Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-946-09.07.2010-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունիսի 24-ի ՀՕ-200 օրենքի (այսուհետ` Օրենք)  10.1 հոդվածից հետո լրացնել նոր 10.2 հոդվածով` հետեւյալ բովանդակությամբ.

«ՀՈԴՎԱԾ 10.2. Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր` նշվում է հունիսի 29-ին:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՀ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Կարգավորման առարկան .

Սույն նախագծի կարգավորման առարկան Հայաստանի նորանկախ պետականության պաշտպանության ու կայացման, ինչպես նաեւ Արցախի հերոսամարտում հայոց հաղթանակի համար իրենց դրական դերակատարումն  ունեցած անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա ամրագրումն է «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

2. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը) .

ՀՀ օրենքով ամրագված կարգով նշվում է Երկրապահի օրը` մայիսի 8-ը: Սակայն անհայտ կորած ազատամարտիկներին հարկավոր է  այլ կարգավիճակով դասակարգել, քանի որ նրանց կարգավիճակը, ըստ էության, տարբերվում է կենդանի կամ զոհված ազատամարտիկների կարգավիճակից, հետեւաբար նաեւ սխալ է նույնացումը հայրենիքի պաշտպանության համար նահատակված կամ մահացած զինվորների կարգավիճակի հետ: Անհրաժեշտ է  ՀՀ օրենսդրությամբ ու ելնելով անհայտ կորած զիվորների  վերաբերյալ Ժնեւյան կոնվենցիայի հիմնադրույթներից` «անհայտ կորած ազատամարտիկի» կարգավիճակին համապատասխան հիշատակի օր ամրագրել «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

2.2 Կարգավորվող հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

Անհայտ կորած ազատամարտիկների օրը թե' Հայաստանի, թե' ԼՂ հանրապետությունների կառավարական ու հասարակական մակարդակներով դե ֆակտո նշվում է 2001թվականից սկսյալ: Այժմ ունենք 2000թ. հոկտեմբերի 23-ի ՀՀ Կառավարության N663 որոշումը, որով   հունիսի 29-ը սահմանված է որպես անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օր: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նույնպես ունի Կառավարության որոշում` ընդունված 1999թ. մայիսի 19-ին, որով հունիսի 29-ը հայրենիքի համար նախատակված եւ անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է: ԼՂՀ-ն սակայն սույն որոշման հիման վրա 2001թ. մայիսի 26-ին անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն ամրագրել է «ԼՂՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածում (ԼՂՀ, ՀՕ-149): ՀՀ օրենսդրության մեջ որոշումը դեռեւս օրենքի չի վերափոխվել:

2.3. Առկա խնդիրի առաջարկվող լուծումները.

Նախագիծը նպատակ ունի ՀՀ Կառավարության գործող որոշումն ամրագրել օրենքով:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Սույն նախագծի կիրառման արդյունքում հստակեցում կմտնի անհայտ կորած ազատամարտիկների կատեգորիայի հարցում: Սույն նախագծի ընդունումը կարեւոր է անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների, ժառանգների եւ առհասարակ հասարակության համար: Նախագծի կիրառմամբ օրենքով կամրագրենք գիտակցությունն առ այն, որ հայրենիքի ու նրա շահերի պաշտպանության համար կյանքը նվիրաբերած ազատամարտիկների հանդեպ հարգալից վերաբերմունքն ու նրանց գործի հիշատակումը այսօրվա եւ վաղվա յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է: Սույն  նախագծի կիրառումը նաեւ կարեւոր քայլ կլինի սերունդներին հայրենասիրական ոգով դաստիարակելու համար: