ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 126-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 132-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«ՀՈԴՎԱԾ 132. ՄԱՐԴՈՒ ԹՐԱՖԻՔԻՆԳԸ ԿԱՄ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ
1. Շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը, ստանալը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը՝ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ հարկադրանքի այլ ձեւերով, առեւանգման, խաբեության կամ վստահությունը չարաշահելու, իշխանությունը կամ վիճակի խոցելիությունը օգտագործելու կամ նրան վերահսկող անձի հետ համաձայնություն ձեռք բերելու նպատակով նյութական կամ այլ օգուտ տալու կամ ստանալու կամ այդպիսիք խոստանալու միջոցով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
3) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
4) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
5) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,
6) ՀՀ պետական սահմանը հատելով անձի տեղափոխումը կազմակերպելու միջոցով`
պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը`
1) կատարվել է կազմակերպված խմբի կողմից,
2) անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ կամ այլ ծանր հետեւանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնչորս տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
4. Սույն հոդվածում, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 132.2-րդ հոդվածում շահագործում են համարվում այլ անձի` պոռնկության շահագործումը կամ սեքսուալ շահագործման այլ ձեւերը, հարկադիր աշխատանքը կամ ծառայությունները, ստրկության կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնելը, օրգանները կամ հյուսվածքները վերցնելը:»:
ՀՈԴՎԱԾ 3. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 132.1-րդ հոդվածը:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 132.2-րդ հոդվածով.
«ՀՈԴՎԱԾ 132.2. ՏԱՍՆՈՒԹ ՏԱՐԻՆ ՉԼՐԱՑԱԾ ԿԱՄ ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԻՐ ԱՐԱՐՔԻ ԲՆՈՒՅԹՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՏԱԿՑԵԼՈՒ ԿԱՄ ԴԱ ՂԵԿԱՎԱՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՎԱԾ ԱՆՁԻ ԹԱՖԻՔԻՆԳԸ ԿԱՄ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ
1. Շահագործման նպատակով տասնութ տարին չլրացած, հոգեկան խանգարման հետեւանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձին հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես նաեւ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասը տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
3) պաշտոնեական դիրքը օգտագործելով,
4) բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
5) առեւանգման միջոցով,
6) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,
7) ՀՀ պետական սահմանը հատելով անձի տեղափոխումը կազմակերպելու միջոցով`
պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասներկու տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը`
1) կատարվել է կազմակերպված խմբի կողմից,
2) անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ կամ այլ ծանր հետեւանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից տասնհինգ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 132.3-րդ հոդվածով.
«ՀՈԴՎԱԾ 132.3. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼԸ
1. Շահագործման վիճակում գտնվող անձի ծառայություններից օգտվելը, եթե այդ անձի շահագործման վիճակի մեջ լինելը ակնհայտ է եւ եթե հանցագործություն կատարած անձի արարքում բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ կամ 132.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է`
1) ակնհայտ անչափահասի նկատմամբ,
2) հոգեկան խանգարման հետեւանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի նկատմամբ,
3) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,
4) երկու կամ ավելի անձանց նկատմամբ`
պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
3. Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին տուժողի մասին կամովին տեղեկություններ հայտնած անձը ազատվում է սույն հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից, եթե նրա հայտնած տեղեկությունները նպաստել են սույն օրենսգրքի 132-րդ կամ 132.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործության բացահայտմանը եւ եթե նրա փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ չի պարունակում:»:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 166-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«ՀՈԴՎԱԾ 166. ԵՐԵԽԱՅԻՆ ՊՈՌՆԿՈՒԹՅԱՆ, ՄՈՒՐԱՑԿԱՆՈՒԹՅԱՆ, ԿԱՄ ՊՈՌՆԿԱԳՐԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՆՅՈՒԹԵՐ ԿԱՄ ԱՌԱՐԿԱՆԵՐ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒՆ ՆԵՐԳՐԱՎԵԼԸ
1. Տասնութ տարին լրացած անձի կողմից երեխային պոռնկության, մուրացկանության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ մեկից հինգ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է՝ ծնողի, մանկավարժի կամ այլ անձի կողմից, ում վրա դրված է երեխայի դաստիարակության պարտականություն`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք `
1) կատարվել են երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
2) զուգորդվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով`
պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 166.1-րդ հոդվածով.
«ՀՈԴՎԱԾ 166.1. ԵՐԵԽԱՅԻՆ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ, ՈՒԺԵՂ ՆԵՐԳՈՐԾՈՂ ԿԱՄ ԱՅԼ ԹՄՐԵՑՆՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՈՉ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ԿԱՄ ԹԱՓԱՌԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԳՐԱՎԵԼԸ
1. Տասնութ տարին լրացած անձի կողմից երեխային պարբերաբար ոգելից խմիչքների օգտագործմանը, ուժեղ ներգործող կամ այլ թմրեցնող նյութերի ոչ բժշկական օգտագործմանը կամ թափառաշրջիկությանը ներգրավելը`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է՝ ծնողի, մանկավարժի կամ այլ անձի կողմից, ում վրա դրված է երեխայի դաստիարակության պարտականություն`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ մեկից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք`
1) կատարվել են երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
2) զուգորդվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով`
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»:
ՀՈԴՎԱԾ 8. Օրենսգրքի 168-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«ՀՈԴՎԱԾ 168. ԽՆԱՄՔԸ ՍՏԱՆՁՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՐԵԽԱՅԻ ԱՌՔԸ եւ ՍՏԱՆՁՆՈՂԻ ԽՆԱՄՔԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԾՆՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԵՐԵԽԱՅԻ ՎԱՃԱՌՔԸ
Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը եւ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով ծնողի կողմից երեխայի վաճառքը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները`
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
2) երկու կամ ավելի երեխաների նկատմամբ
3) ՀՀ պետական սահմանը հատելով անձի տեղափոխումը կազմակերպելու միջոցով,
4) կեղծ որդեգրում կատարելու միջոցով`
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»:
ՀՈԴՎԱԾ 9. Օրենսգրքի 261-րդ եւ 262-րդ հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 261. ՇԱՀԱԴԻՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՅԼ ԱՆՁԻ ՊՈՌՆԿՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒՆ ՆԵՐԳՐԱՎԵԼԸ ԿԱՄ ՊՈՌՆԿՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒՆ ՀԱԿԵԼԸ
1. Շահադիտական նպատակով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը կամ պոռնկությամբ զբաղվելը շարունակելուն հակելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ կամ 132.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով` մինչեւ երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:
1. Նույն արարքը, որը կատարվել է ՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
3) ՀՀ պետական սահմանը հատելով անձի տեղափոխումը կազմակերպելու միջոցով,
4) ակնհայտ հղի կնոջը նկատմամբ,
5) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
ՀՈԴՎԱԾ 262. ՊՈՌՆԿՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒՆ ՆՊԱՍՏԵԼԸ
1. Պոռնկությամբ զբաղվելու համար հաստատություն ստեղծելը, ղեկավարելը կամ պահելը կամ որեւէ հանրային հաստատություն պոռնկությամբ զբաղվելու համար օգտագործելը կամ այլ անձի պոռնկությամբ զբաղվելու համար բնակարան կամ այլ կացարան պարբերաբար տրամադրելը կամ գույքային օգուտ ստանալով՝ պոռնկությամբ զբաղվելուն այլ ձեւով նպաստելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ կամ 132.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով կամ կալանքով` մինչեւ երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
3) ՀՀ պետական սահմանը հատելով անձի տեղափոխումը կազմակերպելու միջոցով,
4) ակնհայտ հղի կնոջը օգտագործելով,
5) երկու կամ ավելի անձանց օգտագործելով,
6) տասնութ տարին չլրացած անձին օգտագործելով,
7) հոգեկան խանգարման հետեւանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձին օգտագործելով`
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»:
ՀՈԴՎԱԾ 10. Օրենսգրքի 263-րդ հոդվածում`
1) Վերնագրում եւ 1-ին մասում «տարածելը» բառերից առաջ հանել «ապօրինի» բառը, ինչպես նաեւ «պատրաստելը» բառից հետո լրացնել «եթե բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ, 132.2-րդ հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշները`» բառերը,
2) 2-րդ մասից հանել «Պոռնկագրական բնույթի համակարգչային ծրագրերի, կինոյի կամ տեսաֆիլմերի նյութերի, պատկերների կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաների ստեղծմանն անչափահասներին մասնակից դարձնելը, ինչպես նաեւ» բառերը:
ՀՈԴՎԱԾ 11.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտության
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանքներով.
1. ՀՀ Քր.օր.-ի 126-րդ հոդվածով պատասխանատվություն է նախատեսվում մարմնի մասեր կամ հյուսվածքներ տալուն հարկադրելու համար: Միեւնույն ժամանակ ՀՀ քր.օր.-ի 132-րդ հոդվածի 4-րդ մասի սահմանմամբ մարդու մարմնի մասերը կամ հյուսվածքները վերցնելը համարվում է շահագործման ձեւ, եւ այդ նպատակով, հարկադրանքի եղանակների կիրառմամբ անձին հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը 132-րդ հոդվածի հանցակազմում ընդգրկված արարք է, ինչը բխում է նաեւ միջազգային փաստաթղթերի պահանջներից: Ստացվում է, որ 126-րդ հոդվածում նկարագրված է թրաֆիքինգի հանցակազմը եւ նույն արարքը նախատեսված է երկու տարբեր հոդվածներով:
Վերոգրյալ տրամաբանությունից ելնելով, ինչպես նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարդու մարմնի մասեր կամ հյուսվածքներ վերցնելու անօրինական մյուս դեպքերը նկարագրված են ՀՀ քր.օր.-ի 125-րդ հոդվածում` առաջարկվում է ՀՀ քր.օր.-ի 126-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:
2. ՀՀ քր. օր.-ի 132-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը իրենցից ներկայացնում են տարբեր հանցակազմեր ունեցող հանցագործություններ: Այսպես` եթե 1-ին մասի օբյեկտիվ կողմից հանցագործությունը բնութագրվում է ակտիվ գործողություններով որոնք զուգորդված են հարկադրանքի եղանակներով, ապա 2-րդ մասը բաղկացած է միայն ակտիվ գործողությունից: 1-ին մասով նկարագրված է արարք, որի հանցակազմում պարտադիր պայման է համարվում դիսպոզիցիայում թվարկված հարկադրանքի եղանակների կիրառումը, մինչդեռ 2-րդ մասում հանցավոր է համարվում շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը` առանց հարկադրանքի կիրառման պայմանի:
Վերոգրյալ մոտեցումը կհամապատասխաներ միջազգային փաստաթղթերի պահանջներին, եթե հոդվածի 2-րդ մասը վերաբերվեր միայն տասնութ տարին չլրացած կամ հոգեկան խանգարման հետեւանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի նկատմամբ կատարված գործողություններին, սակայն նշված մասում եւս հինգ կետերով ներառված են նաեւ ծանրացնող հանգամանքներ որոնք կարող են վերաբերվել նաեւ չափահաս, գիտակից անձանց նկատմամբ կատարված գործողություններին:
Ելնելով վերոգրյալից առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ ենթակետերը եւ փոխարենը օրենսգիրքը լրացնել նոր 132.2-րդ հոդվածով, որը պատիժ կսահմանի միայն տասնութ տարին չլրացած կամ հոգեկան խանգարման հետեւանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգի համար եւ որպես անհրաժեշտ պայման չի սահմանվի հարկադրանքի եղանակների կիրառումը, ինչպես նաեւ 132-րդ հոդվածի համեմատ կդիտվի որպես ավելի ծանր հանցագործություն` համապատասխանաբար ավելի խիստ պատժաչափերով:
3. ՀՀ քր.օր.-ի 132.1-րդ հոդվածում ցուցաբերված է 132-րդ հոդվածին հակառակ մոտեցում` ինչը նույնպես հակասում է միջազգային փաստաթղթերի պահանջներին: Այս հոդվածի 2-րդ մասը, որը գիտակից, չափահաս անձանց հետ մեկտեղ վերաբերվում է նաեւ տասնութ տարին չլրացած կամ հոգեկան խանգարման հետեւանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձանց, կրկնում է 1-ին մասի դիսպոզիցիան` որի հանցակազմում պարտադիր պայման է հանդիսանում հարկադրանքի եղանակի կիրառումը: Բացի նշված թերությունը, ինչպես նախկին, այնպես էլ գործող օրենսգրքի 132.1 հոդվածում նորից բաց է մնացել մարդու մարմնի մասերը կամ հյուսվածքները վերցնելը` որպես սույն հոդվածով նախատեսված հանցանք դիտարկելը:
Պրակտիկ տեսանկյունից` նախաքննության ընթացքում տարբեր անձանց կողմից կատարված արարքները ճշգրիտ որակելու համար առաջանում են որոշ խոչընդոտներ: Մասնավորապես` եթե նույն անձը շահագործման նպատակով կատարել է հավաքագրում, փոխադրում, այնուհետեւ իրականացրել շահագործումը, ապա նախաքննության մարմինը ստիպված է լինում անձին իր կողմից կատարված հանցագործության տարբեր փուլերի համար մեղադրանք առաջադրել տարբեր հոդվածներով, բացի այդ հավաքագրում, տեղափոխում, փոխանցում, թաքցնում կամ ստացում իրականացրած անձի եւ շահագործման վիճակում պահող անձի գործողությունները հնարավոր չի լինում որակել առանձին հանցակազմերով եւ նախաքննական մարմինը ստիպված է լինում բոլոր դեպքերում այն դիտարկել որպես նախնական համաձայնությամբ կատարված գործողություններ: 132-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունը հանդիսանում է 132.1-րդ հոդվածով նախատեսվածի նախապատրաստական մի մասը, իսկ 132.1-րդը` 132-րդի տրամաբանական շարունակությունը:
Նշված թերությունները վերացնելու նպատակով առաջարկվում է 132-րդ եւ 132.1 հոդվածները միավորել մեկ` 132-րդ հոդվածում` վերջինիս դիսպոզիցիան լրացնելով «կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը» բառերով:
4. Օրենսգրքի նոր խմբագրմամբ 132-րդ հոդվածը առաջարկվում է վերնագրել «Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը»` ինչը թեեւ միջազգային տերմին է, սակայն լայն տարածում է գտել Հայաստանի Հանրապետությունում եւ ամենաճշգրիտն է նկարագրում այս հանցատեսակը:
5. Օրենսգրքի 132-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունները օբյեկտիվ կողմից բնութագրող գործողությունները նկարագրող «փոխադրելը, հանձնելը» բառերը առաջարկվում է փոխարինել «տեղափոխելը, փոխանցելը» բառերով, ինչպես նաեւ 132-րդ հոդվածով նախատեսված եղանակները նկարագրող «վիճակի խոցելիությունը» բառերից առաջ լրացնել «իշխանությունը կամ» բառերը, «նրան վերահսկող անձի համաձայնությունը ստանալու համար՝ վճարումներ կամ բարիքներ տալու կամ ստանալու» բառերը փոխարինել «նրան վերահսկող անձի հետ համաձայնություն ձեռք բերելու նպատակով՝ նյութական կամ այլ օգուտ տալու կամ ստանալու» բառերով` որոնք հիմնականում ընտրված են ՄԱԿ-ի թիվ 55/25 եւ ԵԽ թիվ 197 կոնվենցիաների պաշտոնական թարգմանության տերմիններից եւ սահմանումից եւ ավելի հասկանալի են դարձնում դրանց նշանակությունը:
Մասնավորապես` «փոխադրել» բառը նշանակում է փոխադրամիջոցի օգտագործմամբ անձին տեղափոխելուն` մինչդեռ տեղափոխում կազմակերպելն ու իրականցնելը կարող է տեղի ունենալ առանց փոխադրամիջոցի օգտագործման /ապօրինի սահմանահատումներ եւ այլն/, «հանձնել» բառը վերաբերվում է անձին վերջնական ստացողին հանձնմանը, մինչդեռ անձը կարող է մի քանի անգամ փոխանցվել հանցավոր շղթայի մեկ տարրից մյուսին: «Նրան վերահսկող անձի համաձայնությունը ստանալու համար՝ վճարումներ կամ բարիքներ տալու կամ ստանալու» հասկացությունը հաճախ առաջացնում է թյուրըմբռնում եւ ավելի պարզ այն ձեւակերպելու նպատակով առաջարկվում է «նրան վերահսկող անձի հետ համաձայնություն ձեռք բերելու նպատակով՝ նյութական կամ այլ օգուտ տալու կամ ստանալու» տարբերակը:
6. Օրենսգրքի 132-րդ, նոր 132.2-րդ հոդվածների բոլոր մասերում «ժամկետով» բառից հետո «գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա» բառերով լրացնելը պայմանավորված է ՄԱԿ-ի թիվ 55/25 կոնվենցիայի եւ ԵԽ թիվ 197 կոնվենցիայի պահանջներով:
7. Օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ, ինչպես նաեւ 132.2-րդ հոդվածի 2-րդ մասերում առաջարկվում է որպես ծանրացնող դիտել նաեւ այն հանգամանքները, երբ հանցագործությունը կատարվել է ակնհայտ հղի կնոջ նկատմամբ, ՀՀ պետական սահմանը հատելով անձի տեղափոխումը կազմակերպելու միջոցով, որոնք մեր կարծիքով բարձրացնում են հանցագործության վտանգավորության աստիճանը եւ ենթակա են ավելի խիստ պատժի:
8. Օրենսգրքի 132-րդ, նոր 132.2-րդ հոդվածներում նշված շահագործումը մեկնաբանող մասը առաջարկվում է սահմանել 132-րդ հոդվածի 4-րդ մասով եւ «այլ անձի պոռնկության ներգրավելը» բառերը փոխարինել «այլ անձի` պոռնկության շահագործումը» բառերով, քանի որ «ներգրավել» բառի կիրառումը ինքնին նշանակում է պոռնկությամբ չզբաղվող անձին ներգրավել, հակել պոռնկությամբ զբաղվելուն, մինչդեռ շահագործման ենթարկվել կարող է նաեւ արդեն իսկ պոռնկությամբ զբաղվող անձի պոռնկությունը, ինչը եւ սահմանված է ՄԱԿ-ի թիվ 55/25 եւ ԵԽ թիվ 197 կոնվենցիաներով:
9. ՀՀ քրեական օրենսգիրքը նոր 132.3-րդ հոդվածով լրացնելու առաջարկը պայմանավորված է պահանջարկի նվազեցմանն ուղղված միջոցառումների անհրաժեշտությունից, ինչպես նաեւ բխում է ԵԽ թիվ 197 կոնվենցիայի 19 հոդվածի պահանջներից:
10. 166-րդ հոդվածի բաժանումը երկու մասի պայմանավորված է ներկայացվող հոդվածում գործողությունների տարբեր բնույթով եւ վտանգավորության աստիճանով: Երեխային պոռնկության, մուրացկանության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելը թրաֆիքինգի համար ռիսկային համարվող արարքներ են եւ կարող են դրսեւորվել որպես երեխայի շահագործման ձեւ, եթե առկա է շահադիտական նպատակը: Ներկայացվող հոդվածով արարքը հնարավոր կլինի որակել միայն 132.2 հոդվածի հանցակազմի բացակայության դեպքում` այսինքն երբ բացակայում է շահադիտական նպատակը:
11. Ի տարբերություն 166-րդ հոդվածի, 166.1-րդ հոդվածը ներառում է այնպիսի գործողություններ, որոնք ճիշտ է, ազդում են երեխայի զարգացման վրա, բայց թրաֆիքինգի հանցակազմի մեջ չեն ներառվում: Բացի այդ երեխային ոգելից խմիչքների օգտագործմանը, ուժեղ ներգործող կամ այլ թմրեցնող նյութերի ոչ բժշկական օգտագործմանը կամ թափառաշրջիկությանը ներգրավելը եւ երեխային պոռնկության, մուրացկանության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելը ունեն տարբեր հասարակական վտանգավորության աստիճան, ինչի հետեւանքով 166-րդ եւ 166.1-րդ հոդվածների պատժաչափերը առաջարկվում են որոշակի տարբերություններով:
12. Երեխայի առք ու վաճառքի հետ կապված մոտեցումները տարաբնույթ են` այդ թվում բազմաթիվ հեղինակավոր կառույցներ դժվարանում են գնահատել` արդյոք երեխայի առքը եւ վաճառքը պետք է դիտել որպես թրաֆիքինգի ձեւերից մեկը, թե առանձին հանցագործություն, որը կապված չէ թրաֆիքինգի երեւույթի հետ:
Ստրկությունը, ստրկությանը նմանվող վիճակը ենթադրում է նաեւ մարդու նկատմամբ սեփականատիրոջ իրավունքով, որպես իրի, առարկայի նկատմամբ գործելակերպ, այդ թվում նաեւ առք եւ վաճառք: Երեխայի առքը եւ վաճառքը այս տեսանկյունից դիտարկելիս պետք է միանշանակ գնահատել որպես նրա նկատմամբ իրականացված թրաֆիքինգ, սակայն գոյություն ունեն այլ մոտեցումներ որոնք տրամաբանական են եւ արարքը որակելիս պետք է պարտադիր հաշվի առնվեն: Խոսքը վերաբերվում է այն դեպքերին, երբ երեխայի առքը եւ վաճառքը կատարվում է բարի դրդումներով` ի նպաստ երեխայի շահերի: Բնականաբար այս արարքը նույնպես հանցավոր է, եւ երեխայի խնամքը ստանձնել ցանկացողները պետք է գործեն օրենքով սահմանված կարգով եւ անցնեն որդեգրման ամբողջ գործընթացը, սակայն որակել այն որպես թրաֆիքինգ կարծում ենք անարդարացի է:
Մեր կարծիքով հանցավոր այս արարքը գնահատելիս անհրաժեշտ է հիմնվել այն հանգամանքի վրա թե, ինչ նպատակով է կատարվել երեխայի առքը եւ վաճառքը: Արդյոք այն կատարվել է ի նպաստ երեխայի, նրա համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու ցանկությունից դրդված, թե միակ նպատակը եղել է շահ ստանալը եւ կոպտորեն անտեսվել են երեխայի իրավունքներն ու նրա հետագա խնամքի հետ կապված ակնկալվող պայմանները: Օրենսգրքի 168-րդ հոդվածի առաջարկվող տարբերակը վերաբերվում է միայն այն դեպքերին երբ ծնողը չմիջնորդավորված վաճառում է երեխային այն անձին, ով պատրաստվում է ստանձնել երեխայի խնամքը եւ այդ գործարքը բխում է երեխայի շահերից, այսինքն խնամքը ստանձնողի կողմից երեխայի խնամքի համար առաջարկվող իրական պայմանները ավելի բարենպաստ են քան այն պայմանները, որ տրամադրել է երեխայի ծնողը:
13. Օրենսգրքի 261-րդ հոդվածում նախատեսված չէ այն իրավիճակը, երբ պոռնկությամբ զբաղվողը փորձում է հրաժարվել հակահասարակական իր գործունեությունից, սակայն նրան հակում են պոռնկությամբ զբաղվելը շարունակելուն: Այդ իսկ պատճառով առաջարկվում է լրացնել 261-րդ հոդվածի վերնագիրն ու դիսպոզիցիան «կամ պոռնկությամբ զբաղվելը շարունակելուն հակելը» բառերով:
14. Օրենսգրքի 261-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկվում է որպես ծանրացնող հանգամանքներ դիտել նաեւ ՀՀ պետական սահմանը հատելով անձի տեղափոխումը կազմակերպելու միջոցով, ակնհայտ հղի կնոջ նկատմամբ, երկու կամ ավելի անձանց նկատմամբ կատարված հանցագործությունները, քանի որ մեր կարծիքով նշված հանգամանքները չնախատեսելը օրենքի բաց է, եւ կարող է չարաշահվել հանցագործություն կատարած անձի կողմից:
15. Առաջարկվում է նաեւ ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 261-րդ հոդվածի 3-րդ մասը, քանի որ տասնութ տարին չլրացած կամ հոգեկան խանգարման հետեւանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձին շահադիտական նպատակով պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը պարունակում է 132.2 հոդվածի հատկանիշներ, քանի որ նշված օբյեկտների վիճակը ինքնին խոցելի է եւ նրանց տված կամավոր համաձայնությունը չի կարող դիտարկվել որպես կշռադատված համաձայնություն, եւ այդ օբյեկտներին պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը պետք է դիտել որպես 132.2 հոդվածով նախատեսված հավաքագրում:
16. Օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ծանրացնող հանգամանքները առաջարկվում է լրացնել նույն` 261-րդ հոդվածի 2-րդ մասի լրացման հիմնավորմամբ` այն տարբերությամբ, որ 262-րդ 2-րդ մասում որպես ծանրացնող հանգամանքներ թողնվել են նաեւ տասնութ տարին չլրացած կամ հոգեկան խանգարման հետեւանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձին նպաստելու հանգամանքները, քանի որ նշված հոդվածի օբյեկտ է հանդիսանում արդեն իսկ պոռնկությամբ զբաղվող անձը եւ այդ անձի պոռնկությանը այս կամ այն կերպ նպաստող գործողությունները, եթե դրանք չեն զուգորդվել պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելով կամ պոռնկությամբ զբաղվել շարունակելուն հակելով` չեն կարող դիտվել, որպես թրաֆիքինգի հատկանիշներ պարունակող գործողություններ եւ անհրաժեշտ է դրանք որակել 262-րդ հոդվածի հանցակազմով:
17. Օրենսգրքի 263-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում` «տարածելը» բառից առաջ «ապօրինի» բառը հանելը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ-ում պոռնկագրական բնույթի նյութերի կամ առարկաների տարածման օրինական որեւէ ձեւ օրենսդրորեն նախատեսված չէ եւ ցանկացած ձեւ ապօրինի է:
18. Օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասից «Պոռնկագրական բնույթի համակարգչային ծրագրերի, կինոյի կամ տեսաֆիլմերի նյութերի, պատկերների կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաների ստեղծմանն անչափահասներին մասնակից դարձնելը, ինչպես նաեւ» բառերը հանելը պայմանավորված է այն հանգամանքի հետ, որ օրենսգրքի 166-րդ հոդվածում այդ գործողությունները արդեն իսկ ներառված են եւ դրանք կրկնվում են: Եթե վերոգրյալ գործողությունները կատարվել են շահադիտական նպատակով, ապա դրանք պետք է որակել որպես օրենսգրքի 132.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն: