Հոդված 1. «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի հունիսի 11-ի ՀՕ-109-Ն (այսուհետ` Օրենք) օրենքի 6-րդ հոդվածի`
1) 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը փոխարինել «կրթության բնագավառում կառավարության լիազորած պետական մարմնի» բառերով,
2) 7-րդ մասում Հայաստանի Հանրապետության կառավարությանե բառերը փոխարինել «համապատասխանաբար կրթության բնագավառում կառավարության լիազորած պետական մարմնի ու ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ` լիազորված մարմին)» բառերով:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի «ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ` լիազորված մարմին)» բառերը փոխարինել «լիազորված մարմնի» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման
«Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի, ինչպես նաեւ` Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի դեկտեմբերի 29-ի «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 888-Ա որոշման միջոցառումների ցանկի (այսուհետ` ցանկ) 6-րդ («Ուսումնական հաստատություններում եւ մարզական կազմակերպություններում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պարապմունքների մեթոդներն ու եղանակները, մարզաձեւերի ու պարապմունքների տեւողությունը որոշելու կարգը սահմանելու մասին») եւ 12-րդ («Անվճար պարապմունքների միջոցով նախադպրոցական տարիքի մանուկների ֆիզիկական դաստիարակության իրականացման կարգը սահմանելու մասին») կետերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունը, որը պատասխանատու է վերոնշյալ կետերում ներառված իրավական ակտերի նախագծերի մշակման համար, տեղեկացրել է հետեւյալը.
Հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆիզիկական կուլտուրայի ուսուցման մեթոդներն ու եղանակները, քննական նորմատիվներն ու գնահատման չափորոշիչները ներառված են 2005 թվականին հրատարակված մեթոդական ձեռնարկում («Ֆիզիկական կուլտուրան դպրոցում», հեղինակ` Ա. Մեհրաբյան, երաշխավորված է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի կողմից):
Ֆիզիկական կուլտուրայի պարապմունքները հանրակրթական դպրոցներում անցկացվում են «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի ծրագրով եւ չափորոշիչով, որը հաստատվել է կրթության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի կողմից:
Մշակվել եւ հաստատվել է «Ուսումնական հաստատություններում «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի պարտադիր դասավանդման» կարգը (Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի N2353-Ն որոշման հավելված):
Ուսումնական հաստատություններում «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի ժամաքանակը եւ տեւողությունը սահմանված են «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետում` «Հանրակրթական դպրոցներում «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասերն անցկացվում են ուսումնառության ամբողջ ընթացքում` շաբաթական առնվազն 3 ժամով, նախնական (արհեստագործական) մասնագիտական ուսումնական հաստատություններում` մեկ տարի տեւողությամբ` շաբաթական առնվազն 4 ժամով, իսկ միջին եւ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում` մինչեւ 3 տարի տեւողությամբ` շաբաթական առնվազն 4 ժամով»:
«Ֆիզիկական կուլտուրա» առարկայի պարապմունքի տեւողությունը հանրակրթական, արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում պետական ուսումնական պլանի համաձայն կազմում է մեկ դասաժամ` 45 րոպե, իսկ բուհերում` 90 րոպե, ինչպես բուհական մյուս առարկաների պարագայում:
Համաձայն «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի դ) կետի 2-րդ պարբերության` մարզական կազմակերպությունների համար բովանդակային դաշտը ապահովում է Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը:
2005 թվականի նոյեմբերի 15-ին ընդունված «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին կետի դ) եւ ը) ենթակետերից բխող ուսումնական ծրագրերով, չափորոշիչներով, մեթոդական ձեռնարկներով, որոնք հաստատվել են 2007 թվականին Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարի հրամանով, սահմանվում են անվճար պարապմունքների միջոցով նախադպրոցական տարիքի մանուկների ֆիզիկական դաստիարակության իրականացումը: Այդ մասին Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունը հայտնել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին: Նման բովանդակությամբ փորձագիտական եզրակացություն է տվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:
Ըստ էության, «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով ու ցանկի 6-րդ (մասամբ) եւ 12-րդ կետերով նախատեսված հարաբերությունները կանոնակարգված են` թեեւ ոչ «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան ձեւակերպմամբ ու Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով: