Հոդված 1. «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-324 օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՄԱՐԴՈՒՆ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՓՈԽՊԱՏՎԱՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը պայմանավորված է նրանով, որ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի դրույթները դուրս են օրենքի կարգավորման ոլորտից: Մասնավորապես, հանրապետության մի շարք առաջատար մասնագետների հետ համատեղ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ արհեստական եւ կենդանիների վերցրած օրգանների կամ հյուսվածքների օգտագործումը (տեղադրումը) բժշկագիտության մեջ համարվում է ոչ թե փոխպատվաստում, այլ իմպլանտացիա, ինչը գործնականում սկզբունքորեն այլ բժշկական միջամտություն է եւ չի կարող կարգավորվել «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքով: Իմպլանտացիան արհեստական եւ կենդանիներից վերցված օրգանի կամ հյուսվածքի (մետաղական կամ սինթետիկ նյութերից պատրաստված օրգաններ, պրոթեզներ, սրտի փականներ, անոթներ, արհեստական ոսպնյակներ, ատամներ եւ այլն) ներպատվաստումն է մարդու օրգանիզմում: Իմպլանտները բժշկության մեջ օգտարգործվող արտադրանք են, որոնց տեղադրման համար պարտադիր է արտադրող կազմակերպության սերտիֆիկատը: (Ընդ որում արհեստական եւ կենդանիներից վերցված օրգաններ եւ հյուսվածքներ ՀՀ-ում չեն արտադրվում, այլ ներմուծվում են): Ներկայում Հայաստանում գործող բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բազմաթիվ կազմակերպություններում եւ ստոմատոլոգիական պոլիկլինիկաներում իրականացնում են բարձր տեխնոլոգիական բժշկական իմպլանտացիայի ծառայությունները` եթե անձի հիվանդ օրգանի կամ հյուսվածքի ֆունկցիան հնարավոր չէ փոխարինել բնական /մարդուց կամ դիակից վերցրած/ օրգանով կամ հյուսվածքով, ապա այն փոխարինվում է արհեստական օրգաններով: Իմպլանտացիան չի վերականգնում օրգանիզմում արյան շրջանառությունը, այլ ընդամենը փոխարինում է բացակայող կամ հիվանդ օրգանը կամ հյուսվածքը, իսկ իմպլանտացիայի կարգը, պայմանները եւ սահմանափակումները որոշվում են ըստ բժշկական ցուցումների` յուրաքանչյուր հիվանդի համար առանձին:
Նկատի ունենալով, որ օրգանի կամ հյուսվածքի իմպլանտացիայի հետ կապված հարաբերությունները դուրս են «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կարգավորման առարկայից ներկայացված նախագծով առաջարկվում է արհեստական եւ կենդանիներից օրգաններ փոխպատվաստելու մասին դրույթները ուժը կորցրած ճանաչել: