Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-964-23.08.2010-ՍՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-137-Ն օրենքի այսուհետ` Օրենք) 2.1 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 2.1. Դատավորի պաշտոնում 10 եւ ավելի տարի աշխատած եւ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 5-րդ կետերով, ինչպես նաեւ` 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատված անձի` «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նշանակված տարիքային կենսաթոշակի (այսուհետ` պետական կենսաթոշակ) նկատմամբ սահմանվում է ամենամսյա հավելավճար (այսուհետ` հավելավճար) նրա` վերջին 1 տարվա ընթացքում որպես դատավոր զբաղեցրած պաշտոնի համար ստացած միջին աշխատավարձի 55 տոկոսի եւ պետական կենսաթոշակի տարբերության չափով:

Միջին աշխատավարձը հաշվարկելու, հավելավճարը հաշվարկելու, նշանակելու եւ վճարելու, ինչպես նաեւ ստաժը հաշվարկելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Պետական կենսաթոշակի եւ հավելավճարի հանրագումարի չափը չի կարող գերազանցել որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված պաշտոնային դրույքաչափի 100 տոկոսը:

Հավելավճարի չափը վերահաշվարկվում է.

1) պետական կենսաթոշակի չափը վերահաշվարկելու դեպքում,

2) որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված պաշտոնային դրույքաչափը բարձրացնելու դեպքում:

Սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված դեպքում հավելավճարի չափը վերահաշվարկվում է դրույքաչափի բարձրացմանը համամասնորեն: Հավելավճարի չափը վերահաշվարկելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին դատավորի պետական կենսաթոշակի նկատմամբ սահմանված հավելավճարը վերահաշվարկվում եւ վճարվում է «Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Եթե դատավորին մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված պետական կենսաթոշակի եւ դրա նկատմամբ սահմանված հավելավճարի հանրագումարի չափը բարձր է «Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1 հոդվածի 3-րդ մասով սահմանված չափից, ապա այն շարունակվում է վճարվել նախկին չափով:

Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը դատավորին նշանակված` պետական կենսաթոշակի եւ հավելավճարի հանրագումարը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վերահաշվարկելու դեպքում չի կարող բարձր լինել «Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1 հոդվածի 3-րդ մասով սահմանված չափից:

Նախկին գերագույն դատարանի անդամ դատավորների հավելավճարը հաշվարկելիս (վերահաշվարկելիս) հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը:

Նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրների հավելավճարը հաշվարկելիս (վերահաշվարկելիս) հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը:

Նախկին ժողովրդական դատավորների հավելավճարը հաշվարկելիս (վերահաշվարկելիս) հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը:

Հոդված 3.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: