ԲԱԺԻՆ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է պատվիրատուների կողմից ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռքբերման գործընթացի հետ կապված հարաբերությունները, սահմանում այդ հարաբերությունների կողմերի հիմնական իրավունքները եւ պարտականությունները:
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները`
պատվիրատու`
1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններ, պետության կամ համայնքների հիմնարկներ,
2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ.
3) պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններ.
4) պետության կամ համայնքների հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններ.
5) պետության կամ համայնքի կամ պետական կամ համայնքային ոչ առեւտրային կամ պետության կամ համայնքների հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների կողմից ձեւավորված միավորումներ (միություններ).
6) պետությունից կամ համայնքից կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից կամ պետական կամ համայնքային ոչ առեւտրային կամ պետության կամ համայնքների հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններից նվիրաբերության կարգով միջոց ստացած իրավաբանական անձինք` նվիրաբերության կարգով ստացված միջոցների հաշվին կատարվող գնումների մասով.
7) հանրային կազմակերպություններ:
հանրային կազմակերպություններ`
1) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած ցանկում ներառված ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, որոնք գործունեություն են իրականացնում հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում.
2) հանրային ծառայությունների ոլորտի այլ կազմակերպություններ, որոնք հատուկ կամ բացառիկ իրավունքով իրականացնում են սույն հոդվածով սահմանված` մեկ կամ մեկից ավելի համապատասխան գործունեության տեսակ, եթե գնումը կատարվում է համապատասխան գործունեություն տվյալ տեսակն իրականացնելու նպատակով:
3) կազմակերպություններ, որոնց հանդեպ պետությունը կամ համայնքը կամ պետության կամ համայնքի հիմնադրած ոչ առեւտրային կամ պետության կամ համայնքի հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունը ունի գերիշխող ազդեցություն: Գերիշխող ազդեցություն ունենալու հանգամանքը կիրառվում է նաեւ բոլոր այն դեպքերում, երբ պետությունը կամ համայնքը կամ պետության կամ համայնքի հիմնադրած ոչ առեւտրային կամ պետության կամ համայնքի հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունը կարող է նշանակել կազմակերպության վարչական կամ կառավարման կամ վերահսկողական մարմնի անդամների կեսից ավելին:
գնում` պատվիրատուի հատուցմամբ նյութական եւ ոչ նյութական ակտիվների (արժեքների)` բոլոր տեսակի ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռքբերում: Սույն օրենքի իմաստով`
1) ծառայության ձեռքբերում է նաեւ լիզինգը,
2) գնում է նաեւ`
ա. պատվիրատուի կողմից նվիրաբերության կարգով իրավաբանական անձանց հատկացվող միջոցների հաշվին ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռքբերումը.
բ. փոխանակման ձեւով ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ձեռքբերումը.
գ. պետական եւ մասնավոր հատվածների գործընկերության գործարքները, ներառյալ հավատարմագրային կառավարման եւ կոնցեսիայի գործարքները:
պայմանագիր` գնում կատարելու նպատակով կնքվող գրավոր գործարք.
շրջանակային համաձայնագիր` պայմանագիր կնքելու նպատակով կնքվող նախնական պայմանագիր.
մասնակից` պատվիրատուի հետ պայմանագիր (շրջանակային համաձայնագիր) կնքելու նպատակով գնումների գործընթացին մասնակցող անձ.
ընտրված մասնակից` մասնակից (մասնակիցներ), որին պատվիրատուն առաջարկում է կնքել պայմանագիր (շրջանակային համաձայնագիր).
հրավեր` պայմանագիր (շրջանակային համաձայնագիր) կնքելու նպատակով մասնակցին առաջարկվող պայմաններ.
հայտ` հրավերի հիման վրա մասնակցի կողմից ներկայացվող առաջարկ.
հայտի ապահովում` սույն օրենքով նախատեսված դեպքերում մասնակցի կողմից հայտով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովող միջոց.
պայմանագրի ապահովում` սույն օրենքով նախատեսված դեպքերում ընտրված մասնակցի կողմից պայմանագրով (շրջանակային համաձայնագրով) ստանձնվող պարտավորությունների կատարումն ապահովող միջոց.
էլեկտրոնային աճուրդ` գնումների կատարման ժամանակ, էլեկտրոնային սարքերի օգտագործմամբ նոր` նվազեցված գների եւ (կամ) նոր ոչ գնային առաջարկների ներկայացման կրկնվող գործընթաց, որը հաջորդում է հայտերի նախնական ամբողջական գնահատմանը, եւ որը հնարավորություն է տալիս ավտոմատ գնահատման մեթոդներով (միջոցներով) որոշել հայտեր ներկայացրած մասնակիցների զբաղեցրած տեղերը` հաջորդականությունը.
էլեկտրոնային միջոցներ` մալուխային, ռադիո, օպտիկական միջոցներով կամ էլեկտրամագնիսական այլ միջոցներով փոխանցված, տեղափոխված եւ ստացված տվյալների մշակման ու պահպանման նպատակով էլեկտրոնային, այդ թվում ծրագրային եւ ապարատային միջոցների շահագործում.
լիազոր մարմին` պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության պետական մարմին.
գնումների աջակցման կենտրոն` սույն օրենքով նախատեսված լիազորություններն իրականացնող իրավաբանական անձ.
տեղեկագիր` լիազոր մարմնի կողմից հրապարակվող "Գնումների էլեկտրոնային տեղեկատու".
հատուկ կամ բացառիկ իրավունք` իրավունք, որը բխում է իրավական, կարգավորման կամ վարչական նորմով իրավասու մարմնի կողմից տրամադրված իրավասություններից, որի նպատակն է որոշակի գործունեության իրականացման իրավունքը, ներառյալ հանրային ծառայությունների ոլորտում, վերապահել մեկ կամ սահմանափակ թվով կազմակերպությունների, եւ որով էապես սահմանափակում է նման գործունեություն իրականացնելու այլ կազմակերպությունների հնարավորությունը.
գնման առարկա` գնվող ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը.
գնման առարկայի բնութագիր` գնման առարկայի տեխնիկական հատկանիշներ, դրանց ձեռքբերման եւ վճարման պայմաններ.
խորհրդատվական ծառայություններ` ծառայություններ, որոնց մատուցման արդյունքում ստեղծվում են ոչ նյութական` ֆիզիկական սուբստանցիայից զուրկ ակտիվներ (արժեքներ):
խորհրդատու` պատվիրատուի հետ խորհրդատվական ծառայությունների պայմանագիր կնքելու նպատակով գնումների գործընթացին մասնակցող անձ.
ընտրված խորհրդատու` խորհրդատու (խորհրդատուներ), որին պատվիրատուն առաջարկում է կնքել խորհրդատվական ծառայությունների պայմանագիր.
գնումների բազային միավոր` մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամին համարժեք գումար:
hամապատասխան գործունեություն` հանրային ծառայությունների ոլորտում իրականացվող գործունեության ներքոհիշյալ տեսակներ, որոնց շրջանակում կատարվող գնումների վրա տարածվում է սույն օրենքը: Դրանք են`
1) էլեկտրական եւ ջերմային էներգիայի արտադրությունը (ներառյալ` դրանց համակցված արտադրությունը), էլեկտրական, ջերմային էներգիայի եւ բնական գազի հաղորդումը (փոխադրումը) ու բաշխումը, էլեկտրաէներգետիկական եւ բնական գազի ոլորտների համակարգերի օպերատորի ծառայությունների իրականացումը, էլեկտրաէներգետիկայի եւ ջերմաէներգետիկայի ոլորտներում նոր արտադրական հզորությունների կառուցումը կամ վերականգնումը, էլեկտրաէներգետիկայի ջերմաէներգետիկայի եւ բնական գազի ոլորտներում հաղորդման (փոխադրման) կամ բաշխման ցանցերի կառուցումը, ինչպես նաեւ էներգետիական շուկային ծառայությունների մատուցումը,
2) խմելու, ոռոգման, արդյունաբերական ջրի մատակարարումը, ջրահեռացումը եւ կեղտաջրերի մաքրումը,
3) էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում հանրային էլեկտրոնային ցանցի շահագործումը,
4) փոստային կապի, երկաթուղային տրանսպորտի եւ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման բնագավառներում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սակագնային կարգավորման ենթակա ծառայությունները,
5) տրանսպորտային ոլորտում հասարակական ծառայությունների մատուցման համար նախատեսված (գոյություն ունեցող) ցանցերի տրամադրում կամ շահագործում: Տրանսպորտային ծառայությունների մատուցման ցանցը համարվում է գոյություն ունեցող, երբ շահագործման պայմանները, այդ թվում սպասարկման ենթակա երթուղիները կամ տրամադրվելիք տարողունակությունը կամ սպասարկման հաճախականությունը սահմանում է իրավասու պետական մարմինը:
6) աշխարհագրական տեղանքի շահագործում`
ա. նավթի, գազի, ածուխի կամ այլ կոշտ վառելիքի հետախուզման կամ արտազատման նպատակով,
բ. օդային կամ ներքին ջրային ուղիներով փոխադրումներ իրականացնողներին օդանավակայանների կամ այլ տերմինալային օբյեկտների տրամադրման նպատակով:
7) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ գործունեության տեսակներ, որոնց համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող են սահմանվել սույն օրենքի կիրառման առանձնահատկություններ:
գնման գործընթաց` գնում կատարելու վերաբերյալ գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի, իրավունքների եւ պարտականությունների իրագործմանն ուղղված գործողությունների ամբողջություն:
Հոդված 3. Օրենքի նպատակը եւ գործողության ոլորտը
1. Սույն օրենքի նպատակն է ապահովել գնումների գործընթացում փողի դիմաց արժեք, այն է`
1) պատվիրատուին վերապահված լիազորությունների կատարման համար անհրաժեշտ` կարիքին համարժեք ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռքբերում, եւ
2) գնումներ կատարելու համար հատկացված միջոցների` համարժեք ապրանքներով, աշխատանքներով կամ ծառայություններով փոխանակում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նպատակի իրագործման համար, գնումների գործընթացը հիմնվում է հետեւյալ սկզբունքների վրա`
1) գնումների արդյունավետ, տնտեսող եւ օգտավետ իրականացում.
2) գնման գործընթացի միասնական կանոններով, մրցակցային, թափանցիկ, հրապարակային եւ ոչ խտրական հիմունքներով կազմակերպում,
3) պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնում եւ նրանց միջեւ մրցակցության խրախուսում,
4) ցանկացած անձի համար, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, գնման գործընթացին մասնակցելու հավասար իրավունքի գերակայություն:
3. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կատարվող գնումների վրա: Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գնումների կատարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում գործարքների հետեւյալ տեսակների վրա`
1) արբիտրաժի (նաեւ հաշտարարի) ծառայությունների ձեռքբերում,
2) աշխատանքային պայմանագրեր,
3) օրենքով նախատեսված դեպքերում քրեական, վարչական կամ դատական վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց որոշումներով նախատեսված կոնկրետ անձանց կողմից մատուցվող ծառայությունների ձեռքբերում,
4) իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում մասնաբաժնի ձեռքբերում.
5) արժեթղթերի ձեռքբերում եւ արժեթղթերի հավատարմագրային կառավարման հետ կապված գործարքներ:
Հոդված 4. Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը
1. Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից եւ իրավական այլ ակտերից։
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են այլ նորմեր, քան սույն օրենքով, ապա գործում են միջազգային պայմանագրի նորմերը:
3. Սույն օրենքի նպատակի եւ պահանջների կատարման ապահովման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ լիազոր մարմինն ընդունում են գնումների մասին իրավական այլ ակտեր:
4. Գնումների մասին իրավական այլ ակտերը հրապարակվում են նաեւ տեղեկագրում:
Հոդված 5. Գնումներին մասնակցելու իրավունքը եւ որակավորման չափանիշները
1. Գնումներին մասնակցելու հավասար իրավունք ունի ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից:
2. Բացառությամբ սույն օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված ընթացակարգով գնում կատարելու դեպքերի, գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք, որոնք`
1) դատական կարգով ճանաչվել են անվճարունակ.
2) ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով.
3) կամ որոնց գործադիր մարմնի ներկայացուցիչը հայտը ներկայացնելու պահին նախորդող երեք տարիների ընթացքում դատապարտված է եղել տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է:
4) ներառված են գնումների գործարար էթիկայի կանոնները խախտած մասնակիցների ցուցակում ("Սեւ ցուցակ"): Մասնակիցն ընդգրկվում է նշված ցուցակում, եթե հայտը ներկայացնելու պահին նախորդող տարվա ընթացքում`
ա. ավելի քան մեկ անգամ խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորություն, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը.
բ. գնման գործընթացի շրջանակում ներկայացրել է կեղծ տվյալ.
գ. որպես ընտրված մասնակից մեկ անգամից ավել հրաժարվել է պայմանագիր կնքելուց.
դ. օրենքով նախատեսված կարգով մասնակցի առնչությամբ կայացվել է որոշում գնումների գործընթացում հակամրցակցային վարքագծի` հակամրցակցային համաձայնության կամ գերիշխող դիրքի չարաշահման համար.
5) հայտը ներկայացնելու պահին նախորդող երեք տարիների ընթացքում մասնակիցը կամ նրա գործադիր մարմնի ներկայացուցիչը դատապարտված է եղել տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է:
3. Գնումների գործարար էթիկայի կանոնները խախտած մասնակիցների ցուցակը հրապարակում է լիազոր մարմինը: Գնումների գործարար էթիկայի կանոնները խախտած մասնակցի վերաբերյալ ունեցած տեղեկությունների հիման վրա լիազոր մարմինը պաշտոնական ընթացակարգ է նախաձեռնում գնումների բողոքարկման խորհրդում: Տվյալ մասնակցի կարծիքը լսելուց հետո, գնումների բողոքարկման խորհուրդը որոշում է կայացնում մասնակցին սույն հոդվածով նախատեսված ցուցակում ընդգրկելու վերաբերյալ: Անձը կարող է ընդգրկվել նշված ցուցակում 6 ամսից մինչեւ 3 տարի ժամկետով` ելնելով գնումների գործարար էթիկայի կանոնների խախտման ծանրությունից:
4. Մասնակիցը պետք է բավարարի հրավերով սահմանված որակավորման չափանիշներին: Մասնակիցը պետք է ունենա պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար հրավերով պահանջվող`
1) իրավունք.
2) մասնագիտական գործունեության համապատասխանություն պայմանագրով նախատեսված գործունեությանը.
3) մասնագիտական փորձառություն.
4) տեխնիկական միջոցներ.
5) ֆինանսական միջոցներ.
6) աշխատանքային ռեսուրսներ:
5. Չեն կարող սահմանվել մասնակցի` գնումներին մասնակցելու իրավունքի եւ որակավորման հետ կապված այնպիսի չափանիշներ, որոնք`
1) նախատեսված չեն սույն հոդվածով,
2) խտրական են եւ սահմանափակում են մրցակցությունը` անհիմն կերպով բարդացնում կամ պարզեցնում են հնարավոր մասնակցությունը գնման գործընթացին,
4) համարժեք չեն` ուղղակիորեն չեն բխում պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման անհրաժեշտությունից:
6. Հրավերով սահմանվում են մասնակցի` տվյալ գնումներին մասնակցելու իրավունքը եւ որակավորումը գնահատելու չափանիշները, կարգը եւ դրա համար պահանջվող
փաստաթղթերին (տեղեկություններին) ներկայացվող պահանջները, որոնք պետք է հիմնվեն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ընդհանուր պայմանների վրա:
Հոդված 6. Գնումներին մասնակցելու հավասարությունը
1. Ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի գնման գործընթացին մասնակցելու հավասար իրավունք:
2. Գնումների գործընթացին որեւէ անձի մասնակցությունը կարող է սահմանափակվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, եթե դա բխում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության եւ պաշտպանության շահերից:
3. Եթե սույն հոդվածի 2-րդ մասը չի կիրառվում, ապա գնումների կամ նախաորակավորման հայտարարությունը ներառում է հայտարարություն, որ հայտեր կարող են ներկայացնել բոլոր անձինք, անկախ նրանց` օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն, քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ընդ որում, հայտարարությունը ենթակա չէ փոփոխման: Եթե կիրառվում է սույն հոդվածի 2-րդ մասը, ապա գնումների կամ նախաորակավորման հայտարարությունը այդ մասին ներառում է հայտարարություն:
4. Եթե պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված է հատուկ թույլտվություն (լիցենզիա) կամ որոշակի չափանիշների բավարարելու պահանջ, սակայն օտարերկրյա պետության օրենսդրությամբ, որի ռեզիդենտն է մասնակիցը, նման պահանջներ նախատեսված չեն, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում, այդ մասնակիցն իրավունք ունի կնքել պայմանագիր, առանց հատուկ թույլտվություն (լիցենզիա) ներկայացնելու կամ որոշակի չափանիշների բավարարելու պահանջի պահպանման:
5. Արգելվում է միեւնույն անձի (անձանց) կողմից հիմնադրված կամ ավելի քան հիսուն տոկոս միեւնույն անձի (անձանց) պատկանող բաժնեմաս ունեցող կազմակերպությունների միաժամանակյա մասնակցությունը գնման միեւնույն գործընթացին, բացառությամբ`
1) պետության կամ համայնքների կողմից հիմնադրված կազմակերպությունների.
2) սույն օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն մասնակցության դեպքերի:
6. Պատվիրատուի, ներառյալ պետության կամ համայնքների մասնակցությամբ իրավաբանական անձինք գնումներին մասնակցում են այլ մասնակիցների հետ հավասար իրավունքով
եւ պետության կամ համայնքի մասնակցության հանգամանքը չի կարող հանգեցնել այդ անձանց համար որեւէ արտոնության կամ այլ նպաստավոր պայմանների սահմանմանը եւ կիրառմանը:
Հոդված 7. Փաստաթղթերը, դրանց վավերապայմանները եւ էլեկտրոնային գնումները
1. Համապատասխան, այդ թվում էլեկտրոնային փաստաթղթեր կազմելով, պետք է ապահովվի գնմանը վերաբերող տեղեկությունների գրառումը եւ պահպանումը:
2. Հրավերով` մասնակցին տեղեկություն ներկայացնելու պայման սահմանվելու դեպքում, միաժամանակ ներկայացվում է այդ տեղեկության վավերապայմանները: Սույն օրենքով սահմանված գործառույթների շրջանակներում հաղորդակցությունը կարող է իրականացվել էլեկտրոնային եղանակով, ընդ որում`
1) հրավերը կարող է տրամադրվել էլեկտրոնային եղանակով,
2) հրավերով նախատեսված դեպքում եւ կարգով հայտերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով:
3. Սույն հոդվածի` էլեկտրոնային ձեւով հաղորդակցությանը կամ դրա միջոցներին վերաբերող դրույթները կիրառվում են այնքանով, որքանով այն կիրառողը լիազորված է օգտվելու հաղորդակցության էլեկտրոնային միջոցներից:
4. Էլեկտրոնային ձեւով հաղորդակցության համար օգտագործվելիք միջոցները, ինչպես նաեւ դրանց տեխնիկական բնութագրերը պետք է լինեն ոչ խտրական, ընդհանուր առմամբ մատչելի լինեն հնարավոր ցանկացած մասնակցի եւ փոխգործակցող` տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների ընդհանուր օգտագործման միջոցների հետ:
5. Հայտերի` էլեկտրոնային եղանակով փոխանցման եւ ստացման միջոցների նկատմամբ պարտադիր կարգով կիրառելի են հետեւյալ կանոնները`
1) շահագրգիռ մասնակիցներին մատչելի են հայտերի էլեկտրոնային ձեւով ներկայացման համար անհրաժեշտ հատկանիշներին, այդ թվում` կոդավորմանը, վերաբերող տեղեկությունները.
2) հայտերի էլեկտրոնային ձեւով ստացման էլեկտրոնային սարքերը պետք է երաշխավորեն ստացված տվյալների ամբողջականությունն ու գաղտնիությունը` նվազագույնն ապահովելով հետեւյալ պայմանները`
ա. հնարավոր է հստակ որոշել հայտերի ստացման ճշգրիտ ժամն ու ամսաթիվը.
բ. նախքան տվյալների փոխանցման համար սահմանված ժամկետները` փոխանցված տվյալները մատչելի չեն ոչ ոքի համար.
գ. այն դեպքում, երբ խախտվել է փոխանցված տվյալների մատչելիության արգելքը` հնարավոր է հստակ պարզել չարտոնված մուտքը.
դ. ստացված տվյալների բացման ժամկետները կարող են սահմանել կամ փոփոխել միայն լիազորված անձինք.
5. գնումների ընթացակարգի տարբեր փուլերում` ստացված տվյալներին մուտք գործելը հնարավոր է առնվազն երկու լիազոր անձանց (համակարգերի) համաժամանակյա գործողությամբ եւ միայն սույն մասի 2-րդ ենթակետի համաձայն սահմանված ժամկետից հետո.
6. սույն մասի պահանջներին համապատասխան ստացված եւ բացված տվյալները պետք է մատչելի մնան միայն դրանց ծանոթանալու լիազորություն ունեցող անձանց համար:
3) նախքան հայտերի ներկայացման համար սահմանված ժամկետի ավարտը` մասնակիցները ներկայացնում են փաստաթղթեր, հավաստագրեր, հայտարարագրեր եւ այլ փաստաթղթեր, եթե դրանք մատչելի չեն էլեկտրոնային ձեւաչափով:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է Էլեկտրոնային ձեւով գնումների կատարման կարգի առանձնահատկությունները, որոնք կարող են տարբերվել սույն օրենքով սահմանված նորմերից:
Հոդված 8. Գնման ընթացակարգի արձանագրությունը եւ գնումների հաշվետվությունները
1. Եթե գնման գինը գերազանցում է գնումների բազային միավորը, ապա պատվիրատուն կազմում է գնման ընթացակարգի արձանագրություն: Գնման ընթացակարգի արձանագրությունը գնման ձեւին համապատասխան պարունակում է`
1) պատվիրատուի անվանումը, գտնվելու վայրը.
2) գնման անհրաժեշտությունը եւ գնման ձեւի ընտրության հիմնավորումը.
3) հրավերը եւ դրանում կատարված փոփոխությունները.
4) գնման վերաբերյալ ստացված հարցումները եւ ներկայացված պարզաբանումները.
5) հայտեր ներկայացրած մասնակիցների տվյալները` անվանումը, գտնվելու կամ բնակության վայրը, կապի միջոցները.
6) հայտերով ներկայացված գները.
7) հայտերի գնահատման կարգը եւ դրանց գնահատման արդյունքները.
8) հայտի մերժման դեպքում` դրա հիմնավորումը.
9) պայմանագիրը, իսկ գնման գործընթացի արդյունքում պայմանագիր չկնքվելու դեպքում` դրա հիմնավորումը.
10) գնման գործընթացի շրջանակներում հակաօրինական գործողություններ հայտնաբերվելու դեպքում դրանց եւ այդ կապակցությամբ ձեռնարկված գործողությունների համառոտ նկարագիրը.
11) գնման գործընթացի վերաբերյալ ներկայացված բողոքները եւ դրանց վերաբերյալ կայացված որոշումները.
12) այլ անհրաժեշտ տեղեկություններ:
2. Պետության համար պարտավորություններ առաջացնող գնումների գործարքների հաշվառման նպատակով, պետական բյուջեի միջոցների հաշվին պայմանագիր կնքելուց կամ գնման գործընթացը չկայացած հայտարարվելուց հետո յոթ օրացուցային օրվա ընթացքում, պատվիրատուն լիազոր մարմին է ներկայացնում հաշվետվություն գնման գործընթացի մասին: Հաշվետվության ձեւը սահմանում է լիազոր մարմինը:
3. Եթե գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորը, ապա պատվիրատուն ապահովում է գնման նպատակով կատարված գործողությունների եւ դրանց հիմքերի մասին համապատասխան փաստաթղթերի (կամ էլեկտրոնային փաստաթղթերի) առկայությունը եւ դրանց պահպանումը:
4. Պատվիրատուն պարտավոր է գնման ընթացակարգի արձանագրության կամ դրա մաս կազմող փաստաթղթի պատճենը, բացառությամբ պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող գնումների, տրամադրել ցանկացած անձի` վերջինիս կողմից նման պահանջ ստանալուց հինգ օրացուցային օրվա ընթացքում:
5. Գնումների տարեկան հաշվետվությունը կազմելու եւ հրապարակելու նպատակով պատվիրատուները, լիազոր մարմնի սահմանած կարգով եւ ժամկետներում, վերջինիս են ներկայացնում հաշվետվություններ:
Հոդված 9. Պայմանագիր կնքելու մասին որոշումը, անգործության ժամկետը, պայմանագրի կնքումը եւ պայմանները
1. Բաց ընթացակարգի ձեւով նում կատարելու դեպքում, մինչեւ պայմանագիր կնքելը, հրապարակվում է հայտարարություն պայմանագիր կնքելու որոշման մասին: Այդ մասին կարող է հայտարարվել`
1) արդյունքների ամփոփման նիստում` հանրային իրազեկման միջոցով, որին հրավիրվել են գնումների գործընթացի բոլոր մասնակիցները, կամ
2) նման հայտարարությունը էլեկտրոնային ձեւով կամ ֆաքսով կամ փոստով` պատվիրված նամակով, կարող է ուղարկվել գնումների գործընթացի բոլոր մասնակիցներին, կամ
3) նման հայտարարությունը տեղադրվում է լիազոր մարմնի, իսկ հնարավորության դեպքում նաեւ պատվիրատուի ինտերնետային կայքում:
2. Պայմանագիր կնքելու մասին որոշումը պարունակում է ամփոփ տեղեկատվություն հայտերի գնահատման եւ ընտրված մասնակցի ընտրությունը հիմնավորող պատճառների մասին ու հայտարարություն անգործության ժամկետի վերաբերյալ: Անգործության ժամկետը պայմանագիր կնքելու մասին որոշման հայտարարության հրապարակման օրվան հաջորդող օրվա եւ պատվիրատուի կողմից պայմանագիրը կնքելու իրավասության առաջացման օրվա միջեւ ընկած ժամանակահատվածն է:
3. Անգործության ժամկետը, գնումների բազային միավորի հիսունապատիկը`
1) գերազանցող գնումների դեպքում առնվազն տաս օրացուցային օր է, իսկ
2) չգերազանցող գնումների դեպքում առնվազն հինգ օրացուցային օր է:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված անգործության ժամկետը կիրառելի չէ, եթե`
1) սույն օրենքով չի պահանջվում պայմանագիր կնքելու մասին հայտարարության հրապարակում.
2) միայն մեկ մասնակից է հայտ ներկայացրել եւ որի հետ կնքվում է պայմանագիր:
5. Պատվիրատուն պայմանագիրը կնքում է, եթե սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված անգործության ժամկետում որեւէ մասնակից գնումների բողոքարկման խորհրդում չի բողոքարկում պայմանագիր կնքելու մասին որոշումը: Մինչեւ անգործության ժամկետը լրանալը կնքած պայմանագիրն առոչինչ է:
6. Գնման հետ կապված կողմերի` գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են պայմանագրով: Պայմանագրի հիմնական պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 10. Կնքված պայմանագրի մասին հայտարարության հրապարակումը
Եթե պայմանագրի գինը գերազանցում է գնումների բազային միավորը, ապա պատվիրատուն` տեղեկագրում հրապարակելու նպատակով, պայմանագիրը կնքելու օրվանից հետո հինգ օրացուցային օրվա ընթացքում, լիազոր մարմնին է ներկայացնում այդ մասին հայտարարություն, բացառությամբ պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող գնումների:
Հոդված 11. Մասնակիցների հակաօրինական գործողությունները
Եթե հայտնաբերվում է մասնակցի կամ նրա ղեկավար մարմնի ներկայացուցչի գնման գործընթացի շրջանակներում տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հակաօրինական գործողության կատարում, ապա այդ հիմքերը ի հայտ գալու օրը պատվիրատուն այդ մասին տեղեկացնում է լիազոր եւ իրավապահ մարմիններին` վերջիններիս եւ այդ մասնակցին ներկայացնելով նման որոշման հիմքը:
Հոդված 12. Գնման առարկայի բնութագրերը
1. Գնման առարկայի բնութագրերը պետք է ամբողջությամբ եւ հստակ նկարագրեն ձեռքբերվող ապրանքի, աշխատանքի կամ ծառայության տեխնիկական հատկանիշները, դրանց ձեռքբերման եւ վճարման պայմանները` բացառելով այլընտրանքային մեկնաբանությունը: Գնման առարկայի բնութագրերը ներառվում են պայմանագրում:
2. Գնման առարկայի բնութագրերը`
1) պետք է մրցակցության հավասար պայմաններ ապահովեն հնարավոր մասնակիցների համար,
2) չպետք է հանգեցնեն գնումների գործընթացում մրցակցության համար չհիմնավորված խոչընդոտների առաջացմանը,
3) պետք է լինեն օբյեկտիվորեն հիմնավորված եւ համարժեք լինեն այն կարիքին, որի բավարարման նպատակով կատարվում է տվյալ գնումը,
4) ներառում են գնման առարկայի մասնագրի, տեխնիկական տվյալների, իսկ աշխատանքների դեպքում, նաեւ` աշխատանքների ծավալաթերթի, ժամանակացույցի եւ այլ ոչ գնային պայմանների ամբողջական եւ համարժեք նկարագրությունը:
3. Ելնելով գնման առարկայի առանձնահատկությունից, դրանց տեխնիկական հատկանիշները հնարավորինս ներառում են ձեռքբերվող ապրանքի, աշխատանքի կամ ծառայության` որակին, ստանդարտին, անվտանգությանը, պայմանական նշաններին, տերմինաբանությանը, փաթեթավորմանը, բեռնաթափմանը, չափին, նախագծերին, ինչպես նաեւ գնման առարկայի տեխնիկական այլ հատկանիշներին վերաբերող պայմանների հստակ նկարագրությունը` հիմնված միջազգային ստանդարտների եւ Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի, ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում` ժամանակավոր տեխնիկական պայմանների վրա:
4. Տեխնիկական հատկանիշները կարող են սահմանվել նաեւ որպես` կատարողականի եւ (կամ) գործառութային (ֆունկցիոնալ) նկարագրեր, որոնք պետք է ներկայացվեն բավարար ճշտությամբ` հնարավորություն տալով մասնակիցներին եւ պատվիրատուին ճշգրիտ ընկալել պայմանագրի առարկան եւ պայմանագիր կնքել:
5. Տեխնիկական հատկանիշները չպետք է պահանջ կամ հղում պարունակեն որեւէ առեւտրային նշանին, ֆիրմային անվանմանը, արտոնագրին, էսքիզին կամ մոդելին, ծագման երկրին կամ կոնկրետ աղբյուրին կամ արտադրողին, բացառությամբ այն դեպքերի, երբ անհնար է գնման առարկայի բնութագրումն առանց դրանց: Հղումներ օգտագործելու դեպքում տեխնիկական հատկանիշների բնութագիրը պետք է պարունակի «կամ համարժեք» բառերը:
6. Գնման առարկայի բնութագրերի հաստատման եւ նախնական հսկողության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
7. Պետական եւ մասնավոր հատվածների գործընկերության գործարքների տեսակներին, այդ գործարքների բնութագրերին ներկայացվող պահանջները, ինչպես նաեւ բնութագրերի կազմման եւ հաստատման կարգի առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 13. Գնման ընթացակարգի պաշտոնական լեզուն
1. Գնմանը վերաբերող փաստաթղթերը կազմվում եւ սույն օրենքով նախատեսված դեպքերում տեղեկագրում հրապարակվում են հայերեն, իսկ բաց ընթացակարգի գնումների հայտարարությունները` նաեւ անգլերեն եւ ռուսերեն:
2. Գնումների բազային միավորի հիսսունապատիկը գերազանցող գնումների դեպքում, եթե հրավերով այլ բան նախատեսված չէ, ապա հայտերը կարող են ներկայցվել միայն անգլերեն կամ ռուսերեն:
Հոդված 14. Գնման պլանավորումը եւ ֆինանսավորումը
1. Պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող գնումների պլանը, բյուջետային ծախսերի գերատեսչական եւ գործառական դասակարգմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Գնումների պլանը հաստատվում է ըստ գնման առարկայի, քանակի, ընդհանուր գնի, գնման ձեւի:
2. Պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումների պլանը, սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որում, մասնավորապես ներառվում են ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի եւ ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները եւ ծառայությունները:
3. Այլ միջոցների հաշվին իրականացվող գնումների դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ ժամկետներում, գնումների պլանը հաստատում է պատվիրատուն: Գնումների պլանը հրապարակվում է տեղեկագրում, բացառությամբ պետական, ծառայողական եւ բանկային գաղնիք պարունակող գնումների:
4. Շինարարական աշխատանքների գնման համար ֆինանսական միջոցներ նախատեսվում են սահմանված կարգով հաստատված եւ փորձաքննություն անցած նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա: Առանց նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության շինարարական աշխատանքների գնման համար ֆինանսական միջոցներ նախատեսվել չեն կարող, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
5. Եթե գնման գինը գերազանցում է տվյալ ժամանակահատվածում այդ գնումը կատարելու համար նախատեսված ֆինանսական հատկացումների չափը, ապա պայմանագիր կնքվելու դեպքում, տվյալ ժամանակահատվածին հաջորդող ժամանակահատվածում նախատեսվում են ֆինանսական միջոցներ`
1) գնման պայմանագրով սահմանված գնումն իրականացնելու, կամ
2) տվյալ գնումը ժամանակավորապես դադարեցնելու համար, եթե ժամանակավոր դադարեցման համար պահանջվում են ֆինանսական միջոցներ:
6. Մինչեւ ֆինանսական միջոցներ նախատեսվելը, սույն օրենքով սահմանված կարգով, կարող է կնքվել պայմանագիր` պայմանով, որ դրա շրջանակներում գնում կարող է կատարվել անհրաժեշտ ֆինանսական միջոցների նախատեսման դեպքում: Սույն մասի համաձայն կնքված պայմանագիրը լուծվում է, եթե այն կնքելու օրվան հաջորդող տարվա ընթացքում պայմանագրի կատարման համար ֆինանսական միջոցները չեն նախատեսվում: Սույն մասը կարող է կիրառվել եթե`
1) պատվիրատուն չի կարողանում նախապես կանխատեսել (հաշվարկել) գնումների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը,
2) ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը կամ ծառայության մատուցումը պետք է սկսվի տվյալ գնման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու պահից հաշված այնպիսի ժամկետում, որի ընթացքում գնման մրցակցային որեւէ ձեւի կիրառումը ժամկետի առումով անհնար է:
7. Պատվիրատուն պայմանագրով ֆինանսական պարտավորություններ ստանձնում է այդ գնումն իրականացնելու համար պահանջվող ֆինանսական հատկացումներ նախատեսված լինելու դեպքում եւ այդ հատկացումների շրջանակներում:
8. Գնումներ կատարելու համար ֆինանսական միջոցներ նախատեսվում են բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռբերման համար սահմանված համապատասխան հոդվածներով: Արգելվում է ֆինանսական միջոցներ նախատեսել բյուջետային ծախսերի տնտեսագիատական դասակարգման այլ հոդվածներով, եթե այդ միջոցների հաշվին պետք է կատարվեն գնումներ:
9. Գնումների պլանավորման եւ ֆինանսավորման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ԲԱԺԻՆ 2
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ
Հոդված 15. Գնումների գործընթացի կարգավորումը եւ համակարգումը
1. Գնումների գործընթացի կարգավորումը եւ համակարգումն իրականացնում է լիազոր մարմինը: Լիազոր մարմինը չի կարող ներգրավվել գնման գործընթացներում, լինել պայմանագրի կողմ, բացառությամբ իր կարիքների համար իրականացվող գնումների:
2. Գնումների գործընթացի կարգավորման եւ համակարգման աշխատանքների կազմակերպման նպատակով լիազոր մարմինն է`
1) համակարգում գնումների վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքները եւ ընդունում կամ ներկայացնում դրանք հաստատման.
2) իրականացնում գնումների գործընթացի մեթոդական ղեկավարումը.
3) ապահովում պատվիրատուների գնումների համակարգողների մասնագիտական ուսուցման, շարունակական վերապատրաստման եւ որակավորման գնահատման համակարգի
առկայությունը.
4) հաստատում գնումների գործընթացում օգտագործվող փաստաթղթերի օրինակելի ձեւերը.
5) կազմակերպում տեղեկագրի հրապարակումը.
6) համակարգում գնումների հետ կապված միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների եւ Հայաստանի Հանրապետության պետական ու տեղական
ինքնակառավարման մարմինների համագործակցությունը.
7) հաշվառում պետության համար պարտավորություններ առաջացնող գնման գործարքները.
8) հրապարակում`
ա. պետական գնումների տարեկան հաշվետվությունը,
բ. գնումների որակավորված մասնագետների (անձանց) ցուցակը,
գ. գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները խախտած պաշտոնատար անձանց ցուցակը:
3. Պատվիրատուի ղեկավարի կողմից սահմանվում է գնումների համակարգող, որը`
1) պատասխանատու է պատվիրատուի` գնումների գործընթացի կազմակերպման եւ համակարգման համար.
2) եզրակացություն է տալիս պատվիրատուի կողմից գնումների կատարման շրջանակներում հաստատվող փաստաթղթերի վերաբերյալ.
3) իրականացնում է գնահատող հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները.
4) կազմում եւ պատվիրատուի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում տվյալ գնման ընթացակարգի արձանագրությունը եւ պայմանագիրը:
4. Գնումների համակարգող կարող են սահմանվել պատվիրատուի`
1) համապատասխան ստորաբաժանումը,
2) պաշտոնատար անձը կամ անձինք,
3) հրավիրած անձը` խորհրդատուն կամ խորհրդատուները:
5. Գնումների համակարգող ստորաբաժանման աշխատակիցները, պաշտոնատար եւ հրավիրված անձինք պետք է ընդգրկված լինեն լիազոր մարմնի կողմից հրապարակվող գնումների որակավորված մասնագետների ցուցակում: Նշված ցուցակում անձինք ընդգրկվում են գնումների մասին Հայասատանի Հանրապետության օրենսդրության իմացության գնահատման նպատակով լիազոր մարմնի սահմանած կարգով կազմակերպված քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո:
Հոդված 16. Գնումների աջակցման կենտրոնը
1. Գնումների աջակցման կենտրոնը`
1) իրականացնում է մասնակիցների եւ գնումների համակարգողների մասնագիտական ուսուցումը ու շարունակական վերապատրաստումը.
2) մասնակիցներին, պատվիրատուներին եւ այլ անձանց տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն.
3) գնահատում է մասնակիցների` գնումներին մասնակցելու իրավունքը եւ որակավորումը, կնքում է շրջանակային համաձայնագրեր, կազմում եւ տեղեկագրում հրապարակում է`
ա. շրջանակային համաձայնագրեր կնքած մասնակիցների ցուցակը.
բ. գնումների նախաորակավորված հնարավոր մասնակիցների ցուցակը` "Սպիտակ ցուցակ":4) իրականացնում է էլեկտրոնային գնումների համակարգի սպասարկման եւ համակարգման գործառույթները,
5) կազմում եւ հրապարակում է ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների էլեկտրոնային տեղեկատուներ, վերլուծում է գնումների վերաբերյալ տվյալները եւ ներկայացնում եզրակացություններ,
6) ընտրանքային կարգով գնահատում է պատվիրատուների կողմից հաստատված գնման առարկաների տեխնիկական բնութագրերը եւ մասնակիցներին ներկացվող որակավորման պահանջները` սույն օրենքով նախատեսված մրցակցության ապահովման եւ խտրականության բացառման պահանջների պահպանման տեսակետից: Գնահատման արդյուքները ներկայացվում են պատվիրատուներին եւ լիազոր մարմնին:
7) գնումների վերաբերյալ ահազանգերի արձանագրման եւ հարցերին արագ արձագանքման նպատակով ապահովում է գնումների աջակցության ծառայության (թեժ գիծ) առկայությունը.
8) հանդես է գալիս որպես գնումների բողոքարկման խորհրդի քարտուղարություն`
ա. կազմակերպում է խորհրդի աշխատանքները,
բ. գնահատում է ստացված բողոքների (դիմումների) ամբողջականությունը եւ խորհրդին եզրակացություն է ներկայացնում յուրաքանչյուր բողոքի վերաբերյալ,
գ. հրապարակում է խորհրդի որոշումները:
9) իրականացնում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ լիազոր մարմնի կողմից սահմանված այլ լիազորություններ:
2. Գնումների աջակցման կենտրոնի լիազորությունները սահմանվում են վերջինիս եւ լիազոր մարմնի միջեւ կնքված պայմանագրով:
ԲԱԺԻՆ 3
ԳՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 17. Գնում կատարելու ընթացակարգերը
1. Գնում կատարելու ընթացակարգերն են`
1) բաց ընթացակարգ.
2) մրցակցային երկխոսության.
3) սահմանափակ ընթացակարգ.
4) բանակցային ընթացակարգ:
2. Գնումների կատարման նախընտրելի եւ հիմնական ձեւը բաց ընթացակարգն է: Գնումները կարող են կատարվել գնման այլ ընթացակարգերով, բացառապես սույն օրենքով
նախատեսված դեպքերում:
3. Գնման գործընթացի արդյունքում կնքվում է պայմանագիր կամ շրջանակային համաձայնագիր:
4. Շրջանակային համաձայնագիր կնքվում է, եթե գնման առարկան ունի պարբերական օգտագործման բնույթ եւ այն ներառված է Լիազոր մարմնի հաստատած ցանկում: Հակառակ
դեպքում` կնքվում է պայմանագիր: Շրջանակային համաձայնագրերով գնումների կատարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Եթե ձեռք են բերվում միատեսակ տեխնիկական հատկանիշներ ունեցող հիմնական սպառման ապրանքներ, աշխատանքներ կամ ծառայություններ, որոնց գինը չի գերազանցում գնումների բազային միավորի քսանապատիկը, գնումը կարող է կատարվել պարզեցված ձեւով: Պարզեցված ձեւով գնումների կատարման կարգի առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում եւ կարգով գնումները կարող են կատարվել բորսաներից:
Հոդված 18. Մրցակցային երկխոսության ձեւի կիրառման պայմանները
1. Մրցակցային երկխոսությանը մասնակցելու իրավունք ունի ցանկացած մասնակից, սակայն որի դեպքում պատվիրատուն հրավեր է տրամադրում եւ երկխոսության հրավիրում միայն նախաորակավորված մասնակիցներին: Մրցակցային երկխոսության ձեւի կիրառման դեպքում կազմակերպվում է նախաորակավորման ընթացակարգ: Երկխոսության նպատակն է մշակել պատվիրատուի պահանջներին բավարարող գնման առարկայի բնութագրերի մեկ կամ ավելի այլընտրանքային տարբերակներ: Երկխոսության արդյունքում պատվիրատուն նախաորակավորված մասնակիցներին տրամադրում է վերջնական հրավեր:
2. Գնումը կարող է կատարվել մրցակցային երկխոսության ձեւով, եթե պատվիրատուն համարժեքորեն (օբյեկտիվորեն) չի կարող սույն օրենքի պահանջներին համապատասխան սահմանել գնման առարկայի բնութագրերը, եւ`
1) հնարավորություն է տալիս մասնակիցներին ներկայացնել առաջարկներ գնման առարկայի հնարավոր բնութագրերի վերաբերյալ` այլընտրանքային առաջարկներ, կամ`
2) գնման առարկայի բնութագրերի որոշ առանձնահատկությունների հստակեցման նպատակով անհրաժեշտություն է առաջացել բանակցելու մասնակիցների հետ:
3. Մրցակցային երկխոսության ձեւի կիրառման կարգի առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 19. Սահմանափակ ընթացակարգի կիրառման պայմանները
1. Սահմանափակ ընթացակարգին մասնակցելու իրավունք ունի ցանկացած մասնակից, սակայն հայտ կարող են ներկայացնել միայն պատվիրատուից հրավեր ստացած` նախաորակավորված մասնակիցները: Սահմանափակ ընթացակարգի ձեւի կիրառման դեպքում կազմակերպվում է նախաորակավորման ընթացակարգ: Սահմանափակ ընթացակարգի դեպքում բանակցություններ չեն կազմակերպվում:
2. Սահմանափակ ընթացակարգը կիրառվում է, եթե գնման գործընթացը պարունակում է պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք:
3. Սահմանափակ ընթացակարգի ձեւի կիրառման կարգի առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 20. Բանակցային ընթացակարգի կիրառման պայմանները
1. Բանակցային ընթացակարգի դեպքում պատվիրատուն բանակցում է պայմանագրի պայմանները նախապես որակավորված մասնակիցների հետ եւ կնքում պայմանագիր:
2. Բանակցային ընթացակարգը կազմակերպվում է`
1) Գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով, կամ
2) առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու:
3. Գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով կարող է բանակցային ընթացակարգ կազմակերպվել, եթե`
1) գնումը կատարվում է ոչ նյութական առանձին ակտիվների ձեռքբերման` աշխատանքների նախագծման, հետազոտական, փորձաքննության, փորձարարական կամ գիտական նպատակներով.
2) արտակարգ կամ անկանխատեսելի այլ իրավիճակի առաջացման հետեւանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ, որի բնույթը կամ դրան առնչվող ռիսկերը տվյալ գնումը բաց կամ սահմանափակ ընթացակարգով իրականացնելը` ժամկետի առումով դարձնում են անհնար, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր կանխատեսել.
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում պատվիրատուն`
1) կազմակերպվում է նախաորակավորման ընթացակարգ եւ նախաորակավորված մասնակիցների հետ բանակցում է վերջիններիս ներկայացրած հայտերը` լավագույն առաջարկը ընտրելու նպատակով:
2) երաշխավորում է հավասար վերաբերմունք բոլոր մասնակիցներին:
3) կարող է բանակցային ընթացակարգ իրականացնել հաջորդական փուլերով` կիրառելով հրավերով նախատեսված չափանիշները:
5. Բանակցային ընթացակարգը կարող է կազմակերպվել առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու, եթե`
1) գնման ենթակա ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, ինչը պայմանավորված է նրա հեղինակային եւ հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ:
2) ծագել է գնման անհետաձգելի պահանջ եւ, արտակարգ իրավիճակից ելնելով, գնման այլ ձեւի կիրառումը ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր կանխատեսել: Արտակարգ են համարվում բնական եւ (կամ) տեխնիկական աղետների եւ (կամ) վթարների եւ (կամ) համանման այլ չկանխատեսված հանգամանքների հետեւանքով առաջացած իրավիճակները:
3) ձեռք են բերվում ապրանքների լրացուցիչ քանակություններ, որոնք նախատեսված են մատակարարի կողմից նախապես մատակարարված սարքավորումները (կառուցվածքները) փոխարինելու կամ լրացնելու համար, եւ սկզբնական մատակարարի փոփոխությունը կպարտադրի պատվիրատուին ձեռք բերել այլ տեխնիկական հատկանիշներ ունեցող ապրանքներ, ինչը շահագործման ու պահպանման առումով կառաջացնի անհամատեղելիություն կամ անհամաչափ տեխնիկական բարդություններ: Այս պայմանը կարող է կիրառվել միայն սկզբնական պայմանագրի կնքմանը հաջորդող երեք տարվա ընթացքում:
4) պատվիրատուն, որեւէ անձից կատարելով աշխատանքների կամ ծառայությունների գնում, որոշում է սկզբնական պայմանագրում չներառված, սակայն չնախատեսված հանգամանքներից ելնելով սկզբնական պայմանագրի կատարման համար անհրաժեշտ դարձած աշխատանքների կամ ծառայությունների լրացուցիչ գնում կատարել նույն անձից, պայմանով որ`
ա. լրացուցիչ աշխատանքների կամ ծառայությունների պայմանագիրը հնարավոր չէ տեխնիկապես կամ տնտեսապես առանձնացնել սկզբնական պայմանագրից առանց պատվիրատուի համար նշանակալի դժվարություն ստեղծելու, եւ
բ. դրա գինը չգերազանցի սկզբնական գնման պայմանագրի գնի քսան տոկոսը:
Միեւնույն անձից սույն կետի կիրառմամբ լրացուցիչ գնում կարող է կատարվել մեկ անգամ:
5) ապրանքները ձեռք են բերվում իր ձեռնարկատիրական գործունեությունը վերջնականորեն դադարեցնող կազմակերպությունից կամ անվճարունակության գործով լուծարողներից կամ կառավարիչներից, վարկատուների հետ պայմանավորվածության հիման վրա կամ նմանօրինակ ընթացակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած առանձնակի նպաստավոր պայմաններով.
6) գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորը:
6. Բանակցային ընթացակարգի կիրառման կարգի առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 21. Նախաորակավորման ընթացակարգեր
1. Նախաորակավորման ընթացակարգ կազմակերպելու դեպքում այդ մասին հրապարակվում է նախաորակավորման հայտարարություն: Հայտարարությունը հրապարակվում է տեղեկագրում` հայերեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով ու պարունակում է հետեւյալ տեղեկությունները`
1) պատվիրատուի անվանումը եւ գտնվելու վայրը,
2) գնման ընթացակարգի ծածկագիրը,
3) մասնակիցների նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու իրավունքի մասին հայտարարությունը.
4) լեզուն կամ լեզուները, որոնցով պետք է ներկայացվեն նախաորակավորման հայտերը.
5) պայմանագրի եւ գնման առարկայի բնութագրերի բովանդակության համառոտ եւ հստակ շարադրանքը,
6) նախաորակավորման հայտի պատրաստման եւ ներկայացման կարգը, այդ թվում` ձեւն ու վայրը, ներկայացման վերջնաժամկետը.
7) մասնակցի` մասնակցության իրավունքին եւ որակավորմանը ներկայացվող պահանջները եւ դրանց գնահատման կարգը.
8) այլ անհրաժեշտ պահանջներ, որոնք վերաբերում են նախաորակավորման ընթացակարգին:
2. Պատվիրատուն պետք է երեք օրացուցային օրվա ընթացքում պատասխանի մասնակցի` նախաորակավորման վերաբերյալ պարզաբանումներ տալու հարցմանը, եթե այն ստացվել է ոչ ուշ, քան նախաորակավորման հայտերի ներկայացման վերջնաժամկետից հինգ օրացուցային օր առաջ: Հարցման եւ տրված պարզաբանման մասին տեղեկատվությունը պատվիրատուն միաժամանակ հրապարակում է տեղեկագրում, ընդ որում, չեն նշվում պարզաբանում պահանջած մասնակցի տվյալները:
3. Նախաորակավորման հայտարարությամբ սահմանված կարգով գնահատվում է մասնակցի հայտը` գնումներին մասնակցելու իրավանուքը եւ որակավորումը` կազմվում է նախաորակավորված մասնակիցների կարճ ցուցակ:
4. Գնման գործընթացին հետագա մասնակցության իրավունք են ստանում նախաորակավորված մասնակիցները:
5. Նախաորակավորման ընթացակարգի արդյունքների մասին կազմվում է արձանագրություն, որը գնման ընթացակարգի արձանագրության անբաժան մաս է, եւ մասնակցի նախաորակավորման ընթացակարգի արդյունքներն ամփոփելու օրվանից հինգ օրացուցային օրվա ընթացքում ուղարկվում է նախաորակավորման մասնակիցներին:
6. Եթե նախաորակավորման ընթացակարգին հայտ են ներկայացրել մինչեւ երեք մասնակիցներ, ապա գնահատող հանձնաժողովի որոշմամբ կարող է`
1) նախաորակավորման հայտարարությունը վերահայտրարվել, կամ
2) կազմակերպվել նախավորակավորման նոր ընթացակարգ, կամ
3) նախաորակավորման ընթացակարգը չեղյալ հայտարարվել:
7. Նախաորակավորման ընթացակարգի կիրարկման կարգի առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 22. Գնումների բաժանման կամ խմբավորման եւ գնման առարկայի բնութագրերի փոփոխման անթույլատրելիությունը
1. Գնման առանձին ընթացակարգ անցկացնելուց խուսափելու նպատակով արգելվում է`
1) գնումը բաժանել առանձին չափաբաժինների` բաց կամ սահմանափակ ընթացակարգի կիրառումից խուսափելու նպատակով.
2) փոփոխել գնման պայմանագրերով նախատեսված ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների բնութագրերը:
2. Արգելվում է խմբավորել առանձին բնութագրեր ունեցող գնումները որպես մեկ չափաբաժին, եթե դրանք կարող են ներկայացվել գնման նույն ընթացակարգի առանձին չափաբաժիններով:
ԲԱԺԻՆ 4
ԲԱՑ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
ԳԼՈՒԽ 1. ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄԸ
Հոդված 23. Գնահատող հանձնաժողովը
1. Պատվիրատուի ղեկավարի հրամանով ձեւավորում է մինչեւ իննը անդամից կազմված գնահատող հանձնաժողով, որը`
1) հաստատում է հայտարարության եւ հրավերի տեքստերը.
2) փոփոխություններ է կատարում հրավերում.
3) պարզաբանումներ է ներկայացնում գնման ընթացակարգի վերաբերյալ.
4) բացում եւ գնահատում է հայտերը.
5) որոշում է գնման ընթացակարգի հաղթողին (հաղթողներին):
2. Հանձնաժողովն ունի նախագահ եւ քարտուղար, որոնք նշանակվում են հանձնաժողովի կազմավորման մասին ակտով: Քարտուղարը հանձնաժողովի անդամ չէ եւ`
1) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները.
2) ստանում եւ հաշվառում է հայտերը.
3) կազմում եւ հանձնաժողովին է ներկայացնում վերջինիս կողմից հաստատման ենթակա փաստաթղթերի նախագծերը.
4) տրամադրում է հրավեր.
5) համապատասխան փաստաթղթեր կազմելով` գրառում եւ սղագրում է հանձնաժողովի գործունեությանը վերաբերող տեղեկությունները եւ ապահովում հանձնաժողովի գործունեության ընթացքում այդ փաստաթղթերի անվնաս պահպանումը.
6) կազմակերպում է գնման ընթացակարգի վերաբերյալ պարզաբանումների տրամադրումը.
7) պատասխանատվություն է կրում հանձնաժողովի գործունեության` գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխանության համար.
8) իրականացնում է իրեն վերապահված այլ լիազորություններ:
3. Հանձնաժողովի անդամները եւ քարտուղարը պարտավոր են հանձնաժողովի ողջ գործունեության ընթացքում պահպանել անձնապես իրենց հայտնի դարձած` հայտերով ներկայացված տեղեկությունների գաղտնիությունը, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
4. Գնահատող հանձնաժողովի կազմավորման եւ գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 24. Գնումների հայտարարությունը եւ հրավերը
1. Բաց ընթացակարգի ձեւով գնում կատարելու համար մասնակիցներ ներգրավելու նպատակով տեղեկագրում հրապարակվում է գնումների հայտարարություն եւ հրավեր: Եթե այլ բան նախատեսված չէ սույն հոդվածի 2-րդ մասով, ապա հայտարարությունը եւ հրավերը հրապարակվում են հայտերի ընդունման վերջնաժամկետը լրանալու օրվանից առնվազն երեսուն օրացուցային օր առաջ:
2. Եթե գնման գինը գերազանցում է գնումների բազային միավորի հիսունապատիկը, ապա հայտարարությունը եւ հրավերը հրապարակվում են հայտերի ընդունման վերջնաժամկետը լրանալու օրվանից առնվազն քառասուն օրացուցային օր առաջ:
3. Հայտարարությունը պարունակում է հետեւյալ տեղեկությունները`
1) պատվիրատուի անվանումը եւ գտնվելու վայրը.
2) բաց ընթացակարգի ծածկագիրը.
3) պայմանագրի եւ գնման առարկայի բնութագրերի բովանդակության համառոտ եւ հստակ շարադրանքը.
4) մասնակիցների` բաց ընթացակարգին մասնակցելու իրավունքի մասին հայտարարությունը.
5) թղթային ձեւով հրավեր ստանալու պայմանները, այդ թվում` դրա համար գանձվող վճարի չափը, վճարման կարգը.
6) լեզուն կամ լեզուները, որոնցով պետք է ներկայացվեն հայտերը.
7) մասնակիցների որակավորման չափանիշների համառոտ շարադրանքը.
8) հաղթող մասնակցին որոշելու համար կիրառվելիք չափանիշները.
9) հայտեր ներկայացնելու ձեւը, տեղը եւ ժամկետը.
10) բողոքարկման համար պատասխանատու մարմնի անվանումն ու տեղը եւ բողոքների ներկայացման ժամկետների մասին հստակ տեղեկությունները.
11) հայտերի բացման ձեւը, վայրը, օրը եւ ժամը.
12) անհրաժեշտության դեպքում` այլ տեղեկություններ:
4. Հայտարարության հիման վրա պատվիրատուին գրավոր պահանջ ներկայացրած անձն իրավունք ունի այդ պահանջը ներկայացնելու օրվա ընթացքում թղթային ձեւով ստանալ հրավեր:
5. Եթե գնման գինը գերազանցում է գնումների բազային միավորի հիսունապատիկը, ապա մասնակիցն իրավունք ունի նաեւ պահանջել ռուսերեն եւ անգլերեն լեզուներով հրավեր:
6. Բաց ընթացակարգի դեպքում փաստաթղթային ձեւով հրավեր տրամադրելու համար կարող է գանձվել վճար, որը չի կարող գերազանցել հրավերի պատճենահանման եւ առաքման համար կատարվող ծախսերի չափը: Ռուսերեն եւ անգլերեն լեզուներով հրավերի տրամադրման կարգը, այդ թվում գանձվող վճարի չափի հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
7. Սույն հոդվածով նախատեսված կարգով հրավեր չստանալը չի սահմանափակում մասնակցի` բաց ընթացակարգին մասնակցելու իրավունքը:
Հոդված 25. Հրավերի բովանդակությունը
1. Հրավերը պետք է պարունակի`
1) հղում` հրապարակված հայտարարությանը` ի լրումն որի տրամադրվում է հրավերը.
2) հայտերի պատրաստման հրահանգները.
3) որակավորման չափանիշները, մասնակցության իրավունքի պահանջները եւ դրանց գնահատման կարգը.
4) գնման առարկայի բնութագրերը.
5) հայտերի գնահատման եւ հաղթողի ընտրության կարգը.
6) պայմանագրի նախագիծը.
7) եթե գնումն իրականացվում է չափաբաժիններով եւ մասնակիցներին թույլատրվում է հայտեր ներկայացնել գնվող ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների միայն մի մասի համար, ապա դրա պայմանները եւ կարգը.
8) հայտով ներկայացվող գնի հաշվարկման կարգը.
9) նշում այն մասին, որ առաջարկվող գինը ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների արժեքից բացի ներառում է փոխադրման, ապահովագրման, տուրքերի, հարկերի, այլ վճարումների գծով ծախսերը եւ չի կարող պակաս լինել դրանց ինքնարժեքից, որի հաշվարկը պետք է ներկայացվի հայտով.
10) հայտի եւ պայմանագրի կատարման ապահովմանը վերաբերող պահանջները.
11) հայտերի ներկայացման պայմանները, ներառյալ` ձեւը, տեղը, ժամկետը եւ հայտի լեզուն, հայտերի վավերականության ժամկետը.
12) գնման գործընթացի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու կարգը, տեղեկություններ մասնակիցների հետ կազմակերպվելիք հանդիպումների մասին, ինչպես նաեւ գնահատող հանձնաժողովի քարտուղարի անունը եւ ազգանունը.
14) հայտերի բացման ձեւը, վայրը, օրը եւ ժամը.
15) տվյալ գնմանը վերաբերող` սույն օրենքի եւ իրավական այլ ակտերի դրույթներին կատարված հղումները.
16) պայմանագիր կնքելու առաջարկը ներկայացնելու պայմանները.
17) գնման գործընթացի հետ կապված գործողությունները (անգործությունը) եւ (կամ) ընդունված որոշումները բողոքարկելու մասնակցի իրավունքը եւ կարգը.
18) հայտը մերժելու հիմքերը.
19) հայտի նախապատրաստման, ներկայացման, բացման եւ գնահատման, ինչպես նաեւ գնումների վերաբերյալ անհրաժեշտ այլ տեղեկատվություն:
2. Հրավերում նախատեսվում է նաեւ որ մասնակիցը`
1) գնումներին մասնակցելու իր իրավունքը եւ հրավերով նախատեսված որակավորման չափանիշներին համապատասխանությունը հիմնավորելու համար հայտով ներկայացնում է իր կողմից հաստատված հայտարարություն, պայմանով, որ մասնակիցը պարտավորվում է սույն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով ներկայացնել հայտարարությունը հիմնավորող` հրավերով նախատեսված փաստաթղթերը (տեղեկությունները).
2) հայտով ներկայացնում է իր կողմից հաստատված հայտարարություն` գերիշխող դիրքի չարաշահման եւ հակամրցակցային համաձայնության բացակայության մասին:
Հոդված 26. Հրավերի պարզաբանումը եւ դրանում փոփոխություն կատարելը
1. Մասնակիցն իրավունք ունի հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն հինգ օրացուցային օր առաջ պահանջել հրավերի պարզաբանում: Հարցումը կատարած մասնակցին պարզաբանումը տրամադրվում է հարցումն ստանալու օրվան հաջորդող երեք օրացուցային օրվա ընթացքում:
2. Հարցման եւ պարզաբանումների բովանդակության մասին հայտարարությունը հրապարակվում է տեղեկագրում` հարցումը կատարած մասնակցին պարզաբանումը տրամադրելու օրվան հաջորդող օրը, առանց նշելու հարցումը կատարած մասնակցի տվյալները:
3. Պարզաբանում չի տրամադրվում, եթե հարցումը կատարվել է սույն հոդվածով սահմանված ժամկետի խախտմամբ, ինչպես նաեւ, եթե հարցումը դուրս է հրավերի բովանդակության շրջանակից:
4. Հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն հինգ օրացուցային օր առաջ հրավերում կարող են կատարվել փոփոխություններ: Բաց ընթացակարգի դեպքում փոփոխություն կատարելու օրվան հաջորդող երեք օրացուցային օրվա ընթացքում փոփոխություն կատարելու եւ դրանք տրամադրելու պայմանների մասին հայտարարություն է հրապարակվում տեղեկագրում, իսկ սահմանափակ ընթացակարգի դեպքում փոփոխությունները տրամադրվում են հրավեր ստացած անձանց:
5. Բաց ընթացակարգի հրավերում փոփոխություններ կատարվելու դեպքում հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը հաշվվում է այդ փոփոխությունների մասին տեղեկագրում հայտարարության հրապարակման օրվանից, իսկ սահմանափակ ընթացակարգի դեպքում` հրավերում կատարված փոփոխությունները մասնակիցներին տրամադրվելու օրվանից: Այդ դեպքում մասնակիցները պարտավոր են երկարաձգել իրենց ներկայացրած հայտի ապահովման գործողության ժամկետը կամ ներկայացնել հայտի նոր ապահովում։
6. Սույն հոդվածի համաձայն կատարվող գործողությունների եւ դրանց արդյունքների մասին կազմվում է արձանագրություն, որը կցվում է գնման ընթացակարգի արձանագրությանը:
ԳԼՈՒԽ 2. ՀԱՅՏԵՐԸ
Հոդված 27. Հայտերի ներկայացումը
1. Մասնակիցը հայտ ներկայացնում է հրավերով սահմանված կարգով: Հայտը ներառում է մասնակցի կողմից հաստատված`
1) հրավերի պահանջներին իր տվյալների համապատասխանության մասին հայտարարությունը,
2) գնային առաջարկ,
3) հայտի ապահովում,
4) ոչ գնային առաջարկ (տեխնիկական առաջարկ), եթե հրավերով նախատեսված է.
5) հրավերով նախատեսված` լիազոր մարմնի սահմանած այլ փաստաթղթեր (տեղեկություններ):
2. Փաստաթղթային ձեւով հայտը ներկայացվելու դեպքում, մասնակցի առաջարկները, դրանց վերաբերող փաստաթղթերը դրվում են ծրարի մեջ, որը սոսնձվում եւ կնքվում է (եթե կիրառելի է) այն ներկայացնողի կողմից: Ծրարում ներառված փաստաթղթերը կազմվում են բնօրինակից եւ հրավերում նշված թվով պատճեններից: Փաստաթղթերի փաթեթների վրա համապատասխանաբար գրվում են "բնօրինակ" եւ "պատճե" բառերը: Ծրարը եւ հրավերով նախատեսված` մասնակցի կողմից կազմված փաստաթղթերը ստորագրում է դրանք ներկայացնող անձը կամ վերջինիս կողմից լիազորված անձը (այսուհետ` գործակալ): Եթե հայտը ներկայացնում է գործակալը, ապա հայտով ներկայացվում է վերջինիս այդ լիազորությունը վերապահված լինելու մասին փաստաթուղթ:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ծրարի վրա հայտը կազմելու լեզվով նշվում են`
1) պատվիրատուի անվանումը եւ հայտի ներկայացման վայրը (հասցեն).
2) բաց ընթացակարգի ծածկագիրը.
3) "չբացել մինչեւ հայտերի բացման նիստը" բառերը.
4) մասնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը եւ հեռախոսահամարը:
4. Հայտերը քարտուղարի կողմից գրանցվում են գրանցամատյանում` ըստ ստացման հերթականության` ծրարի վրա նշելով գրանցման համարը, օրը եւ ժամը: Մասնակցի պահանջով
այդ մասին տրվում է տեղեկանք: Գրանցամատյանի ձեւը եւ վարման կարգը սահմանում է լիազոր մարմինը:
5. Սույն հոդվածի պահանջներին չհամապատասխանող հայտերը գնահատող հանձնաժողովի կողմից, հայտերի բացման նիստում, մերժվում են եւ նույնությամբ վերադարձվում ներկայացնողին:
6. Մասնակիցները կարող են գնման գործընթացին մասնակցել համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով): Նման դեպքում`
1) հայտը ներառում է նաեւ համատեղ գործունեության պայմանագիր.
2) հայտի գնահատման ժամանակ հաշվի են առնվում համատեղ գործունեության պայմանագրի բոլոր անդամների միասնական որակավորումները:
3) մասնակիցները կրում են համատեղ եւ համապարտ պատասխանատվություն:
Համատեղ գործունեության կարգով գնումների գործընթացին մասնակցության կարգի առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 28. Հայտի գործողության ժամկետը, հայտը հետ վերցնելը եւ դրանում փոփոխություն կատարելը
1. Հայտը վավեր է մինչեւ սույն օրենքին համապատասխան պայմանագրի (շրջանակային համաձայնագրի) կնքումը, մասնակցի կողմից հայտի հետ վերցնելը, հայտի մերժումը կամ գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելը:
2. Մասնակիցը, մինչեւ հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը կարող է փոփոխել կամ հետ վերցնել իր հայտը:
3. Փաստաթղթային ձեւով հայտը ներկայացվելու դեպքում, հայտի փոփոխման մասին ծանուցումն ուղարկվում է սույն օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան կազմված ծրարով` դրա վրա ավելացնելով "փոփոխում" բառը: Հայտը հետ վերցնելու դեպքում մասնակիցը, մինչեւ հայտերի բացումը, ներկայացնում է այդ մասին գրավոր ծանուցում:
Հոդված 29. Հայտի ապահովումը
1. Մասնակիցը, հայտով` հրավերով սահմանված կարգով, ներկայացնում է հայտի ապահովում: Հայտի ապահովման չափը որոշում է մասնակիցը, որը չի կարող պակաս լինել հայտով առաջարկվող գնի երկու տոկոսից: Հայտի ապահովումը ներկայացվում է մասնակցի կողմից միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի ձեւով: Տուժանքի օրինակելի ձեւը հաստատում է լիազոր մարմինը:
2. Հայտի ապահովումը` տուժանքը, վճարվում է մասնակցի կողմից, եթե այդ մասնակիցը`
1) հայտարարվել է ընտրված մասնակից, սակայն հրաժարվում կամ զրկվում է պայմանագիր կնքելու իրավունքից.
2) խախտել է գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորություն, որը հանգեցրել է գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը,
3) հայտերի բացումից հետո հրաժարվել է գնման գործընթացին հետագա մասնակցությունից:
3. Շրջանակային համաձայնագրերի կնքման դեպքում հայտի ապահովման չափի որոշման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ԳԼՈՒԽ 3. ՀԱՅՏԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
Հոդված 30. Հայտերի բացումը
1. Հայտերը բացվում են հրավերում նշված պահին` հայտերի բացման նիստում: Հայտերի բացման օրը եւ ժամը պետք է համընկնի դրանք ներկայացնելու վերջնաժամկետին: Սահմանափակ ընթացակարգի հայտերը` հրավեր ստացած բոլոր մասնակիցների գրավոր համաձայնության դեպքում, կարող են բացվել մինչեւ հրավերում նշված ժամկետը լրանալու օրը:
2. Հայտերի բացման նիստում հրապարակվում են`
1) հայտ ներկայացրած յուրաքանչյուր մասնակցի անվանումը (անունը).
2) տեղեկություններ` հայտեր պարունակող ծրարների կազմման եւ ներկայացման` հրավերի պահանջներին համապատասխանության վերաբերյալ.
3) տեղեկություններ` բացված յուրաքանչյուր ծրարում հրավերով պահանջվող փաստաթղթերի առկայության վերաբերյալ.
4) տեղեկություններ` յուրաքանչյուր մասնակցի ներկայացրած փաստաթղթերի` հրավերով սահմանված վավերապայմաններին համապատասխանելու մասին.
5) յուրաքանչյուր մասնակցի առաջարկած գինը` տառերով եւ թվերով արտահայտված.
6) տեղեկություններ` հայտերի հետկանչման կամ փոփոխությունների մասին:
3. Հայտերը բացվելուց հետո կազմվում է արձանագրություն, որը կցվում է գնման ընթացակարգի արձանագրությանը: Արձանագրությունը ստորագրում են գնահատող հանձնաժողովի նիստին ներկա անդամները: Արձանագրությունը պարունակում է`
1) տեղեկություն հայտերի բացման վայրի, օրվա եւ ժամի մասին.
2) հայտեր ներկայացրած մասնակիցների անվանումները (անունները) եւ գտնվելու հասցեները.
3) տվյալներ` ծրարների կազմման եւ ներկայացման` հրավերի պահանջներին համապատասխանության մասին.
4) տվյալներ` բացված յուրաքանչյուր ծրարում հրավերով պահանջվող փաստաթղթերի առկայության մասին.
5) տվյալներ` յուրաքանչյուր մասնակցի ներկայացրած փաստաթղթերի` հրավերով սահմանված պայմաններին համապատասխան կազմած լինելու մասին.
6) յուրաքանչյուր մասնակցի առաջարկած գինը.
7) տվյալներ առաջին եւ հաջորդաբար այլ տեղեր զբաղեցրած մասնակցների վերաբերյալ.
8) գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու դեպքում` դրա հիմնավորումը.
9) տեղեկատվություն` հայտերի վերաբերյալ հարցումների եւ պատասխանների մասին.
10) հանձնաժողովի հաջորդ նիստի վայրը, օրը եւ ժամը.
11) նիստին ներկա հանձնաժողովի անդամների անունները եւ ազգանունները:
4. Եթե գնահատող հանձնաժողովի անդամը եւ (կամ) մասնակիցը հայտերի բացման վերաբերյալ ցանկանում է արտահայտել հայտերի բացման նիստի արձանագրության մեջ չներառված կարծիք (հատուկ կարծիք), ապա դա ներկայացնում է գրավոր, որը կցվում է սույն հոդվածի 3-րդ մասում նշված արձանագրությանը:
5. Մասնակիցները եւ նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել գնահատող հանձնաժողովի նիստերին: Մասնակիցները կամ նրանց ներկայացուցիչները կարող են պահանջել գնահատող հանձնաժողովի նիստերի արձանագրությունների պատճենները, որոնք տրամադրվում են մեկ օրացուցային օրվա ընթացքում: Չխախտելով սույն օրենքի մյուս պահանջները` պատվիրատուն երաշխավորում է մասնակիցների կողմից որպես գաղտնի նշված տեղեկությունների պահպանությունը, քանի որ այս տեղեկությունների հրապարակումն օբյեկտիվորեն վնաս կհասցնի մասնակցի օրինական շահերին, հատկապես, երբ խնդիրն առնչվում է առեւտրային գաղտնիքին եւ մտավոր սեփականությանը:
6. Հայտերի բացման նիստից անմիջապես հետո տվյալ ընթացակարգի առնչությամբ շահերի բախում ունեցող հանձնաժողովի անդամը ինքնաբացարկ է հայտնում տվյալ ընթացակարգից, հակառակ դեպքում` նրանց բացարկ է հայտնում հանձնաժողովի նախագահը: Եթե տվյալ ընթացակարգի առնչությամբ շահերի բախում ունի հանձնաժողովի նախագահը, ապա նա բացառում է իր մասնակցությունը տվյալ ընթացակարգին եւ տվյալ ընթացակարգում իրեն փոխարինում է հանձնաժողովի մեկ այլ անդամ: Հանձնաժողովի անդամները ստորագրում են շահերի բախման բացակայության մասին հայտարարություն:
7. Հայտերի բացման նիստի օրվան հաջորդող օրացուցային օրվա ընթացքում հայտերի բացման նիստի արձանագրության պատճենները տրամադրվում են այն մասնակիցներին, որոնք կամ որոնց ներկայացուցիչները չեն մասնակցել այդ նիստին:
Հոդված 31. Հայտերի գնահատումը
1. Հայտերը գնահատվում եմ հրավերով սահմանված կարգով: Բավարար են գնահատվում հրավերով նախատեսված պայմաններին համապատասխանող հայտերը, հակառակ դեպքում հայտերը գնահատվում են անբավարար եւ մերժվում են:
2. Ընտրված մասնակիցը որոշվում է բավարար գնահատված հայտերից`
1) նվազագույն գնայաին առաջարկ ներկայացրած հայտին նախապատվություն տալու մեթոդով, կամ
2) այն մասնակցին ընտրելու մեթոդով, որի առաջարկած գնին եւ ոչ գնային չափանիշներին տրված գործակիցների հանրագումարը ամենաբարձրն է: Այս մեթոդի կիրառման դեպքում, հայտերը գնահատելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում եւ կարգով, առաջարկվող գնից բացի հաշվի են առնվում ոչ գնային այլ չափանիշներ, որոնք պետք է հնարավոր լինի չափել դրամական արտահայտությամբ: Ոչ գնային չափանիշերը պետք է փոխկապակցված լինեն պայմանագրի առարկայի հետ եւ դրանց հարաբերական կշիռները պետք է ներկայացվեն հրավերի մեջ:
3. Եթե հայտում անհամապատասխանություն է տեղ գտել տառերով եւ թվերով գրված գումարների միջեւ, ապա հիմք է ընդունվում տառերով գրված գումարը: Եթե առաջարկվող գները ներկայացված են երկու կամ ավելի արժույթներով, ապա դրանք համեմատվում են Հայաստանի Հանրապետության դրամով` հրավերով սահմանված փոխարժեքով:
4. Հրավերով նախատեսված դեպքում եւ կարգով, սույն օրենքով սահմանված կարգով, կազմակերպվում է էլեկլտրոնային աճուրդ:
5. Առաջին եւ հաջորդաբար տեղերը զբաղեցրած մասնակիցներին որոշելուց հետո` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետում`
1) առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը հանձնաժողովին է ներկայացնում իր` գնումներին մասնակցելու իրավունքը եւ հրավերով նախատեսված որակավորման չափանիշներին համապատասխանությունը հիմնավորող` հրավերով նախատեսված փաստաթղթերը (տեղեկությունները):
2) հանձնաժողովը գնահատում է սույն մասի 1-ին կետի համաձայն ներկայացված փաստաթղթերի (տեղեկությունների) համապատասխանությունը հրավերով սահմանված պահանջներին, եւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում եւ կարգով, գնահատում է տվյալ մասնակցի գնային եւ ոչ գնային (տեխնիկական) առաջարկի հիմնավորվածությունը:
6. Հայտը գնահատվում է բավարար, եթե սույն հոդվածի 5-րդ մասի համաձայն ներկայացված տվյալները բավարարում են հրավերով դրանց համար սահմանված պահանջներին: Նման դեպպքում մասնակիցը հայտարարվում է, որպես ընտրված մասնակից:
7. Սույն հոդվածի 6-րդ մասի համաձայն գնահատման արդյունքում հայտը անբավարար գնահատվելու դեպքում հանձնաժողովը փաստաթղթերը ներկայացնելու պահանջ է ներկայացնում հաջորդող տեղը զբաղեցրած մասնակցին:
8. Հայտերի գնահատման արդյունքներով կազմվում է հայտերի գնահտման նիստի արձանագրություն, որը կցվում է գնման ընթացակարգի արձանագրությանը: Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները:
9. Հայտերի գնահատման կարգի առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 32. Պայմանագրի ապահովումը
1. Պայմանագրի ապահովում ներկայացնելու պահանջի հիման վրա, այն ստանալու օրվանից հինգ օրացուցային օրվա ընթացքում, ընտրված մասնակիցը պարտավոր է ներկայացնել պայմանագրի ապահովում: Ընտրված մասնակցի հետ պայմանագիր կնքվում է, եթե վերջինս ներկայացնում է պայմանագրի ապահովում:
2. Պայմանագրի ապահովման չափը հավասար է պայմանագրի գնի ոչ պակաս քան հինգ եւ ոչ ավել քան տաս տոկոսին: Պայմանագրի ապահովումը ներկայացվում է ընտրված մասնակցի կողմից միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի ձեւով: Տուժանքի օրինակելի ձեւը հաստատում է լիազոր մարմինը: Պայմանագրով կանխավճար նախատեսվելու դեպքում ընտրված մասնակիցը ներկայացնում է նաեւ կանխավճարի ապահովում` կանխավճարի չափով, երաշխիքի ձեւով:
3. Կանխավճարի մարման կարգը սահմանվում է պայմանագրով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պայմաններին համապատասխան:
4. Եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով, ապա պայմանագրի եւ (կամ) կանխավճարի ապահովումը վերադարձվում է այն ներկայացնողին, պայմանագրի կատարման ավարտից հետո ոչ ուշ, քան հինգ օրացուցային օրվա ընթացքում:
Հոդված 33. Գնման պայմանագրի կնքումը
1. Ընտրված մասնակցի հետ պայմանագիր կնքվում է գնահատող հանձնաժողովի որոշման հիման վրա` պատվիրատուի կողմից:
2. Ընտրված մասնակիցը հայտարարվելուն հաջորդող երկու օրացուցային օրվա ընթացքում պատվիրատուն ծանուցում է ընտրված մասնակցին` ներկայացնելով պայմանագիր կնքելու առաջարկը եւ գնման պայմանագրի նախագիծը:
3. Եթե ընտրված մասնակիցը պայմանագիր կնքելու մասին ծանուցումը եւ պայմանագրի նախագիծը ստանալուց հետո հրավերով նախատեսված ժամկետում չի ստորագրում պայմանագիրը եւ պատվիրատուին ներկայացնում պայմանագրի, իսկ պայմանագրով կանխավճար նախատեսվելու դեպքում` նաեւ կանխավճարի ապահովումը, ապա նա զրկվում է պայմանագիրը ստորագրելու իրավունքից:
4. Մինչեւ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետի ավարտը, կողմերի համաձայնությամբ, կարող են պայմանագրի նախագծում կատարվել փոփոխություններ, սակայն դրանք չեն կարող հանգեցնել գնման առարկայի բնութագրերի փոփոխմանը:
5. Պայմանագրի կնքման առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 34. Արդյունքների ամփոփումը
1. Ընտրված մանակցի հետ պայմանագիրը կնքվելու, իսկ բաց ընթացակարգի արդյուքում պայմանագիր չկնքվելու դեպքում այդ հանգամանքի հայտնի դառնալու օրվան հաջորդող օրացուցային օրը հրավիրվում է արդյունքների ամփոփման նիստ, որի ընթացքում հայտարարվում են բաց ընթացակարգի արդյուքները:
2. Ամփոփման նիստի վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որը կցվում է գնման ընթացակարգի արձանագրությանը: Արձանագրությունն ստորագրում են գնահատող հանձնաժողովի նիստին ներկա անդամները:
3. Եթե գնահտող հանձնաժողովի անդամը եւ (կամ) մասնակիցը ամփոփման նիստի վերաբերյալ ցանկանում է արտահայտել ամփոփման նիստի արձանագրության մեջ չներառված կարծիք (հատուկ կարծիք), ապա դա ներկայացնում է գրավոր, որը կցվում է սույն հոդվածի 2-րդ մասում նշված արձանագրությանը:
Հոդված 35. Գնման ընթացակարգը չկայացած հայտարարելը
1. Գնման ընթացակարգը չկայացած է հայտարարվում, եթե`
1) հայտերից ոչ մեկը չի համապատասխանում հրավերի պայմաններին.
2) դադարում է գոյություն ունենալ գնման պահանջը.
3) ոչ մի հայտ չի ներկայացվել.
4) պայմանագիր չի կնքվում:
2. Գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելուց հետո արգելվում է բացել չբացված հայտերը, որոնք վերադարձվում են մասնակիցներին:
3. Տեղեկագրում հրապարակելու նպատակով, գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելուց հետո հինգ օրացուցային օրվա ընթացքում, պատվիրատուն լիազոր մարմնին է ներկայացնում հայտարարություն, որում նշվում են գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու հիմնավորումը: Պետական, ծառայողական եւ բանկային գաղտնիք պարունակող գնումների դեպքում հայտարարությունը չի հրապարակվում:
Հոդված 36. Մասնակիցների հետ բանակցություններ վարելու անթույլատրելիությունը, տնտեսական մրցակցության սահմանափակման դեպքերը բացահայտելը եւ կանխարգելելը
1. Գնահատող հանձնաժողովի, պատվիրատուի եւ մասնակիցների միջեւ բանակցություններն արգելվում են, բացառությամբ`
1) երբ բաց ընթացակարգին մասնակցել է մեկ մասնակից եւ, որի ներկայացրած հայտը համապատասխանում է հրավերի պահանջներին կամ հայտերի գնահատման արդյունքում հրավերի պահանջներին համապատասխան է գնահատվել միայն մեկ մասնակցի հայտ: Սույն կետի համաձայն վարվող բանակցությունները կարող են հանգեցնել միայն առաջարկված գնի նվազեցմանը եւ/կամ վճարման պայմանների փոփոխությանը.
2) սույն օրենքով նախատեսված այլ դեպքերի:
2. Գնումների գործընթացում տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտումների, այդ թվում` հակամրցակցային համաձայնությունների եւ գերիշխող դիրքի չարաշահումների բացահայտման նպատակով լիազոր մարմինը համագործակցում է իրավասու այլ մարմինների հետ:
3. Եթե Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապացուցվել է մասնակցի` գնումների գործընթացում հակամրցակցային համաձայնության կամ գերիշխող դիրքի չարաշահման դրսեւորման փաստը, ապա տվյալ մասնակիցը ներառվում է սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված ցուցակում:
Հոդված 37. Պայմանագրի գնի հաշվարկը
1. Պայմանագրի գնի հաշվարկը պետք է ներառի տվյալ գնման պայմանագրի կատարումն ապահովելու նպատակով կատարվելիք բոլոր վճարները (ծախսերը), այդ թվում` հարկերի, տուրքերի, փոխադրման, ապահովագրման ծախսերը, պարգեւավճարները եւ շահույթը:
2. Պայմանագրի գինը կարող է լինել գործոնային, երբ պայմանագրի գինը փոփոխվում է պայմանագրով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պայմանների (գործոնների) փոփոխության ազդեցությամբ: Հակառակ դեպքում պայմանագրի գինը կայուն է եւ կողմերը պարտավոր են պայմանագրային պարտավարությունները ողջ ծավալով կատարել պայմանագրի գնի շրջանակում:
ԳԼՈՒԽ 4. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՆԵՐ
Հոդված 38. Էլեկտրոնային աճուրդ անցկացնելու պայմանները
1. Հրավերով նախատեսված դեպքում պայմանագրի կնքմանը պետք է նախորդի էլեկտրոնային աճուրդ:
2. Էլեկտրոնային աճուրդը հիմնվում է`
1) բացառապես գների վրա, եթե պայմանագիրը կնքվում է նվազագույն գին առաջարկող մասնակցի հետ, կամ
2) գների եւ (կամ) հրավերում նշված ոչ գնային չափանիշների (առաջարկների) վրա, եթե պայմանագիրը կնքվում է չափանիշերով, որոնք, բացի գնից ներառում են նաեւ ոչ գնային չափանիշեր:
Հոդված 39. Էլեկտրոնային աճուրդ անցկացնելու սահմանափակումները
1. Պատվիրատուն չի կարող ոչ պատշաճորեն դիմել էլեկտրոնային աճուրդի կիրառմանը կամ կիրառել այն այնպիսի եղանակով, որ
1) կանխում, սահմանափակում կամ խեղաթյուրում է մրցակցությունը, կամ
2) փոփոխում է գնումների հայտարարության եւ հրավերի պահանջները:
2. Խորհրդատվական ծառայությունների գնումը չի կարող հանդիսանալ էլեկտրոնային աճուրդների առարկա:
3. Եթե պատվիրատուն նպատակ ունի կիրառել էլեկտրոնային աճուրդ, ապա հրավերը պետք է ներառի նաեւ հետեւյալ մանրամասները`
1) էլեկտրոնային աճուրդի անցկացման պայմանները (հատկանիշները), նկատի ունենալով որ սակարկման ենթակա առաջարկը հնարավոր է չափել քանակապես եւ դրանք արտահայտել թվերով կամ տոկասներով.
2) ներկայացվելիք առաջարկների սահմանափակումները, որոնք բխում են գնման առարկայի բնութագրից.
3) էլեկտրոնային աճուրդի ընթացքում մասնակիցներին տրամադրվելիք տեղեկությունները եւ, հավուր պատշաճի, այդ տեղեկությունները նրանց տրամադրելու պահը.
4) էլեկտրոնային աճուրդի գործընթացին վերաբերող էական նշանակության տեղեկությունները.
5) մասնակիցների կողմից հայտեր ներկայացնելու պայմանները, մասնավորապես` սակարկելու ընթացքում պահանջվող նվազագույն տարբերությունները, եթե կիրառելի է.
6) տեղեկություններ օգտագործվող էլեկտրոնային սարքավորումների մասին եւ կապ հաստատելու պայմաններն ու տեխնիկական բնութագրերը:
Հոդված 40. Էլեկտրոնային աճուրդ անցկացնելու կարգը
1. Պատվիրատուն, նախքան էլեկտրոնային աճուրդի անցկացումը, կատարում է հայտերի լիարժեք նախնական գնահատում` հրավերով սահմանված չափանիշներով:
2. Բավարար գնահատված հայտեր ներկայացրած բոլոր մասնակիցներին միաժամանակ ուղարկվում է էլեկտրոնային ձեւով նոր (վերանայված) գներ եւ (կամ), կոնկրետ դեպքերում, նոր (վերանայված) ոչ գնային առաջարկներ ներկայացնելու պահանջ:
3. Նման պահանջը, ներառում է, նաեւ տվյալներ էլեկտրոնային աճուրդի բացման օրվա ու ժամի, եւ օգտագործվող էլեկտրոնային սարքավորումների հետ անհատական կապուղի հաստատելու համար անհրաժեշտ տվյալների մասին:
4. Էլեկտրոնային աճուրդը կարող է կայանալ մի շարք հաջորդական փուլերով:
5. Էլեկտրոնային աճուրդը սկսվում է ոչ շուտ, քան դրա մասին պահանջը ուղարկվելլու օրվան հաջորդող օրվանից երկու օրացուցային օր անց:
6. Այն դեպքերում, երբ էլեկտրոնային աճուրդի (սակարկության) առարկա են հանդիսանում գնից բացի, այլ հատկանիշեր, սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված պահանջը ներառում է նաեւ տեղեկություններ հետեւյալի վերաբերյալ`
1) համապատասխան մասնակցի լիարժեք գնահատման արդյունքը.
2) էլեկտրոնային աճուրդում կիրառվելիք մաթեմատիկական բանաձեւը` ներկայացված նոր գների եւ (կամ) նոր ոչ գնային առաջարկների հիման վրա ավտոմատ վերավարկանշումը որոշելու համար: Այդ մաթեմատիկական բանաձեւը ներառում է հաղթող մասնակցին որոշելու համար հրավերի մեջ սահմանված չափանիշերի կշիռը:
7. Էլեկտրոնային աճուրդի յուրաքանչյուր փուլում պատվիրատուն անհապաղ (առցանց) մասնակիցներին է տրամադրում նվազագույն բավարար տեղեկություններ, որոնք հնարավորություն են տալիս նրանց ցանկացած պահի ճշտել իրենց զբաղեցրած հարաբերական տեղը:
8. Էլեկտրոնային աճուրդի փուլերի իրականացման ընթացքում պատվիրատուն չի հրապարակում նոր գները, կամ ոչ գնային նոր առաջարկները կամ դրանք ներկայացրած մասնակիցների ինքնությունը:
Հոդված 41. Էլեկտրոնային աճուրդի ամփոփումը
1. Էլեկտրոնային աճուրդը ամփոփվում (փակվում) է հետեւյալ պայմաններից մեկի, կամ դրանց համատեղ առկայության դեպքում`
1) հրավերում նշված կոնկրետ պահի.
2) սպառվել է աճուրդին մասնակցելու` հրավերում նշված աճուրդի փուլերի քանակը.
3) նոր գներ եւ (կամ) ոչ գնային առաջարկներ այլեւս չեն ներկայացվել: Այդ դեպքում աճուրդին մասնակցելու հրավերում պատվիրատուն նշում է վերջին առաջարկությունը ստանալուց մինչեւ էլեկտրոնային աճուրդի փակումն ընկած թույլատրելի ժամանակը:
2. Պատվիրատուն, սույն օրենքով սահմանված կարգով, պայմանագիրը կնքում է էլեկտրոնային աճուրդի արդյունքների հիման վրա` լավագույն առաջարկ ներկայացրած մասնակցի հետ:
ԲԱԺԻՆ 5
ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 42. Խորհրդատուների կարճ ցուցակը
1. Խորհրդատվական ծառայությունների ձեռքբերումն իրականացվում է բաց կամ սահմանափակ ընթացակարգով` սույն օրենքով նախատեսված կարգով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
2. Խորհրդատվական ծառայության բաց կամ սահմանափակ ընթացակարգով գնման դեպքում, խորհրդատուների կարճ ցուցակ կազմելու նպատակով սույն օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգի համաձայն կազմակերպվում է նախաորակավորման ընթացակարգ: Գնման գործընթացին հետագա մասնակցության իրավունք են ստանում նախաորակավորումն անցած մասնակիցները:
Հոդված 43. Ընտրված խորհրդատուի որոշման կարգը
1. Ընտրված խորհրդատուն որոշվում է ներկայացված հայտերից` հրավերով նախատեսված.
1) ոչ գնային պայմաններով առավել բարձր գնահատված, կամ
2) ոչ գնային նվազագույն պայմաններին համապատասխանող գնահատված եւ ամենացածր գին առաջարկած, կամ
3) առավելագույն` ֆիքսված գնի սահմաններում ոչ գնային պայմաններով առավել բարձր գնահատված առաջարկի ընտրության մեթոդով:
2. Ընտրված խորհրդատուն կարող է որոշվել նաեւ այն խորհրդատուին ընտրելու մեթոդով, որի առաջարկած գնին եւ աշխատանքային փորձին, աշխատակազմին, ծառայության մատուցման առաջարկվող կարգին եւ (կամ) հրավերով սահմանված ոչ գնային այլ պայմանին (պայմաններին) հրավերով սահմանված կարգով տրված գործակիցների հանրագումարը ամենաբարձրն է:
3. Խորհրդատուի ընտրության կարգը, այդ թվում` սույն հոդվածով նախատեսված` խորհրդատուի ընտրության մեթոդի կիրառման պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 44. Բանակցություններ
Ընտրված խորհրդատուի հետ կարող են վարվել բանակցություններ գնման պայմանագրի նախագծի դրույթների վերաբերյալ, սակայն դրանք չեն կարող հանգեցնել գնման առարկայի բնութագրերի փոփոխմանը: Սույն օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված կարգով ընտրված խորհրդատուի հետ վարվող բանակցությունները կարող են հանգեցնել առաջարկված գնի նվազեցմանը եւ/կամ վճարման պայմանների փոփոխմանը:
ԲԱԺԻՆ 6.
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
Հոդված 45. Բողոքարկելու իրավունքը
1. Յուրաքանչյուր անձ, իրավունք ունի բողոքարկել պատվիրատուի, գնահատող հանձնաժողովի եւ գնումների բողոքարկման խորհրդի գործողությունները (անգործությունը) եւ որոշումները:
2. Գնումների, այդ թվում բողոքարկումների հետ կապված հարաբերությունները վարչական հարաբերություններ չեն եւ դրանք կարգավորվում են Հայաստանի Հանարապետության քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորող օրենսդրությամբ:
3. Յուրաքանչյուր անձ իրավունք ունի սույն օրենքի համաձայն`
1) նախքան պայմանագրի կնքումը` արտադատական կարգով, բողոքարկել պատվիրատուի եւ գնահատող հանձնաժողովի որոշումները գնումների բողոքարկման խորհուրդին.
2) դատական կարգով բողոքարկել գնումների բողոքարկման խորհրդի, պատվիրատուի եւ գնահատող հանձնաժողովի որոշումները:
4. Յուրաքանչյուր անձ, որը շահագրգռված է կոնկրետ գործարքի կնքման հարցում եւ, որը վնասներ է կրել պատվիրատուի, գնահատող հանձնաժողովի կամ գնումների բողոքարկման խորհրդի կողմից կատարած խախտման հետեւանքով, իրավունք ունի դատական կարգով պահանջել վնասների փոխհատուցում:
Հոդված 46. Գնումների բողոքարկման խորհուրդը
1. Գնումների բողոքարկման խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) անդամների ցուցակը հրապարակում է Լիազոր մարմինը: Խորհրդի անդամները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են: Խորհրդի անդամները`
1) չպետք է դատապարտված լինեն տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է,
2) պետք է ունենան գնումների մասին Հայսատանի Հանրապետության օրենսդրության իմացության բավարար մակարդակ, ինչը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Խորհրդի անդամները բողոքներն ուսումնասիրում են պատշաճ մանրամասնությամբ եւ անաչառորեն: Խորհուրդը եւ խորհրդի անդամները սույն օրենքով նախատեսված լիազորություններն իրականացնելիս անկախ են գնման գործընթացի մասնակիցներից, այդ թվում պատվիրատուներից, ինչպես նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից ու պաշտոնյաներից: Բողոքի քննության ժամանակ նրանք չեն հանդիսանում քննվող գործի որեւէ մասնակից կամ իրենց թեկնածությունը առաջադրած կազմակերպության ներկայացուցիչ եւ պարտավոր են բացառապես ղեկավարվել օրենքով եւ կիրառել այն:
3. Խորհրդի կազմում ընդգրկվում են մեկական ներկայացուցիչ`
1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պետական կառավարման մարմիններից.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքային համայնքներից,
3) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից,
4) Հայաստանի Հանրապետությունում գրանցված եւ Լիազոր մարմնին գրավոր դիմում ներկայացրած հասարակական կազմակերպություններից (միավորումներից):
4. Անձիք ընդգրկվում են խորհրդի կազմում 5 տարի ժամկետով: Խորհրդի անդամի լիազորությունները կարող են երկարացվել մինչեւ 5 տարով` խորհրդի կազմում ընգդրկման նույն կարգով:
5. Խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են`
1) խորհդրի անդամի դիմումի համաձայն.
2) խորհդրի անդամի դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.
3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում.
4) կանխամտածված հանցագործության համար խորհդրի անդամի դեմ կայացված դատական վճիռի դեպքում.
5) խորհդրի անդամի մահվան դեպքում.
6) դատավորի, դատախազի, դատավորի կամ դատախազի օգնականի պաշտոն ստանձնելու դեպքում.
7) խորհդրի անդամի կողմից սեփական պարտականությունների կոպիտ խախտման դեպքում: Խախտումը համարվում է կոպիտ, եթե խորհդրի անդամի դեմ կայացված է դատական վճիռ: Կոպիտ խախտումը մասնավորապես նշանակում է`
ա. խորհդրի անդամի պարտականությունների խտրական իրականացումը, այդ թվում բողոքարկման գործերում բողոքարկման մասնակիցների շահերի միակողմանի
պաշտպանությունը,
բ. կամ այնպիսի գործերին չմասնակցելու դիմում չներկայացնելը, որոնց հանգմանքներն անհնար են դարձնում խորհրդի անդամի կողմից իր պարտականությունների իրականացումը:
Հոդված 47. Խորհուրդի գործունեությունը
1. Ստացված յուրաքանչյուր բողոքը քննելու համար խոհրդի անդամներից ձեւավորվում է երեք անձից բաղկացած հանձնաժողով: Յուրաքանրյուր դեպքում հանձնաժողովի կազմի ընտրությունը կատարվում է ռոտացիոն ձեւով` պատահական ընտրությամբ:
2. Հանձնաժողովի նախագահը որակավորված իրավաբան է, որը պետք է ունենա առնվազն 5 տարվա մասնագիտական գործունեության փորձ: Հանձնաժողովի անդամները պետք է ունենան բարձրագույն կրթություն եւ առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ:
3. Հանձնաժողովը քննում է բողոքը եւ Խորհրդի անունից որոշում ընդունում` ղեկավարվելով սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են անդամների ձայների մեծամասնությամբ, ընդ որում` դրա բոլոր անդամները, այդ թվում` նախագահը, ունեն մեկ ձայնի իրավունք: Առանձին ընթացակարգի առնչությամբ շահերի բախում ունեցող խորհրդի անդամները ինքնաբացարկ են հայտնում տվյալ ընթացակարգից, հակառակ դեպքում` նրանց բացարկ է հայտնում հանձնաժողովի նախագահը: Եթե առանձին ընթացակարգի առնչությամբ շահերի բախում ունի հանձնաժողովի նախագահը, ապա նա բացառում է իր մասնակցությունը տվյալ ընթացակարգին եւ տվյալ ընթացակարգում իրեն փոխարինում է խորհրդի մեկ այլ անդամ: Հանձնաժողովի անդամները ստորագրում են շահերի բախման բացակայության մասին հայտարարություն:
4. Հանձնաժողովի անդամները ստանում են համարժեք փոխահատուցում` վարձատրվում են, որի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Սույն օրենքի հիման վրա եւ դրա պահանջների կատարման նպատակով Խորհուրդը հաստատում է իր գործունեության կարգը` անդամների ձայների մեծամասնությամբ:
Հոդված 48. Խորհուրդ բողոքարկելու կարգը
1. Խորհրդին բողոքը ներկայացվում է գրավոր, ստորագրված` դրանում ներառելով`
1) բողոքը ներկայացրած անձի անունը (անվանումը) եւ հասցեն,
2) պատվիրատուի անվանումը եւ հասցեն,
3) բողոքարկվող գնման ընթացակարգի ծածկագիրը եւ առարկան,
4) վեճի առարկան եւ բողոքը ներկայացրած անձի պահանջը,
5) բողոքի փաստային եւ իրավական հիմքերը, ապացույցները,
6) բողոքարկման վճարը կատարած լինելը հիմնավորաղ փաստաթղթի պատճենը,
7) այլ անհրաժեշտ տեղեկություններ:
2. Եթե բողոքը ներկայացրած անձը բողոքարկում է պայմանագիր կնքելու որոշումը, ապա բողոքը կարող է ներկայացվել միայն սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված անգործության ժամանակահատվածում:
3. Եթե բողոքը չի բավարարում սույն հոդվածի պահանջներին, ապա գնումների աջակցման կենտրոնը` խորհրդի անունից, այդ մասին տեղեկացնում է բողոքը ներկայացրած անձին` նրան տալով արձանագրված թերությունները վերացնելու հինգօրյա ժամկետում:
4. Բողոքի վերաբերյալ որոշումները կայացվում են այնպիսի ընթացակարգով, որի համաձայն բողոքը ներկայացրած անձը, պատվիրատուն եւ ներգրավված բոլոր կողմերն իրավունք ունեն ներկա գտնվել խորհրդի նիստերին եւ ներկայացնել իրենց տեսակետները:
5. Բողոքի վերաբերյալ գրավոր որոշումը, որը ներառում է նաեւ որոշման հիմնավորումը, ընդունվում եւ հրապարակվում է բողոքը ստանալու օրվանից ոչ ուշ, քան քսան օրացուցային օրվա ընթացքում: Խորհրդի որոշումն իրավապարտադիր է:
6. Խորհուրդն իրավունք ունի ընդունել հետեւյալ որոշումները`
1) որպես միջանկյալ ընթացակարգ` կիրառել ժամանակավոր միջոցներ, որոնք ուղղված են ներկայացված խախտման վերացմանը կամ առնչվող շահերին հասցվելիք հետագա վնասների կանխմանը, այդ թվում` գնումների ընթացակարգը կամ պատվիրատուի, գնահատող հանձնաժողովի կայացրած որեւէ որոշման իրականացումը կասեցնելու ուղղված միջոցներ.
2) դադարեցնել գնումների ընթացակարգի ընթացքում պատվիրատուի կամ գնահատող հանձնաժողովի կողմից կայացված առանձին որոշումներ, այդ թվում` սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված անգործության ժամանակահատվածում, պայմանագիր կնքելու մասին որոշումը.
3) չեղյալ հայտարարել կնքված պայմանագիրը`
ա. եթե պատվիրատուն պայմանագիրը կնքել է առանց սույն օրենքի պահանջների համաձայն պայմանագրի մասին ծանուցում հրապարակելու.
բ. սույն օրենքի 9-րդ հոդվածի կամ 49-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները խախտելու դեպքում, եթե նման խախտումը զրկել է շահագրգիռ մասնակցին նախքան պայմանագրի կնքումն իրավական պաշտպանության միջոցների դիմելու հնարավորությունից եւ, եթե նման խախտումը համադրված է պետական գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ պահանջների խախտման հետ եւ, եթե վերջին խախտումն ազդել է պայմանագիր կնքելու շահագրգիռ մասնակցի հնարավորությունների վրա.
4) եթե, սույն հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակառակ, հանձնաժողովը, բոլոր համապատասխան փաստերը քննելուց հետո գտնում է, որ ընդհանուր գերակա շահերը պահանջում են ուժի մեջ թողնել պայմանագիրը, ապա այն կիրառում է այլընտրանքային պատժամիջոցներ, որոնք են`
ա. պայմանագրի կատարման սահմանափակումը` դրա կատարման ժամկետը կրճատելու միջոցով, եւ (կամ)
բ. պատվիրատուի հանդեպ պայմանագրի գնի առավելագույնը տաս տոկոսի չափով տուժանքի կիրառում,
5) բոլոր այն դեպքերում, երբ սույն հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով նախատեսված չեղյալ հայտարարելու պատժամիջոցը չի կարող ունենալ հետադարձ ուժ, քանի որ անհնար է վերացնել կատարված պայմանագրային պարտավորությունները, հանձնաժողովը, ի հավելումն, կիրառում է սույն հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետի "ա" պարբերությամբ նախատեսված պատժամիջոցը.
6) հայտարարել պատվիրատուի գնումների ընթացակարգի օրինական կամ ապօրինի լինելու մասին` պայմանագիրը կնքելուց հետո: Նման որոշումը հիմք է հանդիսանում դատական կարգով ներկայացվելիք վնասի փոխհատուցման հայցի համար.
7) որոշում կայացնել մասնակցին գնումների գործարար էթիկայի կանոնները խախտած մասնակիցների ցանկում ներառելու մասին:
7. Գնումների բողոքարկման խորհիդի կողմից բողոքը բավարարվելու դեպքում պատվիրատուն պատասխանատվություն է կրում բողոքը ներկայացրած անձին պատճառված եւ սահմանված կարգով հիմնավորված վնասի հատուցման համար:
8. Բողոքի բանավոր քննությունը բաց է հանրության համար եւ բողոքը ստանալու օրվան հաջորդող երեք օրացուցային օրվա ընթացքում այդ մասին հայտարարություն է հրապարակվում տեղեկագրում: Պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող գնումների գործընթացների վերաբերյալ ներկայացված բողոքների դեպքում հայտարարությունը ուղարկվում է բոլոր հնարավոր մասնակիցներին:
9. Յուրաքանչյուր անձ, որի շահերը խախտվել են կամ կարող են խախտվել բողոքարկման հիմք ծառայած գործողությունների արդյունքում, իրավունք ունի մասնակցել բողոքարկման ընթացակարգին, մինչեւ բողոքի վերաբերյալ որոշում ընդունելու ժամկետը, գնումների բողոքարկման խորհուրդ ներկայացնելով համանման բողոք: Սույն հոդվածի համաձայն բողոքարկման ընթացակարգին չմասնակցած անձը զրկվում է գնումների բողոքարկման խորհուրդ համանման բողոք ներկայացնելու իրավունքից:
10. Գնումների բողոքարկման խորհրդի որոշումն, այն կայացնելու օրվանից հինգ օրացուցային օրվա ընթացքում, հրապարակվում է տեղեկագրում եւ ուղարկվում է պատվիրատուին, լիազոր մարմնին ու բողոքարկման ընթացակարգում ներգրավված կողմերին:
11. Խորհրդին բողոքարկման ընթացակարգի համար գանձվում է վճար` վիճարկվող գործարքի գնի` բողոքը ներկայացրած մասնակցի գնային առաջարկի կես տոկոսին համարժեք գումարի չափով, որը սակայն չպետք է գերազանցի գնումների բազային միավորի մեկ տասներրոդը: Եթե վիճարկվող գործարքի գինը անհայտ է` չի հայտարարվել, վճարի չափը կազմում է գնումների բազային միավորի մեկ տասներրոդ մասը: Վճարը փոխանցվում է Գնումների աջակցման կենտրոնի համապատասխան հաշվին:
Հոդված 49. Գնումների ընթացակարգի կասեցումը
1. Բողոքը ինքնաբերաբար չի կասեցնում պայմանագրի կնքման ընթացակարգը: Խորհուրդը պետք է կայացնի բողոքը ներկայացրած անձի պահանջած ժամանակավոր միջոցը կիրառելու մասին որոշում, եթե նման միջոցը պատշաճ եւ անհրաժեշտ է ակնկալվող վնասը մինչեւ բողոքի վերաբերյալ վերջնական որաշման կայացումը կանխելու համար:
2. Խորհուրդը պետք է հաշվի առնի ժամանակավոր միջոցի հնարավոր հետեւանքները բոլոր այն շահերի, այդ թվում` հանրային շահի համար, որոնք հավանաբար կրելու են վնասներ, եւ կարող է կայացնել նման միջոցներ չկիրառելու մասին որոշում, եթե դրանց բացասական հետեւանքները կարող են գերազանցել դրանց օգուտը: Ժամանակավոր միջոցներ չկիրառելու մասին որոշումը չի կարող ազդել նման միջոցների դիմաց անձի որեւէ այլ հայցի վրա:
3. Քանի դեռ խորհորդը պայմանագրի կնքման ընթացակարգը կասեցնելու վերաբերյալ որոշում չի կայացրել, պատվիրատուն, որեւէ պարագայում, մինչեւ խորհրդի համապատասխան որոշման կայացումը իրավունք չունի պայմանագիր կնքել:
ԲԱԺԻՆ 7
ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 50. Հանրային կազմակերպությունների գնումների ընդհանուր առանձնահատկությունները
1. Հանրային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող գնումների`
1) հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ կազմակերպությունների կողմից հաստատված գնումների կատարման կարգերով.
2) կատարման կարգերը, գնման գործընթացների կազմակերպման մասին հայտարարությունները, հրավերները, գնումների բազային միավորը գերազանցող` կնքված պայմանագրերի մասին հայտարարությունները հրապարակվում են նաեւ տեղեկագրում.
3) արտադատական կարգով բողոքարկումն իրականացվում է սույն օրենքի 6-րդ բաժնով սահմանված կարգով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գնումների կատարման կարգերը չեն կարող հակասել սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված նպատակներին եւ սկզբունքներին, իսկ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատած ցանկում ընդգրկված հանրային կազմակերպությունների դեպքում` նաեւ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված լրացուցիչ պահանջներին, որոնց կատարման նկատմամբ վերջինս իր սահմանած կարգով իրականացնում է դիտարկումներ (մոնիթորինգ):
Հոդված 51. Հանրային կազմակերպությունների գնումների հատուկ բացառությունները
1. Սույն օրենքի դրույթները չեն կիրառվում այն դեպքերում, երբ հանրային կազմակերպությունը նպատակ ունի ձեռք բերել`
1) ապրանքներ, որոնք վերավաճառվելու, կամ վարձակալությամբ են տրամադրվելու երրորդ կողմի` պայմանով որ տվյալ կազմակերպությունը չունի նման պայմանագրերի առարկան վաճառելու կամ վարձակալությամբ տրամադրելու հատուկ կամ բացառիկ իրավունք, իսկ այլ կազմակերպություններ կարող են տվյալ կազմակերպության հետ նույն պայմաններով ազատ իրացնել/վաճառել կամ վարձակալությամբ տրամադրել նմանօրինակ ապրանքներ.
2) ապրանքներ, ծառայություններ կամ աշխատանքներ` երրորդ երկրում համապատասխան գործունեություն իրականացնելու նպատակով եւ այնպիսի պայմաններով, որոնք չեն ենթադրում Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց շահագործում.
3) ապրանքներ, ծառայություններ կամ աշխատանքներ` համապատասխան գործունեությունից տարբերվող գործունեություն իրականացնելու համար: Այն դեպքերում, երբ պայմանագիրը ներառում է գործունեության տարբեր տեսակներ եւ դրանցից առնվազն մեկը հանդիսանում է համապատասխան գործունեություն, սակայն օբյեկտիվորեն հնարավոր չէ որոշել, թե գործունեության որ տեսակի համար է հիմնականում նախատեսված պայմանագիրը` գնումներն իրականացվում են սույն օրենքի դրույթների համաձայն:
2. Հանրային կազմակերպությունների գնումների` սույն օրենքով չնախատեսված հատուկ այլ բացառությունները, ներառյալ այլ դեպքերը, որոնց վրա չի տարծվում սույն օրենքը, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտի հանրային կազմակերպությունների դեպքում գնումների հատուկ բացառությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորվող հանձնաժողովը:
Հոդված 52. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գնումների կատարման առանձնահատկություննեը
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գնումների կատարման դեպքում սույն`
1) օրենքի դրույթները չեն գործում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործառնական ծախսերի շրջանակներում գնումներ կատարելու դեպքերում.
2) օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւ լիազոր մարմնին վերապահված լիազորություններն ու գործառույթները իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը.
3) օրենքի համաձայն հրապարակման ենթակա տեղեկությունների հրապարակման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը:
4) օրենքը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հիմնադրած կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասնակցությամբ կազմակերպությունների գնումների վրա:
5) օրենքով նախատեսված`
1. գնումների աջակցման կենտրոնին ներկայացվող, ինչպես նաեւ սույն օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պահանջները չեն գործում:
2. արտադատական կարգով բողոքարկումն իրականացվում է սույն օրենքի 6-րդ բաժնով սահմանված կարգով:
3. գնումների աջակցման կենտրոնը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին ծառայություններ մատուցում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում:
Հոդված 53. Պետական կամ համայնքային ոչ առեւտրային եւ պետության կամ համայնքների հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների գնումների կատարման առանձնահատկությունները
Պետական կամ համայնքային ոչ առեւտրային եւ պետության կամ համայնքների հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների գնումների կատարման դեպքում սույն օրենքով նախատեսված նորմերը չեն գործում, եթե Հայաստանի Հանրապետության օրենքներով այլ բան է նախատեսված:
ԲԱԺԻՆ 8
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 54. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից:
Հոդված 55. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքի պահանջները չեն տարածվում մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած եւ չդադարած, ինչպես նաեւ կնքված եւ գործող գնման գոծարքների վրա, եթե այդ գործարքները չեն համապատասխանեցվել սույն օրենքի պահանջներին, իսկ դրանց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գործարքների կատարման պահին գործող իրավական ակտերով:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել "Գնումների մասին" Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-160-Ն օրենքը:
3. "Գնումների մասին" Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-160-Ն օրենքի համաձայն կամ ի կատարումն դրա ընդունված նորմատիվ իրավական ակտերը եւ իրավական նորմերը շարունակում են գործել այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին:
4. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներն ուժի մեջ են մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
Հոդված 56. Եզրափակիչ դրույթներ
1. Եթե սույն օրենքով նախատեսված ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվան, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը:
2. Սույն օրենքով իմաստով շահերի բախման դեպքերը, ներառյալ խորհրդատվական ծառայությունների մասով սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Սույն օրենով նախատեսված գնումների հայտարարությունները`
1) տեղեկագրում հրապարակելուց բացի, պատվիրատուն, մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը, հրապարակում է նաեւ տպագիր մամուլում,
2) լիազոր մարմինը հրապարակված հայտարարությունների մասին տեղեկությունները հրապարակում (գովազդում) է զանգվածային լրատվության միջոցներով:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ իշխանությունների կողմից գնումների բնագավառում մինչեւ 2010 թվականը իրականացված աշխատանքները հիմնականում ուղղված են եղել այդ ոլորտում համապատասխան իրավական դաշտի եւ ենթակառուցվածքների ձեւավորմանը:
Թեեւ գնումների համակարգի ներդրված մոդելը, հեղինակավոր տարբեր կազմակերպությունների կողմից, բնորոշվում է միջազգային չափանիշներին հիմնականում համապատասխանող, սակայն գործնականում համակարգը բավարար չափով արդյունավետ չի գործում եւ ՀՀ կառավարության համար ներկայումս տեսանելի են հետեւյալ հիմնախնդիրները.
- Գնագոյացման մեխանիզմների անկատարությունը,
- Հակամրցակցային համաձայնությունները,
- Միջնորդավորված գնումները,
- Գնումների ոչ համարժեք պլանավորման պրակտիկան,
- Կարողությունների ցածր աստճանը,
- Պայմանագրերի կառավարման եւ որակի հսկողության թերի համակարգը,
- Ավտոմատացման ցածր աստիճանը եւ գործառնական բարձր ծախսերը:
Թվարկված երեւույթները խնդրահարույց են հետեւյալ առումներով`
- գնման պայմանագրերով նախատեսվող գները երբեմն տարբերվում են համանման գնումների համար ձեւավորված միջին շուկայական գներից:
- առանձին դեպքերում գնումների գործընթացի մասնակիցները գալիս են հակամրցակցային համաձայնության: Որպես հետեւանք, հատկապես սահմանափակ մրցակցային շուկաներում գործող կազմակերպություններից գնումներ կատարելիս, մրցույթին հայտ է ներկայացնում մեկ մասնակից: Արդյունքում` իրական մրցակցությունը տեղի է ունենում ոչ թե մրցույթի ժամանակ, այլ` արտամրցութային պայմաններում:
- հիմնականում ապրանքների գնման ժամանակ, որպես կանոն, մրցույթների մասնակիցները հանդիսանում են միջնորդներ, այլ ոչ թե տվյալ ապրանքի ներկրող կամ արտադրող: Առանձնապես ցածր է պետական գնումներին «խոշոր» գործարարների, այդ թվում գերիշխող դիրք ունեցող, ինչպես նաեւ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների մասնակցության մակարդակը: Վերջինս հանգեցնում է գնումների միջնորդավորված ձեւով իրականացմանը` գնումների թանկացմանը:
- գնումների պլանավորման գործընթացը մասնակի է նորմավորված եւ իրավական առումով կարգավորված: Դրա արդյունքում տարբեր մարմինների միանման կարիքները բավարարելու համար, առանձին դեպքերում, կատարվում են իրարից էականորեն տարբերվող գնումներ: Մտահոգող է նաեւ գնումների ֆինանսական եւ բովանդակային առումներով հիմնավորվածության գնահատման համակարգի անկատարությունը:
- պայմանագրերի կառավարման եւ որակի նկատմամբ ոչ պատշաճ հսկողություն իրականացնելու արդյունքում առանձին դեպքերում չեն ստացվում այն արդյունքները, որոնք նախատեսված են պայմանագրով: Արդյունքում պետության կարիքները լիարժեքորեն չեն բավարարվում եւ աճում են կոռուպցիոն ռիսկերը, ինչը հանգեցնում է նաեւ բյուջետային միջոցների անարդյունավետ օգտագործմանը:
- գնման գործընթացի առանձնապես բարդ եւ փաստաթղթավորված լինելը հանգեցնում է պետական գնումների գրավչության աստիճանի նվազեցմանը եւ բարձր գործառնական ծախսերի: Դրա արդյունքում նվազում է մրցակցությունը եւ թանկանում են գնումները:
Գնումների գործող հաքմակարգը բարելավելու, եւ մասնավորապես տեսանելի հիմնախնդիրները կարգավորելու նպատակով, ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է եղել գործող համակարգի վերափոխմանը, որի հիմքում դրվել են հետեւյալ հիմնական նպատակները`
- իրավական դաշտի կատարելագործում,
- ինստիտուցիոնալ վերափոխումների իրականացում,
- գնումների գործընթացի հնարավորինս ավտոմատացում` էլեկտրոնային գնումների համակարգի ներդրում,
- բացառապես շուկայական մեխանիզմներով գնագոյացման ապահովում,
- հակամրցակցային համաձայնությունների բացահայտման ու կանխարգելման համակարգի ներդրում,
- միջնորդավորված գնումների սահմանափակում,
- գնումների պլանավորման միասնական եւ ամբողջությամբ կանոնակարգված համակարգի ներդրում,
- պետական գնումների գործակալության, պետական եւ ձեռնարկատիրական հատվածի գնումների մասնագետների կարողություններ զարգացում,
- պայմանագրերի կառավարման եւ որակի հսկողության համակարգի ներդրում:
Վերը նշված նպատակները իրագործելու համար բավարար իրավական հիմքեր ձեւավոեւրելու, ինչպես նաեւ Հայաստանի գնումների համակարգը Եվրոմիության լավագույն փորձին համապատասխանեցնելու նպատակով ՀՀ կառավարության կողմից մշակվել է «Գնումների մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը (այսուհտ` Նախագիծ):
Նախագիծն ուղղված է գործող իրավական դաշտի կատարելագործմանը, որը ենթադրում է գնումների հետ կապված հարաբերությունների համարժեք իրավական կարագավորում եւ գնումների մասին ՀՀ օրենսդրության լիարժեք համապատասխանություն միջազգային լավագույն չափանիշներին: Այս կապակցությամբ Նախագծի մշակման ժամանակ առանձնապես կարեւորվել է համագործակցությունը համապատասխան`
- միջազգային կազմակերպությունների, մասնավորապես Եվրոմիության, Առեւտրի Համաշխարհային Կազմակերպության եւ Համաշխարհային Բանկի հետ, եւ
- հասարակական կազմակերպությունների եւ միավորումների հետ:
Օրենքի նախագծման աշխատանքներում ՀՀ կառավարությունը հիմնականում հիմնվել է Հայաստանի պետական գնումների համակարգի գնահատման շրջանակում Եվրոմիության SIGMA ծրագրի եւ Համաշխարհային Բանկի կողմից կազմված համապատասխան հաշվետվությունների, ինչպես նաեւ Առեւտրի Համաշխարհային Կազմակերպության գնումների համաձանագրի դրույթների վրա: Նշված փաստաթղթերը հրապարակված են ՀՀ ֆինանսների նախարարության www.gnumner.am կայքում:
Պետք է նշել, որ ԱՀԿ գնումների համաձայնագրին Հայաստանի անդամակցությունը ներառված է ԵՄ-Հայաստան Եվրոպական հարեւանության ծրագրով` ինչը պետք է ապահովվի 2010 թվականի ընթացքում: Նախագծի ընդունմամբ կապահովվի նաեւ ՀՀ օրենսդրության համապատասխանությունը նշված համաձայնագրի դրույթներին:
Նախագծով նախատեսվում են գնումների համակարգի ինստիտուցիոնալ վերափոխումներ, որոնց նպատակը գնումների համակարգի ընդգրկման շրջանակի հստակեցումն է, ինչպես նաեւ գնումների գործընթացի կարգավորման եւ կազմակերպման գործում ներգրավված պետական մարմինների իրավունքների ու պարտականությունների հավասարակշռումն է: մասնավորապես`
- «Գնումների մասին» ՀՀ օրենքի կարգավորման դաշտում են ներառվում նաեւ հանրային, այդ թվում նաեւ բնական մենաշնորհ հանդիսացող ծառայություններ մատուցող կազմակերպությունների կարիքների համար իրականացվող գնումների գործընթացները, անկախ այդ կազմակերպությունների բաժնեմասում պետության մասնակցության չափից:
Այս պայմանը չի ենթադրում այդ կազմակերպությունների ձեռնարկատիրական գործունեությունը ինքնուրույն կազմակերպելու սահմանափակում կամ, որեւէ կերպ վերջիններիս կառավարմանը ու գործունեությանը միջամտում:
- Տարանջատվում եւ հստակեցվում են գնումների գործընթացի կարգավորման եւ բողոքարկման` լիազոր մարմնի ներկայիս իրավասությունները: Ստեղծվում է «Գնումների բողոքարկման խորհուրդ» եւ լիազոր մարմնի ղեկավարի` բողոքների հետ կապված որոշում ընդունելու ներկայիս իրավասությունը վերապահվում է այդ խորհրդին: Խորհուրդը անկախ է գնումների գործընթացում ներգրավված պետական եւ տեղական, այդ թվում գործադիր եւ տեղական իշխանության մարմիններից ու պաշտոնյաներից:
- Գնումների համակարգը ամբողջությամբ ապակենտրոնացվում է: Վերանայվում են Պետական գնումների գործակալության մրցույթների գործընթացների կազմակերպման եւ գործակալության կողմից գնման պայմանագրերը կնքելու ներկայիս լիազորությունները: Պետական գնումների գործակալությունը վերափոխվում է Պետական գնումների աջակցման կենտրոնի, որը որեւէ ուղղակի մասնակցություն չի ունենա գնման որեւէ կոնկրետ գործընթացում: Գնումների գործընթացների կազմակերպման եւ որոշումների կայացման համար ամբողջությամբ պատասխանատու կլինեն այն մարմինները որոնց կարիքների համար կատարվում են գնումները:
Նախագծով նախատեսվում են համապատասխան դրույթներ էլեկտորնային գնումների համակարգի ներդրման համար: Հմակարգի ներդրումը նախատեսվում է մեկնարկել 2011 թվականից:
Էլեկտրոնային գնումների համակարգի ներդրումը ենթադրում է գնումների գործընթացի հնարավորինս ավտոմատացում, ինչը պարունակում է պետական ծախսերի կառավարման արդյունավետությանը նպաստելու իրական ներուժ: Նոր տեխնոլոգիան կարող է զգալիորեն բարելավել պետական գնումների կառավարումն ու արդյունավետությունը եւ արդիականացնել պետական վարչարարությունը: Այս տեխնոլոգիան հնարավորություն ունի խորացնել Հայաստանում գնումների բարեփոխումները եւ անել դա առավել համապարփակ, քան այլ միջոցները: Սակայն տեխնոլոգիայի կիրառումը` որպես այդպիսին, բարեփոխում չի հանդիսանում եւ չի կարող հաջողել գնումների կազմակերպման, ընթացքների եւ օժանդակ փորձի հարցերում այլ փոփոխություններից մեկուսացված այս խնդիրները ինքնուրույն հասցեագրելու հարցում:
էլեկտրոնային գնումների համակարգի ներդրման հնարավորություն ընձեռելուն զուգահեռ, Նախագծով նախատեսվում են դրույթներ գնման գործընթացները պարզեցնելու, փաստաթղթաշրջանառության ծավալները եւ գործընթացի գործառնական ծախսերը նվազեցնելու նպատակով:
Նախագծով դրույթներ են նախատեսվում գնագոյացման մեխանիզմների բարելավման համար, որոնց հիմքում դրվել են հետեւյալ հիմնական սկզբունքները`
- բացառել կոնկրետ անձի կողմից երկարաժամկետ հատվածում պետության կարիքների համար երաշխավորված ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը եւ ծառայությունների մատուցումը, եւ համապատասխան որակավորում ունեցող անձանց եւս հնարավորություն տալ ցանկացած պահի դրությամբ մասնակցել գնման գործընթացներին,
- խթանել մրցակցությունը տնտեսվարող սուբյեկտների միջեւ, ինչը հնարավորություն կտա պետության կարիքները բավարարել որոշակի պահին մասնակիցների առաջարկած նվազագույն գնով:
Նախագծով նախատեսվել են առանձին դրույթներ հակամրցակցային երեւույթները բացահայտելու եւ կանխարգերլու, ինչպես նաեւ մրցակցությունը խրախուսելու համար:
Հակամրցակցային համաձայնությունների բացահայտման ու կանխարգելման համակարգի ներդրումը նախ եւ առաջ ենթադրում է գնումների բնագավառում կոռուպցիոն ռիսկերի նվազեցում եւ արդար մրցակցության ապահովումը:
Միաժամանակ, նախագծով համապատասխան դրույթներ են նախատեսվել գնումների պլանավորման, պայմանագրերի կառավարման եւ որակի նկատմամբ հսկողության համակարգերը բարելավելու, ինչպես նաեւ ընդհանրապես գնումների գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:
Նախագծով նախատեսվում է նաեւ, որ դրա ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած կճանաչվի «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-160-Ն օրենքը: