Armenian ARMSCII Armenian
Կ-181-04.12.2003-ՊԻ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ

  ԳԼՈՒԽ  1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ


Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 Սույն օրենքը սահմանում է հանրային ծառայությունները կարգավորող մարմնի ստեղծման եւ գործունեության կարգը:

Հոդված 2.  Հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտը

Սույն օրենքի իմաստով  հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտը (այսուհետ՝ հանրային ծառայությունների ոլորտ) իր մեջ ներառում է՝

ա) էներգետիկայի բնագավառը, որը ներառում է էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման  համակարգերը.

բ) ջրային համակարգը, որը ներառում է խմելու, ոռոգման, տեխնիկական արդյունաբերական  ջրի մատակարարումը, ջրահեռացումը եւ կեղտաջրերի մաքրումը.

գ) հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառը։

Հոդված 3. Հանրային ծառայությունների ոլորտի կարգավորման մասին օրենսդրությունը

1. Հանրային ծառայությունների ոլորտում ծագող հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով,  «Էներգետիկայի մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով (այսուհետ՝ ճյուղային օրենքներ), այլ օրենքներով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
 

ԳԼՈՒԽ 2.

ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ  ՀԱՆՐԱՅԻՆ  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ

Հոդված 4. Կարգավորումը

Հանրային ծառայությունների ոլորտում կարգավորումը պետական քաղաքականության մի մասն է, որի նպատակն է կարգավորող մարմնի կողմից օրենքներով սահմանված իր իրավունքների եւ պարտականությունների իրականացմամբ   հավասարակշռել սպառողների եւ հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող անձանց (այսուհետ՝ կարգավորվող անձինք) շահերը, կարգավորվող անձանց համար ստեղծել գործունեության միատեսակ պայմաններ, նպաստել մրցակցային շուկաների ձեւավորմանն ու զարգացմանը եւ խթանել ռեսուրսների արդյունավետ օգտագործումը:

Հոդված  5.   Կարգավորման հիմնական սկզբունքները

Կարգավորման հիմնական սկզբունքներն են՝

ա) կարգավորման իրականացումն ինքնուրույն պետական մարմնի կողմից՝ օրենքներով լիազորված իրավասությունների շրջանակում.

բ) կարգավորող մարմնի որոշումների ընդունման  կոլեգիալությունը.

գ) կարգավորման թափանցիկության ապահովումը հասարակության համար.

դ) սպառողների կամ որեւէ կարգավորվող անձի նկատմամբ խտրականության բացառումը.

ե) սպառողների եւ կարգավորվող անձանց շահերի հավասարակշռումը.

զ) մրցակցային շուկաների զարգացմանը համընթաց՝ կարգավորման շրջանակների սահմանափակումը:

ԳԼՈՒԽ  3.

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆԸ

Հոդված 6.  Կարգավորող մարմինը

1. Հանրային ծառայությունների ոլորտում կարգավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով), որը գործում է սույն օրենքով, ճյուղային օրենքներով եւ այլ օրենքներով իրեն վերապահված լիազորությունների հիման վրա եւ ինքնուրույն է իր իրավասությունների շրջանակում:

2. Հանձնաժողովի գլխավոր գրասենյակի գտնվելու վայրը Երեւան քաղաքն է: Հանձնաժողովի կնիքի վրա պատկերված են Հայաստանի Հանրապետության զինանշանը եւ «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները  կարգավորող հանձնաժողով» բառերը:

Հոդված 7.  Հանձնաժողովի կազմը

1. Հանձնաժողովը կազմված է հինգ անդամից՝ նախագահ, նախագահի տեղակալ եւ երեք անդամ։ Հանձնաժողովի անդամներից առնվազն մեկը պետք է ունենա իրավաբանական եւ մեկը՝ տնտեսագիտական կրթություն։

2. Հանձնաժողովի անդամներին նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ՝ տարեկան ռոտացիոն սկզբունքով (յուրաքանչյուր տարի հանձնաժողովի մեկ անդամի նշանակմամբ), հինգ տարի պաշտոնավարման ժամկետով, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ կետով սահմանված դեպքերի: Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ, նշանակում է հանձնաժողովի նախագահ եւ նախագահի տեղակալ:

3. Հանձնաժողովի անդամ կարող են նշանակվել բարձրագույն կրթություն, կառավարման ոլորտում աշխատանքային փորձ ունեցող մինչեւ 60 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք իրենց մասնագիտական կարողություններով ի վիճակի են ապահովել օրենքներով եւ իրավական այլ ակտերով  սահմանված պարտականու՟թյունների կատարումը:

4.  Հանձնաժողովի անդամ չեն կարող նշանակվել՝

ա) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք.

բ) օրենքով սահմանված կարգով որոշակի պաշտոն վարելու իրավունքից զրկված անձինք:

5. Հայաստանի Հանրապետության Նախագահը վաղաժամկետ դադարեցնում է հանձնաժողովի անդամի լիազորությունները՝

ա) սույն հոդվածի 4-րդ կետի «ա» կամ  «բ» ենթակետերում նշված դեպքերում.

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության կորստի դեպքում.

գ) եթե վերջինս դատապարտվել է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով՝ դիտավորյալ հանցագործության, ինչպես նաեւ այն անզգույշ հանցագործության համար, որի համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված է ազատազրկում:

Հայաստանի Հանրապետության Նախագահը կարող է վաղաժամկետ դադարեցնել հանձնաժողովի անդամի լիազորությունները, եթե վերջինս՝

ա) թերացել է իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս, որի կապակցությամբ առկա է հանձնաժողովի համապատասխան որոշումը.

բ) մեկ տարվա ընթացքում ավելի քան հինգ անգամ անհարգելի բացակայել է հանձնաժողովի նիստերից.

գ) խախտել է սույն օրենքի 9-րդ հոդվածի պահանջները:

6. Հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում Հայաստանի Հանրապետության Նախագահը՝

Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ,  նշանակում է հանձնաժողովի նոր անդամ՝ սահ՟մանված ժամկետի մնացած ժամանակահատվածի համար: Նման դեպքում, եթե մնացած պաշտոնավարման ժամանակը պակաս է մեկ տարուց, ապա հանձնաժողովի նոր անդամի պաշտոնավարման ժամկետը սահմանվում է հինգ տարի՝ գումարած մնացած ժամանակահատվածը:

7. Հանձնաժողովի անդամը կարող է զբաղեցրած պաշտոնից հրաժարական տալ՝ դիմելով Հայաստանի Հանրապետության Նախագահին եւ տեղյակ պահելով Հայաստանի Հանրապետության վարչապետին: Հայաստանի Հանրապետության Նախագահը հանձնաժողովի անդամի հրաժարականն ընդունում  է մեկ ամսվա ընթացքում:

Հոդված 8. Հանձնաժողովի աշխատակազմը

1. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է աշխատակազմի միջոցով, որի կառուցվածքը եւ աշխատակիցներիթվաքանակը, նրանց ծառայողական պարտականությունների շրջանակը հաստատում է հանձնաժողովը:

2. Հանձնաժողովի աշխատակիցների թվաքանակը հաստատում է հանձնաժողովը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ։
 
Հոդված 9. Հանձնաժողովի անդամների եւ աշխատակազմի աշխատակիցների  իրավունքների  սահմանափակումը

1. Հանձնաժողովի անդամը չի կարող լինել ներկայացուցչական որեւէ մարմնի անդամ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից՝ պայմանով, որ այդ աշխատանքները չեն ֆինանսավորվում կարգավորվող անձանց կողմից։

2. Հանձնաժողովի անդամները եւ աշխատակազմի աշխատակիցներն իրենց պաշտոնավարման ընթացքում չեն կարող ունենալ կարգավորվող անձանց բաժնեմաս, արժեթղթեր կամ դրանցում կատարել այլ ներդրումներ:

3. Հանձնաժողովի անդամն իրավունք չունի իր պաշտոնավարման ժամկետը լրանալու կամ լիազորությունները վաղաժամկետ դադարելու պահից 3 տարվա ընթացքում աշխատել հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում։

4. Հանձնաժողովի աշխատակազմի աշխատակիցներն իրենց պաշտոնավարման ընթացքում չեն կարող կարգավորվող անձանց համար կատարել վճարովի աշխատանք։

Հոդված 10.    Հանձնաժողովի նախագահը

 1. Հանձնաժողովի նախագահը՝

ա) համակարգում եւ ապահովում է հանձնաժողովի ու նրա աշխատակազմի աշխատանքը.

բ)  հրավիրում եւ նախագահում է հանձնաժողովի նիստերը, ստորագրում է հանձնաժողովի որոշումներն ու նիստերի արձանագրությունները.

գ) իր իրավասությունների շրջանակում արձակում է հրամաններ.

դ) իր իրավասությունների շրջանակում ներկայացնում է հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում, միջազգային կազմակերպու՟թյուններում եւ հանձնաժողովի անունից ստորագրում է փաստաթղթեր:
 
2. Հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնեական պարտակա՟նությունները կատարելու անհնարինության դեպքում նրան փոխարինում է հանձնաժողովի նախագահի տեղակալը, իսկ վերջինիս բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում՝  հանձնաժողովի այն անդամը, ով ավելի երկար է աշխատում այդ պաշտոնում:
 
Հոդված 11.  Հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգումը

1. Հանձնաժողովն իր իրավասությունների շրջանակում  ընդունում է որոշումներ՝ բաց քվեարկությամբ:

2. Հանձնաժողովն իր որոշումներն ընդունում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերը  դռնբաց են, բացառությամբ այն դեպքերի, երբ քննարկվում են պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող կամ հանձնաժողովի ներքին կանոնակարգային հարցեր:

3. Հանձնաժողովի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը  մեկ անգամ:

4. Հանձնաժողովն իր սահմանած կարգի համաձայն հայտարարում է նիստերի անցկացման տեղը եւ ժամանակը, հնարավորություն է ընձեռում շահագրգիռ անձանց եւ հասարակության ներկայացուցիչներին մասնակցել նիստերին, ստանալ օրակարգը եւ քննարկվող նյութերը, ներկայացնել տեղեկություններ եւ հանդես գալ ելույթներով:

5. Եթե հանձնաժողովի նիստում քննարկվում են սպառողների համար սահմանվող սակագները, սակագների հաշվարկման մեթոդիկաները, բնագավառների (համակարգերի) կառուցվածքին, սպառողների սպասարկման որակին եւ պայմաններին վերաբերող հարցեր, ապա հանձնաժողովն այդ մասին ողջամիտ ժամկետներում իրազեկում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւ սպառողների շահերը պաշտպանող կազմակերպություններին՝ հնարավորություն ընձեռելով նրանց ներկայացուցիչներին մասնակցել նիստերին, հանդես գալ ելույթներով եւ առաջարկություններով։

6. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի առնվազն երեք անդամ, ներառյալ՝ նախագահը կամ նախագահի տեղակալը կամ սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված կարգով հանձնաժողովի նախագահի պաշտոնեական պարտականությունները կատարող հանձնաժողովի անդամը:

Որոշումն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանձնաժողովի առնվազն երեք անդամ:

7. Հանձնաժողովը վարում է իր իրավական ակտերի գրանցամատյանը: Հանձնաժողովի նորմատիվ բնույթի ակտերը հրապարակվում են «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում»:

8. Հանձնաժողովը պարտավոր է ապահովել իր իրավական ակտերի մատչելիությունը:

9. Հանձնաժողովն ընդունում է իրավական ակտեր, որոնցով կանոնակարգվում են հանձնաժողովի անդամների եւ աշխատակազմի աշխատակիցների հանդիպումներն այն անձանց հետ, որոնց լիցենզիա տալու (վերանայելու), սակագները հաստատելու վերաբերյալ հարցերը ներկայացված են հանձնաժողովի քննարկմանը:
 
10. Հանձնաժողովի ներկայացուցիչները, հանձնաժողովի իրավասություններով եւ պարտականություններով պայմանավորված, ունեն ազատ մուտքի իրավունք կարգավորվող անձանց գործունեության տարածք:

11. Հանձնաժողովն իր աշխատանքներում իրավասու է վճարովի հիմունքներով ներգրավել  անկախ փորձագետների:

12. Հանձնաժողովն ապահովում է իր եւ իր կողմից կարգավորվող գործունեության հրապարակայնությունը եւ թափանցիկությունը զանգվածային լրատվամիջոցների, ինտերնետային էջի եւ ժամանակակից այլ միջոցներով:

13. Սույն օրենքի պահանջները խախտելու համար հանձնաժողովի պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
 
Հոդված 12.  Հանձնաժողովի իրավական ակտերի բողոքարկումը

 Հանձնաժողովի իրավական ակտերը կարող են բողոքարկվել դատական կարգով: Հանձնաժողովի սահմանած սակագների մեծությունները դատական կարգով բողոքարկման եւ փոփոխման ենթակա չեն:

Հոդված 13 .  Պետական մարմինների հետ համագործակցությունը

1. Հանձնաժողովն իրավունք ունի դիմել պետական մարմիններ՝ իր իրավասությունների շրջանակով պայմանավորված տեղեկություններ ստանալու համար:

2. Հանձնաժողովն իր իրավասությունների շրջանակում մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական եւ ֆինանսական ծրագրերի մշակմանը, դրանց վերաբերյալ տալիս առաջարկություններ:
 
 Հոդված 14.  Տարեկան տեղեկատվությունը
 
Հանձնաժողովը՝

ա) յուրաքանչյուր տարի` մինչեւ հոկտեմբերի 1-ը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում Ազգային ժողովում հրապարակվելիք հաջորդ տարվա իր գործունեության ծրագիրը.

բ)  յուրաքանչյուր տարի՝ մինչեւ մայիսի 1-ը, մամուլում հրապարակում է նախորդ տարվա իր գործունեության հաշվետվությունը:
 

ԳԼՈՒԽ 4.

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 15.  Կարգավորման պարտադիր վճարները
 
1. Կարգավորվող անձինք օրենքով սահմանված կարգով եւ չափով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են մուծում կարգավորման պարտադիր վճարներ։

2. Կարգավորման պարտադիր վճարները ներառվում են կարգավորվող անձանց սակագներում կամ ծառայությունների մատուցման վճարներում:

3. Կարգավորման պարտադիր վճարների տարեկան գումարը չի կարող պակաս լինել հանձնաժողովի յուրաքանչյուր տարվա պահպանման  ծախսերի նախահաշվից։
 
Հոդված 16. Հանձնաժողովի ֆինանսավորումը

1. Սկսած 2004 թվականից, սույն հոդվածին համապատասխան, հանձնաժողովը յուրաքանչյուր տարի կազմում է հաջորդ տարվա իր պահպանման ծախսերի նախահաշիվը եւ կարգավորման վճարների կանխատեսվող ծավալի հետ մեկտեղ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ բյուջետային գործընթացի համար սահմանված կարգով եւ ժամկետներում։

2. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հանձնաժողովին հատկացվող պահպանման ծախսերի մեծությունը որոշվում է՝ հանձնաժողովի աշխատավարձի տարեկան ֆոնդը բազմապատկելով 1.30 գործակցով։

3. Հանձնաժողովի աշխատավարձի տարեկան ֆոնդը հաշվարկվում է՝ հանձնաժողովի անդամների աշխատավարձի տարեկան ֆոնդին գումարելով հանձնաժողովի աշխատակիցների աշխատավարձի տարեկան ֆոնդը։

4.  Հանձնաժողովի բոլոր անդամների աշխատավարձի տարեկան ֆոնդը հաշվարկվում է՝ հանձնաժողովի մեկ անդամի աշխատավարձի միջին տարեկան մեծությունը բազմապատկած հանձնաժողովի անդամների թվով։ Հանձնաժողովի մեկ անդամի աշխատավարձի միջին տարեկան մեծությունը հաշվարկվում է՝  Հայաստանի Հանրապետության նախարարի տեղակալի՝ օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափը բազմապատկած 3.0 գործակցով եւ բազմապատկած 13-ով։

5. Հանձնաժողովի աշխատակիցների աշխատավարձի տարեկան ֆոնդը հաշվարկվում է՝ սույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան հաշվարկված՝ հանձնաժողովի մեկ անդամի աշխատավարձի միջին տարեկան մեծությունը բազմապատկած 0.4 գործակցով եւ բազմապատկած հանձնաժողովի աշխատակիցների թվաքանակով։

Հոդված 17.  Հանձնաժողովի բյուջեի հաստատումը

Հանձնաժողովի բյուջեն յուրաքանչյուր տարի հաստատվում է տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով:
 
Հոդված 18.  Հանձնաժողովի անդամների եւ աշխատակիցների աշխատավարձերի չափը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հաստատված տարեկան բյուջեի շրջանակներում հանձնաժողովը սահմանում է հանձնաժողովի անդամների եւ աշխատակիցների աշխատավարձերի չափը:

Հոդված 19. Հանձնաժողովի ֆինանսական հաշվետվությունը  եւ ֆինանսական գործունեության աուդիտը

Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի ֆինանսական հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին, որն այդ հաշվետվության հավաստիության ճշտման նպատակով կարող է անցկացնել հանձնաժողովի ֆինանսական գործունեության աուդիտ: Հանձնաժողովը  պարտավոր է աջակցել աուդիտի անցկացմանը:

ԳԼՈՒԽ 5.

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված  20.  Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը վերանվանել Հայաստանի Հանրապետության  հանրային ծառայությունները կարգավորող  հանձնաժողով:

2. Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի իրավահաջորդն է:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից երկու տարվա ընթացքում հանձնաժողովը պարտավոր է Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի ընդունած որոշումները համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին:

4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից 3 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ կարգավորման  պարտադիր վճարների հաշվարկման եւ գանձման կարգի մասին օրենքի նախագիծ:

5. Սույն օրենքի 2-րդ հոդվածի «գ» ենթակետն ուժի մեջ է մտնում էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքն ուժի մեջ մտնելու պահից։

6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։