Հոդված 1. «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-119 օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան ոչ առեւտրային իրավաբանական անձ է, որի կազմակերպական իրավական ձեւի, կարգավիճակի եւ գործունեության առանձնահատկությունները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենքով»:
Հոդված 2 . Օրենքի 9-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» եւ «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ
Պետական ոչ առեւտրային կազմակերպություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) գոյության իրավական հիմքերը, կարգավիճակը, նպատակներն ու խնդիրները մինչ այժմ կարգավորվել են «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքով (ընդունված 2000թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ-ի կողմից), համաձայն որի ՀՀ ԳԱԱ-ն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության գիտական բարձրագույն կենտրոնը եւ ՀՀ գիտական քաղաքականության մշակման, իրականացման եւ գիտության կառավարման ոլորտում ունի հատուկ կարգավիճակ եւ պետության հետ ունեցած հարաբերություններում անմիջականորեն առնչվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ:
Սակայն, հետագայում այդ գործառույթները, այն է` ՀՀ ԳԱԱ-ի եւ իր համակարգի գիտական կազմակերպությունների իրավական կարգավիճակը, նորամուծական (ինովացիոն) գործունեության եւ գիտական արդյունքների առեւտրայնացման հետ կապված ժամանակակից պահանջների իրականացումը ակամա հակասության մեջ են հայտնվել պետական ոչ առեւտրական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենսդրական դաշտի որոշակի դրույթների հետ:
Այս հակասությունները վերացնելու, ինչպե «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» եւ «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների ներկայացվող նախագծերը, որոնցով հստակեցված են ՀՀ ԳԱԱ-ի իրավական կարգավիճակի առանձնահատկությունները եւ դրանից բխող նպատակները եւ խնդիրները:
«Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքը երաշխավորում է ՀՀ ԳԱԱ-ի գործունեությունը ուղղված հիմնարար եւ կիրառական գիտության զարգացմանը, որպես գիտատեխնիկական առաջնթացի, հանրապետության տնտեսական, սոցիալական եւ մշակույթային զարգացման հիմքի, Հայաստանի Հանրապետության գիտական ներուժի պահպանմանը եւ հետագա զարգացմանը: Սահմանում է ՀՀ ԳԱԱ-ի համակարգի կառուցվածքը: Կարգավորում է ՀՀ ԳԱԱ-ի համակարգի գիտական կազմակերպությունների եւ այլ իրավաբանական անձանց գործունեության ոլորտները: Ներկայացնում է ՀՀ ԳԱԱ-ի ֆինանսավորման եւ գույքային առանձնահատկությունները: Սահմանում է պետական մարմինների, գիտական, գիտատեխնիկական եւ նորամուծական (ինովացիոն) գործունեության սուբեկտների եւ մասնակիցների հետ նրա փոխհարաբերությունները: