Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-965-26.08.2010-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   «Բազմաբնակարան շենքի կառավարման  մասին»  Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-334 օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի «կոմունալ սպասարկման» բառերից հետո լրացնել «, փոստային բաժանորդային պահարանների սպասարկման» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը  պայմանավորված է ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանի մոտ 2010 թվականի մարտի 9-ին եւ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Ա.Գեւորգյանի մոտ 2010 թվականի մարտի 17-ին կայացած` «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության խնդիրների մասին խորհրդակցության N 23.12/[32229]-10 եւ N 25-25 արձանագրությունների հանձնարարականների կատարման, ինչպես նաեւ փոստային կապի բնագավառի զարգացման քաղաքականության իրականացման եւ միջազգային նորմերին համապատասխան փոստային կապի ծառայությունների մատուցման ապահովմամբ:

Հաշվի առնելով, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո բազմաբնակարան շենքերում տեղադրված փոստային բաժանորդային պահարանները գտնվում են կամ անմխիթար վիճակում կամ իսպառ բացակայում են ու ենթակա չեն շահագործման եւ  «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` «Փոստային բաժանորդային պահարանները բազմահարկ բնակելի շենքերում տեղադրում են շինարարական կազմակերպությունները, փոստային բաժանորդային պահարանների ձեռքբերման եւ տեղադրման ծախսերը ներառվում են այդ շենքերի շինարարության նախահաշվում», ինչպես նաեւ այն հանգամանքը, որ փոստային բաժանորդային պահարանների սպասարկման խնդիրը ներկայումս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարգավորված չէ, անհրաժեշտություն է առաջացել համապատասխան լրացում կատարել «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում` պարտադիր նորմերի մեջ ներառելով նաեւ փոստային բաժանորդային պահարանների սպասարկումը:

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունմամբ նախատեսվում է փոստային կապի ծառայություններից օգտվողների լայն զանգվածների համար հասանելիության ապահովում, ինչպես նաեւ փոստային կապի ծառայությունների մատուցման որակի բարձրացում, միջազգային նորմերին առավելագույնս մոտեցում: