Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-912-24.05.2010-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված  1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության  1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 20-րդ հոդվածի 31-րդ կետը շարադրել  հետեւյալ բովանդակությամբ
 
31.«Հայ», «Հայաստան», «հայկական», «Հանրապետություն», «հանրապետական» բառերը եւ դրանց թարգմանությունները ֆիրմային անվանման մեջ օգտագործելու թույլտվություն տալու համար
բազային տուրքի 600պատիկի չափով

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

« Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի

1.  Իրավական ակտի անհրաժեշտությունը( նպատակը):

Նախագծի ընդունումը պայմանավորված է « Հայ», « Հայաստան», « հայկական», « Հանրապետություն», «հանրապետական» բառերը եւ դրանց թարգմանությունները ֆիրմային անվան մեջ օգտագործելը խթանելու համար:

1.1  Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները:

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքով « Հայ», « Հայաստան», « հայկական», « Հանրապետություն»,«հանրապետական» բառերը եւ դրանց թարգմանությունները ֆիրմային անվանման մեջ օգտագործելու թույլտվություն տալու համար կազմակերպությունը ամեն տարի պետք է վճարի բազային տուրքի 600 պատիկի չափով պետական տուրք:Ներկայումս նման թույլտվություն ունեն  մոտ 150 կազմակերպություն: 2009 թվականին Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի կողմից  կատարված ստուգումները ցույց են տվել, որ 100- ից ավելի կազմակերպություններ չեն վճարել 700 մլն դրամի  պետական տուրք: Այսինքն ընդունված իրավական նորմը չի ընդունվում իրավաբանական անձանց կողմից: Բացի այդ չկա վերահսկողության մեխանիզմ: Արդյունքում այդ պետական տուրքի գծով պետբյուջեի մուտքերը աննշան են:

1.2  Առկա խնդրի առաջարկվող լուծումը:

Նախագծով առաջարկվում է « Հայ», « Հայաստան», « հայկական», « Հանրապետություն», « հանրապետական» բառերը եւ դրանց թարգմանությունները ֆիրմային անվանման մեջ օգտագործելու թույլտվություն տալու համար պետական տուրքը սահմանվի ոչ թե յուրաքանչյուր տարի, այլ միայն մեկ անգամ` թույլտվություն ստանալու պահին:

2. Կարգավորման առարկան

Նախագծի ընդունման դեպքում իրավական նորմի կիրառման հետ կապված խնդիրներ չեն առաջանա եւ կխթանվի «Հայ»,  «Հայաստան», « հայկական», « Հանրապետություն», « հանրապետական» բառերի  եւ դրանց թարգմանությունների օգտագործումը ֆիրմային  անվանումների մեջ:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում, վերոնշյալ պետական տուրքի գծով, պետական բյուջեի մուտքերը կավելանան: