ ԳԱԱ-ն  շնորհում է հետեւյալ բարձրագույն ակադեմիական գիտական աստիճանները (գիտական տիտղոսները)` ՀՀ ԳԱԱ-ի  ակադեմիկոս (կամ ՀՀ ԳԱԱ-ի իսկական անդամ), ՀՀ ԳԱԱ-ի թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ-ի պատվավոր անդամ, ՀՀ ԳԱԱ-ի արտասահմանյան անդամ, ՀՀ ԳԱԱ-ի պատվավոր դոկտոր: ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիական գիտական տիտղոսները շնորհվում են ցմահ:

2. ՀՀ ԳԱԱ-ի գիտական տիտղոսները ամրագրվում են դիպլոմներով:

ՀՀ ԳԱԱ գիտական տիտղոսների շնորհումն իրականացվում է ՀՀ ԳԱԱ կանոնադրության համաձայն անցկացվող ընտրությունների արդյունքներով: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներին եւ թղթակից անդամներին տրամադրվում է ցմահ պատվովճար, որի չափը սահմանում է ՀՀ կառավարությունը: Պատվովճար տրամադրվում է ՀՀ ԳԱԱ-ի այն անդամներին, որոնք ապրում եւ աշխատում են Հայաստանի Հանրապետությունում, կամ ծառայողական գործուղման են մեկնել արտասահման մինչեւ երեք ամիս ժամանակով:

3. ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսների, թղթակից անդամների, պատվավոր, արտասահմանյան անդամների եւ պատվավոր դոկտորների ընտրությունների կարգը, նրանց իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են ՀՀ ԳԱԱ-ի կանոնադրությամբ:

4. ՀՀ ԳԱԱ-ի իսկական եւ թղթակից անդամների առավելագույն թիվը եւ մասնագիտությունները սահամանում է ՀՀ կառավարությունը` ՀՀ ԳԱԱ-ի նախագահության առաջարկությամբ: ՀՀ ԳԱԱ-ի իսկական եւ թղթակից անդամների ընտրությունները անցկացվում են ոչ ուշ քան 3 տարին մեկ անգամ:

6.Ակադեմիկոսի եւ թղթակից անդամի գիտական տիտղոսներ  շնորհում է միայն ՀՀ ԳԱԱ-ն:

Հոդված 12. ՀՀ ԳԱԱ-ի գիտական, գիտատեխնոլոգիական  կազմակերպությունները

1. ՀՀ ԳԱԱ-ի համակարգում գործում են գիտական, գիտատեխնոլոգիական կազմակերպություններ:

2. ՀՀ ԳԱԱ-ի գիտական եւ գիտատեխնոլոգիական կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրված պետական ոչ առեւտրային կազմակերպություններ են, որոնց կառավարումը լիազորված է իրականացնել ՀՀ ԳԱԱ-ն:

3. ՀՀ ԳԱԱ-ի գիտական եւ գիտատեխնոլոգիական կազմակերպությունների ստեղծումն ու կառավարումը իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ, ՀՀ ԳԱԱ-ի կանոնադրությամբ, ինչպես նաեւ այդ կազմակերպությունների կանոնադրություններով սահմանված կարգով:

4. ՀՀ ԳԱԱ-ի համակարգի գիտական կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով եւ սույն օրենքով սահմանված կարգով կարող են զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ՝ այդ նպատակների համար օգտագործելով պետական առաջադրանքի կատարման մեջ չներգրավված տարածքները, սարքավորումները եւ այլ գույք:

5. ՀՀ ԳԱԱ-ի կողմից օտարերկրյա պետություններում գիտական կազմակերպությունների ստեղծումն իրականացվում է հիմնադիրի որոշմամբ` տվյալ երկրի օրենսդրությանը համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

Հոդված 13. ՀՀ ԳԱԱ-ի բաժանմունքները

1. Գիտության միեւնույն բնագավառում գործող ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսները, թղթակից  եւ արտասահմանյան անդամները, գիտաշխատողները եւ գիտական կազմակերպությունները միավորվում են ՀՀ ԳԱԱ-ի բաժանմունքներում:

2. ՀՀ ԳԱԱ-ի բաժանմունքների գիտական գործունեության հիմնական ուղղությունները սահմանվում են ՀՀ ԳԱԱ-ի կանոնադրությամբ:

3. ՀՀ ԳԱԱ-ի բաժանմունքը պատասխանատվություն է կրում տվյալ բնագավառում կատարվող աշխատանքների կազմակերպան, գիտական ծրագրերի պատրաստման եւ կատարված աշխատանքների որակի համար:

4. ՀՀ ԳԱԱ-ի բաժանմունքը ղեկավարում է բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարը, որի ընտրության կարգը սահմանվում է ՀՀ ԳԱԱ-ի կանոնադրությամբ:

Հոդված 14. ՀՀ ԳԱԱ-ի աշխատակազմը

1. ՀՀ ԳԱԱ-ի աշխատակազմը ստեղծվում է ՀՀ ԳԱԱ-ի կառավարման մարմիններին վերապահված լիազորությունների լիարժեք եւ արդյունավետ իրականացման եւ ապահովման նպատակով:

2. ՀՀ ԳԱԱ աշխատակազմի կառուցվածքը եւ իրավասությունները որոշվում են ՀՀ ԳԱԱ-ի նախագահության հաստատած կանոնակարգով:

ԳԼՈՒԽ III. ՀՀ ԳԱԱ-Ի ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հոդված 15.  ԳԱԱ կառավարման մարմինները

1. ՀՀ ԳԱԱ կառավարման մարմիններն են` ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովը. ՀՀ ԳԱԱ նախագահությունը եւ ՀՀ ԳԱԱ-ի նախագահը:

2. ՀՀ ԳԱԱ-ի կառավարման կարգը, սահմանվում է սույն օրենքով, ՀՀ ԳԱԱ-ի կանոնադրությամբ:

Հոդված 16. ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովը

1. ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովը ՀՀ ԳԱԱ-ի կոլեգիալ կառավարման բարձրագույն մարմինն է, որի լիազորությունները սահմանվում են ՀՀ ԳԱԱ-ի կանոնադրությամբ:

2. ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովում ընդգրկվում են` ՀՀ ԳԱԱ-ի նախագահը, ՀՀ ԳԱԱ-ի նախագահության անդամները,  ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսները եւ թղթակից անդամները, ՀՀ ԳԱԱ-ի գիտական կազմակերպությունների ներկայացուցիչները:

3. ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովում գիտական կազմակերպությունների ներկայացուցիչների թիվը, ընտրության կարգը եւ ընդհանուր ժողովի աշխատանքներին նրանց մասնակցության առանձնահատկությունները սահմանվում են ՀՀ ԳԱԱ-ի կանոնադրությամբ:

4.  ՀՀ ԳԱԱ պատվավոր եւ արտասահմանյան անդամները կարող են մասնակցել ընդհանուր ժողովի աշխատանքներին` առանց ընտրելու եւ ընտրվելու իրավունքի:

Հոդված 17. ՀՀ ԳԱԱ-ի նախագահը

1. ՀՀ ԳԱԱ-ի նախագահը ղեկավարում է ՀՀ ԳԱԱ գործունեությունը` իր իրավասության սահմաններում եւ ՀՀ ԳԱԱ-ի կանոնադրությանը համապատասխան: Նա ապահովում է ՀՀ ԳԱԱ-ի բնականոն գործունեությունը:

2. ՀՀ ԳԱԱ-ի նախագահի լիազորությունները որոշվում են ՀՀ ԳԱԱ-ի կանոնադրությամբ:

4. ՀՀ ԳԱԱ-ի նախագահը համաձայն ՀՀ օրենսդրության եւ ՀՀ ԳԱԱ-ի կանոնադրության տնօրինում է ՀՀ ԳԱԱ-ի ունեցվածքը, այդ թվում եւ ֆինանսական միջոցները:

5. ՀՀ ԳԱԱ-ի նախագահը ընտրվում է ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովի կողմից, ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսների թվից փակ գաղտնի քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ 5 տարի ժամանակավ,  ոչ ավել քան երկու անգամ անընդմեջ:

Հոդված 18. ՀՀ ԳԱԱ-ի նախագահությունը

1. ՀՀ ԳԱԱ-ի նախագահությունը իրականացնում է ՀՀ ԳԱԱ-ի ընթացիկ կառավարումը եւ հաշվետու է ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովին: ՀՀ ԳԱԱ նախագահության լիազորությունները որոշվում են ՀՀ ԳԱԱ-ի կանոնադրությամբ:

2. ՀՀ ԳԱԱ-ի նախագահությունը գլխավորում է ՀՀ ԳԱԱ-ի նախագահը:

3. ՀՀ ԳԱԱ-ի փոխնախագահը եւ ակադեմիկոս քարտուղարը ընտրվում են ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսների եւ թղթակից անդամների թվից ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովի կողմից փակ գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժակետով, ձայների պարզ մեծամասնությամբ:

4. ՀՀ ԳԱԱ-ի նախագահությունը կազմված է ի պաշտոնե եւ ընտրովի անդամներից: Ի պաշտոնե ՀՀ ԳԱԱ-ի նախագահության անդամ են ՀՀ ԳԱԱ-ի նախագահը, փոխնախագահը, ակադեմիկոս քարտուղարը:  ՀՀ ԳԱԱ բաժանմունքների ակադեմիկոս քարտուղարները, ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովում այդ պաշտոնում հաստատվելուց եւ ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ ընտրվելուց հետո:

ՀՀ ԳԱԱ-ի նախագահության մնացած բոլոր անդամները, ՀՀ ԳԱԱ-ի նախագահի ներկայացմամբ ընտրվում են ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովում ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսներից եւ թղթակից անդամներից` 5 տարի ժամկետով` փակ (գաղտնի) քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ ՀՀ ԳԱԱ-ի կանոնադրությամբ սահամանված կարգով:

5. Բուհերի, տնտեսության ճյուղերի, ինչպես նաեւ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչները կարող են հրավիրվել մասնակցելու ՀՀ ԳԱԱ-ի նախագահության նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով:

6. ՀՀ ԳԱԱ հաստիքացուցակը հաստատում է ՀՀ ԳԱԱ նախագահությունը:

ԳԼՈՒԽ  IV. ՀՀ ԳԱԱ-Ի ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍՆԵՐԸ

Հոդված 19. ՀՀ ԳԱԱ-ի գույքի կազմը

1. ՀՀ ԳԱԱ-ին պատկանող գույքը բաղկացած է նրա սեփականությունը հանդիսացող գույքից եւ գիտական գործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նրան անժամկետ, անհատույց օգտագործման համար ամրացված գույքից:
 

2. ՀՀ ԳԱԱ-ին ամրագրված գույքի, այդ թվում եւ բյուջետային միջոցների, ինչպես նաեւ սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի օգտագործման, տիրապետման եւ տնօրինման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

3. ՀՀ ԳԱԱ-ն առանց հիմնդրի որոշման չի կարող օտարել պետության կողմից անհատույց, անժամկետ օգտագործման համար իրեն տրամադրված գույքը:

Հոդված 20. ՀՀ ԳԱԱ-ի սեփականությունը

1. ՀՀ ԳԱԱ-ի սեփականությունը ձեւավորվում է նրա հիմնադրման ժամանակ եւ հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաեւ գործունեության ընթացքում ստեղծված եւ ձեռք բերված գույքից:

2. ՀՀ ԳԱԱ-ին սեփականության իրավունքով պատկանող շարժական եւ անշարժ գույքի նկատմամբ հիմնադիրը չունի իրավունքներ, բացառությամբ լուծարումից հետո մնացած գույքի:

3. ՀՀ ԳԱԱ-ի սեփականության պահպանման պարտավորությունը կրում է ՀՀ ԳԱԱ-ն:

Հոդված 21. ՀՀ ԳԱԱ-ին ամրացված գույքը

1. Հիմնադիրը կարող է ՀՀ ԳԱԱ-ին անժամկետ եւ անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել ցանկացած գույք:

2. Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնել իր կողմից ՀՀ ԳԱԱ-ին ամրացված գույքը:

3. ՀՀ ԳԱԱ-ն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքները օտարել, գրավ դնել, հանձնել անհատույց օգտագործման:

ՀՀ ԳԱԱ-ն իրավունք ունի իրեն ամրացված գույքը հանձնել վարձակալության: Ամրացված գույքի վարձակալության ժամկետը 5 տարուց ավելի չի կարող սահմանվել, բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի:

Ամրացված գույքի օգտագործման արդյունքում ՀՀ ԳԱԱ-ի ստացած եկամուտներն ուղղվում են նրա կանոնադրական խնդիրների իրականացմանը:

ՀՀ ԳԱԱ-ին ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:

4. Հիմնադրի կողմից գույքը ՀՀ ԳԱԱ-ին ամրացնելը հիմք չէ այդ գույքի նկատմամբ հիմնադրի կամ երրորդ անձանց իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:

Հոդված 22. ՀՀ ԳԱԱ-ի ֆինանսական միջոցները

1. ՀՀ ԳԱԱ-ի ֆինանսական միջոցները ձեւավորվում են`

1) ՀՀ ԳԱԱ-ի եւ համակարգի կազմակերպությունների գիտական եւ տնտեսական գործունեությունից, այդ թվում` հանրապետության եւ արտերկրի իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հետ պայմանագրային աշխատանքներից, սեփական մշակումների իրացման հետ կապված գիտաարտադրական գործունեությունից  ստացված եկամուտներից.

2) իրավաբանական եւ ֆիզիկական անձանց, այդ թվում արտասահմանյան, նվիրատվություններից, դրամաշնորհներից, ինչպես նաեւ կտակներից.

3) ՀՀ ԳԱԱ-ի գույքի եւ գույքային իրավունքի օգտագործումից ստացած եկամուտներից.

4) օրենքով չարգելված եւ ՀՀ ԳԱԱ-ի կանոնադրությամբ ամրագրված այլ աղբյուրներից:

2. Ֆինանսավարման լրացուցիչ աղբյուրների ներգրավումը չի կարող հանգեցնել պետական բյուջեից ՀՀ ԳԱԱ-ի ֆինանսավորման չափերի նվազեցմանը:

3. Իր ֆինանսավորման սահմաններում ՀՀ ԳԱԱ-ն եւ իր համակարգի կազմակերպությունները ինքնուրույնաբար են որոշում իրենց աշխատողների թիվը, նրանց վարձատրության կարգը, ինչպես նաեւ հատկացվող գումարների ծախսման հիմնական ուղղությունները, համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ ՀՀ ԳԱԱ-ի կանոնադրության պահանջների:

4. ՀՀ ԳԱԱ-ի համակարգի կազմակերպություններին պետական բյուջեով տրամադրված ֆինանսական միջոցների հատկացումը կատարում է ՀՀ ԳԱԱ-ն:

Հոդված 23. Խոշոր գործարքները

1. Խոշոր են այն գործարքը կամ մի քանի փոխկապակցված գործարքները, որոնք կապված են ՀՀ ԳԱԱ-ի կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն գույք ձեռք բերելու, օտարելու կամ օտարելու հնարավորության հետ, որի արժեքը կազմում է նման գործարքներ կատարելու մասին որոշման ընդունման օրվանը նախորդող եռամսյակում տրված հաշվապահական հաշվետվությամբ ՀՀ ԳԱԱ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի 50 տոկոսից ավելին: Խոշոր չեն այն գործարքները, որոնք կատարվում են ՀՀ ԳԱԱ-ի առօրյա գործունեության ընթացքում եւ համարվում են նրա կանոնադրական խնդիրներից ուղղակիորեն բխող գործառույթներ:

2. Խոշոր գործարքը կատարվում է հիմնադրի համաձայնությամբ:

3. ՀՀ ԳԱԱ-ի կողմից սեփականության իրավունքով նրան պատկանող գույքի արժեքի 20-50 տոկոսը կազմող արժեքով ուղղակիորեն կամ անուղղակիորեն գույք ձեռք բերելու, օտարելու կամ օտարելու հնարավորության հետ կապված խոշոր գործարքներ կատարելու մասին որոշման ընդունումը ՀՀ ԳԱԱ-ի կանոնադրությամբ սահմանված կարգով վերապահվում է ՀՀ ԳԱԱ նախագահությունը:

4. Սույն հոդվածի պահանջների խախտմամբ կատարված խոշոր գործարքը կարող է դատական կարգով ճանաչվել անվավեր` ՀՀ ԳԱԱ-ի հիմնադրի կամ նրա լիազորած պետական մարմնի հայցի հիման վրա:

ԳԼՈՒԽ V

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 24. ՀՀ ԳԱԱ-ի վերակազմակերպումը եւ լուծարումը

1. ՀՀ ԳԱԱ-ն կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

2. ՀՀ ԳԱԱ-ն դատական կարգով կարող է վերակազմակերպվել օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով:

3. ՀՀ ԳԱԱ-ի լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է` առանց իրավունքները եւ պարտականությունները իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

4. ՀՀ ԳԱԱ-ն կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

ՀՀ ԳԱԱ-ն կարող է լուծարվել նաեւ սնանկության հետեւանքով:

Հոդված 25. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներրորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից, ՀՀ օրենքների եւ օրենսդրական ակտերի մեջ, ՀՀ ԳԱԱ-ին վերաբերող հոդվածներում, պետք է առաջնորդվել «ՀՀ ԳԱԱ-ի մասին» օրենքի դրույթներով: