Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-172-26.11.2003-ՊԻ,ՍԱ-010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
 

ԲԱԺԻՆ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ԳԼՈՒԽ 1. ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ

Հոդված 1. Ընտանեկան հարաբերությունները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, ինչպես նաեւ իրավական այլ ակտերով:

Հոդված 2. Ընտանեկան օրենսդրությամբ կարգավորվող հարաբերությունները

Ընտանեկան օրենսդրությունը սահմանում է ամուսնանալու, ամուսնության դադարման եւ այն անվավեր ճանաչելու պայմաններն ու կարգը, կարգավորում է անձնական ոչ գույքային եւ գույքային հարաբերությունները ընտանիքի անդամների` ամուսինների, ծնողների եւ զավակների /որդեգրողների ու որդեգրվածների/, իսկ ընտանեկան օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ու սահմաններում` մյուս ազգականների եւ այլ անձանց միջեւ, ինչպես նաեւ որոշում է առանց ծնողների խնամքի մնացած երեխաներին ընտանիքում տեղավորելու ձեւերն ու կարգը:

Հոդված 3. Ամուսնական եւ ընտանեկան հարաբերությունների իրավական կարգավորումը պետության կողմից

Հայաստանի Հանրապետությունում ամուսնական եւ ընտանեկան հարաբերությունների իրավական կարգավորումն իրականացնում է միայն պետությունը:

Ճանաչվում է միայն ՔԿԱԳ պետական մարմիններում գրանցված ամուսնությունը:

Ամուսնության կրոնական ծեսը, ինչպես նաեւ կրոնական մյուս ծեսերը իրավական նշանակություն չունեն եւ համարվում են քաղաքացիների մասնավոր գործը:

Հայրենադարձների` նախքան Հայաստանի Հանրապետություն վերադառնալը արտասահմանում կրոնական ծիսակատարություններով կամ նրանց ապրած վայրի օրենքներով կատարած ամուսնությունները Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում են վավերական:

Հոդված 4. Ընտանեկան օրենսդրության հիմնական սկզբունքները

1. Ընտանիքը, մայրությունը, հայրությունը եւ մանկությունը Հայաստանի Հանրապետությունում գտնվում են հասարակության եւ պետության հովանավորության ու պաշտպանության ներքո:

2. Ընտանեկան օրենսդրությունը ելնում է ընտանիքի ամրապնդման, ընտանեկան հարաբերությունները փոխադարձ սիրո ու հարգանքի զգացմունքների վրա կառուցելու, ընտանիքի հանդեպ նրա բոլոր անդամների փոխօգնության եւ պատասխանատվության, ընտանիքի գործերին որեւէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, ընտանիքի անդամների կողմից իրենց իրավունքների անարգել իրականացումն ապահովելու, այդ իրավունքների դատական պաշտպանության հնարավորության անհրաժշտությունից:

Հոդված 5. Տղամարդու եւ կնոջ իրավահավասարությունը ընտանկան հարաբերություններում

1. Ընտանեկան հարաբերությունների կարգավորումն իրականացվում է տղամարդու եւ կնոջ ամուսնական դաշինքի կամավորության, ընտանիքում ամուսինների իրավունքների հավասարության, ներընտանեկան հարցերը փոխադարձ համաձայնությամբ լուծելու, նրանց բարեկեցության եւ զարգացման մասին հոգատարության, ընտանիքի անչափահաս եւ անաշխատունակ անդամների իրավունքների ու շահերի առաջնային պաշտպանությունն ապահովելու սկզբունքներին համապատասխան:

2. Արգելվում է ամուսնանալիս եւ ընտանեկան հարաբերություններում սոցիալական, ռասայական, ազգային, լեզվական կամ կրոնական պատկանելության հատկանիշներով քաղաքացիների իրավունքների որեւէ սահմանափակում:

Քաղաքացիների իրավունքներն ընտանիքում կարող են սահմանափակվել միայն օրենքի հիման վրա եւ միայն այնքանով, որքանով այն անհրաժեշտ է բարոյականության, ընտանիքի մյուս անդամների եւ այլ քաղաքացիների առողջության, իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության համար:

Հոդված 6. Ընտանեկան հարաբերությունների նկատմամբ քաղաքացիական օրենսդրության կիրառումը

Ընտանիքի անդամների միջեւ սույն օրենսգրքի 2-րդ հոդվածում նշված եւ ընտանեկան օրենսդրությամբ չկարգավորվող գույքային եւ անձնական ոչ գույքային հարաբերությունների նկատմամբ կիրառվում է քաղաքացիական օրենսդրությունը այնքանով, որքանով այդ չի հակասում ընտանեկան հարաբերությունների էությանը:

Հոդված 7. Ընտանեկան հարաբերությունների նկատմամբ ընտանեկան օրենսդրության եւ քաղաքացիական օրենսդրության կիրառումը անալոգիայի կարգով

Այն դեպքում, եթե ընտանիքի անդամների միջեւ հարաբերություններն ընտանեկան օրենսդրությամբ կամ կողմերի համաձայնությամբ չեն կարգավորվում եւ բացակայում են նշված հարաբերություններն անմիջականորեն կարգավորող քաղաքացիական իրավունքի նորմերը, նման հարաբերությունների նկատմամբ, եթե դա չի հակասում նրանց էությանը, կիրառվում են նույնպիսի հարաբերությունները կարգավորող ընտանեկան եւ /կամ/ քաղաքացիական իրավունքի նորմերը /օրենքի անալոգիա/: Իրավունքի նման նորմերի բացակայության դեպքում ընտանիքի անդամների իրավունքներն ու պարտականությունները որոշվում են, ելնելով ընտանեկան կամ քաղաքացիական իրավունքի ընդհանուր դրույթներից ու սկզբունքներից /իրավունքի անալոգիա/, ինչպես նաեւ մարդասիրության, բանականության եւ արդարացիության սկզբունքներից:

Հոդված 8. Ընտանեկան օրենսդրությունը եւ միջազգային իրավունքի նորմերը

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են այլ կանոններ, քան նրանք, որ նախատեսված են ընտանեկան օրենսդրությամբ, կիրառվում են միջազգային պայմանագրի կանոնները:
 
 

ԳԼՈՒԽ 2. ԸՆՏԱՆԵԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 9. Ընտանեկան իրավունքների իրականացումը եւ ընտանեկան պարտականությունների կատարումը

1. Քաղաքացիներն իրենց հայեցողությամբ տնօրինում են ընտանեկան հարաբերություններից բխող իրենց իրավունքները, այդ թվում` այդ իրավունքների պաշտպանության իրավունքը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով:

Ընտանիքի անդամների կողմից իրենց իրավունքների իրականացումը եւ նրանց կողմից իրենց պարտականությունների կատարումը չպետք է խախտեն ընտանիքի մյուս անդամների եւ այլ քաղաքացիների իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը:

2. Ընտանեկան իրավունքները պահպանվում են օրենքով, բացառությամբ այն դեպքերի, եթե դրանք իրականացվում են այդ իրավունքների կոչմանը հակառակ:

Հոդված 10. Ընտանեկան իրավունքների պաշտպանությունը

1. Ընտանեկան իրավունքների պաշտպանությունը իրականացնում է դատարանը` քաղաքացիական դատավարության կանոններով, իսկ սույն Օրենսգրքով նախատեսված դեպքերում` պետական մարմինները կամ խնամակալության ու հոգաբարձության մարմինները:

2. Ընտանեկան իրավունքների պաշտպանությունն իրականացվում է սույն Օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված եղանակներով:

Հոդված 11. Հայցային վաղեմության կիրառումը ընտանեկան հարաբերություններում

1. Ընտանեկան հարաբերություններից բխող պահանջների նկատմամբ հայցային վաղեմություն չի տարածվում, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն Օրենսգրքով խախտված իրավունքի պաշտպանության համար ժամկետ է սահմանված:

2. Հայցային վաղեմություն սահմանող նորմեր կիրառելիս դատարանը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 334-337 եւ 339-342 հոդվածներով:

ԲԱԺԻՆ 2.

ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԿՆՔՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 3. ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ ԿՆՔԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 12. Ամուսնության կնքումը

1. Ամուսնությունը կնքվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման պետական մարմիններում` /այսուհետ` ՔԿԱԳ մարմին/ օրենքով սահմանված կարգով:

2. Ամուսնության գրանցման մերժումը կարող է բողոքարկվել դատարանին` ամուսնանալ ցանկացողների կամ նրանցից մեկի կողմից:

3. Ամուսինների իրավունքներն ու պարտականությունները ծագում են ՔԿԱԳ մարմիններում ամուսնության պետական գրանցման օրվանից:

Հոդված 13. Ամուսնության գրանցման իրավական նշանակությունը

Միայն ՔԿԱԳ պետական մարմիններում կատարված ամուսնությունն է առաջացնում ամուսինների իրավունքներ ու պարտականություններ:

Ամուսնության գրանցումը սահմանվում է ինչպես ամուսինների եւ զավակների անձնական ու գույքային իրավունքներն ու շահերը օրենսդրությամբ նախատեսված շրջանակներում եւ կարգով պաշտպանելու նպատակով, այնպես էլ պետական եւ հասարակական շահերը նկատի ունենալով:

Ամուսնության գրանցումը ՔԿԱԳ պետական մարմիններում համարվում է ամուսնության առկայության ապացույց եւ կարող է վիճարկվել միայն դատական կարգով:

Հոդված 14. Ամուսնությունը կնքելու կարգը

1. Ամուսնության կնքումը կատարվում է ամուսնացող անձանց ներկայությամբ, նրանց կողմից ՔԿԱԳ մարմիններին դիմում տալու օրվանից մեկ ամիս լրանալուց հետո:

Հարգելի պատճառների առկայության դեպքում ամուսնության պետական գրանցում իրականացնող ՔԿԱԳ մարմինը կարող է թույլատրել գրանցելու ամուսնությունը մինչեւ մեկ ամիսը լրանալը, ինչպես նաեւ կարող է ավելացնել այդ ժամկետը, սակայն ոչ ավելի, քան մեկ ամիս:

Հատուկ հանգամանքնների /շտապ երկարատեւ գործուղման մեկնելու, ծանր հիվանդության, հղիության, երեխայի ծնվելու, զինվորական ծառայության կանչվելու եւ այլն / առկայության դեպքում ամուսնությունը կարող է գրանցվել դիմում տալու օրը:

2. ՔԿԱԳ մարմինները, ամուսնացող անձանց ցանկությամբ, ամուսնության գրանցումը կատարում են հանդիսավոր պայմաններում:

Հոդված 15. Ամուսնության պայմանները

1. Ամուսնության համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու եւ կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը եւ նրանց` ամուսնական տարիքի հասած լինելը:

2. Սույն Օրենսգրքի 18-րդ հոդվածում նշված հանգամանքների առկայության դեպքում ամուսնություն չի կարող կնքվել:

Հոդված 16. Ամուսնացողների փոխադարձ համաձայնությունը

Ամուսնության համար ամուսնացողների փոխադարձ համաձայնությունը պետք է արտահայտվի ազատորեն ու կամավորապես, առանց կողմնակի անձանց հարկադրանքի ու սպառնալիքի:

Հոդված 17. Ամուսնական տարիքը

Ամուսնական տարիք սահմանվում է տղամարդկանց համար տասնութ, իսկ կանանց համար` տասնյոթ տարին:

Հոդված 18. Ամուսնության կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքները

Ամուսնությունը արգելվում է `
 

  • այն անձանց միջեւ, որոնցից թեկուզեւ մեկը արդեն գտնվում է գրանցված այլ ամուսնության մեջ.
     
  • մերձավոր ազգականների /ուղիղ վերընթաց ու վայրընթաց ազգականների` ծնողների ու զավակների, պապի, տատի ու թոռների, հարազատ եւ համահայր կամ համամայր եղբայրների ու քույրերի/ միջեւ.
     
  • որդեգրողների ու որդեգրվածների միջեւ.
     
  • այն անձանց միջեւ, որոնցից թեկուզեւ մեկը դատարանի կողմից անգործունակ է ճանաչվել հոգեկան խանգարման հետեւանքով:
     


     
     

    Հոդված 19. Ամուսնացող անձանց բժշկական հետազոտությունը

    1. Ամուսնացող անձանց բժշկական հետազոտությունը, ինչպես նաեւ բժշկա-գենետիկական եւ ընտանիքի պլանավորման հարցերով խորհրդատվությունն անցկացնում են առողջապահության տեղական հիմնարկները ըստ նրանց բնակության վայրի` անվճար եւ միայն ամուսնացող անձանց համաձայնությամբ:

    2. Ամուսնացող անձի հետազոտության արդյունքները համարվում են բժշկական գաղտնիք եւ կարող են այն անձին, որի հետ նա մտադիր է ամուսնանալ, հաղորդվել միայն բժշկական հետազոտություն անցած անձի համաձայնությամբ:

    3. Եթե ամուսնացած անձը մյուս ամուսնուց թաքցրել է ամուսնության գրանցման պահին իր մոտ վեներական հիվանդության կամ մարդու իմունային անբավարարության վիրուսի, հոգեկան հիվանդության եւ թմրամոլության առկայության փաստը, ապա մյուս ամուսինն իրավունք ունի դիմել դատարան ամուսնությունն անվավեր ճանաչելու համար /սույն Օրենսգրքի 32-35 հոդվածներ/:

    ԳԼՈՒԽ 4. ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

    Հոդված 20. Ամուսնության դադարման հիմքերը

    1. Ամուսնությունը դադարում է ամուսիններից մեկի մահվան կամ դատական կարգով մահացած հայտարարվելու հետեւանքով:

    2. Ամուսնությունը կարող է դադարել ամուսնալուծության միջոցով` ամուսիններից մեկի կամ երկուսի դիմումի, ինչպես նաեւ դատարանի կողմից անգործունակ ճանաչված ամուսնու խնամակալի դիմումի հիման վրա:

    Հոդված 21. Ամուսնալուծության մասին պահանջ ներկայացնելու ամուսնու իրավունքի սահմանափակումը

    Ամուսինը, առանց կնոջ համաձայնության, իրավունք չունի ամուսնալուծության գործ հարուցելու կնոջ հղիության ժամանակ եւ երեխան ծնվելուց հետո մեկ տարվա ընթացքում:

    Հոդված 22. Ամուսնալուծության կարգը

    Ամուսնալուծությունը կատարվում է ՔԿԱԳ մարմիններում, իսկ սույն օրենսգրքի 25-27 հոդվածներով նախատեսված դեպքերում` դատական կարգով:

    Հոդված 23. Ամուսնալուծությունը ՔԿԱԳ մարմիններում

    1. Ընդհանուր անչափահաս երեխաներ չունեցող ամուսինների միջեւ ամուսնալուծվելու վերաբերյալ փոխադարձ համաձայնություն լինելու դեպքում նրանց ամուսնալուծությունը կատարվում է ՔԿԱԳ մարմիններում:

    2. Ամուսիններից մեկի դիմումի հիման վրա, անկախ ամուսինների մոտ ընդհանուր անչափահաս երեխաների առկայությունից, ամուսնալուծությունը կատարվում է ՔԿԱԳ մարմիններում, եթե մյուս ամուսինը`
     

  • դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող.
     
  • դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ.
     
  • հանցանք կատարելու համար դատապարտվել է ազատազրկման երեք տարուց ավելի ժամկետով:
     


     
     

    3. ՔԿԱԳ մարմնի կողմից ամուսնությունը լուծարվում եւ ամուսնալուծության վերաբերյալ վկայական է տրվում դիմում տալու օրվանից մեկ ամիս անցնելուց հետո:

    4. Ամուսնալուծության պետական գրանցումը կատարվում է ՔԿԱԳ մարմնի կողմից` ՔԿԱԳ համար սահմանված կարգով:

    Հոդված 24. ՔԿԱԳ մարմիններում ամուսնալուծվելիս ամուսինների միջեւ ծագող վեճերի քննարկումը

    Ամուսինների ընդհանուր գույքի բաժանման, անաշխատունակ կարիքավոր ամուսնուն ապրուստի միջոց վճարելու վերաբերյալ վեճերը, ինչպես նաեւ երեխաների առթիվ ամուսինների միջեւ առաջացող վեճերը, եթե ամուսիններից մեկը դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ կամ հանցանք կատարելու համար դատապարտվել է ազատազրկման երեք տարուց ավելի ժամկետով /սույն Օրենսգրքի 23-րդ հոդվածի 2-րդ կետ/, քննարկվում են դատական կարգով` անկախ ՔԿԱԳ մարմիններում ամուսնությունը լուծելուց:

    Հոդված 25. Ամուսնալուծությունը դատական կարգով

    1. Ամուսինների` ընդհանուր անչափահաս երեխաներ ունենալու դեպքում, բացի սույն օրենսգրքի 23-րդ հոդվածի 2-րդ կետում նախատեսված դեպքերից, կամ երբ բացակայում է ամուսնալուծության մասին ամուսիններից մեկի համաձայնությունը, ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով:

    2. Ամուսնալուծությունը դատական կարգով է կատարվում նաեւ այն դեպքերում, եթե ամուսիններից մեկը, չնայած առարկության բացակայությանը, խուսափում է ամուսնալուծությունը ՔԿԱԳ մարմիններում կատարելուց /հրաժարվում է դիմում տալ, չի ցանկանում ներկայանալ ամուսնալուծության պետական գրանցման եւ այլն/:

    Հոդված 26. Ամուսնալուծությունը դատական կարգով` ամուսնալուծության համար ամուսիններից մեկի համաձայնության բացակայության դեպքում

    1. Ամուսնալուծությունը դատական կարգով տեղի է ունենում, եթե դատարանով հաստատվում է, որ ամուսինների հետագա համատեղ կյանքը եւ ընտանիքի պահպանումը անհնարին են:

    2. Ամուսնալուծության գործեր քննելիս, եթե բացակայում է ամուսնալուծությանը ամուսիններից մեկի համաձայնությունը, դատարանն իրավունք ունի միջոցներ ձեռք առնել ամուսիններին հաշտեցնելու համար եւ իրավասու է հետաձգել գործի քննությունը, հաշտվելու համար ամուսիններին տալով ժամկետ երեք ամսվա սահմաններում:

    Ամուսնալուծություն է կատարվում, եթե ամուսիններին հաշտեցնելու միջոցներն անցնում են ապարդյուն եւ ամուսինները /կամ նրանցից մեկը/ պնդում են ամուսնալուծել իրենց:

    Հոդված 27. Ամուսնալուծությունը դատական կարգով` ամուսնալուծության համար ամուսինների փոխադարձ համաձայնության դեպքում

    1. Ընդհանուր անչափահաս երեխաներ ունեցող, ինչպես նաեւ սույն Օրենսգրքի 25-րդ հոդվածի 2-րդ կետում նշված ամուսինների` ամուսնալուծության համար փոխադարձ համաձայնության առկայության դեպքում դատարանը լուծում է ամուսնությունը, առանց բացահայտելու ամուսնալուծության դրդապատճառները:

    Ամուսիններն իրավունք ունեն դատարանի քննարկմանը ներկայացնել սույն Օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված` երեխաների մասին համաձայնությունը: Նման համաձայնության բացակայության դեպքում, կամ եթե համաձայնությունը խախտում է երեխաների շահերը, դատարանը միջոցներ է ձեռք առնում պաշտպանելու նրանց շահերը սույն Օրենսգրքի 28-րդ հոդվածի 2-րդ կետում նախատեսված կարգով:

    2. Ամուսինների փոխադարձ համաձայնության դեպքում ամուսնալուծությունը դատարանի կողմից կատարվում է ամուսինների կողմից ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից ոչ ուշ մեկ ամսում:

    Հոդված 28. Ամուսնալուծության մասին վճիռ կայացնլիս դատարանի կողմից լուծվող հարցերը

    1. Ամուսնությունը դատական կարգով լուծելիս ամուսիննրը կարող են դատարանի քննարկմանը ներկայացնել համաձայնություն այն մասին, թե նրանցից ում մոտ են ապրելու անչափահաս երեխաները, համաձայնություն երեխաներին եւ /կամ/ անաշխատունակ կարիքավոր ամուսնուն պահելու համար միջոցներ վճարելու կարգի, այդ միջոցների չափերի կամ ամուսինների ընդհանուր գույքի բաժանման մասին:

    2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված հարցերով ամուսինների միջեւ համաձայնության բացակայության դեպքում, ինչպես նաեւ այն դեպքում, երբ հաստատված է, որ տվյալ համաձայնությունը խախտում է երեխաների կամ ամուսիններից մեկի շահերը, դատարանը պարտավոր է`
     

  • որոշել, թե ծնողներից ում հետ պետք է ապրեն անչափահաս երեխաները ամուսնալուծությունից հետո.
     
  • որոշել, թե ծնողներից ումից եւ ինչ չափերով բռնագանձել ալիմենտ նրանց երեխաների համար.
     
  • ամուսինների /նրանցից մեկի/ պահանջով կատարել նրանց համատեղ սեփականությունը համարվող գույքի բաժանում.
     
  • ամուսնուց ապրուստի միջոց ստանալու իրավունք ունեցող ամուսնու պահանջով որոշել այդ միջոցների չափը:
     


     
     

    3. Այն դեպքում, երբ գույքի բաժանումը շոշափում է երրորդ անձանց շահերը, դատարանն իրավունք ունի գույքի բաժանման մասին պահանջն անջատելու որպես առանձին վարույթ:

    Հոդված 29. Ամուսնալուծության դեպքում ամուսնության դադարման պահը

    1. Ամուսնությունը, որ լուծվում է ՔԿԱԳ մարմիններում, դադարում է ՔԿԱԳ գրքում ամուսնալուծության պետական գրառման օրվանից, իսկ դատարանում ամուսնալուծության դեպքում` դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից:

    2. Դատարանի միջոցով ամուսնալուծությունը ենթակա է պետական գրանցման ՔԿԱԳ համար սահմանված կարգով:

    Դատարանը պարտավոր է ամուսնալուծության մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից երեք օրվա ընթացքում դատարանի այդ վճռի քաղվածքն ուղարկել ՔԿԱԳ մարմին` ըստ ամուսնության պետական գրանցման վայրի:

    3. Ամուսիններն իրավունք չունեն նոր ամուսնության մեջ մտնել մինչեւ նրանցից որեւէ մեկի կողմից ըստ բնակության վայրի ՔԿԱԳ մարմնից ամուսնալուծության վկայական ստանալը:

    Հոդված 30. Ամուսնալուծությունը գրանցելու պետական տուրքը

    Ամուսնալուծությունը ՔԿԱԳ մարմիններում գրանցելու եւ ամուսնալուծության մասին վկայական տալու համար գանձվում է պետական տուրք «Հայաստանի Հանրապետության պետական տուրքի մասին» օրենքով սահմանված չափերով:

    Հոդված 31. Ամուսնության վերականգնումը մահացած հայտարարված կամ անհայտ բացակայող ճանաչված ամուսնու ներկայանալու դեպքում

    1. Դատարանով մահացած հայտարարված կամ դատարանով անհայտ բացակայող ճանաչված ամուսնու ներկայանալու եւ համապատասխան դատական վճիռների վերացման դեպքում ամուսնությունը կարող է, ամուսինների համատեղ դիմումի հիման վրա, վերականգնվել ՔԿԱԳ մարմնի կողմից:

    2. Ամուսնությունը չի կարող վերականգնվել, եթե մյուս ամուսինը նոր ամուսնության մեջ է մտել:

    Հոդված 32. Ամուսնությունն անվավեր ճանաչելը

    1. Ամուսնությունն անվավեր է ճանաչվում սույն Օրենսգրքի 15-18 հոդվածներով եւ 19-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված պայմանների խախտմամբ կատարված լինելու, ինչպես նաեւ կեղծ ամուսնության դեպքում, այսինքն երբ ամուսինները կամ նրանցից մեկը ամուսնություն են գրանցել առանց ընտանիք ստեղծելու մտադրության:

    2. Ամուսնությունն անվավեր է ճանաչվում դատական կարգով:

    3. Դատարանը պարտավոր է ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից երեք օրվա ընթացքում դատարանի այդ վճռից քաղվածք ուղարկել ՔԿԱԳ մարմնին` ըստ ամուսնության պետական գրանցման վայրի:

    4. Ամուսնությունն անվավեր է համարվում նրա պետական գրանցման օրվանից /սույն Օրենսգրքի 12-րդ հոդված/:

    Հոդված 33. Ամուսնությունն անվավեր ճանաչելու պահանջի իրավունք ունեցող անձինք

    1. Ամուսնությունն անվավեր ճանաչելու պահանջի իրավունք ունեն`
     

  • ամուսնական տարիքի հասած անչափահաս ամուսինը, նրա ծնողները /նրանց փոխարինող անձինք/, խնամակալության եւ հոգաբարձության մարմինը, եթե ամուսնություն է կնքվել ամուսնական տարիքի չհասած անձի հետ: Անչափահաս ամուսնու տասնութ տարեկան դառնալուց հետո ամուսնությունն անվավեր ճանաչելու պահանջի իրավունք ունի միայն այդ ամուսինը.
     
  • ամուսինը, որի իրավունքները խախտվել են ամուսնության կնքումով, եթե ամուսնությունը կնքվել է ամուսիններից մեկի կամավոր համաձայնության բացակայության դեպքում. հարկադրանքի, խաբեության, մոլորության կամ ամուսնության պետական գրանցման պահին իրավիճակի ուժով իր գործողությունների նշանակությունը չհասկանալու եւ դրանք ղեկավարելու անհնարինության արդյունքում.
     
  • ամուսինը, որ չի իմացել ամուսնության կնքմանը խոչընդոտող հանգամանքների առկայության մասին, դատական կարգով անգործունակ ճանաչված ամուսնու խնամակալը, չամուսնալուծված նախորդ ամուսնության մեջ գտնվող ամուսինը, այլ անձինք, որոնց իրավունքները խախտվել են սույն Օրենսգրքի 18-րդ հոդվածի պահանջների խախտումով կատարված ամուսնության կնքումով, ինչպես նաեւ խնամակալության ու հոգաբարձության մարմինը.
     
  • ամուսնությունը կեղծ լինելու մասին չիմացող ամուսինը, եթե կնքվել է կեղծ ամուսնություն.
     
  • ամուսինը, որի իրավունքները խախտվել են սույն Օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ կետում նշված հանգամանքների առկայության պատճառով:
     


     
     

    2. Ամուսնական տարիքի չհասած անձի, ինչպես նաեւ դատարանով անգործունակ ճանաչված անձի հետ կնքված ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին գործի քննությանը մասնակցության է ներգրավվում խնամակալության եւ հոգաբարձության մարմինը:

    Հոդված 34. Ամուսնության անվավերությունը բացառող հանգամանքները

    1. Դատարանը կարող է ամուսնությունը ճանաչել վավեր, եթե ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին գործի քննության պահին վերացել են օրենքի ուժով այն կնքելուն արգելք հանդիսացող հանգամանքները:

    2. Դատարանը կարող է մերժել ամուսնական տարիքի չհասած անձի հետ կնքված ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին հայցը կնոջ հղիության կամ երեխա ծնվելու դեպքում, կամ եթե այդ են պահանջում անչափահաս ամուսնու շահերը, ինչպես նաեւ ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին նրա համաձայնության բացակայության դեպքում:

    3. Դատարանը չի կարող ամուսնությունը ճանաչել կեղծ, եթե նման ամուսնություն գրանցած անձինք մինչեւ դատարանի կողմից գործի քննությունը փաստորեն ընտանիք են կազմել:

    4. Ամուսնությունը չի կարող ճանաչվել անվավեր այն դադարելուց հետո, բացառությամբ ամուսինների միջեւ ազգակցության` օրենքով արգելված աստիճանի առկայության կամ ամուսնության գրանցման պահին ամուսիններից մեկի` չլուծված այլ ամուսնության մեջ գտնվելու դեպքերի /սույն Օրենսգրքի 18-րդ հոդված/:

    Հոդված 35. Ամուսնությունն անվավեր ճանաչելու հետեւանքները

    1. Դատարանով անվավեր ճանաչված ամուսնությունը չի առաջացնում սույն Օրենսգրքով նախատեսված ամուսինների իրավունքներ ու պարտականություններ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ կետերով սահմանված դեպքերի:

    2. Ամուսնությունն անվավեր ճանաչված անձանց կողմից համատեղ ձեռք բերված գույքի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի բաժնային սեփականության մասին դրույթները:

    3. Ամուսնությունն անվավեր ճանաչված անձանց կնքած ամուսնական պայմանագիրը /սույն Օրենսգրքի 48-50 հոդվածներ/ անվավեր է ճանաչվում:

    4. Ամուսնությունն անվավեր ճանաչելը չի ազդում այդպիսի ամուսնությունից ծնված կամ ամուսնությունն անվավեր ճանաչելու օրվանից հետո երեք հարյուր օրվա ընթացքում ծնված երեխաների իրավունքների վրա /սույն Օրենսգրքի 56-րդ հոդվածի 2-րդ կետ/:

    5. Ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին վճիռ կայացնելիս դատարանը կարող է ճանաչել սույն Օրենսգրքի 106-րդ եւ 107-րդ հոդվածներին համապատասխան մյուս ամուսնուց ապրուստի միջոց ստանալու այն ամուսնու /բարեխիղճ ամուսնու/ իրավունքը, որի իրավունքները խախտվել են նման ամուսնության կնքումով, իսկ մինչեւ ամուսնությունն անվավեր ճանաչելու պահը համատեղ ձեռք բերված գույքը բաժանելիս իրավունք ունի կիրառել սույն Օրենսգրքի 39-րդ, 45-47-րդ հոդվածներով սահմանված կանոնները, ինչպես նաեւ վավեր ճանաչել ամուսնական պայմանագիրը ամբողջությամբ կամ մասամբ:

    Բարեխիղճ ամուսինն իրավունք ունի պահանջել հատուցելու իրեն պատճառված վնասները քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված կանոններով:

    6. Ամուսնությունն անվավեր ճանաչելու դեպքում բարեխիղճ ամուսինն իրավունք ունի պահպանել ամուսնության պետական գրանցման ժամանակ ընտրված ազգանունը:

    ԲԱԺԻՆ 3.

    ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Հոդված 36. Ամուսինների իրավահավասարությունն ընտանիքում

    1. Ամուսիններից յուրաքանչյուրն ազատ է զբաղմունքի տեսակ, աշխատանք, մասնագիտություն, արհեստ, գտնվելու եւ բնակության վայր ընտրելու հարցում:

    2. Մայրության, հայրության, երեխաների դաստիարակության, կրթության եւ ընտանիքի կյանքի մյուս հարցերը լուծվում են ամուսինների կողմից համատեղ, ելնելով ամուսինների իրավահավասարության սկզբունքից:

    3. Ամուսինները պարտավոր են ընտանիքում իրենց հարաբերությունները կառուցել փոխադարձ հարգանքի եւ փոխօգնության վրա, նպաստել ընտանիքի բարեկեցությանն ու ամրությանը, հոգ տանել իրենց երեխաների բարեկեցության ու զարգացման մասին:

    Հոդված 37. Ամուսինների` ազգանվան ընտրության իրավունքը

    1. Ամուսնանալիս ամուսինները, իրենց ցանկությամբ, ընտրում են ամուսիններից մեկի ազգանունը որպես ընդհանուր ազգանուն կամ ամուսիններից յուրաքանչյուրը պահպանում է իր մինչամուսնական ազգանունը կամ իր ազգանվանը կցում է մյուս ամուսնու ազգանունը:

    2. Ամուսիններից մեկի կողմից ազգանվան փոփոխությունը մյուս ամուսնու ազգանվան փոփոխություն չի առաջացնում:

    3. Ամուսնությունը լուծվելու դեպքում ամուսիններն իրավունք ունեն պահպանել ընդհանուր ազգանունը կամ վերականգնել իրենց մինչամուսնական ազգանունը:

    ԳԼՈՒԽ 7. ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՌԵԺԻՄԸ

    Հոդված 38. Ամուսինների գույքի օրինական ռեժիմի հասկացությունը

    1. Ամուսինների գույքի օրինական /օրենքով սահմանված/ ռեժիմ է համարվում նրանց համատեղ սեփականության ռեժիմը:

    Ամուսինների գույքի օրինական ռեժիմը գործում է, երբ ամուսնական պայմանագրով այլ բան չի նախատեսված:

    Հոդված 39.Ամուսինների համատեղ սեփականությունը

    1. Ամուսնության ընթացքում ամուսինների կողմից ձեռք բերված գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե նրանց միջեւ կնքված պայմանագրով սահմանված չէ այդ գույքի այլ ռեժիմ:

    2. Ամուսնության ընթացքում ամուսինների վաստակած գույք /ամուսինների ընդհանուր գույք/ են համարվում ամուսիններից յուրաքանչյուրի եկամուտները, որ ստացվել են աշխատանքային գործունեությունից, ձեռնարկատիրական գործունեությունից եւ մտավոր գործունեության արդյունքներից, նրանց ստացած կենսաթոշակները, նպաստները, ինչպես նաեւ հատուկ նպատակային նշանակություն չունեցող այլ դրամական վճարումները /նյութական օգնության գումարները, հաշմություն պատճառելու կամ առողջությանն այլ վնաս պատճառելու հետեւանքով աշխատունակությունը կորցնելու կապակցությամբ պատճառված վնասը հատուցելու համար վճարված գումարները եւ այլն/:

    Ամուսինների ընդհանուր գույք են համարվում նաեւ ամուսինների ընդհանուր եկամուտների հաշվին ձեռք բերված շարժական եւ անշարժ իրերը, արժեթղթերը, վարկային կամ այլ առեւտրային կազմակերպությունների կանոնադրային /փայահավաք/ կապիտալում ներդրված բաժնեմասերը, բաժնետոմսերը, փայաբաժինները, ավանդները եւ ամուսնության ընթացքում ամուսինների վաստակած ցանկացած այլ գույք, անկախ նրանից, թե ամուսիններից որի անունով է այն ձեռք բերվել կամ ում անունով կամ ամուսիններից որի կողմից են ներդրվել դրամական միջոցները:

    3. Ամուսինների ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքը պատկանում է նաեւ այն ամուսնուն, որը ամուսնության ընթացքում իրականացրել է տնային տնտեսության վարումը, երեխաների խնամքը կամ հարգելի այլ պատճառներով ինքնուրույն վաստակ չի ունեցել:

    Հոդված 40. Ամուսինների մասնագիտական զբաղմունքի իրերը

    Ամուսիններից ամեն մեկի մասնագիտական զբաղմունքի իրերը /երաժշտական գործիքներ, բժշկական սարքավորումներ, մասնագիտական գրադարան եւ այլն/, որ ձեռք են բերվել ամուսնության ընթացքում, համարվում են ամուսինների ընդհանուր համատեղ սեփականություն:

    Ամուսինների ընդհանուր համատեղ գույքի բաժանման դեպքում դատարանը կարող է այդ իրերը թողնել ամուսիններից նրան, ում օգտագործման ներքո գտնվել են դրանք, նրա վրա դնելով մյուս ամուսնուն դրանց մի մասի դիմաց դրամական հատուցում վճարելու պարտականություն:

    Հոդված 41. Ամուսնական համատեղ կյանքի ընթացքում նվիրատվության կարգով ստացված իրերի սեփականության իրավունքը

    Ամուսնական արարողության ժամանակ, երկու ամուսինների կողմից նվիրատվության կարգով ստացված իրերը համարվում են ամուսինների ընդհանուր համատեղ սեփականություն:

    Հոդված 42. Ամուսինների ընդհանուր գույքի տիրապետումը, օգտագործումը եւ տնօրինումը

    1. Ամուսինների ընդհանուր գույքի տիրապետումը, օգտագործումը եւ տնօրինումն իրականացվում է ամուսինների փոխադարձ համաձայնությամբ:

    2. Ամուսիններից մեկի կողմից ամուսինների ընդհանուր գույքի տնօրինման գործարք կատարելիս ենթադրվում է, որ նա գործում է մյուս ամուսնու համաձայնությամբ:

    Ամուսինների ընդհանուր գույքը տնօրինելու՝ ամուսիններից մեկի կատարած գործարքը մյուս ամուսնու համաձայնության բացակայության շարժառիթով կարող է դատարանով անվավեր ճանաչվել միայն նրա պահանջով եւ միայն այն դեպքերում, եթե ապացուցված է, որ գործարքի մյուս կողմը իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար տվյալ գործարքը կատարելուն մյուս ամուսնու անհամաձայնության մասին:

    3. Ամուսիններից մեկի կողմից անշարժ գույքի տնօրինման գործարք եւ նոտարական հաստատում ու /կամ/ օրենքով սահմանված կարգով գրանցում պահանջող գործարք կատարելու համար անհրաժեշտ է ստանալ մյուս ամուսնու նոտարական կարգով հաստատված համաձայնությունը:

    Ամուսինը, որը նոտարական կարգով հաստատված համաձայնություն չի տվել նշված գործարքը կատարելու համար, իրավունք ունի պահանջել գործարքն անվավեր ճանաչելու դատական կարգով մեկ տարվա ընթացքում, սկսած այն օրվանից, երբ նա իմացել է կամ պարտավոր էր իմանալ տվյալ գործարքի կատարման մասին:

    Հոդված 43. Ամուսիններից յուրաքանչյուրի սեփականությունը

    1. Մինչեւ ամուսնանալը ամուսիններից ամեն մեկին պատկանած գույքը, ինչպես նաեւ ամուսնության ընթացքում նվիրատվությամբ եւ ժառանգման կարգով ստացված գույքը /ամուսիններից յուրաքանչյուրի գույք/ համարվում է նրա սեփականությունը:

    2. Անհատական օգտագործման իրերը /հագուստեղեն, կոշկեղեն եւ այլն/, բացառությամբ թանկարժեք իրերի եւ պերճանքի այլ առարկաների, թեկուզ եւ դրանք ձեռք բերված լինեն ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր միջոցների հաշվին, ճանաչվում են այն ամուսնու անձնական սեփականությունը, որն օգտագործել է դրանք:

    Հոդված 44. Ամուսիններից յուրաքանչյուրին պատկանած գույքը նրանց համատեղ սեփականություն ճանաչելը

    Ամուսիններից յուրաքանչյուրի գույքը կարող է ճանաչվել նրանց համատեղ սեփականությունը, եթե պարզվում է, որ ամուսնության ընթացքում գույքի մեջ ներդրումներ են կատարվել ի հաշիվ ամուսինների ընդհանուր գույքի կամ ամուսիններից յուրաքանչյուրի գույքի կամ ամուսիններից մեկի աշխատանքի, որով զգալիորեն ավելացել է այդ գույքի արժեքը /հիմնական վերանորոգում, վերասարքավորում, վերակառուցում եւ այլն/, եթե այլ բան նախատեսված չէ նրանց միջեւ կնքված ամուսնական պայմանագրով:

    Հոդված 45. Ամուսինների ընդհանուր գույքի բաժանումը

    1. Ամուսինների ընդհանուր գույքի բաժանում կարող է անցկացվել ինչպես ամուսնության ժամանակաշրջանում, այնպես էլ ամուսնալուծությունից հետո, ամուսիններից որեւէ մեկի պահանջի հիման վրա, ինչպես նաեւ ամուսինների ընդհանուր գույքում ամուսիններից մեկի բաժնի նկատմամբ բռնագանձում տարածելու համար ամուսինների ընդհանուր գույքը բաժանելու մասին պարտատիրոջ պահանջով:

    2. Ամուսինների ընդհանուր գույքը կարող է ամուսինների միջեւ բաժանվել նրանց համաձայնությամբ: Ամուսինների ցանկությամբ ընդհանուր գույքը բաժանելու մասին նրանց համաձայնությունը կարող է վավերացվել նոտարական կարգով:

    3. Վեճի դեպքում ամուսինների ընդհանուր գույքի բաժանումը, ինչպես նաեւ այդ գույքում ամուսինների բաժինների որոշումը կատարվում է դատական կարգով:

    Ամուսինների ընդհանուր գույքը բաժանելիս դատարանն ամուսինների պահանջով որոշում է, թե ինչ առարկաներ են ենթակա հանձնելու նրանցից յուրաքանչյուրին: Երբ ամուսիններից մեկին հանձնվում են այնպիսի իրեր, որոնք իրենց արժեքով գերազանցում են հասանելիք բաժինը, մյուս ամուսնու օգտին կարող է վճռվել համապատասխան դրամական կամ այլ փոխհատուցում:

    4. Դատարանը կարող է ընտանեկան հարաբերությունները դադարելիս ամուսիններից յուրաքանչյուրի կողմից նրանց առանձին ապրելու ժամանակաշրջանում վաստակած գույքը, ճանաչել նրանցից ամեն մեկի սեփականությունը:

    5. Ամուսնության ժամանակաշրջանում ամուսինների ընդհանուր գույքի բաժանման դեպքում ամուսինների ընդհանուր գույքի այն մասը, որը չի բաժանվել, ինչպես նաեւ ամուսնության ժամանակաշրջանում ամուսինների կողմից հետագայում վաստակած գույքը համարվում են նրանց համատեղ սեփականությունը:

    6. Ամուսնալուծված ամուսինների ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքի բաժանման պահանջի համար սահմանվում է հայցային վաղեմության եռամյա ժամկետ:

    Հոդված 46. Ամուսինների գույքի բաժանման ժամանակ երեխաների շահերի պաշտպանությունը

    Այն իրերը, որ ձեռք են բերվել բացառապես անչափահաս երեխաների կարիքների բավարարման համար /հագուստ, կոշիկ, դպրոցական եւ սպորտային պատկանելիքներ, երաժշտական գործիքներ, մանկական գրադարան եւ այլն/, բաժանման ենթական չեն եւ առանց փոխհատուցման տրվում են այն ամուսնուն, որի հետ ապրում են երեխաները:

    Ամուսինների ընդհանուր գույքի հաշվին ամուսինների կողմից իրենց ընդհանուր անչափահաս երեխաների անունով մտցված ավանդները համարվում են այդ երեխաներին պատկանող եւ ամուսինների ընդհանուր գույքի բաժանման ժամանակ հաշվի չեն առնվում:

    Հոդված 47. Ամուսինների ընդհանուր գույքը բաժանելիս նրանցից յուրաքանչյուրի բաժինները որոշելը

    1. Ամուսինների ընդհանուր գույքը բաժանելիս եւ այդ գույքում նրանց բաժինները որոշելիս ամուսինների բաժինները հավասար են, եթե այլ բան նախատեսված չէ ամուսինների միջեւ կնքված պայմանագրով:

    2. Դատարանը կարող է շեղվել ամուսինների ընդհանուր գույքում նրանց բաժինների հավասարության սկզբունքից, ելնելով անչափահաս երեխաների շահերից եւ /կամ/ ելնելով ամուսիններից մեկի ուշադրության արժանի շահերից, մասնավորապես այն դեպքերում, եթե մյուս ամուսինը եկամուտներ չի ստացել անհարգելի պատճառով կամ ամուսինների ընդհանուր գույքը ծախսել է ի վնաս ընտանիքի շահերին:

    3. Ամուսինների ընդհանուր գույքը բաժանելիս ամուսինների ընդհանուր պարտքերը բաշխվում են ամուսինների միջեւ՝ իրենց հասանելիք բաժիններին համամասնորեն:

    Հոդված 48. Ամուսնական պայմանագիր

    Ամուսնական պայմանագիր է համարվում ամուսնացող անձանց համաձայնությունը կամ ամուսինների համաձայնությունը, որով որոշվում են ամուսինների գույքային իրավունքներն ու պարտականությունները ամուսնության ժամանակ եւ /կամ/ այն լուծելու դեպքում:

    Հոդված 49. Ամուսնական պայմանագրի կնքումը

    1. Ամուսնական պայմանագիրը կարող է կնքվել ինչպես մինչեւ ամուսնության պետական գրանցումը, այնպես էլ ամուսնության ցանկացած ժամանակահատվածում:

     Ամուսնության պետական գրանցումից առաջ կնքված ամուսնական պայմանագիրն ուժի մեջ է մտնում ամուսնության պետական գրանցման օրվանից:

    2. Ամուսնական պայմանագիրը կնքվում է գրավոր ձեւով եւ ենթակա է նոտարական վավերացման:

    Հոդված 50. Ամուսնական պայմանագրի բովանդակությունը

    1. Ամուսնական պայմանագրով ամուսինները կարող են փոփոխել համատեղ սեփականության՝ օրենքով սահմանված ռեժիմը /սույն Օրենսգրքի 39-րդ հոդված/, սահմանել համատեղ, բաժնային կամ անջատ սեփականության ռեժիմ ամուսինների ողջ գույքի, նրա առանձին տեսակների կամ ամուսիններից յուրաքանչյուրի գույքի նկատմամբ:

    Ամուսնական պայմանագիրը կարող է կնքվել ինչպես ամուսինների առկա, այնպես էլ հետագայում ձեռք բերվելիք գույքի նկատմամբ:

    Ամուսիններն իրավունք ունեն ամուսնական պայմանագրում որոշել մեկը մյուսի փոխադարձ ապրուստը հոգալու իրենց իրավունքներն ու պարտականությունները, մեկը մյուսի եկամուտներին մասնակցելու եղանակները, նրանցից ամեն մեկի կողմից ընտանեկան ծախսեր կատարելու կարգը, որոշել այն գույքը, որ պետք է հանձնվի ամուսիններից յուրաքանչյուրին ամուսնալուծվելիս, ինչպես նաեւ ամուսնական պայմանագրի մեջ մտցնել ամուսինների գույքային հարաբերություններին վերաբերող ցանկացած այլ դրույթներ:

    2. Ամուսնական պայմանագրով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները կարող են սահմանափակվել որոշակի ժամկետով կամ կախման մեջ դրվել որոշակի պայմանների վրա հասնելուց կամ չհասնելուց:

    3. Ամուսնական պայմանագիրը չի կարող սահմանափակել ամուսինների իրավունակությունը կամ գործունակությունը, իրենց իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու նրանց իրավունքը, կարգավորել ամուսինների միջեւ անձնական ոչ գույքային հարաբերությունները, երեխաների նկատմամբ ամուսինների իրավունքներն ու պարտականությունները, նախատեսել անաշխատունակ կարիքավոր ամուսնու ապրուստի միջոց պահանջելու իրավունքը սահամնափակող դրույթ, պարունակել այլ պայմաններ, որոնք ամուսիններից մեկին դնում են ծայրահեղ անբարենպաստ դրության մեջ կամ հակասում են ընտանեկան օրենսդրության հիմնական սկզբունքներին:

    Հոդված 51. Ամուսնական պայմանագրի փոփոխումը եւ լուծումը

    1. Ամուսնական պայմանագիրը ամուսինների համաձայնությամբ կարող է փոփոխվել կամ լուծվել ցանկացած ժամանակ: Ամուսնական պայմանագրի փոփոխման կամ լուծման մասին համաձայնությունը կատարվում է այն նույն ձեւով, ինչ որ ամուսնական պայմանագիրը:

    Ամուսնական պայմանագրի կատարումից միակողմանի հրաժարում չի թույլատրվում:

    2. Ամուսիններից մեկի պահանջով ամուսնական պայմանագիրը կարող է փոփոխվել կամ լուծվել դատական կարգով՝ պայմանագրերի փոփոխման եւ լուծման համար Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքով սահմանված հիմքերով ու կարգով:

    3. Ամուսնական պայմանագրի գործողությունը դադարում է ամուսնության դադարման պահից /սույն Օրենսգրքի 29-րդ հոդված/, բացառությամբ այն պարտավորությունների, որոնք ամուսնական պայմանագրով նախատեսված են ամուսնությունը դադարելուց հետո ընկած ժամանակաշրջանի համար:

    Հոդված 52. Ամուսնական պայմանագիրն անվավեր ճանաչելը

    1. Ամուսնական պայմանագիրը կարող է դատարանի կողմից ճանաչվել անվավեր ամբողջությամբ կամ մասնակիորեն, գործարքների անվավերության համար Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված հիմքերով:

    2. Դատարանը կարող է նաեւ ամուսնական պայմանագիրը ամբողջությամբ կամ մասնակիորեն անվավեր ճանաչել ամուսիններից մեկի պահանջով, եթե պայմանագրի պայմաններն այդ ամուսնուն դնում են ծայրահեղ անբարենպաստ դրության մեջ: Ամուսնական պայմանգրի՝ սույն Օրենսգրքի 50-րդ հոդվածի 3-րդ կետի մյուս պահանջները խախտող պայմաններն առոչինչ են:
     

    Հոդված 53. Ամուսինների գույքի վրա բռնագանձում տարածելը

    1. Ամուսիններից մեկի պարտավորություններով բռնագանձում կարող է տարածվել միայն այդ ամուսնու գույքի նկատմամբ: Այդ գույքն անբավարար լինելու դեպքում պարտատերն իրավունք ունի պահանջել ամուսինների ընդհանուր սեփականության մեջ պարտապան ամուսնու ունեցած բաժնի առանձնացում, նրան հասանելիք բաժնի նկատմամբ բռնագանձում տարածելու համար:

    2. Ամուսինների ընդհանուր գույքի նկատմամբ բռնագանձումը տարածվում է ամուսինների ընդհանուր պարտավորություններով, ինչպես նաեւ ամուսիններից մեկի պարտավորություններով, եթե դատարանով հաստատվել է, որ ամուսիններից մեկի պարտավորություններով ամբողջ ստացածն օգտագործվել է ընտանիքի կարիքների համար: Այդ գույքի անբավարար լինելու դեպքում ամուսինները նշված պարտավորություններով կրում են համապարտ պատասխանատվություն իրենցից ամեն մեկի գույքով:

    Եթե դատարանի դատավճռով հաստատվել է, որ ամուսինների ընդհանուր գույքը ձեռք է բերվել կամ ավելացել է հանցավոր ճանապարհով ամուսիններից մեկի կողմից ձեռք բերված միջոցների հաշվին, ապա բռնագանձումը կարող է տարածվել համապատասխանաբար ամուսինների ընդհանուր գույքի կամ նրա մասի նկատմամբ:

    3. Իրենց անչափահաս երեխաների կողմից այլ անձանց պատճառած վնասի համար ամուսինների պատասխանատվությունը որոշվում է քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով: Իրենց անչափահաս երեխաների կողմից պատճառված վնասը հատուցելիս ամուսինների գույքի նկատմամբ բռնագանձումը կատարվում է սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան:

    Հոդված 54. Ամուսնական պայմանագիր կնքելիս, փոփոխելիս եւ լուծելիս պարտատերերի իրավունքների երաշխիքները

    1. Ամուսինը պարտավոր է ծանուցել իր պարտատիրոջը /պարտատերերին/ ամուսնական պայմանագրի կնքման, նրա փոփոխման կամ լուծման մասին: Այդ պարտականությունը չկատարելու դեպքում ամուսինը պատասխանատու է իր պարտավորություններով, անկախ ամուսնական պայմանագրի բովանդակությունից:

    2. Պարտապան-ամուսնու պարտատերը /պարտատերերը/ իրավունք ունի պահանջել փոփոխելու իրենց միջեւ կնքված պայմանագրի պայմաննները կամ լուծելու պայմանագրերը՝ համգամանքների էական փոփոխությունների կապակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 467-469 հոդվածներով սահմանված կարգով:
     

    Հոդված 55. Ծնողների ու զավակների իրավունքների ու պարտականությունների առաջացման հիմքերը

    Ծնողների ու զավակների իրավունքներն ու պարտականությունները հիմնվում են երեխաների՝ օրենքով սահմանված կարգով հաստատված սերման փաստի վրա:

    Հոդված 56. Երեխայի սերման հաստատումը

    1. Երեխայի սերումը մորից /մայրությունը/ հաստատվում է ՔԿԱԳ մարմնի կողմից՝ երեխան մորից բժշկական հիմնարկում ծնված լինելը հավաստող փաստաթղթերի հիման վրա, իսկ երեխան բժշկական հիմնարկից դուրս ծնված լինելու դեպքում՝ բժշկական փաստաթղթերի, վկաների ցուցմունքների կամ այլ ապացույցների հիման վրա:

    2. Եթե երեխան ծնվել է ամուսնության մեջ գտնվող ծնողներից, ինչպես նաեւ ամուսնությունը լուծելու, այն անվավեր ճանաչելու պահից կամ երեխայի մոր ամուսնու մահվան պահից հետո երեք հարյուր օրվա ընթացքում, երեխայի հայր է ճանաչվում մոր ամուսինը /նախկին ամուսինը/, եթե այլ բան չի ապացուցվել /սույն Օրենսգրքի 51-րդ հոդված/:

    Երեխայի մոր ամուսնու հայրությունը հավաստվում է նրանց ամուսնության մասին արված գրանցումով:

    Եթե երեխայի մայրը հայտարարում է, թե երեխայի հայրը իր ամուսինը /նախկին ամուսինը/ չէ, երեխայի հայրությունը հաստատվում է սույն Օրենսգրքի 57-րդ կամ 58-րդ հոդվածներով նախատեսված կանոններով:

    Հոդված 57. Ամուսնության մեջ չգտնվող ծնողներից ծնված երեխայի սերման հաստատումը ՔԿԱԳ մարմիններում

    1. Երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի հայրությունը հաստատվում է ՔԿԱԳ մարմիններին երեխայի հոր եւ մոր կողմից տրվող համատեղ դիմումի հիման վրա: Մոր մահվան, նրան անգործունակ ճանաչելու, մոր գտնվելու վայրի հաստատման անհնարինության կամ նրան ծնողական իրավունքներից զրկելու դեպքում երեխայի հայրությունը որոշվում է երեխայի հոր դիմումի հիման վրա՝ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի համաձայնությամբ, իսկ նման համաձայնության բացակայության դեպքում՝ դատարանի վճռով:

    2. Այնպիսի հանգամանքների առկայության դեպքում, որոնք հիմք են տալիս ենթադրել, որ հայրությունը հաստատելու մասին համատեղ դիմում ներկայացնելը կարող է երեխայի ծնվելուց հետո դառնալ անհնարին կամ դժվարանալ, ապագա երեխայի ծնողները, որոնք ամուսնության մեջ չեն գտնվում, կարող են նման դիմում ներկայացնել ՔԿԱԳ մարմնին՝ մոր հղիության ժամանակ: Երեխայի ծնողների մասին գրանցումը կատարվում է երեխայի ծնվելուց հետո:

    3. Տասնութ տարեկան /չափահաս/ դարձած անձի նկատմամբ հայրության հաստատում թույլատրվում է միայն նրա համաձայնությամբ, իսկ եթե նա ճանաչվել է անգործունակ՝ նրա խնամակալի կամ խնամակալության ու հոգաբարձության մարմնի համաձայնությամբ:

    Հոդված 58. Հայրությունը դատական կարգով որոշելը

    Ամուսնության մեջ չգտնվող ծնողներից երեխա ծնվելու դեպքում, եթե չկա ծնողների համատեղ դիմումը կամ երեխայի հոր դիմումը /սույն Օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին կետ/, երեխայի ծագումը կոնկրետ անձից /հայրությունը/ հաստատվում է դատական կարգով՝ ծնողներից մեկի, երեխայի խնամակալի /հոգաբարձուի/, այն անձի, որի խնամքի տակ է գտնվում երեխան, ինչպես նաեւ հենց իր՝ երեխայի՝ չափահաս դառնալուց հետո ներկայացրած դիմումի հիման վրա:

    Հայրությունը որոշելիս դատարանը նկատի է առնում երեխան ծնվելուց առաջ երեխայի մոր եւ ենթադրվող հոր համատեղ բնակվելը եւ ընդհանուր տնտեսություն վարելը, կամ նրանց կողմից երեխայի դաստիարակությունը կամ խնամքը, կամ այն ապացույցները, որոնք որոշակիորեն հաստատում են ենթադրվող հոր կողմից հայրության ընդունումը:

    Անհրաժեշտության դեպքում դատարանը կարող է նշանակել դատաբժշկական, դատակենսաբանական կամ այլ փորձաքննություններ:

    Դատարանն ուշադրության է արժանացնում ցանկացած ապացույցներ, որոնք արժանահավատությամբ հաստատում են երեխայի սերումը կոնկրետ անձից:

    Հոդված 59. Հայրության ճանաչման փաստի դատական հաստատումը

    Այն անձի մահվան դեպքում, որը իրեն երեխայի հայր է ճանաչել, բայց երեխայի մոր հետ ամուսնության մեջ չի գտնվել, նրա կողմից հայրության ճանաչման փաստը կարող է հաստատվել դատական կարգով՝ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված կանոններով:

    Հոդված 60. Երեխայի ծնողների գրանցումը ծնունդների գրանցման գրքում

    1. Ամուսնության մեջ գտնվող հայրն ու մայրը ծնունդների գրանցման գրքում երեխայի ծնողներ են գրանցվում նրանցից ցանկացածի դիմումի հիման վրա:

    2. Եթե ծնողներն իրար հետ ամուսնության մեջ չեն գտնվում, երեխայի մոր մասին գրանցումը կատարվում է մոր դիմումի հիման վրա, իսկ երեխայի հոր մասին գրանցումը՝ երեխայի հոր եւ մոր համատեղ դիմումի հիման վրա, կամ երեխայի հոր դիմումի հիման վրա /սույն Օրենսգրքի 57-րդ հոդված 1-ին կետ/ կամ հայրը գրանցվում է դատարանի վճռի համաձայն:

    3. Ամուսնության մեջ չգտնվող մորից երեխա ծնվելու դեպքում, երբ բացակայում է ծնողների համատեղ դիմումը կամ հայրությունը հաստատելու մասին դատարանի վճիռը, ծնունդների գրանցումների գրքում երեխայի հոր ազգանունը գրվում է մոր ազգանունով, երեխայի հոր անունն ու հայրանունը՝ մոր ցուցումով:

    Հոդված 61. Արհեստական սաղմնավորման կամ սաղմի պատվաստման մեթոդների կիրառումով ծնված երեխայի ծնողների գրանցումը

    1. Ամուսնության մեջ գտնվող անձինք, որ գրավոր ձեւով իրենց համաձայնությունն են տվել կիրառելու արհեստական սաղմնավորման կամ սաղմի պատվաստման մեթոդ, այդ մեթոդների կիրառման շնորհիվ նրանց երեխան ծնվելու դեպքում իրենք երեխայի ծնողներ են գրանցվում ծնունդների գրանցումների գրքում:

    2. Ամուսնության մեջ գտնվող անձինք, որ գրավոր ձեւով իրենց համաձայնությունն են տվել սաղմի պատվաստում կատարել ուրիշ կնոջ՝ երեխան իր մեջ հասունացնելու նպատակով, կարող են երեխայի ծնողներ գրանցվել միայն երեխա ծնած կնոջ /սուրրոգատ մոր/ համաձայնությամբ:

    Հոդված 62. Հայրության /մայրության/ վիճարկումը

    1. Սույն Օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերին համապատասխան ծնունդների գրանցման գրքում կատարված ծնողների գրանցումը կարող է վիճարկվել միայն դատական կարգով որպես երեխայի հայր կամ մայր գրանցված անձի կամ փաստորեն երեխայի հայր կամ մայր համարվող անձի պահանջով, երեխայի պահանջով՝ չափահասության հասնելուց հետո, ինչպես նաեւ երեխայի խնամակալի /հոգաբարձուի/, դատարանով անգործունակ ճանաչված ծնողի խնամակալի պահանջով:

    2. Սույն Օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ կետի հիման վրա երեխայի հայր գրանցված անձի հայրությունը վիճարկելու մասին պահանջը չի կարող բավարարվել, եթե գրանցելու պահին այդ անձին հայտնի է եղել, որ նա փաստորեն երեխայի հայրը չի համարվում:

    3. Ամուսինը, որը օրենքով սահմանված կարգով գրավոր ձեւով համաձայնություն է տվել կիրառելու արհեստական սաղմնավորում կամ սաղմի պատվաստում, իրավունք չունի հայրությունը վիճարկելիս հենվել այդ հանգամանքների վրա:

    Ամուսինները, որոնք համաձայնություն են տվել կատարելու սաղմի պատվաստում ուրիշ կնոջ, ինչպես նաեւ սուրրոգատ մայրը /սույն Օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ կետ/, իրավունք չունեն ծնունդների գրանցումների գրքում ծնողների գրանցում կատարելուց հետո մայրությունը եւ հայրությունը վիճարկելիս հենվել այդ հանգամանքների վրա:

    Հոդված 63. Ամուսնության մեջ չգտնվող անձերից ծնված երեխաների իրավունքներն ու պարտականությունները

    Հայրությունը սույն Օրենսգրքի 56-59-րդ հոդվածներով նախատեսված կարգով հաստատելու դեպքում երեխաները ծնողների եւ նրանց ազգականների նկատմամբ ունեն նույնպիսի իրավունքներ ու պարտականություններ, ինչպիսիք ունեն ամուսնության մեջ գտնվող անձանցից ծնված երեխաները:

    ԳԼՈՒԽ 11. ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

    Հոդված 64. Ընտանիքում ապրելու ու դաստիարակվելու երեխայի իրավունքը

    1. Երեխա համարվում է 18 տարեկան չդարձած /չափահասության չհասած/ անձը:

    2. Յուրաքանչյուր երեխա ունի ընտանիքում ապրելու եւ դաստիարակվելու իրավունք, որքան այդ հնարավոր է՝ իրենց ծնողներին ճանաչելու իրավունք, նրանց հոգատարությանն արժանանալու իրավունք, նրանց հետ համատեղ ապրելու իրավունք, բացի այն դեպքերից, երբ դա հակասում է նրա շահերին:

    3. Երեխան ունի իր ծնողներից դաստիարակություն ստանալու, իր շահերի ապահովության, համակողմանի զարգացման, իր մարդկային արժանիքները հարգելու իրավունք:

    Ծնողների բացակայության, նրանց ծնողական իրավունքներից զրկված լինելու եւ ծնողական հոգատարությունից զրկվելու այլ դեպքերում ընտանիքում դաստիարակվելու երեխայի իրավունքն ապահովվում է խնամակալության եւ հոգաբարձության մարմնի կողմից սույն Օրենսգրքի 18-րդ գլխով սահմանված կարգով:

    4. Երեխան ունի ֆիզիկական, մտավոր եւ հոգեւոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք:

    Հոդված 65. Երեխայի իրավունքը հաղորդակցվելու ծնողների եւ մյուս ազգականների հետ

    1. Երեխան ունի երկու ծնողների, պապի, տատի, եղբայրների, քույրերի, այլ ազգականների հետ հաղորդակցվելու իրավունք: Ծնողների ամուսնության լուծումը, այն անվավեր ճանաչելը կամ նրանց անջատ ապրելը չեն ազդում երեխայի իրավունքների վրա:

    Ծնողների անջատ ապրելու դեպքում երեխան ունի նրանցից յուրաքանչյուրի հետ հաղորդակցվելու իրավունք: Երեխան իր ծնողների հետ հաղորդակցվելու իրավունք ունի նաեւ նրանց տարբեր երկրներում ապրելու դեպքում:

    2. Արտակարգ իրադրության /ձերբակալում, կալանավորում, բուժական հաստատությունում գտնվելը եւ այլն/ մեջ գտնվող երեխան ունի իր ծնողների եւ մյուս ազգականների հետ հաղորդակցվելու իրավունք օրենքով սահմանված կարգով:

    3. Ծնողական խնամքի եւ հոգատարության տակ գտնվող երեխաները պարտավոր են լսել իրենց ծնողներին:

    Հոդված 66. Երեխայի պաշտպանության իրավունքը

    1. Երեխան ունի իր իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության իրավունք:

    Երեխայի իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունն իրականացվում է ծնողների /նրանց օրինական ներկայացուցիչների/ կողմից, իսկ սույն Օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ խնամակալության ու հոգաբարձության մարմնի եւ դատարանի կողմից:

    Անչափահասը, որն օրենքին համապատասխան ճանաչվել է լրիվ գործունակ մինչեւ չափահասության հասնելը, ունի իր իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում եւ պաշտպանության իրավունքն ինքնուրույն իրականացնելու իրավունք:

    2. Երեխան ունի ծնողների /նրանց փոխարինող անձանց/ կողմից չարաշահումներից պաշտպանվելու իրավունք:

    Երեխայի իրավունքների ու օրինական շահերի խախտման դեպքում, այդ թվում ծնողների /նրանցից մեկի/ կողմից երեխային դաստիարակելու, կրթության տալու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կամ ծնողական իրավունքները չարաշահելու դեպքերում երեխան իրավունք ունի պաշտպանության համար ինքնուրույնաբար դիմել խնամակալության ու հոգաբարձության մարմնին:

    3. Կազմակերպությունների պաշտոնատար անձինք եւ այլ քաղաքացիներ, որոնց հայտնի է դառնում երեխայի կյանքին ու առողջությանը սպառնալիքի, նրա իրավունքների ու օրինական շահերի խախտումների մասին, պարտավոր են այդ մասին հայտնել խնամակալության եւ հոգաբարձության մարմնին ըստ երեխայի փաստական գտնվելու վայրի: Նման տեղեկություններ ստանալիս խնամակալության ու հոգաբարձության մարմինը պարտավոր է ձեռք առնել երեխայի իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության անհրաժեշտ միջոցներ:

    Հոդված 67. Ծնողների /ծնողի/ հետ համատեղ չբնակվող երեխայի իրավունքը

    Ծնողների /ծնողի/ հետ համատեղ չբնակվող երեխան ունի նրանց /նրա/ հետ անձնական կանոնավոր փոխհարաբերությունների եւ ուղղակի կապերի պահպանման իրավունք՝ բացառությամբ սույն Օրենսգրքով սահմանված դեպքերի:

    Հոդված 68. Սեփական կարծիքն արտահայտելու երեխայի իրավունքը

    1. Երեխան իրավունք ունի արտահայտել իր կարծիքը նրա շահերը շոշափող ցանկացած հարց ընտանիքում լուծելիս, ինչպես նաեւ ունկնդիր լինել հարցի ցանկացած դատական կամ վարչական քննարկումների ընթացքում, եթե այդ քննարկումներին նրա մասնակցությունը բխում է երեխայի շահերից:

    2. Տասը տարեկան դարձած երեխայի կարծիքը հաշվի առնելը պարտադիր է, բացի այն դեպքերից, երբ այդ հակասում է նրա շահերին:

    3. Սույն Օրենսգրքով նախատեսված դեպքերում /70-րդ, 87-րդ, 152-րդ, 154-րդ, 156-րդ, 164-րդ, 176-րդ հոդվածներ/ խնամակալության ու հոգաբարձության մարմինը կամ դատարանը կարող են որոշում կայացնել միայն տասը տարեկան դարձած երեխայի համաձայնությամբ:

    Հոդված 69. Երեխայի անվան, հայրանվան եւ ազգանվան իրավունքը

    1. Երեխան ծննդյան պահից ունի անվան, հայրանվան եւ ազգանվան իրավունք:

    2. Երեխային անուն տրվում է ծնողների համաձայնությամբ, հայրանուն տրվում է հոր անունով` սույն Օրենսգրքի 56-61 հոդվածներով նախատեսված կարգով:

    3. Երեխայի ազգանունը որոշվում է ծնողների ազգանունով: Եթե ծնողները կրում են տարբեր ազգանուններ, ապա երեխային տրվում է հոր կամ մոր ազգանունը՝ ծնողների համաձայնությամբ:

    4. Ծնողների միջեւ երեխայի անվան եւ /կամ/ ազգանվան վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում առաջացած տարաձայնությունները լուծվում են խնամակալության եւ հոգաբարձության մարմնի կողմից:

    5. Եթե երեխայի հայրությունը չի հաստատվել, ապա երեխային անուն է տրվում մոր ցուցումով, հայրանուն տրվում է որպես երեխայի հայր գրանցված անձի անունով /սույն Օրենսգրքի 60-րդ հոդվածի 3-րդ կետ/, ազգանունը՝ մոր ազգանունով:

    Հոդված 70. Երեխայի անունն ու ազգանունը փոխելը

    1. Մինչեւ երեխայի տասնչորս տարեկան դառնալը նրա ծնողների համատեղ դիմումի հիման վրա եւ ելնելով երեխայի շահերից, ՔԿԱԳ իրականացնող պետական մարմինն իրավունք ունի փոխելու երեխայի անունը, ինչպես նաեւ փոխելու նրան տրված ազգանունը մյուս ծնողի ազգանունով:

    2. Եթե ծնողներն ապրում են առանձին եւ ծնողը, որի մոտ ապրում է երեխան, ցանկանում է նրան տալ իր ազգանունը, ապա հարցը լուծվում է, ելնելով երեխայի շահերից եւ հաշվի առնելով մյուս ծնողի կարծիքը: Ծնողի կարծիքը հաշվի առնելը պարտադիր չէ, եթե հնարավոր չէ պարզել նրա գտնվելու վայրը, նա զրկված է ծնողական իրավունքներից, դատարանի կողմից ճանաչված է անգործունակ, ինչպես նաեւ եթե նա առանց հարգելի պատճառների խուսափում է երեխային դաստիարակելուց ու պահելուց:

    3. Եթե երեխան ծնվել է ամուսնության մեջ չգտնվող ծնողներից եւ հայրությունն օրինական կարգով չի հաստատվել, ապա, ելնելով երեխայի շահերից, խնամակալության եւ հոգաբարձության մարմինը, կարող է մոր խնդրանքով թույլատրել փոխել նրա ազգանունը` նման խնդրանքով դիմելու պահին մոր ունեցած ազգանունով:

    4. Տասը տարեկան դարձած երեխայի անվան եւ /կամ/ ազգանվան փոփոխումը կարող է կատարվել միայն նրա համաձայնությամբ:

    Հոդված 71. Երեխայի գույքային իրավունքները

    1. Երեխան ապրուստի միջոցներ պահանջելու իրավունք ունի իր ծնողներից եւ ընտանիքի մյուս անդամներից` սույն Օրենսգրքի 5-րդ բաժնով սահմանված կարգով ու չափերով:

    2. Երեխային հասանելիք ալիմենտի, կենսաթոշակի, նպաստի գումարներն անցնում են ծնողների /նրանց փոխարինող անձանց/ տնօրինությանը եւ նրանց կողմից ծախսվում են երեխային պահելու, դաստիարակելու եւ կրթության համար:

    Դատարանը, անչափահաս երեխաներին ալիմենտ վճարելու պարտավոր ծնողի պահանջով, իրավասու է որոշում կայացնել վճարման ենթակա ալիմենտի գումարի ոչ ավելի հիսուն տոկոսը բանկերում անչափահաս երեխաների անունով բացված հաշվին փոխանցելու մասին:

    3. Երեխան սեփականության իրավունք ունի իր կողմից ստացած եկամուտների նկատմամբ, իր կողմից որպես նվեր կամ ժառանգման կարգով ստացված գույքի, ինչպես նաեւ երեխայի միջոցներով ձեռք բերված ցանկացած այլ գույքի նկատմամբ:

    Սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը տնօրինելու երեխայի իրավունքը որոշվում է Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 29-30 հոդվածներով:

    Ծնողների կողմից երեխայի գույքը կառավարելու իրավազորություններն իրականացնելիս նրանց վրա տարածվում են խնամարկյալի գույքի տնօրինման վերաբերյալ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կանոնները /Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդված/:

    4. Երեխան սեփականության իրավունք չունի ծնողների գույքի նկատմամբ, ծնողները սեփականության իրավունք չունեն երեխայի գույքի նկատմամբ: Համատեղ ապրող երեխաներն ու ծնողները կարող են մեկը մյուսի գույքը տիրապետել ու օգտագործել փոխադարձ համաձայնությամբ:

    5. Ընդհանուր սեփականության իրավունքով ծնողներին ու զավակներին պատկանող գույքը տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու նրանց իրավունքները որոշվում են քաղաքացիական օրենսդրությամբ:

    Հոդված 72. Ընդհանուր ընտանեկան ծախսերը ծածկելուն զավակներիմասնակցությունը

    Ծնողների հետ համատեղ ապրող եւ սեփական աշխատանքային եկամուտներ ունեցող զավակները պարտավոր են մասնակցել ընտանիքը պահելու հետ կապված ծախսերը ծածկելուն:

    Ծնողների խնամքի տակ գտնվող եւ նրանց հետ համատեղ ապրող զավակները պարտավոր են օգնել ծնողներին ընդհանուր տնտեսության մեջ:
     
     

    ԳԼՈՒԽ 12. ԾՆՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Հոդված 73. Ծնողների իրավունքների ու պարտականությունների հավասարությունը

    1. Ծնողները հավասար իրավունքներ ունեն եւ հավասար պարտականություններ են կրում իրենց երեխաների նկատմամբ /ծնողական իրավունքներ/:

    2. Սույն գլխով նախատեսված ծնողական իրավունքները դադարում են երեխաների տասնութ տարեկան /չափահաս/ դառնալով, ինչպես նաեւ օրենքով սահմանված դեպքերում անչափահաս երեխաների ամուսնանալու եւ մինչեւ չափահաս դառնալը երեխաների կողմից լրիվ գործունակություն ձեռք բերելու օրենքով սահմանված այլ դեպքերում:

    Հոդված 74. Անչափահաս ծնողների իրավունքները

    1. Անչափահաս ծնողներն ունեն երեխայի հետ համատեղ ապրելու եւ նրա դաստիարակությանը մասնակցելու իրավունքներ ու համապատասխան պարտականություններ:

    2. Ամուսնության մեջ չգտնվող անչափահաս ծնողներից երեխա ծնվելու դեպքում եւ նրանց մայրությունն ու /կամ/ հայրությունը հաստատելիս ծնողներն իրավասու են ինքնուրույնաբար իրականացնելու ծնողական իրավունքները ամուսնական տարիքի հասնելուց հետո:

    3. Անչափահաս ծնողներն իրավունք ունեն ընդունել եւ վիճարկել իրենց հայրությունը եւ մայրությունը ընդհանուր հիմունքներով:

    Հոդված 75. Երեխաներին դաստիարակելու եւ կրթություն տալու ծնողների իրավունքներն ու պարտականությունները

    1. Ծնողներն իրավունք ունեն եւ պարտավոր են դաստիարակել իրենց երեխաներին:

    Ծնողները պատասխանատվություն են կրում իրենց երեխաների դաստիարակության ու զարգացման համար: Նրանք պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգեւոր եւ բարոյական զարգացման մասին:

    Ծնողներն ունեն իրենց երեխաներին դաստիարակելու նախապատվության իրավունք մյուս բոլոր անձանց հանդեպ:

    2. Ծնողները պարտավոր են ապահովել երեխաների հիմնական ընդհանուր կրթություն ստանալը:

    Ծնողները, երեխաների կարծիքը հաշվի առնելով հանդերձ, ունեն կրթական հաստատության եւ երեխաների ուսուցման ձեւի ընտրության իրավունք` մինչեւ երեխաների հիմնական ընդհանուր կրթություն ստանալը:

    Հոդված 76. Երեխաների իրավունքներն ու շահերը պաշտպանելու ծնողների իրավունքներն ու պարտականությունները

    1. Երեխաների իրավունքների ու շահերի պաշտպանությունը դրվում է նրանց ծնողների վրա:

    Ծնողները համարվում են իրենց երեխաների օրինական ներկայացուցիչները եւ նրանց իրավունքների ու շահերի պաշտպանությամբ հանդես են գալիս ցանկացած քաղաքացիների ու իրավաբանական անձանց հարաբերություններում, այդ թվում` դատարանում, առանց հատուկ լիազորությունների:

    2. Ծնողներն իրավասու չեն ներկայացնել իրենց երեխաների շահերը, եթե խնամակալության ու հոգաբարձության մարմինների կողմից հաստատվել է, որ ծնողների ու երեխաների շահերի միջեւ կան հակասություններ: Ծնողների ու երեխաների միջեւ տարաձայնությունների առկայության դեպքում խնամակալության ու հոգաբարձության մարմինը պարտավոր է ներկայացուցիչ նշանակել երեխաների իրավունքների ու շահերի պաշտպանության համար:

    Հոդված 77. Ծնողական իրավունքների իրականացումը

    1. Ծնողական իրավունքները չեն կարող իրականացվել երեխաների շահերին հակառակ: Երեխաների շահերի ապահովումը պետք է լինի նրանց ծնողների հիմնական հոգածության առարկան:

    Ծնողական իրավունքներն իրականացնելիս ծնողները չպետք է վնաս պատճառեն երեխաների ֆիզիկական եւ հոգեկան առողջությանը, նրանց բարոյական զարգացմանը: Երեխաների դաստիարակության եղանակները պետք է բացառեն երեխաների նկատմամբ արհամարհական, դաժան, կոպիտ, մարդկային արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը, վիրավորանքը կամ շահագործումը:

    Ծնողական իրավունքները երեխաների իրավունքներին ու շահերին ի վնաս իրականացնող ծնողները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

    2. Երեխաների դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող բոլոր հարցերը ծնողները լուծում են փոխադարձ համաձայնությամբ, ելնելով երեխաների շահերից եւ հաշվի առնելով երեխաների կարծիքը: Ծնողները /նրանցից մեկը/, նրանց միջեւ տարաձայնության առկայության դեպքում, իրավասու են այդ տարաձայնությունները լուծելու համար դիմել խնամակալության ու հոգաբարձության մարմնին կամ դատարանին:

    Հոդված 78. Երեխաների բնակության վայրը որոշելը

    Ծնողների առանձին ապրելու դեպքում, երեխաների բնակության վայրը որոշվում է ծնողների համաձայնությամբ:

    Համաձայնության բացակայության դեպքում ծնողների միջեւ վեճը լուծվում է դատարանի կողմից, ելնելով երեխաների շահերից եւ հաշվի առնելով երեխաների կարծիքը: Ըստ որում, դատարանը հաշվի է առնում երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրնրի հետ, երեխայի տարիքը, ծնողների բարոյական եւ այլ անձնական որակները, ծնողներից ամեն մեկի եւ երեխայի միջեւ գոյություն ունեցող հարաբերությունները, երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը /ծնողների գործունեության բնույթը, աշխատանքի ռեժիմը, նրանց նյութական ու ընտանեկան դրությունը եւ այլն/:

    Հոդված 79. Երեխայից առանձին ապրող ծնողի կողմից ծնողական իրավունքների իրականացումը

    1. Երեխայից առանձին ապրող ծնողն իրավասու է շփվելու երեխայի հետ, մասնակցելու նրա դաստիարակությանը եւ երեխայի կողմից կրթություն ստանալու հարցերի լուծմանը:

    Ծնողը, որի հետ ապրում է երեխան, չպետք է արգելք հանդիսանա մյուս ծնողի հետ երեխայի շփվելուն, եթե նման շփումը վնաս չի պատճառում երեխայի ֆիզիկական ու հոգեկան առողջությանը, նրա բարոյական զարգացմանը:

    2.  Ծնողներն իրավասու են գրավոր համաձայնություն կայացնել երեխայից առանձին ապրող ծնողի կողմից ծնողական իրավունքների իրականացման կարգի մասին:

    Եթե ծնողները չեն կարողանում համաձայնության գալ, ծնողների /նրանցից մեկի/ պահանջով վեճը լուծում է դատարանը՝ խնամակալության ու հոգաբարձության մարմնի մասնակցությամբ:

    3. Դատարանի վճիռը չկատարելու դեպքում մեղավոր ծնողի նկատմամբ կիրառվում են քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ նախատեսված միջոցներ: Դատարանի վճիռը չարամտորեն չկատարելիս դատարանը երեխայից առանձին ապրող ծնողի պահանջով կարող է վճիռ կայացնել երեխան նրան հանձնելու մասին, ելներով երեխայի շահերից եւ հաշվի առնելով երեխայի կարծիքը:

    4. Երեխայից առանձին ապրող ծնողն իրավունք ունի տեղեկատվություն ստանալ իր երեխայի մասին դաստիարակչական ու բուժական հաստատություններից, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության եւ նման այլ հաստատություններից: Տեղեկատվություն տրամադրելը կարելի է մերժել միայն երեխայի կյանքի եւ առողջության համար ծնողի կողմից վտանգի առկայության դեպքում: տեղեկատվություն տալու մերժումը կարող է վիճարկվել դատական կարգով:

    Հոդված 80. Խորթ զավակներին դաստիարակելու եւ խնամելու խորթ ծնողների պարտականությունը

    Խորթ ծնողները պարտավոր են պատշաճորեն դաստիարակել իրենց ամուսնու՝ նախկին ամուսնությունից ունեցած եւ իրենց հետ համատեղ ապրող անչափահաս երեխաներին /խորթ զավակներին/ եւ խնամել նրանց:

    Հոդված 81. Պապի, տատի, եղբայրների, քույրերի եւ մյուս ազգականների՝ երեխայի հետ շփվելու իրավունքը

    1. Պապը, տատը, եղբայրները, քույրերը եւ մյուս ազգականներն իրավունք ունեն շփվել երեխայի հետ :

    2. Մերձավոր ազգականների հետ երեխայի շփվելու հնարավորւթյուն տալուց ծնողների /նրանցից մեկի/ հրաժարվելու դեպքում խնամակալության եւ հոգաբարձության մարմինը կարող է պարտավորեցնել ծնողներին /նրանցից մեկին/` չխանգարել այդ շփմանը:

    3. Եթե ծնողները /նրանցից մեկը/ չեն ենթարկվում խնամակալության ու հոգաբարձության մարմնի որոշմանը, երեխայի մերձավոր ազգականները կամ խնամակալության ու հոգաբարձության մարմինն իրավասու են երեխայի հետ շփվելու արգելքները վերացնելու մասին հայցով դիմել դատարան: Դատարանը լուծում է վեճը, ելնելով երեխայի շահերից եւ հաշվի առնելով երեխայի կարծիքը:

    Դատարանի վճիռը չկատարելու դեպքում մեղավոր ծնողի նկատմամբ կիրառվում են Դատական ակտերի հարկադիր կատարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված միջոցները :

    Հոդված 82. Ծնողական իրավունքների պաշտպանությունը

    1. Ծնողներն իրավասու են պահանջելու ետ վերադարձնել երեխային ամեն մի անձից, ով երեխային իր մոտ է պահում առանց օրինական հիմքի կամ առանց դատարանի վճռի: Վեճ ծագելու դեպքում ծնողներն իրենց իրավունքները պաշտպանելու համար կարող են դիմել դատարան:

    Այդ պահանջները քննարկելիս դատարանն իրավասու է, հաշվի առնելով երեխայի կարծիքը, մերժել ծնողների հայցի բավարարումը, եթե կգա այն եզրակացության, որ երեխան ծնողներին հանձնելը չի բխում երեխայի շահերից:

    2. Եթե դատարանով հաստատվում է, որ ո՛չ ծնողները, ո՛չ էլ այն անձը, որի մոտ գտնվում է երեխան, ի վիճակի չեն ապահովել նրա պատշաճ դաստիարակությունն ու զարգացումը, դատարանը երեխային հանձնում է խնամակալության ու հոգաբարձության մարմնի խնամքին:

    Հոդված 83. Ծնողական իրավունքներից զրկելը

    1. Ծնողները /նրանցից մեկը/կարող են զրկվել ծնողական իրավունքներից, եթե նրանք՝
     

  • խուսափում են ծնողների պարտականությունները կատարելուց, այդ թվում՝ ալիմենտ վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքում.
     
  • առանց հարգելի պատճառների հրաժարվում են վերցնել իրենց երեխային ծննդատնից կամ բուժական, դաստիարակչական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության կամ համանման այլ հաստատություններից.
     
  • չարաշահում են իրենց ծնողական իրավունքները.
     
  • դաժանաբար են վարվում երեխաների հետ, այդ թվում` ֆիզիկական կամ հոգեկան բռնություն են գործադրում նրանց նկատմամբ, ոտնձգում են նրանց սեռական անձեռնմխելիության դեմ.
     
  • հիվանդ են խրոնիկական հարբեցողությամբ կամ թմրադեղամոլությամբ.
     
  • նրանց վրա վնասակար ազգեցություն են գործում իրենց բարոյազուրկ, հակահասարակական վարքով.
     
  • կատարել են դիտավորյալ հանցագործություն իրենց երեխաների կյանքի կամ առողջության, կամ ամուսնու կյանքի կամ առողջության դեմ:
     

    Հոդված 84. Ծնողական իրավունքներից զրկելու կարգը

    1. Ծնողական իրավունքներից զրկելը կատարվում է դատական կարգով:

    Ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ գործերը քննվում են ծնողներից մեկի /կամ նրանց փոխարինողների/, ինչպես նաեւ այն մարմինների ու հաստատությունների դիմումով, որոնց վրա դրված են անչափահաս երեխաների իրավունքների պահպանության /խնամակալության ու հոգաբարձության մարմիններ, անչափահասների գործերով հանձնաժողովներ, որբ երեխաների եւ առանց ծնողների խնամքի մնացած երեխաների համար հաստատություններ եւ այլն/ պարտականությունները:

    2. Ծնողական իրավունքներից զրկելու մասին գործերը քննվում են խնամակալության եւ հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ:

    3. Ծնողական իրավունքներից զրկելու մասին գործերը քննելիս դատարանը լուծում է ծնողական իրավունքներից զրկված ծնողներից /նրանցից մեկից/ երեխայի համար ալիմենտ բռնագանձելու հարցը:

    4. Եթե դատարանը ծնողական իրավունքներից զրկելու մասին գործը քննելիս ծնողների /նրանցից մեկի/ գործողություններում ի հայտ է բերում քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ, ապա պարտավոր է այդ մասին հայտնել դատախազություն:

    5. Դատարանը պարտավոր է ծնողական իրավունքներից զրկելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից երեք օրվա ընթացքում դատարանի այդ վճռի քաղվածքն ուղարկել երեխայի ծննդի պետական գրանցման վայրի ՔԿԱԳ մարմնին:

    Հոդված 85. Ծնողական իրավունքներից զրկելու հետեւանքները

    1. Ծնողական իրավունքներից զրկված ծնողները կորցնում են այն երեխայի հետ ազգակցական փաստի վրա հիմնված բոլոր իրավունքները, որի նկատմամբ ծնողական իրավունքներից նրանք զրկվել են, այդ թվում՝ նրանցից ապրուստի միջոց ստանալու իրավունքը /սույն Օրենսգրքի 103-րդ հոդված/, ինչպես նաեւ երեխաներ ունեցող քաղաքացիների համար սահմանված արտոնությունների ու պետական նպաստների իրավունքը:

    2. Ծնողական իրավունքներից զրկելը ծնողներին չի ազատում իրենց երեխայի ապրուստը հոգալու պարտականությունից:

    3. Երեխայի եւ ծնողական իրավունքից զրկված ծնողների /նրանցից մեկի/ հետագայում համատեղ ապրելու մասին հարցը լուծում է դատարանը բնակարանային օրենսդրությամբ սահմանված կարգով:

    4. Երեխան, որի նկատմամբ ծնողները /նրանցից մեկը/ զրկվել են ծնողական իրավունքներից, պահպանում է բնակելի շինության նկատմամբ սեփականության իրավունքը կամ բնակելի շինության օգտագործման իրավունքը, ինչպես նաեւ պահպանում է ծնողների եւ մյուս ազգականների հետ ազգակցության փաստի վրա հիմնված գույքային իրավունքները, այդ թվում՝ ժառանգություն ստանալու իրավունքը:

    5. Երեխան մյուս ծնողին հանձնելու անհնարինության կամ երկու ծնողներին էլ ծնողական իրավունքից զրկելու դեպքում հանձնվում է խնամակալության եւ հոգաբարձության մարմնին:

    Հոդված 86. Ծնողական իրավունքներից զրկված ծնողների երեխայի որդեգրումը

    Ծնողներին կամ նրանցից մեկին ծնողական իրավունքներից զրկելու դեպքում երեխային որդեգրել թույլատրվում է ոչ շուտ, քան ծնողներին /նրանցից մեկին/ ծնողական իրավունքներից զրկելու մասին դատարանի վճիռն ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամիս անցնելուց հետո:

    Հոդված 87. Ծնողական իրավունքների վերականգնումը

    1. Ծնողական իրավունքները կարող են վերականգնվել, եթե ծնողները փոխել են իրենց վարքագիծը, կենսաձեւը եւ /կամ/ երեխայի դաստիարակության նկատմամբ վերաբերմունքը:

    2. Ծնողների իրավունքների վերականգնումն իրականացվում է դատական կարգով՝ ծնողական իրավունքներից զրկված ծնողի դիմումի հիման վրա: Ծնողական իրավունքների վերականգնման մասին գործերը քննության են առնվում խնամակալության եւ հոգաբարձության մարմնի մասնակցությամբ:

    3. Տասը տարեկան դարձած երեխայի նկատմամբ ծնողական իրավունքների վերականգնումը կատարվում է միայն նրա համաձայնությամբ:

    4. Ծնողական իրավունքների վերականգման մասին ծնողների /նրանցից մեկի/ դիմումի հետ միաժամանակ կարող է քննության առնվել նաեւ երեխան ծնողներին /նրանցից մեկին/ վերադարձնելու մասին պահանջը:

    Հոդված 88. Ծնողական իրավունքների վերականգնման հայցի մերժումը

    1. Դատարանն իրավասու է, հաշվի առնելով երեխայի կարծիքը, մերժել ծնողական իրավունքների վերականգնման մասին ծնողների /նրանցից մեկի/ հայցի բավարարումը, եթե ծնողական իրավունքների վերականգնումը հակասում է երեխայի շահերին:

    2. Ծնողական իրավունքների վերականգնում չի թույլատրվում, եթե երեխան որդեգրված է եւ որդեգրումը չի վերացվել /սույն Օրենսգրքի 161-րդ հոդված/:

    Հոդված 89. Ծնողական իրավունքների սահմանափակումը

    1. Դատարանը, հաշվի առնելով երեխայի շահերը, կարող է վճիռ կայացնել առանց ծնողներին ծնողական իրավունքից զրկելու, երեխային ծնողներից /նրանցից մեկից/ վերցնելու /ծնողական իրավունքների սահմանափակման/ մասին:

    2. Ծնողական իրավունքների սահմանափակում թույլատրվում է, եթե երեխային ծնողների /նրանցից մեկի/ հետ թողնելը վտանգավոր է երեխայի համար ծնողներից /նրանցից մեկից/ անկախ հանգամանքներով /հոգեկան խանգարում կամ այլ խրոնիկական հիվանդություն, ծանր հանգամանքների զուգադիպում եւ այլն/:

    Ծնողական իրավունքների սահմանափակում թույլատրվում է նաեւ այն դեպքերում, երբ թեեւ երեխային ծնողների /նրանցից մեկի/ մոտ թողնելը վերջիններիս վարքագծի հետեւանքով վտանգավոր է համարվում երեխայի համար, բայց ծնողներին /նրանցից մեկին/ ծնողական իրավունքներից զրկելու համար բավարար հիմքեր չկան: Եթե ծնողները /նրանցից մեկը/ չեն փոխում իրենց վարքագիծը, խնամակալության եւ հոգաբարձության մարմինը ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի կողմից վճիռ կայացնելուց վեց ամիս անցնելուց հետո պարտավոր է հայց ներկայացնել ծնողներին ծնողական իրավունքներից զրկելու մասին: Երեխայի շահերից ելնելով խնամակալության եւ հոգաբարձության մարմինն իրավասու է ծնողներին /նրանցից մեկին/ ծնողական իրավունքներից զրկելու մասին հայց ներկայացնել մինչեւ այդ ժամկետը լրանալը:

    3. Ծնողական իրավունքների սահմանափակման մասին հայց ներկայացնել կարող են երեխայի մերձավոր ազգականները /պապը, տատը, հորեղբայրը, մորեղբայրը, հորաքույրը, մորաքույրը/, այն մարմիններն ու հաստատությունները, որոնց վրա օրենքով դրված են անչափահաս երեխաների իրավունքների պահպանման պարտականությունները /սույն Օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին կետ/, նախադպրոցական կրթական հաստատությունները, հանրակրթական եւ այլ հաստատություններ:

    4. Ծնողական իրավունքների սահմանափակման մասին գործերը քննության են առնվում խնամակալության ու հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ:

    5. Ծնողների իրավունքների սահմանափակման մասին գործերը քննության առնելիս դատարանը որոշում է ծնողներից /նրանցից մեկից/ երեխայի օգտին ալիմենտ բռնագանձելու հարցը:

    Հոդված 90. Ծնողական իրավունքների սահմանափակման հետեւանքները

    1. Ծնողները, որոնց ծնողական իրավունքները դատարանով սահմանափակվել են, կորցնում են երեխային անձամբ դաստիարակելու իրավունքը, ինչպես նաեւ երեխաներ ունեցող քաղաքացիների համար սահմանված արտոնությունների ու պետական նպաստների իրավունքը:

    2. Ծնողական իրավունքների սահմանափակումը ծնողներին չի ազատում երեխաների ապրուստը հոգալու պարտականությունից;

    3. Երեխան, որի նկատմամբ ծնողների /նրանցից մեկի/ ծնողական իրավունքները սահմանափակվել են, պահպանում է բնակելի տարածության նկատմամբ սեփականության իրավունքը կամ բնակելի տարածության օգտագործման իրավունքը, ինչպես նաեւ պահպանում է ծնողների եւ մյուս ազգականների հետ ազգակցական փաստի վրա հիմնված գույքային իրավունքները, այդ թվում՝ ժառանգություն ստանալու իրավունքը:

    4. Երկու ծնողների ծնողական իրավունքների սահմանափակման դեպքում երեխան հանձնվում է խնամակալության եւ հոգաբարձության մարմինների խնամքին:

    Հոդված 91. Երեխայի շփումը ծնողական իրավունքները սահմանափակված ծնողների հետ

    Ծնողներին, որոնց ծնողական իրավունքները դատարանով սահմանափակվել են, կարելի է թույլատրել կապ ունենալու երեխայի հետ, եթե դա երեխայի վրա վնասակար ազդեցության չի գործում: Երեխայի հետ ծնողների շփումը թույլատրվում է խնամակալության ու հոգաբարձության մարմնի, երեխայի խնամակալի /հոգաբարձուի/ կամ խնամատար ծնողների համաձայնությամբ, կամ այն հաստատության ղեկավարի կամ փոխարինող անձի համաձայնությամբ, որտեղ գտնվում է երեխան:

    Հոդված 92. Ծնողական իրավունքների սահմանափակման վերացումը

    1. Եթե վերացել են այն հիմքերը, որոնց հիման վրա սահմանափակվել են ծնողների /նրանցից մեկի/ ծնողական իրավունքները, դատարանը ծնողների /նրանցից մեկի/ հայցի հիման վրա կարող է որոշում կայացնել երեխային իր ծնողներին /նրանցից մեկին/ վերադարձնելու եւ սույն Օրենսգրքի 90-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները վերացնելու մասին:

    2. Դատարանը, հաշվի առնելով տասը տարեկան երեխայի կարծիքը, իրավասու է մերժել հայցի բավարարումը, եթե երեխան ծնողներին /նրանցից մեկին/ վերադարձնելը հակասում է նրա շահերին:

    Հոդված 93. Երեխային վերցնելը երեխայի կյանքի կամ նրա առողջության համար անմիջական սպառնալիքի դեպքում

    1. Երեխայի կյանքին կամ նրա առողջությանն անմիջական սպառնալիքի դեպքում խնամակալության ու հոգաբարձության մարմինն իրավասու է անհապաղ երեխային վերցնել ծնողներից /նրանցից մեկից/ կամ այլ անձանցից, որոնց խնամքին է գտնվել երեխան:

    Երեխային անհապաղ վերցնելը տեղի է ունենում խնամակալության ու հոգաբարձության մարմնի կողմից՝ տեղական ինքնակառավարման մարմնի համապատասխան ակտի հիման վրա:

    2. Երեխան վերցնելիս խնամակալության ու հոգաբարձության մարմինն անհրաժեշտության դեպքում պարտավոր է անհապաղ ապահովել երեխայի ժամանակավոր տեղավորումը եւ երեխան վերցնելու մասին տեղական ինքնակառավարման մարմնի կողմից որոշում կայացնելուց հետո յոթ օրվա ընթացքում դիմել դատարան` ծնողներին ծնողական իրավունքներից զրկելու կամ նրանց ծնողական իրավունքները սահմանափակելու հայցով:

    Հոդված 94. Խնամակալության եւ հոգաբարձության մարմնի մասնակցությունը երեխաների դաստիարակության հետ կապված վեճերը դատարանի կողմից քննելիս

    1. Երեխաների դաստիարակության հետ կապված վեճերը դատարանի կողմից քննելիս, անկախ նրանից՝ ում կողմից է հայց ներկայացվել երեխայի պաշտպանության համար, գործին պետք է մասնակից դարձվի խնամակալության եւ հոգաբարձության մարմինը:

    2. Խնամակալության եւ հոգաբարձության մարմինը պարտավոր է անցկացնել երեխայի եւ այն անձի /անձանց/ կյանքի հետազոտում, ով հավակնում է նրա դաստիարակությանը, եւ դատարան ներկայացնել հետազոտման ակտն ու նրա հիման վրա վեճի էության մասին եզրակացությունը:

    Հոդված 95. Երեխաների դաստիարակության հետ կապված դատական վճիռների կատարումը

    1. Երեխաների դաստիարակության հետ կապված դատական վճիռների կատարումն իրականացվում է հարկադիր կատարողի կողմից՝ դատական ակտերի հարկադիր կատարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

    Եթե ծնողը /այլ անձ, որի խնամքին գտնվում է երեխան/ խանգարում է դատարանի վճռի կատարմանը, նրա նկատմամբ կիրառվում են քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ նախատեսված միջոցներ:

    2. Երեխան վերցնելու եւ այլ անձի /անձանց/ հանձնելու հետ կապված վճիռների հարկադիր կատարումը պետք է իրականացվի խնամակալության ու հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ եւ այն անձի /անձանց/ մասնակցությամբ, որին հանձնվում է երեխան, իսկ անհրաժեշտ դեպքերում՝ ներքին գործերի մարմինների ներկայացուցչի մասնակցությամբ:

    Երեխան հանձնելու մասին դատարանի վճիռը, առանց երեխայի շահերին վնասելու, կատարման անհնարինության դեպքում երեխան կարող է դատարանի որոշմամբ ժամանակավորապես տեղավորվել դաստիարակչական հաստատություններում, բուժական հաստատություններում, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության կամ նույնանման այլ հաստատություններում:

    ԲԱԺԻՆ 5.

    ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱԼԻՄԵՆՏԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    ԳԼՈՒԽ 13. ԾՆՈՂՆԵՐԻ ՈՒ ԶԱՎԱԿՆԵՐԻ ԱԼԻՄԵՆՏԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Հոդված 96. Անչափահաս երեխաների ապրուստը հոգալու ծնողների պարտականությունները

    1. Ծնողները պարտավոր են պահել իրենց անչափահաս զավակներին:

    Անչափահաս զավակներին ապրուստի միջոց տրամադրելու կարգն ու ձեւը որոշում են ծնողներն ինքնուրույնաբար:

    Ծնողներն իրավասու են համաձայնություն կայացնել իրենց անչափահաս երեխաներին պահելու մասին /համաձայնություն ալիմենտ վճարելու մասին/ սույն Օրենսգրքի 16-րդ գլխին համապատասխան:

    2. Այն դեպքում, երբ ծնողները ապրուստի միջոց չեն տրամադրում իրենց անչափահաս երեխաներին, վերջիններիս պահելու համար միջոցները /ալիմենտը/ ծնողներից բռնագանձվում են դատական կարգով:

    3. Ծնողների միջեւ ալիմենտի վճարման մասին համաձայնության բացակայության, անչափահաս երեխաներին ապրուստի միջոց չտրամադրելու եւ դատարան հայց չներկայացվելու դեպքերում խնամակալության ու հոգաբարձության մարմինն իրավասու է հայց ներկայացնել ծնողների /նրանցից մեկի/ դեմ` անչափահաս երեխաների համար ալիմենտ բռնագանձելու մասին:

    Հոդված 97. Անչափահաս երեխաների համար դատական կարգով բռնագանձվող ալիմենտների չափը

    1. Անչափահաս երեխաների համար ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում ալիմենտը ծնողներից դատարանով բռնագանձվում է ամենամսյա կարգով, հետեւյալ չափերով. մեկ երեխայի համար ծնողների վաստակի եւ /կամ/ այլ եկամտի մեկ քառորդը, երկու երեխաների համար` մեկ երրորդը, երեք եւ ավելի երեխաների համար` կեսը, բայց յուրաքանչյուր երեխայի համար ամսեկան նվազագույն աշխատավարձի չափից ոչ պակաս:

    Գործազրկության նպաստ ստացող ծնողներից ալիմենտ է բռնագանձվում հետեւյալ չափերով. մեկ երեխայի համար` նպաստի մեկ քառորդը, երկու երեխաների համար` մեկ երրորդը, երեք եւ ավելի երեխաների համար` կեսը, բայց յուրաքանչյուր երեխայի համար սահմանված գործազրկության նպաստի 20 տոկոսից ոչ պակաս:

    2. Սույն հոդվածի առաջին կետով նախատեսված բաժինների չափերը կարող են դատարանով պակասեցվել կամ ավելացվել, հաշվի առնելով կողմերի նյութական կամ ընտանեկան դրությունը եւ ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

    Հոդված 98. Վաստակի եւ /կամ/ այլ եկամտի տեսակները, որոնցից ալիմենտներ է պահվում անչափահաս երեխաների համար

    Վաստակի եւ /կամ/ այլ եկամտի տեսակները, որ ստանում են ծնողները դրամով եւ /կամ/ տարադրամով եւ որոնցից ալիմենտ է պահվում անչափահաս երեխաների օգտին սույն Օրենսգրքի 97-րդ հոդվածին համապատասխան, որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    Հոդված 99. Անչափահաս երեխաների համար ալիմենտի բռնագանձումը կայուն դրամական գումարով:

    1. Ծնողների միջեւ անչափահաս երեխաների համար ալիմենտի վճարման վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում եւ այն դեպքերում, երբ անչափահաս երեխաների համար ալիմենտ վճարելու պարտականություն ունեցող ծնողն ունի ոչ կանոնավոր, փոփոխվող վաստակ եւ /կամ/ այլ եկամուտ, կամ եթե այդ ծնողը վաստակը /կամ/ այլ եկամուտն ամբողջությամբ կամ մասամբ ստանում է բնամթերքով կամ արտասահմանյան տարադրամով, կամ եթե նա չունի վաստակ /կամ/ այլ եկամուտ, ինչպես նաեւ այլ դեպքերում, երբ ծնողի վաստակից եւ /կամ/ այլ եկամուտներից բաժնային հարաբերությամբ ալիմենտի բռնագանձումն անհնար է, դժվար է կամ էականորեն խախտում է կողմերից մեկի շահերը, դատարանն իրավասու է որոշել ծնողներից ամեն ամիս բռնագանձվող ալիմենտների չափը կայուն դրամական գումարով կամ միաժամանակ եւ՛ բաժիններով /սույն Օրենսգրքի 92-րդ հոդվածին համապատասխան/, եւ՛ կայուն դրամական գումարով:

    2. Կայուն դրամական գումարի չափը որոշում է դատարանը, ելնելով երեխայի համար նրա ապահովվածության նախկին մակարդակի առավելագույնս պահպանման հնարավորությունից, հաշվի առնելով կողմերի նյութական ու ընտանեկան դրությունը եւ ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

    3. Եթե յուրաքանչյուր ծնողի մոտ երեխաներ են մնում, ավելի պակաս ապահովված ծնողի օգտին մյուս ծնողից բռնագանձվելիք ալիմենտի չափը դատարանը որոշում է սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ ամեն ամիս բռնագանձվող կայուն դրամական գումարով:

    Հոդված 100. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար ալիմենտի բռնագանձումը եւ օգտագործումը

    1. Առանց ծնողների խնամքի մնացած երեխաների համար ալիմենտը բռնագանձվում է սույն Օրենսգրքի 97-99 հոդվածներին համապատասխան եւ վճարվում է երեխաների խնամակալին /հոգաբարձուին/ կամ նրանց խնամատար ծնողներին:

    2. Առանց ծնողների խնամքի մնացած եւ դաստիարակչական հաստատություններում, բուժական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության եւ նման այլ հաստատություններում գտնվող երեխաների համար ծնողներից բռնագանձվող ալիմենտների գումարները փոխանցվում են այդ հաստատությունների հաշվին, որտեղ դրանք հաշվառվում են ամեն մի երեխայի համար առանձին:

    Նշված հաստատություններն իրավասու են այդ գումարները պահել բանկում: Ալիմենտի ստացված գումարի շրջանառության եկամտի հիսուն տոկոսն օգտագործվում է նշված հաստատություններում երեխաներին պահելու համար: Նման հաստատությունը երեխայի կողմից թողնելուց հետո նրա անունով ստացված ալիմենտի գումարը եւ նրա շրջանառությունից ստացված եկամտի հիսուն տոկոսը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության Խնայողական բանկում երեխայի անվամբ բացված հաշվին:

    Հոդված 101. Անաշխատունակ չափահաս զավակների ալիմենտի իրավունքը

    1. Ծնողները պարտավոր են ապրուստի միջոցներ տրամադրել իրենց օգնության կարոտ անաշխատունակ չափահաս զավակներին:

    2. Ծնողների եւ զավակների միջեւ ալիմենտ վճարելու մասին համաձայնության բացակայության դեպքում անաշխատունակ չափահաս զավակների համար ալիմենտի չափը դատարանը որոշում է կայուն դրամական գումարով, որը ենթակա է վճարման ամեն ամիս, ելնելով կողմերի նյութական եւ ընտանեկան դրությունից եւ ուշադրության արժանի այլ շահերից:

    Հոդված 102. Ծնողների մասնակցությունը երեխաների համար կատարվող լրացուցիչ ծախսերին

    1. Համաձայնության բացակայության եւ բացառիկ հանգամանքների /ծանր հիվանդության, անչափահաս երեխաների կամ անաշխատունակ չափահաս կարիքավոր երեխաների խեղման, նրանց նկատմամբ կողմնակի խնամքի համար վճարելու անհրաժեշտության եւ այլ հանգամանքների/ առկայության դեպքում ծնողներից յուրաքանչյուրը կարող է դատարանով ներգրավվել այդ հանգամանքներից բխող լրացուցիչ ծախսեր կրելու գործին:

    Լրացուցիչ ծախսերը կրելուն ծնողների մասնակցության կարգը եւ այդ ծախսերի չափը որոշում է դատարանը, ելնելով ծնողների եւ զավակների նյութական ու ընտանեկան դրությունից եւ կողմերի ուշադրության արժանի այլ շահերից՝ կայուն դրամական գումարով, որ ենթակա է վճարման ամեն ամիս:

    2. Դատարանն իրավասու է պարտավորեցնել ծնողներին մասնակցություն ցույց տալու ինչպես փաստորեն կատարվող լրացուցիչ ծախսերին, այնպես էլ այն լրացուցիչ ծախսերին, որ անհրաժեշտ է կատարել ապագայում:

    Հոդված 103. Ծնողների ապրուստը հոգալու չափահաս զավակների պարտականությունները

    1. Աշխատունակ չափահաս զավակները պարտավոր են պահել իրենց անաշխատունակ եւ օգնության կարոտ ծնողներին եւ հոգ տանել նրանց մասին:

    2. Ալիմենտ վճարելու մասին համաձայնության բացակայության դեպքում օգնության կարոտ անաշխատունակ ծնողների համար աշխատունակ չափահաս զավակներից ալիմենտը բռնագանձվում է դատական կարգով:

    3. Զավակներից յուրաքաչյուրից բռնագանձվող ալիմենտների չափը որոշում է դատարանը, ելնելով ծնողների եւ զավակների նյութական եւ ընտանեկան դրությունից եւ կողմերի ուշադրության արժանի այլ շահերից՝ կայուն դրամական գումարով, որ ենթակա է վճարման ամեն ամիս:

    4. Ալիմենտների չափը որոշելիս դատարանն իրավասու է հաշվի առնել տվյալ ծնողի բոլոր աշխատունակ չափահաս զավակներին, անկախ նրանից, թե պահանջը ներկայացվել է բոլոր զավակների, նրանցից մեկի կամ մի քանիսի դեմ:

    5. Զավակները կարող են ազատվել իրենց անաշխատունակ եւ օգնության կարոտ ծնողների ապրուստը հոգալու պարտականությունից, եթե դատարանով կհաստատվի, որ ծնողները ժամանակին խուսափել են այդ զավակների նկատմամբ իրենց ծնողական պարտականությունները կատարելուց:

    Զավակներն ազատվում են ծնողական իրավունքներից զրկված ծնողներին ալիմենտ վճարելու պարտականությունից:

    Հոդված 104. Չափահաս զավակների մասնակցությունը ծնողների նկատմամբ կատարվող լրացուցիչ ծախսերին

    1. Անաշխատունակ ծնողների մասին չափահաս զավակների կողմից հոգատարության բացակայության եւ բացառիկ հանգամանքների /ծանր հիվանդության, ծնողների խեղում ստանալու, նրանց նկատմամբ կողմնակի խնամքի համար վճարելու անհրաժեշտության եւ այլն/ առկայության դեպքում չափահաս զավակները կարող են դատարանով մասնակից դարձվել այդ հանգամանքներից բխող լրացուցիչ ծախսերը կրելուն:

    2. Չափահաս զավակներից յուրաքանչյուրի կողմից լրացուցիչ ծախսերը կրելու կարգը եւ այդ ծախսերի չափը որոշում է դատարանը, հաշվի առնելով ծնողների ու զավակների նյութական ու ընտանեկան դրությունը եւ կողմերի ուշադրության արժանի այլ շահերը, պահպանելով սույն Օրենսգրքի 103-րդ հոդվածի 3-5-րդ կետերի դրույթները:

    3. Լրացուցիչ ծախսերը կրելու կարգը եւ այդ ծախսերի չափը կարող են որոշվել կողմերի համաձայնությամբ:
     
     

    ԳԼՈԻԽ 14. ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ եւ ՆԱԽԿԻՆ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ԱԼԻՄԵՆՏԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Հոդված 105. Ամուսինների՝ միմյանց ապրուստը հոգալու պարտականությունները.

    1. Ամուսինները պարտավոր են նյութապես օժանդակել միմյանց:

    2. Այդպիսի օժանդակությունը մերժվելու եւ ալիմենտ վճարելու վերաբերյալ ամուսինների միջեւ համաձայնության բացակայության դեպքում ալիմենտ վճարելու համար անհրաժեշտ միջոցներ ունեցող մյուս ամուսնուց դատական կարգով ալիմենտ պահանջելու իրավունք ունեն՝
     

  • անաշխատունակ կարիքավոր ամուսինը.
     
  • կինը հղիության ժամանակ եւ ընդհանուր երեխան ծննդաբերելուց հետո երեք տարվա ընթացքում.
     
  • կարիքավոր ամուսինը, որ խնամում է իրենց ընդհանուր հաշմանդամ երեխային մինչեւ նրա տասնութ տարեկան դառնալը, կամ մանկությունից առաջին խմբի հաշմանդամ ընդհանուր երեխային:
     


     
     

    Հոդված 106. Նախկին ամուսնու՝ ամուսնալուծությունից հետո ալիմենտ ստանալու իրավունքը

    1. Նախկին ամուսնուց, որը դրա համար բավարար միջոցներ ունի՝ դատական կարգով ալիմենտի պահաջի իրավունք ունեն՝
     

  • նախկին կինը հղիության ժամանակ եւ ընդհանուր երեխա ծնվելուց հետո երեք տարվա ընթացքում.
     
  • կարիքավոր նախկին ամուսինը, որը խնամում է իրենց ընդհանուր հաշմանդամ երեխային մինչեւ նրա տասնութ տարեկան դառնալը կամ մանկությունից առաջին խմբի հաշմանդամ ընդհանուր երեխային.
     
  • անաշխատունակ կարիքավոր նախկին ամուսինը, որը հաշմանդամ է դարձել նախքան ամուսնալուծվելը կամ ամուսնալուծվելուց հետո մեկ տարվա ընթացքում.
     
  • կարիքավոր նախկին ամուսինը, որը կենսաթոշակային տարիքի է հասել ամուսնալուծության պահից սկսած հինգ տարում, եթե ամուսինները երկար ժամանակ են գտնվել ամուսնության մեջ:
     

    2. Ալիմենտի չափը եւ ամուսնալուծությունից հետո ալիմենտը նախկին ամուսնուն տրամադրելու կարգը կարող են որոշվել նախկին ամուսինների միջեւ կայացված համաձայնությամբ:

    Հոդված 107. Ամուսիններից եւ նախկին ամուսիններից դատական կարգով բռնագանձվող ալիմենտի չափը

    Ամուսինների /նախկին ամուսինների/ միջեւ ալիմենտի վճարման վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում ամուսնուց /նախկին ամուսնուց/ դատական կարգով բռնագանձվող ալիմենտի չափը որոշում է դատարանը, ելնելով ամուսիննների /նախկին ամուսինների/ նյութական եւ ընտանեկան դրությունից եւ կողմերի ուշադրության արժանի այլ շահերից, կայուն դրամական գումարով, որ ենթակա է վճարման ամեն ամիս:

    Հոդված 108. Մյուս ամուսնուն պահելու պարտականությունից ազատելը կամ այդ պարտականությունը ժամկետով սահմանափակելը

    Դատարանը կարող է ամուսնուն ազատել մյուս անաշխատունակ կարիքավոր ամուսնուն օգնություն ցույց տալու պարտականությունից կամ սահմանափակել այդ պարտականությունը որոշակի ժամկետով ինչպես ամուսնության ժամանակ, այնպես էլ ամուսնալուծությունից հետո՝
     

  • եթե անաշխատունակ կարիքավոր ամուսնու անաշխատունակությունը վրա է հասել ոգելից խմիչքների, թմրամիջոցների չարաշահման կամ նրա կողմից դիտավորյալ հանցագործություն կատարելու հետեւանքով.
     
  • ամուսինների՝ ամուսնության մեջ գտնվելու կարճատեւության դեպքում.
     
  • ալիմենտ պահանջող ամուսնու՝ ընտանիքում հակաբարոյական վարքագիծ /ամուսնական անհավատարմություն, մոլախաղերով հրապուրվել եւ այլն/ դրսեւորելու հետեւանքով:
     


     

    ԳԼՈՒԽ 15. ԸՆՏԱՆԻՔԻ ՄՅՈՒՍ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱԼԻՄԵՆՏԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Հոդված 109. Եղբայների եւ քույրերի` իրենց անչափահաս կամ անաշխատունակ չափահաս եղբայրներին եւ քույրերին պահելու պարտականությունը

    Օգնության կարիք ունեցող անչափահաս եղբայրներն ու քույրերը, իրենց ծնողներից ապրուստի միջոց ստանալու անհնարինության դեպքում, ունեն իրենց բավարար միջոցներ ունեցող չափահաս աշխատունակ եղբայրներից ու քույրերից դատական կարգով ալիմենտ ստանալու իրավունք: Նույնպիսի իրավունք տրվում է նաեւ անաշխատունակ, օգնության կարիք ունեցող չափահաս եղբայրներին ու քույրերին, եթե նրանք չեն կարող ապրուստի միջոց ստանալ իրենց աշխատունակ չափահաս զավակներից, ամուսնուց /նախկին ամուսնուց/ կամ ծնողներից:

    Հոդված 110. Պապի եւ տատի` թոռներին պահելու պարտականությունը

    Օգնության կարիք ունեցող անչափահաս թոռները, իրենց ծնողներից ապրուստի միջոց ստանալու անհնարինության դեպքում, ունեն դրա համար անհրաժեշտ միջոցներ ունեցող իրենց պապից ու տատից դատական կարգով ալիմենտ ստանալու իրավունք: Նույնպիսի իրավունք տրվում է օգնության կարիք ունեցող չափահաս անաշխատունակ թոռներին, եթե նրանք չեն կարող ապրուստի միջոց ստանալ իրենց ամուսիններից /նախկին ամուսիններից/ կամ ծնողներից:

    Հոդված 111. Թոռների` պապին ու տատին պահելու պարտականությունները

    Օգնության կարիք ունեցող անաշխատունակ պապը եւ տատը, իրենց չափահաս աշխատունակ զավակներից կամ ամուսնուց /նախկին ամուսնուց/ ապրուստի միջոցներ ստանալու անհնարինության դեպքում, ունեն դրա համար անհրաժեշտ միջոցներ ունեցող իրենց աշխատունակ չափահաս թոռներից դատական կարգով ալիմենտ ստանալու պահանջի իրավունք:

    Հոդված 112. Սաների` իրենց փաստական դաստիարակներին պահելու պարտականությունները

    1. Անաշխատունակ կարիքավոր անձինք, որոնք իրականացրել են անչափահաս երեխաների փաստական դաստիարակությունն ու խնամքը, ունեն իրենց չափահաս դարձած սաներից դատական կարգով ապրուստի միջոց պահանջելու իրավունք, եթե նրանք չեն կարող ապրուստի միջոց ստանալ իրենց չափահաս աշխատունակ զավակներից, կամ ամուսնուց /նախկին ամուսնուց/:

    2. Դատարանն իրավասու է փաստական դաստիարակներին ապրուստի միջոց տրամադրելուց ազատել սաներին, եթե փաստական դաստիարակները նրանց խնամել ու դաստիարակել են հինգ տարուց պակաս ժամկետում, ինչպես նաեւ եթե նրանք իրենց սաներին խնամել ու դաստիարակել են ոչ պատշաճ ձեւով:

    3. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պարտականությունները չեն դրվում խնամակալության /հոգաբարձության/ տակ գտնվող անձանց, ինչպես նաեւ խնամատարական ընտանիքներում դաստիարակություն ստացած անձանց վրա:

    Հոդված 113. Խորթ որդիների եւ խորթ դուստրերի` խորթ հորը եւ խորթ մորը պահելու պարտականությունները

    1. Օգնության կարիք ունեցող անաշխատունակ խորթ հայրը եւ խորթ մայրը, որ դաստիարակել ու պահել են իրենց խորթ որդիներին ու խորթ դուստրերին, իրավունք ունեն դրա համար անհրաժեշտ բավարար միջոցների տիրապետող աշխատունակ չափահաս խորթ որդիներից ու խորթ դուստրերից դատական կարգով պահանջել ապրուստի միջոցներ, եթե նրանք չեն կարող ապրուստի միջոցներ ստանալ իրենց չափահաս աշխատունակ զավակներից կամ ամուսիններից /նախկին ամուսիններից/:

    2. Դատարանն իրավասու է խորթ որդիներին ու խորթ դուստրերին ազատել խորթ հորն ու խորթ մորը պահելու պարտականությունից, եթե վերջիններս հինգ տարուց պակաս են դաստիարակել կամ խնամել նրանց, ինչպես նաեւ, եթե նրանք պատշաճորեն չեն կատարել խորթ որդիներին ու խորթ դուստերին պահելու եւ դաստիարակելու իրենց պարտականությունները:

    Հոդված 114. Ընտանիքի մյուս անդամներից դատական կարգով բռնագանձվող ալիմենտների չափը

    1. Սույն Օրենսգրքի 109-113 հոդվածներում նշված անձանց օգտին բռնագանձվող ալիմենտի չափը եւ վճարելու կարգը կարող են որոշվել կողմերի համաձայնությամբ:

    2. Կողմերի համաձայնության բացակայության դեպքում դատական կարգով բռնագանձվող ալիմենտի չափը, յուրաքանչյուր առանձին դեպքում, սահմանում է դատարանը, ելնելով ալիմենտ վճարողի ու ստացողի նյութական եւ ընտանեկան դրությունից եւ կողմերի ուշադրության արժանի այլ շահերից, կայուն դրամական գումարով, որ ենթակա է վճարման ամեն ամիս:

    3. Եթե ընտանիքի` ալիմենտ պահանջող անդամին խնամել պարտավոր են միաժամանակ մի քանի անձինք, դատարանը, կախված նրանց նյութական ու ընտանեկան դրությունից, որոշում է ալիմենտային պարտականությունների կատարման մեջ նրանցից յուրաքանչյուրի մասնակցության չափը: Ալիմենտների չափը որոշելիս դատարանն իրավունք ունի հաշվի առնել ալիմենտ վճարելուն պարտավոր բոլոր անձանց, անկախ նրանից, հայցը ներկայացվել է այդ բոլոր անձանց, նրանցից մեկի կամ մի քանիսի դեմ:

    ԳԼՈՒԽ 16. ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԱԼԻՄԵՆՏՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

    Հոդված 115. Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության կայացումը

    Ալիմենտ վճարելու վերաբերյալ /ալիմենտի չափի, վճարման պայմանների ու կարգի մասին/ համաձայնությունը կայացվում է ալիմենտ վճարելուն պարտավոր անձի եւ այն ստացողի միջեւ, իսկ ալիմենտ վճարելու պարտավորություն ունեցող անձի եւ /կամ/ ալիմենտ ստացողի անգործունակ լինելիս` այդ անձանց օրինական ներկայացուցիչների միջեւ: Ոչ լրիվ գործունակ անձինք ալիմենտ վճարելու մասին համաձայնություն են կայացնում իրենց օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ:

    Հոդված 116. Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության ձեւը

    1. Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունը կնքվում է գրավոր ձեւով եւ ենթակա է նոտարական հաստատման:

    Ալիմենտի վճարման վերաբերյալ համաձայնության օրենքով սահմանված ձեւը չպահպանելը առաջացնում է Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հետեւանքները:

    2. Ալիմենտի վճարման վերաբերյալ նոտարական կարգով հաստատված համաձայնությունը ունի կատարողական թերթի ուժ:

    Հոդված 117. Ալիմենտի վճարման վերաբերյալ համաձայնության կնքման, կատարման, փոփոխման, լուծման եւ անվավեր ճանաչելու կարգը

    1. Ալիմենտի վճարման վերաբերյալ համաձայնության կնքման, կատարման, լուծման եւ անվավեր ճանաչելու նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի քաղաքացիաիրավական գործարքների կնքումը, կատարումը, լուծումը եւ անվավեր ճանաչելը կարգավորող նորմերը:

    2. Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունը կարող է փոփոխվել կամ լուծվել ցանկացած ժամանակ` կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

    Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության փոփոխումը կամ լուծումը պետք է տեղի ունենա այն նույն ձեւով, ինչ ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունը:

    3. Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության կատարումից միակողմանի հրաժարում կամ նրա պայմանների միակողմանի փոփոխում չի թույլատրվում:

    4. Կողմերի նյութական կամ ընտանեկան դրությունն էապես փոփոխվելու եւ ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունը փոփոխելու կամ լուծելու վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում շահագրգռված կողմն իրավունք ունի դիմել դատարան այդ համաձայնությունը փոփոխելու կամ լուծելու մասին հայցով:

    Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունը փոփոխելու կամ վերացնելու հարցը լուծելիս դատարանն իրավունք ունի հաշվի առնել կողմերի` ուշադրության արժանի ցանկացած շահ:

    Հոդված 118. Ալիմենտի վճարման վերաբերյալ ալիմենտ ստացողի շահերը խախտող համաձայնությունն անվավեր ճանաչելը

    Եթե ալիմենտի վճարման վերաբերյալ համաձայնությամբ անչափահաս երեխային կամ ընտանիքի չափահաս անգործունակ անդամին ապրուստի միջոց տրամադրելու նախատեսված պայմանները էապես խախտում են նրանց շահերը, մասնավորապես` սույն Օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները չպահպանելու դեպքում նման համաձայնությունը կարող է անվավեր ճանաչվել դատական կարգով անչափահաս երեխայի կամ ընտանիքի չափահաս անգործունակ անդամի օրինական ներկայացուցչի, ինչպես նաեւ խնամակալության ու հոգաբարձության մարմնի պահանջով:

    Հոդված 119. Ալիմենտի վճարման վերաբերյալ համաձայնությամբ վճարվող ալիմենտի չափը

    1. Ալիմենտի վճարման վերաբերյալ համաձայնությամբ վճարվող ալիմենտի չափը որոշում են համաձայնության կողմերը:

    2. Ալիմենտի վճարման վերաբերյալ համաձայնությամբ անչափահաս երեխաների համար սահմանվող ալիմնետի չափը չի կարող պակաս լինել այն չափից, որ նրանք կարող են ստանալ դատական կարգով ալիմենտ բռնագանձելիս /սույն Օրենսգրքի 97-րդ հոդված/:

    Հոդված 120. Ալիմենտի վճարման վերաբերյալ համաձայնությամբ ալիմենտ վճարելու եղանակներն ու կարգը

    1. Ալիմենտի վճարման եղանակներն ու կարգը որոշվում են ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ:

    2. Ալիմենտները կարող են վճարվել ալիմենտ վճարելուն պարտավոր անձի վաստակի եւ /կամ/ այլ եկամուտների նկատմամբ բաժնային չափով` պարբերաբար վճարվող կայուն դրամական գումարով, միանվագ վճարվող կայուն դրամական գումարով, գույք տրամադրելու միջոցով, ինչպես նաեւ այլ եղանակներով, որոնց առթիվ համաձայնություն է կայացվել:

    Ալիմենտի վճարման վերաբերյալ համաձայնության մեջ կարող է նախատեսվել ալիմենտի վճարման տարբեր եղանակների համակցում:

    Հոդված 121. Ալիմենտի վերաբերյալ համաձայնությամբ վճարվող ալիմենտի չափի ինդեքսավորումը

    Ալիմենտի վճարման վերաբերյալ համաձայնությամբ վճարվող ալիմենտի չափի ինդեքսավորումը կատարվում է այդ համաձայնությանը համապատասխան: Եթե ալիմենտի վճարման վերաբերյալ համաձայնության մեջ չի նախատեսվում ինդեքսավորման կարգը, ինդեքսավորումը կատարվում է սույն Օրենսգրքի 134-րդ հոդվածին համապատասխան:
     
     

    ԳԼՈՒԽ 17. ԱԼԻՄԵՆՏՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԸ

    Հոդված 122. Ալիմենտի բռնագանձումը դատարանի վճռով

    Ալիմենտի վճարման վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում սույն Օրենսգրքի 96-113 հոդվածներում նշված ընտանիքի անդամները իրավասու են ալիմենտ բռնագանձելու պահանջով դիմել դատարան:

    Հոդված 123. Ալիմենտի համար դիմելու ժամկետը

    1. Ալիմենտ ստանալու իրավունք ունեցող անձը կարող է ալիմենտի բռնագանձման համար դիմել դատարան, անկախ ալիմենտի իրավունքի առաջացման պահից անցած ժամկետից, եթե ալիմենտ վճարելու մասին համաձայնությամբ նախկինում ալիմենտ չի վճարվել:

    2. Ալիմենտ բռնագանձվում է դատարան դիմելու պահից: Անցած ժամանակահատվածի համար ալիմենտ կարող է բռնագանձվել դատարան դիմելու պահից երեք տարվա ժամկետի սահմաններում, եթե դատարանով հաստատվել է, որ մինչեւ դատարան դիմելը միջոցներ են ձեռք առնվել ապրուստի միջոց ստանալու համար, բայց ալիմենտը չի ստացվել ալիմենտ վճարելուն պարտավոր անձի կողմից այն վճարելուց խուսափելու հետեւանքով:

    Հոդված 124. Ալիմենտի բռնագանձումը մինչեւ դատարանի կողմից վեճի լուծումը

    1. Ալիմենտ բռնագանձելու գործով դատարանն իրավասու է ալիմենտ բռնագանձելու որոշում կայացնել մինչեւ ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական օժի մեջ մտնելը, իսկ անչափահաս երեխաների համար ալիմենտ բռնագանձելիս՝ մինչեւ ալիմենտ բռնագանձելու մասին վճիռ կայացնելը:

    2. Բռնագանձվող ալիմենտի չափը որոշում է դատարանը, ելնելով կողմերի նյութական եւ ընտանեկան դրությունից: Անչափահաս երեխաների համար բռնագանձվող ալիմենտի չափը որոշվում է սույն Օրենսգրքի 97-րդ հոդվածին համապատասխան:

    Հոդված 125. Ալիմենտ պահող կազմակերպության վարչակազմի պարտականությունները

    Ալիմենտ վճարելու վերաբերյալ նոտարական կարգով հաստատված համաձայնության կամ կատարողական թերթի հիման վրա ալիմենտ վճարելուն պարտավոր անձի աշխատանքի վայրի վարչակազմը պարտավոր է ամեն ամիս ալիմենտ պահել ալիմենտ վճարելուն պարտավոր անձի աշխատավարձից եւ /կամ/ այլ եկամտից եւ վճարել կամ դրանք փոխանցել ալիմենտ ստացողին ալիմենտ վճարելուն պարտավոր անձի հաշվին, ալիմենտ վճարելուն պարտավոր անձին աշխատավարձ եւ /կամ/ այլ եկամուտներ վճարելու օրվանից ոչ ուշ եռօրյա ժամկետում:

    Հոդված 126. Ալիմենտի պահումը ալիմենտի վճարման վերաբերյալ համաձայնության հիման վրա

    Ալիմենտի վճարման վերաբերյալ նոտարական կարգով հաստատված համաձայնության հիման վրա ալիմենտի պահում կարող է տեղի ունենալ նաեւ այն դեպքում, երբ նման համաձայնության եւ կատարողական փաստաթղթերի հիման վրա պահումների ընդհանուր գումարը գերազանցում է ալիմենտ վճարելուն պարտավոր անձի վաստակի եւ /կամ/ այլ եկամտի հիսուն տոկոսը:

    Հոդված 127. Ալիմենտ վճարելուն պարտավոր անձի՝ աշխատանքի վայրը փոխելու մասին հաղորդելու պարտականությունը

    1. Դատարանի վճռի կամ ալիմենտի վճարման վերաբերյալ նոտարական կարգով հաստատված համաձայնության հիման վրա ալիմենտի պահում կատարող կազմակերպության վարչակազմը պարտավոր է եռօրյա ժամկետում ալիմենտ բռնագանձելու մասին վճռի կատարման վայրի դատական ակտերի հարկադիր կատարողին եւ ալիմենտ ստացողին հաղորդել ալիմենտ վճարելուն պարտավոր անձի աշխատանքից ազատվելու, ինչպես նաեւ նրա աշխատանքի նոր վայրի կամ բնակավայրի մասին, եթե դրանք հայտնի են իրեն:

    2. Ալիմենտ վճարելուն պարտավոր անձը պետք է սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետում դատական ակտերի հարկադիր կատարողին եւ ալիմենտ ստացողին հաղորդի աշխատանքի վայրի կամ բնակության վայրի փոփոխման մասին, իսկ անչափահաս երեխաներին ալիմենտ վճարելիս՝ նաեւ լրացուցիչ վաստակ կամ այլ եկամուտ ունենալու մասին:

    3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերում նշված տեղեկություններն անհարգելի պատճառով չհաղորդելու դեպքում դրանում մեղավոր անձինք պատասխանատվության են կանչվում օրենքով սահմանված կարգով:

    Հոդված 128. Ալիմենտ վճարելուն պարտավոր անձի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելը

    1. Դատարանի վճռով սահմանված չափի ալիմենտի բռնագանձումը, ինչպես նաեւ ալիմենտի պարտքի բռնագանձումը կատարվում է ալիմենտ վճարելուն պարտավոր անձի վաստակից եւ /կամ/ այլ եկամտից:

    Վաստակի եւ /կամ/ այլ եկամտի անբավարարության դեպքում ալիմենտ պահվում է ալիմենտ վճարելուն պարտավոր անձի՝ բանկերում կամ այլ վարկային հիմնարկներում գտնվող դրամական միջոցներից, ինչպես նաեւ առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպություններին պայմանագրերով հանձնված դրամական միջոցներից, բացի այն պայմանագրերից, որոնք առաջացնում են սեփականության իրավունքի փոխանցում: Այդ միջոցների անբավարարության դեպքում բռնագանձում տարածվում է ալիմենտ վճարելուն պարտավոր անձի ցանկացած գույքի վրա, որի վրա օրենքով կարող է բռնագանձում տարածվել:

    2. Ալիմենտ վճարելուն պարտավոր անձի բանկային հաշիվներում գտնվող դրամական միջոցների եւ նրա այլ գույքի վրա բռնագանձում տարածելը կատարվում է Դատական ակտերի հարկադիր կատարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:

    Հոդված 129. Ալիմենտի պարտքի բռնագանձումն անցած ժամանակի համար

    Անցած ժամանակի համար ալիմենտի վճարման վերաբերյալ համաձայնության կամ կատարողական թերթի հիման վրա ալիմենտի բռնագանձում կատարվում է կատարողական թերթը կամ ալիմենտի վճարման վերաբերյալ համաձայնությունը ներկայացնելուն նախորդած եռամյա ժամկետի սահմաններում:

    Այն դեպքերում, երբ կատարողական թերթի կամ ալիմենտի վճարման վերաբերյալ համաձայնության հիման վրա ալիմենտի պահում չի կատարվել ալիմենտ վճարելուն պարտավոր անձի մեղքով, ալիմենտի բռնագանձումը կատարվում է ամբողջ ժամանակաշրջանի համար, անկախ սույն Օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված եռամյա ժամկետից:

    Հոդված 130. Ալիմենտի պարտքի որոշումը

    1. Անցած ժամանակի համար ալիմենտի պարտքի չափը որոշվում է դատական ակտերի հարկադիր կատարողի կողմից, ելնելով դատարանի վճռով որոշված ալիմենտի չափից:

    2. Անչափահաս երեխաների համար սույն Օրենսգրքի 99-րդ հոդվածին համապատասխան վճարվող ալիմենտի գծով պարտքի չափը որոշվում է ալիմենտ վճարելուն պարտավոր անձի վաստակից եւ այլ եկամտից այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում ալիմենտի բռնագանձում չի կատարվել:

    Այն դեպքում, եթե ալիմենտ վճարելուն պարտավոր անձը այդ ժամանակաշրջանում չի աշխատել կամ եթե չեն ներկայացվում նրա վաստակը եւ /կամ/ այլ եկամուտը հաստատող փաստաթղթեր, ալիմենտի պարտքը որոշվում է, ելնելով պարտքի բռնագանձման պահին Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձի կրկնապատիկ չափից:

    Եթե ալիմենտի պարտքի չափի նման որոշումը էապես խախտում է կողմերից մեկի շահերը, կողմը, որի շահերը խախտվել են, իրավասու է դիմել դատարան: Դատարանը կարող է որոշել պարտքը կայուն դրամական գումարով, ելնելով կողմերի նյութական եւ ընտանեկան դրությունից եւ ուշադրության արժանի այլ հանգամանքներից:

    3. Դատական ակտերի հարկադիր կատարողի կողմից որոշված ալիմենտի պարտքի հետ համաձայն չլինելու դեպքում ցանկացած կողմ կարող է դատական ակտերի հարկադիր կատարողի գործողությունները բողոքարկել քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ նախատեսված կարգով:

    4. Ալիմենտ վճարելուց խուսափող ծնողներին փնտրելու ժամանակահատվածում երեխային Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ու չափով վճարվող ամենամսյա նպաստի գումարները նրանց հիսուն տոկոսի հավելումով բռնագանձվում են այդ ծնողներից, որի տասը տոկոսը փոխանցվում է հօգուտ տեղական ինքնակառավարման մարմինների: Նշված պահանջները հավասարեցվում են ալիմենտի վճարման պահանջներին:

    Հոդված 131. Ալիմենտի պարտքը վճարելուց ազատելը

    1. Կողմերի համաձայնության հիման վրա ալիմենտ վճարելու դեպքում ալիմենտի պարտքը վճարելուց ազատելը կամ այդ պարտքը պակասեցնելը հնարավոր է կողմերի փոխադարձ համաձայնությամբ, բացառությամբ անչափահաս երեխաների համար ալիմենտ վճարելու դեպքերի:

    2. Դատարանն իրավասու է ալիմենտ վճարելու պարտավոր անձի հայցով նրան լրիվ կամ մասամբ ազատել ալիմենտի պարտքը վճարելուց, եթե կհաստատվի, որ ալիմենտ չվճարելը եղել է այդ անձի հիվանդության կամ այլ հարգելի պատճառներով եւ նրա նյութական ու ընտանեկան դրությունը հնարավորություն չեն տալիս մարելու ալիմենտի կուտակված պարտքը:

    Հոդված 132. Պատասխանատվություն ալիմենտը ժամանակին չվճարելու համար

    1. Ալիմենտը վճարելու վերաբերյալ համաձայնությամբ ալիմենտ վճարելու պարտավոր անձի մեղքով պարտք առաջանալիս մեղավոր անձը պատասխանատվություն է կրում այդ համաձայնությամբ նախատեսված կարգով:

    2. Դատարանի վճռով ալիմենտ վճարելու պարտավոր անձի մեղքով պարտք առաջանալիս մեղավոր անձը ալիմենտ ստացողին վճարում է տուժանք չվճարված ալիմենտի գումարի 0.1 տոկոսի չափով՝ վճարումն ուշացնելու յուրաքանչյուր օրվա համար:

    Ալիմենտ ստացողն իրավասու է ալիմենտ վճարելու պարտավոր եւ ալիմենտը ժամանակին չվճարելու գործում մեղավոր անձից բռնագանձել նաեւ ալիմենտային պարտավորությունների կատարման ուշացմամբ պատճառված վնասները այն մասով, որ չեն ծածկվում տուժանքով:

    Հոդված 133. Ալիմենտը հաշվակցելու եւ ետգանձման անթույլատրելիությունը

    1. Ալիմենտը չի կարող հաշվակցվել այլ հանդիպական պահանջներով:

    2. Ալիմենտի վճարված գումարները չեն կարող հետ պահանջվել, բացառությամբ հետեւյալ դեպքերի՝
     

  • երբ վերացվել է ալիմենտ ստացողի կողմից կեղծ տեղեկություններ հաղորդելու կամ նրա կողմից կեղծ փաստաթղթեր ներկայացնելու հիման վրա ալիմենտ բռնագանձելու մասին դատարանի վճիռը.
     
  • երբ ալիմենտի վճարման վերաբերյալ համաձայնությունն անվավեր է ճանաչվել այն ալիմենտ ստացողի կողմից խաբեության, սպառնալիքների կամ բռնության ազդեցության տակ կնքված լինելու հետեւանքով.
     
  • երբ դատարանի դատավճռով հաստատվել է դատարանի վճիռը, ալիմենտի վճարման վերաբերյալ համաձայնությունը կամ կատարողական թերթը կեղծելու փաստը, որոնց հիման վրա վճարվել է ալիմենտը:
     

    1. Եթե սույն հոդվածի 2-րդ կետում թվարկված գործողությունները կատարվել են անչափահաս երեխայի կամ ալիմենտ ստացող չափահաս անգործունակ անձի ներկայացուցչի կողմից, ապա ալիմենտի հետադարձ բռնագանձում չի կատարվում, իսկ վճարված ալիմենտի գումարները բռնագանձվում են մեղավոր ներկայացուցչից՝ ալիմենտ վճարելուն պարտավոր անձի հայցով:

    Հոդված 134. Ալիմենտի ինդեքսավորումը

    1. Դատարանի վճռով կայուն դրամական գումարով բռնագանձվող ալիմենտի ինդեքսավորումը կատարվում է ալիմենտը պահելու վայրի կազմակերպության վարչակազմի կողմից աշխատավարձի օրենքով սահմանված նվազագույն չափի բարձրացմանը համամասնորեն:

    2. Ինդեքսավորման նպատակով ալիմենտի չափը դատարանի կողմից սահմանվում է նվազագույն աշխատավարձի չափի որոշակի թվին համապատասխանող կայուն դրամական գումարով:

    Հոդված 135. Ալիմենտի վճարումն ալիմենտ վճարելուն պարտավոր անձի` մշտական բնակության համար օտարերկրյա պետություն մեկնելու դեպքում

    1. Այն անձը, որը մշտական բնակության համար մեկնում է օտարերկրյա պետություն, իրավասու է ընտանիքի այն անդամների հետ, որոնց նա օրենքով պարտավոր է տրամադրել ապրուստի միջոց, կնքել համաձայնություն ալիմենտ վճարելու մասին սույն Օրենսգրքի 115-րդ, 116-րդ, 119-րդ եւ 120-րդ հոդվածներին համապատասխան:

    2. Համաձայնություն չկայանալու դեպքում շահագրգռված անձն իրավասու է դիմել դատարան ալիմենտի չափը կայուն դրամական գումարի ձեւով որոշելու եւ ալիմենտը միանվագ վճարելու կամ ալիմենտի հաշվին որոշակի գույք տրամադրելու, կամ այլ եղանակով ալիմենտ վճարելու մասին:

    Հոդված 136. Ալիմենտի՝ դատարանի կողմից սահմանված չափը փոխելը եւ ալիմենտ վճարելուց ազատելը

    1. Եթե ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության պարագայում ալիմենտի չափը դատական կարգով որոշելուց հետո փոխվել է կողմերից մեկի նյութական կամ ընտանեկան դրությունը, դատարանն իրավասու է ցանկացած կողմի պահանջով փոխել ալիմենտի սահմանված չափը կամ ալիմենտ վճարելուն պարտավոր անձին ազատել այն վճարելուց: Ալիմենտի չափը փոխելիս կամ այն վճարելուց ազատելիս դատարանն իրավասու է հաշվի առնել նաեւ կողմերի ուշադրության արժանի այլ շահեր:

    2. Դատարանն իրավասու է չափահաս գործունակ անձի օգտին ալիմենտի բռնագանձումը մերժել, եթե հաստատվի, որ նա ալիմենտ վճարելուն պարտավոր անձի նկատմամբ կատարել է դիտավորյալ հանցագործություն կամ չափահաս գործունակ անձն ընտանիքում դրսեւորել է անարժան վարքագիծ:

    Հոդված 137. Ալիմենտային պարտավորությունների դադարումը

    1. Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ սահմանված ալիմենտային պարտավորությունները դադարում են կողմերից մեկի մահվամբ, այդ համաձայնության գործողության ժամկետի լրանալով կամ այդ համաձայնությամբ նախատեսված այլ հիմքերով:

    2. Դատական կարգով բռնագանձվող ալիմենտի վճարումը դադարեցվում է, երբ
     

  • երեխան դառնում է չափահաս կամ անչափահաս երեխան մինչեւ չափահասության հասնելը ձեռք է բերում լրիվ գործունակություն,
     
  • որդեգրվում /դստերագրվում/ է այն երեխան, որի ապրուստի համար բռնագանձվում էր ալիմենտը,
     
  • երբ դատարանն ալիմենտ ստացողի աշխատունակությունը գտնում է վերականգնված կամ օգնության կարիքավորությունը` դադարեցված,
     
  • օգնության կարիք ունեցող եւ ալիմենտ ստացող անաշխատունակ նախկին ամուսնու՝ նոր ամուսնության մեջ մտնելիս,
     
  • ալիմենտ ստացող անձի կամ ալիմենտ վճարելուն պարտավոր անձի մահվամբ:
     


     

    ԲԱԺԻՆ 6.

    ԱՌԱՆՑ ԾՆՈՂՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ

    ԳԼՈՒԽ18. ԱՌԱՆՑ ԾՆՈՂՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԱՎՈՐՈՒՄԸ

    Հոդված 138. Առանց ծնողների խնամքի մնացած երեխաների իրավունքների ու շահերի պաշտպանությունը

    1. Երեխաների իրավունքների ու շահերի պաշտպանությունը ծնողների մահվան, նրանց ծնողական իրավունքներից զրկելու, նրանց ծնողական իրավունքները սահմանափակելու, ծնողներին անգործունակ ճանաչելու, ծնողների հիվանդության, ծնողների տեւական բացակայության, երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների ու շահերի պաշտպանությունից ծնողների խուսափելու, այդ թվում՝ դաստիարակչական հաստատություններից, բուժական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության եւ նմանատիպ այլ հաստատություններից իրենց երեխաներին վերցնելուց ծնողնեի հրաժարվելու դեպքում, ինչպես նաեւ ծնողական խնամքի բացակայության այլ դեպքերում երեխաների իրավունքների եւ շահերի պաշտպանությունը դրվում է խնամակալության եւ հոգաբարձության մարմինների վրա:

    Խնամակալության ու հոգաբարձության մարմինները հայտնաբերում են առանց ծնողների խնամքի մնացած երեխաներին, վարում նման երեխաների հաշվառում, եւ, ելնելով ծնողների խնամքից զրկվելու կոնկրետ հանգամանքներից, ընտրում են առանց ծնողների խնամքի մնացած երեխաներին տեղավորելու ձեւերը /սույն Օրենսգրքի 142-րդ հոդված/, ինչպես նաեւ վերահսկողություն են իրականացնում նրանց խնամքի, դաստիարակության եւ կրթության պայմանների վրա:

    Խնամակալության եւ հոգաբարձության մարմիններից բացի այլ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բացահայտման եւ տեղավորման ուղղությամբ գործունեություն չի թույլատրվում: Երեխաների որդեգրման միջնորդական գործունեություն իրականացնող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

    2. Խնամակալության եւ հոգաբարձության մարմիններ համարվում են տեղական ինքնակառավարման մարմինները: Տեղական ինքնակառավարման մարմինների կազմակերպման ու առանց ծնողների խնամքի մնացած երեխաների նկատմամբ խնամակալություն ու հոգաբարձություն իրականացնելու գործունեության հարցերը որոշվում են նշված մարմինների կողմից՝ սույն Օրենսգրքին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, տեղական ինքնակառավարման մասին օրենքին եւ այլ օրենքներին համապատասխան:

    Հոդված 139. Առանց ծնողների խնամքի մնացած երեխաների հայտնաբերումն ու հաշվառումը

    1. Նախադպրոցական կրթական, հանրակրթական, բուժական եւ այլ հաստատությունների պաշտոնատար անձինք եւ այլ քաղաքացիները, որոնք տեղեկություններ ունեն սույն Օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին կետում նշված երեխաների մասին, պարտավոր են այդ մասին հաղորդել խնամակալության ու հոգաբարձության մարմիններին` ըստ երեխաների փաստացի գտնվելու վայրի:

    Խնամակալության եւ հոգաբարձության մարմինը նման տեղեկություն ստանալու օրվանից երեք օրվա ընթացքում պարտավոր է անցկացնել երեխայի կյանքի պայմանների հետազոտություն եւ նրա ծնողների կամ նրա ազգականների կողմից խնամքի փաստի բացակայություն բացահայտելիս ապահովել երեխայի իրավունքների ու շահերի պաշտպանությունը նախքան նրա տեղավորման մասին հարցի լուծումը:

    2. Դաստիարակչական, բուժական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության եւ համանման այլ հաստատությունների ղեկավարները, որոնցում գտնվում են առանց ծնողների խնամքի մնացած երեխաները, պարտավոր են, սկսած այն օրից, երբ նրանց հայտնի է դարձել, որ երեխան կարող է դաստիարակության համար ընտանիք հանձնվել, յոթ օրվա ժամկետում այդ մասին հաղորդել խնամակալության ու հոգաբարձության մարմնին` ըստ տվյալ հաստատության գտնվելու վայրի:

    3. Խնամակալության ու հոգաբարձության մարմինը սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերում նշված տեղեկությունները ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում ապահովում է երեխայի տեղավորումը /սույն Օրենսգրքի 140-րդ հոդված/, իսկ երեխայի դաստիարակության համար ընտանիք հանձնելու անհնարինության դեպքում նման երեխայի մասին տեղեկություններն ուղարկում է մարզի համապատասխան մարմին` նման երեխաների հաշվառման եւ ընտանիքներում երեխաների դաստիարակության հետագա կազմակերպման նպատակով:

    Մարզային համապաատասխան մարմինը, երեխաների մասին նման տեղեկությոսւններ ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում, կազմակերպում է նման երեխաների տեղավորումն ընտանիքներում` հետագա դաստիարակության համար, իսկ դրա անհնարինության դեպքում` հայտնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնին, որը տանում է նման երեխաների կենտրոնացված հաշվառում:

    Առանց ծնողների խնամքի մնացած երեխաների կենտրոնացված հաշվառում կազմակերպելու կարգը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    4. Սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված պարտականությունները չկատարելու, ակնհայտորեն ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելու, ինչպես նաեւ այնպիսի գործողություններ կատարելու համար, որոնք ուղղված են դաստիարակության նպատակով ընտանիք հանձնելու համար երեխային թաքցնելուն, սույն հոդվածի 2-րդ կետում նշված հաստատությունների ղեկավարները, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձինք պատասխանատվության են ենթարկվում օրենքով սահմանված կարգով:

    Հոդված 140. Առանց ծնողների խնամքի մնացած երեխաների տեղավորումը

    1. Առանց ծնողների խնամքի մնացած երեխաները դաստիարակության համար ենթակա են հանձնման ընտանիքին /որդեգրման /դստերագրման/, խնամակլության /հոգաբարձության/ կամ խնամատարական ընտանիքին/, իսկ նման հնարավորությունը բացակայելիս` հանձնվում են որբ երեխաների կամ առանց ծնողների խնամքի մնացած երեխաների բոլոր տիպի հաստատություններ /դաստիարակչական, բուժական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության եւ համանման այլ հաստատություններ/:

    Երեխային տեղավորելիս պետք է հաշվի առնվեն նրա էթնիկական ծագումը, որոշակի կրոնի ու մշակույթի պատկանելությունը, մայրենի լեզուն, դաստիարակության ու կրթության գործում հաջորդականություն ապահովելու հնարավորությունները:

    2. Նախքան առանց ծնողների խնամքի մնացած երեխաներին դաստիարակության համար ընտանիքում կամ սույն հոդվածի 1-ին կետում նշված հաստատություններում տեղավորելը երեխաների խնամակալի /հոգաբարձուի/ պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվում է խնամակալության եւ հոգաբարձության մարմնի վրա:

    Հոդված 141. Որդեգրման /դստերագրման/ հասկացությունը

    Որդեգրում /դստերագրում/ է համարվում այն իրավաբանական ակտը, որի համաձայն որդեգրողները եւ որդեգրվածները ձեռք են բերում ծնողների եւ զավակների համար օրենքով նախատեսված իրավունքներ ու պարտականություններ:

    Որդեդրումը կամ դստերագրումը /այսուհետեւ` որդեգրում/ համարվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ընտանիքում տեղավորման նախընտրելի ձեւ:

    Հոդված 142. Երեխաներ, որոնց նկատմամբ թույլատրվում է որդեգրում

    1. Որդեգրում թույլատրվում է միայն անչափահաս երեխաների նկատմամբ եւ ելնելով միայն նրանց շահերից, պահպանելով սույն Օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ մասի պահանջները, ինչպես նաեւ հաշվի առնելով երեխաների լիարժեք ֆիզիկական, հոգեկան, հոգեւոր ու բարոյական զարգացումն ապահովելու հնարավորությունները:

    2. Չի թույլատրվում եղբայրների ու քույրերի որդեգրումը տարբեր անձանց կողմից, բացառությամբ այն դեպքերի, երբ որդեգրումը համապատասխանում է երեխաների շահերին:

    Հոդված 143. Երեխաների որդեգրումը օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից

    Երեխաների որդեգրումը օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից թույլատրվում է միայն այն դեպքում, երբ հնարավոր չէ այդ երեխաներին դաստիարակության հանձնել Հայաստանի Հանրապետությունում մշտապես ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտանիքներ կամ որդեգրման տալ երեխաների հարազատներին` անկախ նրանց քաղաքացիությունից եւ բնակության վայրից:

    Երեխաները կարող են որդեգրման հանձնվել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս մշտապես ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին կամ երեխայի ազգական չհամարվող քաղաքացիություն չունեցող անձանց` նշված երեխաներին սույն Օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան կենտրոնացված հաշվառման վերցնելուց 3 ամիս հետո:

    Հոդված 144. Երեխային որդեգրելու կարգը

    1. Որդեգրումը կատարվում է դատարանով` երեխային որդեգրել ցանկացող անձի /անձանց/ դիմումով: Երեխայի որդեգրումը հաստատելու մասին գործի քննությունը դատարանը կատարում է հատուկ վարույթի կարգով` քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ նախատեսված կանոններով:

    Երեխաների որդեգրումը հաստատելու մասին գործերը դատարանը քննում է խնամակալության եւ հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ:

    2. Դատարանը պարտավոր է երեխայի որդեգրումը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից երեք օրվա ընթացքում այդ վճռի քաղվածքն ուղարկել ՔԿԱԳ մարմնին` ըստ վճիռ կայացնելու վայրի:

    Երեխայի որդեգրումը ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

    Հոդված 145. Որդեգրողի եւ որդեգրվածի իրավունքների ու պարտականությունների ծագման պահը

    1. Որդեգրողների եւ որդեգրված երեխայի իրավունքներն ու պարտականությունները /սույն Օրենսգրքի 157-րդ հոդված/ ծագում են երեխայի որդեգրման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից:

    2. Հայաստանի Հանրապետության տարածքում որդեգրողների ընտանիքներում երեխաների կյանքի եւ դաստիարակության պայմանների վերահսկողության իրականացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    Հոդված 146. Որդեգրման ենթակա երեխաների եւ երեխա որդեգրել ցանկացող անձանց հաշվառումը

    1. Որդեգրման ենթակա երեխաների հաշվառումն իրականացվում է սույն Օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով:

    2. Երեխաներ որդեգրել ցանկացող անձանց հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

    Հայաստանի Հանրապետության քաղաքացի համարվող երեխաներին որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց հաշվառումը տանում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը:

    Հոդված 147. Որդեգրելու իրավունք ունեցող անձինք

    1. Որդեգրողներ կարող են լինել երկու սեռի չափահաս քաղաքացիներ, բացառությամբ`
     

  • դատարանով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց.
     
  • ամուսինների, որոնցից մեկը դատարանով ճանաչված է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
     
  • դատարանով ծնողական իրավունքներից զրկված կամ դատարանով ծնողական իրավունքները սահմանափակված անձանց.
     
  • օրենքով իրենց վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար խնամակալի /հոգաբարձուի/ պարտականույթուններից հեռացված անձանց.
     
  • նախկին որդեգրողների, եթե որդեգրումը դատարանով վերացվել է նրանց մեղքով.
     
  • այն անձանց, որոնք չունեն մշտական բնակության վայր, ինչպես նաեւ այնպիսի բնակելի տարածություն, որը համապատասխանի սանիտարական եւ տեխնիկական պահանջներին.
     
  • այն անձանց, որոնք որդեգրման պահին ունեն դատվածություն քաղաքացու կյանքի կամ առողջության դեմ կատարված դիտավորյալ հանցագործության համար.
     
  • այն անձանց, որոնք որդեգրման պահին չունեն այնպիսի եկամուտ, որը կապահովի որդեգրվող երեխայի նվազագույն կենսապայմանները.
     
  • այն անձանց, որոնք առողջական վիճակով չեն կարող իրականացնել ծնողական իրավունքները: Այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում անձը չի կարող երեխա որդեգրել, նրան ընդունել խնամակալության /հոգաբարձության/, ընդունել ընտանիք դաստիարակության համար, սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
     

    2. Միեւնույն երեխային միաժամանակ որդեգրել ցանկացող մի քանի անձանց առկայության դեպքում նախապատվության իրավունք տրվում է երեխայի ազգականներին եւ խորթ ծնողներին, պայմանով, որ պահպանվեն սույն հոդվածի 1-ին կետի պահանջները եւ որդեգրվող երեխայի շահերը:

    3. Ամուսնության մեջ չգտնվող անձինք չեն կարող համատեղ որդեգրել միեւնույն երեխային:

    4. Որդեգրել ցանկացող անձինք որդեգրման գործընթացին կարող են մասնակցել անմիջականորեն կամ իրենց ներկայացուցիչների միջոցով:

    Հոդված 148. Որդեգրողի եւ որդեգրվող երեխայի միջեւ տարիքային տարբերությունը

    1. Ամուսնության մեջ չգտնվող որդեգրողի եւ որդեգրվող երեխայի տարիքային տարբերությանը պետք է լինի ոչ պակաս 20 տարին:

    Դատարանի կողմից հարգելի ճանաչված պատճառներով տարիքային տարբերությունը կարող է կրճատվել:

    2. Երեխային խորթ հոր /խորթ մոր/ կողմից որդեգրելիս սույն հոդվածի 1-ին կետում նշված տարիքային տարբերություն չի պահանջվում:

    Հոդված 149. Երեխային որդեգրելու համար ծնողների համաձայնությունը

    1. Երեխային որդեգրելու համար անհրաժեշտ է նրա ծնողների գրավոր համաձայնությունը: Անչափահաս ծնողների երեխան որդեգրելիս անհրաժեշտ է նաեւ նրանց ծնողների կամ հոգաբարձուների համաձայնությունը, իսկ ծնողների կամ հոգաբարձուի բացակայության դեպքում` խնամակալության եւ հոգաբարձության մարմնի համաձայնությունը:

    Երեխային որդեգրելու համար ծնողների համաձայնությունը պետք է տրվի գրավոր ձեւով, հաստատված նոտարական կարգով կամ այն հաստատության ղեկավարի կողմից, որում գտնվում է առանց ծնողների խնամքի մնացած երեխան, կամ խնամակալության ու հոգաբարձության մարմնի կողմից, ըստ երեխային որդեգրելու վայրի կամ ծնողների բնակության վայրի: Համաձայնությունը կարող է արտահայտվել նաեւ անմիջականորեն դատարանում` որդեգրման վարույթի ժամանակ:

    2. Ծնողները կարող են երեխային որդեգրելու համաձայնություն տալ երեխան ծնվելուց երեք ամիս հետո միայն:

    3. Ծնողներն իրավասու են հետ վերցնել երեխային որդեգրելու համար իրենց տված համաձայնությունը նախքան նրան որդեգրելու մասին դատարանի վճիռ կայացնելը:

    4. Ծնողները կարող են համաձայնություն տալ երեխային որդեգրելու կոնկրետ անձի կողմից կամ առանց նշելու կոնկրետ անձի: Խնամակալության ու հոգաբարձության մարմինները դատարան են ներկայացնում որդեգրումը երեխայի շահերին համապատասխանելու մասին եզրակացություն: Նման եզրակացություն չի պահանջվում երեխան խորթ հոր /խորթ մոր/ կողմից որդեգրվելիս:

    Հոդված 150. Երեխայի որդեգրումը առանց ծնողների համաձայնության

    Երեխային որդեգրելու համար նրա ծնողների համաձայնությունը չի պահանջվում այն դեպքերում, եթե նրանք`
     

  • հայտնի չեն կամ դատարանով ճանաչվել են անհայտ բացակայող.
     
  • դատարանով ճանաչված են անգործունակ.
     
  • դատարանով զրկված են ծնողական իրավունքներից.
     
  • դատարանով անհարգելի ճանաչված պատճառներով մեկ տարուց ավելի երեխայի հետ համատեղ չեն ապրում եւ խուսափում են նրան դաստիարակելուց ու պահելուց:
     

    Հոդված 151. Երեխային որդեգրելու համար խնամակալների /հոգաբարձուների/, խնամատար ծնողների եւ այն հաստատությունների ղեկավարների համաձայնությունը, որոնցում գտնվում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաները

    1. Խնամակալության /հոգաբարձության/ տակ գտնվող երեխաներին որդեգրելու համար անհրաժեշտ է նրանց խնամակալների /հոգաբարձուների/ գրավոր համաձայնությունը:

    Խնամատար ընտանիքներում գտնվող երեխաներին որդեգրելու համար անհրաժեշտ է խնամատար ծնողների գրավոր համաձայնությունը:

    Առանց ծնողների խնամքի մնացած եւ դաստիարակչական, բուժական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության եւ նմանատիպ այլ հաստատություններում գտնվող երեխաներին որդեգրելու համար անհրաժեշտ է այդ հաստատությունների ղեկավարների գրավոր համաձայնությունը:

    2. Դատարանն իրավասու է երեխայի շահերից ելնելով վճիռ կայացնել նրան որդեգրելու մասին` առանց սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց համաձայնության:

    Հոդված 152. Որդեգրվող երեխայի համաձայնությունը` որդեգրման համար

    1. Տասը տարեկան դարձած երեխայի որդեգրման համար անհրաժեշտ է նրա համաձայնությունը:

    2. Եթե նախքան որդեգրման համար դիմում տալը երեխան ապրել է որդեգրողի ընտանիքում եւ նրան համարում է իր ծնողը, որդեգրումը, բացառության կարգով, կարող է կատարվել առանց որդեգրվող երեխայի համաձայնությունն ստանալու:

    Հոդված 153. Որդեգրողի ամուսնու համաձայնությունը` երեխային որդեգրելու համար

    1. Երեխան ամուսիններից մեկի կողմից որդեգրվելիս որդեգրման համար պահանջվում է մյուս ամուսնու գրավոր համաձայնությունը, եթե երեխան չի որդեգրվում երկու ամուսինների կողմից:

    2. Երեխայի որդեգրման համար մյուս ամուսնու համաձայնությունը չի պահանջվում, եթե ամուսինները դադարեցրել են ամուսնական հարաբերությունները, մեկ տարուց ավելի համատեղ չեն ապրում եւ մյուս ամուսնու բնակության վայրն անհայտ է:

    Հոդված 154. Որդեգրված երեխայի անունը, հայրանունը եւ ազգանունը

    1. Որդեգրված երեխայի համար պահպանվում է նրա անունը, հայրանունը եւ ազգանունը:

    2. Որդեգրողի խնդրանքով որդեգրված երեխային տրվում է որդեգրողի ազգանունը, ինչպես նաեւ նրա նշած անունը:

    3. Որդեգրված երեխայի հայրանունը որոշվում է որդեգրողի անունով, եթե որդեգրողը տղամարդ է, իսկ եթե որդեգրողը կին է` նրա կողմից որդեգրված երեխայի հայր նշված անձի անունով:

    4. Եթե որդեգրող ամուսինների ազգանունները տարբեր են, որդեգրող ամուսինների համաձայնությամբ որդեգրված երեխային տրվում է նրանցից մեկի ազգանունը:

    5. Ամուսնության մեջ չգտնվող անձի կողմից երեխա որդեգրելիս նրա խնդրանքով որդեգրված երեխայի հոր /մոր/ ազգանունը, անունը եւ հայրանունը ծնողների գրանցման գրքում գրառվում են այդ անձի /որդեգրողի/ ցուցումով:

    6. Տասը տարեկան դարձած որդեգրված երեխայի ազգանվան, անվան եւ հայրանվան փոփոխում կարող է կատարվել միայն նրա համաձայնությամբ, բացի սույն Օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերից:

    7. Որդեգրված երեխայի ազգանվան, անվան եւ հայրանվան փոփոխման մասին նշվում է նրան որդեգրելու մասին դատարանի վճռում:

    Հոդված 155. Որդեգրվող երեխայի ծննդյան ժամանակի եւ ծննդավայրի փոփոխումը

    1. Որդեգրման գաղտնիքն ապահովելու համար որդեգրողի խնդրանքով կարող են փոփոխվել որդեգրվող երեխայի ծննդյան ժամանակը, բայց ոչ ավելի, քան երեք ամիս, ինչպես նաեւ նրա ծննդյան վայրը:

    Որդեգրված երեխայի ծննդյան ժամանակի փոփոխում թույլատրվում է մինչեւ մեկ տարեկան երեխայի որդեգրելիս:

    2. Որդեգրված երեխայի ծննդյան ժամանակի եւ /կամ/ վայրի փոփոխման մասին նշվում է նրան որդեգրելու մասին դատարանի վճռում:

    Հոդված 156. Որդեգրողներին որպես որդեգրված երեխայի ծնողներ գրանցելը

    1. Որդեգրողների խնդրանքով դատարանը կարող է որոշում կայացնել ծնունդների գրանցման մատյանում որդեգրողներին որպես որդեգրված երեխայի ծնողներ գրառելու մասին:

    2. Տասը տարեկան դարձած որդեգրված երեխայի նկատմամբ նման գրառում կատարելու համար անհրաժեշտ է երեխայի համաձայնությունը, բացի սույն Օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերից:

    3. Նման գրառում կատարելու անհրաժեշտության մասին նշվում է երեխային որդեգրելու մասին դատարանի վճռում:

    Հոդված 157. Երեխային որդեգրելու իրավական հետեւանքները

    1. Որդեգրված երեխաներն ու նրանց սերունդը որդեգրողների եւ նրանց ազգականների նկատմամբ, իսկ որդեգրողներն ու նրանց ազգականները` որդեգրված երեխաների ու նրանց սերնդի նկատմամբ իրենց անձնական ոչ գույքային եւ գույքային իրավունքներով ու պարտականություններով հավասարեցվում են ծագումով ազգականներին:

    2. Որդեգրվածներն իրենց ծնողների /իրենց ազգականների/ նկատմամբ կորցնում են անձնական ոչ գույքային եւ գույքային իրավունքները եւ ազատվում են պարտականություններից:

    3. Երեխային մեկ անձի կողմից որդեգրելիս անձնական ոչ գույքային եւ գույքային իրավունքներն ու պարտականությունները կարող են պահպանվել մոր ցանկությամբ, եթե որդեգրողը տղամարդ է, կամ հոր ցանկությամբ, եթե որդեգրողը կին է:

    4. Երբ որդեգրվող երեխայի ծնողներից մեկը մահացել է, ապա մահացած ծնողի ծնողների /երեխայի պապի կամ տատի/ խնդրանքով կարող են պահպանվել անձնական ոչ գույքային եւ գույքային իրավունքներն ու պարտականությունները մահացած ծնողի ազգականների նկատմամբ, եթե այդ են պահանջում երեխայի շահերը:

    Մահացած ծնողի ազգականների` որդեգրված երեխայի հետ շփման իրավունքն իրականացվում է սույն Օրենսգրքի 81-րդ հոդվածին համապատասխան:

    5. Որդեգրված երեխայի հարաբերությունները ծնողներից մեկի կամ մահացած ծնողի ազգականների հետ պահպանելու մասին նշվում է երեխային որդեգրելու մասին դատարանի վճռում:

    6. Երեխայի որդեգրման` սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված իրավական հետեւանքները վրա են հասնում անկախ այդ երեխայի ծննդյան մասին ակտային գրանցման մեջ որդեգրողին որպես ծնող գրառելուց:

    Հոդված 158. Նորածին երեխա որդեգրած կնոջ իրավունքները

    Նորածին երեխա որդեգրած կինն ունի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված հետծննդյան արձակուրդի եւ այլ օրենքներով սահմանված արտոնությունների իրավունք:

    Հոդված 159. Որդեգրված երեխայի կենսաթոշակի եւ նպաստի իրավունքը պահպանելը

    Երեխան, որն իրեն որդեգրելու պահին ունեցել է ծնողների մահվան կապակցությամբ կենսաթոշակի եւ նպաստի իրավունք, պահպանում է այդ իրավունքը նաեւ որդեգրվելիս:

    Հոդված 160. Երեխայի որդեգրման գաղտնիքը

    1. Երեխայի որդեգրման գաղտնիքը պահպանվում է օրենքով:

    Երեխայի որդեգրման մասին վճիռ կայացրած դատավորները կամ որդեգրման պետական գրանցումն իրականացնող պաշտոնատար անձինք / ՔԿԱԳ մարմնի ղեկավարը եւ աշխատողները/, ինչպես նաեւ որդեգրման մասին այլ եղանակներով տեղյակ անձինք պարտավոր են պահպանել երեխայի որդեգրման գաղտնիքը:

    2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձինք, որոնք հրապարակել են երեխայի որդեգրման գաղտնիքը նրան որդեգրողների կամքին հակառակ, պատասխանատվության են ենթարկվում օրենքով սահմանված կարգով:

    Հոդված 161. Երեխայի որդեգրումը վերացնելը

    1. Երեխայի որդեգրումը վերացվում է դատական կարգով:

    2. Երեխայի որդեգրման վերացման մասին գործը քննվում է խնամակալության եւ հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ:

    3. Որդեգրումը դադարում է երեխայի որդեգրումը վերացնելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից:

    Դատարանը պարտավոր է երեխայի որդեգրումը վերացնելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից երեք օրվա ընթացքում այդ վճռից քաղվածք ուղարկել որդեգրման պետական գրանցման վայրի ՔԿԱԳ մարմնին:

    Հոդված 162. Երեխայի որդեգրումը վերացնելու հիմքերը

    1. Երեխայի որդեգրումը կարող է վերացվել այն դեպքերում, եթե որդեգրողները խուսափում են իրենց վրա դրված ծնողական պարտականությունները կատարելուց, չարաշահում են ծնողական իրավունքները, դաժանաբար են վարվում որդեգրված երեխայի նկատմամբ, համարվում են խրոնիկական հարբեցողներ կամ թմրադեղամոլներ, ինչպես նաեւ դատարանով մահացած հայտարարված կամ անհայտ բացակայող ճանաչված ծնողի ներկայանալու, դատարանի համապարասխան վճռի վերանայման, անգործունակ ճանաչված ծնողի գործունակության վերականգնման դեպքերում` այդ ծնողների պահանջով:

    2. Դատարանն իրավասու է վերացնել երեխայի որդեգրումը նաեւ այլ հիմքերով, ելնելով երեխայի շահերից եւ հաշվի առնելով տասը տարեկան դարձած երեխայի կարծիքը:

    Հոդված 163. Երեխայի որդեգրումը վերացնելու պահանջի իրավունք ունեցող անձինք

    Երեխայի որդեգրումը վերացնելու պահանջի իրավունք ունեն նրա ծնողները, երեխայի որդեգրողները, խնամակալության եւ հոգաբարձության մարմինը, որդեգրված երեխան, որը դարձել է տասնչորս տարեկան, պահպանելով սույն Օրենսգրքի 165-րդ հոդվածի պահանջները:

    Հոդված 164. Երեխայի որդեգրումը վերացնելու հետեւանքները

    1. Դատարանով երեխայի որդեգրումը վերացնելիս որդեգրված երեխայի եւ որդեգրողների /որդեգրողների ազգականների/ փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները դադարում են եւ վերականգնվում են երեխայի ու նրա ծնողների /նրա ազգականների/ փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները, եթե այդ են պահանջում երեխայի շահերը:

    2. Որդեգրումը վերացնելիս երեխան դատարանի վճռով հանձնվում է ծնողներին: Ծնողների բացակայության դեպքում, ինչպես նաեւ եթե երեխան ծնողներին հանձնելը հակասում է նրա շահերին, երեխան հանձնվում է խնամակալության եւ հոգաբարձության մարմնի խնամքին:

    3. Որդեգրման վերացման հետ միաժամանակ դատարանը նաեւ որոշում է այն հարցը, թե երեխան պահպանու՞մ է որդեգրման կապակցությամբ իրեն տրված անունը, հայրանունը եւ ազգանունը, ինչպես նաեւ փոփոխված ծննդյան ժամանակը եւ վայրը պահպանելու հարցը:

    Տասը տարեկան դարձած երեխայի անունը, հայրանունը եւ ազգանունը փոփոխել հնարավոր է միայն նրա համաձայնությամբ:

    4. Դատարանը, ելնելով երեխայի շահերից, իրավասու է պարտավորեցնել նախկին որդեգրողներին երեխայի ապրուստի համար վճարել միջոցներ սույն Օրենսգրքի 97-րդ եւ 99-րդ հոդվածներով սահմանված չափով:

    Հոդված 165. Որդեգրված երեխայի չափահաս դառնալու դեպքում որդեգրումը վերացնելու անթույլատրելիությունը

    1. Երեխայի որդեգրման վերացում չի թույլատրվում, եթե որդեգրումը վերացնելու մասին պահանջ ներկայացնելու պահին որդեգրված երեխան դարձել է չափահաս, բացի այն դեպքերից, երբ նման վերացման համար կա որդեգրողի եւ որդեգրված երեխայի, ինչպես նաեւ որդեգրված երեխայի ծնողների փոխադարձ համաձայնությունը, եթե ծնողները ողջ են, զրկված չեն ծնողական իրավունքներից կամ դատարանով անգործունակ չեն ճանաչված:

    Հոդված 166. Երեխաներ, որոնց նկատմամբ սահմանվում է խնամակալություն կամ հոգաբարձություն

    1. Երեխաներին պահելու, դաստիարակելու եւ կրթություն տալու նպատակով, ինչպես նաեւ նրանց իրավունքների ու շահերի պաշտպանության համար խնամակլություն կամ հոգաբարձություն սահմանվում է այն երեխաների նկատմամբ, ովքեր մնացել են առանց ծնողների խնամքի /սույն Օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին կետ/:

    2. Խնամակալություն նշանակվում է տասնչորս տարեկան չդարձած երեխաների նկատմամբ:

    Հոգաբարձություն նշանակվում է տասնչորսից մինչեւ տասնութ տարեկան երեխաների նկատմամբ:

    3. Երեխաների նկատմամբ խնամակալություն եւ հոգաբարձություն նշանակվում ու դադարեցվում է Հայաստանի Հանրապետություն քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

    Հոդված 167. Երեխաների խնամակալներ /հոգաբարձուներ/

    1. Երեխաների խնամակալներ /հոգաբարձուներ/ կարող են նշանակվել միայն չափահաս գործունակ անձինք` իրենց համաձայնությամբ: Խնամակալներ /հոգաբարձուներ/ նշանակվել չեն կարող ծնողական իրավունքներից զրկված անձինք:

    2. Երեխայի խնամակալ /հոգաբարձու/ նշանակելիս հաշվի են առնվում խնամակալի /հոգաբարձուի/ բարոյական եւ այլ անձնական հատկանիշները, խնամակալի /հոգաբարձուի/ պարտականությունները կատարելու նրա ունակությունները, խնամակալի /հոգաբարձուի/ եւ երեխայի միջեւ հարաբերությունները, երեխայի նկատմամբ խնամակալի /հոգաբարձուի/ ընտանիքի անդամների վերաբերմունքը, ինչպես նաեւ, եթե դա հնարավոր է, երեխայի ցանկությունը:

    3. Խնամակալ /հոգաբարձու/ չեն նշանակվում խրոնիկական հարբեցողությամբ կամ թմրադեղամոլությամբ հիվանդ անձինք, խնամակալների /հոգաբարձուների/ պարտականություններից հեռացված անձինք, ծնողական իրավունքները սահմանափակված անձինք, նախկին որդեգրողները, եթե որդեգրումը վերացվել է նրանց մեղքով, ինչպես նաեւ այն անձինք, ովքեր առողջության վիճակով /սույն Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին կետ/ չեն կարող իրականացնել երեխայի դաստիարակության պարտականությունը:

    Հոդված 168. Խնամակալությունը /հոգաբարձությունը/ դաստիարակչական, բուժական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության եւ նմանատիպ այլ հաստատությունում գտնվող երեխաների նկատմամբ

    1. Դաստիարակչական, բուժական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության եւ նմանատիպ այլ հաստատությունում լրիվ պետական խնամքի տակ գտնվող երեխաների նկատմամբ խնամակալ /հոգաբարձու/ չի նշանակվում: Նրանց պարտականությունների կատարումը դրվում է այդ հաստատությունների վարչակազմերի վրա:

    Խնամակալների /հոգաբարձուների/ կողմից երեխաներին նման հաստատություններում ժամանակավորապես տեղավորելը չի դադարեցնում այդ երեխաների նկատմամբ խնամակալի /հոգաբարձուի/ իրավունքներն ու պարտականությունները:

    2. Խնամակալության ու հոգաբարձության մարմինները վերահսկողություն են իրականացնում սույն հոդվածի 1-ին կետում նշված հաստատություններում գտնվող երեխաների խնամքի, դաստիարակության եւ կրթության վրա:

    3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված հաստատությունների շրջանավարտների իրավունքների պաշտպանությունը դրվում է խնամակալության եւ հոգաբարձության մարմինների վրա:

    Հոդված 169. Խնամակալության /հոգաբարձության/ տակ գտնվող երեխաների իրավունքները

    1. Խնամակալության /հոգաբարձության/ տակ գտնվող երեխաներն ունեն`
     

  • խնամակալի /հոգաբարձուի/ ընտանիքում դաստիարակվելու, խնամակալի /հոգաբարձուի/ կողմից հոգատարության, նրա հետ համատեղ ապրելու իրավունքներ, բացի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 38-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերից.
     
  • ապրուստի, դաստիարակության, կրթության, բազմակողմանի զարգացման եւ իրենց մարդկային արժանապատվությունը հարգելու համար պայմանների ապահովման իրավունք.
     
  • իրենց հասանելիք ալիմենտը, կենսաթոշակը, նպաստը եւ այլ սոցիալական վճարումներն ստանալու իրավունք.
     
  • բնակելի տարածության սեփականության կամ բնակելի տարածության օգտագործման իրավունքի պահպանման իրավունք, իսկ բնակելի տարածության բացակայության դեպքում` բնակարանային օրենսդրությանը համապատասխան բնակելի տարածություն ստանալու իրավունք.
     
  • սույն Օրենսգրքի 66-րդ հոդվածին համապատասխան խնամակալի /հոգաբարձուի/ կողմից չարաշահումներից պաշտպանվելու իրավունք:


    2. Խնամակալության /հոգաբարձության/ տակ գտնվող երեխաները ունեն նաեւ սույն Օրենսգրքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով նախատեսված իրավունքներ:

    Հոդված 170. Առանց ծնողների խնամքի մնացած եւ դաստիարակչական, բուժական եւ ազգաբնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում գտնվող երեխաների իրավունքները

    1. Առանց ծնողների խնամքի մնացած եւ դաստիարակչական, բուժական եւ ազգաբնակչության սոցիալական պաշտպանության եւ համանման այլ հաստատություններում գտնվող երեխաներն ունեն`
     

  • ապրուստի, դաստիարակության, կրթության, բազմակողմանի զարգացման եւ իրենց մարդկային արժանապատվությունը հարգելու, իրենց շահերի ապահովման իրավունք.
     
  • իրենց հասանելիք ալիմենտը, կենսաթոշակը, նպաստը եւ այլ սոցիալական վճարումներն ստանալու իրավունք.
     
  • բնակելի տարածության սեփականության իրավունքի կամ բնակելի տարածության օգտագործման իրավունքի պահպանման իրավունք, իսկ բնակելի տարածության բացակայության դեպքում` բնակարանային օրենսդրությանը համապատասխան բնակելի տարածություն ստանալու իրավունք.
     
  • նշված հաստատություններում գտնվելու ժամկետն ավարտվելիս աշխատանքի տեղավորվելու դեպքում` աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված արտոնությունների իրավունք:


    2. Առանց ծնողների խնամքի մնացած եւ սույն հոդվածի 1-ին կետում նշված հիմնարկներում գտնվող երեխաներն ունեն նաեւ սույն Օրենսգրքի 65-67-րդ հոդվածներով նախատեսված իրավունքներ:

    Հոդված 171. Երեխայի խնամակալի /հոգաբարձուի/ իրավունքներն ու պարտականությունները

    1. Երեխայի խնամակալը /հոգաբարձուն/ ունի խնամակալության /հոգաբարձության/ տակ գտնվող երեխային դաստիարակելու, նրա առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգեւոր եւ բարոյական զարգացման մասին հոգ տանելու իրավունք եւ պարտականություն:

    Խնամակալը /հոգաբարձուն/ իրավասու է ինքնուրույնաբար որոշել խմանակալության /հոգաբարձության/ տակ գտնվող երեխայի դաստիարակության եղանակները, հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը եւ խնամակալության ու հոգաբարձության մարմնի հանձնարարականները, ինչպես նաեւ պահպանել սույն օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները:

    Խնամակալը /հոգաբարձուն/, հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը, ունի կրթական հիմնարկի եւ մինչեւ երեխայի կողմից հիմնական ընդհանուր կրթություն ստանալը նրա ուսուցման ձեւի ընտրության իրավունք եւ պարտավոր է ապահովել երեխայի հիմնական ընդհանուր կրթություն ստանալը:

    2. Խնամակալը /հոգաբարձուն/ իրավասու է դատարանով պահանջել վերադարձնելու խմանակալության /հոգաբարձության/ տակ գտնվող երեխային ցանկացած անձանցից, այդ թվում եւ երեխայի մերձավոր ազգականներից, ովքեր երեխային պահում են իրենց մոտ առանց օրինական հիմքի:

    3. Խնամակալը /հոգաբարձուն/ իրավունք չունի խոչընդոտել ծնողների եւ մյուս մերձավոր ազգականների հետ երեխայի շփվելուն, բացի այն դեպքերից, երբ նման շփումը չի համապատասխանում երեխայի շահերին:

    4. Խնամակալի /հոգաբարձուի/ քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 38-40-րդ հոդվածներով:

    Հոդված 172. Խնամակալների եւ հոգաբարձուների պարտականությունների անհատույց կատարումը

    Խնամակալն ու հոգաբարձուն խնամակալության /հոգաբարձության/ տակ գտնվող երեխայի նկատմամբ խնամակալության եւ հոգաբարձության պարտականությունները կատարում են անհատույց:

    Երեխայի ապրուստը հոգալու համար խնամակալին /հոգաբարձուին/ ամեն ամիս վճարվում են դրամական միջոցներ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ու չափով:
     


    ԳԼՈՒԽ 21. ԽՆԱՄԱՏԱՐԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ

    Հոդված 173. Խնամատարական ընտանիքի կազմավորումը

    1. Խնամատարական ընտանիքը կազմավորվում է երեխային /երեխաներին/ դաստիարակության համար ընտանիք հանձնելու մասին պայմանագրի հիման վրա:

    Երեխային /երեխաներին/ հանձնելու մասին պայմանագիրը կնքվում է խնամակալության եւ հոգաբարձության մարմնի եւ խնամատար ծնողների /ամուսինների կամ առանձին քաղաքացիների, որոնք ցանկանում են երեխաներին վերցնել իրենց ընտանիքը դաստիարակության համար/ միջեւ: Պայմանագրի կնքմանը պետք է նախորդի դաստիարակության համար երեխային վերցնողի ընտանեկան- կենցաղային պայմանների, նրա ընտանիքի անդամների առողջական վիճակի հետազոտությունը:

    Խնամատարական ընտանիքում դաստիարակվելու համար անչափահաս երեխան /երեխաները/ հանձնվում է պայմանագրով նախատեսված ժամկետով:

    2. Խնամատարական ընտանիքի մասին կանոնադրությունը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

    Հոդված 174. Դաստիարակության համար երեխային /երեխաներին/ ընտանիք հանձնելու մասին պայմանագիր

    1. Դաստիարակության համար երեխային /երեխաներին/ ընտանիք հանձնելու մասին պայմանագրում պետք է նախատեսվեն երեխայի /երեխաների/ ապրուստի, դաստիարակության եւ կրթության պայմանները, խնամատարների իրավունքներն ու պարտականությունները, խնամատարական ընտանիքի նկատմամբ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի պարտականությունները, ինչպես նաեւ նման պայմանագրի դադարման հիմքերն ու հետեւանքները:

    Խնամատար ծնողների աշխատանքի վարձատրության չափը եւ խնամատար ընտանիքին տրամադրվող արտոնությունները, կախված դաստիարակության ընդունված երեխաների քանակից, սահմանվում են խնամատարական ընտանիքի մասին կանոնադրությամբ:

    2. Դաստիարակության համար երեխային /երեխաներին/ ընտանիք հանձնելու մասին պայմանագիրը կարող է վաղակետ լուծվել խնամատար ծնողների նախաձեռնությամբ, հարգելի պատճառների /հիվանդության, ընտանեկան կամ գույքային դրության փոփոխման, երեխայի /երեխաների/ հետ փոխըմբռնման բացակայության, երեխաների եւ մյուսների միջեւ կոնֆլիկտային հարաբերությունների/ առկայության դեպքում, ինչպես նաեւ խնամակալության ու հոգաբարձության մարմնի նախաձեռնությամբ` խնամատարական ընտանիքում երեխային /երեխաներին/ պահելու, դաստիարակելու եւ կրթության համար անբարենպաստ պայմաններ առաջանալու, կամ երեխային /երեխաներին/ հարազատ ծնողներին վերադարձնելու դեպքում, կամ երեխային /երեխաներին/ որդեգրելու դեպքերում:

    Հոդված 175. Խնամատար ծնողներ

    1. Խնամատար ծնողներ կարող են լինել երկու սեռի չափահաս անձինք, բացառությամբ`
     

  • դատարանով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց.
     
  • դատարանով ծնողական իրավունքներից զրկված կամ ծնողական իրավունքները սահմանափակված անձանց.
     
  • օրենքով իրենց վրա դրված պարտականությունները անբարեխիղճ կատարելու համար խնամակալի /հոգաբարձուի/ պարտականություններից հեռացված անձանց.
     
  • նախկին որդեգրողների, եթե որդեգրումը դատարանով վերացվել է նրանց մեղքով.
     
  • այն անձանց, ովքեր առողջության վիճակով /սույն Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին կետ/ չեն կարող իրականացնել երեխայի դաստիարակության պարտականությունները.
     
  • այն ամուսինների, որոնցից մեկը դատարանով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ:


    2. Խնամատար ծնողների ընտրությունն իրականացվում է խնամակալության եւ հոգաբարձության մարմինների կողմից սույն Օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված պահանջների պահպանումով:

    3. Խնամատար ծնողները դաստիարակության ընդունած երեխայի /երեխաների/ նկատմամբ ձեռք են բերում խնամակալի /հոգաբարձուի/ իրավունքներ ու պարտականություններ:

    Հոդված 176. Խնամատարական ընտանիքում դաստիարակության հանձնված երեխան /երեխաները/

    1. Խնամատարական ընտանիքին դաստիարակության համար հանձնվում է առանց ծնողների խնամքի մնացած, այդ թվում` դաստիարակչական, բուժական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ հաստատությունում գտնվող երեխան /երեխաները/: Խնամատարական ընտանիքին դաստիարակության չեն կարող հանձնվել սուր կամ խրոնիկ վարակիչ հիվանդությամբ տառապող երեխաները:

    2. Խնամատարական ընտանիքին հանձնելու համար երեխայի /երեխաների/ նախնական ընտրությունն իրականացվում է երեխային /երեխաներին/ դաստիարակության համար ընտանիք ընդունել ցանկացող անձանց կողմից` խնամակալության եւ հոգաբարձության մարմինների համաձայնությամբ:

    Արգելվում է եղբայրներին ու քույրերին առանձին ընտանիքների հանձնելը, բացառությամբ այն դեպքերի, եթե դա համապատասխանում է նրանց շահերին:

    3. Երեխային /երեխաներին/ խնամատարական ընտանիք հանձնելն իրականացվում է` հաշվի առնելով նրա կարծիքը: Տասը տարեկան դարձած երեխան /երեխաները/ կարող է հանձնվել խնամատարական ընտանիք միայն իր համաձայնությամբ:

    4. Խնամատարական ընտանիք հանձնված երեխան /երեխաները/ պահպանում է իրեն հասանելիք ալիմենտի, կենսաթոշակի, նպաստի եւ սոցիալական այլ վճարումների նկատմամբ իրավունքը, ինչպես նաեւ բնակելի տարածության օգտագործման իրավունքը, իսկ բնակելի տարածության բացակայության դեպքում ունի բնակարանային օրենսդրությանը համապատասխան բնակելի տարածություն ստանալու իրավունք:

    Խնամատարական ընտանիք հանձնված երեխան /երեխաները/ ձեռք է բերում նաեւ սույն Օրենսգրքի 65-67-րդ հոդվածներով նախատեսված իրավունքները:

    Հոդված 177. Խնամատարական ընտանիքին դաստիարակության հանձնված երեխայի /երեխաների/ որդեգրումը

    Խնամատարական ընտանիքին դաստիարակության հանձնված երեխայի /երեխաների/ որդեգրումն իրականացվում է ընդհանուր հիմունքներով, սույն Օրենսգրքով սահմանված կարգով:

    Խնամատար ծնողի կողմից դաստիարակության համար իրեն հանձնված երեխային /երեխաներին/ որդեգրելու ցանկության ու դրանում օրենքով նախատեսված արգելքների բացակայության դեպքում դատարանը կայացնում է որդեգրման մասին վճիռ:

    Որդեգրման պահից դադարում է դաստիարակության համար երեխային /երեխաներին/ ընտանիք հանձնելու մասին պայմանագիրը:

    Հոդված 178. Խնամատարական ընտանիք հանձնված երեխային /երեխաներին/ պահելը

    1. Յուրաքանչյուր երեխայի պահելու համար խնամատարական ընտանիքին ամեն ամիս վճարվում են դրամական միջոցներ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ու չափով:

    2. Խնամակալության եւ հոգաբարձության մարմինը պարտավոր է խնամատարական ընտանիքին ցույց տալ անհրաժեշտ օգնություն, նպաստել երեխայի /երեխաների/ կյանքի ու դասիարակության նորմալ պայմանների ստեղծմանը, ինչպես նաեւ իրավասու է հսկողություն իրականացնել երեխային /երեխաներին/ պահելու, դաստիարակության եւ կրթության գծով խնամատար ծնողների վրա դրված պարտականությունների կատարման վրա:

    Հոդված 179. Դաստիարակության համար երեխային /երեխաներին/ ընտանիք հանձնելու մասին պայմանագրի վաղակետ լուծումը

    Դաստիարակության համար երեխային /երեխաներին/ ընտանիք հանձնելու մասին պայմանագիրը կարող է վաղակետ լուծվել`
     

  • երբ երեխային /երեխաներին/ դաստիարակության վերցրած անձը խախտում է պայմանագրով ստանձնած պարտականությունները.
     
  • երբ երեխային /երեխաներին/ դաստիարակության վերցրած անձի մոտ առաջացել են դաստիարակության համար անբարենպաստ ընտանեկան-կենցաղային պայմաններ, որ բացասաբար են անդրադառնում երեխայի դաստիարակության վրա.
     
  • երբ անհայտ բացակայությունից վերադարձած, հայտնաբերված ծնողներն ու մերձավոր ազգականները պահանջում են դաստիարակության հանձնված երեխաներին:


    Պայմանագրի վաղակետ լուծման առթիվ ծագած վեճերը լուծվում են դատական կարգով:

    ԲԱԺԻՆ 7.

    ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

    Հոդված 180. Ամուսնության կնքումը Հայաստանի Հանրապետության տարածքում

    1. Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց ամուսնությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

    Հոդված 181. Ամուսնությունների կնքումը դիվանագիտական ներկայացուցչություններում եւ հյուպատոսական հաստատություններում

    1. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջեւ ամուսնությունները կնքվում են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հաստատություններում:

    2. Օտարերկրյա քաղաքացիների միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններում եւ հյուպատոսական հաստատություններում կնքված ամուսնությունները Հայաստանի Հանրապետությունում վավերական են փոխադարձության պայմաններով:

    Հոդված 182. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կնքված ամուսնությունների ճանաչումը

    1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջեւ ամուսնությունները եւ Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց միջեւ ամուսնությունները, որոնք կնքվել են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, պահպանելով այն պետության օրենսդրությունը, որի տարածքում դրանք կնքվել են, Հայաստանի Հանրապետությունում վավեր են ճանաչվում հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում:

    2. Օտարերկրյա քաղաքացիների միջեւ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս կնքված ամուսնությունները, եթե պահպանվել են այն պետության օրենսդրությունը, որի տարածքում դրանք կնքվել են, Հայաստանի Հանրապետությունում վավերական են համարվում հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում:

    Հոդված 183. Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքի սահմաններից դուրս կնքված ամուսնությունների անվավերությունը

    Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս կնքված ամուսնությունների անվավերությունը որոշվում է այն օրենսդրությամբ, որը կիրառվել է ամուսնությունը կնքելիս:

    Հոդված 184. Ամուսնության լուծում

    1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց միջեւ, ինչպես նաեւ օտարերկրյա քաղաքացիների միջեւ ամուսնության լուծումը Հայաստանի Հանրապետությունում կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

    2. Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրավասու է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ապրող ամուսնու հետ ամուսնությունը, անկախ նրա քաղաքացիությունից, լուծել Հայաստանի Հանրապետության դատարանում: Այն դեպքում, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան թույլատրվում է ամուսնությունը լուծել ՔԿԱԳ մարմիններում, ամուսնությունը կարող է լուծվել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հաստատություններում:

    3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց միջեւ ամուսնալուծությունը, որը կատարվել է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, պահպանելով համապատասխան օտարերկրյա պետության օրենսդրությունը ամուսնալուծության մասին, վավերական է ճանաչվում Հայաստանի Հանրապետությունում:

    4. Օտարերկրյա քաղաքացիների միջեւ ամուսնալուծությունը, որը կատարվել է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, պահպանելով համապատասխան օտարերկրյա պետության օրենսդրությունը ամուսնալուծության որոշում ընդունած մարմինների իրավասության եւ ամուսնալուծության ժամանակ կիրառման ենթակա օրենսդրության մասին, վավերական է համարվում Հայաստանի Հանրապետությունում:

    Հոդված 185. Ամուսինների անձնական ոչ գույքային եւ գույքային իրավունքներն ու պարտականությունները

    1. Ամուսինների անձնական ոչ գույքային եւ գույքային իրավունքներն ու պարտականությունները որոշվում են այն պետության օրենսդրությամբ, որի տարածքում նրանք ունեն համատեղ բնակության վայր, իսկ համատեղ բնակության վայր չլինելու դեպքում` այն պետության օրենսդրությամբ, որի տարածքում նրանք ունեցել են վերջին համատեղ բնակության վայրը: Համատեղ բնակության վայր չունեցող ամուսինների անձնական ոչ գույքային եւ գույքային իրավունքներն ու պարտականությունները Հայաստանի Հանրապետության տարածքում որոշվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

    2. Ընդհանուր քաղաքացիություն կամ համատեղ բնակավայր չունեցող ամուսինները ամուսնական պայմանագիր կամ մեկը մյուսին ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնություն կնքելիս կարող են ընտրել ամուսնական պայմանագրով կամ ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ իրենց իրավունքներն ու պարտականությունները որոշելու համար կիրառման ենթակա օրենսդրությունը: Եթե ամուսինները չեն ընտրել կիրառման ենթակա օրենսդրությունը, ապա ամուսնական պայմանագրի կամ ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի 1-ին կետի դրույթները:

    Հոդված 186. Հայրության /մայրության/ որոշումը եւ վիճարկումը

    1. Հայրության /մայրության/ որոշումն ու վիճարկումը որոշվում են այն պետության օրենսդրությամբ, որի քաղաքացին է համարվում երեխան իր ծնունդով:

    2. Հայաստանի Հանրապետության տարածքում հայրության /մայրության/ որոշման ու վիճարկման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ թույլատրվում է հայրության /մայրության/ որոշումը ՔԿԱԳ մարմիններում, երեխայի` Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ապրող ծնողները, որոնցից թեկուզեւ մեկը համարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իրավասու են հայրությունը /մայրությունը/ հաստատելու մասին հայտարարությամբ դիմել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ կամ հյուպատոսական հաստատություններ:

    Հոդված 187. Ծնողների ու զավակների իրավունքներն ու պարտականությունները

    Ծնողների ու զավակների իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում` երեխաների ապրուստը հոգալու ծնողների պարտականությունը, որոշվում են այն պետության օրենսդրությամբ, որի տարածքում նրանք ունեն համատեղ բնակության վայր: Ծնողների ու զավակների համատեղ բնակության վայրի բացակայության դեպքում ծնողների ու զավակների իրավունքներն ու պարտականությունները որոշվում են այն պետության օրենսդրությամբ, որի քաղաքացին է համարվում երեխան: Հայցվորի պահանջով ալիմենտային պարտավորությունների եւ ծնողների ու զավակների միջեւ մյուս հարաբերությունների նկատմամբ կարող է կիրառվել այն պետության օրենսդրությունը, որի տարածքում մշտապես ապրում է երեխան:

    Հոդված 188. Չափահաս զավակների եւ ընտանիքի մյուս անդամների ալիմենտային պարտավորությունները

    Չափահաս զավակների ալիմենտային պարտավորությունները ծնողների օգտին, ինչպես նաեւ ընտանիքի մյուս անդամների ալիմենտային պարտավորությունները որոշվում են այն պետության օրենսդրությամբ, որի տարածքում նրանք ունեն համատեղ բնակության վայր: Համատեղ բնակության վայրի բացակայության դեպքում նման պարտավորությունները որոշվում են այն պետության օրենսդրությամբ, որի քաղաքացի է համարվում ալիմենտ ստանալուն հավակնող անձը:

    Հոդված 189. Որդեգրում /դստերագրում/

    1. Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացի համարվող երեխայի որդեգրումը օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից, ինչպես նաեւ որդեգրումը վերացնելը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

    Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի համարվող երեխա որդեգրելիս պետք է պահպանվեն նաեւ սույն Օրենսգրքի 141-146-րդ եւ 149-152-րդ հոդվածների պահանջները:

    Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից օտարերկրյա քաղաքացի համարվող երեխային որդեգրելիս անհրաժեշտ է ստանալ երեխայի օրինական ներկայացուցչի եւ այն պետության իրավասու մարմնի համաձայնությունը, որի քաղաքացի է համարվում երեխան, ինչպես նաեւ, եթե այդ պահանջվում է նշված պետության օրենսդրությամբ, որդեգրման համար տասը տարեկան դարձած երեխայի համաձայնությունը:

    2. Այն դեպքում, եթե որդեգրման հետեւանքով կարող են խախտվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված երեխայի իրավունքները, որդեգրում չի կարող կատարվել, անկախ որդեգրողի քաղաքացիությունից, իսկ կատարված որդեգրումը /դստերագրումը/ ենթակա է վերացման դատական կարգով:

    3. Հայաստանի Հանրապետության քաղաքացի համարվող եւ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ապրող երեխայի որդեգրումը, որ կատարվել է օտարերկրյա այն պետության իրավասու մարմնի կողմից, որի քաղաքացի է համարվում որդեգրողը, Հայաստանի Հանրապետությունում վավերական է համարվում որդեգրման համար Հայաստանի Հանրապետության կառավարության նախնական համաձայնությունը ստանալու դեպքում:

    Հոդված 190. Օտարերկրյա ընտանեկան իրավունքի նորմերի բովանդակության բացահայտումը

    1. Օտարերկրյա ընտանեկան իրավունքի նորմեր կիրառելիս դատարանը կամ ՔԿԱԳ մարմինները եւ այլ մարմիններ այդ նորմերի բովանդակությունը բացահայտում են համապատասխան օտարերկրյա պետությունում դրանց պաշտոնական մեկնաբանությանը, կիրառման պրակտիկային եւ դոկտրինային համապատասխան:

    Օտարերկրյա ընտանեկան իրավունքի նորմերի բովանդակությունը բացահայտելու նպատակով դատարանը, ՔԿԱԳ մարմինները եւ այլ մարմիններ կարող են սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` համապատասխան պարզաբանումներ ստանալու համար կամ ներգրավել փորձագետների:

    Շահագրգռված անձինք իրավունք ունեն ներկայացնել այն օտարերկրյա ընտանեկան իրավունքի նորմերի բովանդակությունը հաստատող փաստաթղթերը, որոնց վրա նրանք հենվում են իրենց պահանջներն ու առարկությունները հիմնավորելու համար եւ այլ կերպ աջակցել դատարանին, եւ ՔԿԱԳ մարմիններին եւ այլ մարմիններին` օտարերկրյա ընտանեկան իրավունքի նորմերի բովանդակությունը պարզելու համար:

    2. Եթե սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան ձեռք առնված միջոցներով չի բացահայտվում օտարերկրյա ընտանեկան իրավունքի նորմի բովանդակությունը, կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը:

    Հոդված 191. Օտարերկրյա ընտանեկան իրավունքի նորմերի կիրառման սահմանափակումը

    Օտարերկրյա ընտանեկան իրավունքի նորմերը չեն կիրառվում այն դեպքերում, երբ նման կիրառումը հակասում է Հայաստանի Հանրապետության իրավակարգի /հանրային կարգի/ հիմունքներին: Այդ դեպքում կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը:

    ԲԱԺԻՆ 8.

    ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 192. Սույն Օրենսգիրքը գործողության մեջ դնելու կարգը

    1. Սույն Օրենսգիրքը գործողության մեջ դնել 2004 թվականի հունիսի 1-ից, բացառությամբ այն դրույթների, որոնց համար սույն Օրենսգրքով սահմանված են գործողության մեջ մտնելու այլ ժամկետներ:

    2. Սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած համարել Հայկական ՍՍՀ ամուսնության եւ ընտանիքի Օրենսգիրքը /«Հայկական ՍՍՀ Գերագույն Սովետի տեղեկագիր», 1969թ., թիվ 14, հոդված 106/ հետագա փոփոխություններով ու լրացումներով հանդերձ /բացառությամբ 4-րդ հատվածի` «Քաղաքացիական կացության ակտեր», որը գործում է սույն Օրենսգրքին չհակասող մասով, մինչեւ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը/, ինչպես նաեւ Հայկական ՍՍՀ Գերագույն Սովետի նախագահության 1969թ. նոյեմբերի 27-ի «Հայկական ՍՍՀ ամուսնության եւ ընտանիքի օրենսգիրքը կիրառության մեջ դնելու կարգի մասին» հրամանագիրը /«Հայկական ՍՍՀ Գերագույն Սովետի տեղեկագիր», 1969թ., թիվ 23, հոդված 184/:

    Հոդված 193. Սույն Օրենսգրքի նորմերի կիրառումը

    1. Սույն Օրենսգրքի նորմերը կիրառվում են Օրենսգիրքը գործողության մեջ դնելուց հետո առաջացած ընտանեկան հարաբերությունների նկատմամբ:

    Մինչեւ սույն Օրենսգիրքը գործողության մեջ դնելն առաջացած ընտանեկան հարաբերությունների նկատմամբ նրա նորմերը կիրառվում են այն իրավունքների ու պարտականությունների նկատմամբ, որոնք առաջացել են Օրենսգիրքը գործողության մեջ դնելուց հետո:

    2. Երեխաների որդեգրման` սույն Օրենսգրքի 144-րդ հոդվածով սահմանված դատական կարգը գործողության մեջ է դրվում երեխաների որդեգրման դատական կարգի մասին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը գործողության մեջ դնելու պահից:

    Մինչեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի` որդեգրման դատական կարգին վերաբերող նորմերը գործողության մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի համարվող երեխաների որդեգրումը կատարվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, պահպանելով սույն Օրենսգրքի 19-րդ գլխի եւ 189-րդ հոդվածի նորմերի պահանջները:

    3. Սույն Օրենսգրքի 29-րդ հոդվածի նորմը, ըստ որի դատարանով ամուսնալուծություն կատարելիս ամուսնությունը դադարում է ամուսնալուծության մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից, կիրառվում է 2004թ. հունիսի 1-ից հետո դատարանով ամուսնալուծություն կատարելիս:

    Մինչեւ 2004թ. հունիսի 1-ը դատական կարգով լուծված ամուսնությունը դադարեցված է համարվում ՔԿԱԳ գրքում ամուսնալուծության պետական գրանցման օրվանից:

    4. Սույն Օրենսգրքի 34-րդ հոդվածին համապատասխան ամուսնալուծությունն անվավեր ճանաչելու նկատմամբ կիրառվում են վիճարկելի գործարքներն անվավեր ճանաչելու համար Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածով սահմանված հայցային վաղեմության ժամկետները:

    5. Ամուսնական պայմանագրերի եւ ալիմենտի վճարման վերաբերյալ համաձայնության կնքման պայմաններն ու կարգը, որ համապատասխանաբար սահմանվել են սույն Օրենսգրքի 8-րդ եւ 16-րդ գլուխներով, կիրառվում են այն ամուսնական պայմանագրերի ու ալիմենտի վճարման վերաբերյալ համաձայնագրերի նկատմամբ, որոնք կնքվել են 2004թ. հունիսի 1-ից հետո:

    6. Մինչեւ սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կնքված ամուսնական պայմանագրերը եւ ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունները գործում են այնքանով, որքանով չեն հակասում սույն Օրենսգրքի պահանջներին:

    Հոդված 194. Նորմատիվ իրավական ակտերը սույն Օրենսգրքին համապատասխանեցնելը

    Մինչեւ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող օրենքները եւ այլ նորմատիվ իրավական ակտերը սույն Օրենսգրքին համապատասխանեցնելը Հայաստանի Հանրապետության օրենքները եւ այլ նորմատիվ իրավական ակտերը կիրառվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված սահմաններում ու կարգով այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն Օրենսգրքին:
     
     

    ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

    Օրենսգրքի ընդունումը պայմանավորված է ամուսնանալու, ամուսնության դադարման եւ այն անվավեր ճանաչելու պայմաններն ու կարգը սահմանելու, անձնական ոչ գույքային եւ գույքային հարաբերությունները ընտանիքի անդամների` ամուսինների, ծնողների եւ զավակների, ինչպես նաեւ առանց ծնողների խնամքի մնացած երեխաների ընտանիքում տեղավորելու ձեւերի ու կարգի կարգավորման անհրաժեշտությամբ:

    Օրինագիծը հիմնականում մշակվել է իրավաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Գ.Ղարախանյանի կողմից: Դրանում, ժամանակակից իրավահայեցությանը եւ իրավամտածողությանը համապատասխան, բովանդակային եւ խմբագրական անհրաժեշտ ուղղումներ է կատարել իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռ.Պետրոսյանը: