Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-914-01.06.2010-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի (9 նոյեմբերի 2004 թվականի, ՀO-122-Ն, այսուհետ` օրենք)  3-րդ հոդվածի ե) կետը «հիդրոէլեկտրակայանների» բառից հետո լրացնել` «(փոքր հիդրոէլեկտրակայաններ)» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 6-րդ հոդվածում.

1. առաջին մասի գ) կետը «պետական ծրագրերում» բառերից հետո լրացնել` «, համայնքների զարգացման քառամյա ծրագրերում, ինչպես նաեւ 50 եւ ավելի տոկոս պետական բաժնեմասով ընկերությունների զարգացման ծրագրերում» բառերով:

2. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «3. Անտառտնտեսության տարածքներում, պետական արգելավայրերում եւ ազգային պարկերում դրանց պահպանության ռեժիմներին համապատասխանող եւ կառուցվող շենքերի ու կառուցվածքների նախագծերում կիրառվող տեխնոլոգիաների եւ տեխնիկական լուծումների էներգաարդյունավետության ցուցանիշները, ինչպես նաեւ վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառման պահանջները  էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացմամբ սահմանում է կառավարությունը»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 7-րդ հոդվածի ե) կետը  «էներգաարդյունավետության» բառից հետո լրացնել «եւ վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործման եւ շրջակա միջավայրի վրա ներգործության» բառերով:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամ`

«ՀՈԴՎԱԾ 8. ԷՆԵՐԳԱՍՊԱՌՈՂ ՍԱՐՔԵՐԻ ԵՎ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԻ ՊԻՏԱԿԱՎՈՐՈՒՄԸ

Էներգասպառող սրաքերի եւ սարքվածքների պիտակավորման կարգը եւ պիտակի ձեւը, էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացմամբ սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 12-րդ հոդվածում «Նորմատիվ պահանջներին արտադրանքի եւ ծառայությունների համապատասխանության հավաստման մասին» բառերը փոխարինել «Ստանդարտացման մասին» բառերով:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 13-րդ հոդվածում.

1. 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«2. էներգատեղակայանքների, շենքերի եւ կառուցվածքների Էներգետիկ փորձաքննությունն կամավոր է եւ իրականացվում է դրանց սեփականատերերի նախաձեռնությամբ ու հաշվին:

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ապրանքների ու ծառայությունների գնումների իրականացման նպատակով կազմվող գնման պայմանագրերում անհրաժեշտության դեպքում նշվում է ապրանքների ու ծառայությունների էներգետիկ փորձաքննության եզրակացության ներկայացման պահանջ մատակարար կազմակերպություններից: »

2. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «3. Էներգետիկ փորձաքննությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով  «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքի համաձայն հավատարմագրված սերտիֆիկացման մարմինների կողմից սերտիֆիկացված համապատասխանության հավաստման հայտատուները »:

ՀՈԴՎԱԾ 7. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի դ) կետը:

ՀՈԴՎԱԾ 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ  ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

«Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքը (այսուհետեւ` օրենք) ընդունվել է 2004 թվականին, որի անցումային դրույթների 20-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված էր փոփոխություններ կատարել «Նորմատիվ պահանջներին  արտադրանքի եւ ծառայությունների համապատաuխանության հավաuտման մաuին» ՀՀ օրենքում (նշված օրենքը ներկայումս փոխարինվել է «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքով), սահմանելով որ հավատարմագրված փորձարկման լաբորատորիաները պետք է իրականացնեն նաեւ էներգետիկ փորձաքննության գործառույթներ: Նշված փոփոխություններով «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների  նախարարությունը սահմանված կարգով դրեց շրջանառության մեջ: Արդյունքում, փորձարկման լաբորատորիաների կողմից էներգետիկ փորձաքննության գործառույթների իրականացմանը դեմ էին ՀՀ էկոնոմիկայի եւ ՀՀ արդարադատության նախարարությունները, ինչը ընդունելով հիմք, ՀՀ կառավարության կողմից նշված օրենքի նախագծի ընդունման հետագա քայլերը կասեցվեցին:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը խիստ կարեւորելով էներգետիկ փորձաքննության ինստիտուտի ներդնումը, ՀՀ-ում շարունակեց ուսումնասիրել եվրոպական (հատկապես` Չեխիայի, Բուլղարիայի հանրապետություններում) եւ ԱՊՀ երկրների ունեցած օրենսդրությունը եւ կուտակած փորձը այս ոլորտում: Արդյունքում, նպատակահարմար է գտնվել ՀՀ-ում ներդնել ավելի լիբերալ էներգետիկ փորձաքննության ինստիտուտ, քան օրենքով էր նախատեսված (եթե օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված փոփոխությունը կյանքի կոչվեր, ապա նման լաբորատորիաներ կարող էին գտնվել մեկ կամ երկու հատ, ինչը իհարկե կարող էր ստեղծել նրանց համար տվյալ շուկայում գերիշխող դիրք): Այդ իսկ պատճառով ներկայումս գործող  «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացմամբ կհավատարմագրվի էներգետիկայի բնագավառի փորձառու իրավաբանական անձ որպես սերտիֆիկացնող մարմին (մարմիններ) եւ նրա  (նրանց) կողմից կտրվեն սերտիֆիկատներ էներգետիկ փորձաքննություն իրականացնող իրավաբանական անձանց, որոնք ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 31 «Էներգետիկ փորձաքննության իրականացման կարգը հաստատելու եւ ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի N 2200-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1399-Ն որոշման պահանջերին համապատասխան կիրականացնեն էներգետիկ փորձաքննության գործառույթները: Այսպիսով, ՀՀ-ում կսկսեն գործել էներգետիկ փորձաքննություն  իրականացնելու համար սերտիֆիկացված անձինք:

Սույն մոտեցումը համահունչ է Եվրադիրեկտիվների պահանջներին: ՀՀ-ում Էներգետիկ փորձաքննության ինստիտուտի ներդնումը կնպաստի նաեւ վառելիքաէներգետիկ պաշարների արդյունավետ օգտագործմանը թե պետական (համայնքի)  բյուջեի հաշվին ֆինանսավորվող նախագծերի, սարքերի եւ սարքվածքների գնման դեպքում, եւ թե պետական բաժնեմաս ունեցող կազմակերպություններում կառուցվող եւ շահագործվող էներգատեղակայանքներում, սարքերում եւ սարքվածքներում, ինչն արդիական է ներկա ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում:

Սույն օրենքի նախագծում ներառվել են նաեւ էներգասպառող սարքերի եւ սարքվածքների պիտակավորմանն ուղղված դրույթներ, որոնց կիրառումը կնպաստի սպառողներին թյուրիմացություններից զերծ պահելուն:

Օրենքի նախագծով նախատեսվում է նաեւ պետական (համայքի) կարիքների համար գնումներ կատարելու ընթացքում էներգասպառող սարքերի եւ սարքվածքների մասով էներգետիկ փորձաքննություն իրականացնելու պահանջ, ինչը կնպաստի պետական (համայքային) մարմիններում էներգասպառման նվազեցմանը: