Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-9291-09.06.2010-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 17-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետում «ուսանողական» բառը փոխարինել «ուսումնական» բառով:

Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետից «ուսումնական վարկ ստանալու, » բառերը հանել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՄԲ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՎԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՅԱՍՏՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ

21-րդ դարում կրթական համակարգերի կատարելագործումը եւ  կրթության ֆինանսավորումը հրատապ լուծում պահանջող տնտեսական խնդիրներից են, որոնց հատուկ ուշադրություն են արժանանում աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում`  Հայաստանի Հանրապետությունում:

Տնտեսագիտության տեսանկյունից բարձրագույն կրթություն ստանալու համար կատարված ծախսերը համարվում են ներդրում: Անհատը բարձրագույն ուսումնական հաստատությունում (այսուհետ` ԲՈՒՀ) ուսումնառության մասին որոշում է կայացնում`  համեմատելով իր նյութական օգուտները եւ կորուստները: Օգուտները կարող են դրսեւորվել նրանով, որ ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո նա ավելի շատ պահանջարկ կունենա աշխատաշուկայում եւ նրան, ի տարբերություն բարձրագույն կրթություն չունեցողների, կառաջարկվի ավելի բարձր աշխատավարձ: Որպես նյութական կորուստ կարելի է նշել այն օգուտները, մասնավորապես` աշխատավարձը, որն ուսանողը կարող էր ստանալ ուսման ժամանակահատվածում, եթե դպրոցն ավարտելուց անմիջապես հետո անցներ աշխատանքի, ինչպես նաեւ ուսման հետ կապված ծախսերը, որոնք ներառում են ինչպես ուսման վարձը, այնպես էլ ուսումնառության հետ կապված հարակից ծախսերը (բնակարանի վարձը, սննդի, գրականության, սարքավորումների ձեռքբերման, տրանսպորտային եւ այլն ծախսերը): Հետեւաբար, անհատը դպրոցն ավարտելուց հետո որոշում կկայացնի շարունակել կրթությունը ԲՈՒՀ-ում, եթե ի վիճակի լինի վճարել ուսումնառության ծախսերը եւ ակնկալելիք օգուտներն ավելի լինեն, քան սպասվելիք ծախսերը:

Արեւմտյան Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի երկրներն ունեն ԲՈՒՀ-երի ուսանողների ֆինանսական օժանդակության բավականին զարգացած համակարգ1 : Օժանդակությունն իրականացվում է տարաբնույթ մեխանիզմների միջոցով` պետական սուբսիդավորում, կրթական (բարեգործական) ֆոնդերի միջոցով ֆինանսավորում, համալսարանների սեփական միջոցներից տրանսֆերտների տրամադրում, ուսանողների վարկավորման համակարգ, որոնք մեծապես պայմանավորված են տվյալ երկրի կրթական համակարգի կառուցվածքից եւ պետության մասնակցության աստիճանից: Այդ երկրների համալսարաններում սովորող ուսանողների ֆինանսավորման հիմնական աղբյուրներն են` ուսանողների եւ նրանց ծնողների դրամական միջոցները, տնտեսության մասնավոր հատվածը (օրինակ` գործատուները), հարկատուները (օրինակ` տարատեսակ ֆինանսավորման խորհուրդները), համալսարանները եւ հովանավորները (օրինակ` բարեգործական հիմնադրամները): Նշված երկրներում բարձրագույն կրթության վարկավորման հիմնական նպատակն այն ուսանողներին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելն է, ովքեր ի վիճակի չեն ամբողջությամբ վճարել ուսման հետ կապված ծախսերը:

Լայնորեն կիրառվում է նաեւ ուսումնական վարկերի միջոցով ԲՈՒՀ-երի ուսանողներին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու համակարգը: Այդ վարկերը խթանում են բարձրագույն կրթության նկատմամբ պահանջարկը` դարձնելով այն ավելի մատչելի, միաժամանակ` ուսանողներին օգնելով հաղթահարել այն խնդիրները, որոնք առաջանում են ուսման ընթացքում: Ի լրումն նշվածի, ուսանողների մոտ առաջանում է նաեւ լավ սվորելու ազդակ, որպեսզի ուսումն ավարտելուց հետո, լավ աշխատանքի անցնելով, նրանք կարողանան հաջողությամբ մարել ուսման վարկի գումարը: Ուսումնական վարկը գրավիչ է դառնում նաեւ նրանով, որ հնարավորություն է ստեղծվում վարկը ստանալ մեկ երկրում, իսկ սովորել` մեկ այլ երկրում:

Զարգացած երկրներում բարձրագույն կրթության վարկավորման երկու էական հատկանիշներն են` հանրամատչելիությունը (general availability) եւ վարկավորման ծրագրերում պետության մասնակցությունը (governmental participation): Հանրամատչելիությամբ ապահովվում է իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանող բոլոր (eligible students),  ընդ որում` անապահով ընտանիքների ուսանողների կողմից ուսումնական վարկեր ստանալու հավասար հնարավարությունը: Ուսումնական վարկերը բանկերի կողմից տրամադրվելու դեպքում պետությունն ունի հետեւյալ հիմնական չորս գործառույթները`

1) պետությունը կարող է կրել վարկը ուսանողի կողմից չմարելու հետ կապված ռիսկերը.

2) պետությունը կարող է ուսանողներին տրամադրել սուբսիդիաներ (վարկը մարելու համար նախատեսված ֆիանանսական օժանդակություն), օրինակ` պետությունը կարող է կրել տոկոսադրույքի որոշակի մասը վճարելու պարտավորությունը.

3) ուսումնական վարկերի տրամադրման գործընթացում պետության մասնակցությունն օգնում է կրճատել տրանսակցիոն ծախսերը, որոնք կապված են վարկի պայմանների ճշգրտման, վարկառուի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման եւ այլնի հետ.

4) պետությունը կարող է օգտագործել հարկավաք մեխանիզմը կամ կենսաթոշակային համարգը, որպեսզի ուսումնական վարկավորման գործընթացում կրճատի վարչական ծախսերը: Մասնավորապես, պետությունը կարող է օրինական ձեւով ներազդել այն գործատուների վրա, որոնց մոտ աշխատում են վարկառուները, որպեսզի նրանք վարկը չմարած ուսանողների աշխատավարձից` ի օգուտ վարկատուների պահումներ կատարեն:

Արեւմտյան երկրներում առկա ուսումնական վարկավորման ձեւերից առավել տարածված են հետեւյալ երկու ձեւերը` conventional loans  («պայմանական վարկեր», որոնք կոչվում են նաեւ «mortgage-type Loans», այսինքն` հիփոթեքային վարկեր - CL եւ income contingent loans («ապագա եկամտից համարժեք վճարումներով վարկեր») -(ICL): Առաջին ձեւի (CL) վարկավորման դեպքում կարգավորվում է վարկի տոկոսադրույքը (սովորաբար  կարգավորվում են վարկի ընդհանուր գումարից վճարվելիք տարեկան տոկոսը, վճարման ժամանակաշրջանը (ուսանողի կողմից վարկն ամբողջությամբ մարելու ժամկետը), վճարման պայմանները (վճարման հաճախականությունը, պարբերաբար կատարվող վճարումների չափերը եւ այլն): Երկրորդ ձեւի (ICL) վարկավորումը բնութագրվում է նրանով, որ վարկի դիմաց վճարումները կապված են ապագայում` ուսումն ավարտելուց հետո, ուսանողի կողմից ստանալիք եկամտից: Նշված ձեւն ուսանողների համար առավել նախընտրելի է, քանի որ աշխատանքի անցնելուց հետո նրանք վարկի դիմաց վճարումներ կատարելու հետ կապված դժվարություններ քիչ են ունենում: Առավել հաճախ ուսանող-վարկառուներին առաջակվում է վարկավորման ծրագիր, որն իր մեջ միաժամանակ ներառում է CL եւ ICL ձեւերի հատկանիշները:

Կրթության վարկավորման հիմնական մեխանիզմները կայանում են հետեւյալում:

Հաշվի առնելով վերոգրյալ միջազգային փորձը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կրթության ֆինանսավորման ներկայիս համակարգը, ներկայացվող օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական վարկերի տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորել «Պետական օժանդակությամբ ուսումնական վարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, մասնավորապես` «Պետական օժանդակությամբ ուսումնական վարկերի մասին» ՀՀ օրենքի նախագծի առաջադրումը Հայաստանի Հանրապետությունում ուսումնական վարկերի համակարգի ստեղծմանն ուղղված առաջին քայլերից է: Նախագիծն, անշուշտ, կատարյալ չէ, մասնավորապես` ՀՀ կառավարության կողմից համապատասխան առաջարկության դեպքում նախագծում կարող են ներառվել նաեւ դրույթներ, որոնցով ուսումնական վարկավորման համակարգի ներդրմամբ պայմանավորված փոփոխություններ կկատարեն նաեւ ներկայումս գործող ուսանողական նպաստների եւ կրթաթոշակների համակարգում: Օրենսդրական նախաձեռնության հեղինակները հատկապես կարեւորում են ՀՀ կառավարության կողմից ուսումնական վարկերի մարման ժամկետների (հատկապես` վարկի մարումը ուսումն ավարտելուց հետո կազմակերպելու) եւ արտոնությունների համակարգի ընդլայնմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը: Կարեւորում ենք նաեւ հասարակության բոլոր շերտերի, հատկապես` բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների եւ դրանց ուսանողների առաջարկները, որոնք հաշվի կառնվեն հեղինակների կողմից նախագիծը լրամշակելիս:

Հեղինակներն ակնկալում են, որ ի վերջո սույն օրենսդրական նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետությունում կներդրվի ուսումնական վարկավորման այնպիսի համակարգ, որը պահանջարկ կունենա ուսանողների մոտ, իրապես կնպաստի բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթության մատչելիության բարձրացմանը, կխթանի ուսման առաջադիմությունը, որի արդյունքում բարձրակարգ կադրերի պատրաստմամբ կապահովվի Հայաստանի Հանրապետության կայուն զարգացումը:

--------------------------------------------------------------------------------

1 Տվյալները ներկայացվում են ըստ` МОНИТОРИНГ ЭКОНОМИКИ ОБРАЗОВАНИЯ.Образовательный кредит как способ финансирования студентов. МИНИСТЕРСТВО ОБРАЗОВАНИЯ И НАУКИ РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ. ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ - ВЫСШАЯ ШКОЛА ЭКОНОМИКИ. Информационный бюллетень 2007 5[28]. МОСКВА