Armenian ARMSCII Armenian
Կ-7838-30.11.2009,08.06.2010-ՍՀ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ


ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Սույն օրենքի նպատակը Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային գործունեության ընթացքում կուտակային կենսաթոշակային վճար կատարած անձանց կենսաթոշակային տարիքում պետական կենսաթոշակից զատ կենսաթոշակային եկամուտների ստացման հնարավորության ստեղծումն է` ապահովելով կատարված կենսաթոշակային վճարների եւ ստացվող կենսաթոշակի չափի միջեւ ուղղակի կապը, ինչպես նաեւ հնարավորություն ընձեռելով վճար կատարողին ազդելու կուտակային կենսաթոշակների չափի վրա` սույն օրենքով սահմանված կարգով ընտրելով իր կուտակած միջոցները կառավարող անձին եւ այդ միջոցների կառավարման քաղաքականությունը:

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի եւ կամավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի (այսուհետ` կուտակային բաղադրիչ) կառուցվածքը, կուտակային բաղադրիչի կառավարման գործընթացը եւ դրա կառավարմանը ներգրավված պետական մարմինների լիազորությունները, ինչպես նաեւ մասնակիցների ռեեստրը վարողի, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների, կենսաթոշակային ֆոնդի պահառուի, հաշվի օպերատորների գործառույթները, պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչին պարտադիր եւ կամավորության սկզբունքով միանալու իրավունք ունեցող ֆիզիկական անձանց շրջանակը, կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքները եւ պարտականությունները, կենսաթոշակային կուտակային հաշիվների վարումը եւ կուտակային կենսաթոշակային ակտիվների ներդրումը, կուտակային կենսաթոշակների տեսակները եւ դրանց վճարումը, մասնակիցների կողմից կատարված պարտադիր կուտակային վճարների վերադարձելիության երաշխավորման կառուցակարգերը, պատասխանատվությունը սույն օրենքի, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի եւ այլ իրավական ակտերի պահանջների խախտման համար, ինչպես նաեւ կարգավորում է կուտակային կենսաթոշակների հետ կապված այլ հարաբերություններ:

Հոդված  2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Uույն oրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական  հասկացությունները`

1) անձնավորված հաշվառում՝ ըստ «Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

2) անհատ ձեռնարկատեր՝ ըստ «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

3) անուիտետ` ըստ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

4) ապահովագրական ընկերություն՝ ըստ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

5) բազային եկամուտ` աշխատավարձ ու դրան հավասարեցված այլ վճարումներ, աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց քաղաքացիաիրավական պայմանագրերից եւ ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտ, որը, «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, համարվում է հարկվող եկամուտ.

6) երաշխիքային ֆոնդ` սույն օրենքի համաձայն` ստեղծված պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների` ճշգրտված տարեկան գնաճով վերադարձելիությունը երաշխավորող ֆոնդ, որի տնօրինման եւ կառավարման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

7) ինքնազբաղված անձ՝ օրենքով չարգելված որեւէ գործունեությունից պարբերական եկամուտ ստացող ֆիզիկական անձ, այդ թվում` գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր, «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով արտոնագրային վճար վճարող, քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատանքներ կատարող եւ ծառայություններ մատուցող.

8) ծրագրային վճար՝ մասնակցի կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման հաշվին ամսական կտրվածքով սահմանված կարգով մասնակցին տրամադրվող գումար.

9) կամավոր կուտակային կենսաթոշակ՝ կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմայով վճարվող լրացուցիչ կենսաթոշակ.

10) կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմա՝ կամավոր կուտակային կենսաթոշակ տրամադրելու նպատակով կենսաթոշակային ֆոնդի (կենսաթոշակային ֆոնդի կառավարչի), ապահովագրական ընկերության կամ բանկի կողմից սույն օրենքի պահանջներին համապատասխան սահմանված պայմանների եւ ընթացակարգերի ամբողջություն, որը ներառում է կուտակային վճարների կատարման կարգը, ժամկետը, ինչպես նաեւ կամավոր կուտակային կենսաթոշակների հաշվարկման ու վճարման պայմանները, ժամկետը եւ կարգը.

11) կամուրջ հաշիվ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնում բացված հատուկ գանձապետական հաշիվ, որին մուտքագրվում են պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակցի կողմից կատարվող կուտակային վճարները` հետագայում մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցելու նպատակով.

12) կենսաթոշակային գաղտնիք՝ պարտադիր կամ կամավոր կուտակային բաղադրիչին մասնակցության հետ կապված գործատուին, պետական լիազոր մարմիններին, Կենտրոնական բանկին, մասնակիցների ռեեստրը վարողին, հաշվի օպերատորին, կենսաթոշակային ֆոնդի կառավարչին կամ պահառուին մասնակցի կենսաթոշակային հաշվի, մասնակցի համար (օգտին) կատարված կուտակային վճարների վերաբերյալ հայտնի դարձած որեւէ տեղեկությունը, մասնակցի առեւտրային, ապահովագրական, բանկային կամ ծառայողական գաղտնիքը, ինչպես նաեւ մասնակցի վերաբերյալ ցանկացած այլ տեղեկություն, որը մասնակիցը մտադիր է եղել գաղտնի պահել, եւ գործատուն, պետական լիազոր մարմինները, Կենտրոնական բանկը, մասնակիցների ռեեստրը վարողը, հաշվի օպերատորը, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը կամ պահառուն տեղյակ են եղել կամ պարտավոր էին տեղյակ լինել այդ մասին.

13) կենսաթոշակային (կուտակային) հաշիվ՝ մասնակիցների ռեեստրը վարողի (պարտադիր կուտակային բաղադրիչ) կամ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի (կամավոր կուտակային բաղադրիչ) մոտ բացված անհատական հաշիվ, որտեղ հաշվառվում են մասնակցին պատկանող կենսաթոշակային ֆոնդերի փայերը: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի մասնակցի կենսաթոշակային հաշիվը պարունակում է տեղեկություններ կենսաթոշակային ֆոնդի մասնակցին պատկանող պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի քանակի, այդ փայերի հաշվարկային արժեքի, տվյալ մասնակցի համար (օգտին) կատարված կուտակային վճարների վերաբերյալ.

14) կենսաթոշակային տարիք՝ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիք.

15) կենսաթոշակային ֆոնդ՝ ըստ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

16) կենսաթոշակային ֆոնդի ակտիվներ՝ մասնակիցների օգտին (համար) վճարված կուտակային վճարների, դրանց հաշվին ձեռք բերված ակտիվների եւ դրանց կառավարման արդյունքում ստացված եկամուտների հանրագումար.

17) կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ՝ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` կենսաթոշակային ֆոնդի կառավարման իրավունք ունեցող իրավաբանական անձ.

18) Կենտրոնական բանկ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ.

19) «Կուտակային կենսաթոշակային ավանդներ» սխեմա՝ կամավոր կուտակային կենսաթոշակ տրամադրելու նպատակով բանկերի կողմից առաջարկվող կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմա, որի դեպքում մասնակիցների համար բացված ավանդային հաշվում վճարները կատարվում են  կուտակային կենսաթոշակի պայմանագրի համաձայն, ավանդադրված միջոցները բանկը կառավարում է իր ռիսկով եւ մասնակցի կենսաթոշակային տարիքի հասնելուց հետո ավանդի մայր գումարի եւ կուտակված տոկոսների հաշվին վճարում է պարբերական կամ միանվագ վճարների տեսքով կենսաթոշակներ.

20) կուտակային վճար՝ սույն օրենքով սահմանված կանոնների համաձայն` պարտադիր կամ կամավոր կուտակային կենսաթոշակ ստանալու նպատակով մասնակցի եւ(կամ) այլ անձի (այդ թվում` պետության) կողմից մասնակցի համար (օգտին) կատարվող վճար.

21) հաշվի օպերատոր` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կազմակերպություն, որը միջնորդավորում է մասնակիցների ռեեստրը վարողի կողմից մասնակիցներին մատուցվող ծառայությունները.

22) հիմնական կենսաթոշակ` ըստ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

23) մասնակից՝ ֆիզիկական անձ, որը սույն օրենքով սահմանված կարգով պարտադիր կամ կամավոր միացել է կուտակային բաղադրիչին եւ կուտակային կենսաթոշակ ստանալու նպատակով ձեռք է բերում (ձեռք է բերել) կենսաթոշակային ֆոնդի փայեր, կնքել է պայմանագիր ապահովագրական ընկերության հետ կամ կնքել է կուտակային կենսաթոշակային ավանդի պայմանագիր առեւտրային բանկի հետ կամ ստանում է սույն օրենքով սահմանված պարտադիր կամ կամավոր կենսաթոշակ.

24) մասնակիցների ռեեստր` մասնակիցների եւ նրանց պատկանող պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերի վերաբերյալ տվյալների միասնական համակարգ: Մասնակիցների ռեեստրում առկա ամբողջ տեղեկատվությունը հանդիսանում է պետության սեփականությունը.

25) մասնակիցների ռեեստրը վարող՝ իրավաբանական անձ, որը Հայաստանի Հանրապետության կառավարության հետ կնքված պայմանագրի հիման վրա վարում է մասնակիցների ռեեստրը, ինչպես նաեւ իրականացնում է սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության հետ կնքված պայմանագրով նախատեսված այլ գործառույթներ.

26) նոտար՝ ըստ «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

27) պահառու՝ ըստ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի կենսաթոշակային ֆոնդի ակտիվների պահառություն իրականացնող անձ.

28) պարտադիր կուտակային կենսաթոշակ՝ պարտադիր կուտակային բաղադրիչի շրջանակներում մասնակցին սույն օրենքով սահմանված կանոնների համաձայն վճարվող կենսաթոշակ.

29) «Սահմանված կենսաթոշակներ» սխեմա` կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմա, որի դեպքում ապահովագրական ընկերությունը խոստանում է մասնակցին հստակ չափով կենսաթոշակ, կուտակային վճարները կախված են ապահովագրական ընկերության հետ կնքված պայմանագրից եւ կարող են լինել ոչ կանոնավոր, իսկ կենսաթոշակի չափը կախված չէ կատարված կուտակային վճարների չափից եւ այդ վճարների ներդրումների եկամտաբերությունից.

30) «Սահմանված կենսաթոշակային վճար» սխեմա` կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմա, որի դեպքում մասնակիցների համար կատարված կուտակային վճարները հաշվարկվում են իրենց բազային եկամտի որոշակի տոկոսի չափով կամ որեւէ այլ կանոնավոր հիմքով, իսկ կենսաթոշակի չափը կախված է կատարված կուտակային վճարներից եւ այդ վճարների ներդրումից ստացված եկամուտների չափից.

31) սոցիալական քարտ՝ «Սոցիալական ապահովության քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված քարտ.

32) փոխկապակցված անձինք՝ ըuտ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի:

Սույն օրենքում օգտագործվող այլ հասկացությունները կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Ներդրումային ֆոնդերի մասին» եւ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված իմաստով, եթե սույն օրենքի դրույթներից չի բխում դրանց օգտագործման այլ իմաստ:

Հոդված 3. Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչը   կարգավորող օրենսդրությունը

1. Հայաuտանի Հանրապետության կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչը կարգավորվում է Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությամբ, Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, uույն oրենքով, սույն օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով, այլ oրենքներով եւ իրավական ակտերով: Այլ օրենքների դրույթները տարածվում են սույն օրենքով կարգավորվող հարաբերությունների վրա այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին:

Հոդված 4. Կուտակային կենսաթոշակների ֆինանսավորման աղբյուրները

1. Կուտակային կենսաթոշակները ֆինանսավորվում են մասնակիցների համար (օգտին) կատարված կուտակային վճարների եւ դրանց ներդրումից uտացված եկամուտների հաշվին:

ԳԼՈՒԽ 2

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉՈՒՄ: ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Հոդված 5. Պարտադիր կուտակային բաղադրիչի պարտադիր մասնակիցները

1. Պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակցում են 1974 թվականի հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված`

ա) վարձու աշխատողները եւ հանրային ծառայության մեջ գտնվող անձինք, բացառությամբ զինվորական ծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց,

բ) նոտարները,

գ)  անհատ ձեռնարկատերերը:

2. Սույն հոդվածի 1-ին մասը տարածվում է նաեւ 1974 թվականի հունվարի1-ին եւ դրանից հետո ծնված այն օտարերկրացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց վրա, ովքեր Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում են բազային եկամուտ:

Հոդված 6. Պարտադիր կուտակային բաղադրիչի կամավոր մասնակիցները

1. Պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր կարգով կարող են մասնակցել՝

1)  մինչեւ 1974 թվականը ծնված՝

ա) վարձու աշխատողները եւ հանրային ծառայության մեջ գտնվող անձինք, բացառությամբ զինվորական ծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց,

բ) նոտարները,

գ) անհատ ձեռնարկատերերը.

2) ինքնազբաղված անձինք՝ անկախ տարիքից:

Սույն մասի 1-ին եւ 2-րդ կետերը տարածվում են նաեւ մինչեւ 1974 թվականը ծնված օտարերկրացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց վրա, ովքեր Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում են բազային եկամուտ:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց՝ պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միանալու որոշումը վերջնական է: Նրանք այլեւս իրավունք չունեն փոխելու պարտադիր կուտակային բաղադրիչին միանալու մասին իրենց որոշումը եւ վերադառնալու նախկին համակարգ՝ անկախ աշխատանքի փոփոխության կամ աշխատանքից ազատվելու փաստից:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միանալու որոշում ընդունելու դեպքում պարտավոր են մասնակիցների ռեեստրը վարողի ինտերնետային կայքէջի կամ հաշվի օպերատորի միջոցով մասնակիցների ռեեստրը վարողի մոտ բացել կենսաթոշակային հաշիվ` սույն օրենքի 38-րդ հոդվածով սահմանված դիմում ներկայացնելու միջոցով: Այն կազմակերպությունում, որի միջոցով սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք բացել են կենսաթոշակային հաշիվ, մասնակցին պարտավոր են տրամադրել հավաստում կենսաթոշակային հաշիվ բացած լինելու վերաբերյալ, որից հետո նշված անձինք համարվում են պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչին միանալու որոշումը կայացրած: Կամավոր կերպով պարտադիր կուտակային բաղադրիչին միացած անձը վերը նշված հավաստումը պարտավոր է տրամադրել իր գործատուին (հարկային գործակալին), որը դրա հիման վրա կիրականացնի սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված գործողությունները: Գործատուն (հարկային գործակալը) կամավոր կերպով պարտադիր կուտակային բաղադրիչին միացած անձի կողմից կենսաթոշակային հաշիվ բացելուն հաջորդող ամսվա բազային եկամտից հաշվարկում եւ վճարում է կուտակային վճար:

Գործատուի փոփոխման դեպքում նոր գործատուին պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից լինելու մասին չհայտնելու դեպքում անձի` պարտադիր կուտակային բաղադրիչին մասնակից լինելու փաստը հայտնի դառնալուց հետո հետագա բազային եկամտից գործատուն ամբողջությամբ փոխանցում է անձի` նախորդ ժամանակահատվածում վճարման ենթակա, բայց չվճարված պարտադիր կուտակային վճարները:

Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» եւ «գ» ենթակետերում, ինչպես նաեւ  2-րդ կետում նշված անձինք, որոնք կամավոր միացել են պարտադիր կուտակային բաղադրիչին, ինքնուրույնաբար կատարում են պարտադիր կուտակային վճարներ:

Հոդված 7. Պարտադիր կուտակային վճարի դրույքաչափերը

1. Սույն օրենքի 5-րդ հոդվածում նշված մասնակիցների համար կուտակային վճարները կատարվում են բազային եկամտի 10% դրույքաչափով հետեւյալ կերպ.

1) մասնակից հանդիսացող վարձու աշխատողը, օտարերկրացին ու քաղաքացիություն չունեցող անձը, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում է բազային եկամուտ, եւ որի բազային եկամուտը ամսական կտրվածքով չի գերազանցում 500000 դրամը, պարտավոր է կատարել ամսական կուտակային վճար իր բազային եկամտի 5%-ի չափով, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած 5%-ը մասնակցի համար (օգտին)  վճարվում է պետական բյուջեից.

2) մասնակից հանդիսացող վարձու աշխատողի, օտարերկրացու ու քաղաքացիություն չունեցող անձի (որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում է բազային եկամուտ, եւ որի բազային եկամուտը ամսական կտրվածքով գերազանցում է 500000 դրամը) համար (օգտին) պետական բյուջեից մասնակցի համար (օգտին) կատարվող ամսական վճարը կազմում է 25000 դրամ, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած գումարը ամսական վճարվում է մասնակցի կողմից.

3) անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող մասնակիցը, որի բազային եկամուտը տարեկան կտրվածքով չի գերազանցում 6000000 դրամը, պարտավոր է տարեկան կատարել կուտակային վճար իր բազային եկամտի 5%-ի չափով, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած 5%-ը մասնակցի համար (օգտին) վճարվում է պետական բյուջեից.

4) անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող մասնակցի (որի բազային եկամուտը տարեկան կտրվածքով գերազանցում է 6000000 դրամը) համար (օգտին) պետական բյուջեից կատարվող տարեկան վճարը կազմում է 300000 դրամ, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած գումարը տարեկան վճարվում է մասնակցի կողմից:

2. Սույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միացած մասնակիցը կուտակային վճարներ է կատարում բազային եկամտի 5%-ի չափով: Նրա համար (օգտին) պետական բյուջեից հավելյալ վճար չի կատարվում:

Եթե 1974 թվականից հետո ծնված եւ պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միացած ինքնազբաղված անձինք մինչեւ իրենց 40 տարեկանը լրանալն անցնում են աշխատանքի որպես վարձու աշխատող, նոտար կամ անհատ ձեռնարկատեր, ապա նրանց վարձու աշխատանքից կամ որպես նոտար կամ անհատ ձեռնարկատեր աշխատելուց ստացված բազային եկամտի հանդեպ կիրառվում է սույն հոդվածի 1-ին մասը, իսկ ինքնազբաղվածությունից առաջացած եկամտի հանդեպ կիրառվում է սույն մասի առաջին պարբերությունը: Եթե վարձու աշխատողը, նոտարը կամ անհատ ձեռնարկատերը դառնում է ինքնազբաղված անձ եւ հանդիսանում է պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից, ապա նրա վրա սույն հոդվածի 1-ին մասի փոխարեն տարածվում է սույն մասի առաջին պարբերությունը:

3. Մասնակցի` սույն օրենքով սահմանված բազային եկամուտ մի քանի աղբյուրներից միաժամանակ ստանալու դեպքում կուտակային վճարները կատարելու պարտավորությունը եւ կուտակային վճարի դրույքաչափը կիրառվում են յուրաքանչյուր առանձին դեպքում` սույն օրենքով սահմանված կարգով: Ընդ որում, սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված եւ մի քանի աղբյուրներից միաժամանակ բազային եկամուտ ստացող մասնակիցների համար (օգտին) պետության կողմից կատարվող ընդհանուր վճարները չեն կարող գերազանցել սույն հոդվածի 1-ին մասով պետության վճարների համար սահմանված չափերը:  Մի քանի աղբյուրներից միաժամանակ բազային եկամուտ ստացող մասնակիցը պարտավոր է յուրաքանչյուր օրացուցային տարվա ավարտից հետո` մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 15-ը, լրավճարել իր համար կենսաթոշակային վճար` իր տարեկան բազային եկամտի 10 տոկոսի եւ պետության կատարած համապատասխան վճարների տարբերության չափով:

4. Կուտակային վճար կատարելու պարտականությունը պահպանվում է մինչեւ կենսաթոշակային տարիքի լրանալը: Եթե կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո մասնակիցը շարունակում է աշխատել, ապա նա ազատվում է պարտադիր կուտակային վճար կատարելու պարտականությունից, սակայն նա իր կամքով կարող է շարունակել մասնակցել պարտադիր կուտակային բաղադրիչին: Մասնակցի կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո մասնակցի համար (օգտին) պետական բյուջեից կուտակային վճարումներ չեն կատարվում: Մասնակցի կողմից պարտադիր կուտակային վճարները պետք է կատարվեն, քանի դեռ մասնակիցների ռեեստրը վարողը մասնակցից չի ստացել կուտակային կենսաթոշակ ստանալու վերաբերյալ դիմում: Մասնակիցների ռեեստրը վարողը մասնակցի կուտակային կենսաթոշակ ստանալու մասին տեղեկացնում է պարտադիր կուտակային վճարները հավաքագրող եւ անձնավորված հաշվառում իրականացնող լիազորված մարմնին (այսուհետ` հարկային մարմին):

Հոդված 8. Պարտադիր կուտակային վճարներ կատարելը

1. Իրենց աշխատողների համար (անունից) կուտակային վճարները հաշվարկելու եւ փոխանցելու պարտականությունը կրում են գործատուները` որպես հարկային գործակալ:

Գործատուները հարկային գործակալ են համարվում նաեւ սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետի եւ 1-ին մասի երկրորդ պարբերության համաձայն` պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միացած անձանց համար, ինչպես նաեւ 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում ներառված` քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատանքներ կատարողների եւ ծառայություններ մատուցողների համար:

2. Գործատուները պարտավոր են հարկային մարմնից ճշտել` արդյոք իրենց աշխատողները համարվում են պարտադիր կուտակային վճար կատարելու պարտավորություն ունեցող անձինք, եւ այդ անձանց բազային եկամտից հաշվարկել, պահել եւ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում կատարել կուտակային վճար՝ սույն օրենքով սահմանված դրույքաչափով:

Գործատուները պարտավոր են նաեւ սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետի, 2-րդ կետի եւ 1-ին մասի երկրորդ պարբերության համաձայն` պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միացած մասնակիցների բազային եկամտից հաշվարկել, պահել եւ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում յուրաքանչյուր ամիս կատարել կուտակային վճար՝ սույն օրենքով սահմանված դրույքաչափով:

Սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասում նշված անձի պարտադիր կուտակային բաղադրիչին միանալու մասին որոշման կայացված լինելու փաստը գործատուի եւ հարկային մարմնի միջեւ ճշտվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Գործատուները «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում հարկային մարմին են ներկայացնում անձնավորված էլեկտրոնային հաշվետվություն, որը պետք է պարունակի առնվազն հետեւյալ տեղեկությունները.

ա) մասնակցի, այդ թվում` քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատանքներ կատարողների եւ ծառայություններ մատուցողների, անունը եւ ազգանունը, անձնագրի սերիան եւ համարը,

բ) սոցիալական ապահովության քարտի համարը կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը,

գ) մասնակցի բազային եկամտի չափը,

դ) մասնակցի կուտակային վճարի չափը,

ե) գործատուի հարկ վճարողի հաշվառման համարը:

4. Նոտարները, անհատ ձեռնարկատերերը եւ ինքնազբաղված անձինք, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունում ներառված` քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատանքներ կատարողների եւ ծառայություններ մատուցողների, պարտավոր են ինքնուրույն հաշվարկել եւ կատարել պարտադիր կուտակային վճարներ տարեկան կտրվածքով՝ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եկամտային հարկի վճարման համար սահմանված ժամկետներում:

Վարձու աշխատողները, քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողները (ծառայություններ մատուցողները), օտարերկրացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում են բազային եկամուտ, եւ որոնք միացած են (կամ պարտավոր էին միանալ) պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչին, եւ որոնց գործատուները օրենքով կամ միջազգային պայմանագրերով ազատված են հարկային գործակալ լինելու պարտավորությունից, պարտավոր են յուրաքանչյուր ամիս ինքնուրույնաբար հաշվարկել եւ վճարել պարտադիր կուտակային վճարները` սույն օրենքով գործատուների համար սահմանված կանոններով:

5. Նոտարները, անհատ ձեռնարկատերերը, սույն հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությունում նշված անձինք եւ ինքնազբաղված անձինք, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունում ներառված` քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատանքներ կատարողների եւ ծառայություններ մատուցողների, «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում հարկային մարմին են ներկայացնում էլեկտրոնային հաշվետվություն, որը պետք է պարունակի առնվազն հետեւյալ տեղեկությունները.

ա) նոտարի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ինքնազբաղված անձի անունը եւ ազգանունը, անձնագրի սերիան եւ համարը,

բ) սոցիալական ապահովության քարտի համարը կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը,

գ) նոտարի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ինքնազբաղված անձի բազային եկամտի չափը,

դ) նոտարի, անհատ ձեռնարկատիրոջ, ինքնազբաղված անձի պարտադիր կուտակային վճարի չափը,

ե) նոտարի, անհատ ձեռնարկատիրոջ եւ ինքնազբաղված անձի (ունենալու դեպքում) հարկ վճարողի հաշվառման համարը:

6. Հարկային մարմնի նորմատիվ իրավական ակտով սահմանվում է հաշվետվության ձեւը, որում կարող են նախատեսվել նաեւ այլ տեղեկություններ, որոնք պետք է ներառվեն հաշվետվությունում:

Հոդված 9. Մասնակիցների ռեեստրը վարողին անձնավորված տեղեկատվությունը եւ պարտադիր կուտակային վճարները փոխանցելը

1. Հարկային մարմինը պարտադիր կուտակային վճարների վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնելու սահմանված ժամկետից կամ փաստացի ստանալու օրվանից հետո` 10-օրյա ժամկետում, մշակում է դրանք: Այն անձանց համար, որոնց վերաբերյալ տեղեկություններում չկան սխալներ եւ կամուրջ հաշվին մուտքագրվել են հաշվետվության մեջ նշված կուտակային վճարները, հարկային մարմինը վճարման հանձնարարականներ է ուղարկում գանձապետարան՝ կամուրջ հաշվին մուտքագրված գումարներից եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համապատասխան գումարները մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցելու համար:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հանձնարարականի ուղարկման օրը հարկային մարմինը պարտադիր կուտակային վճարների մասին անհատական տեղեկատվությունը ներկայացնում է մասնակիցների ռեեստրը վարողին:

3. Հարկային մարմնի կողմից մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացվող տեղեկատվությունը պարունակում է մասնակիցների մասին հետեւյալ տեղեկությունները՝

ա) մասնակցի անունը եւ ազգանունը, անձնագրի սերիան եւ համարը,

բ) մասնակցի սոցիալական քարտի համարը կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը,

գ) մասնակցի կուտակային վճարի չափը,

դ) պետական բյուջեից վճարման ենթակա գումարի չափը,

ե) գործատուի, ինչպես նաեւ նոտարի եւ անհատ ձեռնարկատիրոջ հարկ վճարողի հաշվառման համարը,

զ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ տեղեկություններ:

4. Կուտակային վճարները եւ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկատվությունը փոխանցելու հետ կապված սխալները շտկելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Մասնակիցների ռեեստրը վարողի հաշվին մասնակիցների ավել փոխանցված կուտակային վճարները չեն վերադարձվում մասնակիցներին, այլ հաշվի են առնվում հետագա կուտակային վճարները հաշվարկելիս եւ վճարելիս, բացառությամբ հարցը ըստ էության լուծող դատական ակտի եւ ստուգման ակտի արդյունքում կատարված ճշտումների հիման վրա:

Հոդված 10. Կենսաթոշակային հաշվի բացումը

1. Մասնակիցների ռեեստրը վարողը անձի համար կենսաթոշակային հաշիվ բացում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվության կամ անձի կողմից սույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումի հիման վրա:

Մասնակիցների ռեեստրը վարողը սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված անձանց համար բացում է կենսաթոշակային հաշիվ հարկային մարմնից սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվությունը ստանալուց անմիջապես հետո, եթե տվյալ անձի համար կենսաթոշակային հաշիվ արդեն իսկ բացված չի եղել: Սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված անձանց համար մասնակիցների ռեեստրը վարողը բացում է կենսաթոշակային հաշիվ` անձի կողմից սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ներկայացված կենսաթոշակային հաշիվ բացելու դիմումի հիման վրա:

2. Եթե անձը չի ներկայացրել սույն օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված դիմումը, ապա տվյալ անձի համար կենսաթոշակային հաշիվ բացելուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, մասնակիցների ռեեստրը վարողը գրավոր (թղթային) տեղեկացնում է տվյալ անձին կենսաթոշակային հաշիվ բացելու եւ այն փաստի մասին, որ եթե կենսաթոշակային հաշիվ բացելուց հետո մասնակցի կողմից 30-օրյա ժամկետում մասնակիցների ռեեստրը վարողին սույն օրենքի 38-րդ հոդվածով սահմանված կարգով կենսաթոշակային ֆոնդի կառավարչի եւ կենսաթոշակային ֆոնդ ընտրելու վերաբերյալ դիմում չներկայացվի, ապա անձի փոխարեն ընտրությունը կկատարվի սույն օրենքի 39-րդ հոդվածով սահմանված կարգով ծրագրային մոդուլի միջոցով` պատահականության սկզբունքով, որից հետո մասնակցի հետագա վճարումները կուղղվեն ընտրված կենսաթոշակային ֆոնդին:

3. Մասնակիցների ռեեստրը վարողը կենսաթոշակային հաշիվը վարում է մինչեւ մասնակցի մահանալը, իսկ մասնակցի մահանալու պահին նրա կենսաթոշակային հաշվում փայերի առկայության դեպքում` մինչեւ փայերի ժառանգումը կամ ժառանգման ժամկետի ավարտը:

4. Մասնակիցների ռեեստրը վարողի փոփոխության կամ նրա գործունեության դադարեցման դեպքում մասնակիցների ռեեստրը փոխանցվում է մասնակիցների ռեեստր վարող այլ անձի կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանը: Մասնակիցների ռեեստրի փոխանցման կարգը, ձեւը եւ ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Եթե մասնակիցը սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված այլընտրանքներից ընտրել է հաշվի օպերատորի միջոցով գործարքների իրականացման ճանապարհը, ապա հաշվի օպերատորը սույն օրենքով եւ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով միջնորդավորում է մասնակիցների ռեեստր վարողի կողմից մասնակիցներին մատուցվող ծառայությունները, այդ թվում`

1)  կենսաթոշակային հաշիվ բացելը,

2) մասնակցի անձնական տվյալներում փոփոխություն կատարելը,

3) մասնակցի կողմից ֆոնդի ընտրությունը եւ (կամ) փոփոխությունը, կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակումը, այլ փաստաթղթերի կամ տեղեկությունների ընդունումը եւ մասնակիցների ռեեստրը վարողին դրանց փոխանցումը,

4) մասնակցի կենսաթոշակային հաշվի վերաբերյալ մասնակիցների ռեեստրը վարողից տեղեկատվության ստացումը եւ փոխանցումը մասնակցին:

6. Հաշվի օպերատորը պետք է ապահովի իր գործառույթների կատարման ընթացքում մասնակիցների, նրանց կատարած ընտրության եւ այլնի մասին իրեն հայտնի դարձած տեղեկատվության գաղտնիությունը:

Հաշվի օպերատոր չի կարող լինել կենսաթոշակային ֆոնդի կառավարչի եւ (կամ) պահառուի հետ փոխկապակցված անձը:

Հաշվի օպերատորին եւ նրա աշխատակիցներին արգելվում է գովազդել որեւէ կենսաթոշակային ֆոնդ կամ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, խորհուրդ տալ կամ որեւէ այլ կերպ ուղղորդել իրենց դիմող անձանց ընտրելու որեւէ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կամ կենսաթոշակային ֆոնդ:

Հոդված 11. Պարտադիր կուտակային վճարների հաշվին կենսաթոշակային ֆոնդի փայերի ձեռքբերումը

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմինը հարկային մարմնի` սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանձնարարականում նշված չափով պարտադիր կուտակային վճարները եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համապատասխան գումարները փոխանցում է մասնակիցների ռեեստրը վարողի` Կենտրոնական բանկում բացված հաշվին:

2. Մասնակիցների ռեեստրը վարողը հարկային մարմնի տրամադրած` սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվությունը համադրում է իր մոտ բացված կենսաթոշակային հաշիվների եւ Հայաստանի Հանրապետության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնից ստացված միջոցների հետ, որից անմիջապես հետո, սակայն ոչ ուշ, քան սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գումարը ստանալուց հետո` 1 աշխատանքային օրվա ընթացքում`

1) յուրաքանչյուր անձի համար (օգտին) կատարված կուտակային վճարի դիմաց տվյալ անձի կենսաթոշակային հաշվին է փոխանցում մասնակցի ընտրած պարտադիր կենսաթոշակային ֆոնդի` կուտակային վճարին համարժեք քանակով փայեր` հիմք ընդունելով տվյալ ֆոնդի փայի տեղաբաշխման գինը: Կենսաթոշակային ֆոնդի փայերի թողարկումը կազմակերպում է մասնակիցների ռեեստրը վարողը սույն օրենքի, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի, կենսաթոշակային ֆոնդի կանոնների եւ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի եւ պահառուի հետ կնքված պայմանագրի  համաձայն,

2) սույն մասի 1-ին կետի համաձայն` մասնակիցների կենսաթոշակային հաշիվներին փոխանցված փայերի տեղաբաշխման գնին համարժեք գումարը փոխանցում է համապատասխան կենսաթոշակային ֆոնդի պահառուի նշած հաշվին,

3) յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդի կառավարչին ներկայացնում է տեղեկատվություն` սույն մասի 1-ին կետի համաձայն կենսաթոշակային հաշիվներին փոխանցված համապատասխան կենսաթոշակային ֆոնդի փայերի քանակի եւ սույն մասի 2-րդ կետի համաձայն փոխանցված գումարի վերաբերյալ՝ առանց բացահայտելու ընտրություն կատարած մասնակիցներին:

3. Կենսաթոշակային ֆոնդի կանոններով չեն կարող սահմանվել յուրաքանչյուր մասնակցի կողմից ձեռք բերվող պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի քանակի կամ դրա դիմաց վճարվող գումարի սահմանափակումներ:

4. Մասնակիցների ռեեստրը վարողը կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներին տրամադրում է տեղեկատվություն մասնակիցների կուտակային վճարների ընդհանուր գումարի մասին: Տեղեկատվությունը տրամադրվում է կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներին՝ առանց որեւէ նույնականացվող տեղեկության, այսինքն՝ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները չեն տիրապետում որեւէ տեղեկատվության, որը նրանց հնարավորություն կտա նույնականացնելու կոնկրետ մարդուն: Մասնակիցների ռեեստրը վարողը կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներին կարող է տրամադրել առավելագույնը սույն օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ մասում նշված տեղեկատվությունը:

5. Կենսաթոշակային ֆոնդի փայի սկզբնական անվանական արժեքը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

6. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել կենսաթոշակային ֆոնդերի փայերի թողարկման ընթացակարգի նկատմամբ պահանջներ:

Հոդված 12. Կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելը

1. Մասնակիցների ռեեստրը վարողը տարին մեկ անգամ, անվճար, ոչ ուշ, քան մինչեւ ապրիլի 15-ը տեղեկատվություն է տրամադրում մասնակցին նրա կենսաթոշակային հաշվում արտացոլված նախորդ օրացուցային տարվա տվյալների մաuին:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունը առաջին անգամ մասնակցին ներկայացվում է թղթային: Երկրորդ եւ հետագա անգամները սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունը մասնակցին ներկայացվում է ըստ նրա ընտրության` թղթային կամ էլեկտրոնային տարբերակով: Եթե մասնակիցը չի կատարում ընտրություն սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունը երկրորդ եւ հետագա անգամները թղթային կամ էլեկտրոնային ստանալու վերաբերյալ, ապա մասնակցին երկրորդ եւ հետագա անգամները սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունը չի տրամադրվում:

Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունը մասնակիցների ռեեստրը վարողը թղթային տարբերակով ուղարկում է սույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումում նշված հասցեով: Այն մասնակիցներին, ովքեր մասնակիցների ռեեստրը վարողին չեն ներկայացրել նախընտրելի հասցե, սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունը թղթային տարբերակով մասնակիցների ռեեստրը վարողը ուղարկում է բնակչության պետական ռեգիստրում նշված հասցեով: Մասնակիցը կարող է իր ցանկությամբ դադարեցնել տեղեկատվության ստացումը:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկատվությունը ներկայացնելու ձեւը, բովանդակությունը եւ կարգը, ինչպես նաեւ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվության ստացման տարբերակների ընտրության, տեղեկատվության ստացման դադարեցման ու տեղեկատվության ստացման վերականգնման կարգը, ձեւը եւ բովանդակությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Մասնակիցների ռեեստրը վարողը մասնակցին նրա կենսաթոշակային հաշվի վերաբերյալ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկատվությունը տարեկան 1 անգամից ավելի թղթային տարբերակով տրամադրելու, ինչպես նաեւ այլ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու համար կարող է մասնակցից գանձել վճար, որի չափը չի կարող գերազանցել դրա պատրաստման եւ տրամադրման համար կատարված ծախսերը` գումարած ռեեստրը վարողի ողջամիտ շահույթը:

5. Մասնակիցների ռեեստր վարողը օրական թարմացված տեղեկատվություն է տեղադրում իր ինտերնետային կայքում` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանած բովանդակությամբ եւ կարգով:

Մասնակիցների ռեեստրը վարողը պետք է ապահովի յուրաքանչյուր մասնակցի հնարավորությունը մասնակիցների ռեեստր վարողի ինտերնետային կայքի միջոցով անվճար մուտք ունենալու իր անհատական կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկատվությանը: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են սահմանվել այդպիսի մուտքի ապահովմանը ներկայացվող այնպիսի պահանջներ, որոնք հնարավոր է ապահովել տվյալ պահին Հայաստանի Հանրապետությունում կիրառվող` անձը նույնականացնող եւ տեղեկատվության գաղտնիությունը ապահովող ծրագրային եւ տեխնիկական միջոցների օգտագործմամբ:

Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են պահանջներ սահմանվել մասնակիցների ռեեստրը վարող անձի կողմից հրապարարակման այլ միջոցներով հրապարակվող տեղեկությունների կազմի եւ հրապարակման ձեւի նկատմամբ:

Հոդված 13. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի կարգավիճակը եւ դրանց սահմանափակումները

1. Մասնակցի կենսաթոշակային հաշվում հաշվառված կենսաթոշակային ֆոնդերի փայերը համարվում են մասնակցի անձնական սեփականությունը:

Ամուսինների կենսաթոշակային ֆոնդերի փայերը համարվում են նրանցից յուրաքանչյուրի անձնական սեփականությունը:

2. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի նկատմամբ մասնակցի տնօրինման իրավունքը սահմանափակվում է մինչեւ մասնակցի՝

1) կենսաթոշակային տարիքը լրանալը.

2) օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչելը.

3) առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի տված եզրակացության հիման վրա մասնակցի ծայրահեղ ծանր վիճակում գտնվելու եւ կենսական կարեւոր օրգանների անբուժելի ախտահարումներով հիվանդ լինելը.

4) մշտական բնակության նպատակով արտասահման մեկնելը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը:

3. Կենսաթոշակային ֆոնդի փայը մասնակցի կողմից չի կարող՝

1) գրավադրվել.

2) ներդրվել իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում.

3) նվիրաբերվել կամ օտարվել որեւէ այլ եղանակով.

4) օգտագործվել այնպիսի եղանակով, որը կարող է հանգեցնել կենսաթոշակային ֆոնդի փայի նկատմամբ սեփականության իրավունքի դադարմանը:

4. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները չեն կարող գրավադրվել կամ հանդիսանալ այլ պարտավորությունների ապահովման միջոց: Սույն մասով նախատեսված պահանջը չի սահմանափակում կենսաթոշակային ֆոնդի ակտիվների հաշվին ռեպո (հակադարձ ռեպո) գործարքների կնքման իրավունքը, եթե դա նախատեսված է կենսաթոշակային ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ), եւ եթե այդպիսի գործարքի արդյունքում չեն խախտվում սույն օրենքով նախատեսված սահմանաչափերը:

5. Մասնակցի պարտավորությունների համար մասնակցին պատկանող կենսաթոշակային ֆոնդի փայերի վրա բռնագանձում չի կարող տարածվել մինչեւ նրա կենսաթոշակային տարիքը լրանալը:

ԳԼՈՒԽ 3

ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 14. Հարկային մարմնի իրավասությունները

1. Հարկային մարմինը՝

1) oրենuդրությամբ uահմանված կարգով վարում է պարտադիր կուտակային բաղադրիչի անձնավորված հաշվառման տվյալների բազան,

2) յուրաքանչյուր ամիս գործատուներից ընդունում է պարտադիր կուտակային վճարների մասին անհատական հաշվետվությունները եւ օրենքով սահմանված կարգով ստուգում դրանց հավաստիությունը,

3) «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եկամտային հարկի համար սահմանված ժամկետում նոտարներից, անհատ ձեռնարկատերերից ու ինքնազբաղված անձանցից ընդունում է պարտադիր կուտակային վճարների մասին հաշվետվությունները եւ օրենքով սահմանված կարգով ստուգում դրանց հավաստիությունը,

4) յուրաքանչյուր ամիս գործատուներից ստացված անձնավորված տեղեկատվությունը համադրում է անձնավորված հաշվառման տվյալների բազայի հետ,

5) համադրում է նոտարներից, անհատ ձեռնարկատերերից ու ինքնազբաղված անձանցից ստացված անձնավորված տեղեկատվությունը՝ անձնավորված հաշվառման տվյալների բազայի հետ,

6) իրականացնում է գործատուների, նոտարների, անհատ ձեռնարկատերերի եւ ինքնազբաղված անձանց կողմից կատարվող պարտադիր կուտակային վճարների հավաքագրումը եւ հաշվետվություն է ներկայացնում հավաքագրումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված  մարմին,

7) կատարված կուտակային վճարների եւ գործատուներից, անհատ ձեռնարկատերերից, նոտարներից ու ինքնազբաղված անձանցից ստացված տեղեկատվության միջեւ սխալներ հայտնաբերելու դեպքում տեղեկացնում է նրանց այդ մասին:  Նրանք պարտավոր են շտկել սխալները եւ ներկայացնել ճշգրտված հաշվետվություն սույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով,

8) ուսումնասիրում է գործատուների, նոտարների, անհատ ձեռնարկատերերի եւ ինքնազբաղված անձանց կատարած պարտադիր կուտակային վճարների վերաբերյալ բողոքները եւ սխալները եւ անհրաժեշտության դեպքում պահանջում է ներկայացնել ճշգրտված հաշվարկներ,

9) համապատասխան հանձնարարականներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի կամուրջ հաշվին մուտքագրված գումարները մասնակիցների ռեեստրը վարողի՝ Կենտրոնական բանկում գտնվող հաշվին փոխանցելու համար,

10) կատարված պարտադիր կուտակային վճարների վերաբերյալ անձնավորված տեղեկատվություն է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին,

11) պատասխանում է մասնակիցների գրավոր դիմումներին` կապված պարտադիր կուտակային վճարների եւ հաշվետվությունների հետ,

12) իր իրավասությունների շրջանակում ընդունում է նորմատիվ իրավական ակտեր եւ իրականացնում ստուգումներ,

13) հաշվետվություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն, Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմին պարտադիր կուտակային բաղադրիչի անձնավորված հաշվառման բազայի եւ դրա վարման վերաբերյալ՝ նման պահանջի առկայության դեպքում,

14) իրականացնում է սույն օրենքից եւ այլ օրենքներից բխող այլ լիազորություններ:

2. Հարկային մարմինը  պարտավոր է սույն օրենքով հարկային գործակալի պարտականություն կրող անձանց տրամադրել անձնավորված հաշվետվություն ներկայացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային եւ (կամ) թղթային ձեւեր, որը համատեղելի կլինի հարկային մարմնի կողմից վարվող անձնավորված հաշվառման տվյալների բազայի հետ:

Հոդված  15. Կենտրոնական բանկի լիազորությունները

1. Կենտրոնական բանկը՝

1) սահմանում է կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների նկատմամբ կանխարգելիչ պահանջներ, այդ թվում` շուկայական, գործառնական, իրացվելիության եւ այլ ռիսկերի հետ կապված պահանջներ,

2) գրանցում է  կենսաթոշակային ֆոնդի կանոնները,

3) սահմանում է կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կողմից մասնակիցներին (կամավոր կենսաթոշակային ֆոնդերի դեպքում) ներկայացվող, ինչպես նաեւ հրապարակվող հաշվետվությունների ձեւը, ներկայացնելու կարգը,

4) կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից ստացված հաշվետվական տեղեկատվության հիման վրա մշակում  եւ հրապարակում է պարտադիր կուտակային բաղադրիչի վերաբերյալ հանրային իրազեկման տեղեկատվական նյութեր,

5) սույն օրենքով սահմանված կարգով եւ դեպքերում համաձայնություն է տալիս կամ մերժում է կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կողմից իրականացվող գովազդների եւ գովազդային այլ հրապարակումների բովանդակությանը,

6) վերահսկում է կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների, պահառուների,  մասնակիցների ռեեստրը վարողի եւ հաշվի օպերատորի (իր իրավասության շրջանակներում) գործունեության համապատասխանությունը սույն օրենքի եւ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին,

7) կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներից, պահառուներից եւ մասնակիցների ռեեստրը վարողից ընդունում է սահմանված կարգով ներկայացված հաշվետվությունները եւ վերլուծում դրանք,

8) իր լիազորությունների շրջանակում ստուգումներ է իրականացնում մասնակիցների ռեեստրը վարողի, հաշվի օպերատորների, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների եւ պահառուների մոտ,

9) սահմանում է մասնակիցների ռեեստրի վարման, այդ թվում` մասնակիցների կենսաթոշակային հաշիվների վարման, սույն օրենքի եւ այլ իրավական ակտերի համաձայն կենսաթոշակային ֆոնդերի փայերի թողարկման, ինչպես նաեւ կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների պահառության ընդհանուր կանոնները,

10) սահմանում է հաշվի օպերատորների գործունեության կարգը,

11) սահմանում է մասնակցի կողմից մասնակիցների ռեեստր վարողին ներկայացվող դիմումների, ինչպես նաեւ մասնակիցների ռեեստր վարողի կողմից մասնակիցներին ներկայացվող հաշվետվությունների եւ այլ տեղեկությունների տրամադրման կարգը, բացառությամբ սույն օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի,

12) իրականացնում է սույն օրենքից եւ այլ իրավական ակտերից բխող այլ գործառույթներ:

Հոդված 16. Մասնակիցների ռեեստրը վարողի գործառույթները

1. Մասնակիցների ռեեստրը վարողը սույն օրենքի, սույն օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության հետ կնքված պայմանագրի հիման վրա ՝

1) իրականացնում է սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով մասնակիցների ռեեստրը վարողին վերապահված գործառույթները,

2) սույն օրենքով սահմանված կարգով բացում եւ վարում է մասնակիցների կենսաթոշակային հաշիվները,

3) սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված անձանց համար կենսաթոշակային հաշիվներ բացելու դեպքում տեղեկացնում է այդ մասին հարկային մարմնին,

4) մասնակցի ցանկության դեպքում տեխնիկական միջոցներով ապահովում է մասնակցի կողմից կենսաթոշակային ֆոնդի, կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրության, ինչպես նաեւ նրա հաշվի քաղվածքում առկա տեղեկատվության գաղտնիությունը: Սույն կետում նշված գաղտնիության ապահովման կարգը սահմանում է մասնակիցների ռեեստրը վարողը` համաձայնեցնելով այն Հայաստանի Հանրապետության կառավարության հետ,

5) սույն օրենքի, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի, կենսաթոշակային ֆոնդի կանոնների եւ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի եւ պահառուի հետ կնքված պայմանագրի համաձայն` կազմակերպում է կենսաթոշակային ֆոնդերի փայերի թողարկումը, դրանց մուտքագրումը կենսաթոշակային հաշիվներին, մասնակիցների կենսաթոշակային փայերի մարումը,

6) պարտադիր կուտակային վճարները Կենտրոնական բանկում բացված իր հաշվից փոխանցում է կենսաթոշակային ֆոնդի պահառուի կողմից նշված համապատասխան ակտիվի կառավարչի հաշվին՝ առանց բացահայտելու ընտրություն կատարած մասնակիցներին,

7) սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով տեղեկատվություն է տրամադրում մասնակիցներին` կենսաթոշակային հաշիվների վերաբերյալ,

8) մասնակցի դիմումի հիման վրա սույն օրենքով սահմանված ժամկետում կենսաթոշակային ֆոնդի պահառուի հետ համատեղ կազմակերպում է մեկ կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակումը մեկ այլ կենսաթոշակային ֆոնդի փայերով,

9) կենսաթոշակային ֆոնդի պահառուի հետ համատեղ կազմակերպում է մասնակցին պատկանող պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման արդյունքում ստացված միջոցների փոխանցումը ապահովագրական ընկերությանը` սույն օրենքի համաձայն անուիտետի պայմանագիր կնքելու նպատակով,

10) կենսաթոշակային ֆոնդի պահառուի հետ համատեղ կազմակերպում է միանվագ եւ ծրագրային վճարների կատարումը,

11) փոխանցում է մահացած մասնակցի կենսաթոշակային հաշվում պահվող կենսաթոշակային ֆոնդի փայերը՝ հիմք ընդունելով սույն օրենքի համաձայն կատարված ժառանգների կամահայտնությունը,

12) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով, բովանդակությամբ եւ պարբերականությամբ հաշվետվություններ է ներկայացնում Կենտրոնական բանկին,

13) իրականացնում է սույն օրենքից, սույն օրենքի հիման վրա ընդունված  նորմատիվ իրավական ակտերից, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության ու մասնակիցների ռեեստրը վարողի միջեւ կնքված պայմանագրից եւ կենսաթոշակային ֆոնդի կանոններից բխող այլ գործառույթներ:

Հոդված 17.  Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի գործառույթները

1. Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմինը՝

1) հարկային մարմնին տեղեկացնում է կուտակային վճարների կատարման մասին եւ համապատասխան հանձնարարական ստանալու դեպքում գանձապետական համակարգի միջոցով ապահովում է պարտադիր կուտակային վճարների փոխանցումը մասնակիցների ռեեստրը վարողին,

2) իրականացնում է կանխատեսումներ յուրաքանչյուր ֆինանսական տարում պետական բյուջեից սույն օրենքի համաձայն մասնակիցների համար (օգտին) կատարվող վճարների չափի վերաբերյալ, որոնք հաշվի են առնվում յուրաքանչյուր տարի պետական բյուջեի նախագիծը կազմելիս,

3) մշակում եւ ապահովում է կուտակային կենսաթոշակային բաղադրիչի միասնական քաղաքականությունը,

4) սույն օրենքի 44-րդ եւ 72-րդ հոդվածների 1-ին մասերի համաձայն` ներդրումների սահմանափակումների վերաբերյալ առաջարկություններ է  ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարությանը,

5) իրականացնում է սույն օրենքից եւ այլ իրավական ակտերից բխող այլ գործառույթներ:

ԳԼՈՒԽ 4

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ  ԳԱՂՏՆԻՔ

Հոդված 18. Կենսաթոշակային գաղտնիքի պահպանումը

1. Կենսաթոշակային գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակումն այն անձի,  պետական մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից, որին այդ տեղեկությունները վստահված են եղել, հայտնի են դարձել նրա ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ կամ տրամադրվել են սույն օրենքով սահմանված կարգով, արգելվում է, բացառությամբ սույն գլխով նախատեսված դեպքերի:

Կենսաթոշակային գաղտնիք կազմող տեղեկության հրապարակում է համարվում այդ տեղեկությունը (կամ դրա ցանկացած կրիչը) բանավոր կամ գրավոր ձեւով զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ կերպ հրապարակելը, երրորդ անձին հայտնի դարձնելը կամ տարածելը, երրորդ անձանց նման տեղեկություններ հայթայթելու հնարավորություն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ընձեռելը (թույլատրելը, չխոչընդոտելը կամ այդ տեղեկության պահպանման կարգի խախտման հետեւանքով դրա հրապարակումը հնարավոր դարձնելը):

2. Գործատուն, պետական լիազոր մարմինները, Կենտրոնական բանկը, մասնակիցների ռեեստրը վարողը, հաշվի օպերատորը, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը եւ պահառուն պարտավոր են տեխնիկական այնպիuի միջոցներ ձեռնարկել եւ կազմակերպչական այնպիuի կանոններ uահմանել, որոնք անհրաժեշտ են կենսաթոշակային գաղտնիք կազմող տեղեկությունները պատշաճ պահպանելու համար:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց ղեկավարներին, ծառայողներին, նախկինում ղեկավար կամ ծառայող հանդիuացող անձանց, ինչպես նաեւ այն անձանց եւ կազմակերպություններին, որոնք սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց ծառայություններ (աշխատանքներ) են մատուցում կամ մատուցել են նախկինում, արգելվում է ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ իրենց վuտահված կամ հայտնի դարձած կենսաթոշակային գաղտնիք կազմող տեղեկությունները հրապարակելը, ինչպեu նաեւ իրենց անձնական կամ երրորդ անձանց շահերից ելնելով` դրանք oգտագործելը, երրորդ անձանց կողմից այդպիuի oգտագործման հնարավորություն ուղղակի կամ անուղղակի ընձեռելը, այն է` թույլատրելը, չխոչընդոտելը կամ նման տեղեկությունների պահպանման կարգի խախտման հետեւանքով այն հնարավոր դարձնելը:

4. Գործատուն, մասնակիցների ռեեստրը վարողը, հաշվի օպերատորը, հարկային մարմինը կարող են դատարանում հրապարակել կենսաթոշակային գաղտնիք կազմող տեղեկությունները մասնակցի վերաբերյալ` մասնակցի իրավունքներն ու oրինական շահերը պաշտպանելու անհրաժեշտության դեպքում եւ uահմաններում, եթե վեճը ծագել է մասնակցի եւ մասնակիցների ռեեստրը վարողի կամ հաշվի օպերատորի կամ հարկային մարմնի կամ գործատուի միջեւ:

5. Գործատուները, մասնակիցների ռեեստրը վարողը եւ հարկային մարմինը պարտավոր են մասնակիցների շահերի պաշտպանության նպատակով մեկը մյուսին տեղեկատվություն տրամադրել մասնակիցների կենսաթոշակային հաշիվների վերաբերյալ, բացառությամբ մասնակցի ընտրած կենսաթոշակային ֆոնդի կառավարչի,  կենսաթոշակային ֆոնդի եւ մասնակցի կենսաթոշակային ֆոնդերի փայերի վերաբերյալ տեղեկատվության:

6. Մասնակիցների ռեեստր վարողը կամ հարկային մարմինը կենսաթոշակային ֆոնդի կառավարչին կարող են տրամադրել առավելագույնը հետեւյալ տեղեկատվությունը.

1) տվյալ  կենսաթոշակային  ֆոնդի  կառավարչի  յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդ ընտրած մասնակիցների քանակը,

2)  տվյալ  կենսաթոշակային  ֆոնդի  կառավարչի  յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդ ընտրած մասնակիցների տարիքային կազմը` նվազագույնը 5 տարվա տարիքային կտրվածքով,

3) տվյալ ամսվա ընթացքում տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդից դուրս եկած մասնակիցների տարիքային կազմը` նվազագույնը 5 տարվա տարիքային կտրվածքով,

4) ամսական կտրվածքով տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդին միացած մասնակիցների քանակը,

5) տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդի մասնակիցների բազային եկամտի բաշխվածությունը` նվազագույնը հարյուր հազար դրամի բաշխվածությամբ, ինչպես նաեւ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդը տվյալ ամսում ընտրած մասնակիցների բազային եկամտի բաշխվածությունը` նվազագույնը հարյուր հազար դրամի բաշխվածությամբ,

6) տվյալ տարում տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդի մասնակիցներից կենսաթոշակային տարիքը լրացող մասնակիցների թիվը,

7) սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված տեղեկատվությունը:

Մասնակիցների ռեեստր վարողը եւ հարկային մարմինը պարտավոր են ապահովել իրենց մոտ առկա կամ հաշվարկման համար հիմք հանդիսացող այլ տեղեկատվության հասանելիության բացառումը կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների համար, որը կարող է օժանդակել կենսաթոշակային ֆոնդի կառավարչին ի հայտ բերելու կոնկրետ մասնակցին կամ կոնկրետ գործատուին, որտեղ աշխատում է մասնակիցը:

Հոդված 19. Կենսաթոշակային գաղտնիքի տրամադրումը քրեական հետապնդում իրականացնող մարմիններին

1. Գործատուն, մասնակիցների ռեեստրը վարողը, հաշվի օպերատորը, հարկային մարմինը կենսաթոշակային գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին uույն oրենքի համապատաuխան տրամադրում են միայն Հայաuտանի Հանրապետության քրեական դատավարության oրենuգրքին համապատաuխան կայացված դատարանի որոշման հիման վրա:

2. Գործատուն, մասնակիցների ռեեստրը վարողը, հարկային մարմինը պարտավոր են դատարանի որոշումն uտանալուց հետո` երկու աշխատանքային oրվա ընթացքում, քրեական հետապնդում իրականացնող մարմնին կամ նրա լիազորած անձին տրամադրել տվյալ որոշմամբ պահանջվող տեղեկությունները:

3. Արգելվում է մասնակիցներին տեղեկացնել նրանց մաuին կենսաթոշակային գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրելու փաuտի մաuին:

4. «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվությունը Կենտրոնական բանկի կողմից վերլուծվելու արդյունքում, եթե պարզվում է, որ տեղի է ունեցել փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման դեպք կամ փորձ, ապա Կենտրոնական բանկն ուղղակիորեն հաղորդում է ներկայացնում քրեական հետապնդում իրականացնող համապատասխան մարմին:

Հոդված 20. Կենսաթոշակային գաղտնիքի տրամադրումը դատարանին

1. Գործատուն, մասնակիցների ռեեստրը վարողը, հարկային մարմինը քաղաքացիական եւ քրեական գործերի կողմ հանդիuացող մասնակցի վերաբերյալ կենսաթոշակային գաղտնիք կազմող տեղեկությունները, uույն oրենքին համապատաuխան, տրամադրում են դատարանին միայն վերջինիս` Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական դատավարության կամ քրեական դատավարության oրենuգրքով նախատեuված կարգով ընդունված որոշման հիման վրա:

2. Գործատուն, մասնակիցների ռեեստրը վարողը, հարկային մարմինը պարտավոր են դատարանի որոշումը uտանալու պահից` երկու աշխատանքային oրվա ընթացքում, դատարանին կամ դատարանի լիազորած անձին տրամադրել տվյալ որոշմամբ, վճռով կամ դատավճռով պահանջվող տեղեկությունները եւ փաuտաթղթերը:

Հոդված 21. Կենսաթոշակային գաղտնիքի տրամադրումը մասնակցի ժառանգներին

1. Գործատուն, մասնակիցների ռեեստրը վարողը, հարկային մարմինը մասնակցի վերաբերյալ կենսաթոշակային գաղտնիք կազմող տեղեկությունները, uույն oրենքին համապատաuխան, տրամադրում են տվյալ մասնակցի ժառանգներին, եթե վերջիններu ժառանգության իրավունքները հիմնավորող փաuտաթղթեր են ներկայացրել:

2. Գործատուն, մասնակիցների ռեեստրը վարողը, հարկային մարմինը պարտավոր են ժառանգության իրավունքները հիմնավորող փաuտաթղթերն uտանալու օրվանից հետո` տաuն աշխատանքային oրվա ընթացքում, նրանց հաղորդել մասնակցի վերաբերյալ իրենց մոտ եղած տեղեկությունները եւ տրամադրել իրենց մոտ առկա փաuտաթղթերը:

3. Գործատուի, մասնակիցների ռեեստրը վարողի, հարկային մարմնի կողմից, uույն հոդվածին համապատաuխան, տեղեկությունները հաղորդելու եւ փաuտաթղթերը ներկայացնելու մերժումը կամ uահմանված ժամկետներում չներկայացնելը կարող է բողոքարկվել դատարան: Մերժման կամ uույն oրենքով uահմանված ժամկետներում տեղեկությունները չհաղորդելու եւ փաuտաթղթերը չներկայացնելու հետեւանքով դիմող անձանց կամ կազմակերպություններին պատճառված վնաuը ենթակա է հատուցման oրենքով uահմանված կարգով, եթե մերժումը եղել է անհիմն, կամ ժամկետները խախտվել են գործատուի, մասնակիցների ռեեստրը վարողի, հարկային մարմնի մեղքով:

ԳԼՈՒԽ 5

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Հոդված 22. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի գործառույթները եւ գործունեության նկատմամբ պահանջները

1. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը, սույն օրենքի համաձայն, իրականացնում է  կուտակային կենսաթոշակային ֆոնդի կառավարում:

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարում իրականացնող կառավարիչն իրավունք չունի կառավարելու «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մասնագիտացված կամ չտարատեսականացված ներդրումային ֆոնդ:

2. Կառավարչի ղեկավարները եւ աշխատակիցներն իրենց պարտականությունների կատարման ընթացքում պարտավոր են գործել՝ ելնելով ֆոնդի մասնակիցների շահերից, իրենց իրավունքներն իրականացնել եւ ֆոնդի մասնակիցների նկատմամբ իրենց պարտականությունները կատարել բարեխիղճ ու ողջամիտ կերպով, պատշաճ մասնագիտական մակարդակով (ֆիդուցիար պարտականություն):

3. Կառավարիչը պարտավոր է վարել իր սեփական  ակտիվների, իր կողմից կառավարվող յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների ու արժեթղթերի փաթեթի առանձնացված հաշվառում:

4. Կենսաթոշակային ֆոնդի ակտիվները չեն համարվում կենսաթոշակային ֆոնդի կառավարչի սեփականությունը եւ դրանց վրա բռնագանձում չի կարող տարածվել կենսաթոշակային ֆոնդի կառավարչի պարտավորությունների համար, ներառյալ՝ սնանկության դեպքում:

5. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը օրենքով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով եւ տվյալ ֆոնդի կանոններով սահմանված կարգով օրական կտրվածքով որոշում է իր կառավարման ներքո գտնվող յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդի եւ ֆոնդի փայերի զուտ ակտիվների արժեքը:

Հոդված 23. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կազմակերպաիրավական ձեւերը

1. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները կարող են uտեղծվել «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կազմակերպաիրավական տեսակներով:

2. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի նկատմամբ կիրառվում են Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքի, ինչպես նաեւ Հայաuտանի Հանրապետության oրենքների եւ այլ իրավական ակտերի դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով:

Հոդված 24. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի պետական գրանցումը եւ լիցենզավորումը

1. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների պետական գրանցումն ու լիցենզավորումն իրականացնում է Կենտրոնական բանկը` «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 25. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչների նկատմամբ պահանջներն ու սահմանափակումները

1. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների նկատմամբ գործում են «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ներդրումային ֆոնդերի կառավարիչների նկատմամբ սահմանված պահանջներն ու սահմանափակումները, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենքով:

Հոդված 26.  Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ֆիրմային անվանումը, մասնակցության սահմանափակումները, կառավարման մարմինները եւ ղեկավարները, նրանց մասնագիտական համապատասխանությունը եւ որակավորումը

1. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ֆիրմային անվանմանը, նրա կապիտալում մասնակցության սահմանափակումներին, նրա կառավարման մարմիններին եւ ղեկավարներին, ղեկավարների մասնագիտական համապատասխանությանը եւ որակավորման հարցերին վերաբերող պահանջները կարգավորվում են «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հոդված 27.  Ֆինանսական գործունեության արտաքին աուդիտը: Տարեկան աուդիտի եզրակացությունը

1. Կենսաթոշակային ֆոնդի եւ նրա  կառավարչի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացվում է «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է հրապարակել, ինչպես նաեւ իր համացանցային կայքում տեղադրել ընկերության ֆինանuական հաշվետվությունները եւ աուդիտն իրականացնող անձի եզրակացությունը:

Հոդված 28.  Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների նկատմամբ վերահսկողությունը: Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի հաշվետվություններ ներկայացնելու պարտականությունը

1. Կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Կենտրոնական բանկը:

2. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները պարտավոր են կազմել, հրապարակել եւ Կենտրոնական բանկ ներկայացնել սույն օրենքով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված տարեկան եւ միջանկյալ հաշվետվություններն ու տեղեկությունները:  Հաշվետվությունների ձեւերը, դրանց ներկայացման եւ հրապարակման կարգը սահմանվում են  Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

3. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից հրապարակվող եւ (կամ) Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվություններն ու տեղեկությունները պետք է լինեն հավաստի եւ ամբողջական:

Հոդված 29. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի եւ իր կողմից կառավարվող ֆոնդի մասին տեղեկատվությունը եւ դրա հրապարակումը

1. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկությունները պետք է մատչելի լինեն յուրաքանչյուրի համար:

2. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է մշտապեu ունենալ գործող համացանցային կայք եւ այդ կայքում առնվազն հայերենով հրապարակել իր եւ իր կողմից կառավարվող ֆոնդերի վերաբերյալ առնվազն հետեւյալ տեղեկությունները.

1) ֆինանuական հաշվետվությունները (առնվազն վերջին տարեկան եւ վերջին եռամuյակային) եւ տարեկան հաշվետվությունների վերաբերյալ արտաքին աուդիտի եզրակացությունը: Ընդ որում, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները պարտավոր են uույն կետում նշված ֆինանuական հաշվետվությունները հրապարակել նաեւ մամուլում,

2) կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների կազմի եւ կառուցվածքի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն,

3) եկամտաբերության վերաբերյալ տեղեկատվություն,

4) շահութաբաժիններ վճարելու վերաբերյալ որոշումների մասին տեղեկատվություն, ինչպեu նաեւ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի շահութաբաժնային քաղաքականությունը uահմանող ակտերի պատճենները` դրանց առկայության դեպքում,

5) կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մաuնակցություն ունեցող անձանց մաuին տեղեկատվություն` նրանց անունը (անվանումը), կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալում նրանց ունեցած մաuնակցության չափը,

6) կառավարչի տնօրենների խորհրդի, գործադիր մարմնի անդամների ցանկը եւ անձնական տվյալները (անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը եւ ամuաթիվը, կենuագրությունը):

Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել  սույն մաuի 1-6-րդ կետերում նշված, ինչպես նաեւ այլ տեղեկությունների (բացառությամբ օրենքով սահմանված առեւտրային կամ այլ գաղտնիք կամ ծառայողական տեղեկատվություն կազմող տեղեկությունների) հրապարակման ձեւը, կարգը (այդ թվում` հրապարակման միջոցները) եւ պարբերականությունը:

3. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները պարտավոր են իրենց ինտերնետային կայքում կամ հաuարակության համար հաuանելի այլ ձեւով հրապարակել oրական կտրվածքով թարմացված տեղեկություններ` իրենց կողմից առաջարկվող կենսաթոշակային ֆոնդերի մասին:

4. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները պարտավոր են ֆինանuական տարվա ավարտից հետո` մինչեւ մայիսի 1-ը, առնվազն 3000 տպաքանակ ունեցող մամուլում հրապարակել աուդիտորական եզրակացությունը եւ տարեկան ֆինանuական հաշվետվությունը:

5. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչն իրավունք չունի իր գովազդում, հրապարակային oֆերտայում կամ իր անունից արված որեւէ հայտարարության մեջ oգտագործելու ապակողմնորոշող այնպիuի տեղեկություններ կամ այլ անձանց կողմից այդ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի վերաբերյալ արված հայտարարություններ, որոնք կարող են թյուր ենթադրության կամ տարընթերցման տեղիք տալ տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ֆինանuական վիճակի, ֆինանuական շուկայում նրա զբաղեցրած դիրքի, հեղինակության, գործարար համբավի կամ իրավական կարգավիճակի մասին:

6. Կենսաթոշակային ֆոնդի ակտիվների եկամտաբերության հաշվարկի մեթոդաբանությունը եւ եկամտաբերության մասին տեղեկատվության ներկայացման  չափանիշները սահմանում է Կենտրոնական բանկը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության  ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի հետ:

7. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից uույն հոդվածի համաձայն հրապարակվող կամ տրամադրվող տեղեկությունները պետք է լինեն հավաստի եւ ամբողջական:

Հոդված 30.  Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների կանոնադրական կապիտալը եւ դրան ներկայացվող պահանջները

1. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալի նվազագույն չափը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով, որը չի կարող լինել հինգ հարյուր միլիոն դրամից պակաս` պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների համար, եւ երկու հարյուր միլիոն դրամից պակաս` կամավոր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների համար:

Հոդված 31. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի գովազդը

1. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է իր գործունեության վերաբերյալ գովազդ համարվող ցանկացած տեղեկատվության բովանդակությունը նախապես համաձայնեցնել Կենտրոնական բանկի հետ: Եթե Կենտրոնական բանկը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով 10-օրյա ժամանակահատվածում չի մերժում ներկայացված գովազդին համաձայնություն տալու վերաբերյալ կառավարչի դիմումը, ապա տվյալ գովազդին համաձայնությունը համարվում է տրված, եւ կառավարիչը կարող է հրապարակել տվյալ գովազդը:

2. Կենտրոնական բանկը գովազդային տեղեկատվությունը հրապարակելու համաձայնություն չի տալիս  կամ արգելում է դրա հրապարակումը, եթե  այն՝

 1) հակասում է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին.

2) հակասում է սույն օրենքին եւ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերին.

3) պարունակում է թյուր կամ ապակողմնորոշող տեղեկություններ:

3. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչին արգելվում է`

1) հրապարակվող տեղեկատվությամբ երաշխավորել կենսաթոշակային ֆոնդում ներդրումների կանխատեսված կամ ակնկալվող աճ, ինչպես նաեւ վճարման ենթակա կուտակային կենսաթոշակների կանխատեսված գումարների չափերը,

2) չհիմնավորված կամ ապակողմնորոշիչ խոստումների միջոցով ազդել անձի վրա` նրան դրդելով ընտրել տվյալ կառավարչի որեւէ կենսաթոշակային ֆոնդ,

3) օգտագործել գովազդային նյութեր անբարեխիղճ մրցակցության համար` նշելով կենսաթոշակային ֆոնդի կառավարման նույնանման գործունեություն իրականացնող այլ սուբյեկտների ցանկացած թերություններ` անկախ այն հանգամանքից, թե այդ տեղեկություններն իրականում հավաստի են, թե ոչ:

Հոդված 32.  Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի  գործունեության դադարումը եւ կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելը

1. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի մաuնակիցների ընդհանուր ժողովն իրավունք ունի որոշում կայացնելու կենսաթոշակային ֆոնդի կառավարչի լուծարման մաuին (ինքնալուծարում), ինչպես նաեւ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի միջնորդագրի հիման վրա կարող է ուժը կորցրած ճանաչվել նրա` պարտադիր կամ կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվությունը:

2. Ինքնալուծարման կամ պարտադիր կամ կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչվելու համար կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ դրա հիման վրա ընդունված Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով եւ պայմաններով պետք է ստանա Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված նախնական համաձայնությունն ստացած կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը միջոցներ է ձեռնարկում իր կողմից կառավարվող բոլոր կենսաթոշակային ֆոնդերի կառավարումը «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով այլ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի (կառավարիչների) փոխանցելու ուղղությամբ: Ընդ որում, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման փոխանցման պայմանագիրը կնքվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով անցկացված մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի հետ: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանվում են պահանջներ սույն մասով նախատեսված մրցույթին ներկայացված հայտերի գնահատման համար, որոնք պետք է հաշվի առնեն հայտը ներկայացնողի կողմից սահմանված կառավարման վճարները, նրա ֆինանսական վիճակը, հեղինակությունը, փորձը եւ այլ հանգամանքներ:

4. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի լիցենզիան կամ պարտադիր կամ կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվությունը որպես պատժամիջոց ուժը կորցրած ճանաչվելու դեպքում սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պարտականությունները կատարում է կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը (լուծարային հանձնաժողովը):

Կենսաթոշակային ֆոնդի գործունեության դադարումն իրականացվում է «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

5. Սույն հոդվածով սահմանված` կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ինքնալուծարման կամ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչվելու մասին որոշում ընդունելուց հետո` 3 օրվա ընթացքում, Կենտրոնական բանկը պարտավոր է այդ մասին տեղեկացնել մասնակիցների ռեեստրը վարողին:

6. Մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է 10-օրյա ժամկետում տեղեկացնել տվյալ կառավարչի կենսաթոշակային ֆոնդն ընտրած մասնակիցներին կենսաթոշակային ֆոնդի կառավարչի գործունեության դադարման, ինչպես նաեւ կենսաթոշակային ֆոնդի նոր ընտրություն կատարելու նրանց իրավունքի մասին:

7. Սույն հոդվածով սահմանված կարգով պարտադիր կենսաթոշակային ֆոնդն այլ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի փոխանցվելու պահից 60 օրվա ընթացքում փոխանցված պարտադիր կենսաթոշակային ֆոնդի մասնակիցներն իրավունք ունեն սույն օրենքի 40-րդ հոդվածով սահմանված կարգով անվճար փոխելու այդ կենսաթոշակային ֆոնդը:

ԳԼՈՒԽ 6

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՊԱՀԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 33. Կենսաթոշակային ֆոնդի պահառուն

1. Կենսաթոշակային ֆոնդի ակտիվների պահառությունն իրականացվում է սույն օրենքով եւ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Պահառուն պարտավոր է ակտիվների պահառության ծառայությունները մատուցել պատշաճ մասնագիտական մակարդակով, ճշգրտությամբ եւ ուշադրությամբ՝ գործելով բարեխղճորեն՝ ելնելով բացառապես մասնակիցների շահերից (ֆիդուցիար պարտականություն):

3. Պահառուն պարտավոր է տարանջատել պահառության հանձնված յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները իր եւ այլ անձանց ու ֆոնդերի ակտիվներից եւ դրանց վերաբերյալ վարել առանձնացված հաշվառում:

4. Կենսաթոշակային ֆոնդի պահառու կարող է լինել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այն բանկը, որն «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով առնվազն 2 տարի մատուցում է արժեթղթերի պահառության ծառայություն:

Կենսաթոշակային ֆոնդի կառավարչին արգելվում է կենսաթոշակային ֆոնդի ակտիվների պահառության պայմանագիր կնքել իր հետ փոխկապակցված պահառուի հետ:

5. Այն դեպքում, երբ կենսաթոշակային ֆոնդի  պարտադիր կուտակային ակտիվները ներդրված են նաեւ Հայաստանի Հանրապետությունից դուրս, ապա պահառուն անհրաժեշտության դեպքում  կնքում է համապատասխան պայմանագիր օտարերկրյա պահառուի հետ` այդ պահառության գործառույթները նրա միջոցով իրականացնելու համար` «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

6. Պահառուն իրավունք ունի միաժամանակ իրականացնելու երկու եւ ավելի կենսաթոշակային ֆոնդի ակտիվների պահառությունը:  Այդ դեպքում պահառուն պարտավոր է  տարանջատել եւ վարել առանձնացված հաշվառում ինչպես իր սեփական, այնպես էլ յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների, դրանց հետ իրականացվող գործառնությունների եւ գրառումների վերաբերյալ:

7. Կենսաթոշակային ակտիվները չեն համարվում պահառուի սեփականությունը եւ դրանց վրա բռնագանձում չի կարող տարածվել պահառուի պարտավորությունների համար, ներառյալ՝ սնանկության դեպքում:

Հոդված 34. Պահառուի գործառույթները

1. Բացի «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գործառույթներից, պահառուն պարտավոր է Կենտրոնական բանկին ծանուցել կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից սույն օրենքի, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի եւ ֆոնդի կանոնների ու պահանջների խախտման կամ նման խախտման մեջ հիմնավոր կասկածներ ունենալու մասին: Սույն մասում նշված խախտումը բացահայտելու կամ խախտման մեջ կասկածելու դեպքում պահառուն պարտավոր է 1 օրվա ընթացքում դրա մասին ծանուցել Կենտրոնական բանկին:

2. Կենսաթոշակային ֆոնդի պահառուն, ի լրումն «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գործառույթների, իրականացնում է նաեւ հետեւյալ գործառույթները`

1) կազմակերպում է կամավոր կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակումը այլ կամավոր կենսաթոշակային ֆոնդի փայերի,

2) կազմակերպում է պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակումը այլ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի` կենսաթոշակային ֆոնդի մասնակիցների ռեեստրը վարողի հետ համատեղ,

3) մասնակիցների ռեեստրը վարողի եւ ապահովագրական ընկերության հետ համատեղ կազմակերպում է մասնակցին պատկանող պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման արդյունքում ստացված միջոցների փոխանցումը ապահովագրական ընկերությանը` սույն օրենքի համաձայն անուիտետի պայմանագիր կնքելու նպատակով,

4) կազմակերպում է կենսաթոշակային ֆոնդի մասնակցին պատկանող կենսաթոշակային ֆոնդի փայերի մարումը` ապահովագրական ընկերության հետ կուտակային կենսաթոշակի պայմանագիր կնքելու նպատակով,

5) իրականացնում է սույն օրենքից բխող այլ գործառույթներ:

Հոդված 35. Պահառուի պատասխանատվությունը

1. Պահառուն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

2. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի եւ պահառուի միջեւ կնքված պայմանագիրը չի կարող սահմանափակել սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանված պահառուի պատասխանատվությունը:

3. Պահառուն պատասխանատվություն է կրում իր գործողությունների կամ անգործության հետեւանքով մասնակիցներին պատճառված վնասի համար: Այդ վնասները չեն կարող հատուցվել պահառության հանձնված պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների հաշվին:

4. Սույն օրենքի եւ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` պահառուի պարտականությունների մի մասը այլ պահառուի կողմից իրականացվելու  դեպքում (ենթապահառություն) հիմնական պահառուն է պատասխանատվություն կրում պատճառված վնասների համար` ըստ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

Հոդված 36. Պահառուի փոփոխությունը

1. Պահառուն կարող է իր հայեցողությամբ դադարեցնել կենսաթոշակային ֆոնդի պահառության պայմանագիրը (պայմանագրի կամավոր դադարում)` «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածով սահմանված կարգով:

2. Իր հայեցողությամբ պայմանագիրը դադարեցնելու մտադրության դեպքում պահառուն պարտավոր է ենթադրյալ դադարեցման օրվանից առնվազն 90 օր առաջ այդ մասին տեղեկացնել կենսաթոշակային ֆոնդի կառավարչին, Կենտրոնական բանկին եւ մասնակիցների ռեեստրը վարողին (պարտադիր կենսաթոշակային ֆոնդի պահառության դեպքում):

3. Պահառուի լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու, ինչպես նաեւ պահառուի սնանկ ճանաչվելու դեպքերում (գործունեության հարկադիր դադարում) Կենտրոնական բանկը պարտավոր է այդ մասին տեղեկացնել կենսաթոշակային ֆոնդի կառավարչին՝ որոշման ընդունման օրվանից հետո` 3-օրյա ժամկետում:

4. Տեղեկությունը ստանալուց հետո` 60 օրյա ժամկետում, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է պահառության պայմանագիր կնքել այլ պահառուի հետ:

5. Կենսաթոշակային ֆոնդի պահառության պայմանագիրը դադարելուց հետո պահառուն պարտավոր է կենսաթոշակային ֆոնդի ակտիվները եւ դրանց վերաբերյալ փաստաթղթերը փոխանցել նոր պահառուին: Կենսաթոշակային ֆոնդի պահառության պայմանագրի դադարեցման դեպքում պահառուն պարտավոր է շարունակել կատարել օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով եւ կենսաթոշակային ֆոնդի կանոններով սահմանված իր պարտականությունները մինչեւ նոր պահառուի հետ պայմանագրի կնքումը եւ վերջինիս ֆոնդի ակտիվների փոխանցումը: Պահառուն շարունակում է պատասխանատվություն կրել մինչեւ ակտիվները եւ փաստաթղթերը նոր պահառուին ամբողջությամբ փոխանցելը:

ԳԼՈՒԽ 7

ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 37.  Մասնակիցների կողմից պարտադիր կենսաթոշակային ֆոնդ ընտրելու պարտականությունը

1. Պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցները պարտավոր են ընտրել որեւէ կենսաթոշակային ֆոնդ: Ընդ որում, յուրաքանչյուր դեպքում մասնակիցը կարող է ընտրել միայն մեկ ֆոնդ: Նույն ժամանակահատվածում մասնակցի համար (օգտին) կատարվող յուրաքանչյուր կուտակային վճար (վճարներ) չի (չեն) կարող միաժամանակ ուղղվել մեկից ավելի  կենսաթոշակային ֆոնդերի:

2. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների եւ նրանց կենսաթոշակային ֆոնդերի մասին ամբողջական եւ թարմացված տեղեկատվությունը պետք է մշտապես առկա լինի մասնակիցների ռեեստրը վարողի (այդ թվում` համացանցային կայքում) եւ հաշվի օպերատորի մոտ:

Հոդված 38. Կենսաթոշակային ֆոնդի ընտրությունը

1. Մասնակիցը պարտադիր կենսաթոշակային ֆոնդ ընտրելու համար պարտավոր է մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնել կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում` սույն օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությունում նշված միջոցներով կամ հաշվի օպերատորի միջոցով: Դիմումի ձեւը եւ ներկայացման կարգը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դիմումը պետք է պարունակի հետեւյալ տեղեկությունները.

1) մասնակցի անունը եւ ազգանունը, անձնագրի սերիան եւ համարը, ծննդյան տարեթիվը եւ ամսաթիվը,

2) սոցիալական ապահովության քարտի համարը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը,

3) մասնակցի կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), բնակության վայրը եւ այլն),

4) մասնակցի՝ մասնակիցների ռեեստրը վարողից տեղեկատվություն (կենսաթոշակային հաշվի քաղվածք, նամակ, էլեկտրոնային հաղորդագրություն եւ այլն) ստանալու նախընտրելի միջոցը,

5) ընտրված կենսաթոշակային ֆոնդի կառավարչի անվանումը եւ կենսաթոշակային ֆոնդը,

6) հավաստում՝ ընտրված կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կառավարման վճարների եւ ֆոնդի կանոնների հետ համաձայն լինելու մասին,

7) հավաստում, որ տեղյակ է կուտակային վճարներ կատարելու իր պարտականության մասին,

8) դիմումը ներկայացնելու տարին, ամիսը եւ ամսաթիվը,

9) մասնակցի (մասնակցի լիազոր ներկայացուցչի) ստորագրությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ դիմումը ներկայացվել է էլեկտրոնային եղանակով, որն ապահովում է անձի նույնականացումը:

3. Մասնակիցները պարտավոր են մասնակիցների ռեեստրը վարողին տեղեկացնել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումում նշված անձնական տվյալների փոփոխության մասին:

Հոդված 39. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարելը

1. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում եւ կարգով մասնակցի կողմից կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարելու դեպքում մասնակցի համար կենսաթոշակային ֆոնդի ընտրությունը կատարում է մասնակիցների ռեեստրը վարողը` ծրագրային մոդուլի միջոցով:

Ծրագրային մոդուլը պատահականության սկզբունքով բաշխում է ընտրություն չկատարած մասնակիցներին բոլոր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների միջեւ այլ մասնակիցների կողմից կատարված ընտրությանը համամասնորեն` հիմք ընդունելով սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն կենսաթոշակային ֆոնդի փայերը մասնակիցների կենսաթոշակային հաշիվներին փոխանցելու օրվանը նախորդող օրվա դրությամբ առկա համամասնությունը:

Կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարած անձանց կուտակային վճարների հաշվին ձեռք են բերվում սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված սկզբունքով պատահական ընտրված կենսաթոշակային ֆոնդի կառավարչի միջին ռիսկայնության (պահպանողական (կոնսերվատիվ)) կենսաթոշակային ֆոնդի փայեր:

2. Մասնակիցների ռեեստր վարողը պարտավոր է անհապաղ գրավոր տեղեկացնել մասնակցին նրա անունից ընտրված կենսաթոշակային ֆոնդի կառավարչի եւ կենսաթոշակային ֆոնդի մասին, ինչպես նաեւ կենսաթոշակային ֆոնդի կառավարչին եւ կենսաթոշակային ֆոնդը փոխելու նրա իրավունքի մասին:

Հոդված 40.  Կենսաթոշակային ֆոնդի կառավարչին եւ կենսաթոշակային ֆոնդը փոխելու մասնակցի իրավունքը

1. Մասնակիցն իրավունք ունի ցանկացած պահի անվճար փոխելու նախկինում ընտրված պարտադիր կենսաթոշակային ֆոնդը` իր հետագա կուտակային վճարներն ուղղելու նույն կամ նոր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից կառավարվող ցանկացած կենսաթոշակային ֆոնդ:

Սույն մասով սահմանված դեպքում մասնակիցը լրացնում եւ մասնակիցների ռեեստրը վարողին է ներկայացնում սույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ընտրության դիմում:

2. Մասնակիցն իրավունք ունի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի իր փայերը փոխանակելու միայն այլ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերով: Մասնակիցն իրավունք ունի իր պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու այլ կենսաթոշակային ֆոնդի (նույն կամ այլ կառավարչի կողմից կառավարվող) փայերով` մասնակիցների ռեեստրը վարողին ֆոնդի փայերի փոխանակման դիմում ներկայացնելու միջոցով: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու դեպքում մասնակցից կարող է գանձվել փոխանակման ենթակա փայերի մարման վճար` սույն օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերին համապատասխան:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դիմումը պետք է պարունակի սույն օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկությունները, ինչպես նաեւ նախկին եւ նոր ընտրված կենսաթոշակային ֆոնդերի եւ դրանց կառավարիչների անվանումները: Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դիմումի ձեւը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

4. Մասնակիցների ռեեստրը վարողը մերժում է սույն հոդվածի 1-ին կամ  2-րդ մասով նախատեսված դիմումը, եթե այն չի համապատասխանում սույն օրենքի կամ սույն օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջներին:

Մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է 5-օրյա ժամկետում տեղեկացնել դիմում ներկայացրած մասնակցին դիմումը մերժելու մասին՝ նշելով  մերժելու պատճառները:

5. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 2-րդ մասի կամ սույն օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պետք է վճար գանձվի կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելիս, ապա մասնակիցների ռեեստրը վարողը պետք է տեղեկացնի մասնակցին այդ մասին՝ նշելով վճարման ենթակա գումարի չափը:

6. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումը մասնակիցների ռեեստր վարողին ներկայացնելու պահից սկսած` մասնակցի համար (օգտին) կատարվող կուտակային վճարները ուղղվում են նոր ընտրված կենսաթոշակային ֆոնդ:

7. Պարտադիր  կենսաթոշակային  ֆոնդի  փայերի  փոխանակումն իրականացվում է մասնակցի` սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դիմումը ստանալուց հետո` 10 օրվա ընթացքում:

8. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու դեպքում հիմք են ընդունվում համապատասխան ֆոնդերի փայերի նույն օրվա համար հաշվարկված եւ հրապարակված հետգնման (մարման) եւ տեղաբաշխման գները` հաշվի առնելով սույն  օրենքի, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի եւ 32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները:

9. Սույն  հոդվածի  4-րդ  եւ  5-րդ  մասերով  նախատեսված պարտավորությունները մասնակիցների ռեեստրը վարողը կարող է իրականացնել տեղեկատվական համակարգով` մասնակիցների ռեեստրը վարողի համացանցային կայքի կամ հաշվի օպերատորի միջոցով:

10. Կենսաթոշակային ֆոնդերի փայերի փոխանակումն արգելվում է, եթե կասեցված է փոխանակման ենթակա փայերի հետգնումը (մարումը) կամ նոր ֆոնդերի փայերի թողարկումը`

1) Կենտրոնական բանկի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության  ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի համատեղ որոշմամբ կամ

2) պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կանոնների համաձայն` ֆոնդի կանոններով սահմանված հիմքերով: Ընդ որում, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կանոններով կարող են սահմանվել միայն Կենտրոնական բանկի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության  ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի համատեղ որոշմամբ սահմանված փայերի հետգնման (մարման) կամ նոր ֆոնդերի փայերի թողարկման կասեցման հիմքերը: Սույն կետով սահմանված դեպքում փոխանակման ենթակա փայերի հետգնումը (մարումը) կամ նոր ֆոնդերի փայերի թողարկումը կարող է կասեցվել ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով` նախապես տեղեկացնելով Կենտրոնական բանկին եւ պահառուին փայերի հետգնման (մարման) կամ նոր ֆոնդերի փայերի թողարկման կասեցման մասին՝ նշելով դրա հիմքերը, ինչպես նաեւ այդ մասին տեղեկատվությունը երեք օրվա ընթացքում հրապարակելով առնվազն 3000 տպաքանակ ունեցող հանրապետական տարածում ունեցող մամուլում:

ԳԼՈՒԽ 8

ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ

Հոդված 41. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ներդրման սկզբունքները

1. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները կարող են ներդրվել բացառապես սույն օրենքի, սույն օրենքի համաձայն ընդունված նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաեւ տվյալ ֆոնդի կանոնների պահանջներին համապատասխան:

Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները պարտավոր են իրենց կողմից կառավարվող յուրաքանչյուր պարտադիր կենսաթոշակային ֆոնդում ունենալ առնվազն մեկ տոկոս մասնակցություն` իր սեփական ակտիվներից: Սույն պարբերությամբ սահմանված նվազագույն չափը նվազելու դեպքում կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է մեկ ամսվա ընթացքում համապատասխան կենսաթոշակային ֆոնդում ավելացնել իր մասնակցությունը մինչեւ մեկ տոկոս: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների կառավարչի սեփական միջոցներից ներդրումները փայերի վերածման կարգը սահմանում է Կենտրոնական բանկը:

2. Նպատակ ունենալով առավելագույնի հասցնել ներդրումների արդյունավետությունը՝ հօգուտ պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների, պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ներդրումները պետք է հիմնված լինեն հետեւյալ սկզբունքների վրա.

1) ակտիվների ապահովություն եւ եկամտաբերություն,

2) ռիսկերի դիվերսիֆիկացիա,

3) համարժեք իրացվելիության ապահովում:

3. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ներդրումը սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում նշվածներից տարբեր այլ նպատակներով ու սկզբունքների հիման վրա համարվում է կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ստանձնած պարտավորությունների խախտում:

4. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է ներդնել ռիսկերի կառավարման այնպիսի համակարգ, որը հնարավորություն կտա ցանկացած ժամանակ հսկելու եւ գնահատելու դիրքերի ռիսկերը եւ դրանց բաժինը կենսաթոշակային ֆոնդի ընդհանուր ռիսկի մեջ:

Ռիսկերի կառավարման համակարգին ներկայացվող պահանջները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:

Հոդված 42. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի նկարագրությունը

1. Պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերն են՝

1) հավասարակշռված  ֆոնդ, որի կանոնների համաձայն` բաժնային արժեթղթերի եւ դրանց հեջավորման նպատակով ձեռք բերված ածանցյալ գործիքների կշիռը ֆոնդի ակտիվներում չի կարող գերազանցել 50 տոկոսը.

2) պահպանողական (կոնսերվատիվ)  ֆոնդ, որի կանոնների համաձայն` բաժնային արժեթղթերի եւ դրանց հեջավորման նպատակով ձեռք բերված ածանցյալ գործիքների կշիռը ֆոնդի ակտիվներում չի կարող գերազանցել 25 տոկոսը.

3) կայուն եկամտային  ֆոնդ, որի կանոնների համաձայն` ակտիվները չեն կարող ներդրվել բաժնային արժեթղթերում եւ դրանց վրա հիմնված ածանցյալ գործիքներում:

2. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները պարտավոր են յուրաքանչյուր պարտադիր կենսաթոշակային ֆոնդի համար Կենտրոնական բանկ գրանցման ներկայացնել ֆոնդի կանոնները, որը, բացի «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներից, պետք է նախատեսի՝

1) ֆոնդի կառավարչի փայերի թողարկման եւ մարման ընթացակարգը,

2) ծրագրային վճարների հաշվարկման եւ կատարման կարգը,

3) կենսաթոշակային ֆոնդերի փայերի մարման եւ ստացված միջոցները ապահովագրական ընկերությանը փոխանցելու կարգը,

4) պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ներդրումների հետ կապված որոշումներ ընդունելու համար նախատեսված ընթացակարգերը եւ պատասխանատու պաշտոնատար անձանց:

Յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ պարտավոր է առաջարկել առնվազն պահպանողական (կոնսերվատիվ) ֆոնդ:

3. Կենտրոնական բանկը կարող է ընդունել նորմատիվ իրավական ակտեր, որոնք լրացուցիչ պահանջներ կսահմանեն կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների համար:

4. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի յուրաքանչյուր պարտադիր կենսաթոշակային ֆոնդ պետք է նույն կենսաթոշակային ֆոնդի կառավարչի այլ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերից տարբերվի բաժնային արժեթղթերում ներդրումների թույլատրելի սահմանաչափի առնվազն 15 տոկոս տարբերությամբ:

5. Սույն հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերի իմաստով բաժնային արժեթղթերը չեն ներառում այն ներդրումային ֆոնդերի փայերը (բաժնետոմսերը), որոնց կանոնների (կանոնադրության) համաձայն` ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել միայն սույն օրենքի 43-րդ հոդվածով նախատեսված բանկային ավանդներում, պարտքային արժեթղթերում կամ դրանց հեջավորման նպատակով ձեռք բերվող ածանցյալ գործիքներում:

Հոդված 43.  Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների թույլատրելի ներդրումները

1. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել Հայաստանի Հանրապետությունում եւ արտասահմանում:

2. Արտասահմանում պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել՝

1) Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (այսուհետ` ՏՀԶԿ) կամ Եվրոպական Միության (այսուհետ` ԵՄ) անդամ պետությունների բանկային համակարգը վերահսկող լիազորված մարմնի կողմից արտոնագրված եւ վերահսկվող ֆինանսական կազմակերպությունների ավանդներում եւ բանկային հաշիվներում,

2) ՏՀԶԿ կամ ԵՄ անդամ պետությունների, ՏՀԶԿ կամ ԵՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի թողարկած կամ ամբողջությամբ երաշխավորած արժեթղթերում,

3) ՏՀԶԿ կամ ԵՄ անդամ պետությունների կապիտալի շուկան վերահսկող լիազորված մարմնի կողմից գրանցված եւ վերահսկվող կարգավորվող շուկաներում առեւտրին թույլատրված արժեթղթերում,

4) ՏՀԶԿ կամ ԵՄ անդամ պետությունների կապիտալի շուկան վերահսկող լիազորված մարմնի կողմից գրանցված եւ վերահսկվող ներդրումային ֆոնդերի փայերում (բաժնետոմսերում),

5) ածանցյալ գործիքներում` միայն հեջավորման նպատակով:

Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել օտարերկրյա թողարկողների կամ դրանց թողարկած արժեթղթերի նկատմամբ նվազագույն չափանիշներ, որոնցում կարող են ներդրվել պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները:

3. Հայաստանի  Հանրապետության  տարածքում  պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել՝

1) բանկային հաշիվներում եւ ավանդներում, եթե տվյալ բանկը անվճարունակության (սնանկության) գործընթացում չէ,

2) Հայաստանի Հանրապետության կամ Կենտրոնական բանկի թողարկած կամ ամբողջությամբ երաշխավորած արժեթղթերում,

3) Հայաստանի Հանրապետությունում գործող կարգավորվող շուկայում առեւտրին թույլատրված արժեթղթերում,

4) այն ներդրումային ֆոնդերի թողարկած արժեթղթերում, որոնք վերահսկվում են Կենտրոնական բանկի կողմից,

5) ածանցյալ գործիքներում` միայն հեջավորման նպատակով:

Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց կամ դրանց թողարկած արժեթղթերի նկատմամբ նվազագույն չափանիշներ, որոնցում կարող են ներդրվել պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները:

4. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները չեն կարող ձեւավորվել փոխառու միջոցների հաշվին, բացառությամբ եթե փոխառությունները ներգրավվել են մինչեւ 3 ամիս մարման ժամկետով եւ տվյալ կենսաթոշակային ֆոնդի ակտիվների մինչեւ 10 տոկոսի չափով, եւ եթե տվյալ փոխառությունների ներգրավման արդյունքում չեն խախտվում սույն օրենքով նախատեսված սահմանաչափերը:

Հոդված 44. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ներդրման  սահմանափակումները

1. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները սույն օրենքի  43-րդ հոդվածում թվարկված ֆինանսական գործիքներում կարող են ներդրվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած քանակային եւ արժութային  սահմանափակումների շրջանակներում:

2. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները չեն կարող ներդրվել`

1) տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի եւ պահառուի, ինչպես նաեւ դրանց հետ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերում,

2) տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կամ պահառուի աուդիտն իրականացնող անձի թողարկած արժեթղթերում,

3) տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչին կամ պահառուին խորհրդատվական ծառայություններ մատուցող անձանց թողարկած արժեթղթերում,

4) ածանցյալ գործիքներում, բացառությամբ հեջավորման նպատակով ներդրումների,

5) այն ակտիվներում, որոնց օտարումն արգելված կամ սահմանափակված է,

6) անշարժ գույքում կամ այլ ֆիզիկական ակտիվներում (արվեստի գործեր, հուշադրամներ, սրբապատկերներ, հնաոճ ապրանքներ, թանկարժեք մեքենաներ եւ այլն):

3. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվներում ներառված արժեթղթերը չեն կարող կարգավորվող շուկայից դուրս վաճառվել կամ ցանկացած այլ ձեւով օտարվել՝

1) տվյալ կենսաթոշակային ֆոնդի պահառուին,

2) տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչին,

3) տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կամ պահառուի կառավարման մարմնի անդամներին,

4) սույն մասի 1-3-րդ կետերում նշված անձանց հետ փոխկապակցված անձանց:

4.  Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը եւ պահառուն չեն կարող մեկը մյուսին տրամադրել փոխառություններ կամ երաշխավորել պարտավորությունների կատարումը:

5. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է ձեռնարկել քայլեր` համապատասխանեցնելու կենսաթոշակային ֆոնդի ներդրումները սույն օրենքի պահանջներին, եւ ապահովել հնարավոր առավելագույն շահութաբերություն, պահել ու խնայել կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները, եթե սույն հոդվածի 1-ին մասի հիման վրա սահմանված սահմանափակումները խախտվել են որպես հետեւանք՝

1) շուկայական գների փոփոխության, որոնք հիմք են հանդիսացել ակտիվների գնահատման  համար,

2) արտարժույթի փոխարժեքի փոփոխության,

3) կազմակերպությունների միջեւ տնտեսական եւ կազմակերպական հարաբերությունների փոփոխության, որոնց բաժնետոմսերում ներդրվել են կենսաթոշակային ֆոնդի ակտիվները,

4) կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կամքից անկախ եւ հսկողությունից դուրս այլ հանգամանքների:

6. Սույն օրենքով նախատեսված ներդրումների համապատասխանությունը պետք է ավարտվի ոչ ուշ, քան 6 ամսվա ընթացքում, սկսած այն օրվանից, երբ խախտումը տեղի է ունեցել կամ ակտիվների գնահատման արդյունքում հայտնի է դարձել խախտման մասին:

7. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է իրականացնել ֆոնդի ակտիվներում ներառված արժեթղթերով ամրագրված իրավունքները` ելնելով բացառապես մասնակիցների  շահերից:

ԳԼՈՒԽ 9

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՆԵՐԸ

Հոդված 45. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի մասնակցի հաշվին կատարվող վճարները եւ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվներից գանձվող վճարները եւ կատարվող ծախսերը

1. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման համար պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվներից գանձում է վճար (կառավարչի պարգեւավճար)՝ սույն օրենքի 47-րդ հոդվածում նշված չափով:

Բացի սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված պարգեւավճարից, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների հաշվին կարող է կատարել նաեւ տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման հետ կապված ծախսերը, որոնց կազմը եւ առավելագույն չափը սահմանում է Կենտրոնական բանկը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի հետ:

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվներից, բացի սույն օրենքով սահմանված վճարներից եւ ծախսերից, այլ նվազեցումներն արգելված են:

2. Կենսաթոշակային ֆոնդի կանոններով, բացառությամբ սույն հոդվածի  3-րդ մասով նախատեսված դեպքերի, կարող է սահմանվել պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման վճար, որը չի կարող գերազանցել մարվող փայերի հաշվարկային արժեքի  մեկ տոկոսը:

3. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման վճար չի գանձվում սույն օրենքով սահմանված կարգով կենսաթոշակի անցնելիս կուտակված միջոցները անուիտետի, ծրագրային վճարի կամ միանվագ վճարի տեսքով ստանալու, ինչպես նաեւ հետեւյալ դեպքերում.

մասնակցի կողմից իր կենսաթոշակային ֆոնդի փայերը նույն կառավարչի այլ կենսաթոշակային ֆոնդի փայերով փոխանակելու դեպքում.

սույն օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված հիմքերով կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակման դեպքում.

մասնակցի կողմից 12 ամսվա ընթացքում առաջին անգամ իր փայերը այլ կենսաթոշակային ֆոնդի փայերով փոխանակման գործարքի դեպքում.

սույն օրենքի համաձայն` անձի համար կենսաթոշակային հաշիվ բացելուց հետո սույն օրենքի 38-րդ կամ 39-րդ հոդվածով սահմանված կարգով մասնակցի (մասնակցի համար) առաջին անգամ ընտրած կենսաթոշակային ֆոնդի փայերի առաջին անգամ փոխանակման դեպքում.

ժառանգի կողմից սույն օրենքի 12-րդ գլխի համաձայն ժառանգված փայերի առաջին փոխանակման գործարքի դեպքում:

Հոդված 46. Պահառուի ծառայությունների համար վճարները

1. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի պահառուի ծառայությունների համար վճարները կատարվում են համաձայն կենսաթոշակային ֆոնդի կառավարչի հետ կնքված պայմանագրի` տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի հաշվին:

Հոդված 47. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի պարգեւավճարը

1. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչն իր կողմից կառավարվող պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կանոններով սահմանում է տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարման համար տարեկան պարգեւավճարներ եւ դրանց հաշվարկման կարգը:

2. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման տարեկան պարգեւավճարի չափը չպետք է գերազանցի տվյալ կենսաթոշակային ֆոնդի ակտիվների շուկայական արժեքի 1.5  տոկոսը:

Հոդված 48.  Մասնակիցների ռեեստրը վարողի ծառայությունների համար վճարները

1. Մասնակիցների ռեեստրը վարողի ծառայությունների համար վճարները կատարվում են համաձայն կենսաթոշակային ֆոնդի կառավարչի հետ կնքված պայմանագրի` տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի հաշվին:

Մասնակիցների ռեեստրը վարողի կողմից գանձվող վճարների չափը պետք է տնտեսապես հիմնավորված լինի եւ նրա համար ապահովի ողջամիտ եկամտաբերություն:

2. Մասնակիցների ռեեստրը վարողի ծառայությունների համար վճարի առավելագույն չափը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ մասնակիցների ռեեստրը վարողի միջեւ կնքված պայմանագրով:

3. Մասնակիցներից մասնակիցների ռեեստրը վարողին ուղղված` սույն օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կամ ժառանգության ձեւակերպման վերաբերյալ դիմումի համար մասնակցից կամ նրա ժառանգից գանձվում է վճար, որը չի կարող ավելի լինել, քան այդ նպատակով կատարվող ծախսերի եւ ողջամիտ շահութաբերության հանրագումարը:

ԳԼՈՒԽ 10

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 49.  Մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների վերադարձելիության երաշխավորումը

1. Մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների ամբողջ գումարի` ճշգրտված տարեկան գնաճով, վերադարձելիությունը երաշխավորվում է:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գումարի վերադարձելիությունը գումարի 20 տոկոսով երաշխավորում է սույն օրենքի հիման վրա ստեղծված Երաշխիքային ֆոնդը, իսկ մնացած 80 տոկոսով` Հայաստանի Հանրապետությունը:

Հոդված 50.  Երաշխավորված պարտադիր կուտակային վճարների հատուցման դեպքը

1. Մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների հատուցման դեպք է համարվում այն իրավիճակը, երբ սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված դիմումը ստանալու օրվա դրությամբ անձի կենսաթոշակային հաշվում առկա պարտադիր կենսաթոշակային ֆոնդի (ֆոնդերի) փայերի հաշվարկային արժեքների հանրագումարը փոքր է սույն օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գումարից:

2. Յուրաքանչյուր մասնակցին սույն գլխով նախատեսված հատուցումն իրականացվում է միայն մեկ անգամ:

Հոդված 51.  Երաշխիքային ֆոնդի միջոցները եւ երաշխիքային վճարները

1. Երաշխիքային ֆոնդի միջոցները ձեւավորվում են սույն օրենքով սահմանված երաշխիքային վճարների գումարներից, դրանց կառավարումից ստացված եկամուտներից, կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների նկատմամբ սույն օրենքի 52-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն ձեռք բերած պահանջի հիման վրա ստացված գումարներից, այլ եկամուտներից ու միջոցներից:

2. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների կողմից կատարվող երաշխիքային վճարների գումարները կուտակվում են Երաշխիքային ֆոնդի` Կենտրոնական բանկում գտնվող հաշվում:

3. Երաշխիքային ֆոնդի միջոցները կարող են օգտագործվել բացառապես սույն օրենքով նախատեսված կարգով եւ պայմաններով երաշխավորված պարտադիր կուտակային կենսաթոշակների հատուցման եւ Երաշխիքային ֆոնդի կառավարման այլ գործառնական ու վարչական ծախսերի եւ կապիտալ ներդրումների ծրագրի իրականացման համար, որոնք սահմանված են «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի համար:

4. Երաշխիքային ֆոնդի կառավարման տարեկան վարչական ծախսերը եւ կապիտալ ներդրումները չեն կարող գերազանցել հավաքագրված երաշխիքային վճարների 0.1 տոկոսը:

5. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները, բացառությամբ անվճարունակ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների, պարտավոր են սույն օրենքով նախատեսված կարգով Երաշխիքային ֆոնդին վճարել միանվագ եւ պարբերական երաշխիքային վճարներ: Երաշխիքային վճարների հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվություն ստանալու պահից տասնօրյա ժամկետում իրենց հաշվին վճարում են միանվագ երաշխիքային վճար` 15 միլիոն դրամ գումարի չափով:

7. Պարբերական երաշխիքային վճարները կատարվում են եռամսյակը մեկ` մինչեւ տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա տասներորդ աշխատանքային օրը: Պարբերական երաշխիքային վճարների գումարի չափը հաշվարկվում է կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից կառավարվող պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների տարեկան 0.02 տոկոսի չափով` օրական կտրվածքով: Ընդ որում, պարբերական երաշխիքային վճարները կատարվում են համապատասխան պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների հաշվին:

8. Երաշխիքային ֆոնդում կուտակված միջոցները Հայաստանի Հանրապետության սեփականությունն են:

9. Եթե հաշվետու եռամսյակի վերջին օրը Երաշխիքային ֆոնդի միջոցները, բացառությամբ վարկերի, փոխառությունների, երաշխիքների, դրամաշնորհների, նվիրատվությունների եւ նվիրաբերությունների, գերազանցում են տվյալ եռամսյակի վերջին օրվա դրությամբ երաշխիքային վճարներ կատարող բոլոր պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների կողմից կառավարվող պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 2.5 տոկոսը, ապա կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները պարբերական երաշխիքային վճարներ չեն կատարում: Այդ մասին Երաշխիքային ֆոնդը պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներին եւ Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնին հայտնում է մինչեւ հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա հինգերորդ օրը:

10. Սույն հոդվածով սահմանված երաշխիքային վճարները չկատարելու դեպքում այդ գումարների վրա հաշվարկվում են երաշխիքային վճար կատարելու համար սահմանված օրվա դրությամբ գործող բանկային տոկոսի հաշվարկային դրույքի եռապատիկի չափով տոկոսներ, որոնք վճարվում են չվճարող կենսաթոշակային ֆոնդի կառավարչի հաշվին:

Հոդված 52.  Մասնակիցների կատարած  երաշխավորված կուտակային վճարումների հատուցումը, տեղեկատվության փոխանակումը եւ վերահսկողությունը

Հատուցման դեպքի առկայության մասին որոշումը մասնակիցների ռեեստրը վարողն ընդունում է սույն օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դիմումը ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, որից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում մասնակցին հայտնում է հատուցման դեպքի առկայության (կամ դրա բացակայության) եւ սույն օրենքի 50-րդ հոդվածով նախատեսված տարբերության չափի մասին:

2. Հատուցման դեպքի առկայության փաստը բացահայտելուց հետո` 2 աշխատանքային օրվա ընթացքում, մասնակիցների ռեեստրը վարողն այդ մասին (ներառյալ` սույն օրենքի 50-րդ հոդվածով նախատեսված տարբերության չափի) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնին եւ Երաշխիքային ֆոնդին` ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած փաստաթղթերը եւ տեղեկությունները:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմինը եւ Երաշխիքային ֆոնդը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերն ու տեղեկություններն ստանալուց հետո`  5 աշխատանքային օրվա ընթացքում, հատուցման դեպքի առկայության փաստը հաստատված համարելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մասնակիցների ռեեստրը վարողին են փոխանցում սույն օրենքի 50-րդ հոդվածով նախատեսված տարբերության գումարը` յուրաքանչյուրը իր`  սույն օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված մասնաբաժնին համապատասխանող չափով:

4. Մասնակիցների ռեեստրը վարողը պարտադիր կուտակային կենսաթոշակը վճարելիս մասնակցի կենսաթոշակային հաշվում գտնվող բոլոր փայերի մարումից ստացված գումարին միացնում է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ստացած գումարը: Եթե մասնակիցը, ստանալով սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված գումարը, ցանկանում է կենսաթոշակը ստանալ ծրագրային վճարի տեսքով, ապա սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված գումարի հաշվին սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով մասնակցի համար ձեռք են բերվում այն կենսաթոշակային ֆոնդի փայերը, որին մասնակիցը վճարումներ է կատարելիս եղել սույն օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դիմումը ներկայացնելու պահին:

5. Երաշխավորված պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարների` ճշգրտված տարեկան գնաճով հատուցումն իրականացնելու դեպքում Հայաստանի Հանրապետությունը եւ Երաշխիքային ֆոնդը հատուցած գումարի եւ հատուցման կազմակերպման հետ կապված ծախսերի չափով հետադարձ պահանջի իրավունք են ձեռք բերում համապատասխան կենսաթոշակային ֆոնդի կառավարչի նկատմամբ, եթե հատուցման դեպքն առաջացել է տվյալ կառավարչի գործողությունների կամ անգործության հետեւանքով, բացառությամբ երբ կառավարիչն ապացուցում է, որ գործել է իր ֆիդուցիար պարտականությունների շրջանակում:

6. Երաշխիքային ֆոնդի եւ Կենտրոնական բանկի, ինչպես նաեւ Երաշխիքային ֆոնդի եւ մասնակիցների ռեեստրը վարողի միջեւ տեղեկությունների փոխանակման կարգը եւ պայմանները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:

7. Երաշխիքային ֆոնդի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի միջեւ տեղեկությունների փոխանակման կարգը եւ պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

8. Երաշխիքային ֆոնդի կողմից սույն օրենքով, Երաշխիքային ֆոնդի գործունեությունը կարգավորող այլ օրենքներով եւ դրանց համապատասխան ընդունված իրավական այլ ակտերով սահմանված գործունեության, Երաշխիքային ֆոնդի, ինչպես նաեւ դրա տնօրենի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում եւ պատասխանատվության միջոցներ է կիրառում Կենտրոնական բանկը` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» եւ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով եւ պայմաններով:

ԳԼՈՒԽ 11

ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ

Հոդված 53. Պարտադիր կուտակային կենսաթոշակների տեսակները

1. Պարտադիր կուտակային կենսաթոշակների տեսակներն են՝

1) անուիտետները.

2) ծրագրային վճարները.

3) միանվագ վճարները:

2. Կուտակային կենսաթոշակի չափը որոշվում է մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդի փայերի արժեքի եւ կուտակային կենսաթոշակների ստացման ժամանակահատվածի հիման վրա:

3. Անուիտետների եւ ծրագրային վճարների հաշվարկման համար մասնակիցների ռեեստրը վարողը եւ ապահովագրական ընկերությունները պետք է օգտագործեն երկու սեռի համար ունիվերսալ մահացության աղյուսակներ:

4. Կուտակային կենսաթոշակների վրա բռնագանձում կարող է տարածվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 54.  Մասնակցի պարտադիր կուտակային կենսաթոշակների ստացման կարգը կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո

1. Մասնակիցը կուտակային կենսաթոշակ ստանալու իրավունք է ձեռք բերում, եթե լրացել է մասնակցի կենսաթոշակային տարիքը, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի: Մասնակիցը կարող է սույն օրենքով սահմանված կարգով տնօրինել իր պարտադիր կուտակային կենսաթոշակը` անկախ պետական կենսաթոշակը ստանալու փաստից:

2. Պարտադիր կուտակային կենսաթոշակ ստանալու ցանկություն ունենալու դեպքում պարտադիր կուտակային կենսաթոշակ ստանալ ցանկացող մասնակիցը դիմում է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին իր կենսաթոշակային հաշվում առկա պարտադիր կենսաթոշակային ֆոնդի (ֆոնդերի) փայերի, դրանց ընդհանուր հաշվարկային արժեքի, ինչպես նաեւ մասնակցի միջոցները հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարի մասին տեղեկանք ստանալու վերաբերյալ: Մասնակիցների ռեեստր վարողը պարտավոր է դիմումը ստանալուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, մասնակցին տրամադրել տեղեկանք` սույն մասի առաջին նախադասությամբ նշված տեղեկություններով: Մասնակցի կողմից մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացվող դիմումի, ինչպես նաեւ մասնակիցների ռեեստրը վարողի կողմից մասնակցին տրամադրվող տեղեկանքի ձեւը սահմանվում է Կենտրոնական բանկի  նորմատիվ իրավական ակտով: Կենսաթոշակային հաշվի հաշվեկշիռը կազմվում է պարտադիր կուտակային բաղադրիչին մասնակցելու օրվանից սկսած` մինչեւ մասնակիցների ռեեստրը վարողին դիմում ներկայացնելու օրը:

3. Կախված մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա պարտադիր կենսաթոշակային ֆոնդի (ֆոնդերի) փայերի ընդհանուր հաշվարկային արժեքից` մասնակիցն իր պարտադիր կուտակային կենսաթոշակը կարող է ստանալ հետեւյալ ձեւերով.

ա) եթե մասնակցի միջոցները, սույն օրենքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարը փոքր է հիմնական կենսաթոշակի 75 տոկոսից կամ հավասար է դրան, ապա մասնակիցն իրավունք ունի կուտակային կենսաթոշակը ստանալու ծրագրային վճարների (բացառությամբ սույն օրենքի 52-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքի) կամ միանվագ վճարի ձեւով.

բ) եթե մասնակցի միջոցները, սույն օրենքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարը մեծ է հիմնական կենսաթոշակի 75 տոկոսից, բայց փոքր այդ կենսաթոշակի հնգապատիկից, ապա մասնակիցը պարտավոր է իր պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման արդյունքում ստացված գումարի չափով սույն օրենքով սահմանված կարգով կնքել անուիտետի պայմանագիր.

գ) եթե մասնակցի միջոցները, սույն օրենքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարը գերազանցում է հիմնական կենսաթոշակի հնգապատիկը, ապա մասնակիցը պարտավոր է իր պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի մի մասի մարման արդյունքում ստացված գումարի չափով սույն օրենքով սահմանված կարգով կնքել հիմնական կենսաթոշակի հնգապատիկն ապահովող անուիտետի պայմանագիր, իսկ մնացած մասը մասնակիցն իրավունք ունի ստանալու ծրագրային վճարների (բացառությամբ սույն օրենքի 52-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքի) կամ միանվագ վճարի ձեւով:

Իր ընտրության վերաբերյալ դիմումը մասնակիցը պարտավոր է ներկայացնել մասնակիցների ռեեստրը վարողին:

4. Անուիտետ ստանալու իրավունքը ծագում է անկախ այն հանգամանքից` մասնակիցն այլ աղբյուրներից անուիտետ, պետական կենսաթոշակ կամ նպաստ ստանում է, թե ոչ:

Հոդված 55.   Մասնակցի միջոցներն ապահովագրական ընկերությանը փոխանցելը

1. Մասնակիցը գրավոր դիմում է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին` տեղեկացնելով ընտրված ապահովագրական ընկերության եւ անուիտետի պայմանագրի, ինչպես նաեւ փայերը մարելու եւ դրա արդյունքում ստացված միջոցներն ապահովագրական ընկերությանը փոխանցելու մասին: Դիմումի ձեւը, ինչպես նաեւ դրան կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը սահմանվում ենԿենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:

2. Մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է տեղեկացնել պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարչին մարման պահանջի մասին եւ կենսաթոշակային ֆոնդի պահառուի հետ համատեղ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումը ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, կազմակերպել մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա փայերի մարումն ու դրա արդյունքում ստացված միջոցների փոխանցումը մասնակցի դիմումում նշված ապահովագրական ընկերությանը` անուիտետ գնելու նպատակով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում միջոցները ապահովագրական ընկերությանը չփոխանցելու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողը յուրաքանչյուր կետանցված օրվա համար մասնակցին վճարում է տույժ՝ չփոխանցված գումարի 0.01 տոկոսի չափով: Սույն մասով նախատեսված տույժ վճարելու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողն իրավունք ունի ներկայացնելու հետադարձ պահանջ տվյալ կենսաթոշակային ֆոնդի պահառուին, եթե կետանցը տեղի է ունեցել պահառուի մեղքով:

4. Ապահովագրական ընկերությունն իր հետ պայմանագիր կնքած մասնակցին գրավոր տեղեկացնում է սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դրամական միջոցների ստացման եւ դրանց չափի մասին՝ ստանալու օրվան հաջորդող 7 օրվա ընթացքում:

Հոդված 56. Անուիտետների տեսակները

1. Անուիտետի տեսակներն են՝

1) 10 կամ 5 տարով երաշխավորված անուիտետ (այսուհետ՝ որոշակի ժամկետով երաշխավորված անուիտետ).

2) ամուսինների անուիտետ՝ 10 կամ 5 տարի երաշխավորված ժամկետով:

2. Որոշակի ժամկետով երաշխավորված անուիտետը վճարվում է ցմահ, սակայն եթե անձը մահանում է նախքան 10 կամ 5 տարի (ըստ պայմանագրի) երաշխավորված ժամանակահատվածի լրանալը, ապա օրենքով ժառանգ համարվող անձինք իրավունք ունեն ապահովագրական ընկերությունից հետ ստանալ որոշակի ժամկետով երաշխավորված անուիտետի մնացորդային գումարը:

3. Ամուսինների անուիտետը վճարվում է ցմահ՝ այն անձին, հօգուտ որի այն նշանակվել է: Անձի մահից հետո, անուիտետը շարունակվում է վճարվել վերջինիս ողջ մնացած ամուսնուն  ցմահ՝  անուիտետի պայմանագրում նախատեսված գումարի չափով: Եթե ամուսիններից երկուսն էլ մահանում են երաշխիքային ժամանակահատվածում, նրանց ժառանգները ստանում են չվճարված գումարի անուիտետի պայմանագրով սահմանված մասը:

4. Անուիտետի վճարման պայմանագրից բխող պարտավորական իրավունքները չեն կարող գրավադրվել որպես մեկ այլ պարտավորության կատարման ապահովման միջոց:

Հոդված 57. Անուիտետի պայմանագիր կնքելը

1. Ապահովագրական ընկերությունը անուիտետի պայմանագրով պարտավորվում է մասնակցի համար, սույն օրենքի 55-րդ հոդվածի համաձայն, իրեն միանվագ փոխանցված դրամական միջոցների դիմաց մասնակցին վճարել անուիտետ: Ապահովագրական ընկերությունը պարտավոր է անուիտետի պայմանագիր կնքել յուրաքանչյուր մասնակցի հետ, որն ընտրել է տվյալ ապահովագրական ընկերության որեւէ անուիտետ (հրապարակային պայմանագիր):

2. Մասնակիցն ու ապահովագրական ընկերությունը կնքում են անուիտետի վճարման պայմանագիր՝ հաշվի առնելով սույն օրենքով եւ դրանից բխող նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները:

3. Անուիտետ վճարելու մասին պայմանագիր կնքելու համար մասնակիցը ապահովագրական ընկերություն է ներկայացնում (թղթային կամ էլեկտրոնային եղանակով) մասնակիցների ռեեստրը վարողի կողմից սույն օրենքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն տրամադրած տեղեկանքը մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդերի փայերի ընդհանուր հաշվարկային արժեքի վերաբերյալ:

4.  Անուիտետի պայմանագիր կնքելիս ապահովագրական ընկերությանն արգելվում է մասնակցից պահանջել վերջինիս առողջական վիճակի վերաբերյալ կամ հիվանդության պատմությունից որեւէ տեղեկատվություն:

5. Անուիտետի պայմանագրում նշվում են՝

1) անուիտետի տեսակը,

2) մասնակցի տարիքը,

3) ապահովագրական ընկերությանը միանվագ փոխանցված գումարի չափը,

4) վճարման ենթակա անուիտետի չափը, ժամկետը եւ վճարման պարբերականությունը,

5) անուիտետի պայմանագրի դադարման հիմքերը եւ պայմանները,

6) պատասխանատվությունը անուիտետի պայմանագրի պայմանները խախտելու դեպքում,

7) օրենքով սահմանված այլ պայմաններ:

6. Անուիտետի պայմանագրում, բացի սույն օրենքով եւ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով նախատեսված էական պայմաններից, կողմերի հայեցողությամբ կարող են նախատեսվել սույն օրենքին եւ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտին չհակասող այլ դրույթներ:

Հոդված 58. Անուիտետի պայմանագրի դադարելը

1. Անուիտետի պայմանագիրը դադարում է անուիտետ ստացող անձի մահվան, իսկ ամուսինների անուիտետի պայմանագրի դեպքում՝ երկրորդ ամուսնու մահվան դեպքում, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի:

2. Երաշխավորված ժամկետում անուիտետ ստացող անձանց մահվան դեպքում անուիտետի պայմանագիրը դադարում է պայմանագրով սահմանված մնացորդային գումարը ժառանգներին՝ օրենքով սահմանված կարգով վճարելու դեպքում:

3. Ապահովագրական ընկերության կողմից 2 անգամ անընդմեջ անուիտետ չվճարելու դեպքում անուիտետ ստացող անձը կամ նրա ամուսինն իրավունք ունեն իրենց նախաձեռնությամբ լուծելու պայմանագիրը` պահանջելով ապահովագրական ընկերությունից կորցրած եկամտի փոխհատուցում:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքով անուիտետի պայմանագիրը լուծելու դեպքում անուիտետի մնացորդային գումարը ենթակա է փոխանցման անձի կողմից նշված այլ ապահովագրական ընկերությանը: Սույն մասում նշված մնացորդային գումարի հաշվարկման եւ այլ ապահովագրական ընկերություն փոխանցման կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:

Հոդված  59.  Ծրագրային վճարը

1. Սույն օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» եւ «գ» ենթակետերով նախատեսված դեպքերում կուտակային կենսաթոշակը կարող է վճարվել ծրագրային վճարի տեսքով:

2. Ծրագրային վճարը մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդերի փայերի մասնակի մարումների հաշվին ամսական կտրվածքով վճարվող կենսաթոշակ է՝ բաշխված ըստ կյանքի սպասվող տեւողության ամիսների:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է ծրագրային վճարների հաշվարկման մեթոդաբանությունը:

Հոդված 60. Միանվագ վճարը

1. Միանվագ վճարը կատարվում է՝

1) սույն օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» եւ «գ» ենթակետերով նախատեսված դեպքերում.

2) նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը անձին օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչելու դեպքում.

3) մասնակցի ծայրահեղ ծանր վիճակում գտնվելու եւ կենսական կարեւոր օրգանների անբուժելի ախտահարումներով հիվանդ լինելու դեպքում, ինչը հավաստվում է առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից տրված եզրակացությամբ.

4) մասնակցի մահվան դեպքում` սույն օրենքի 61-րդ հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքերից որեւէ մեկի առկայության դեպքում իրավատերը (մասնակիցը, ժառանգը կամ այլ իրավազոր ֆիզիկական անձը) դիմում է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին՝ նշելով միանվագ վճար կատարելու հիմքը:

Դիմումի ձեւը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:

3. Մասնակիցների ռեեստրը վարողը դիմումն ստանալու օրվանից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, մարում է մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա փայերը եւ կատարում է միանվագ վճար:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում միանվագ վճարը չկատարելու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողը յուրաքանչյուր կետանցված օրվա համար մասնակցին վճարում է տույժ՝ չվճարված գումարի 0.01 տոկոսի չափով: Սույն մասով նախատեսված տույժ վճարելու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողն իրավունք ունի հետադարձ պահանջ ներկայացնելու տվյալ կենսաթոշակային ֆոնդի պահառուին, եթե կետանցը տեղի է ունեցել  պահառուի մեղքով:

5. Նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը միանվագ վճար կարող է կատարվել նաեւ՝

1) եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին մշտական բնակության նպատակով մեկնում է արտասահման եւ հրաժարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից.

2) Հայաստանում աշխատող օտարերկրացիներին, ովքեր վերադառնում են իրենց մշտական բնակության երկիր:

Սույն մասով նախատեսված միանվագ վճարը կարող է կատարվել միայն անկանխիկ փոխանցման միջոցով` համապատասխան օտարերկրյա պետությունում անձի գործող պարտադիր կուտակային կենսաթոշակային հաշվին: Եթե համապատասխան օտարերկրյա պետությունում անձը չունի պարտադիր կուտակային կենսաթոշակային հաշիվ, կամ միջոցների փոխանցումն անհնար է որեւէ այլ օբյեկտիվ պատճառով, ապա սույն մասի 1-ին եւ 2-րդ կետերում նշված անձինք կարող են ստանալ իրենց միջոցները սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել սույն մասում նշված միանվագ վճարների կատարման  կարգը եւ այլ պայմաններ:

ԳԼՈՒԽ 12

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՓԱՅԵՐԻ ԵՎ ԱՆՈՒԻՏԵՏԻ ԺԱՌԱՆԳՈՒՄԸ

Հոդված 61. Կենսաթոշակային ֆոնդերի փայերի եւ անուիտետի ժառանգումը

1. Կենսաթոշակային ֆոնդերի փայերի եւ անուիտետի ժառանգման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով:

2. Կենսաթոշակային ֆոնդերի փայերը եւ անուիտետը կարող են ժառանգության կարգով փոխանցվել միայն ֆիզիկական անձանց եւ Հայաստանի Հանրապետությանը:

3. Ժառանգվել կարող են ինչպես նախքան կուտակային կենսաթոշակ ստանալը մահացած մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդերի փայերը, այնպես էլ կուտակային կենսաթոշակ ստանալու ժամանակահատվածում  մահացած կենսաթոշակառուի ժառանգման ենթակա փայերը եւ անուիտետը:

4. Մասնակցի մահվան դեպքում նրա կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդերի փայերը փոխանցվում են նրա ժառանգի կենսաթոշակային հաշվին կամ սույն օրենքով սահմանված կարգով մարվում են եւ ժառանգություն ստացած ժառանգներին վճարվում են միանվագ վճարի տեսքով: Ընդ որում, եթե մահացած մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա ժառանգվող կենսաթոշակային ֆոնդի փայերի ընդհանուր հաշվարկային արժեքը`

1)  պակաս է հիմնական կենսաթոշակի քսանհինգապատիկից, ապա փայերը մարվում են, եւ մարման արդյունքում ստացված գումարը վճարվում է ժառանգներին միանվագ վճարի տեսքով.

2) մեծ է հիմնական կենսաթոշակի քսանհինգապատիկից, ապա հիմնական կենսաթոշակի քսանհինգապատիկի չափով փայերը մարվում են, եւ մարման արդյունքում ստացված գումարը վճարվում է ժառանգին միանվագ, իսկ գերազանցող մասը փոխանցվում է ժառանգի պարտադիր կուտակային կենսաթոշակային հաշվին, եթե նա պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից է: Եթե ժառանգորդը ցանկանում է ժառանգված փայերը փոխանակել իր հաշվում գտնվող փայերով, ապա պարտավոր է լրացնել եւ մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնել սույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումը:

5. Եթե մահացած մասնակցի ժառանգը չի հանդիսանում պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից, ապա մասնակիցների ռեեստր վարողը պարտավոր է նրա համար բացել կենսաթոշակային հաշիվ եւ ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանցել այդ կենսաթոշակային հաշվին` անկախ ժառանգի տարիքից: Այդ պահից սկսած` ժառանգը ձեռք է բերում կենսաթոշակային ֆոնդի մասնակցի համար սույն օրենքով սահմանված բոլոր իրավունքները եւ կրում է սույն օրենքով սահմանված բոլոր պարտականությունները, բացառությամբ պարտադիր կուտակային վճարներ կատարելու պարտականության: Եթե ժառանգը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ չունի մասնակիցների ռեեստրը վարողի մոտ բացված կենսաթոշակային հաշիվ, ապա նա գումարը ստանում է սույն օրենքով սահմանված կարգով` միանվագ վճարի տեսքով:

6. Մահացած կենսաթոշակառուի ժառանգման ենթակա կենսաթոշակը ժառանգներին օրենքով սահմանված չափով վճարվում է միանվագ վճարի տեսքով: Ապահովագրական ընկերությունից անուիտետի ժառանգման կարգը եւ դիմումի ձեւը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:

7. Եթե մահացած մասնակիցը չունի ժառանգ, ապա նրան պատկանող փայերը մարվում են մասնակիցների ռեեստրը վարողի կողմից, եւ ձեւավորված դրամական միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

8. Սույն հոդվածի 7-րդ մասի կանոնները կիրառվում են նաեւ մահացած մասնակցի կենսաթոշակային ֆոնդի փայերի նկատմամբ, որոնց սեփականատերերին 3 տարի չի հաջողվել պարզել, եւ որոնք չեն մուտքագրվել  որեւէ մեկի կենսաթոշակային հաշվին:

Հոդված 62. Կենսաթոշակային ակտիվների ժառանգման կարգը

1. Ժառանգության վկայականը  ստանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, ժառանգը դիմում է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման եւ մարման արդյունքում ձեւավորված դրամական միջոցները սույն օրենքով սահմանված կարգով միանվագ ստանալու կամ սույն օրենքով սահմանված կարգով ժառանգություն ստացած փայերն իր կենսաթոշակային հաշվին փոխանցելու մասին: Դիմումի հետ ժառանգը պարտավոր է ներկայացնել նաեւ ժառանգության վկայականի պատճենը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումը կարող է ներկայացվել թղթային կամ էկեկտրոնային եղանակով: Դիմումի ձեւը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:

Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումը պետք է պարունակի հետեւյալ տեղեկությունները.

1) ժառանգի անունը եւ ազգանունը, անձնագրի սերիան եւ համարը,

2) ժառանգի սոցիալական ապահովության քարտի համարը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը, բացառությամբ այն դեպքի, երբ անձը օտարերկրյա քաղաքացի է եւ պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից չէ,

3) ժառանգի կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն եւ այլն),

4) ժառանգի՝ մասնակիցների ռեեստրը վարողից տեղեկատվություն (նամակ, էլեկտրոնային հաղորդագրություն եւ այլն) ստանալու նախընտրելի միջոցը,

5) ժառանգատուի անունը եւ ազգանունը,

6) ժառանգատուի սոցիալական ապահովության քարտի համարը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը,

7) ժառանգի ընտրած կենսաթոշակային ֆոնդի կառավարչի եւ կենսաթոշակային ֆոնդի անվանումը,

8) հավաստում այն մասին, որ համաձայն է սույն մասի 7-րդ կետում նշված կենսաթոշակային ֆոնդի կանոնների հետ,

9) հավաստում այն մասին, որ պահանջում է փայերի մարում եւ կուտակային ակտիվների միանվագ վճարում՝ նշելով իր անհատական բանկային հաշվի վավերապայմանները,

10) ժառանգության վկայականի վավերապայմանները,

11) դիմումի ներկայացման տարին, ամիսը եւ ամսաթիվը,

12) ժառանգի (ժառանգի լիազոր ներկայացուցչի) ստորագրությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ դիմումը ներկայացվել է էլեկտրոնային եղանակով, որն ապահովում է անձի նույնականացումը:

Եթե ժառանգը դիմում է ներկայացրել ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերը  սույն օրենքին համապատասխան ամբողջությամբ իր կենսաթոշակային հաշվին փոխանցելու մասին, ապա սույն մասի 9-րդ կետով նախատեսված տեղեկությունները չեն լրացվում:

Եթե ժառանգը դիմում է ներկայացրել ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերը մարելու եւ ստացված դրամական միջոցները սույն օրենքին համապատասխան ամբողջությամբ միանվագ ստանալու մասին, ապա չեն լրացվում սույն մասի 7-րդ եւ 8-րդ կետերով նախատեսված տեղեկությունները:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումը չի կարող հետ կանչվել կամ փոփոխվել:

4. Եթե ժառանգը դիմում է ներկայացրել ժառանգած կենսաթոշակային ֆոնդի փայերն իր կենսաթոշակային հաշվին փոխանցելու մասին, ապա այդ դիմումի նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնները:

5. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումը ներկայացնելուց հետո մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է կազմակերպել կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանցումը ժառանգի կենսաթոշակային հաշվին եւ (կամ) կենսաթոշակային ֆոնդի փայերի մարումն ու մարման արդյունքում ստացված միջոցների միանվագ վճարումը` դիմումը ստանալուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում: Փայերի մարման ժամանակ փայի հետգնման (մարման) գնի հաշվարկման նկատմամբ կիրառվում են սույն օրենքի, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի եւ 32-րդ հոդվածի  5-րդ մասի պահանջները:

6. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում կենսաթոշակային ակտիվները շարունակում են մնալ նույն կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կառավարման ներքո մինչեւ 3 տարի ժամանակով: Երեք տարվա ընթացքում դիմում չներկայացնելու դեպքում փայերը մարվում են, եւ մարման արդյունքում առաջացած միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

Հոդված 63.  Կենսաթոշակային ֆոնդերի փայերի ժառանգման մասին դիմումը մերժելը

1. Մասնակիցների ռեեստրը վարողն իրավունք ունի մերժելու սույն օրենքի 62-րդ հոդվածով սահմանված դիմումը, եթե դիմումը չի համապատասխանում 62-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին:

Դիմումը մերժելու եւ դրա պատճառների մասին մասնակիցների ռեեստրը վարողը գրավոր տեղեկացնում է դիմում ներկայացրած ժառանգին:

2. Մասնակիցների ռեեստրը վարողի կողմից սույն օրենքի 62-րդ հոդվածով սահմանված դիմումը մերժելու դեպքում ժառանգը պարտավոր է ներկայացնել նոր դիմում, որը կհամապատասխանի սույն օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին:

ԳԼՈՒԽ 13

ԿԱՄԱՎՈՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉ

Հոդված 64.  Կամավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի գործունեության սկզբունքները

1. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգի կամավոր կուտակային բաղադրիչը հիմնվում է հետեւյալ սկզբունքների վրա՝

1) իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կամավոր մասնակցություն,

2) կամավոր կուտակային բաղադրիչին մասնակցության դեպքում՝ հարկային արտոնությունների տրամադրում:

2. Կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմաները լինում են հետեւյալ տեսակների.

սահմանված կենսաթոշակներ.

կուտակային կենսաթոշակային ավանդներ.

սահմանված կենսաթոշակային վճարներ:

Հոդված 65.  Կամավոր կուտակային կենսաթոշակային գործունեություն իրականացնելը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում միայն կամավոր կենսաթոշակային ֆոնդերը (կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները), բանկերը եւ ապահովագրական ընկերություններն իրավունք ունեն առաջարկելու կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմաներ:

2. Կամավոր կուտակային կենսաթոշակների պայմանագրի սուբյեկտ կարող է լինել գործատուն, որը կամավոր կուտակային կենսաթոշակի պայմանագիր է կնքում իր աշխատակիցների օգտին, ինչպես նաեւ ֆիզիկական անձը, որն իրավունք ունի կամավոր կուտակային կենսաթոշակի պայմանագիր կնքելու իր կամ այլ անձանց օգտին:

3. Կամավոր կուտակային կենսաթոշակային ֆոնդերը պարտավոր են սահմանել կամավոր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կանոնները, որոնք պետք է ներառեն կամավոր կուտակային վճարի չափը, փայերի մարման վճարի չափը, վճարների կատարման ժամկետը եւ պարբերականությունը, կենսաթոշակների վճարման ժամկետներն ու պարբերականությունը, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով նախատեսված այլ պայմաններ:

4. Կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմաների կանոնները կարող են փոփոխվել միայն ապագա ժամանակահատվածի համար, եւ դրանք չեն կարող վատթարացնել մասնակիցների/շահառուների կամավոր կուտակային կենսաթոշակի պայմանները:

5. Անձը կարող է մասնակցել միաժամանակ մեկից ավելի կամավոր սխեմաների:

6. Անձը կամավոր կենսաթոշակ ստանալու իրավունք է ձեռք բերում կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերի:

7. Մինչեւ կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակիցն իրավունք ունի միանվագ վճարի ձեւով ստանալու իր միջոցները հետեւյալ դեպքերում.

1) անձին օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչելու դեպքում.

2) մասնակցի ծայրահեղ ծանր վիճակում գտնվելու եւ կենսական կարեւոր օրգանների անբուժելի ախտահարումներով հիվանդ լինելու դեպքում, որը հավաստվում է առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի տված եզրակացությամբ.

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացու` մշտական բնակության նպատակով արտասահման մեկնելու եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում.

4) Հայաստանում աշխատող օտարերկրացիների` իրենց մշտական բնակության երկիր վերադառնալու դեպքում.

5) կամավոր կենսաթոշակային ֆոնդի դադարեցման (լուծարման) դեպքում:

Բոլոր այլ դեպքերում կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմաների մասնակիցները կարող են օգտագործել այդ սխեմաներով կուտակված միջոցները միայն կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո:

Հոդված 66.  Ապահովագրական ընկերությունների կողմից կամավոր կուտակային կենսաթոշակների տրամադրումը

1. Ապահովագրական ընկերությունները կարող են առաջարկել միայն «սահմանված կենսաթոշակներ» սխեմաներ:

2. Անձը կարող է ապահովագրական ընկերությունից կամավոր կենսաթոշակը ստանալ հետեւյալ ձեւերով.

1) միանվագ վճարի տեսքով.

2) ցմահ կամ ժամկետային վճարների (անուիտետի) տեսքով:

3. Ապահովագրական ընկերությունը պարտավոր է ունենալ ակտուարական հաշվարկներ իրականացնող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան որակավորում ունեցող ակտուար կամ պայմանագրային կարգով օգտվել նման ակտուարի ծառայություններից:

4. Ապահովագրական ընկերությունների կողմից կամավոր կուտակային կենսաթոշակային միջոցների տնօրինումն ու օգտագործումն իրականացվում են «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել «սահմանված կենսաթոշակներ» սխեմա առաջարկող ընկերությունների տեխնիկական պահուստների եւ ներդրումների նկատմամբ պահանջներ:

5. Ապահովագրական ընկերությունները կենսաթոշակները վճարում են սույն օրենքով եւ կամավոր կուտակային կենսաթոշակի (անուիտետի) պայմանագրով սահմանված կարգով: Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել կամավոր կուտակային կենսաթոշակի (անուիտետի) պայմանագրին, ինչպես նաեւ սույն օրենքի 74-րդ հոդվածով նախատեսված` գործատուի եւ ապահովագրական ընկերության միջեւ կնքվող պայմանագրին ներկայացվող պարտադիր պահանջներ, որոնց ներառումը պայմանագրերում ապահովագրական ընկերության պարտականությունն է:

6. Մահացած կենսաթոշակառուի ժառանգման ենթակա անուիտետը ժառանգներին վճարվում է միանվագ վճարի տեսքով օրենքով եւ անուիտետի պայմանագրով սահմանված չափով: Ապահովագրական ընկերությունից անուիտետի ժառանգության ստացման կարգը եւ դիմումի ձեւը սահմանվում են անուիտետի պայմանագրով:

Հոդված 67. Բանկերի կողմից կամավոր կուտակային կենսաթոշակների տրամադրումը

1. Բանկերը կարող են առաջարկել միայն «կուտակային կենսաթոշակային ավանդներ» կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմաներ:

2. Մասնակիցը կարող է բանկից կամավոր կենսաթոշակը ստանալ հետեւյալ ձեւերով`

1) միանվագ վճարի տեսքով.

2) ժամկետային պարբերական վճարների տեսքով:

3. Կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո մասնակիցն իրավունք ունի պահանջելու բանկից կուտակային կենսաթոշակային ավանդի գումարի կամ դրա մի մասի  փոխանցումը ապահովագրական ընկերությանը` անուիտետի պայմանագիր կնքելու նպատակով: Բանկն իրականացնում է կուտակային կենսաթոշակային ավանդի գումարի կամ դրա մի մասի անկանխիկ փոխանցումը մասնակցի նշած ապահովագրական ընկերությանը` կուտակային կենսաթոշակային ավանդի պայմանագրով սահմանված կարգով եւ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մասնակցի կողմից դիմումը ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում: Սույն մասով նախատեսված ավանդի գումարի կամ դրա մի մասի փոխանցման դեպքում մասնակցին` փոխանցված գումարի մասով կանխիկ վճարումներ չեն կատարվում:

4. Բանկերը կենսաթոշակները վճարում են սույն օրենքով եւ կուտակային կենսաթոշակային ավանդի պայմանագրով սահմանված կարգով: Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել կամավոր կուտակային կենսաթոշակային ավանդի պայմանագրին ներկայացվող պարտադիր պահանջներ, որոնց ներառումը պայմանագրերում բանկի պարտականությունն է:

5. Մահացած մասնակցի ժառանգն իրավունք ունի ցանկացած ժամանակ բանկից պահանջելու կուտակային կենսաթոշակային ավանդի գումարը կամ դրա մի մասը` ներկայացնելով ավանդի պայմանագրով նախատեսված դիմումը եւ ժառանգության վկայականը: Բանկը պարտավոր է կուտակային կենսաթոշակային ավանդի գումարը կամ դրա մնացած մասը վերադարձնել մահացած մասնակցի ժառանգին` նրա առաջին իսկ պահանջով:

Հոդված 68.  Կամավոր կենսաթոշակային ֆոնդերի կողմից կամավոր կուտակային կենսաթոշակների տրամադրումը

1. Կամավոր կենսաթոշակային ֆոնդերը (կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները) կարող են առաջարկել միայն «սահմանված կենսաթոշակային վճարներ» սխեմաներ:

2. Կամավոր կուտակային վճար կատարելով` անձը ձեռք է բերում վճարին համապատասխան քանակով տվյալ կամավոր կենսաթոշակային ֆոնդի փայեր` հիմք ընդունելով տվյալ ֆոնդի փայի տեղաբաշխման գինը: Ձեռք բերված փայերը հավաստում են մասնակցի` տվյալ ֆոնդի ակտիվների նկատմամբ փայամասնակցության իրավունքը:

3. Կամավոր կենսաթոշակային ֆոնդի մասնակիցը կարող է փոխանակել կամավոր կենսաթոշակային ֆոնդի իր փայերը միայն այլ կամավոր կենսաթոշակային ֆոնդի փայերով: Կենսաթոշակային ֆոնդի մասնակիցն իրավունք ունի իր կամավոր կենսաթոշակային ֆոնդի (նախկին կենսաթոշակային ֆոնդ) փայերը փոխանակելու տվյալ կամ այլ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից կառավարվող այլ կամավոր կենսաթոշակային ֆոնդի (նոր կենսաթոշակային ֆոնդ) փայերով` նախկին կենսաթոշակային ֆոնդի կառավարչին դիմում ներկայացնելու միջոցով: Նախկին կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պահառուի հետ համատեղ կազմակերպում է մասնակցին պատկանող փայերի մարումն ու միջոցների փոխանցումը նոր կենսաթոշակային ֆոնդին` ֆոնդի կանոններով սահմանված կարգով եւ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մասնակցի կողմից դիմումը ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում:

4. Փայերի փոխանակման դեպքում նախկին կենսաթոշակային ֆոնդի փայերը մարվում են, եւ մարման գնին համապատասխան չափով ձեռք են բերվում նոր կենսաթոշակային ֆոնդի փայեր: Փայերի փոխանակման դեպքում հիմք են ընդունվում նույն օրվա փայերի մարման (հետգնման) եւ տեղաբաշխման գները` հաշվի առնելով սույն հոդվածի 13-րդ, 14-րդ եւ 15-րդ մասերի, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի եւ   32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները:

5. Եթե սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` փոխանակման ենթակա նախկին կենսաթոշակային ֆոնդի փայերի մարումը (հետգնումը) կասեցված է, ապա փայերի փոխանակումն իրականացվում է փայերի հետգնման (մարման) կասեցման ժամկետի ավարտից անմիջապես հետո: Եթե փայերի փոխանակման արդյունքում ձեռքբերման ենթակա փայերի տեղաբաշխումը կասեցված է, ապա կառավարիչը մերժում է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դիմումը` մասնակցին տեղեկացնելով դիմումի մերժման պատճառների մասին:

Սույն մասով նախատեսված փոխանակման ենթակա նախկին կենսաթոշակային ֆոնդի փայերի մարումը (հետգնումը) կարող է կասեցվել միայն սույն օրենքի 40-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված դեպքերում:

6. Կամավոր կենսաթոշակային ֆոնդի կանոններով կարող է նախատեսվել մասնակցի` տվյալ ֆոնդին մասնակցության նվազագույն ժամանակահատված, որը լրանալուց հետո միայն մասնակիցը կարող է պահանջել ձեռք բերված փայերի փոխանակումը (հաջորդ փոխանակումը)` սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն: Սույն մասով սահմանված ժամանակահատվածը չի կարող 2 տարուց ավելի լինել:

7. Կամավոր կենսաթոշակային ֆոնդից կենսաթոշակների ստացման համար, ինչպես նաեւ սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքերում մասնակիցը պետք է ներկայացնի դիմում համապատասխան կենսաթոշակային ֆոնդի կառավարչին: Դիմումի ձեւը եւ դրանում պարունակվող տեղեկությունները սահմանվում են կենսաթոշակային ֆոնդի կանոններով:

8. Կամավոր կենսաթոշակային ֆոնդերի կողմից կենսաթոշակները վճարվում են սույն օրենքով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով եւ կամավոր կենսաթոշակային ֆոնդի կանոններով սահմանված կարգով:

9. Մասնակիցը կարող է կամավոր կենսաթոշակային ֆոնդից կենսաթոշակը ստանալ հետեւյալ ձեւերով`

1) միանվագ վճարի տեսքով.

2) ծրագրային վճարի տեսքով:

10. Մասնակիցն իրավունք ունի կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո պահանջելու կամավոր կենսաթոշակային ֆոնդի փայերի մարում եւ մարման արդյունքում ստացված միջոցների կամ դրանց մի մասի փոխանցումը ապահովագրական ընկերությանը` անուիտետի պայմանագիր կնքելու նպատակով: Մասնակցին պատկանող փայերի մարումն ու մարման արդյունքում ստացված դրամական միջոցների կամ դրանց մի մասի փոխանցումը մասնակցի նշած ապահովագրական ընկերությանը կազմակերպում է տվյալ կենսաթոշակային ֆոնդի պահառուն` մասնակցի կողմից սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դիմումը ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում: Սույն մասով նախատեսված կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման եւ մարման արդյունքում ստացված միջոցների կամ դրանց մի մասի ապահովագրական ընկերությանը փոխանցման դեպքում մասնակցին` ապահովագրական ընկերությանը փոխանցված գումարի մասով, կենսաթոշակային ֆոնդը վճարումներ չի կատարում:

11. Կենսաթոշակային ֆոնդի մասնակցի մահվան դեպքում ժառանգն իրավունք ունի դիմում ներկայացնելու կենսաթոշակային ֆոնդի կառավարչին` ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման եւ մարման արդյունքում ձեւավորված դրամական միջոցները միանվագ ստանալու մասին: Դիմումի հետ ժառանգը պարտավոր է ներկայացնել նաեւ ժառանգության վկայականի պատճենը: Դիմումի ձեւը եւ ներկայացման կարգը սահմանվում են կենսաթոշակային ֆոնդի կանոններով:

12. Սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված դիմումը ներկայացնելուց հետո կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է իրականացնել կենսաթոշակային ֆոնդի փայերի մարումն ու մարման արդյունքում ստացված միջոցների միանվագ վճարումը դիմումը ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում:

13.  Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարման համար կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվներից գանձում է պարգեւավճար՝ տվյալ կենսաթոշակային ֆոնդի կանոններով սահմանված չափով եւ կարգով:

14. Կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների հաշվին կատարվող վճարների (այդ թվում` սույն հոդվածի 13-րդ մասով սահմանված` կառավարչի պարգեւավճարի, ինչպես նաեւ պահառուի պարգեւավճարի) առավելագույն չափը, ինչպես նաեւ կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարման համար տվյալ ֆոնդի ակտիվների հաշվին կատարվող ծախսերի ուղղությունները եւ առավելագույն չափերը սահմանում է Կենտրոնական բանկը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի հետ:

15. Կենսաթոշակային ֆոնդի կանոններով, բացառությամբ կենսաթոշակի ստացման նպատակով կենսաթոշակային ֆոնդի փայերը մարելու դեպքի, կարող է սահմանվել կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման վճար, որը պետք է ուղղակի սահմանված լինի տվյալ կենսաթոշակային ֆոնդի կանոններով եւ չի կարող գերազանցել Կենտրոնական բանկի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի համատեղ հաստատված չափը:

Հոդված 69. Անձնավորված հաշվառումը «Սահմանված կենսաթոշակային վճարներ» կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմայում

1. Կամավոր կենսաթոշակային ֆոնդերը յուրաքանչյուր շահառուի/ մասնակցի համար պարտավոր են վարել անձնավորված հաշվառում՝ «Եկամտային հարկի եւ կուտակային վճարների անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին, 3-րդ եւ 4-րդ կետերով սահմանված սկզբունքներին համապատասխան:

2. «Սահմանված կենսաթոշակային վճարներ» սխեմայի յուրաքանչյուր մասնակցի համար պետք է բացվի կենսաթոշակային հաշիվ, որտեղ հաշվառվում են մասնակցին պատկանող տվյալ կենսաթոշակային ֆոնդի փայերը:

3. Կամավոր կուտակային կենսաթոշակային ֆոնդը պարտավոր է պարբերաբար, սակայն ոչ պակաս, քան տարեկան մեկ անգամ տեղեկատվություն տրամադրել մասնակցին նրա կենսաթոշակային հաշվում արտացոլված նախորդ օրացուցային տարվա տվյալների մաuին` կենսաթոշակային ֆոնդի կանոններով սահմանված կարգով եւ ժամկետներում:

4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված տարեկան տեղեկատվությունը մասնակցին տրամադրվում է թղթային տարբերակով, եթե մասնակիցը այլ նախընտրելի տարբերակ չի նշել:

5. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված տարեկան տվյալները մասնակցին տրամադրվում են անվճար` նախորդ տարվա համար ոչ ուշ, քան մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 15-ը:

Հոդված 70.  Կամավոր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ներդրման սկզբունքները

1. Կամավոր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները կարող են ներդրվել բացառապես սույն օրենքի, սույն օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի եւ ֆոնդի կանոնների պահանջներին համապատասխան:

2. Նպատակ ունենալով առավելագույնի հասցնել ներդրումների արդյունավետությունը՝ հօգուտ «Սահմանված կենսաթոշակային վճարներ» սխեմայում կամավոր կուտակային բաղադրիչի մասնակիցների, կամավոր կենսաթոշակային ֆոնդի ներդրումները պետք է հիմնված լինեն հետեւյալ սկզբունքների վրա.

1) կամավոր կուտակային կենսաթոշակային ֆոնդի ակտիվների ապահովություն եւ եկամտաբերություն,

2) ռիսկերի դիվերսիֆիկացիա,

3) համարժեք իրացվելիության ապահովում:

3. «Սահմանված կենսաթոշակային վճարներ» սխեմայում կամավոր կուտակային կենսաթոշակային ակտիվների ներդրումը սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում նշվածներից այլ նպատակներով ու սկզբունքների հիման վրա կհամարվի կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ստանձնած պարտավորությունների խախտում:

4. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է ներդնել ռիսկերի կառավարման այնպիսի համակարգ, որը հնարավորություն կտա ցանկացած ժամանակ հսկելու եւ գնահատելու դիրքերի ռիսկերը եւ դրանց բաժինը կենսաթոշակային ֆոնդի ընդհանուր ռիսկի մեջ:

Ռիսկերի կառավարման համակարգին ներկայացվող պահանջները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:

Հոդված 71.  Կամավոր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների թույլատրելի ներդրումները

1. Կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել Հայաստանի Հանրապետությունում եւ արտասահմանում:

2. Հայաստանի Հանրապետությունում կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել հետեւյալ ակտիվներում.

1) բանկային հաշիվներում եւ ավանդներում, եթե տվյալ բանկը չի գտնվում անվճարունակության (սնանկության) գործընթացում,

2) Հայաստանի Հանրապետության, Կենտրոնական բանկի կամ Հայաստանի Հանրապետության համայնքների թողարկած կամ ամբողջությամբ երաշխավորված արժեթղթերում,

3) Հայաստանի Հանրապետությունում գործող կարգավորվող շուկաներում առեւտրին թույլատրված արժեթղթերում,

4) այն ներդրումային ֆոնդերի թողարկած արժեթղթերում, որոնք վերահսկվում են Կենտրոնական բանկի կողմից,

5) ածանցյալ գործիքներում` միայն հեջավորման նպատակով:

3. Արտասահմանում կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել՝

1) ՏՀԶԿ կամ ԵՄ անդամ պետությունների բանկային համակարգը վերահսկող լիազորված մարմնի կողմից արտոնագրված եւ վերահսկվող ֆինանսական կազմակերպությունների ավանդներում եւ բանկային հաշիվներում,

2) ՏՀԶԿ կամ ԵՄ անդամ պետությունների, ՏՀԶԿ կամ ԵՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի թողարկած կամ ամբողջությամբ երաշխավորված արժեթղթերում,

3) ՏՀԶԿ կամ ԵՄ անդամ պետությունների համայնքների թողարկած կամ ամբողջությամբ երաշխավորված արժեթղթերում,

4) ՏՀԶԿ կամ ԵՄ անդամ պետությունների կապիտալի շուկան վերահսկող լիազորված մարմնի կողմից գրանցված եւ վերահսկվող կարգավորվող շուկայում առեւտրին թույլատրված արժեթղթերում,

5) ՏՀԶԿ կամ ԵՄ անդամ պետությունների կապիտալի շուկան վերահսկող լիազորված մարմնի կողմից գրանցված եւ վերահսկվող ներդրումային ֆոնդերի փայերում (բաժնետոմսերում),

6) Ռուսաստանի Դաշնության այն արժեթղթերում, որոնք բավարարում են Կենտրոնական բանկի սահմանած չափանիշները,

7) ածանցյալ գործիքներում` միայն հեջավորման նպատակով:

Կենտրոնական բանկ կարող է սահմանել այլ երկրների ցանկ, որտեղ կարող են ներդրվել կամավոր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները:

Հոդված 72.  Կամավոր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ներդրման  սահմանափակումները

1. Կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները սույն օրենքի 71-րդ հոդվածում թվարկված ֆինանսական գործիքներում կարող են ներդրվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած քանակական եւ արժութային սահմանափակումների շրջանակում:

2. Կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները չեն կարող ներդրվել`

1) տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի եւ պահառուի, ինչպես նաեւ դրանց հետ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերում,

2) տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կամ պահառուի աուդիտն իրականացնող անձի թողարկած արժեթղթերում,

3) տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչին կամ պահառուին խորհրդատվական ծառայություններ մատուցող անձանց թողարկած արժեթղթերում,

4) ածանցյալ գործիքներում, բացառությամբ հեջավորման նպատակով ներդրումների,

5) այն ակտիվներում, որոնց օտարումն արգելված կամ սահմանափակված է,

6) անշարժ գույքում կամ այլ ֆիզիկական ակտիվներում (արվեստի գործեր, հուշադրամներ, սրբապատկերներ, հնաոճ ապրանքներ, թանկարժեք մեքենաներ եւ այլն):

3. Կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվներում ներառված արժեթղթերը չեն կարող կարգավորվող շուկայից դուրս վաճառվել կամ ցանկացած այլ ձեւով օտարվել՝

1) տվյալ կենսաթոշակային ֆոնդի պահառուին.

2) տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչին.

3) տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կամ պահառուի կառավարման խորհրդի անդամներին.

4) սույն մասի 1-3-րդ կետերում նշված անձանց հետ փոխկապակցված անձանց:

4. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը եւ պահառուն չեն կարող մեկը մյուսին տրամադրել փոխառություններ կամ երաշխավորել պարտավորությունների կատարումը:

5. Կենսաթոշակային ֆոնդի ակտիվները չեն կարող գրավադրվել կամ հանդիսանալ այլ պարտավորությունների ապահովման միջոց: Սույն մասով նախատեսված պահանջը չի սահմանափակում կենսաթոշակային ֆոնդի ակտիվների հաշվին ռեպո (հակադարձ ռեպո) գործարքների կնքման իրավունքը, եթե դա նախատեսված է կենսաթոշակային ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ), եւ եթե այդպիսի գործարքի արդյունքում չեն խախտվում սույն օրենքով նախատեսված սահմանաչափերը:

Կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը կարող է ներգրավել կարճաժամկետ` մինչեւ 3 ամիս մարման ժամկետով փոխառություններ` տվյալ կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 10 տոկոսը չգերազանցող չափով, եթե այդպիսի գործարքի արդյունքում չեն խախտվում սույն օրենքով նախատեսված սահմանաչափերը:

6. Կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է ձեռնարկել քայլեր` համապատասխանեցնելու կենսաթոշակային ֆոնդի ներդրումները սույն օրենքի պահանջներին եւ ապահովելու հնարավոր առավելագույն շահութաբերություն, պահել ու խնայել կենսաթոշակային ֆոնդի ակտիվները, եթե սույն հոդվածի 1-ին, 2-րդ կամ 3-րդ մասերի դրույթները խախտվել են որպես հետեւանք՝

1) շուկայական գների փոփոխության, որոնք հիմք են հանդիսացել ակտիվների գնահատման  համար,

2) արտարժույթի փոխարժեքի փոփոխության,

3) կազմակերպությունների միջեւ տնտեսական եւ կազմակերպական հարաբերությունների փոփոխության, որոնց բաժնետոմսերում ներդրվել են կենսաթոշակային ֆոնդի ակտիվները,

4) կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կամքից անկախ եւ հսկողությունից դուրս այլ հանգամանքների:

7. Սույն օրենքով նախատեսված ներդրումների համապատասխանեցումը պետք է ավարտվի ոչ ուշ, քան 6 ամսվա ընթացքում, սկսած այն օրվանից, երբ տեղի է ունեցել խախտումը կամ ակտիվների գնահատման արդյունքում հայտնի է դարձել խախտման մասին:

8. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է իրականացնել ֆոնդի ակտիվներում ներառված արժեթղթերով ամրագրված իրավունքները` ելնելով բացառապես մասնակիցների  շահերից:

Հոդված 73.  Կամավոր կուտակային կենսաթոշակային գործունեության լիցենզավորումը

1. Բանկերը, ապահովագրական ընկերությունները, կամավոր կուտակային կենսաթոշակային ֆոնդերը (կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները) կարող են առաջարկել կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմաներ Կենտրոնական բանկի կողմից` համապատասխանաբար «Բանկերի եւ բանկային գործունեության մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» եւ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով տրված լիցենզիայի հիման վրա:

Հոդված 74.  Գործատուի կողմից ձեռք բերվող լրացուցիչ (կորպորատիվ) կենսաթոշակները

1. Գործատուներն  իրենց աշխատակիցներին լրացուցիչ (կորպորատիվ) կենսաթոշակներ տրամադրելու նպատակով կարող են կամավոր կենսաթոշակային սխեմաներ ձեռք բերել կամավոր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից կամ ապահովագրական ընկերություններից:

2. Գործատուն իր աշխատողներին լրացուցիչ կուտակային կենսաթոշակներ տրամադրելիս չի կարող ցուցաբերել խտրական մոտեցում: Կորպորատիվ (լրացուցիչ) կենսաթոշակներ կարող են առաջարկվել ամբողջ կոլեկտիվին կամ տվյալ գործատուի աշխատողների որոշակի կատեգորիային (այդ թվում` կախված գործատուի մոտ աշխատողի աշխատած տարիների քանակից): Արգելվում է լրացուցիչ կուտակային կենսաթոշակներ տրամադրել բացառապես գործատուի ղեկավար կազմին: Աշխատողների որոշակի կատեգորիայի ներսում բոլոր աշխատողներին պետք է տրամադրվեն հավասար եւ միօրինակ պայմաններ:

3. Գործատուին արգելվում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանագիրը կնքել իր հետ փոխկապակցված ապահովագրական ընկերության կամ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի հետ:

4. Գործատուի կողմից տրամադրվող լրացուցիչ կուտակային կենսաթոշակային սխեմայի ձեռքբերումը կարող է սահմանվել նաեւ կոլեկտիվ աշխատանքային պայմանագրով:

5. Լրացուցիչ (կորպորատիվ) կուտակային կենսաթոշակ ստանալու համար կամավոր կուտակային վճարներ կարող են կատարվել միայն գործատուների կամ գործատուների եւ  աշխատողների կողմից:

6. Արգելվում է աշխատակցին պարտադրել մասնակցել կամ շարունակել մասնակցությունը գործատուի ձեռք բերած կամավոր կենսաթոշակային սխեմային՝ որպես տվյալ գործատուի մոտ աշխատելու պահանջ: Արգելվում է աշխատակցի աշխատավարձից կամ դրան հավասարեցրած այլ վճարումներից կատարել կամավոր կենսաթոշակային սխեմային մասնակցության հետ կապված նվազեցումներ կամ հատկացումներ` առանց աշխատակցի գրավոր համաձայնության:

Հոդված 75.  Կենսաթոշակային հաշվում կուտակված կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանցելը

1. Մինչեւ կենսաթոշակային տարիքի լրանալը կամավոր կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցը կարող է օգտագործել իր կամավոր կուտակային կենսաթոշակային փայերը սույն օրենքի 65-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքում եւ կարգով:

2. Աշխատակիցը սույն օրենքի 68-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավունքը ձեռք է բերում`

1) գործատուի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո.

2) գործատուի եւ տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի միջեւ կնքված համապատասխան պայմանագիրը խզվելուց հետո.

3) գործատուի լուծարվելուց հետո:

ԳԼՈՒԽ 14

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 76.  Պատասխանատվությունը պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով  կատարելու համար

1. Սույն օրենքով պարտադիր կուտակային վճար կատարելու պարտավորություն ունեցող անձինք պատասխանատվություն են կրում կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար:

Պարտադիր կուտակային վճարը սահմանված ժամկետում չկատարելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցը (նրա համար պարտադիր կուտակային վճարումներ կատարելու պարտականություն ունեցող անձը՝ հարկային գործակալը) վճարում է տույժ՝ ժամանակին չմուծված պարտադիր կուտակային վճարի գումարի 0.15 տոկոսի չափով:

Եթե սույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միացած անձը չի հայտնել իր գործատուին (հարկային գործակալին) պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից լինելու մասին, ապա սույն հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ սահմանված տույժը գործատուի նկատմամբ չի կիրառվում մինչեւ հարկային մարմնի կողմից տվյալ անձի պարտադիր կուտակային բաղադրիչին մասնակցության փաստի մասին տեղեկացվելը:

Սույն մասով նախատեսված տույժը կիրառվում է ժամանակին չմուծված պարտադիր կուտակային վճարի գումարների նկատմամբ՝ կետանցման ամբողջ ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:

Պարտադիր կուտակային վճարներ չկատարելու կամ ուշացումով կատարելու համար գանձված տույժերի հաշվին ձեռք են բերվում այն պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը, որին այդ պահին պարտադիր կուտակային վճարներ է կատարում մասնակիցը (մասնակիցները), ում համար չի կատարվել կամ ուշացումով է կատարվել պարտադիր կուտակային վճարը:

2. Կուտակային վճարների վճարումն ուշացնելու դեպքում հարկային  մարմինը (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի) կուտակային վճարի վճարման համար սահմանված  ժամկետից 183 օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, գործատուին անվճարունակ ճանաչելու հայցով դիմում է դատարան: Ընդ որում, այդ հայցից հարկային մարմինը չի կարող հրաժարվել, քանի դեռ չկատարված կուտակային վճարներն ամբողջությամբ մարված չեն:

Կուտակային վճարների կատարումը սահմանված ժամկետում չկատարվելու դեպքում հարկային մարմինն իրավունք ունի սահմանված կարգով դատարան  ներկայացնելու հայցադիմում՝ գործատուի գույքը բռնագանձելու նպատակով:

Չվճարված կուտակային վճարների գումարի, ինչպես նաեւ դրա նկատմամբ հաշվարկված տույժի չափը 500.000 եւ ավելի դրամ կազմելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային մարմնի ղեկավարն իրավունք ունի գործատուի` կուտակային վճարների չվճարված գումարին եւ դրա նկատմամբ հաշվարկված տույժի գումարին համարժեք գույքի վրա արգելանք դնելու մինչեւ դատարանի կողմից վճռի կայացումը, բացառությամբ օրենքով սահմանված այն գույքի, որի վրա բռնագանձում չի կարող տարածվել, կամ որի պահպանման ժամկետը չի գերազանցում 30 օրը:

Սույն մասով նախատեսված արգելանքն առաջնահերթության կարգով կիրառվում է նախ` գործատուի բանկային հաշիվների նկատմամբ, ապա անշարժ գույքի, այնուհետեւ` այլ ակտիվների նկատմամբ:

Դատարանի վճռից հետո հարկային մարմինը ապահովում է բռնագանձված գույքի իրացումը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 Հարկային մարմնի կողմից գործատուի գույքի արգելադրումից հետո` 30-օրյա ժամկետում, դատարանի վճիռը չապահովելու դեպքում գործատուի գույքը համարվում է արգելանքից հանված:

Որպես չկատարված կուտակային վճարների կատարման ապահովման միջոց` հարկային մարմնի եւ գործատուի միջեւ կարող է կնքվել գրավի պայմանագիր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 77.  Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի, հաշվի օպերատորի եւ մասնակիցների ռեեստրը վարողի պատասխանատվությունը

1. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը,  պահառուն, հաշվի օպերատորը եւ մասնակիցների ռեեստրը վարողն  իրենց գործառույթներն իրականացնում են բարեխղճորեն՝ ի շահ մասնակցի: Նրանք պարտավոր են գործել  ֆինանսական կամ նմանատիպ այլ հարցերում ողջամտության սահմաններում` լավատեղյակ անձի փորձառությամբ: Նման փորձառության պակասի դեպքում նրանք պետք է օգտվեն համապատասխան մասնագետների ծառայություններից:

2. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը, պահառուն, հաշվի օպերատորը եւ մասնակիցների ռեեստրը վարողը իրենց գործառույթների մի մասի իրականացումն այլ անձի պատվիրակելու դեպքում շարունակում են պատասխանատվություն կրել պատվիրակված գործառույթների պատշաճ կերպով եւ բարեխղճորեն իրականացման համար:

3. Կենտրոնական բանկը կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի, հաշվի օպերատորի կամ մասնակիցների ռեեստրը վարողի նկատմամբ կարող է  կիրառել սույն գլխով նախատեսված պատասխանատվության միջոցները, եթե նրանք՝

1) սույն օրենքի խախտմամբ իրականացրել կամ թույլատրել են ներդրումներ կամ այլ ծախսեր.

2) սույն օրենքի խախտմամբ կնքել են ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման գործարքներ.

3) չեն կատարել կամ ոչ պատշաճ են կատարել պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների հետ կապված պայմանագրերով նախատեսված պարտավորությունները.

4) փոխկապակցված անձի հետ սույն օրենքով արգելված կամ սահմանափակված իրավահարաբերությունների շրջանակում կնքել են պայմանագիր.

5) իրենց կամ իրենց հետ փոխկապակցված անձանց օգտին է օգտագործել պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները կամ դրանց մասին տեղեկատվությունը.

6) խախտել են անձնավորված հաշվառում վարելու կանոնները, ֆինանuական կամ այլ հաշվետվությունների ներկայացման կամ հրապարակման կարգը կամ պայմանները կամ այդ փաuտաթղթերում ներկայացրել են կեղծ, թերի կամ անարժանահավատ տվյալներ.

7) չեն կատարել կամ ոչ պատշաճ են կատարել Կենտրոնական բանկի` uույն oրենքով uահմանված կարգով տրված հանձնարարականները.

8) պետական գրանցման եւ (կամ) լիցենզավորման համար Կենտրոնական բանկ են ներկայացրել անարժանահավատ, կեղծ կամ թերի տեղեկություններ.

9) խախտել են uույն oրենքի եւ սույն օրենքի հիման վրա ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները:

Հոդված 78.  Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի, հաշվի օպերատորի եւ մասնակիցների ռեեստրը վարողի ղեկավարների պատասխանատվությունը

1. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի, հաշվի օպերատորի եւ մասնակիցների ռեեստրը վարողի ղեկավարները  պարտականությունների կատարման ընթացքում պետք է գործեն` ելնելով մասնակիցների շահերից, իրականացնեն իրենց իրավունքները եւ կատարեն իրենց պարտականությունները բարեխղճորեն եւ խելամտորեն:

2. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի, հաշվի օպերատորի եւ մասնակիցների ռեեստրը վարողի ղեկավարները  պատաuխանատվություն են կրում իրենց դիտավորյալ գործողությունների (անգործության) հետեւանքով մասնակիցներին պատճառված վնաuի համար` Հայաuտանի Հանրապետության oրենuդրության համաձայն: Եթե վնաu պատճառած արարքն իրականացրել են կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի, հաշվի օպերատորի եւ(կամ) մասնակիցների ռեեստրը վարողի մեկից ավելի ղեկավարներ, ապա նրանք մասնակիցների առջեւ կրում են համապարտ պատաuխանատվություն:

3. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի եւ մասնակիցների ռեեստրը վարողի ղեկավարների պատաuխանատվությունը ներառում է, uակայն չի uահմանափակվում սույն օրենքի 79-րդ եւ 82-րդ հոդվածներով նախատեսված դեպքերով:

Հոդված 79. Պատժամիջոցները սույն օրենքը խախտելու համար

1. Uույն oրենքի 77-րդ հոդվածով uահմանված դեպքերում Կենտրոնական բանկը խախտումը հայտնաբերելու օրվանից մեկ տարվա ընթացքում կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի, մասնակիցների ռեեստրը վարողի, նրանց ղեկավարների, հաշվի օպերատորի նկատմամբ կարող է կիրառել պատաuխանատվության հետեւյալ միջոցները.

1) նախազգուշացում եւ խախտումը վերացնելու կամ ապագայում նման խախտում չկրկնելու կամ ապագայում նման խախտումը բացառելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական կամ հանձնարարականներ (այսուհետ` նաեւ նախազգուշացում).

2) տուգանք.

3) վերահuկվողի ղեկավարին կամ պատաuխանատու անձին որակավորման վկայականից զրկել.

4) թույլտվության ուժը կորցրած ճանաչել:

Մեկ խախտման համար կարող է նշանակվել միայն մեկ պատասխանատվության միջոց, բացառությամբ այն դեպքի, երբ նախազգուշացման հետ կիրառվում է նաեւ տուգանք:

2. Uույն հոդվածով uահմանված պատաuխանատվության միջոցների կիրառումը կենսաթոշակային ֆոնդի կառավարչին, հաշվի օպերատորին, պահառուին եւ մասնակիցների ռեեստրը վարողին եւ նրանց ղեկավարներին չի ազատում oրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրերով նախատեuված պարտականությունների կատարումից:

3. Կենտրոնական բանկը պարտավոր է կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի եւ մասնակիցների ռեեստրը վարողի, նրանց ղեկավարների նկատմամբ uույն հոդվածով uահմանված պատաuխանատվության միջոց (միջոցներ) կիրառելու մաuին որոշումը հրապարակել իր համացանցային տնային կայքում:

Հոդված 80. Նախազգուշացումը

1. Նախազգուշացմամբ արձանագրվում է թույլ տրված խախտումը, եւ խախտում թույլ տված անձը տեղեկացվում է խախտման անթույլատրելիության մաuին:

2. Նախազգուշացումը նախատեuում է նաեւ թույլ տրված խախտումը Կենտրոնական բանկի uահմանած ժամկետում վերացնելու եւ (կամ) ապագայում նման խախտումը չկրկնելու հանձնարարական եւ (կամ) ապագայում նման խախտումը բացառելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական տալու հնարավորություն: Թույլ տրված խախտումը վերացնելու կամ չկրկնելու հանձնարարականով կամ ապագայում նման խախտումը բացառելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարականով կարող է նախատեuվել նաեւ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, հաշվի օպերատորի, պահառուի կամ մասնակիցների ռեեստրը վարողի կողմից կնքվող որոշակի գործարքների եւ (կամ) գործառնությունների դադարեցում եւ (կամ) դրանց պայմանների փոփոխություն: Հանձնարարականի կատարումը պարտադիր է նախազգուշացում uտացածի համար:

3. Նախազգուշացումը` որպեu պատաuխանատվության միջոց, կարող է կիրառվել uույն oրենքի 77-րդ հոդվածով նախատեuված որեւէ խախտման առկայության դեպքում:

4. Այնպիսի խախտումների դեպքում, որոնց հետեւանքով գույքային վնաս է պատճառվել   մասնակիցներին, յուրաքանչյուր խախտման համար Կենտրոնական բանկը որոշում է ընդունում նախազգուշացման եւ  կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կամ մասնակիցների ռեեստրը վարողի կամ պահառուի կամ հաշվի օպերատորի կողմից մասնակիցներին պատճառված վնասը (այդ թվում` բաց թողնված օգուտը) փոխհատուցելու վերաբերյալ եւ այդ մասին տեղեկացնում տուժած մասնակցին:

Հոդված 81. Տուգանքը

1. Սույն օրենքի եւ (կամ) դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի խախտման դեպքում, եթե խախտումը թույլ տված անձի մոտ ստեղծված իրավիճակի շտկման նպատակով վերահսկողական միջոցառումների (ինչպիսիք են հանդիպումը, նամակագրությունը, բացատրական աշխատանքները) իրականացումից եւ (կամ) նախազգուշացում տալուց հետո այդ խախտումները եւ (կամ) խախտումների պատճառները չեն վերացվել կամ չեն կարող վերացվել, Կենտրոնական բանկի նախագահն իր որոշմամբ իրավասու է նման խախտում թույլ տված անձի նկատմամբ կիրառելու տուգանք:

2. Այնպիսի խախտումների դեպքում, որոնց հետեւանքով գույքային վնաս չի պատճառվել մասնակիցներին, սակայն խախտվել են հաշվետվություններ ներկայացնելու, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված այլ պահանջներ, տուգանքի չափը յուրաքանչյուր խախտման համար չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկը, բացառությամբ սույն օրենքի 10-րդ եւ 18-րդ հոդվածների 6-րդ մասերով սահմանված դրույթների խախտման դեպքերի:

Տուգանքի չափը որոշելիս տուգանք կիրառող մարմինը հաշվի է առնում`

նախկինում նման խախտման համար այլ անձանց նկատմամբ կիրառված տուգանքի չափը,

խախտման բնույթը (դիտավորության առկայությունը, անտարբերությունը կամ անփութությունը),

խախտմամբ այլ անձանց հասցված վնասի առկայությունը եւ դրա չափը,

անհիմն հարստացման աստիճանը` հաշվի առնելով այլ անձանց տրված հատուցումները,

նախկինում նույն անձի կողմից նույն կամ այլ խախտում թույլ տալը եւ դրա համար պատասխանատվության ենթարկվելը, ինչպես նաեւ նախկին պատասխանատվության չափն ու բնույթը,

նույն եւ այլ անձանց կողմից նման խախտումները հետագայում բացառելու անհրաժեշտության աստիճանը:

3. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին եւ երրորդ պարբերություններով սահմանված պահանջների խախտման դեպքում հաշվի օպերատորից կամ հաշվի օպերատորի խախտում կատարած ղեկավարից գանձվում է տուգանք` յուրաքանչյուր դեպքի համար նվազագույն աշխատավարձի 3000-ապատիկի չափով:

Սույն օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված պահանջների խախտման դեպքում հաշվի օպերատորից կամ հաշվի օպերատորի խախտում կատարած ղեկավարից գանձվում է տուգանք` յուրաքանչյուր դեպքի համար մինչեւ նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով:

4. Սույն օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ մասի խախտման դեպքում մասնակիցների ռեեստրը վարողից կամ նրա ղեկավարից գանձվում է տուգանք` յուրաքանչյուր դեպքի համար նվազագույն աշխատավարձի 5000-ապատիկի չափով:

5. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի, հաշվի օպերատորի եւ մասնակիցների ռեեստրը վարողի նկատմամբ նշանակված տուգանքները գանձվում են վերջիններիս (իրավաբանական անձի) միջոցներից, բացառությամբ, եթե հաշվի օպերատորը պետական մարմին է: Եթե հաշվի օպերատորը պետական մարմին է, ապա տուգանքը կիրառվում է խախտումը կատարող համապատասխան աշխատակցի նկատմամբ:

6. Տուգանքը գանձվում է Կենտրոնական բանկի հայցով` դատարանի որոշմամբ այն դեպքում, երբ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը, պահառուն, հաշվի օպերատորը կամ մասնակիցների ռեեստրը վարողը համաձայն չեն  տուգանքի նշանակման կամ տուգանքի չափի հետ:

7. Սույն հոդվածի համաձայն գանձված տուգանքի գումարը փոխանցվում է պետական բյուջե:

Հոդված 82.  Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի եւ մասնակիցների ռեեստրը վարողի ղեկավարներին որակավորման վկայականից զրկելը

1. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի եւ մասնակիցների ռեեստրը վարողի ղեկավարը կարող է Կենտրոնական բանկի որոշմամբ զրկվել որակավորման վկայականից, եթե`

1) դիտավորությամբ խախտել է oրենքները կամ այլ իրավական ակտերի պահանջները.

2) պաշտոնավարման ընթացքում վարել է չհիմնավորված եւ մասնակիցների շահերը վտանգող գործունեություն.

3) խոչընդոտել է վերահuկողություն իրականացնելու կապակցությամբ Կենտրոնական բանկի կամ նրա ծառայողների գործողություններին.

4) կատարել է այնպիuի գործողություններ կամ ցուցաբերել է այնպիսի անգործություն, որոնց հետեւանքով մասնակիցը կրել է կամ կարող էր կրել զգալի ֆինանuական կամ այլ վնաu.

5) գործունեության ընթացքում կատարել է անձնական շահերից բխող այնպիuի գործողություն կամ թույլ է տվել այնպիuի անգործություն, որը հակաuում է մասնակիցների իրավունքներին կամ oրինական շահերին.

6) իր ծառայողական պարտականությունների (ներառյալ` կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի կամ մասնակիցների ռեեստրը վարողի եւ նրա հաճախորդների հանդեպ ստանձնած պարտականությունները) կատարման ընթացքում դրuեւորել է անազնիվ կամ անբարեխիղճ վարքագիծ.

7) կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի եւ մասնակիցների ռեեստրը վարողի ղեկավարը չի համապատաuխանում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով uահմանված որակավորման համապատաuխանության չափանիշներին.

8) չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել Կենտրոնական բանկի տված հանձնարարականը.

9) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

2. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի եւ մասնակիցների ռեեստրը վարողի ղեկավարին որակավորման վկայականից զրկելու մաuին Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ մտնելու պահից այդ անձի` uույն oրենքով, այլ oրենքներով ու իրավական ակտերով, ինչպեu նաեւ վերահuկվողի ներքին իրավական ակտերով uահմանված լիազորությունները դադարում են:

Հոդված 83.  Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելը եւ պահառուի` կենսաթոշակային ֆոնդի պահառության գործունեությունն արգելելը

1. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի թույլտվությունը կարող է ուժը կորցրած ճանաչվել կամ պահառուին կարող է արգելվել կենսաթոշակային ֆոնդի պահառություն իրականացնել (այսուհետ` նաեւ թույլտվությունն ուժը կորցրած ճանաչել), եթե առկա են սույն օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետով նախատեuված հիմքերը, օրենքով սահմանված այլ դեպքերում, ինչպես նաեւ այն դեպքում, երբ մեկ օրացուցային տարում կիրառվել է 2 եւ ավելի անգամ 81-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցը, եւ կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչը կամ պահառուն Կենտրոնական բանկի սահմանած ժամկետում չի վերացրել համապատասխան խախտման հետեւանքները կամ չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ դրանք վերացնելու համար:

2. Կենտրոնական բանկը իրավունք ունի ուժը կորցրած ճանաչելու կենսաթոշակային ֆոնդի կառավարչին տրված թույլտվությունը, եթե պարզվում է, որ թույլտվություն ստանալու համար ներկայացվել են կեղծ կամ անարժանահավատ տվյալներ:

3. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կամ պահառուի թույլտվությունն ուժը կորցրած է ճանաչվում Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կամ պահառուի թույլտվությունն ուժը կորցրած է ճանաչվում բացառապեu uույն oրենքով եւ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով uահմանված կարգով: Այլ oրենքներով թույլտվության ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ այլ դրույթներ uահմանված լինելու դեպքում գործում են uույն oրենքի եւ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները:

4. Պահառուի կողմից սույն հոդվածով սահմանված խախտումները կատարելու դեպքում Կենտրոնական բանկը իրավունք ունի հանձնարարելու կենսաթոշակային ֆոնդի կառավարչին ողջամիտ ժամկետում խզել պայմանագիրը տվյալ պահառուի հետ:

Հոդված 84.  Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի եւ պահառուի թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը հրապարակելը եւ դրա իրավական հետեւանքները

1. Uույն oրենքի 83-րդ հոդվածով նախատեuված հիմքերով թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու մաuին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն անմիջապեu հրապարակվում է: Նշված որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, եթե որոշմամբ այլ ժամկետ uահմանված չէ:

2. Թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու որոշման ուժի մեջ մտնելու պահից կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը կամ պահառուն այդ որոշմամբ սահմանված ժամկետով, բայց ոչ պակաս, քան 10 տարով զրկվում են կենսաթոշակային ֆոնդի կառավարման եւ ակտիվների պահառության գործունեություն իրականացնելու իրավունքից, բացառությամբ այն գործարքների, որոնք ուղղված են տվյալ ծառայության մասով նրա uտանձնած պարտավորությունների կատարմանը, միջոցների իրացմանը եւ դրանց վերջնական բաշխմանը: Պահառուն պարտավոր է շարունակել կատարել օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով կամ կենսաթոշակային ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) սահմանված իր պարտականությունները մինչեւ կենսաթոշակային ֆոնդի նոր պահառուի հետ պայմանագրի կնքումը եւ վերջինիս կենսաթոշակային ֆոնդի ակտիվների փոխանցումը:

3. Թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու մաuին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման պատճենն այն ընդունվելուց հետո` եռoրյա ժամկետում, տրամադրվում է կենսաթոշակային ֆոնդի կառավարչին եւ պահառուին: Թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու մաuին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման բողոքարկումը դատարանը չի կաuեցնում այդ որոշման գործողությունը գործի ողջ դատական քննության ընթացքում:

Հոդված 85. Վեճերի լուծումը

1. Սույն օրենքի համաձայն` մասնակցի կամ շահառուի կողմից կենսաթոշակային հաշվի վերաբերյալ ցանկացած բողոք կամ հարցում գրավոր ներկայացվում է հարկային մարմին, որը բողոքը կամ հարցումը քննում է առավելագույնը 30 օրվա ընթացքում եւ մասնակցին կամ շահագրգիռ անձին  գրավոր հայտնում է իր որոշման եւ որոշման համար հիմք հանդիսացած հիմնավորումների մասին, կամ հարցումը (բողոքը) ստանալու օրվանից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում,  այն ուղղում է իրավասու մարմնին:

2. Մասնակիցը կամ շահառուն կարող է պահանջ ներկայացնել ֆինանսական համակարգի հաշտարարին՝ անկախ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հարցումը կամ բողոքը հարկային մարմին ներկայացնելու հանգամանքից` «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հիմքերով եւ կարգով:

3. Եթե մասնակիցների ռեեստրը վարողը մասնակցի կենսաթոշակային հաշվից գումարներ է փոխանցում ապահովագրական ընկերությանն անուիտետ գնելու նպատակով, ապա նման գործառույթի հետ կապված ցանկացած վեճ կարգավորվում է հետեւյալ կարգով. անուիտետի վճարման վերաբերյալ մասնակցի կամ շահառուի բողոքն առաջին հերթին ներկայացվում է ապահովագրական ընկերության ղեկավար մարմին: Ղեկավար մարմինը նման բողոքը ստանալուց հետո` 10 օրվա ընթացքում, քննում է բողոքը եւ մասնակցին կամ շահառուին գրավոր տեղեկացնում է իր որոշման եւ նման որոշման համար հիմք հանդիսացած հիմնավորումների մասին: Մասնակիցը կամ վերջինիս լիազոր ներկայացուցիչն իրավունք ունի ներկա գտնվելու հարցի քննությանը: Որոշման հետ չհամաձայնելու դեպքում մասնակիցը կամ շահառուն դիմում է իրավական պաշտպանության բոլոր հնարավոր միջոցներին, որոնք նախատեսված են «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ԳԼՈՒԽ 15

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 86. Եզրափակիչ դրույթներ

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքով սահմանված պարտադիր կուտակային վճարներ կատարելու պարտավորության:

Սույն օրենքով սահմանված պարտադիր կուտակային վճարներ կատարելու պարտավորությանը վերաբերող դրույթները ուժի մեջ են մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

Պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը պետք է սույն օրենքով նախատեսված կարգով կատարեն կենսաթոշակային ֆոնդի եւ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն, այլապես ընտրությունը կատարվում է սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին եւ  2-րդ մասերով եւ 39-րդ հոդվածով սահմանված կարգով:

Հոդված 87. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքով սահմանված պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փոփոխության, ինչպես նաեւ կենսաթոշակային ֆոնդերի փայերի ժառանգման վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքով սահմանված կարգով կուտակված պարտադիր կենսաթոշակային միջոցները կարող են կուտակային կենսաթոշակային բաղադրիչից դուրս բերվել (այդ թվում` կենսաթոշակի տեսքով) 2015 թվականի հունվարի 1-ից:

3. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի պահառուի գործառույթները մինչեւ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշում ընդունելը իրականացվում են մասնակիցների ռեեստրը վարողի կողմից: Կենսաթոշակային ֆոնդի բանկային հաշվի օգտագործումը սույն մասում նշված ժամանակահատվածում իրականացվում է մասնակիցների ռեեստրը վարողի համաձայնությամբ: