Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-953-21.07.2010-ԱՄ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՐԴՈՒՆ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՓՈԽՊԱՏՎԱՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002թ. ապրիլի 16-ի ՀՕ-324 օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի «դ» կետը «վայրում» բառից հետո լրացնել «, բացառությամբ, եթե ռեցիպիենտն ազատազրկված անձի մերձավոր ազգականն է (ծնող, զավակ, ամուսին, քույր, եղբայր).»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Մարդուն օրգաններ եւ /կամ/ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

1. Օրենքի նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ պրակտիկայում լինում են դեպքեր, երբ ազատազրկման դատապարտված անձի մերձավոր ազգականը /ամուսինը, երեխան եւ այլն/ օրգանի կամ հյուսվածքի փոխպատվաստման կարիք է ունենում, իսկ ազատազրկման դատապարտված անձը, ցանկանալով օգնել իր ազգականին, պատրաստակամություն է հայտնում հանդես գալ որպես դոնոր, սակայն, փոխպատվաստումը հնարավոր չի լինում իրականացնել, քանի որ գործող օրենսդրությամբ դա արգելվում է: Նման արգելքի առկայությունը շատ դեպքերում անհարկի խոչընդոտ է հանդիսանում ռեցիպիենտի կյանքի եւ առողջության պահպանման համար եւ լուրջ դժգոհություն է առաջացնում ազատազրկման դատապարտված անձանց եւ նրանց ազգականների շրջանում:

1.1 Ներկայումս «Մարդուն օրգաններ եւ /կամ/ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը արգելում է ազատազրկման դատապարտված անձանց հանդես գալ որպես դոնոր` չնախատեսելով որեւէ բացառություն:

1.2 Նախագծով նախատեսվում է ազատազրկման դատապարտված անձին թույլատրել հանդես գալ որպես դոնոր, երբ ռեցիպիենտը վերջինիս մերձավոր ազգականն է:

2. Օրենքի նախագծի կարգավորման առարկան են հանդիսանում ազատազրկման դատապարտված անձանց կողմից դոնոր հանդես գալու հետ կապված հարաբերությունները:

3. Օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հնարավորություն տալ ազատազրկման դատապարտված անձանց հանդես գալ որպես դոնոր այն դեպքերում, երբ ռեցիպիենտը նրանց մերձավոր ազգականն է: