ՀՈԴՎԱԾ 1. «Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաuտանի Հանրապետության 2008 թվականի ապրիլի 8-ի ՀO-23-Ն օրենքի (այuուհետ` oրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«10) սահմանում է ներմուծվող օրգանական գյուղատնտեսական սննդամթերքն ուղեկցող օրգանական սերտիֆիկատի ձեւը.»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«1. Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մակնշման մեջ, ինչպես նաեւ գովազդում նշվում է «օրգանական» կամ մակնշման առումով համարժեք «էկոլոգիական», «էկոլոգիապես մաքուր», «բիոլոգիական» տերմինները կամ դրանց «էկո», «բիո» կամ կրճատ այլ ձեւերը` առանձին կամ հարադիր, միայն այն դեպքում, եթե`»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 10-րդ հոդվածի
1. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«1. Ներմուծվող օրգանական գյուղատնտեսական`
1) արտադրանքը պետք է ուղեկցվի արտահանող երկրի իրավասու վերահսկիչ մարմնի կամ օրգանական սերտիֆիկացման մարմնի կողմից տրամադրված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ձեւի սերտիֆիկատով.
2) սննդամթերքը, դեղաբույսերը, տեխնիկական, կերային եւ ուտելի բույսերը պետք է մակնշված եւ պիտակավորված լինեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջպետական համաձայնագրերին, իսկ դրանց բացակայության դեպքում` միջազգային կամ միջպետական ստանդարտներին եւ նորմերին համապատասխան.
3) արտադրանք ներմուծող անձը մաքսային ձեւակերպումների ավարտից հետո` եռօրյա ժամկետում, օրգանական սերտիֆիկատի եւ մաքսային հայտարարագրի կրկնօրինակները տրամադրում է լիազոր մարմնին.
4) ներմուծողը (մատակարարը) օրգանական սերտիֆիկատի բնօրինակը պետք է պահպանի առնվազն 2 տարի:
2. 2-րդ մասի «Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության» բառերը փոխարինել «Բուսասանիտարիայի» բառով.
ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` օրենք) տեղ գտած որոշ բացթողումները լրացնելու եւ օրգանական սննդամթերքի ներմուծման եւ արտահանման գործընթացները կանոնակարգելու անհրաժեշտությամբ:
Նախագիծը մշակվել է Եվրոպական Միության «Գյուղատնտեսական արտադրանքի օրգանական արտադրության, ինչպես նաեւ գյուղատնտեսական արտադրանքի ու սննդամթերքի վրա հղումների մասին» (EEC) N 2092/91, Եվրախորհրդի (EC) N 834/2007, N 889/2008, N 1235/2008 կանոնակարգերի, Կոդեքս Ալիմենտարիուս հանձնաժողովի «Օրգանական մթերքի արտադրության, վերամշակման, մարքեթինգի եւ մակնշման ուղեցույցի» եւ ԱՄՆ-ի «Օրգանական սննդամթերքի արտադրության մասին» օրենքի դրույթների հիման վրա:
Նախագծով լրամշակվում են օրենքի 9-րդ` «Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մակնշումը եւ պիտակավորումը» եւ 10-րդ` «Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը եւ արտահանումը» հոդվածները:
9-րդ հոդվածի լրամշակման նպատակն է` օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մակնշման մեջ, ինչպես նաեւ գովազդում օրգանական մակնշման համար սահմանված տերմիններից բացի թույլատրել նշելու նաեւ դրանց համարժեք կրճատ «էկո», «բիո» կամ այլ ձեւերը:
10-րդ հոդվածի լրամշակման նպատակը հոդվածում տեղ գտած բացթողումները շտկելն ու օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման եւ արտահանման գործընթացը օրենքով կարգավորելն է: Հոդվածում ամրագրված է, որ ներմուծվող օրգանական գյուղատնտեսական սննդամթերքի համար լիազոր մարմինն իրավասու է պահանջելու տեղեկատվություն արտահանող երկրում օգտագործված նյութերի, միջոցների եւ կիրառված մեթոդների մասին: Հետեւաբար, ըստ օրենքի տվյալ հոդվածի տրամաբանության, լիազոր մարմինը պետք է ներգրավված լինի օրգանական գյուղատնտեսական սննդամթերքի ներմուծման գործընթացում, մինչդեռ ՀՀ օրենսդրությամբ սննդամթերքի ներմուծումը կամ արտահանումը կատարվում է սերտիֆիկացնող մարմինների կողմից տրվող սերտիֆիկատների հիման վրա, բացառությամբ անասնաբուժական եւ ֆիտոսանիտարական սերտիֆիկատներ պահանջող մթերքների: Այսինքն վերամշակված սննդամթերքի ներմուծման գործընթացում լիազոր մարմինը մասնակցություն չի ունենում, որը տարածվում է նաեւ վերամշակված օրգանական գյուղատնտեսական սննդամթերքի վրա եւ որպեսզի լիազոր մարմինը կարողանա իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները, պետք է ունենա տվյալ խմբաքանակի օրգանական կարգավիճակը հավաստող փաստաթղթերը, արտադրությունում օգտագործված նյութերի, միջոցների եւ կիրառված մեթոդների մասին, ինչպես նաեւ արտադրանքին վերաբերվող այլ տեղեկատվություն, որոնք լիազոր մարմինը կստանա ներմուծվող օրգանական գյուղատնտեսական արտադրանքն ուղեկցող սերտիֆիկատից:
Քանի որ նախագծի 10-րդ հոդվածի լրամշակված տարբերակով անհրաժեշտություն է առաջանում սահմանելու օրգանական գյուղատնտեսական արտադրանքն ուղեկցող սերտիֆիկատի ձեւը, իսկ ներմուծման եւ արտահանման գործընթացն ամբողջությամբ կարգավորվում է, ուստի նախագծով առաջարկվում է օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի ՀՀ կառավարության կողմից ներմուծման եւ արտահանման կարգը սահմանելու մասին դրույթը փոխարինել ՀՀ կառավարության կողմից ներմուծվող օրգանական գյուղատնտեսական արտադրանքն ուղեկցող սերտիֆիկատի ձեւը սահմանելու մասին դրույթով:
«Օրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները նպատակաուղղված են կանոնակարգելու օրգանական սննդամթերքի ներմուծման եւ արտահանման գործընթացները, շտկելու օրենքում տեղ գտած բացթողումները, օժանդակելու օրգանական գյուղատնտեսական սննդամթերք ներմուծողներին եւ արտահանողներին` արտադրանքի իրացման, արտահանման խոչընդոտները հաղթահարելու եւ միջազգային շուկային ինտեգրվելու գործում, ինչպես նաեւ ապահովելու սպառողների շահերի պաշտպանությունը: