Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-178-01.12.2003-ՖՎ,ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել «Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի մարտի 3-ի ՀՕ-288 օրենքի (այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածը:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 6. ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ ԲԱՑԱՌՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Փախստականի կարգավիճակ չի տրվում այն անձին, որը`

ա) նախքան Հայաստանի Հանրապետություն մուտք գործելը կատարել է խաղաղության եւ մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործություն, ինչպես դրանք սահմանված են այդ հանցագործու-թյունների վերաբերյալ միջազգային պայմանագրերում.

բ) նախքան Հայաստանի Հանրապետություն մուտք գործելը կատարել է ոչ քաղաքական բնույթի ծանր հանցագործություն.

գ) մեղավոր է ճանաչվել Միացյալ ազգերի կազմակերպության նպատակներին եւ սկզբունքներին հակասող արարքներ կատարելու մեջ:»:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում «5 հոդվածում նշված դեպքերում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու դեպքում» բառերով, ինչպես նաեւ հոդվածը լրացնել նոր մասով` հետեւյալ խմբագրությամբ.

«Անձը Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի մուտքի կամ Հայաստանի Հանրապետության տարածքում ապօրինի գտնվելու համար պատասխանատվության ենթակա չէ, եթե նա ուղղակիորեն գալով այն երկրի տարածքից, որտեղ նրա կյանքին կամ ազատությանը վտանգ է սպառնում սույն օրենքի 1-ին հոդվածի իմաստով, անհապաղ ներկայանում է լիազորված մարմնին եւ գրավոր դիմում է Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստանալու համար:»:

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Փախստականի կարգավիճակ հայցողին, Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո, լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով անհրաժեշտ բժշկական զննման ենթարկելու, փաստաթղթային ստուգում-ներ անցկացնելու եւ կեցությունը ապահովելու համար բնակեցնում է հատուկ կացարանում փախստականի կարգավիճակ ստանալու մասին դիմումի քննարկման ժամանակահատվածում, որը չի կարող գերազանցել եռամսյա ժամկետը» բառերով:

Օրենքի 8-րդ հոդվածը 1-ին մասից հետո լրացնել նոր մասերով` հետեւյալ խմբագրությամբ.

«Փախստականի կարգավիճակ հայցող առանց ծնողների կամ օրինական ներկայացուցչի երեխայի (այսուհետ` երեխա) մասին լիազորված մարմինը 5-օրյա ժամկետում տեղեկացնում է երեխայի փաստացի գտնվելու վայրի խնամակալության եւ հոգաբարձության մարմնին:

Հայաստանի Հանրապետության խնամակալության եւ հոգա-բարձության մարմինը երեխային տեղավորում է մանկական կազմակերպությունում, ինչպես նաեւ նրա խնամքի, դաստիարակության եւ իրավունքների պաշտպանության, այդ թվում` փախստականի կարգավի-ճակ ստանալու մասին դիմումի քննարկման ընթացքում նրա իրավունքները եւ օրինական շահերը ներկայացնելու համար նշանակում է խնամակալ` օրենքով սահմանված կարգով:

Լիազորված մարմինը, անհրաժեշտության դեպքում, աջակցություն է ցույց տալիս Միավորված ազգերի կազմակերպության եւ այլ իրավասու միջկառավարական կազմակերպությունների կամ Միավորված ազգերի կազմակերպության հետ համագործակցող այլ ոչ կառավարական կազմակերպությունների ջանքերին` այդպիսի երեխային պաշտպանու-թյուն եւ օգնություն ցույց տալու եւ ցանկացած այլ փախստական երեխայի ծնողների եւ ընտանիքի այլ անդամների որոնումների գործում` իր ընտանիքի հետ միանալու համար անհրաժեշտ տեղեկություններ ստանալու նպատակով:»:

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածում`

1-ին մասից «տասնօրյա ժամկետում» բառերը հանել,

2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմելու իրավունք ունի յուրաքանչյուր օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ`առանց տարիքային սահմանափակման»,

ուժը կորցրած ճանաչել 3-րդ եւ 7-րդ մասերը:

Հոդված 6. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 14-րդ հոդվածը:

Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածի առաջին մասից «Սույն օրենքի 14 հոդվածով նախատեսված կարգով» բառերը հանել:

Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածը 6-րդ մասից հետո լրացնել նոր մասով` հետեւյալ խմբագրությամբ.

«Փախստականն ունի իր ընտանիքի հետ միավորման իրավունք: Փախստականի ընտանիքի անդամը կարող է ստանալ Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագիր եւ Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ, եթե չկան դրանք արգելող օրենքով սահմանված հիմքեր:

Փախստականի ընտանիքի անդամին Հայաստանի Հանրապետու-թյուն մուտքի արտոնագիր եւ կացության կարգավիճակ տալու համար պետական տուրքի գծով սահմանվում են արտոնություններ` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

Հոդված 9. Օրենքի 19-րդ հոդվածի չորրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Փախստականը չի կարող վտարվել կամ որեւէ կերպ վերադարձվել այն երկրի տարածք, որտեղ նրա կյանքին կամ ազատություններին վտանգ է սպառնում իր ռասայական, ազգային, կրոնական, որոշակի սոցիալական խմբի պատկանելության կամ քաղաքական համոզմունքների պատճառով:

Սույն հոդվածի 4-րդ մասի գործողությունը չի տարածվում այն փախստականի վրա, որը հիմնավոր պատճառներով վտանգավոր է համարվում Հայաստանի Հանրապետության անվտանգության համար կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված լինելով առանձնապես ծանր հանցագործության համար` վտանգ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը, հասարակական կարգին, քաղաքացիների իրավունքներին եւ ազատություններին:»:

Հոդված 10. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «է» եւ «ը» կետերը,

2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Փախստական երեխաները կորցնում են փախստականի կարգավիճակը, եթե օրենքով սահմանված կարգով նրանց ծնողները ձեռք են բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ նրանց որդեգրում են Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա քաղաքացիները, բացառությամբ այն դեպքերի, երբ որդեգրողները քաղաքացիություն չունեցող անձինք են կամ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած օտարերկրյա քաղաքացիներ:»:

Հոդված 11. Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագ-րությամբ.

«1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից Հա-յաստանի Հանրապետություն բռնագաղթված եւ փախստականների հար-ցերով զբաղվող պետական մարմնում որպես փախստական հաշվառված անձինք հանդիսանում են փախստական` սույն օրենքի իմաստով:»:

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանքներով:

Հայաստանի Հանրապետությունը միացել է մարդու իրավունքների վերաբերյալ բազմաթիվ միջազգային փաստաթղթերի` ստանձնելով մի շարք միջազգային պարտավորություններ:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առանձին դրույթներ հակասում են կամ համահունչ չեն միջազգային նորմերին:

Օրենքի նախագծով առաջարկվում է դրանք համապատասխանեցնել միջազգային նորմերին, մասնավորապես`

1. Նախագծի հոդված 1-ով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Փախստականների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը:

Վերջինս սահմանում է փախստականի կարգավիճակ տալու հիմքերը այն դեպքում, երբ դրանք արդեն իսկ սահմանված են օրենքի 1-ին հոդվածում ամրագրված «փախստական» հասկացության մեջ: Ավելին, նույն հոդվածի «բ» կետում նշված է, որ անձը կարող է ստանալ փախստականի կարգավիճակ, եթե այլ «պետության կողմից չի ստացել փախստականի կարգավիճակ», այն դեպքում, երբ հնարավոր է, որ անձը թեեւ այլ երկրում ստացել է փախստականի կարգավիճակ, սակայն նրա կյանքին կամ ազատությանը վտանգ է սպառնում նաեւ իրեն ապաստան տված տվյալ երկրում: Փաստորեն, փախստականի կարգավիճակ հայցող անձի դիմումը նշված հոդվածի «բ» կետի հիմնան վրա մեխանիկորեն մերժվում է` թեեւ հնարավոր է, որ նրա տվյալները համապատասխանում են «փախստական» հասկացության մեջ նշված պայմաններին:

Ոստի, հոդված 5-ն ավելորդ է:

2.Նախագծի հոդված 2-ով առաջարկվում է օրենքի 6-րդ հոդվածը համապատասխանեցնել «Փախստականների կարգավիճակի վերաբերյալ» 1951 թվականի Ժնեւի Կոնվենցիայում նշված փախստականի կարգավիճակ տալու բացառման հիմքերին:

Օրենքի 6-րդ հոդվածով սահմանվում են փախստականի կարգավիճակ տալու մերժման հիմքերը, այսինքն` այն պայմանները, որոնց առկայության դեպքում փախստականի կարգավիճակ տալը բացառվում է, թեեւ հնարավոր է, որ անձի տվյալները համապատասխանում են «փախստական» հասկացության մեջ նշված պայմաններին:

«Փախստականների կարգավիճակի վերաբերյալ» 1951թվականի Ժնեւի կոնվեցիայի 1-ին հոդվածի «զ» կետում որպես փախստականի կարգավիճակ տալու բացառման հիմքեր նշված են 3 կոնկրետ պայմաններ: Օրենքով սահմանված լրացուցիչ պայմանները նեղացնում են կոնվենցիայի գործողության շրջանակը, այսինքն` դրանք համահունչ չեն Կոնվենցիայով սահմանված դրույթներին: Այսպես.

- օրենքի 6-րդ հոդվածի «ա» եւ «բ» կետերը ներառում են փախստականի կարգավիճակ տալը բացառող հիմնական այն տարրերը, որոնք սահմանված են Կոնվենցիայի 1-ին հոդվածի «զ» կետում` մեկ տարբերությամբ: Հոդված 6-ի «բ» կետի համաձայն` մինչեւ ՀՀ տարածք մուտք գործելը ոչ քաղաքական բնույթի հանցագործություն կատարած անձանց փախստականի կարգավիճակ չի տրվում այն դեպքում, երբ ըստ Կոնվենցիայի որպես մերժման հիմք կարող է հանդիսանալ «ոչ քաղաքական բնույթի ծանր հանցագործությունների կատարումը»: Նվազ ծանր հանցագործությունների կատարումը հիմք չի կարող հանդիսանալ փախստականի կարգավիճակ տալը բացառելու համար.

- հոդվածի «գ» կետով մերժման հիմք է համարվում, եթե անձը կարող է վնասել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը: Հոդվածի ձեւակերպումն անորոշ է եւ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս: Երկրի անվտանգությանը սպառնացող վտանգի հանգամանքը հստակեցված է օրենքի նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում, որտեղ տրվել է Կոնվենցիայի 33-րդ հոդվածի 2-րդ կետին համարժեք սահմանում.

- հոդվածի «դ» կետը անհրաժեշտ է հանել, քանի որ մի քանի պետությունների քաղաքացիություն ունեցող անձանց մասին դրույթն արդեն իսկ ընդգրկված է օրենքի 1-ին հոդվածով նախատեսված «փախստական» հասկացության մեջ:

-հոդվածի «ե» կետն անհրաժեշտ է հանել, քանի որ այն ավելորդ է:

-հոդվածի «զ» կետի համաձայն մերժման հիմք է, եթե անձը Հայաստանի Հանրապետություն մուտք է գործել այն պետության տարածքից, որտեղ հետապնդումների զոհ դառնալու հիմնավոր երկյուղի պատճառներ չկան, եւ նա կարող էր այնտեղ ստանալ փախստականի կարգավիճակ:

Այստեղ խոսքը վերաբերվում է «Երրորդ ապահով երկիր» հասկացությանը: Օրենքով սահման չէ, թե ինչպիսի չափանիշներից ելնելով պետք է դիտել տվյալ երկիրը որպես անվտանգ երկիր: Այս նորմը կիրառելու համար առաջանում են լուծման կարիք ունեցող մի շարք խնդիրներ: Դրանք են` ինչպես որոշել, տվյալ երկիրը, որտեղից ժամանել անձը, ապահով է, թե` ոչ, արդյոք նա այնտեղ կարող էր ստանալ փախստականի կարգավիճակ, թե` ոչ, արդյոք անձը կարող է վերադառնալ այդ երկիր, թե` ոչ, եւ այլն:

-հոդվածի «է» կետի համաձայն մերժման հիմք է, եթե անձը հրաժարվում է հաղորդել անհրաժեշտ տեղեկություններ կամ հայտնում է ակնհայտ սխալ տեղեկություններ իր կամ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու հանգամանքների մասին:

Փախստականի կարգավիճակ հայցող անձանցից շատերն իրենց կյանքին կամ ազատությանը վտանգ սպառնալու հետեւանքով գտնվում են սթրեսային վիճակում եւ նրանց գիտակցության զգացմունքային վիճակը կարող է անդրադառնալ անցկացվող հարցազրույցների ժամանակ նրանցից իրական տեղեկությունների ձեռքբերման վրա: Տեղեկություններ տրամադրելուց հրաժարվելու պատճառը կարող է պարզապես լինել հետապնդումների ենթարկվելուց ստացած վախը: Հատկապես փախստականի կարգավիճակ հայցող առանց ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների երեխաները, չամուսնացած կանայք, տարեցները, մտավոր հաշմանդամ անձինք դժվարանում են հաղորդել անհրաժեշտ տեղեկություններ իրենց եւ ՀՀ տարածք մուտք գործելու հանգամանքների մասին:

Ուստի, փախստականի կարգավիճակ ստանալու մասին դիմումի մերժում նախատեսող այդ դրույթը հնարավորություն չի տալիս միջազգային պաշտպանության կարիք ունեցող անձանց վերաբերյալ ընդունել ճիշտ որոշումներ:

-հոդվածի «ը» եւ «թ» կետերի համաձայն մերժման հիմքեր են, եթե անձը օրինական ամուսնության մեջ է գտնվում Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ, ինչպես նաեւ եթե նա «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետու-թյունում ստացել է կացության կարգավիճակ:

Թեեւ ՀՀ քաղաքացու հետ ամուսնանալու կամ ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու դեպքում անձը, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունում ստանում է բնակության իրավունք, սակայն դրանով նա չի ստանում «Փախստականների կարգավիճակի վերաբերյալ» կոնվենցիայով սահմանված իրավական պաշտպանու-թյուն, այն է` պաշտպանությունը հետ վերադարձվելուց այն երկիր, որտեղ նրա կյանքին կամ ազատությանը վտանգ են սպառնում, այսինքն` նրա նկատմամբ այս դեպքում չի կիրառվում Կոնվենցիայի կարեւորագույն դրույթներից մեկը` չվերադարձման սկզբունքը:

3. Նախագծի հոդված 3-ով առաջարկվում է փախստականի կարգավիճակ հայցողներին ՀՀ տարածք ապօրինի մուտք գործելու կամ ՀՀ-ում ապօրինի գտնվելու համար պատասխանատվությունից ազատել:

Այն համահունչ է Կոնվենցիայի 31-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված դրույթին, համաձայն որի պայմանավորվող պետությունները պատժամիջոցներ չեն կիրառում այն անձանց նկատմամբ, ովքեր ուղղակիորեն գալով այն երկրի տարածքից, որտեղ իրենց կյանքին կամ ազատությանը վտանգ է սպառնում ռասայական, կրոնական, ազգային, որոշակի սոցիալական խմբի պատկանելության կամ քաղաքական համոզմունքների համար, առանց ձգձգման ներկայանում են իշխանություններին եւ երկրի տարածք իրենց ապօրինի մուտքի կամ գտնվելու վերաբերյալ հիմնավոր պատճառներ են ներկայացնում:

4.Նախագծի հոդված 4-ով առաջարկվում է

ա/ օրենքի 8-րդ հոդվածում սահմանել, որ փախստականի կարգավիճակ հայցողներին, անհրաժեշտ բժշկական զննման ենթարկելու եւ փաստաթղթային ստուգումներ անցկացնելու եւ նրանց կեցությունը ապահովելու համար լիազորված մարմինը բնակեցնում է հատուկ կացարանում փախստականի կարգավիճակ ստանալու մասին դիմումի քննարկման ժամանակահատվածում, որը չի կարող գերազանցել եռամսյա ժամկետը, քանի որ մեկամսյա ժամկետը բավարար չէ փախստականի կարգավիճակ հայցողի բժշկական զննման եւ փաստաղթային ստուգումների անցկացման աշխատանքները կազմակերպելու համար:

բ/ նախատեսել դրույթներ փախստականի կարգավիճակ հայցող առանց ծնողների կամ օրինական ներկայացուցիչների երեխաներին մանկատներում կամ այլ հիմնարկներում տեղավորելու, նրանց համար խնամակալ նշանակելու, ինչպես նաեւ երեխայի ծնողների եւ նրա ընտանիքի մյուս անդամների որոնման ուղղությամբ լիազորված մարնի կողմից միջոցներ ձեռնարկելու մասին:

Փախստական երեխաների պաշտպանության, նրանց ծնողների եւ ընտանիքի մյուս անդամների որոնումների անհրաժեշտությունն ամրագրված է «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 22-րդ հոդվածում:

Առաջարկվող լրացումները բխում են նշված կոնվենցիայի դրույթներից:

5.Նախագծի հոդված 5-ով առաջարկվում է

ա/ օրենքի 12-րդ հոդվածից փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելու ժամկետային սահմանա-փակումը հանել,

բ/ սահմանել անձի փախստականի կարգավիճակ ստանալու իրավունքը` առանց տարիքային սահմանափակման.

գ/ փախստականի կարգավիճակի 3 տարվա գործողության ժամկետը հանել:

Օրենքի 12-րդ հոդվածի առաջին մասով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետություն մուտք գործած անձինք` ըստ իրենց ժամանակավոր կացարանների գտնվելու վայրի, սահմանված կարգով` տասնօրյա ժամկետում , գրավոր դիմում են լիազորված մարմնին` փախստականի կարգավիճակ ստանալու համար:

Օրենքով սահմանված տասնօրյա ժամկետով, ըստ էության, սահմանափակվում է անձի` Մարդու իրավունքների հռչակագրի 14-րդ հոդվածով ամրագրված ապաստան ստանալու իրավունքը: Փախստականի կարգավիճակ ստանալու համար ժամկետային սահմանափակումը չի բխում «Փախստականների կարգավիճակի վերաբերյալ» 1951 թվականի Ժնեւի կոնվենցիայի դրույթներից: Ուստի, այն անհրաժեշտ է հանել:

Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասերով սահմանվում է, որ փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմելու իրավունք ունեն 16 տարին լրացած անձինք: 16 տարին չլրացած անձանց համար դիմումները ներկայացնում են նրանց ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները:

Միջազգային նորմերը փախստականի կարգավիճակ ստանալու համար տարիքային սահմանափակումներ չեն սահմանում: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 2-րդ հոդվածով սահմանվում է մարդու իրավունքներից առանց որեւէ խտրականության օգտվելու սկզբունքը. «Յուրաքանչյուր ոք, առանց որեւէ խտրականության` անկախ մաշկի գույնից, սեռից, լեզվից, պաշտամունքից, քաղաքական կամ այլ դիրքորոշումներից, ազգային կամ սոցիալական ծագումից, սեփականությունից, ծննդյան կամ այլ կարգավիճակից, իրավունք ունի օգտվելու սույն Հռչակագրով սահմանված բոլոր իրավունքներից եւ ազատություններից»:

Նշված հռչակագրի 14-րդ հոդվածը սահմանում է մարդու` ապաստան ստանալու իրավունքը. «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի հետապանդումներից այլ երկրներում ապաստան փնտրելու եւ այդ ապաստանից օգտվելու»: Հետեւաբար, այս իրավունքի կիրարկումը պետք է իրականացվի առանց տարիքային սահմանափակումների:

Բացի այդ, «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 22.1. հոդվածով սահմանվում է երեխայի` փախստականի կարգավիճակ ստանալու իրավունքը. «Մասնակից պետությունները միջոցներ են ձեռնարկում, որպեսզի փախստականի կարգավիճակ ստանալ ցանկացող կամ գործող միջազգային կամ ներքին իրավունքի ու ընթացակարգի համաձայն փախստական համարվող երեխային, ինչպես ծնողների կամ ցանկացած այլ անձանց կողմից ուղեկցվելու, այնպես էլ չուղեկցվելու դեպքում ապահովվի պատշաճ պաշտպանություն եւ մարդասիրական օգնություն կիրառելի իրավունքներից օգտվելու համար, որոնք շարադրված են սույն կոնվենցիայում եւ մարդու իրավունքների վերաբերյալ այլ միջազգային կամ մարդասիրական փաստաթղթերում, որոնց մասնակից է տվյալ պետությունը»:

Փաստորեն, գործող օրենքով, 16 տարեկանից ցածր երեխաներին փախստականի կարգավիճակ տալու ընթացակարգով անցնելու հնարավորություն չտալը դիտվում է «Երեխայի իրավունքների մասին» Կոնվենցիայի դրույթների խախտում:

Ոստի, առաջարկվում է օրենքի 12-րդ հոդվածում կատարել փոփոխություն` նախատեսելով դրույթ անձի` առանց տարիքային սահմանափակման փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմելու իրավունքը:

Հոդվածի 3-րդ մասը առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել, քանի որ նախագծի 4-րդ հոդվածով օրենքի 8-րդ հոդվածում այդ մասին նախատեսվել են համապատասխան դրույթներ:

Հոդվածի 7-րդ մասն անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել, քանի որ փախստականի կարգավիճակի գործողության ժամկետ «Փախստականների կարգավիճակի վերաբերյալ» Կոնվենցիայով նախատեսված չէ:

6. Նախագծի հոդված 6-ով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի 14-րդ հոդվածը, քանի որ այն հակասում է «Փախստականների կարգավիճակի վերաբերյալ» Ժնեւի Կոնվենցիայով նախատեսված` փախստականի կարգավիճակ տալու բացառման հիմքերին:

7. Նախագծի հոդված 7-ով առաջարկվում է օրենք 17-րդ հոդվածի առաջին մասից «Սույն օրենքի 14 հոդվածով նախատեսված կարգով» բառերը հանել, քանի որ առաջարկվել էր 14-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

8. Նախագծի հոդված 8-ով սահմանվում է փախստականի ընտանիքի միավորման իրավունքը:

Հաճախ լինում են դեպքեր, երբ փախչելով հալածանքներից` անձի ընտանիքի անդամները հայտնվում են տարբեր երկրներում կամ ընտանիքի անդամներից մեկին հաջողվում է լքել իր քաղաքացիության պատկանելության կամ մշտական բնակության վայրի երկիրը, իսկ մյուս անդամին (անդամներին) դա չի հաջողվում: Ապաստան ստացած երկրում փախստականի` իր ընտանիքի հետ միավորման սկզբունքը նախատեսված է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 2002 թվականի մարտի 26-ի երաշխավորությունում, համաձայն որի` երկրի տարածք մուտք գործելուց հետո, ընտանիքի միավորման սկզբունքի հիման վրա, փախստականի ընտանիքի անդամը պետք է ստանա կացության կարգավիճակ:

Ուստի, առաջարկվում է օրենքի 18-րդ հոդվածում կատարել լրացում` նախատեսելով դրույթներ փախստականին` իր ընտանիքի հետ միավորման իրավունք տալու եւ ընտանիքի անդամին /անդամներին/ Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագիր եւ Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ տալիս պետական տուրքերի վճարումներից ազատելու վերաբերյալ:

9. Նախագծի հոդված 9-ով ամրագրվում է փախստականին երկրից վտարման կամ վերադարձման արգելման սկզբունքը:

Չվտարման կամ չվերադարձման սկզբունքը նախատեսված է «Փախստականների կարգավիճակի վերաբերյալ» 1951 թվականի Ժնեւի կոնվենցիայի 33-րդ հոդվածում:

Անձը չի կարող վտարվել կամ վերադարձվել այն երկրի տարածք, որտեղ նրա կյանքին կամ ազատությանը կարող են վտանգ սպառնալ` կապված նրա ռասայի, կրոնի, ազգության, որոշակի սոցիալական խմբի պատկանելության կամ քաղաքական համոզմունքների հետ, բացառությամբ, եթե նա հիմնավոր պատճառներով վտանգավոր է համարվում երկրի անվտանգության համար կամ եթե նա կատարել է առանձնապես ծանր հանցագործություն, որով վտանգ է ներկայացնում երկրի հասարակության համար:

Նախագծի 9-րդ հոդվածով կատարված ձեւակերպումը համահունչ է Կոնվենցիայի 33-րդ հոդվածի ձեւակերպմանը:

10. Նախագծի հոդված 10-ով առաջարկվում է`

ա/ ուժը կորցրած ճանաչել օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «է» եւ «ը» կետերը, քանի որ այն համահունչ չէ «Փախստականների կարգավիճակի վերաբերյալ» Ժնեւի կոնվենցիայի դրույթներին:

բ/ սահմանել անչափահաս փախստականների փախստականի կարգավիճակի դադարեցման լրացուցիչ հիմքերը:

Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անչափահաս փախստականները կորցնում են փախստականի կարգավիճակը, եթե ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց որդեգրում են Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա քաղաքացիները, բացառությամբ այն դեպքերի, երբ որդեգրողները փախստականներ են կամ քաղաքացիություն չունեցող անձինք:

Նախագծով առաջարկվում է հոդվածում կատարել լրացում այն մասին, որ անչափահաս երեխաների փախստականի կարգավիճակը դադարեցվում է նաեւ այն դեպքում, երբ նրանց ծնողները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք են բերում ՀՀ քաղաքացիություն, քանի որ ծնողների ՀՀ քաղաքացիություն ստանալու դեպքում երեխան նույնպես օգտվում է Հայաստանի պաշտպանությունից:

11. Նախագծի հոդված 11-ով առաջարկվում է սահմանել 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված եւ փախստականների հարցերով զբաղվող պետական մարմնում որպես փախստական հաշվառված անձանց իրավական կարգավիճակը:

Գործող օրենքի 25-րդ հոդվածը սահմանում է. «Սույն օրենքի այն նորմերը, որոնք սահմանափակում են փախստականի կարգավիճակ հայցողների իրավունքները, չեն տարածվում 1988-1992 թվականներին Հայաստանի Հանրապետություն բռնագաղթված անձանց վրա»: Հոդվածի ձեւակերպումը անորոշ է եւ տեղիք է տալիս բազմանշանակ մեկնաբանությունների: Ըստ էության, նշված հոդվածը վերաբերում է Ադրբեջանի Հանրապետություւնից բռնագաղթված անձանց: Այս հոդվածով սահմանափակվում են այն փախստականի կարգավիճակ հայցող անձանց իրավունքները, որոնք գալիս են այլ երկրներից:

Բացի դրանից, օրենքը չի պարունակում դրույթներ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված այն անձանց վերաբերյալ, որոնք փախստականների հարցերով զբաղվող պետական մարմնի կողմից նախկինում հաշվառվել են որպես փախստականներ: «Փախստականների մասին» ՀՀ օրենքը ըստ էության վերաբերվում է ՀՀ տարածք մուտք գործող այն օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեղող անձանց վրա, որոնք դիմում են լիազորված մարմնին Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստանալու համար:

Փաստորեն, օրենքը 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթված փախստականների իրավական կարգավիճակը չի սահմանում, թեեւ նրանք նույնպես օրենքի 1-ին հոդվածի իմաստով համարվում են Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք եւ ունեն օրենքի 18-րդ հոդվածում նշված փախստականի կարգավիճակ ստացած անձանց իրավունքները եւ պարտականությունները:

Առաջարկվում է օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետեւայալ խմբագրությամբ. «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված եւ փախստականների հարցերով զբաղվող պետական մարմնում որպես փախստական հաշվառված անձինք համարվում են փախստական` սույն օրենքի իմաստով:»:

12. Նախագծի հոդված 12-ով սահմանվում է օրենքի ուժի մեջ մտնելը:

Այն նախատեսված է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով: