Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9332-14.06.2010-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-215-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի `

1)  4-րդ պարբերությունում «կազմակերպությունների եւ» բառերից հետո լրացնել` «հաշվառված» բառը,

2) 5-րդ պարբերությունում «կազմակերպությունների եւ» բառերից հետո լրացնել` «հաշվառված» բառը եւ հանել «հարկային մարմնում հաշվառման կանգնելիս» բառերը,

3) լրացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ`

«հարկ վճարողի հարկային գործ` հարկային մարմնի կողմից վարվող յուրաքանչյուր հարկ վճարողի անհատական թղթապանակ, որում անփոփվում են հարկ վճարողից ստացված, նրան վերաբերող հարկային մարմնի կողմից ստեղծված, ինչպես նաեւ երրորդ անձանցից ստացված բոլոր փաստաթղթերը` սկսած հիմնադիր փաստաթղթերից մինչեւ հարկ վճարողի լուծարումը (գործունեության դադարեցումը) հարկային հաշվառումից հանումը հավաստող փաստաթղթերը:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 6-րդ հոդվածի`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1. Հարկ վճարողների հաշվառման համարների տրամադրումը, բացառությամբ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց, նոտարների, դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների, օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցում ստացած կազմակերպությունների, իրականացվում է «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Հարկ վճարողի հաշվառման համարը հանդիսանում է նրա նույնականացման կոդը:

Պետական գրանցում ստացող կազմակերպություններին եւ հաշվառվող անհատ ձեռնարկատերերին հարկ վճարողների հաշվառման համարների տրամադրման նպատակով Հայաստանի Հանրապետության հարկային մարմինը գրանցող (հաշվառող) մարմնին տրամադրում է իր ավտոմատացված կառավարման համակարգում տվյալների բազայի հետ առ-գիծ ռեժիմով օգտվելու թույլտվություն:

Օրենքով սահմանված բոլոր փաստաթղթերն ստանալուց եւ ավտոմատացված տվյալների բազա մուտքագրելուց հետո համակարգչային ծրագրի կողմից տրամադրվում է հարկ վճարողի հաշվառման համար:

Պետական գրանցում ստացած կազմակերպությունների եւ հաշվառված անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման մասին տեղեկությունները պետական գրանցման (հաշվառման) օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային մարմին: Տեղեկությունների տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը:»,

2) 7-րդ մասում «պետական գրանցում ստանալու եւ հարկային մարմնում հաշվառման կանգնելու» բառերը փոխարինել` «հաշվառվելու» բառով,

3) 9-րդ մասում «կնիքի» բառից հետո լրացնել «(դրա առկայության դեպքում)» բառերով:

ՀՈԴՎԱԾ 3. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 7-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերը:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«ՀՈԴՎԱԾ 8. ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցում ստացած կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք հարկային մարմնում հաշվառման կանգնելու եւ հարկ վճարողի հաշվառման համար ստանալու համար հարկային մարմին են ներկայացնում հետեւյալ փաստաթղթերը`

1) կազմակերպությունների հաշվառման դեպքում`

ա. գրանցման վկայականի պատճենը,

բ. տնօրենի կողմից լրացված` հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրման դիմում.

2) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկակական անձանց հաշվառման դեպքում`

ա. անձնագրի եւ սոցիալական քարտի պատճենները (առկայության դեպքում), բացակայության դեպքում սոցիալական քարտի բացակայության վերաբերյալ լիազորված մարմնի կողմից տրամադրված տեղեկանքի պատճենը,

 բ. ֆիզիկական անձի կողմից լրացված` հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրման դիմում:

2. ՀՎՀՀ-ի տրամադրման դիմումի ձեւը եւ դրանում լրացման ենթակա տվյալների ցանկը սահմանում է կառավարությունը:»:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«ՀՈԴՎԱԾ 9. ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ  ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

Կազմակերպությունների պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի եւ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց, նոտարների, դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների, օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցում ստացած կազմակերպությունների հաշվառման ժամանակ պահանջվող տվյալների փոփոխության դեպքում հարկ վճարողը պարտավոր է այդ մասին գրավոր տեղյակ պահել իրենց սպասարկող հարկային մարմնին` մինչեւ փոփոխությունների տեղի ունենալուն հաջորդող ամսվա 20-ը:»:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել նոր 5-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ`

«5. Հարկային մարմինը հարկային հաշվառման վերցված յուրաքանչյուր հարկ վճարողի համար վարում է հարկային գործ: Հարկային գործում ընդգրկվող փաստաթղթերի ցանկը, հարկային գործերի վարման, օգտագործման եւ պահպանության կարգը հաստատվում է վերադաս հարկային մարմնի ղեկավարի կողմից:»:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել «այդ թվում` անհատ ձեռնարկատիրոջ» բառերը:

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 12-րդ հոդվածի`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Օրենքով սահմանված կարգով գրանցում (հաշվառում) ստացած կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը կազմակերպությունների լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից հանելու համար ներկայացնում են դիմում պետական ռեգիստրի մարմին, իսկ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցված կազմակերպությունները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:»,

2)  2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«2. Հարկ վճարողի կողմից լուծարային հաշվարկները եւ հաշվետվություններն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում հարկային մարմինը կարող է կատարել լուծարային ստուգում:»:

ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 13. ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

1. Հարկային գործերը վարող հարկային մարմինն ապահովում է հարկային գործերի պահպանությունը հետագա օգտագործման նպատակով:

2. Հարկային գործերը պահպանվում են հարկային մարմնում 5 տարի ժամկետով, ապա օրենքով սահմանված կարգով ենթարկվում փորձաքննությամբ արժեքավորման, բացառությամբ հարկ վճարողների հիմնադիր փաստաթղթերի եւ չկատարված հարկային պարտավորությունները հավաստող փաստաթղթերի, որոնք փորձաքննությամբ արժեքավորման ենթակա են միայն հարկ վճարողի լուծարումից (գործունեության դադարեցումից)  5 տարի հետո:»:

ՀՈԴՎԱԾ 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Հարկ վճարողի հաշվառման համարները ՀՀ պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումների կողմից տրամադրման արդյունքում մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական փաթեթի նախագծի

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 21-ի թիվ 97-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագրի 3.4 կետի 3.4.2 ենթակետի:

1.1 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

Ներկայումս հարկ վճարողը պետական ռեգիստրում գրանցվելուց հետո պարտավոր է «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով մեկ ամսյա ժամկետում հաշվառման կանգնել հարկային տեսչությունում եւ «Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հարկային հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքի համաձայն ստանալ հարկ վճարողի հաշվառման համար: Դրա արդյունքում հարկ վճարողը գրանցման եւ հաշվառման կանգնելու համար տարբեր մարմինների ներկայացնում էր գրեթե նույն փաստաթղթերը:

1.2 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Ներկայացվող փաթեթով առաջարկվում է`

- կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի ՀՎՀՀ-ների տրամադրումն իրականացնել ՀՀ պետական ռեգիստրի միջոցով, գրանցման (հաշվառմանը) զուգընթաց,

- ՀՀ պետական ռեգիստրի կողմից պետական գրանցում ստացող կազմակերպություններին եւ հաշվառվող անհատ ձեռնարկատերերին հարկ վճարողների հաշվառման համարների տրամադրման գործընթացի կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության հարկային մարմինը վերջինիս տրամադրում է իր ավտոմատացված կառավարման համակարգում տվյալների բազայի հետ առ-գիծ (օն-լայն) ռեժիմով օգտվելու թույլտվություն:

2. Կարգավորման առարկան.

 Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրի իրագործում, ՀՎՀՀ-ի տրամադրումը ՄՊԿ-ի միջոցով իրականացում:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Ակնկալվում է հարկ վճարողի գրանցումը, ՀՎՀՀ-ի տրամադրումը իրականացնել մեկ մարմնի միջոցով, բացառել հարկ վճարողների կողմից նույն փաստաթղթերը տարբեր մարմիններին ներկայացնելու պահանջը, բարենպաստ պայմաններ ստեղծել բիզնեսի զարգացման համար: