Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-9344-21.06.2010-ՄԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական  օրենսգիրքը լրացնել նոր 122.1. հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«ՀՈԴՎԱԾ 122.1. ԿՆՈՋՆ  ԱՊOՐԻՆԻ ԱԲՈՐՏ ԿԱՏԱՐԵԼՈՒՆ  ՀԱԿԵԼԸ

Կնոջն ապօրինի աբորտ կատարելուն դրդելը, այսինքն` հորդորելը, խաբեության կամ այլ միջոցով նրա մոտ աբորտ կատարելու վճռականություն հարուցելը, եթե կինն ինքնաբորտ է  կատարել կամ դրա համար համապատասխան մասնագետի է դիմել կամ այդպիսի փորձ է կատարել`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիu ժամկետով, կամ  ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության  ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ  եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության  քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության  ընտրական  օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության  աշխատանքային  օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»  եւ «Հայաստանի Հանրապետության  քրեական  օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության մասին

«Հայաստանի Հանրապետության  ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ  եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության  քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության  ընտրական  օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության  աշխատանքային  օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»  եւ «Հայաստանի Հանրապետության  քրեական  օրենսգրքում լրացում կատարելու մասին»    Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է վերը նշված օրենսգրքերի ներկայացված հոդվածները Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 7-րդ, 16-րդ, 23-րդ, 25-րդ, Քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 3-րդ, 23-րդ, Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի 10-րդ, Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիայի 2-րդ, 6-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 16-րդ, Կանանց քաղաքական իրավունքների մասին կոնվենցիայի 3-րդ, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 12-րդ, Կանանց եւ տղամարդկանց հավասարության մասին հռչակագրի 1-ին, 4-րդ, 5-րդ,  6-րդ հոդվածներին եւ Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 1-ին մասի 27-րդ կետին, 2-րդ մասի 20-րդ հոդվածին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի ուժը կորցնելը վերաբերում է տղամարդու եւ կնոջ ամուսնալուծությանը եւ ոչ թե երեխայի խնամքին, հայրությանը, ալիմենտին, քաղաքացիությանը եւ այլն, իսկ օրենսգիրքը 31.1. հոդվածով լրացնելը կպաշտպանի ամուսնալուծված եւ երբեւէ չաշխատած կնոջ գույքային իրավունքները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունը գենդերային ճիշտ քաղաքականություն է  կանանց տնտեսական իրավունքների իրականացմանը աջակցելու եւ ամուսինների գույքային իրավունքները պաշտպանելու, ինչպես նաեւ համահունչ է Հայաստանի պարտավորություններին կանանց նկատմամբ կիրառվող բռնության դեմ պայքարելու համար:

ՀՀ ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունը, հստակեցումից բացի, պայմանավորված է վերը նշված միջազգային փաստաթղթերով, որոնք կանանց քաղաքական մասնակցությունն ակտիվացնելու համար նախատեսում են քվոտաներ, որը   անհրաժեշտ ժամանակավոր միջոցառում է եւ ոչ թե խտրականություն: Մասնավորապես` Պեկինյան գործողությունների ծրագրի հանձնարարականի համաձայն  մասնակից պետությունները պարտավորվել են տղամարդկանց եւ կանանաց համար ապահովել հավասար իրավունքներ եւ հավասար հնարավորություններ 50-50 հարաբերակցությամբ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 172-րդ եւ 173-րդ հոդվածներում լրացումներ կատարելը, բխում է ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիայի 11-րդ հոդվածի 2-րդ մասի ա) կետից, որի համաձայն արգելվում է աշխատանքից ազատում հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ընթացքում կամ մայրության ընթացքում` մինչեւ երեխայի երեք տարեկան դառնալը: Այս դեպքերում պատասխանատվություն է նախատեսվում օրենքով սահմանված կարգով (տես ՀՀ քրեական օրենսգրքի 156-րդ հոդվածը:):

ՀՀ քրեական օրենսգրքի լրացումը վերաբերում է կնոջն ապօրինի աբորտ կատարելուն դրդելուն:  Այս դեպքում նույնպես հանցագործության օբյեկտը կնոջ կյանքի եւ առողջության անվտանգությունն ապահովող հասարակական հարաբերություններն են, որտեղ կինը հանդես է գալիս այս հանցագործության տուժողի դերում, քանի որ նրա հանդեպ իրականացվում է թե հոգեկան եւ  թե ֆիզիկական բռնություն:

Առաջարկվող փոփոխությունները ՀՀ օրենսդրությունը կհամապատասխանեցնի  Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային-իրավական փաստաթղթերին ու ստանձնած պարտավորություններին եւ գենդերային տեսանկյունից ներդաշնակություն կմտցնի  ՀՀ օրենսդրության մեջ:

Նախագծի մշակման աշխատանքներին  մասնակցել է իրավաբանական գիտությունների թեկնածու Գեղեցիկ Գրիգորյանը: