Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-931-14.06.2010-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1.   «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության 2006թ. դեկտեմբերի 25-ի օրենքի (այսուհետ՝ նաեւ Օրենք) 6-րդ հոդվածի 2–րդ մասի 2-րդ պարբերությունը «եթե» բառից հետո լրացնել «գույք չի հայտնաբերվել կամ» բառերով, «նաեւ» բառից հետո լրացնել «սույն օրենքի 96-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի համաձայն իրացման ոչ ենթակա գույքի արժեքը, փոխհատուցման ենթակա գումարի չափը, » բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված մարմինների կողմից խախտվել են նույն մասում նշված ժամկետը, ապա պարտապանի սնանկ ճանաչվելու դեպքում նրանց կողմից ներկայացվող պահանջներում դրամական պարտավորությունների (այդ թվում` ապահովված) եւ պարտադիր վճարումների (հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների) գծով պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար հաշվարկման, վճարման կամ գանձման ենթակա տուժանքների եւ այլ ֆինանuական պատժամիջոցների, ինչպեu նաեւ վճարման ենթակա տոկոuների հաշվարկը չի կարող գերազանցել այդ ժամկետի լրանալուն հաջորդող մեկ ամիսը:»

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի «39-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը՝ «պարտավորությունների», ինչպես նաեւ 2-րդ մասի «ա» կետը՝ «տալը» բառերից հետո լրացնել ստորակետով եւ «իսկ պարտատիրոջը՝  այդպիսի բավարարում ստանալը (ներառյալ՝ երրորդ անձանց կողմից կամ նրանց գույքի հաշվին, բացառությամբ երաշխավորի կամ երաշխիք տված անձի կողմից պարտավորության կատարման)» բառերով:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 39-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով

«7. Սույն հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ ձեռք բերված ցանկացած համաձայնություն կամ կատարված գործարք (անկախ ձեւից), որի արդյունքում կատարվել է կամ կարող է կատարվել պարտապանի ակտիվի օտարում, կամ լրացուցիչ պարտավորություն է առաջացնում կամ առաջացրել պարտապանի համար կամ բավարարվել է կամ կարող է բավարարվել որեւէ պարտատիրոջ պահանջ այլ կերպ քան սույն օրենքով սահմանված կարգով եւ/կամ հերթականությամբ, առոչինչ է:»

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 43-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով

«8. Սույն հոդվածով սահմանված պահանջի ապահովվածությունը, գրավադրված գույքի արժեքը (մեկնարկային գինը), երրորդ անձի գույքի գրավադրումը դադարեցնելու, կամ ապահովված պահանջի մարման դեպքում նվազեցվում է գույքի արժեքի այն չափը, որը 96-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի ենթակա չէ իրացման, կամ որը գույքի իրացման դեպքում օրենքով ենթակա է փոխհատուցման գույքի սեփականատիրոջը:»

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 96-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ

«Հոդված 96. ԻՐԱՑՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՒՅՔԸ

1. Պարտատերերի պահանջների բավարարման նպատակով իրացման (oտարման) ենթակա չէ պարտապանի այն գույքը, որի վրա Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով չի կարող բռնագանձում տարածվել:

2. Պարտատերերի պահանջների բավարարման նպատակով իրացման (oտարման) ենթակա չէ

ա) օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող արժեք ունեցող պարտապանի միակ բնակելի տունը (բնակարանը, կացարանը)՝ նրա ընտանիքի յուրաքանչյուր շնչի համար առնվազն իննը քառակուսի մետրի չափով, ինչպես նաեւ գյուղացիական տնտեսությամբ զբաղվող պարտապանին սեփականության իրավունքով պատկանող, գյուղատնտեսական նշանակության հողամասը (առկայության դեպքում)՝ հինգ հարյուր քառակուսի մետրի չափով:

բ) պարտապանի՝ ամուսնական մատանին եւ այլ զարդեղենը, ինչպես նաեւ միակ տրանսպորտային միջոցը.

գ) պարտապանին պատկանող մեկ խոշոր կամ երկու մանր եղջերավոր անաuունը, մեկ զույգ ընտանի թռչունը, ինչպես նաեւ մինչեւ խոշոր անասունների անաuնակերի հավաքելը կամ մինչեւ անաuուններն արոտի դուրu բերելը դրանց համար անհրաժեշտ անաuնակերը.

դ) հերթական ցանքի համար անհրաժեշտ uերմացուն եւ տնկանյութը,

ե) պարտապանի օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտություն ներկայացնող բժշկական սարքավորումները:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի «ա» եւ «բ») կետերում նշված գույքը կարող է իրացվել, եթե դրա արժեքը գերազանցում է իրացման պահին օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը՝ բնակելի տան (բնակարանի, կացարանի) համար, հարյուրհիսունապատիկը՝ այլ զարդեղենի համար, հարյուրհիսունապատիկը՝ տրանսպորտային միջոցի համար: Այդ դեպքում հավաքագրված միջոցների բաշխման ծրագրով առաջնահերթ (այդ թվում՝ ապահովված պարտատիրոջից առաջ) նախատեսվում է իրացված գույքի արժեքից փոխհատուցում պարտապանին՝ սույն մասում նշված չափերով:

Եթե պարտապանը չունի սույն հոդվածի 2-րդ մասի «գ» կետում նախատեսված գույքը, ապա պարտապանի այլ գույքի իրացումից ստացված միջոցներից սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված կարգով պարտապանին փոխհատուցման է ենթակա նաեւ երեք ամսվա ապրուստի միջոց՝ ամսական ընտանիքի յուրաքանչյուր շնչի համար oրենuդրությամբ uահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափի հաշվարկով:

4. Պարտապանի կամ այլ անձանց պահանջով դատարանի որոշմամբ բռնագանձում կարող է չտարածվել բռնագանձման ենթակա պարտապանի այն գույքի վրա, որի արժեքը էական ազդեցություն չի կարող ունենալ պարտատերերի պահանջների բավարարման համար:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 97-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» եւ «զ» կետերով.

«ե) Սույն օրենքի 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված սարքավորումների արժեքը վճարելու պարտավորության, ինչպես նաեւ նույն հոդվածի 3-րդ մասով ստացված փոխհատուցման գումարների չափով պարտատերերի չբավարարված պահանջները մարելու պարտավորության.

զ) հանցագործությամբ պատճառված վնասը հատուցելու պարտավորության:»

ՀՈԴՎԱԾ 8. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ

ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, «Հրապարակային սակարկությունների մասին» եւ «Սնանկության մասին» ՀՀ օրենքներում կատարվող փոփոխությունների անհրաժեշտության

Առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում հստակեցնել պարտատերերի եւ պարտապանների միջեւ առկա եւ ծագող քաղաքացիաիրավական հարաբերությունների կարգավորումը՝ իրավահավասարության, արդարացիության եւ իրավունքի չարաշահման արգելքի սկզբունքներից ելնելով:

Դատական պրակտիկան վկայում է այն մասին, որ բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի գումարները չվերադարձնելու հետ կապված քաղաքացիական գործերի քննությունը ՀՀ դատարաններում անընդհատ շատանում է: Մի կողմից լավ է, որ պարտատերերի եւ պարտապանների միջեւ հարաբերությունների կարգավորումը հստակորեն մտնում է իրավական դաշտ: Սակայն պրակտիկան նաեւ վկայում է, որ լրջագույն խնդիրներ են առաջանում հատկապես բնակչությանը տրամադրվող վարկերի վերադարձելիության հետ կապված:

Այսպես, մի կողմ թողնելով այն հանգամանքը, թե ինչպես եւ ինչ կարգով են տրամադրվում վարկերը, քանի որ դա ավելի շատ իրավապահ մարմինների խնդիրն է, անդրադառնանք բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից կնքվող վարկային պայմանագրերում առկա՝  ենթադրաբար «կողմերի համաձայնությամբ» ձեռքբերվող համաձայնությանը:

Բնակչության ցածր իրավագիտակցությունը թույլ չի տալիս հասկանալ կնքվող պայմանագրերում առկա պատասխանատվության միջոցների համակարգային գործողությունն ընդհանրապես: Իսկ կնքվող պայմանագրերի գերակշիռ մեծամասնությունը նախատեսում է քաղաքացիաիրավական պատասխանատվության միջոցների մի համակարգ, որոնց միաժամանակյա գործողությունը անհնարին է դարձնում վարկի վերադարձն ընդհանրապես՝ հետեւյալ պատճառներով:

Նախ եւ առաջ մեր համոզմամբ բանկերի ու վարկային կազմակերպությունների կողմից վարկերի տրամադրման (անկախ վարկի տեսակից) համար սահմանված պայմանների եւ դրանք հիմնավորող փաստաթղթերի ներկայացման եւ ստուգման պահանջները կրում են զուտ ձեւական բնույթ՝ դրանք շատ հեշտ է շրջանցելը՝ ձեւական (փաստաթղթային առումով) տեսանկյունից բավարարելով ներկայացվող պահանջների համապատասխանություն: Անշուշտ բնավ խարախուսելի չէ, երբ կարիքից դրդված անձինք գնում են նման քայլերի, սակայն նույն կերպ դրվատանքի արժանի չէ նաեւ ֆինանսական հաստատությունների կողմից վարվող քաղաքականությունն այն առումով, որ մեծամասամբ քաջ գիտակցելով վարկառուի վճարունակ չլինելը, այսինքն նախապես իմանալով վարկի վերադարձելության անհնարինության մասին, այդ վարկերն այնուամենայնիվ տրամադրում են: Մեր կարծիքով սա բովանդակային առումով անթույլատրելի եւ անհարիր է հայ ժողովրդին ընդհանրապես եւ խայտառակում է Հայաստանն ամբողջությամբ: Ուստի եւ պետք չէ զարմանալ արտերկրում, հատկապես սփյուռքահայության շրջանում տիրող այն կարծիքին, որ երկրում թալան է գնում: Անձին վարկ տալ, քաջ  գիտակցելով դրա անվերադարձելությունը եւ որպես վարկի վերադարձելություն գրավ ընդունել նրա տունը, հողը կենդանիները կամ այլ գույքը, չի կարող ունենալ այլ միտում, քան այդ գույքին  տիրանալը: Ընդ որում այդ պարագայում ակնհայտ է նաեւ այն հանգամանքը, որ գույքին տիրանալն ունի շուկայականից ակնհայտ ցածր գնով անձից ձեռք բերելու միտում՝ շուկայական գնով գույքը ձեռք բերելու դեպքում շահույթն էական չի  լինի:

Այսպես, վարկային պայմանագրերում աչքի է զարնում պայմանագրի տոկոսը, որը որոշակի է կողմերի համար: Սակայն բոլոր պայմանագրերում նախատեսվում են տարբվեր պատասխանատվության միջոցներ՝ չվճարված մայր գումարի նկատմամբ այլ տոկոսագումարի հաշվարկ, դրա չվճարման համար տույժեր: Դրանք առերեւույթ փոքր են, սակայն դրանց բուն մեծությունը կախված է բացառապես մի հանգամանքից՝  որքան կլինի ժամկետի կետանցը: Այս ժամկետն ինքնին կախված է վարկատուից: Վարկային պայմանագրերում կիրառվող պատասխանատվության միջոցների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանց համատեղ կիրառումը առարկայական հնարավորություն է ստեղծում վարկատուի համար սպասվող արդարացի եկամտի՝ վարկային պայմանագրով սահմանված սկզբնական տոկոսի կրկնապատիկը կամ ավելին ստանալ: Այս հանգամանքը ուղղակի շահագրգռում է վարկատուին «համբերատար» սպասել: Մինչդեռ իրական սպասելիքը ժամանակը ձգելով շահույթ ստանալն է: Անշուշտ կարող է դիրքորոշում ներկայացվել, թե սպասելու պատճառը անձին վճարելու հնարավորություն տալն է: Սակայն գտնում ենք այդ պատճառաբանությունն անհիմն է, եթե դա տեւում է տարիներ: Դրա մասին վկայում է հետեւյալ պարզագույն հաշվարկը.

Վարկառուի կողմից իր պարտավորությունների բարեխիղճ կատարման դեպքում հետ ստացած վարկի գումարը վարկատուն տեղաբաշխում է նույն տոկոսով: Այսինքն ենթադրվում է, որ պարտավորությունների բարեխիղճ կատարման դեպքում վարկատուի ողջամիտ ակնկալիքը այն նույն տոկոսագումարի ստանալն է, ինչ տոկոսով որ տրամադրվել էր վարկը: Սակայն վարկառուն չի կարողանում կատարել իր պարտավորությունը (ինչի մասին որպես կանոն գիտեր վարկառուն), իսկ վարկառուն սպասում է: Արդյունքում վարկի չվճարված մայր գումարի մասը սկսում է հաշվարկվել սկբնական տոկոսը գերազանցող տոկոսով, կամ սկսում են հաշվարկվել օրական տույժեր կամ միաժամանակյա տուգանքի գումար է սահմանված վճարելու կամ բոլորը լրիվ կամ մասնակի համատեղ: Արդյունքում վարկատուի համար իրական հնարավորություն է ստեղծվում սկզբնական տոկոսագումարից, այսինքն առերեւույթ ցույց տրվող ակնկալիքից էապես ավելին ստանալ:

Մյուս կողմից վարկի վերադարձելությունն ապահովվում է գույքի գրավով: Գրավադրվող գույքը, որպես կանոն, գնահատվում է իր շուկայական արժեքից ոչ պակաս, քան 20 տոկոս ցածր: Միաժամանակ նաեւ որպես ապահովվածության չափ ընդունվում է գնահատված արժեքի մոտ 70-80 տոկոսը: Այսինքն իրականում վարկի վերադարձելիությունն ապահովված է լիարժեքորեն: Թեեւ կարող են բերվել օրինակներ, իբրեւ թե խնդրեմ, գույքն իրացվել է ավելի էժան քան վարկատուի պահանջն է եղել, սակայն յուրաքանչյուր դեպքում բավարար է պարզագույն հաշվարկ կատարել եւ ակնհայտ կդառնա, որ չբավարարված պահանջների գերակշիռ մեծամասնությունը տուժանքի գումարներ են, իսկ վարկատուն ստացել է էապես ավելին, քան կստանար, եթե վարկառուն ի վիճակի լիներ իր պարտավորությունները ժամանակին կատարել:

Ուշադրության արժանի ենք համարում նաեւ այն հանգամանքը, որ պայմանագրերով նախատեսվող պատասխանատվության միջոցների կիրառմամբ վարկատուների կողմից ստացվող իրական շահույթը առավելապես գերազանցում է ՀՀ ԿԲ կողմից սահմնվող բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկն այն դեպքում, երբ ՀՀ քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է նախատեսում վաշխառության համար: Այն բնորոշվում է հետեւյալ կերպ. «պարտք տրված դրամի կամ տեuակային հատկանիշով որոշվող գույքի համար Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի uահմանած բանկային տոկոuի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոuներ uտանալը, ինչպեu նաեւ անձի հետ նրա համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններում այլ գործարք կատարելը, որից oգտվել է մյուu կողմը»: Այսինքն որեւէ ֆիզիակական անձի կողմից նման արարք մեկ անգամ կատարելը, ինչը ձեռնարկատիրություն չի հանդիսանում, բավարար է վերջինիս վաշխառու կոչելու համար, մինչդեռ էապես նույն արարքը որպես ձեռնարկատիրություն իրականացնելը որեւէ կերպ չի հետապնդվում օրենքով՝ քանի որ որպես վարկատու հանդես է գալիս լիցենզիա ստացած իրավաբանական անձը: Եթե անգամ Հայաստանում իրավաբանական անձինք ենթակա չեն քրեական պատասխանատվության, ապա գտնում ենք, որ նրանք պետք է օբյեկտիվ կողմից էապես նման արարքն կատարելու հնարավորություն չունենան օրենքով սահմնված արգելքի ուժով: Իսկ նման արգելք սահմանելու իրավասությունը օրենսդիր մարմնինն է, որը կարող է եւ մեր համոզմամբ պարտավոր է նման արգելք սահմանել, հանուն հայ ժողովրդի:

Առաջարկվող փոփոխություններն ու լրացումները ունեն համակարգային բնույթ: Ներկայումս վճարելու կարողություն չունեցող՝ անվճարունակ պարտապանի պաշտպանության միակ ինստիտուտը սնանկությունն է:

Այդ հանգամանքը փաստարկվել է ՀՀ Սահմնադրական դատարանի 2008թ. փետրվարի 25-ի ՍԴՈ-735 որոշմամբ: Ներկայացվող փոխոխությունները նպատակ ունեն կարգավորել այդ ինստիտուտը հնարավորություն ընձեռելով սնանկ ճանաչված անձանց առողջացման՝ բացառելով որեւէ մեկի կողմից իր պարտականությունները անբարեխիղճ կատարելու պատճառով ֆինանսական առողջացումն անհնարին դարձնելու հանգամանքը: Հիմնական փոփոխությունները վերաբերվում են այն հանգամանքին, որ սնանկ ճանաչված ֆիզիակական անձը չպետք է ձեռք բերի անտուն անօթեւան թափառականի կարգավիճակ եւ նրան պետք է նվազագույն հնարավորություն ընձեռվի գոյատեւելու: