Հոդված 1. «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ա», «բ», «գ», «դ» ենթակետերով.
«ա. այլընտրանքային կրթական ծրագիր ` առարկայական ծրագրերի, ուսումնական պլանների, ուսուցման կազմակերպման ձեւերի, միջոցների եւ մեթոդների բազմազանություն առաջարկող կրթական ծրագիր, որն ապահովում է հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված արդյունքները,
բ. հեղինակային կրթական ծրագիր ` այլընտրանքային կրթական ծրագրի տեսակ, որը միջազգային չափանիշներով ճանաչված (վկայագրված) է որպես հեղինակային կամ ստեղծված, մշակված եւ ներդրված է մանկավարժական որոշակի համակազմի կամ կառավարման մարմնի (մարմինների) կողմից,
գ. փորձարարական կրթական ծրագիր ` սահմանված կարգով որոշակի ժամկետով ներդրված այլընտրանքային կրթական ծրագիր, որի նպատակն է ապահովել կրթության կազմակերպման բազմազանությունը, միջազգային համագործակցությունը, կրթության արդյունավետ կազմակերպման համակարգերի բացահայտումը եւ ներդրումը,
դ. միջազգային կրթական ծրագիր ` միջկառավարական կամ միջգերատեսչական համաձայնագրի հիման վրա կամ տասը եւ ավելի օտարերկրյա պետություններում իրականացվող այլընտրանքային կրթական ծրագիր.»:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասը «պահանջներին համապատասխան» բառերից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով։
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.
«6.1. Ուսումնական հաստատությունները կարող են միջազգային ծրագրեր իրականացնել եւ օտար լեզուներով կրթություն կազմակերպել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումով։ Ուսումնական հաստատությանը օտար լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու կարգը մշակում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը եւ ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը։
Օտար լեզվով կրթական ծրագրեր կարող են իրականացնել բացառապես ոչ պետական ուսումնական հաստատությունները, ինչպես նաեւ միջպետական, միջկառավարական համաձայնագրերով ստեղծված ուսումնական հաստատությունները։
Օտար լեզվով կրթական ծրագրեր իրականացնող` սույն մասով սահմանված ուսումնական հաստատություններում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար հայոց լեզվի եւ հայագիտական առարկաների հայերենով ուսուցումը պարտադիր է՝ հանրակրթության պետական չափորոշիչին համապատասխան։
Սույն մասով սահմանված ուսումնական հաստատությունների առավելագույն թիվը Հայաստանի Հանրապետությունում 11-ն է, որից`
1) երկուսը կարող են ստեղծվել որպես ոչ պետական ուսումնական հաստատություններ Դիլիջան եւ Ջերմուկ քաղաքներում եւ կրթություն կազմակերպել առնվազն 6-րդ դասարանի հիմքի վրա (7-րդ դասարանից).
2) ինը կարող են ստեղծվել նաեւ միջպետական եւ (կամ) միջկառավարական համաձայնագրերի հիման վրա եւ իրականացնել միջնակարգ կրթության երրորդ աստիճանի հանրակրթական ծրագրեր։
Նույն օտար լեզվով կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների առավելագույն թիվը 4-ն է:
Սույն մասով սահմանված ուսումնական հաստատությունները չեն կարող ունենալ մասնաճյուղ կամ ստորաբաժանում:»։
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։