Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-954-23.07.2010-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի (այսուհետ` օրենք) 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 34-րդ կետով.

«34) Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող Ֆիզիկական անձանց կողմից իրավաբանական անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում գույքի ներդրումը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
 
 

Հիմնավորում

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Օրենքի նախագծի նպատակը իրավաբանական անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից որպես մասնակցություն գույքի ներդրումը ավելացված արժեքի հարկից ազատումն է:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Ներկայումս գործող օրենսդրությամբ իրավաբանական անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի համալրմանն ուղղվող միջոցները հարկվում են ավելացված արժեքի հարկով, դրանով իսկ չնպաստելով ֆիզիկական անձանց կողմից իրավաբանական անձանց կանոնանդրական կապիտալում ներդրումների կատարմանը:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալին ուղղվող գույքն ազատել ավելացված արժեքի հարկից, որը կխրախուսի կազմակերպություններում ֆիզիկական անձանց կողմից կապիտալ ներդրումների կատարմանը:

1.3.Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ֆիզիկական անձանց իրավաբանական անձանց կանոնադրական կամ բաժանեհավաք կապիտալի համալրման խրախուսումն է:

2. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում ներդրումների ուղղումը կխրախուսվի, որն էլ բարենպաստ պայմաններ կստեղծի հանրապետությունում տնտեսության զարգացման համար: