Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-896-12.05.2010,19.07.2010-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածի

ա) 10-րդ մասը «դասարան» բառից հետո լրացնել «` բացառությամբ սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված դեպքի:»:

բ) 11-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.

«11. Ուսումնական տարվա ընթացքում` 180 ժամ եւ ավելի դասերից բացակայած սովորողին հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրելու հարցի վերաբերյալ որոշումն ընդունում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը` իր կողմից սահմանած կարգով:

Սովորողի հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան չփոխադրելու կամ որոշում չընդունելու դեպքում սովորողը կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը:»:

Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետը «իրականացնում է» բառից հետո լրացնել «սույն օրենքով,» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում լրացումներ եւ փոփոխություն   կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման  վերաբերյալ

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն   կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման   անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ցանկություն ունենալով կարգավորել եւ վերահսկելի դարձնել   սովորողների բնականոն հաճախելիությունը հանրակրթական դպրոց եւ մասնակցությունը հանրակրթական ծրագրերին` գործող օրենքով բոլոր սովորողների (աշակերտների)համար սահմանվել են առավել խիստ  եւ  որոշակի  լուծումներ:

Մինչդեռ, օրենքի ավելի քան մեկ տարվա կիրառության ընթացքում  ստեղծված իրավիճակի վերլուծությունը  ցույց է տվել, որ  դեպքերը եւ պատճառները  տարբեր են (սպորտ` այդ թվում  Եվրոպայի ու աշխարի առաջնություններ, օլիմպիական խաղեր,  առարկայական օլիմպիադաներ` այդ թվում միջազգային, տարբեր միջոցառումներ, հիվանդություններ, անհարգելի բացակայություններ եւ այլն) եւ դրանց միանշանակ վերաբերվելը կարող է բացասական ազդեցություն ունենալ հաճախելիության, ինչու չէ նաեւ  դպրոցի վարկանիշի  վրա:

Չմեղմելով հարցը եւ կարեւորելով սովորողի պարտադիր մասնակցությունը դասերին  կամ  հանրակրթական  տվյալ աստիճանին, ներկայացված օրենսդրական նախաձեռնությամբ հնարավորություն է ընձեռվում, ուսումնական տարում` 180 ժամ եւ ավելի դասերից բացակայած սովորողին հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրելու հարցի վերաբերյալ որոշումն ընդունի կրթության պետական կառավարման լիազորված մարմինը, այդ կերպ  կխուսափենք նաեւ զանազան ասեկոսներից, չարաշահումներից եւ այլն: