Հոդված 1. «Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-137-Ն օրենքի 2.1-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 2.1. Դատավորի պաշտոնում 10 եւ ավելի տարի աշխատած եւ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 5-րդ կետերով, ինչպես նաեւ 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատված անձի` «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նշանակված տարիքային կենսաթոշակի (այսուհետ` պետական կենսաթոշակ) նկատմամբ սահմանվում է ամենամսյա հավելավճար (այսուհետ` հավելավճար) նրա` վերջին 1 տարվա ընթացքում որպես դատավոր զբաղեցրած պաշտոնի համար ստացած միջին աշխատավարձի 55 տոկոսի եւ պետական կենսաթոշակի տարբերության չափով:
Միջին աշխատավարձը հաշվարկելու, հավելավճարը հաշվարկելու, նշանակելու եւ վճարելու, ինչպես նաեւ ստաժը հաշվարկելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Պետական կենսաթոշակի եւ հավելավճարի հանրագումարի չափը չի կարող գերազանցել որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված պաշտոնային դրույքաչափի 100 տոկոսը:
Հավելավճարի չափը վերահաշվարկվում է`
1) պետական կենսաթոշակի չափը վերահաշվարկելու դեպքում.
2) որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված պաշտոնային դրույքաչափը բարձրացնելու դեպքում:
Սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված դեպքում հավելավճարի չափը վերահաշվարկվում է դրույքաչափի բարձրացմանը համամասնորեն: Հավելավճարի չափը վերահաշվարկելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին դատավորի պետական կենսաթոշակի նկատմամբ սահմանված հավելավճարը վերահաշվարկվում եւ վճարվում է «Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Եթե դատավորին մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված պետական կենսաթոշակի եւ դրա նկատմամբ սահմանված հավելավճարի հանրագումարի չափը բարձր է «Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված չափից, ապա այն շարունակվում է վճարվել նախկին չափով:
Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը դատավորին նշանակված պետական կենսաթոշակի եւ հավելավճարի հանրագումարը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վերահաշվարկելու դեպքում չի կարող բարձր լինել «Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված չափից:
Նախկին գերագույն դատարանի անդամ դատավորների հավելավճարը հաշվարկելիս (վերահաշվարկելիս) հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը:
Նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրների հավելավճարը հաշվարկելիս (վերահաշվարկելիս) հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը:
Նախկին ժողովրդական դատավորների հավելավճարը հաշվարկելիս (վերահաշվարկելիս) հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: