Armenian ARMSCII Armenian
Կ-1115-11.11.2016-ՊԱ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Սույն օրենքի նպատակը Հայաստանի Հանրապետության պաշտպանության, մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության, կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ (այսուհետ՝ մարտական գործողություններ) զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովող հատուկ համակարգի ներդրումն է:

Գլուխ 1. Ընդհանուր դրույթներ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքով կարգավորվում են մարտական գործողությունների հետեւանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ հատուցման հիմնադրամի ստեղծման եւ գործունեության կարգն ու պայմանները:

Հոդված 2. Շահառուները, հատուցման դեպքերը, հատուցման վճարման հիմքերը եւ շրջանակները

1. Սույն օրենքի համաձայն, շահառուներ են հանդիսանում այն զինծառայողները, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել մարտական գործողությունների հետեւանքով: Սույն հոդվածի իմաստով՝

1) զինծառայողի կյանքին պատճառված վնաս է համարվում զինծառայողի զոհվելը (մահանալը), կամ անհայտ կորելը.

2) զինծառայողի առողջությանը պատճառված վնաս է համարվում ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով զինծառայողի աշխատունակության կորուստը:

2. Զինծառայող է համարվում՝

1) Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ այլ զորքերում ժամկետային պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայություն անցնող կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրաված անձը.

2) զինվորական ծառայության մեջ չգտնվող եւ մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորագրված ու մարտական գործողություններին մասնակցած անձը:

3. Զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում շահառու է համարվում զինծառայողի՝

1) ամուսինը.

2) զավակը.

3) ծնողը.

4) հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված, կամ մինչեւ 23 տարեկան առկա ցերեկային ուսուցմամբ սովորող ուսանող քույրը եւ եղբայրը, ինչպես նաեւ զինծառայողի խնամքի տակ գտնված 18 տարեկան եւ դրանից բարձր տարիքի հաշմանդամ քույրը եւ եղբայրը, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչեւ իրենց 18 տարին լրանալը: Ընդ որում, քույրը եւ եղբայրը համարվում են շահառու, եթե նրանց ծնողները կամ միակ ծնողը մահացած են կամ ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում:

4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված շահառուների բացակայության դեպքում շահառու է համարվում նաեւ այլ անձը, եթե դատական կարգով հաստատվել է, որ՝

1) հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ գտնվել է զինծառայողի խնամքի տակ եւ ունեցել է հաշմանդամություն կամ աշխատանքային կենսաթոշակի իրավունք.

2) խնամել է զինծառայողին մինչեւ նրա 18 տարին լրանալը:

5. Հատուցման դեպք (այսուհետ՝ Հատուցման դեպք) է համարվում մարտական գործողությունների ընթացքում զինծառայողի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելը: Հատուցման դեպքը համարվում է տեղի ունեցած, եթե՝

1) զինծառայողը զոհվել (մահացել) է մարտական գործողությունների ժամանակ կամ մարտական գործողությունների ավարտի օրվանից հետո հինգ տարվա ընթացքում՝ մարտական գործողությունների հետեւանքով ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով.

2) զինծառայողը մարտական գործողությունների ժամանակ անհայտ կորելու հետեւանքով օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող եւ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից անցել է 6 ամիս՝ եթե մինչեւ հատուցում վճարելու օրը զինծառայողը չի հայտնաբերվել, կամ

3) զինծառայողը մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման հետեւանքով ստացել է առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն։

6. Սույն օրենքի համաձայն, հատուցման դեպք չի համարվում այն դեպքը, երբ զինծառայողի զոհվելը (մահանալը) կամ հաշմանդամ դառնալը նրա կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետեւանք է:

Հոդված 3. Հատուցում վճարողը

1. Սույն օրենքով նախատեսված հատուցումները վճարում է սույն օրենքի համաձայն ստեղծված հատուցման հիմնադրամը (այսուհետ՝ Հիմնադրամ):

ԳԼՈՒԽ 2.
ՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 4. Հատուցման գումարների չափը

1. Հատուցման գումարները վճարվում են հատուցման այն դեպքերի համար, որոնք տեղի են ունեցել 2017 թվականի հունվարի 28-ից հետո՝ հետեւյալ նվազագույն չափերով՝

1) զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ զինծառայողին անհայտ բացակայող ճանաչելու դեպքում՝

ա. սպայական կազմի զինծառայողին՝ 82,000,000 միլիոն դրամ.

բ. պայմանագրային զինվորական ծառայության ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողին՝ 70,000,000 միլիոն դրամ.

գ. պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողին՝ 58,000,000 միլիոն դրամ.

2) զինծառայողի առողջությանը պատճառված վնասի հետեւանքով՝

ա. սպայական կազմի զինծառայողի I-ին խմբի հաշմանդամության դեպքում՝ 82,000,000 միլիոն դրամ.

բ. պայմանագրային զինվորական ծառայության ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողի I-ին խմբի հաշմանդամության դեպքում՝ 70,000,000 միլիոն դրամ.

գ. պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողի I-ին խմբի հաշմանդամության դեպքում՝ 58,000,000 միլիոն դրամ.

դ. սպայական կազմի զինծառայողի II-րդ խմբի հաշմանդամության դեպքում՝ 53,000,000 միլիոն դրամ.

ե. պայմանագրային զինվորական ծառայության ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողի II-րդ խմբի հաշմանդամության դեպքում՝ 41,000,000 միլիոն դրամ.

զ. պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողի II-րդ խմբի հաշմանդամության դեպքում՝ 29,000,000 միլիոն դրամ:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գումարները վճարվում են հետեւյալ կարգով՝

1) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 2-րդ կետի ա, բ եւ գ ենթակետերում նշված գումարից 10,000,000 դրամը վճարվում է միանվագ, իսկ մնացած գումարը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում.

2) սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դ, ե եւ զ ենթակետերում նշված գումարից 5,000,000 դրամը վճարվում է միանվագ, իսկ մնացած գումարը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:

3. Եթե հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ զինծառայողն ունի երեք եւ ավելի՝ 18 տարին չլրացած երեխաներ կամ 23 տարին չլրացած առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակներ, կամ 18 տարեկան եւ դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակներ, եթե նրանք հաշմանդամ են ճանաչվել մինչեւ իրենց 18 տարին լրանալը, ապա սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն վճարվող ամսական հավասար վճարին ավելացվում է ամսական լրացուցիչ 100 հազար դրամ: Սույն մասով սահմանված լրացուցիչ գումարի վճարումը դադարեցվում է սույն մասով սահմանված՝ լրացուցիչ գումար ստանալու իրավունք տվող հիմքը վերանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

4. Սույն հոդվածում նշված հատուցման գումարների չափերը հիմնադրամի խորհրդի որոշմամբ կարող են ինդեքսավորման արդյունքներով ավելացվել՝ կախված հիմնադրամի ֆինանսական գործունեության արդյունքներից:

5. Կախված հիմնադրամի ֆինանսական գործունեության արդյունքներից, հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կարող է կայացնել որոշում՝

1) հատուցման գումարների վճարումը նաեւ սույն հոդվածի 2-րդ մասում նշված 20 տարվա ավարտից հետո շարունակելու վերաբերյալ: Սույն մասում նշված դեպքում, վճարման ենթակա հատուցման գումարների չափը եւ վճարման ժամկետները սահմանում է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը.

2) իր կողմից սահմանված որոշակի եղանակներով (դրամական միջոցների վճարում, բնամթերային ձեւով օգնություն, այլ եղանակ) եւ ժամկետներում հատուցում վճարել նաեւ հատուցման այն դեպքերի համար, որոնք տեղի են ունեցել մինչեւ 2017 թվականի հունվարի 28-ը:

6. Եթե հատուցման վճարը նշանակելուց հետո նույն զինծառայողի կապակցությամբ տեղի է ունենում հատուցման նոր դեպք, որի համար սահմանված է ավելի բարձր չափի հատուցման վճար, ապա շահառուին (շահառուներին) վճարվում է նշանակված (փաստացի շահառուին վճարված) եւ վերջինը տեղի ունեցած հատուցման դեպքի համար սահմանված հատուցման գումարի չափերի տարբերությունը: Սույն մասով սահմանված դեպքում հատուցման գումարների տարբերության չափը հաշվարկելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 5. Հատուցման գումարների վճարման կարգը

1. Հատուցման դեպք տեղի ունենալու պարագայում՝

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ՝ համապատասխան պետական մարմին)՝ զինծառայողի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելն օրենքով սահմանված կարգով որոշվելու (հաստատվելու) օրվանից մեկ ամսվա ընթացքում՝

ա. որոշում է տվյալ հատուցման դեպքի համար վճարման ենթակա հատուցման գումարի չափը՝ հիմք ընդունելով սույն օրենքի դրույթները.

բ. որոշում է, թե տվյալ հատուցման դեպքով ով հանդիսանում շահառու՝ ելնելով սույն օրենքի պահանջներից.

գ. Հիմնադրամին հայտնում է զինծառայողի, իսկ վերջինիս զոհվելու (մահանալու) դեպքում՝ նաեւ շահառուի անուն, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հասցեն, հատուցման ենթակա գումարի չափը:

2. Հիմնադրամը սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկությունները ստանալու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում՝

1) սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերում նշված միանվագ գումարը փոխանցում է շահառու(ներ)ի համար բացված բանկային հաշվին.

2) կատարում է սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերում նշված հավասարաչափ վճարումներով եւ 3-րդ մասում նշված վճարման ենթակա գումարներից առաջին վճարումը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված վճարման ժամկետները խորհրդի որոշմամբ կարող են հետաձգվել մինչեւ երեք ամիս ժամկետով՝ելնելով հիմնադրամի ֆինանսական կայունությունն ապահովելու անհրաժեշտությունից:

Հոդված 6. Զինծառայողներին անհայտ բացակայող ճանաչելու դեպքում հատուցման գումարների վճարման առանձնահատկությունները

1. Զինծառայողին անհայտ բացակայող ճանաչելու դեպքում, հատուցման գումարները վճարվում են սյուն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով.

2. Եթե զինծառայողը դադարել է համարվել անհայտ բացակայող, ապա

1) սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի համաձայն վճարված գումարը ենթակա չէ վերադարձման, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասում նշված դեպքերի.

2) հատուցման գումարը հավասարաչափ վճարներով վճարելու դեպքում, հավասարաչափ վճարների կատարումը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքի, դադարեցվում է այն ամսվան հաջորդող ամսից, որի ընթացքում զինծառայողը դադարել է համարվել անհայտ բացակայող: Մինչեւ դադարեցումը վճարված վճարների գումարներն ենթակա չեն վերադարձման, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասում նշված դեպքերի:

3. Եթե զինծառայողը դադարել է համարվել անհայտ բացակայող դատարանի կողմից այդ զինծառայողին մահացած ճանաչելու հիմքով, ապա

1) զինծառայողին մահացած ճանաչելը չի կարող լինել սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով հատուցման գումար վճարելու հիմք.

2) հավասարաչափ վճարների ձեւով հատուցման գումարների վճարումը շարունակվում է:

4. Զինծառայողին անհայտ բացակայող ճանաչելու դեպքում շահառուներին միանվագ եւ (կամ) հավասարաչափ վճարների ձեւով վճարված հատուցման գումարներն ենթակա են շահառուների կողմից վերադարձման, եթե պարզվի որ՝

1) զինծառայողն անհայտ կորել է՝

ա. զորամասը կամ ծառայության վայրը ինքնակամ թողնելու, կամ

բ. դասալքության, կամ

գ. կամովին գերի հանձնվելու, կամ

դ. մարտադաշտն ինքնակամ լքելու հետեւանքով, եւ

2) սույն մասի 1-ին կետում նշված հանգամանքները հաստատվել են դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

5. Դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հատուցման գումարները վերադարձնելու պարտականությունը կարող է համապարտության կարգով դրվել նաեւ սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում նշված հանգամանքներում անհայտ կորած եւ կենդանի համարվող զինծառայողի վրա:

6. Հատուցման գումարները վերադարձվում են դատավճռով սահմանված կարգով եւ ժամկետներում:

Հոդված 7. Հատուցման գումար ստանալու իրավունք ունեցող անձանց որոշումը

1. Զինծառայողի հաշմանդամության դեպքում հատուցման գումարը վճարվում է այդ զինծառայողին կամ իր կողմից հիմնադրամին ներկայացված դիմումում նշված անձին:

2. Զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ զինծառայողին անհայտ բացակայող ճանաչելու դեպքում,

1) հատուցման գումարը վճարվում է շահառուներին՝ վերջիններիս համաձայնությամբ որոշված շահառուի միջոցով.

2) շահառուների միջեւ համաձայնության բացակայության դեպքում, վճարման ենթակա հատուցման գումարը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով բաժանվում է շահառուների միջեւ եւ վճարվում է իրենցից յուրաքանչյուրին առանձին:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված դեպքում հատուցման գումարը բաժանվում է հետեւյալ կարգով՝

1) հատուցման ընդհանուր գումարը բաժանվում է սույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված շահառուների թվի վրա.

3) եթե շահառուներից մեկը մահանում է, ապա այդ անձի՝ հատուցման գումարը չի ներառվում ժառանգական զանգվածի մեջ եւ հավասարաչափ բաժանվում է մնացած շահառուների թվի վրա

4. Եթե բացակայում են սույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված շահառուները, ապա սույն օրենքով սահմանված հատուցման գումարները չեն վճարվում:

5. Եթե մահանում է սույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված միակ շահառուն, ապա հատուցման գումարը չի ներառվում ժառանգական զանգվածի մեջ եւ դադարում է:

Հոդված 8. Հարկային արտոնությունները

1. Շահառուներին վճարված հատուցման գումարներն ենթակա չեն եկամտային կամ որեւէ այլ հարկով հարկման կամ որեւէ այլ վճարով նվազեցման:

ԳԼՈՒԽ 3.
ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԸ

Հոդված 9. Սույն գլխում օգտագործվող հասկացությունների նշանակությունը

1. Սույն գլխի դրույթների կիրառման նպատակով՝

1) Դրոշմանիշ է համարվում Հիմնադրամի կողմից թողարկվող պիտակը (այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով թողարկված), որի ձեռք բերման միջոցով կատարվում է դրոշմանիշային վճարի վճարման պարտականության կատարումը.

2) ֆիզիկական անձի ռեզիդենտությունը, ոչ ռեզիդենտությունը, ինչպես նաեւ՝ Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտը որոշվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության համաձայն.

3) Հաշվետու ժամանակաշրջան է համարվում օրացուցային ամիսը.

4) Հարկային գործակալ է համարվում սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերում նշված ֆիզիկական անձանց նույն կետերում նշված հիմքերով եկամուտ վճարող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձը, անհատ ձեռնարկատերը, նոտարը, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինը, հիմնարկը.

5) Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայություն է համարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ մարմինների վրա դրված պարտականությունների, այդ թվում՝ հայեցողական, եւ իրավասությունների կատարման նպատակով, անձանց պահանջով այդ մարմինների կողմից կատարվող ցանկացած իրավական կամ փաստացի գործողություն:

Հոդված 10. Դրոշմանիշային վճարի հասկացությունը

1. Դրոշմանիշային վճարը (սույն օրենքում՝ Դրոշմանիշային վճար) զինծառայողների կյանքին եւ առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովելու նպատակով՝ սույն օրենքով սահմանված կարգով եւ չափով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող պարտադիր եւ անհատույց վճար է:

Հոդված 11. Դրոշմանիշային վճար վճարողները

1. Դրոշմանիշային վճար վճարողներ են համարվում՝

1) աշխատանքային պայմանագրով Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք, բացառությամբ սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասում նշված անձանցից.

2) աշխատանքային պայմանագրով Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատող օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասում նշված անձանցից.

3) Հայաստանի Հանրապետությունում գրանցված անհատ ձեռնարկատերերը.

4) Նոտարները.

5) աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրերով Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս եկամուտ ստացող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձինք.

6) աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրերով Հայաստանի Հանրապետության աղբյուրներից եկամուտ ստացող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհանդիսացող ֆիզիկական անձինք:

2. Եթե նույն ֆիզիկական անձը միաժամանակ աշխատում է աշխատանքային պայմանագրով եւ հանդիսանում է անհատ ձեռնարկատեր, նոտար եւ(կամ) աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերով ստանում է եկամուտ, ապա այդ ֆիզիկական անձը կրում է նշված յուրաքանչյուր հիմքով դրոշմանիշային վճար վճարելու առանձին պարտականություն:

3. Եթե նույն ֆիզիկական անձն աշխատանքային պայմանագրով աշխատում է մեկից ավելի գործատուի մոտ, ապա այդ ֆիզիկական անձը դրոշմանիշային վճար է վճարում միայն մեկ գործատուից ստացվող եկամուտներից: Սույն մասում նշված գործատուի ընտրությունը ֆիզիկական անձը կատարում է ինքնուրույն՝ տվյալ գործատուին ներկայացնելով համապատասխան դիմում: Գործատուն, ում ֆիզիկական անձի կողմից ներկայացվել է սույն մասում նշված դիմումը, պարտավոր է տրամադրել տեղեկանք կամ այլ փաստաթուղթ, որով հավաստվում է, որ տվյալ ֆիզիկական անձը դրոշմանիշային վճարի վճարումը կատարում այդ գործատուի մոտ: Ֆիզիկական անձը սույն մասում նշված տեղեկանքը կամ այլ փաստաթուղթը պարտավոր է ներկայացնել այդ ֆիզիկական անձի այլ գործատուներին: Ֆիզիկական անձը կարող է փոփոխել դրոշմանիշային վճար կատարող գործատուի ընտրությունը միայն այն դեպքում, երբ այդ գործատուին ներկայացնում է տվյալ ֆիզիկական անձի այլ գործատուներից մեկի կողմից տրված տեղեկանքը կամ այլ փաստաթուղթը, որով հավաստվում է, որ դրոշմանիշային վճարի վճարումը կկատարվի տեղեկանքում կամ այլ փաստաթղթում նշված այլ գործատուից ստացվող եկամուտներից:

4. Յուրաքանչյուր անձ իրավունք ունի՝ հիմնադրամի միջոցով կամ ինքնուրույն, իր կողմից նախընտրած չափով, վճարել դրոշմանիշային վճար՝ դրա համար անհրաժեշտ քանակությամբ՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով, դրոշմանիշեր ձեռք բերելու միջոցով (կամավոր նվիրաբերություն): Հիմնադրամն իրավունք ունի կազմակերպել հանգանակություններ՝ կամավոր նվիրաբերությունները քաջալերելու նպատակով:

Հոդված 12. Դրոշմանիշային վճարների չափը

1. Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում նշված ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը վճարում են 1000 դրամ գումարի չափով:

2. Դրոշմանիշային վճար չեն վճարում սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետում նշված այն անձինք, որոնք աշխատում են միայն մեկ աշխատանքային պայմանագրով (չեն աշխատում համատեղությամբ կամ մեկից ավելի գործատուի մոտ) եւ այդ աշխատանքային պայմանագրով՝ հարկերը եւ պարտադիր այլ վճարները (ներառյալ դրոշմանիշային վճարը) նվազեցնելուց հետո ստացվող աշխատավարձը չի գերազանցում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափը: Սույն մասում նշված անձանց փոխարեն դրոշմանիշային վճարները վճարվում են՝

1) Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում աշխատող անձանց փոխարեն՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից.

2) Տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատող անձանց փոխարեն՝ համապատասխան համայնքի բյուջեից.

3) Այլ անձանց փոխարեն՝ տվյալ անձանց աշխատավարձ վճարող գործատուի կողմից՝ իր միջոցների հաշվին:

Հոդված 13. Դրոշմանիշային վճարների վճարումը

1. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերում նշված անձինք դրոշմանիշային վճարը վճարում են հարկային գործակալի միջոցով:

2. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերում նշված անձինք դրոշմանիշային վճարը վճարում են ինքնուրույն:

Հոդված 14. Հարկային գործակալի միջոցով դրոշմանիշային վճար վճարելը

1. Հարկային գործակալն իր մոտ աշխատանքային պայմանագրով աշխատող եւ(կամ) իր համար աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատանքներ կատարող եւ ծառայություններ մատուցող յուրաքանչյուր ֆիզիկական անձի համար յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում ձեռք է բերում 1000 դրամ ընդհանուր արժողությամբ դրոշմանիշեր:

2. Հարկային գործակալի կողմից դրոշմանիշերը ձեռք բերելու պահից սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար դրոշմանիշային վճար վճարելու իրենց պարտականությունը համարվում են կատարած:

3. Դրոշմանիշերը ձեռք բերելուց հետո, հարկային գործակալը սույն հոդվածի 1-ին մասում նշված յուրաքանչյուր անձի համար տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված դրոշմանիշերի գումարը գանձում է այդ անձին նույն հաշվետու ժամանակաշրջանում վճարվող եկամտից, իսկ եթե այդ անձը տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հարկայի գործակալից եկամուտ չի ստանում՝ ապա գանձումը կատարվում է հետագա հաշվետու ժամանակաշրջանում վճարվող եկամուտներից:

4. Հարկային գործակալի կողմից դրոշմանիշերը ձեռք են բերվում էլեկտրոնային ձեւով՝ էլեկտրոնային համակարգի միջոցով:

Հոդված 15. Դրոշմանիշային վճարը ինքնուրույն վճարելը

1. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերում նշված անձինք տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար դրոշմանիշային վճարը վճարում են ինքնուրույն՝ մինչեւ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի վերջին աշխատանքային օրը ներառյալ:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց կողմից տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար դրոշմանիշային վճար վճարելու պարտականությունը համարվում է կատարված 1000 դրամ ընդհանուր արժողությամբ դրոշմանիշեր ձեռք բերելու պահից:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց կողմից դրոշմանիշերը ձեռք են բերվում էլեկտրոնային ձեւով՝ էլեկտրոնային համակարգի միջոցով:

Հոդված 16. Պատասխանատվությունը սույն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասում նշված դիմումը չներկայացնելու կամ դրոշմանիշային վճարները չվճարելու կամ ուշացումով վճարելու համար

1.Սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում նշված անձանց կողմից (սույն օրենքով սահմանված դեպքերում՝ հարկայն գործակալի միջոցով) սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում նշված դրոշմանիշային վճարը սահմանված ժամկետում չվճարելու կամ այդ ժամկետից ուշացումով վճարելու դեպքում, սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում նշված անձինք (սույն օրենքով սահմանված դեպքերում՝ հարկայն գործակալը) վճարում են տույժ՝ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար՝ չվճարված դրոշմանիշային վճարի 1 տոկոսի չափով: Սույն մասով սահմանված տույժը կարող է հաշվարկվել ոչ ավել քան 365 օրվա համար:

2. Եթե մեկից ավելի աշխատանքային պայմանագրով աշխատող ֆիզիկական անձն իր գործատուներից մեկին չի ներկայացնում սույն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասում նշված դիմումը, իսկ մնացած գործատուներին՝ դիմում ստացած գործատուի կողմից տրված՝ 11-րդ հոդվածի 3-րդ մասում նշված տեղեկանքը կամ այլ փաստաթուղթը, ապա տվյալ ֆիզիկական անձն յուրաքանչյուր ամիս դրոշմանիշային վճարներ է վճարում բոլոր գործատուներից ստացվող եկամուտներից առանձին-առանձին այնքան ժամանակ, մինչեւ համապատասխան գործատուներին չի ներկայացնում սույն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասում նշված դիմումը, տեղեկանքը կամ այլ փաստաթուղթը:

3. Սույն հոդվածի համաձայն հաշվարկված տույժի գումարները գանձվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 17. Դրոշմանիշեր թողարկումը

1. Դրոշմանիշերը թողարկվում են հիմնադրամի կողմից՝ էլեկտրոնային ձեւով՝էլեկտրոնային համակարգի միջոցով, իսկ մինչեւ էլեկտրոնային համակարգ ներդնելը՝ թղթային ձեւով:

2. Թողարկվող դրոշմանիշերը կարող են ունենալ տարբեր անվանական արժեք:

3. Դրոշմանիշերի թողարկման, հաշվառման, ձեռք բերման կարգը, թողարկման ենթակա դրոշմանիշերի անվանական արժեքը ինչպես նաեւ՝ դրոշմանիշերի թողարկման համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործունեության կարգը սահմանում է կառավարությունը:

4. Կամավոր նվիրաբերությունների ներգրավման նպատակով Դրոշմանիշերի թողարկման, հաշվառման, ձեռք բերման կարգը, թողարկման ենթակա դրոշմանիշերի անվանական արժեքը ինչպես նաեւ՝ դրոշմանիշերի թողարկման համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործունեության կարգը սահմանում է հիմնադրամի խորհուրդը:

ԳԼՈՒԽ 4.
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ

Հոդված 18. Հիմնադրամի իրավական կարգավիճակը

1. Հիմնադրամը՝ սույն օրենքով եւ «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստեղծված՝ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող՝ պետական գործառույթներով օժտված իրավաբանական անձ է, որի հիմնադիրը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն է (այսուհետ՝ Կենտրոնական բանկ):

2. Հիմնադրամը կարող է իրականացնել միայն սույն օրենքով նախատեսված գործառույթներ:

3. Հիմնադրամը կարող է լուծարվել, վերակազմակերպվել կամ սնանկ ճանաչվել միայն օրենքով:

4. Հիմնադրամն ազատվում է շահութահարկի, ավելացված արժեքի հարկի եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ հարկերի, պետական եւ տեղական տուրքերի, ինչպես նաեւ բոլոր տեսակի վճարների վճարումից:

Հոդված 19. Հիմնադրամի գործառույթներն ու իրավասությունները

1. Հիմնադրամն իրականացնում է հետեւյալ գործառույթները՝

1) օրենսդրությամբ չարգելված եղանակներով տիրապետում, օգտագործում եւ տնօրինում է հիմնադրամի ակտիվները՝ սույն օրենքով սահմանված նպատակների իրագործման համար .

2) հատուցման դեպք տեղի ունենալու պարագայում՝ ապահովում է հատուցման գումարների վճարումը շահառուներին.

3) իրականացնում է սույն օրենքով սահմանված այլ գործառույթներ:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործառույթներն իրականացնելու նպատակով հիմնադրամն իրավասու է՝

1) կնքել իր գործառույթների իրականացմանն ուղղված գործարքներ.

2) ստանալ վարկեր, փոխառություններ, երաշխիքներ.

3) իր միջոցները ներդնել սույն օրենքում նշված ակտիվներում.

4) Հայաստանի Հանրապետությունում կամ արտերկրում թողարկել պարտատոմսեր եւ այլ արժեթղթեր՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով եւ (կամ) արտարժույթով.

5) կատարել իր գործառույթների հետ կապված եւ դրանց իրականացմանն ուղղված՝ փաստացի եւ իրավական այլ գործողություններ:

Հոդված 20. Հիմնադրամի միջոցները

1. Հիմնադրամի միջոցները ձեւավորվում են հիմնադրամի սկզբնական միջոցներից եւ հիմնադրամի՝ սույն օրենքով չարգելված աղբյուրներից ստացված այլ միջոցներից:

2. Հիմնադրամի սկզբնական միջոցները ձեւավորվում են՝

1) հիմնադրման պահին հիմնադրի կողմից հիմնադրամին հատկացված գույքից, որի չափը կազմում է 10 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ, եւ

2) հիմնադրամի կողմից թողարկված պարտքային արժեթղթերի տեղաբաշխումից ստացված գումարներից:

3. Հիմնադրամի կողմից սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն թողարկված արժեթղթերի անվանական արժեքը եւ տոկոսները մարվում են սույն օրենքի համաձայն վճարվող դրոշմանիշային վճարների գումարների հաշվին՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից սահմանված կարգով:

4. Հիմնադրամի միջոցները կարող են ձեւավորվել նաեւ հետեւյալ աղբյուրներից.

1) սույն օրենքով սահմանված կարգով հավաքագրված դրոշմանիշային վճարների գումարներից.

2) ներգրաված վարկերից, փոխառություններից.

3) նվիրատվությունների, նվիրաբերությունների, դրամաշնորհների գումարներից.

4) միջոցների ներդրումներից ստացվող եկամուտներից.

5) օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

6. Հիմնադրամի միջոցները կարող են օգտագործվել միայն՝

1) հատուցում վճարելու նպատակով.

2) սույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան որոշված թույլատրելի սահմաններում հիմնադրամի ծախսերը կատարելու նպատակով.

3) սույն օրենքի համաձայն հիմնադրամի կողմից թողարկված արժեթղթերով ստանձնված պարտավորությունների կատարման նպատակով:

7. Հիմնադրամի միջոցների վրա չի կարող տարածվել բռնագանձում, կիրառվել արգելանք կամ որեւէ այլ սահմանափակում որեւէ պահանջով, բացառությամբ կյանքին կամ առողջության հասցված վնասներից, ինչպես նաեւ աշխատավարձի ու դրան հավասարեցված միջոցներից բխող պահանջների, վարկային, փոխառության պայմանագրերով, հիմնադրամի կողմից թողարկված արժեթղթերով պարտատերերի, ինչպես նաեւ՝ շահառուների պահանջների:

8. Հիմնադրամին հասցեագրված դրամական միջոցների սկզբնական հաշվառումը կատարվում է Կենտրոնական բանկում բացված հատուկ հաշվում: Կենտրոնական բանկում բացված հատուկ հաշում հաշվառվելուց հետո, դրամական միջոցները տնօրինվում են սույն օրենքով սահմանված ուղղություններով:

Հոդված 21. Հիմնադրամի ծախսերը

1. Հիմնադրամի ծախսերն են՝

1) գործառնական ծախսերը՝

ա. հատուցման գումարների վճարման հետ կապված ծախսեր.

բ. ստացված վարկերի, փոխառությունների դիմաց հաշվեգրված տոկոսները.

գ. հիմնադրամի ակտիվների կառավարման հետ կապված ծախսերը.

դ. հիմնադրամի կողմից բանկային ծառայությունների ստացման հետ կապված վճարները.

ե. հիմնադրամի աուդիտի եւ խորհրդատվական ծառայությունների դիմաց վճարներն ինչպես նաեւ օրենքով սահմանված հաշվետվություններն ու տեղեկություններն հրապարակելու հետ կապված ծախսերը,

2) վարչական ծախսերը՝

ա. հիմնադրամի աշխատակիցներին վճարվող աշխատավարձը եւ դրան հավասարեցված վճարները.

բ. հիմնադրամի պատշաճ գործունեության ապահովման համար անհրաժեշտ այլ ծախսերը:

2. Հիմնադրամի ծախսերի տարեկան թույլատրելի սահմանաչափը սահմանում է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը: Ընդ որում՝ հիմնադրամի տարեկան վարչական ծախսերը չեն կարող գերազանցել հիմնադրամի՝ նախորդ տարվա ընդհանուր ակտիվների գումարի 0.5 տոկոսը:

Հոդված 22. Հիմնադրամի միջոցների կառավարումը

1. Հիմնադրամի միջոցները կառավարում է Հիմնադրամը: Հիմնադրամը կարող է իր միջոցների կառավարումը հանձնել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի սահմանած կարգին եւ չափանիշներին համապատասխան ընտրված ակտիվների՝ արտաքին, անկախ, մասնագիտացված կառավարչին կամ ինքնուրույն կառավարել դրանք:

2. Հիմնադրամի միջոցները կարող են ներդրվել բացառապես հետեւյալ ֆինանսական ակտիվներում՝

1) Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթերում, Կենտրոնական բանկի արժեթղթերում.

2) Կենտրոնական բանկում եւ(կամ) բարձր վարկանիշ ունեցող առաջնակարգ օտարերկրյա բանկերում՝ որպես բանկային ավանդ եւ (կամ) բանկային հաշիվ.

3) բարձր վարկանիշ ունեցող երկրների կառավարությունների եւ (կամ) կենտրոնական բանկերի արժեթղթերում.

4) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ հաստատված՝ հիմնադրամի ներդրումային պայուսակի կառուցվածքին համապատասխանող այլ ակտիվներում:

3. Հիմնադրամի միջոցների կառավարման ընդհանուր ծախսերը չեն կարող գերազանցել կառավարվող միջոցների արժեքի 2 տոկոսը: Հիմնադրամի միջոցների կառավարման ծախսերն են սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասում նշված գործադիր հանձնաժողովի անդամների վճարվող վարձատրությունը, իսկ միջոցների կառավարումը արտաքին մասնագիտացված կառավարչին հանձնելու դեպքում՝ կառավարչին վճարվող վճարը:

Հոդվծ 23. Հիմնադրամի կառավարման մարմինները

1. Հիմնադրամի կառավարման մարմիններն են՝

1) Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը.

2) Հիմնադրամի տնօրենը.

3) Հիմնադրամի գործադիր հանձնաժողովը՝ սույն հոդվածով սահմանված դեպքերում:

2. Այն դեպքում, երբ հիմնադրամն ինքնուրույն է կառավարում իր միջոցները, ապա հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ պետք է ստեղծվի երեքից յոթ անդամ ունեցող գործադիր հանձնաժողով, որի գործառույթը հիմնադրամի ակտիվների պրոֆեսիոնալ կառավարումն է: Գործադիր հանձնաժողովի կազմը պետք է բաղկանա ակտիվների կառավարման բնագավառում մասնագիտական փորձ ունեցող անձանցից: Հիմնադրամի տնօրենն ի պաշտոնե հանդիսանում է գործադիր հանձնաժողովի անդամ:

3. Գործադիր հանձնաժողովի ձեւավորման, գործունեության եւ լուծարման կարգերը սահմանվում են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ:

4. Հիմնադրամը կարող է ունենալ նաեւ իր կանոնադրությամբ նախատեսված այլ մարմիններ:

Հոդված 24. Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը

1. Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ)՝ հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմինն է:

2. Հոգաբարձուների խորհուրդը կազմված է ինն անդամից: Հոգաբարձուների խորհրդի անդամներին նշանակում է՝

1) երեքին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

2) երեքին՝ Կենտրոնական բանկի խորհուրդը.

3) երեքին՝ ընտրում են հոգաբարձուների խորհրդի նշանակված անդամները:

Հոգաբարձուների խորհրդի անդամները նշանակվում (ընտրվում) են հինգ տարի ժամկետով:

3. Հոգաբարձուների խորհրդի անդամները պետք է ունենան կառավարման եւ ֆինանսների բնագավառներում գիտելիքներ եւ առնվազն հինգ տարվա փորձ: Նրանք պետք է լինեն հասարակության շրջանում հարգանք վայելող եւ անբասիր համբավ ունեցող անձինք:

4. Խորհուրդն ունի նախագահ, որին իրենց կազմից ընտրում են հոգաբարձուների խորհրդի անդամները՝ հինգ տարի ժամկետով:

5. Հոգաբարձուների խորհուրդն աշխատում է հասարակական հիմունքներով:

6. Խորհրդի բացառիկ իրավասությանն է պատկանում՝

1) հիմնադրամի բյուջեի հաստատումը, ինչպես նաեւ՝ հիմնադրամի ծախսերի տարեկան թույլատրելի սահմանաչափի սահմանումը.

2) հիմնադրամի գործադիր հանձնաժողովի անդամների նշանակումը, հանձնաժողովի ձեւավորման, գործունեության եւ լուծարման կարգերը հաստատումը, իսկ հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված դեպքերում՝ հիմնադրամի այլ մարմինների ձեւավորումը եւ դրանց լիազորությունների սահմանումը.

3) հիմնադրամի տնօրենի նշանակումը.

4) հիմնադրամի աուդիտն իրականացնող կազմակերպության ընտրությունը.

5) հիմնադրամի կողմից եռամսյակային հաշվետվությունների հրապարակման կարգը, ձեւը եւ հաշվետվությունների հաստատումը:

6) սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում նշված այն ֆինանսական ակտիվների ցանկի սահմանումը, որոնցում կարող են ներդրվել հիմնադրամի միջոցները.

7) սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերում նշված վարկանիշների գնահատման կարգը եւ չափանիշները.

8) սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում նշված արտաքին անկախ ակտիվների մասնագիտացված կառավարչի ընտրությունը, ընտրության կարգի եւ կառավարչին ներկայացվող պահանջների սահմանումը.

9) շահառուներին հատուցման գումարներ վճարելու կարգի սահմանումը.

10) սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասում նշված որոշման ընդունումը.

11) հիմնադրամի գործունեության նկատմամբ կորպորատիվ վերահսկողություն իրականացնելը.

12) սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերում նշված որոշումների ընդունումը:

7. Խորհրդի այլ իրավասությունները սահմանվում են հիմնադրամի կանոնադրությամբ:

Հոդված 25. Հիմնադրամի տնօրենը

1. Հիմնադրամի տնօրենը՝ հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարում իրականացնող բարձրագույն պաշտոնատար անձն է:

2. Հիմնադրամի տնօրենին նշանակում է խորհուրդը:

3. Տնօրենի իրավասությունները սահմանվում են սույն օրենքով եւ հիմնադրամի կանոնադրությամբ:

4. Հիմնադրամի տնօրենը՝

1) ապահովում է հիմնադրամի բնականոն գործունեությունը.

2) առանց լիազորագրի հանդես է գալիս հիմնադրամի անունից.

3) տալիս է լիազորագրեր.

4) հիմնադրամի անունից կնքում է պայմանագրեր, այդ թվում՝ աշխատանքային.

5) աշխատանքի է ընդունում եւ աշխատանքից ազատում հիմնադրամի աշխատակիցներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման եւ կարգապահական պատասխանատվության միջոցներ.

6) խորհրդի հաստատմանն է ներկայացնում հիմնադրամի գործառնական եւ վարչական ծախսերի սահմանաչափը.

7) իրականացնում է հիմնադրամի կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

Հոդված 26. Հիմնադրամի աուդիտը, հաշվետվողականությունը եւ գործունեության վերահսկողությունը

1. Հիմնադրամի գործունեությունը յուրաքանչյուր տարի ստուգվում է արտաքին անկախ միջազգային աուդիտորական կազմակերպության կողմից: Աուդիտը, ինչպես նաեւ՝ հիմնադրամում հաշվապահական հաշվառումն իրականացվում է միջազգային ստանդարտներին համապատասխան:

2. Հիմնադրամը՝ իր գործունեության վերաբերյալ հրապարակում է եռամսյակային հաշվետվություններ՝ խորհրդի կողմից սահմանված կարգով, ձեւով եւ բովանդակությամբ:

3. Հիմնադրամի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Կենտրոնական բանկը: Վերահսկողություն իրականացնելու նպատակով, կենտրոնական բանկն օժտված է «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով լիազորված իրավասու մարմնին եւ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումն երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով՝  Կենտրոնական բանկին վերապահված լիազորություններով:

ԳԼՈՒԽ 5.
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

Հոդված 27. Հիմնադրամի ստեղծումը

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից երկու շաբաթվա ընթացքում՝

1) կենտրոնական բանկի խորհուրդն ընդունում է հիմնադրամ ստեղծելու մասին որոշում, հաստատում է հիմնադրամի կանոնադրությունը եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է հիմնադրամի գրանցումը.

2) սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պետական մարմինները նշանակում են խորհրդի իրենց անդամներին.

3) խորհրդի նշանակված անդամները ընտրում են խորհրդի՝ սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նշված անդամներին.

4) ընտրվում է խորհրդի նախագահը.

5) ընդունվում են այն բոլոր իրավական ակտերը, որոնք սույն օրենքի համաձայն ենթակա են ընդունման խորհրդի կողմից.

6) կատարվում են հիմնադրամի այն բոլոր պաշտոնատար անձանց նշանակումները եւ ձեւավորվում են հիմնադրամի այն բոլոր մարմինները, որոնց նշանակումը կամ ձեւավորումը սույն օրենքի համաձայն վերապահված է խորհրդի իրավասությանը.

7) կենտրոնական բանկը հիմնադրամի անունով բացում է սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված բանկային հաշիվը եւ այդ հաշվին փոխանցում է սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված գումարը:

Հոդված 28. Էլեկտրոնային ձեւով դրոշմանիշերի թողարկումը եւ էլեկտրոնային համակարգի ներդրումը

1. Էլեկտրոնային համակարգը պետք է ներդրվի եւ էլեկտրոնային ձեւով դրոշմանիշերի թողարկումը սկսվի սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում:

Հոդված 29. Մինչեւ էլեկտրոնային համակարգի ներդրումը դրոշմանիշային վճարների վճարման կարգը

1. Մինչեւ էլեկտրոնային համակարգի ներդրումը եւ էլեկտրոնային ձեւով դրոշմանիշների թողարկման սկիզբը, դրոշմանիշային վճարները վճարվում են՝

1) սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերում նշված անձանց կողմից յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային գործակալների միջոցով ֆինանսների նախարարության գանձապետական հաշվին վճարումներ կատարելով՝ առանց դրոշմանիշեր ձեռք բերելու: Հարկային գործակալի միջոցով վճարված դրոշմանիշային վճարի գումարները հարկային գործակալը գանձում է սույն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով.

2) սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերում նշված անձանց կողմից ինքնուրույն՝ ֆինանսների նախարարության գանձապետական հաշվին վճարումներ կատարելու միջոցով՝ առանց դրոշմանիշեր ձեռք բերելու:

Հոդված 30. Դրոշմանիշային վճար վճարելու պարտականության ծագման սկիզբը

1. Սույն օրենքով սահմանված դրոշմանիշային վճար վճարելու պարտականությունը ծագում է 2017 թվականի հունվարի 1-ից:

Հոդված 31. Այլ դրույթներ

1.Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից, դադարեցվում է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահը գործող համակարգի շրջանակներում հատուցման գումարների վճարումը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից 5 տարվա ընթացքում հիմնադրամի պատշաճ գործունեությունն ապահովվում է Կենտրոնական բանկի աշխատակիցների միջոցով՝ հասարակական հիմունքներով: Սույն մասում նշված ժամկետում հիմնադրամը չի կարող կատարել սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում եւ 22-րդ հոդվածի 3-րդ մասում նշված ծախսերը, բացառությամբ հիմնադրամի միջոցների կառավարումն արտաքին մասնագիտացված կառավարչին հանձնելու հետ կապված ծախսերի: Սույն մասի դրույթները չեն տարածվում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների վրա, որոնք նշանակվում են սույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված կարգով:

3. Սույն օրենք ուժի մեջ մտնելու պահից մինչեւ սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետի ավարտը հիմնադրամի պատշաճ գործունեության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքներն իրականացվում են կենտրոնական բանկի աշխատակիցների միջոցով՝ հասարակական հիմունքներով:

Հոդված 32. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող տասներորդ օրվանից: