Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-876-20.04.2010,01.06.2010-ԳԿ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության (1993 թվականի մարտի 30-ի  Հ.Ն. 0773-1 ՀՕ-52) օրենքի 2-րդ հոդվածում`

1) առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հայաստանի Հանրապետությունում գործող ուսումնական հաստատություններում եւ կրթական ծրագրեր իրականացնող այլ կազմակերպություններում կրթության եւ ուսուցման լեզուն գրական հայերենն է` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»:

2)երրորդ պարբերությունում «ոչ հանրակրթական» բառերը փոխարինել «մասնագիտական» բառով.

3) երրորդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ պարբերություն.

«Այլընտրանքային, հեղինակային, փորձարարական եւ (կամ) միջազգային ծրագրեր իրականացնող այն ուսումնական հաստատությունները, որոնք հանրակրթությունը կազմակերպում են օտար լեզուներով, կարող է գործել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումով։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար` հայոց լեզու եւ հայագիտական առարկաների հայերենով ուսուցումը  պարտադիր է` հանրակրթության պետական չափորոշիչին համապատասխան»:

4) չորորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հայաստանի Հանրապետության նախանական (արհեստագործական), միջին եւ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում «հայոց լեզու» առարկայի ընդունելության քննությունը եւ ընթացիկ ուսուցումը պարտադիր է:

Հայաստանի Հանրապետության այլազգի քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց (այդ թվում` փախստականների) ընդունելությունն ուսումնական հաստատություն, ինչպես նաեւ նրանց ուսուցման եւ դաստիարակության կազմակերպման լեզվական առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»:

Հոդված  2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: