Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-634-29.05.2009,07.06.2010-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ԳԼՈՒԽ 1.

Հոդված 1. Հանրային ծառայությունը

1. Հանրային ծառայությունը պետությանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը եւ համայնքային ծառայությունը:

2. Պետական ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական մարմիններին վերապահված խնդիրների եւ գործառույթների իրականացմանը:

3. Պետական ծառայությունն ընդգրկում է քաղաքացիական ծառայությունը, դատական ծառայությունը, դիվանագիտական ծառայությունը, հատուկ ծառայությունները` պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության, հարկային, մաքսային, փրկարար ծառայության հանրապետական գործադիր մարմիններում, ՀՀ Ազգային ժաղովի աշխատակազմում պետական ծառայությունը, Ազգային անվտանգության խորհրդում, ինչպես նաեւ օրենքներով նախատեսված այլ ծառայությունները:

4. Համայնքային ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված խնդիրների եւ գործառույթների իրականացմանը:

Հոդված 2. Սույն օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայության սկզբունքները եւ կազմակերպման կարգը, ինչպես նաեւ կարգավորվում են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատանք իրականացնող անձանց` հանրային ծառայողների իրավական վիճակի եւ դրա հետ կապված այլ հարաբերություններ:

2. Սույն օրենքը չի տարածվում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքական, հայեցողական եւ քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող անձանց վրա, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:

3. Սույն օրենքը չի տարածվում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց վրա:

Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետեւյալ իմաստները.

1) հանրային ծառայության պաշտոն` պետական եւ համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերով նախատեսված պաշտոն.

2) հանրային ծառայության պաշտոնների անվանացանկ` պետական եւ համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերի միասնություն.

3) պետական եւ համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկեր` պետական ծառայության յուրաքանչյուր տեսակի, ինչպես նաեւ համայնքային ծառայության համար նախատեսված` օրենքով սահմանված կարգով հաստատված պաշտոնների ցանկեր.

4) հանրային ծառայող` հանրային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որեւէ պաշտոն զբաղեցնող կամ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով հանրային ծառայության համապատասխան (կադրերի) ռեզերվում գտվող անձ.

5) հանրային ծառայության կադրերի ռեզերվ` oրենքով uահմանված դեպքերում եւ կարգով հանրային ծառայության պաշտոններ չզբաղեցնող հանրային ծառայողների եւ  անձանց հանրույթ.

6) համապատասխան մարմին` սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմին.

7) հանրային ծառայության պաշտոնի անձնագիր (նկարագիր)` տվյալ պաշտոնն զբաղեցնող հանրային ծառայողի համար օրենքով եւ այլ իրավական ակտերով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները նկարագրող եւ տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար հանրային ծառայողին մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային  ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող օրենքով սահմանված կարգով հաստատված փաստաթուղթ.

8) հանրային ծառայության դասային աստիճան (կոչում)` հանրային ծառայողին` իր զբաղեցրած պաշտոնին համապատասխան, շնորհվող որակավորման չափանիշ.

9) հանրային ծառայողների ատեստավորում` զբաղեցրած պաշտոնին հանրային ծառայողների մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների համապատասխանության որոշմանն ուղղված գործընթաց (միջոցառում).

10) հանրային ծառայողների վերապատրաստում` հանրային ծառայողների աշխատանքային պարտականությունների կատարման արդյունավետության բարձրացման նպատակով մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների կատարելագործմանն ուղղված գործընթաց (միջոցառում).

11) ծառայողական քննություն` օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում եւ կարգով հանրային ծառայողի պարտականությունների կատարմանն ու նրա գործունեությանն առնչվող հարցերի քննություն.

12) քաղաքացիական աշխատանքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված առանձին խնդիրների ու գործառույթների իրականացումն է վարձու աշխատողների միջոցով, որոնց աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են աշխատանքային օրենսդրությամբ:

13) տեխնիկական սպասարկում իրականացնող անձ` քաղաքական, հայեցողական, քաղաքացիական, ինչպես նաեւ հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց լիազորությունների կատարման համար անհրաժեշտ տեխնիկական սպասարկում իրականացնող.

14) հանրային ծառայողի ռոտացիա` օրենքով սահմանված դեպքում եւ կարգով հանրային ծառայողին նույն մարմնում (այդ թվում` նույն մարմնի այլ տարածքային ստորաբաժանում),  ինչպես նաեւ  այլ մարմին փոխադրում:

Հոդված 4. Պետական պաշտոններ

1. Պետական պաշտոններ են համարվում` քաղաքական, հայեցողական` բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալի, խորհրդականի, մամուլի քարտուղարի, օգնականի  պաշտոնների, քաղաքացիական, ինչպես նաեւ պետական ծառայության պաշտոնները:

2. Քաղաքական պաշտոն` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով ընտրովի կամ նշանակովի պաշտոն, որն զբաղեցնող պաշտոնատար անձը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ընդունում է քաղաքական որոշումներ եւ համակարգում դրանց կատարումը, փոփոխվում է քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության դեպքում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

3. Սույն օրենքի իմաստով` քաղաքական պաշտոններ են համարվում Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, Հայաստանի Հանրապետության նախարարների եւ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների պաշտոնները:

4. Քաղաքական պաշտոնները, բացառությամբ ընտրովի քաղաքական պաշտոնների, կարող են զբաղեցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն, պետական կառավարման  ոլորտում աշխատանքային փորձ եւ տիրապետում են հայերենին:

5. Քաղաքական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձանց գործունեության սկզբունքների եւ կազմակերպման կարգի հետ կապված հարաբերությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով եւ այլ իրավական ակտերով:

6. Հայեցողական պաշտոն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակովի պաշտոն, որն զբաղեցնող պաշտոնատար անձը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ընդունում է որոշումներ եւ համակարգում դրանց կատարումը, կարող է փոփոխվել քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության դեպքում:

7. Սույն օրենքի իմաստով` հայեցողական պաշտոններ են համարվում Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի  տեղակալներից մեկի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի եւ տեղակալներից մեկի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի, Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավարի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների, Հայաստանի Հանրապետության նախարարների տեղակալների, Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանների, միջազգային կազմակերպություններին  առընթեր (միջազգային կազմակերպություններում) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչների, Հայաստանի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների, Հայաստանի Հանրապետության մարզպետների եւ նրանց տեղակալների պաշտոնները, Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալի, խորհրդականի, մամուլի քարտուղարի, օգնականի  պաշտոնները, Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի,  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալների, Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարների եւ ռեֆերենտների պաշտոնները, Հայաստանի Հանրապետության նախարարների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների (հանձնաժողովների, ծառայությունների, խորհուրդների) ղեկավարների, Հայաստանի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության մարզպետների, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի  խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների  պաշտոնները, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի խորհրդականների, մամուլի քարտուղարի պաշտոնները, Հայաստանի Հանրապետության նախարարների տեղակալների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարների տեղակալների, Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ եւ այլն) ղեկավարների տեղակալների եւ անդամների, Հայաստանի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների ղեկավարների տեղակալների, Հայաստանի Հանրապետության մարզպետների տեղակալների օգնականների պաշտոնները, Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալի օգնականի  պաշտոնը:

8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված համապատասխան պաշտոնատար  աձանց օգնականներին, խորհրդականներին, մամուլի քարտուղարներին ռեֆերենտներին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի լիազորությունների դադարման դեպքում նրանք շարունակում են կատարել իրենց  պարտականությունները  մինչեւ այդ պաշտոնում նոր նշանակում կատարելը:

9. Քաղաքացիական պաշտոն` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ,  օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով որոշակի ժամանակահատվածով նշանակովի պաշտոն, որն զբաղեցնող պաշտոնատար անձը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում կոլեգիալ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաեւ անհատական հիմունքներով ընդունում է որոշումներ եւ համակարգում դրանց կատարումը, իր պաշտոնավարման ժամանակահատվածում չի փոփոխվում քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության դեպքում:

10. Սույն օրենքի իմաստով` քաղաքացիական պաշտոններ են համարվում Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների, օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների (հանձնաժողովների, ծառայությունների, խորհուրդների) ղեկավարների, նրանց տեղակալների եւ անդամների, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, նրա պալատների նախագահների եւ դատավորների, վերաքննիչ, առաջին ատյանի, վարչական դատարանի նախագահների եւ դատավորների, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի, նրա տեղակալների եւ դատախազների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնները:

11. Քաղաքացիական պաշտոն կարող են զբաղեցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն, տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ աշխատանքային փորձ եւ տիրապետում են հայերենին,  եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

12. Քաղաքացիական պաշտոնների առանձնահատկություններից ելնելով` այդ պաշտոններն զբաղեցնելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են սահմանվել նաեւ այլ պահանջներ:

13. Պետական ծառայության պաշտոն` պետական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն, որի զբաղեցնելու առանձնահատկությունները սահմնվում են  պետական ծառայության առանձին տեսակները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով:

Հոդված 5. Սույն օրենքի գործողության ոլորտը

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է հետեւյալ մարմիններում հանրային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող անձանց վրա.

1) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմում.

2) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում.

4) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմում.

5) Հայաստանի Հանրապետության նախարարությունների աշխատակազմերում.

6) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների աշխատակազմերում.

7) Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների (հանձնաժողովների, ծառայությունների, խորհուրդների) աշխատակազմերում.

8) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում

9) Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտում.

10) Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմում.

11) Հայաստանի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների աշխատակազմերում.

12) Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերում.

13) Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմում.

14) Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերում.

15) Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմիններում քաղաքական, հայեցողական եւ քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաեւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք հանրային ծառայողներ չեն համարվում:

Հոդված 6. Հանրային ծառայության հիմնական սկզբունքները

Հանրային ծառայության հիմնական սկզբունքներն են`

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների գերակայությունը, մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների առաջնահերթությունը.

2) հանրային ծառայության կայունությունը.

3) հանրային ծառայողներին ներկայացվող հիմնական պահանջների միասնականությունը եւ օրենքի առջեւ հանրային ծառայողների իրավահավասարությունը.

4) հանրային ծառայության հրապարակայնությունը.

5) հանրային ծառայողների քաղաքական զսպվածությունը.

6) քաղաքացիների համար հանրային ծառայության հավասար մատչելիությունը` իրենց մասնագիտական գիտելիքներին եւ աշխատանքային ունակություններին համապատասխան.

7) հանրային ծառայողների արհեստավարժությունը.

8) հանրային ծառայողների իրավական եւ սոցիալական պաշտպանվածությունը.

9) հանրային ծառայողների պատասխանատվությունն իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաեւ պատշաճ վարքագիծ չդրսեւորելու համար.

10) հանրային ծառայողների գործունեության վերահսկելիությունը եւ հաշվետու լինելը:

Հոդված 7. Հանրային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

1. Հանրային ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաեւ համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով:

2. Հանրային ծառայողների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, եթե հանրային ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով առանձնահատկություններ սահմանված չեն:

3. Հանրային ծառայողների միջեւ ծառայողական փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատանքային կարգապահական ներքին կանոններով եւ այլ իրավական ակտերով:

ԳԼՈՒԽ 2.

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ, ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ (ԿՈՉՈՒՄՆԵՐԸ), ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ

Հոդված 8. Հանրային ծառայության պաշտոնների դասակարգումը

1. Հանրային ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի` ելնելով այդ պաշտոններն զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման եւ ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների եւ ներկայացուցչության, խնդիրների բարդության եւ դրանց ստեղծագործական լուծման պահանջների, ինչպես նաեւ գիտելիքների եւ հմտությունների անհրաժեշտ մակարդակից:

2. Հանրային ծառայության պաշտոնների խմբերը կարող են ունենալ նաեւ համապատասխան ենթախմբեր:

3. Հանրային ծառայության պաշտոնների խմբերի եւ ենթախմբերի դասակարգման հետ կապված առանձնահատկությունները սահմանվում են պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաեւ համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով:

Հոդված 9. Հանրային ծառայության  դասային աստիճանները (կոչումները)

Հանրային ծառայության դասային աստիճանների (կոչումների) սահմանման, ինչպես նաեւ դրանց շնորհման, իջեցման, զրկման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաեւ համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով:

Հոդված 10. Հանրային ծառայության պաշտոնների անվանացանկը

Պետական ծառայության յուրաքանչյուր տեսակի, ինչպես նաեւ համայնքային ծառայության համար նախատեսվում են պաշտոնների անվանացանկեր, որոնք հաստատվում են պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաեւ համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

Հոդված 11. Հանրային ծառայության պաշտոնների անձնագրերը (նկարագրերը)

1. Հանրային ծառայության յուրաքանչյուր պաշտոնի համար նախատեսվում է պաշտոնի անձնագիր (նկարագիր):

2. Հանրային ծառայության պաշտոնների անձնագրերը (նկարագրերը) հաստատվում (փոփոխվում) են պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաեւ համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 3.

ՀԱՆՐԱՅԻՆ  ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼԸ

Հոդված 12. Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեցող անձինք

Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն հանրային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով (նկարագրով) ներկայացվող պահանջները բավարարող եւ պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաեւ համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պահանջները բավարարող անձինք` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

Հոդված 13. Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեցող անձը

1. Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, ով`

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը եւ լիազորությունների իրականացմանը: Այդ հիվանդությունների ցանկը (ցանկերը) հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

4) դատապարտվել է հանցագործության համար, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) խուսափել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներից բացի պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաեւ համայնքային ծառայությունը կարգավորող  Հայաստանի Հանրապետության օրենքներով կարող են սահմանվել նաեւ այլ պահանջներ, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 5-րդ կետերի պահանջների նկատմամբ կարող են սահմանվել առավել խիստ չափանիշներ:

Հոդված 14. Հանրային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելը

1. Հանրային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցվում են մրցույթով կամ օրենքով նախատեսված այլ կարգով:

2. Հանրային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու հետ կապված հարաբերությունները սահմանվում են պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաեւ համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով:

Հոդված 15. Հանրային ծառայողի ռոտացիան

1. Հանրային ծառայողների ռոտացիայի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաեւ համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով:

2. Հանրային ծառայողների ռոտացիան թույլատրվում է միայն հանրային ծառայողի համաձայնությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

3. Ռոտացիայի դեպքում հանրային ծառայողի համար չի կարող սահմանվել փորձաշրջան:

Հոդված 16. Հանրային ծառայության ստաժը

1. Հանրային ծառայության ստաժը ներառում է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու, մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը համապատասխան մարմիններում  պետական կամ համայնքային ծառայության պաշտոններում  աշխատած ողջ ժամանակաշրջանը:

2. Հանրային ծառայության ստաժը չի ներառում օրենքով սահմանված կարգի խախտմամբ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաեւ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը օրենքի խախտմամբ համապատասխան մարմիններում պետական կամ համայնքային ծառայության պաշտոններում աշխատած ողջ ժամանակաշրջանը:

3. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված մարմիններում քաղաքական,  հայեցողական կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցնելու ժամանակաշրջանի աշխատանքային ստաժը  հավասարեցվում է հանրային ծառայության ստաժին:

4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներից բացի, պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաեւ համայնքային ծառայությունը կարգավորող  Հայաստանի Հանրապետության օրենքներով կարող է սահմանվել նաեւ հանրային ծառայության ստաժը ներառող այլ ժամանակահատված:

Հոդված 17. Հանրային ծառայողի անձնական գործը

1. Հանրային ծառայողի անձնական գործը հանրային ծառայողի ծառայողական գործունեության մասին ամփոփ տեղեկություններ պարունակող փաստաթղթերի եւ նյութերի ամբողջությունն է:

2. Հանրային ծառայողի անձնական գործը վարում է  համապատասխան մարմնի կադրային գործի վարման (անձնակազմի կառավարման)  ստորաբաժանումը (անձը)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 4.

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ, ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԸ

Հոդված 18. Հանրային ծառայողի վերապատրաստումը

1. Հանրային ծառայողները ենթակա են պարտադիր վերապատրաստման:

2. Պարտադիր վերապատրաստումից բացի, վերապատրաստում կարող է անցկացվել նաեւ հանրային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով (նկարագրով) սահմանված հանրային ծառայողի իրավունքների ու պարտականությունների, մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման կոնկրետ պահանջների կատարելագործման կամ այդ պահանջների փոփոխության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

3. Հանրային ծառայողների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի, համայնքների բյուջեի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

4. Հանրային ծառայողների վերապատրաստման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաեւ համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով:

Հոդված 19. Հանրային ծառայողի ատեստավորումը

Հանրային ծառայողների ատեստավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաեւ համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով:

Հոդված 20. Հանրային ծառայության կադրերի ռեզերվը

Հանրային ծառայության կադրերի ռեզերվի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաեւ համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով:

ԳԼՈՒԽ 5.

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ

Հոդված 21. Հանրային ծառայողի հիմնական իրավունքները

1. Հանրային ծառայողի հիմնական իրավունքներն են`

1) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքները եւ պարտականությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.

2) իր անձնական գործի նյութերին,  իր գործունեության գնահատականներին եւ ծառայողական գործունեության վերաբերյալ այլ փաստաթղթերին ծանոթանալը եւ բացատրություններ տալը.

3) ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ եւ նյութեր ստանալը.

4) սահմանված կարգով որոշումներ ընդունելը.

5)  աշխատանքի համար համարժեք վարձատրություն ստանալը.

6) իր խախտված իրավունքները սահմանված կարգով բողոքարկելը.

7) աշխատանքի, առողջության պաշտպանությանը, անվտանգ եւ անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովվածությունը.

8) սոցիալական պաշտպանությունը եւ ապահովությունը.

9)  իրավական պաշտպանությունը, այդ թվում` քաղաքական հետապնդումներից.

10) հանրային ծառայության դասային աստիճանի (կոչումի)` սահմանված կարգով բարձրացումը.

11) պետական բյուջեի, համայնքային բյուջեի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին վերապատրաստվելը:

2. Հանրային ծառայողն ունի նաեւ սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ:

Հոդված 22. Հանրային ծառայողի հիմնական պարտականությունները

1. Հանրային ծառայողի հիմնական պարտականություններն են`

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջները կատարելը.

2) մասնագիտական եւ ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը եւ հաշվետվություններ ներկայացնելը.

4) վերադաս մարմինների եւ պաշտոնատար անձանց` սահմանված կարգով տված հանձնարարականները եւ ընդունած որոշումները կատարելը.

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատանքային կարգապահական ներքին կանոնները պահպանելը.

6) սահմանված կարգով եւ ժամկետներում առաջարկություններ, դիմումներ եւ բողոքներ քննության առնելը եւ դրանց ընթացք տալը.

7) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը, այդ թվում` ծառայությունը դադարեցնելուց հետո.

8) հանրային ծառայողի էթիկայի կանոնները պահպանելը.

9) օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը ներկայացնելը.

10) սահմանված կարգով եւ ժամկետներում ատեստավորմանը եւ վերապատրաստմանը մասնակցելը:

2. Հանրային ծառայողն ունի նաեւ սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ:

Հոդված 23. Հանրային ծառայողի կողմից կատարվող տեղեկացումը  (զեկուցումը)

1. Հանրային ծառայողն իր ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ պետք է օրենքով սահմանված կարգով իրավասու պաշտոնատար անձանց տեղեկացնի այլ ծառայողների կողմից կատարած իրավախախտումների եւ  հանրային ծառայությանն առնչվող ցանկացած անօրինական, այդ թվում` կոռուպցիոն գործողությունների մասին:

2. Հանրային ծառայողը, որը տեղեկացրել է սույն հոդվածի 1-ին մասում նշված անօրինական գործողությունների մասին եւ գտնում է, որ այդ կապակցությամբ ստացած պատասխանն իրեն չի բավարարում, կարող է դրա վերաբերյալ գրավոր զեկուցել համապատասխան մարմնի ղեկավարին կամ իրավասու պետական մարմիններին:

3. Իրավասու մարմինների կողմից պետք է երաշխավորվեն այն հանրային ծառայողի անվտանգությունը, որը բարեխղճորեն տեղեկացրել է սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումների վերաբերյալ:

4. Սույն հոդվածով նախատեսված տեղեկացման եւ հանրային ծառայողի անվտանգության երաշխավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 24. Հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

1. Հանրային ծառայողն իրավունք չունի`

1) կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից.

2) անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.

3) լինել երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից.

4) իրականացնել հանրային ծառայողների քաղաքական զսպվածության սկզբունքի խախտումներ` իր ծառայողական դիրքն օգտագործել կուսակցությունների, հասարակական, այդ թվում` կրոնական միավորումների շահերի համար, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզել, ինչպես նաեւ իր ծառայողական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնել.

5) հոնորար ստանալ ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.

6) ոչ ծառայողական նպատակներով օգտագործել նյութատեխնիկական, ֆինանսական եւ տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը եւ ծառայողական տեղեկատվությունը.

7) ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալ նվերներ, գումարներ կամ ծառայություններ, բացառությամբ սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

8) որպես պետության ներկայացուցիչ` գույքային գործարքներ կնքել սույն հոդվածի 3-րդ մասում նշված անձանց հետ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

2. Հանրային ծառայության պաշտոնի նշանակվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, հանրային ծառայողը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պարտավոր է առեւտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում 10 եւ ավելի տոկոս բաժնեմաս ունենալու դեպքում դա հանձնել հավատարմագրային կառավարման: Հանրային ծառայողն իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալ եկամուտ:

3. Հանրային ծառայողին արգելվում է համատեղ աշխատել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր եւ քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ:

4. Հանրային ծառայողն իրավունք չունի հանրային ծառայության պաշտոնից ազատվելուց հետո` առնվազն մեկ տարվա ընթացքում, ընդունվել աշխատանքի այն գործատուի մոտ կամ դառնալ այն կազմակերպության աշխատողը, որի նկատմամբ նա անմիջական հսկողություն է իրականացրել իր պաշտոնավարման վերջին մեկ տարվա ընթացքում:

5. Հանրային ծառայության առանձին տեսակների առանձնահատկություններից ելնելով` այդ ծառայությունները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով կարող են սահմանվել նաեւ այլ սահմանափակումներ:

Հոդված 25. Հանրային ծառայողին հանձնարարականներ տալու սահմանափակումները

1. Հանրային ծառայողին չեն կարող տրվել այնպիսի բանավոր կամ գրավոր հանձնարարականներ, որոնք`

1) հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին.

2) հանձնարարականներ տվողի կամ կատարողի լիազորությունների շրջանակներից դուրս են:

2. Սույն հոդվածի 1-ին մասի խախտմամբ հանձնարարականներ տալու դեպքերում հանրային ծառայողը պարտավոր է ստացած հանձնարարականի օրինականության վերաբերյալ իր կասկածների մասին անհապաղ գրավոր զեկուցել հանձնարարականը տվողին եւ նրա վերադասին կամ նրանց փոխարինող անձանց: Եթե վերադասը (նրա բացակայության դեպքում` նրան փոխարինող անձը կամ հանձնարարական տվողը) գրավոր հաստատում է տրված հանձնարարականը, ապա հանրային ծառայողը պարտավոր է դա կատարել, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնարարականի կատարումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված քրեական կամ վարչական պատասխանատվության: Հանրային ծառայողի կողմից այդ հանձնարարականի կատարման համար պատասխանատվությունը կրում է հանձնարարականը գրավոր հաստատած պաշտոնատար անձը:

3. Հանրային ծառայության առանձին տեսակների առանձնահատկություններից ելնելով` այդ ծառայությունները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով կարող է սահմանվել նաեւ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված զեկուցման այլ կարգ:

Հոդված 26. Հանրային ծառայողի սոցիալական երաշխիքները

1. Պետությունը հանրային ծառայողի համար երաշխավորում է`

1) ծառայողական պարտականությունների կատարման համար անվտանգ եւ անհրաժեշտ աշխատանքային պայմաններ.

2) վարձատրություն, հավելավճար եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ վճարներ.

3) ամենամյա վճարովի արձակուրդ.

4) վերապատրաստում` այդ ընթացքում պահպանելով նրա պաշտոնը եւ դրա համար նախատեսված վարձատրությունը.

5) օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով պարտադիր պետական սոցիալական ապահովագրություն.

6) ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամության դեպքում նրան, իսկ զոհվելու դեպքում` նրա ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարով ապահովում.

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով, հանրային ծառայողի դիմումի հիման վրա ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված նրա եւ նրա ընտանիքի անդամների անվտանգության պաշտպանության ապահովում` բռնությունից, ահաբեկումից, այլ ոտնձգություններից.

8) ծառայողական գործուղումների հետ կապված տրանսպորտային, բնակարանային եւ այլ ծախսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցում:

2. Հանրային ծառայողին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով, հատկացվում է տրանսպորտային միջոց կամ տրանսպորտային ծախսերի փոխհատուցում:

3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հանրային ծառայողների համար կարող են սահմանվել նաեւ այլ սոցիալական երաշխիքներ:

Հոդված 27. Հանրային ծառայողի վարձատրությունը եւ սոցիալական ապահովությունը

1. Յուրաքանչյուր հանրային ծառայող, առանց որեւէ խտրականության, ունի աշխատանքի համար համարժեք վարձատրության իրավունք:

2. Հանրային ծառայողը ստանում է վարձատրություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետում:

3. Հանրային ծառայողի սոցիալական, այդ թվում` կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 6. ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԷԹԻԿԱ

Հոդված 28.Հանրային ծառայողի էթիկայի կանոններ

1. Հանրային ծառայողի էթիկայի կանոնները միտված են ապահովելու հանրային ծառայողի պատշաճ վարքագիծը, բացառել հանրային եւ մասնավոր շահերի բախումը, ամրապնդել հասարակության վստահությունը հանրային ինստիտուտների նկատմամբ:

2. Հանրային ծառայողի էթիկայի կանոնները եւ շահերի բախման կանոնակարգումները սահմանվում են  Հայաստանի Հանրապետության առանձին օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված էթիկայի կանոնագրքով (այսուհետեւ` Էթիկաայի կանոնագիրք), ինչպես նաեւ  դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով:

3. Հանրային ծառայության առանձին որոլտների, քաղաքական, հայեցողական ու սույն օրենքի 32-րդ հոդվածում նշված պաշտոնատար անձանց համար (այսուհետ` բարձրաստիճան պաշտոնատար անձ) էթիկայի կանոնները եւ շահերի բախումները սահմանվում են հանրային ծառայության տվյալ ոլորտի առանձնահատկությունները հաշվի առնող օրենքերով, ինչպես նաեւ դրանց հիման վրա ընդունված իրավական ակտերով: Հանրային ծառայության առանձին ոլորտների համար սահմանված էթիկայի կանոնները սահմանվում են` հաշվի առնելով հանրային ծառայողի էթիկայի հիմնական սկզբունքները:

Հոդված 29. Հանրային ծառայողի էթիկայի հիմնական սկզբունքները

1. Հանրային ծառայողի էթիկայի հիմնական սկզբունքներն են`

1) հարգանքը իրավունքի եւ պետության հանդեպ,

2) հասարակությանը եւ ժողովրդին ծառայելը,

3) անկողմնակալությունը,

4) ազնվությունը,

5) հարգանքը աձի եւ նրա իրավունքների հանդեպ,

6) անձնական գործողություններով կամ անգործությամբ հանրային ծառայության նկատմամբ հարգանքը խաթարելու, հանրային ծառայության հեղինակությունը արատովորելու արգելքը,

7) պատասխանատվության զգացումը:

Հոդված 30. Էթիկայի հարցերով հանձնաժողովներ եւ էթիկայի վարույթի սկիզբը

1. Սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված մարմիններում ստեղծվում են հանրային ծառայողի էթիկայի հարցերով հանձնաժողովներ: Էթիկայի հարցերով հանձնաժաղովների ձեւավորման, գործունեության, էթիկայի կանոնների խախտման առնչությամբ վարույթ իրականացնելու կարգը սահմանվում է Էթիկայի կանոնագրքով, եթե կարգավորված չեն Հանրային ծառայության առանձին որոլտները կարգավորող օրենքներով:

2. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար ստեղծվում է էթիկայի առանձին հանձնաժողով: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեության եւ էթիկայի կանոնների խախտման առնչությամբ վարույթի իրականացման կարգը սահմանվում են սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

3. Յուրաքանչյուր ոք իրավասու է գրավոր դիմում ներկայացնել էթիկայի հարցերով հանձնաժովին` ենթադրյալ խախտումը տեղի ունենալուց հետո տասնհինգօրյա ժամկետում:

4. Հանրային ծառայողների էթիկայի հանձնաժողովը կարող է քննարկել նաեւ զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված, ինչպես նաեւ «թեժ գծերի» միջոցով տեղեկատվություն տրամադրողների կողմից հանրային ծառայողների էթիկայի ու շահերի բախման վերաբերյալ ստացված տեղեկատվությունը:

5. Տեղեկատվություն տրամադրողների ու նրանց պաշտպանությունը ապահովող հարաբերությունները կանոնակարգվում են օրենքով:

6. Ստացված տեղեկատվությունը համադրվում է հանրային ծառայողի կողմից ըստ օրենքի ներկայացված շահերի բախման հայտարարագրերի, ընդունված էթիկայի կանոնների ու ընթացակարգերի պահանջների հետ:

7. Ստացված դիմումների ու տեղեկատվության  քննարկման արդյունքում էթիկայի հանձնաժողովը տալիս է եզրակացություն: Էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա համապատասխան պետական մարմնի լիազոր անձը ընդունում է որոշում, որի մասին տեղեկացվում է դիմողը եւ այն հանրային ծաայողը ում դեմ ներկայացվել է դիմումը կամ ստացված  է տեղեկատվությունը: Հանրային ծառայողի էթիկայի ու շահերի բախման կանոնների խախտման վերաբերյալ եզրակացությունը եւ դրա հիման վրա համապատասխան պետական մարմնի լիազոր անձի  որոշումը, տվյալ որոշումը կայացնելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղադդրվում է տվյալ պետական մարմնի էլեկտրոնային կայք էջում: Եթե ուսումնասիրության ընթացքում ի հայտ են գալիս հանցակազմի հատկանիշներ, ապա հանձնաժողովը բոլոր նյութերն ուղարկում է ՀՀ գլխավոր դատախազություն` եռօրյա ժամկետում:

8. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ դիմումներով եւ ստացված տեղեկատվության առնչությամբ Հանձնաժողովի եզրակացությունը ուղարկվում է` ՀՀ վարչապետի, կառավարության անդամների եւ նրանց տեղակալների, ՀՀ կառավարությանն առընթեր գործող պետական մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների, օրենքով ստեղծված պետական մարմինների անդամների, ՀՀ դեսպանների եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների, ՀՀ վճռաբեկ դատարանի եւ պալատի նախագահների ու անդամների, ՀՀ գխավոր դատախազի եւ տեղակալների,  ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի եւ տեղակալների, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, ՀՀ Նախագահի վերահսկողության ծառայության ղեկավարի, ՀՀ Նախագահի խորհրդականների, օգնականների ու մամլո քարտուղարի, ՀՀ մարզպետների եւ նրանց տեղակալների, ինչպես նաեւ հիսուն հազար եւ ավել բնակչություն ունեցող համայնքների ղեկավարների մասով` ՀՀ Նախագահին, ՀՀ վարչապետի վերահսկողության ծառայության ղեկավարի, ՀՀ վարչապետի խորհրդականների ու օգնականների մասով` ՀՀ վարչապետին:

9. Հանրապետական գործադիր եւ տարածքային կառավարման մարմինների Հանձնաժողովների եզրակացությունը ընդունվելուց հետո 5 օրյա ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ կառավարության աշխատակազմի էթիկայի հարցերով հանձնաժողով:

10. Արտաքին գործերի, պաշտպանության նախարարությունների, ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության էթիկայի հարցերով հանձնաժողովների եզրակացությունները 5 օրյա ժամկետում բողոքարկվում են ՀՀ Նախագահի աշխատակազմի էթիկայի հարցերով հանձնաժողով:

11. Հանձնաժողովի եզրակացությունները կարող են բողոքարկել այն հանրային ծառայողը եւ/կամ ծառայողները, ում վերաբերյալ ներկայացված է եղել դիմումը:

12. Սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված մարմինների էթիկայի հանձնաժողովները Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի էթիկայի հանձնաժողովին են ներկայացնում ամենամյա տեղեկատվություն ընդունված բողոքների, կատարած աշխատանքների եւ արդյունքների մասին:  Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի էթիկայի հանձնաժողովը ամփոփում է ներկայացված տեղեկատվությունը եւ անհրաժեշտության դեպքում էթիկայի հարցերի հետ կապված կարող է առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին: Պաշտպանության, արտաքին գործերի նախարարությունների, ոստիկանության եւ ազգային անվտանգության էթիկայի հարցերով հանձնաժողովներից սույն մասով սահմանված կարգով ստացված տեղեկատվությունների ամփոփումների հիման վրա ՀՀ կառավարության աշխատակազմի էթիկայի հարցերով հանձնաժողովն իր առաջարկությունները ներկայացնում է ՀՀ Նախագահին: ՀՀ կառավարության աշխատակազմի էթիկայի հանձնաժողովը տարեկան ամփոփ տեղեկատվություն է ներկայացնում ՀՀ Նախագահին` էթիկայի հարցերով ստացված տեղեկատվության, դիմում-բողոքների վերաբերյալ:

13. Սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված մարմինների էթիկայի հանձնաժողովների բնականոն գործունեությունը ապահովում են համապատասխան պետական մարմինների աշխատակազմերը:

Հոդված 31. Պատասխանատվության առնաձնահատկությունները էթիկայի կանոնների խախտման համար

1. Սույն օրենքով սահմանված կարգով ընդունված էթիկայի կանոնները խախտելը հանգեցնում է կարգապահական պատասխանատվության, որը կիրառվում է համապատասխան էթիկայի հանձնաժողովի կողմից տրված եզրակացության հիման վրա:

2. Էթիկայի կանոնները խախտելու դեպքում, բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառվում են հետեւյալ կարգապահական տույժերից որեւէ մեկը`

1) նախազգուշացում

2) նկատողություն

3) խիստ նկատողություն

4) օրենքով սահմանված կարգով աշխատավարձի իջեցում

5) օրենքով սահմանված կարգով դասային աստիճանի (կոչումի) իջեցում

6) պաշտոնի իջեցում

7) զբաղեցրած պաշտոնից ազատում:

3. էթիկայի կանոնները խախտելու դեպքում հանրային ծառայողի նկատմամբ կիրառվում են  պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաեւ համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված կարգապահական տույժերը:

4. Սույն գլխի 28-32-րդ հոդվածներով նախատեսված դրույթները տարածվում են սույն օրենքի 4րդ հոդվածի 7-ին մասով նախատեսված համապատասխան պաշտոնատար աձանց օգնականների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, ռեֆերենտների վրա:

Հոդված 32. Հանրային ծառայողի շահերի բախում

1. Հանրային ծառայողի շահերի բախումը ծագում է այն դեպքերում, երբ հանրային ծառայողն ունի անձնական հետաքրքրություն, որն ազդում է կամ կարող է ազդել իր կողմից ծառայողական պարտականությունների անկողմնակալ եւ օբյեկտիվ կատարման վրա:

2. Հանրային ծառայողի անձնական հետաքրքրությունն ընդգրկում է իր, իր ընտանիքի, ինչպես նաեւ այն անձանց կամ կազմակերպությունների համար օգուտը կամ շահը, որոնց հետ նա ունի կամ ունեցել է գործարար հարաբերություններ կամ քաղաքացիական պարտավորություններ:

3. Հանրային ծառայողը շահերի բախման իրավիճակում հայտնվելուց խուսափելու համար պետք է զերծ մնա այնպիսի արարքներից կամ հրաժարվի այնպիսի արտոնությունից, որը կարող է առաջացնել շահերի բախում:

4. Հանրային ծառայողը, որն զբաղեցնում է այնպիսի պաշտոն, երբ իր ծառայողական պարտականությունները կարող են ազդել կամ ազդում են իր անձնական շահերի վրա, ապա նա պետք է պաշտոնի նշանակման, ինչպես նաեւ պաշտոնավարման ժամանակ տեղեկացնի վերադասին իր շահերի բնույթի եւ չափի, ինչպես նաեւ դրանց փոփոխությունների մասին:

5. Հանրային ծառայողը պետք է իր վերադասին տեղեկացնի իր անդամակցության մասին այնպիսի կազմակերպություններին կամ միավորումներին, որոնք կարող են խոչընդոտել վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը:

Հոդված 33. Շահերի բախման հայտարարագրումը

1. ՀՀ Նախագահը, ՀՀ վարչապետը, ՀՀ սահմանադրական  դատարանի անդամները, ՀՀ գլխավոր դատախազը եւ տեղակալները, հանրապետական գործադիր եւ օրենքով ստեղծված պետական մարմինների ղեկավարները եւ նրանց տեղակալները, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը եւ տեղակալները, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարը, Երեւանի քաղաքապետը, մարզպետները` նրանց տեղակալները, ՀՀ դեսպանները եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, ՀՀ վճռաբեկ դատարանի եւ պալատի նախագահները ու անդամները, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, ՀՀ Նախագահի եւ ՀՀ վարչապետի խորհրդականները, օգնականները ու մամլո քարտուղարները, 50000 եւ ավելի բնակիչ ունեցող համայնքների ղեկավարները, ինչպես նաեւ ՀՀ նախագահի եւ ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավարները պաշտոնական պարտականությունները ստանձնելու կամ դադարեցնելու օրվան հաջորդող 15 օրյա ընթացքում շահերի բախման հայտարարագրերը ներկայացնում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց էտիկայի հանձնաժողովին: Նշված անձինք պաշտոնավարման ընթացքում շահերի բախման հայտարարագիր են ներկայացնում նաեւ հաշշված տվյալ պաշտոնում նշանակվելու օրվանից յուրաքանչյուր տարի մեկ անգամ` նշված ժամկետի ավարտից հետո 5-օրյա ընթացքում: Հայտարարագիրը ստանալու պահից եռօրյա ժամկետում տեղադրվում է Հանձնաժողովի կայքէջում:

2. Շահերի բախման հայտարարագրի բովանդակությունը եւ ձեւը սահմանում է ՀՀ կառավարությունը:

Հոդված 34. Հանրային ծառայողի կողմից նվերներ ընդունելու արգելքը

1. Հանրային ծառայողը չպետք է որեւէ մեկից նվեր ընդունի կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն տա, որը կապված կլինի իր ծառայողական պարտականությունների կատարման հետ:  Uույն oրենքի իմաuտով «նվեր» հաuկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի հանրային ծառայող չհանդիuացող այլ անձի: Uույն oրենքի իմաuտով «նվեր» հաuկացությունն ընդգրկում է նաեւ ներված պահանջը, անհամարժեք ցածր գնով վաճառված գույքը կամ մատուցված ծառայությունը, փոխառությունը, ուրիշի գույքի անհատույց oգտագործումը եւ այլն:

2. Uույն հոդվածի 1-ին մաuով uահմանված uահմանափակումները չեն տարածվում`

1) հրապարակային միջոցառումների ժամանակ uովորաբար տրվող նվերների եւ պարգեւների վրա.

2) ծառայողական oգտագործման նպատակով անվճար տրամադրվող գրքերի, համակարգչային ծրագրերի եւ նմանատիպ այլ նյութերի վրա.

3) պաշտոնական արարողության ժամանակ կազմակերպվող հյուրաuիրության վրա.

4) հանրային ծառայողի հետ բնակվող ընտանիքի անդամի կողմից իր ձեռնարկատիրական, մաuնագիտական կամ այլ բնույթի գործունեության հետ կապված նվերի վրա, այդ թվում` այն նվերի, որը կարող է համատեղ oգտագործվել ընտանիքի այլ անդամների, այդ թվում` հանրային ծառայողի կողմից, uակայն պայմանով, որ նման նվերը չի կարող ողջամտորեն ընկալվել որպեu հանրային ծառայողի վրա ներգործելուն նպատակաուղղված.

5) կենցաղային հյուրընկալության դեպքում տրվող նվերների վրա.

6) հատուկ իրադարձությունների, մաuնավորապեu` ամուuնության, հոբելյանի կամ ծննդյան կապակցությամբ ազգականից, բարեկամից կամ ընկերոջից uտացած նվերի վրա, եթե նվերն էությամբ եւ չափով ողջամտորեն համապատաuխանում է իրադարձությանը եւ միմյանց միջեւ հարաբերությունների բնույթին.

7) ազգականից, բարեկամից կամ ընկերոջից uտացած նվերի վրա, եթե նվերը էությամբ եւ չափով ողջամտորեն համապատաuխանում է միմյանց միջեւ  հարաբերությունների բնույթին.

8) կրթաթոշակի, դրամաշնորհի կամ նպաuտի վրա, որը տրվել է հրապարակային մրցույթի արդյունքում` մյուu դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով եւ նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի արդյունքում.

9) ֆինանuական ինuտիտուտներից uովորական կամ ընդհանուր պայմաններով uտացած փոխառության վրա:

3. Եթե uույն հոդվածով թույլատրելի համարվող նվերները, որոնք oրացուցային տարվա ընթացքում uտացվել են նույն անձից, իրենց արժեքով գերազանցում են 50.000 Հայաuտանի Հանրապետության դրամը, կամ oրացուցային տարում uտացված թույլատրելի համարվող բոլոր նվերների ընդհանուր արժեքը գերազանցում է 250.000 Հայաuտանի Հանրապետության դրամը, ապա հանրային ծառայողը պարտավոր է դրա մաuին հնարավոր uեղմ ժամկետում հայտնել իր վերադասին կամ նրան փոխարինող անձին:

4. Եթե հանրային ծառայողին տրվել է uույն հոդվածով թույլատրելի չհամարվող նվեր, որը վերադարձնելը ողջամիտ ջանքերով հնարավոր չէ, ապա նա պարտավոր է այն հանձնել Հայաuտանի Հանրապետությանը:

Հոդված 35. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կազմավորումը:

1. Հանձնաժողովը կազմված է հինգ անդամից` նախագահ, նախագահի տեղակալ եւ երեք անդամ: Հանձնաժողովի անդամներին նշանակում է Հայաuտանի Հանրապետության Նախագահը` Հայաuտանի Հանրապետության վարչապետի, Հայաuտանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի, Հայաuտանի Հանրապետության հանրային խորհդի ներկայացմամբ` յուրաքանչյուրը մեկական անդամ սկզբունքով եւ հինգ տարի ժամկետով: Հանձնաժողովը իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ եւ նախագահի տեղակալ:

2. Հանձնաժողովի անդամ կարող են նշանակվել 30 տարին լրացած բարձրագույն կրթություն ունեցող, բարոյական բարձր հատկանիշներով օժտված, հասարակության կողմից ճանաչված եւ առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող քաղաքացին:

Հոդված 36. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի` այլ գործունեությամբ զբաղվելու սահմանափակումները:

Հանձնաժողովի անդամը չի կարող լինել որեւէ կուսակցության կամ ներկայացուցչական որեւէ մարմնի անդամ կամ զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում կամ իրեն ներկայացրած պաշտոնատար անձի կողմից ղեկավարվող համակարգում:

Հոդված 37. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի  անկախությունը:

1. Հանձնաժողովի անդամն իր լիազորություններն իրականացնելիu անկախ է, ենթարկվում է միայն Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությանը եւ oրենքներին, իրավական այլ ակտերին, ինչպեu նաեւ միջազգային իրավունքի հանրաճանաչ uկզբունքներին ու նորմերին:

2. Հանձնաժողովի անդամը չի ենթարկվում պետական կամ տեղական ինքնակառավարման որեւէ մարմնի կամ պաշտոնատար անձի եւ անկախ է իրեն առաջադրած կամ նշանակած պաշտոնատար անձից:

Հոդված 38. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարումը:

1.Հանձնաժողովի անդամի լիազորությունների ժամկետը լրանում է նրա նշանակմանը հաջորդող հինգերորդ տարվա նույն oրը: Հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են միայն`

1) Հայաuտանի Հանրապետության քաղաքացիության կորuտի դեպքում,

2) եթե վերջինu դատապարտվել է դատարանի` oրինական ուժի մեջ մտած դատավճռով` դիտավորյալ հանցագործության, ինչպեu նաեւ այն անզգույշ հանցագործության համար, որի համար Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքով նախատեuված է ազատազրկում.

3) oրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած,

4) նա մահացել է:

2. Հայաuտանի Հանրապետության Նախագահը կարող է վաղաժամկետ դադարեցնել հանձնաժողովի անդամի լիազորությունները, եթե վերջինu`

1) թերացել է իր պաշտոնեական պարտականությունները կատարելիu,

2) մեկ տարվա ընթացքում ավելի քան երկու անգամ անհարգելի բացակայել է հանձնաժողովի նիuտերից.

3) խախտել է uույն oրենքի 36-րդ հոդվածի պահանջները:

3. Հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում Հայաuտանի Հանրապետության Նախագահը` Հանձնաժողովի տվյալ անդամին առաջադրած անձի ներկայացմամբ, նշանակում է հանձնաժողովի նոր անդամ` uահմանված ժամկետի մնացած ժամանակահատվածի համար: Նման դեպքում, եթե մնացած պաշտոնավարման ժամանակը պակաu է մեկ տարուց, ապա հանձնաժողովի նոր անդամի պաշտոնավարման ժամկետը uահմանվում է հինգ տարի:

4. Հանձնաժողովի անդամը կարող է հրաժարական տալ` դիմելով Հայաuտանի Հանրապետության Նախագահին: Հայաuտանի Հանրապետության Նախագահը հանձնաժողովի անդամի հրաժարականն ընդունում է մեկ ամuվա ընթացքում: Հանձնաժողովի անդամը, մինչեւ ՀՀ Նախագահի կողմից հրաժարականն ընդունելը, կարող է հետ վերցնել հրաժարական տալու մասին իր դիմումը:

5. Հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում թափուր տեղում նշանակումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով:

Հոդված 39. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործառույթները:

1.Հանձնաժողովի գործառույթներն են.

1) շահերի հայտարարագրերի վերլուծությունը,

2) շահերի բախման բացահայտումը եւ դրանց վերացմանն ու կանխարգելմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը ՀՀ Նախագահին,

3) շահերի հայտարարագրերի պարբերական հրապարակումը,

4) անհատական դիմումների եւ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացում,

5) զանգվածային լրատվության միջոցների հարցման դեպքում շահերի հայտարարգրերում ներառված տեղեկատվության տրամադրումը,

6) շահերի բախման բացահայտված դեպքերի վերաբերյալ հրապարակային լսումների կազմակերպում:

2. Հանձնաժողովն իրավասու է պետական մարմիններից պահանջել իր գործառույթների ապահովմանն առընչվող անհրաժեշտ տեղեկատվություն:

3. Հանձնաժողովը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո 1 ամսվա ընթացքում զանգվածային լրատվության միջոցներով հրապարակում է շահերի բախման բացահայտված դեպքերը եւ դրանց կապակցությամբ ձեռնարկված միջոցառումները, ինչպես նաեւ համացանցում վարում է շահերի բախման հայտարարագրերի բաց ռեեստր:

Հոդված 40. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատանքի կազմակերպումը:

1. Հանձնաժողովի անդամին սույն օրենքից բխող գործառույթների իրականացման համար աշխատավարձ չի  վճարվում: Հանձնաժողովի անդամի` իր գործունեությունից բխող ծախսերը ենթակա են փոխհատուցման ՀՀ Նախագահի կողմից սահմանված կարգով:

2. Հանձնաժողովի գործունեության նյութատեխնիկական եւ կազմակերպական աջակցությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը:

ԳԼՈՒԽ 7.

ՀԱՆՐԱՅԻՆ  ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ  ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ  ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ

Հոդված 41. Հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները

Երկարամյա ծառայության, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունները եւ հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար հանրային ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված խրախուսանքի տեսակներ: Հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները, ինչպես նաեւ դրանց կիրառման կարգը սահմանվում են պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաեւ համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով:

Հոդված 42. Հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաեւ ծառայողական լիազորությունները վերազանցելու, աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու դեպքերում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, հանրային ծառայողի նկատմամբ կիրառվում են կարգապահական տույժեր:

2. Մինչեւ կարգապահական տույժ նշանակելը կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարգապահական խախտման վերաբերյալ պետք է գրավոր բացատրություն պահանջի կարգապահական խախտում թույլ տված  հանրային ծառայողից, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ::

3. Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:

4. Հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերի տեսակները, ինչպես նաեւ կարգապահական տույժ կիրառելու կարգը եւ դրա հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաեւ համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով:

Հոդված 43. Հանրային ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերը

1. Պետական  կամ համայնքային ծառայությունների առանձնահատկություններից ելնելով` հանրային ծառայության պաշտոնից ազատելու հիմքերը սահմանվում են պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաեւ համայնքային ծառայությունը կարգավորող  Հայաստանի Հանրապետության օրենքներով:

2. Հանրային ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատման հիմք է նաեւ սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված պահանջները չպահպանելը:

ԳԼՈՒԽ 8.

ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հոդված 44. Վեճերի լուծումը եւ պատասխանատվությունը հանրային ծառայության մասին օրենսդրությունը խախտելու համար

1. Հանրային ծառայության մասին օրենսդրության  կիրառման հետ կապված վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Հանրային ծառայության մասին օրենսդրությունը խախտող անձինք կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 9.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 45. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

2011 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության  2006 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-164-Ն օրենքը:

Հոդված 46. Սույն օրենքին այլ իրավական ակտերը համապատասխանեցնելը

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` տասնմեկ ամսվա ընթացքում, սույն օրենքին համապատասխանեցնել հանրային ծառայության եւ դրա հետ կապված հարաբերություններ կարգավորող նորմեր պարունակող իրավական ակտերը:

Հոդված 47. Հանրային ծառայության պաշտոնների անվանացանկը, համապատասխան մարմինների հաստիքացուցակը, հանրային  ծառայության պաշտոնների անձնագրերը (նկարագրերը) հաստատելը

Համապատասխան մարմիններում հանրային ծառայության պաշտոնների անվանացանկը, հաստիքացուցակը, հանրային ծառայության պաշտոնների անձնագրերը (նկարագրերը) սույն օրենքի 10-րդ եւ 11-րդ հոդվածներին համապատասխան  ենթակա են հաստատման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` ութերորդ ամսվա ամսի 1-ից, եթե մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը չեն հաստատվել:

Համապատասխան մարմինների հաստիքացուցակը հաստատում (փոփոխում) է համապատասխան մարմնի ղեկավարը, եթե Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

Հոդված 48. Համապատասխան մարմինների աշխատողներին հանրային ծառայողներ համարելը

Համապատասխան մարմիններում հանրային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող աշխատողները համարվում են հանրային ծառայողներ` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` տասներորդ  ամսվա ամսի 1-ից: