Armenian ARMSCII Armenian
Կ-78336-30.11.2009,08.06.2010-ՍՀ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-183 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածում`

1) «բ» ենթակետը «բոլոր տեսակի կենսաթոշակները» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սահմանված կարգով կենսաթոշակների կամավոր կուտակային համակարգին մասնակցության շրջանակներում վճարվող կենսաթոշակների» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ» ենթակետով.

«զ) ներդրումային ֆոնդերում մասնակցությունը հավաստող արժեթղթերից ստացվող միջոցները (այդ թվում` դրանց օտարումից, փոխանակումից, այլ նմանատիպ գործարքներից, շահաբաժինների բաշխումից կամ նման այլ ձեւով կատարված բաշխումներից, ինչպես նաեւ պայմանագրային ներդրումային ֆոնդի ակտիվների հաշվին կատարված գործարքներից):»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում`

1) «ժա» ենթակետը «ապահովագրական հատուցումները» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմաններով հարկ վճարողի կողմից իր համար եւ (կամ) հարկ վճարողի համար երրորդ անձի (այդ թվում` գործատուի) կատարած կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության վճարների հաշվին սահմանված կարգով ստացման ենթակա հատուցումների (այդ թվում` կենսաթոշակների)» բառերով.

2) ուժը կորցրած ճանաչել «ժզ» ենթակետը.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «լ» եւ «լա» ենթակետերով.

«լ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմաններով հարկ վճարողի կողմից իր համար եւ (կամ) հարկ վճարողի համար երրորդ անձի (այդ թվում` գործատուի) կողմից կատարվող կուտակային կենսաթոշակային ապահովագրության վճարները` հարկ վճարողի համախառն եկամտի 5 տոկոսը չգերազանցող չափով.

լա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմաններով հարկ վճարողի կողմից իր համար եւ (կամ) հարկ վճարողի համար երրորդ անձի (այդ թվում` գործատուի) կատարած կուտակային կենսաթոշակային ապահովագրության վճարների հաշվին մինչեւ կենսաթոշակների ստացման իրավունքի ձեռքբերման` օրենքով սահմանված ժամկետը լրանալը ստացման ենթակա եկամուտները:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: