ԳԼՈւԽ 1
ԸՆԴՀԱՆՈւՐ ԴՐՈւՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում աղբահանության եւ սանիտարական մաքրման հետ կապված հարաբերությունները, սահմանում է աղբահանության եւ սանիտարական մաքրման հիմնական սկզբունքները, աղբահանության վճարը, դրա դրույքաչափերը, վճարողների շրջանակը, նրանց իրավունքները եւ պարտականությունները, վճարման կարգը, պատասխանատվությունը չվճարելու համար, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման կարգը` աղբահանության եւ սանիտարական մաքրման կազմակերպման բնագավառներում:
Հոդված 2. Աղբահանության եւ սանիտարական մաքրման կազմակերպման իրավական կարգավորումը
Աղբահանության եւ սանիտարական մաքրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» եւ «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ իրավական այլ ակտերով:
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները`
1) աղբահանություն` բնակավայրերում գոյացող աղբի եւ/կամ հատուկ աղբի հավաքում, պահում, փոխադրում եւ աղբավայրում տեղադրում,
2) աղբ` «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, թափոնների գործածության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված Հայաստանի Հանրապետության տարածքում գոյացող արտադրության եւ սպառման թափոնների ցանկով նախատեսված կոմունալ թափոնների հետեւյալ տեսակները.
ա) մարդու կենսագործունեության ծագմամբ կոշտ կոմունալ թափոններ, բացառությամբ մշտական եւ ժամանակավոր բնակության վայրերից առաջացած խոշոր եզրաչափերի թափոնների,
բ) արտադրությունում uպառման թափոններ` կոմունալ թափոններին նման, բացառությամբ կազմակերպությունների կենցաղային տարածքներից առաջացած խոշոր եզրաչափերի աղբի եւ շինարարական վերանորոգման աշխատանքների ծագմամբ շինարարական աղբի,
3) հատուկ աղբ` «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, թափոնների գործածության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված Հայաստանի Հանրապետության տարածքում գոյացող արտադրության եւ սպառման թափոնների ցանկով նախատեսված կոմունալ թափոնների հետեւյալ տեսակները.
ա) մարդու կենսագործունեության ծագմամբ մշտական եւ ժամանակավոր բնակության վայրերից առաջացած խոշոր եզրաչափերի թափոններ,
բ) կազմակերպությունների կենցաղային տարածքներից առաջացած խոշոր եզրաչափերի աղբի եւ շինարարական վերանորոգման աշխատանքների ծագմամբ շինարարական աղբ,
4) սանիտարական մաքրում` բնակավայրերի ընդհանուր օգտագործման տարածքների (փողոցներ, այգիներ, պուրակներ, հրապարակներ, բակեր, մայթեր, անցումներ, կամուրջներ, սիզամարգեր, լողափեր եւ նման այլ տարածքներ) մաքրումը աղբից, հատուկ աղբից, տերեւակույտերից, փոշուց, կենդանիների դիակներից եւ փողոցների երթեւեկելի մասերի ջրում-լվացումը, փողոցների եւ մայթերի` ձյունից եւ սառույցից մաքրումը, մայթերին տեղակայված ընդհանուր օգտագործման աղբամանների սպասարկումը,
5) օպերատոր` համայնքին աղբահանության եւ/կամ սանիտարական մաքրման ծառայություններ մատուցող կազմակերպություն (կազմակերպություններ) կամ անհատ ձեռնարկատեր (անհատ ձեռնարկատերեր),
6) անշարժ գույք` սույն օրենքի իմաստով անշարժ գույք են համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածով սահմանված uտորգետնյա եւ վերգետնյա շենքերն ու շինությունները:
2. Այն հասկացությունները, որոնք սահմանված չեն սույն օրենքով, ունեն «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հասկացությունների իմաստը:
Հոդված 4. Աղբահանության եւ սանիտարական մաքրման հիմնական սկզբունքները
Աղբահանության եւ սանիտարական մաքրման հիմնական սկզբունքներն են`
1) մարդու առողջության եւ շրջակա միջավայրի վրա կոմունալ թափոնների բացասական (վտանգավոր) ներգործության նվազեցումը եւ չեզոքացումը,
2) բնակության համար հարմարավետ եւ էկոլոգիապես անվտանգ պայմանների ապահովումը,
3) տարածքների աղտոտման, աղբակույտերի առաջացման անթույլատրելիությունը եւ տարածքների մաքրումը հատուկ աղբից,
4) աղբահանության եւ սանիտարական մաքրման պարտադիր եւ մշտապես իրականացումը սույն օրենքով նախատեսված սանիտարական մաքրման սխեմային համապատասխան,
5) աղբահանության վճարովի լինելը,
6) օգտահանման ենթակա թափոնների տեսակավորման, օգտագործման ու վերամշակման համար պայմանների ստեղծումը եւ աղբավայրերում տեղադրվող թափոնների ծավալների նվազեցումը,
7) աղբահանության եւ սանիտարական մաքրման վերաբերյալ տեղեկատվության մատչելիության եւ հանրային իրազեկվածության ապահովումը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից,
8) աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքների մեքենայացումը,
9) ոլորտում միջհամայնքային համագործակցության զարգացումը,
10) համայնքային բյուջեի հաշվին սանիտարական մաքրման աշխատանքների իրականացումը:
Հոդված 5. Աղբահանության վճարը
Աղբահանության վճարը սույն օրենքով նախատեսված վճարողների կողմից շրջակա միջավայրի պահպանությունն ապահովելու նպատակով սույն օրենքով սահմանված կարգով եւ չափով համայնքի բյուջե կամ` սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` գանձումն օպերատորի ներգրավմամբ իրականացնելու դեպքում, համայնքի բյուջե կամ արտաբյուջետային հաշիվ վճարվող պարտադիր վճար է:
Հոդված 6. Աղբահանության համար վճարողների շրջանակը
1. Աղբահանության համար վճարողներ են հանդիսանում համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի, ինչպես նաեւ անշարժ գույք չհանդիսացող ժամանակավոր կացարանների սեփականատեր ֆիզիկական անձինք (ներառյալ անհատ ձեռնարկատեր), իրավաբանական անձինք, հիմնարկները, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, իսկ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հիմքով քաղաքացու կամ իրավաբանական անձի կողմից տիրապետման դեպքում` վարձակալը, անհատույց օգտագործողը:
2. Աղբահանության վճարի արտոնություններ համայնքի ղեկավարի ներկայացմամբ կարող է սահմանել համայնքի ավագանին` աղբահանության վճար վճարողի փոխարեն համայնքի բյուջեից վճարելով աղբահանության վճարը:
Հոդված 7. Աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքների ֆինանսավորումը
Համայնքի տարածքում իրականացված աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքները ֆինանսավորվում են համայնքի բյուջեից` առանձին ծախսային ծրագրով (ծրագրերով), իսկ սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` գանձումն օպերատորի կամ այլ կազմակերպության (կազմակերպությունների) ներգրավմամբ իրականացնելու դեպքում` համայնքի բյուջեից կամ արտաբյուջետային հաշվից:
Հոդված 8. Աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնողը
Համայնքի ավագանու որոշմամբ աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքները համայնքի բյուջեի միջոցների հաշվին կարող են իրականացվել անմիջականորեն համայնքային հիմնարկների կողմից, կամ համայնքի կարիքների համար գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված օպերատորի կողմից:
ԳԼՈՒԽ 2
ԱՂԲԱՀԱՆՈւԹՅԱՆԸ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 9. Աղբահանության եւ սանիտարական մաքրման կազմակերպմանը ներկայացվող պահանջները
Աղբահանությունը եւ սանիտարական մաքրումը մշտապես եւ պարտադիր իրականացվող գործառույթ է, որն իրականացվում է սահմանված սանիտարա-հիգիենիկ կանոնների պահանջների պահպանմամբ:
Հոդված 10. Աղբի հավաքմանը եւ պահմանը ներկայացվող պահանջները
1. Աղբը (սույն գլխում` նաեւ հատուկ աղբը) հավաքվում եւ պահվում է այդ նպատակով հատուկ հատկացված տեղերում եւ տարողություններում` աղբամաններում, կոնտեյներներում, աղբախցերում` սահմանված սանիտարա-հիգիենիկ կանոնների պահպանմամբ:
2. Բնակավայրերի ընդհանուր օգտագործման տարածքներում առաջացող աղբի համար տեղադրվում են աղբամաններ կամ կոնտեյներներ` սանիտարա-հիգիենիկ կանոններով սահմանված նորմերին համապատասխան:
3. Աղբահանության իրականացման նվազագույն ժամանակացույցը, աղբամանների (կոնտեյներների) տեղադրման վայրերը, դրանց տեսակները եւ քանակը հաստատում է համայնքի ղեկավարը:
4. Արգելվում է աղբը պահել կամ նետել դրա համար չնախատեսված վայրերում:
Հոդված 11. Աղբի փոխադրմանը եւ հեռացմանը ներկայացվող պահանջները
Աղբի փոխադրման եւ հեռացման իրականացումը պետք է կազմակերպվի նվազագույնի հասցնելով շրջակա միջավայրի աղտոտումը:
Հոդված 12. Աղբի տեղադրմանը ներկայացվող պահանջները
1. Աղբը տեղադրվում է օրենսդրությամբ սահմանված կարգով արտոնագրված աղբավայրերում:
2. Աղբավայրերում աղբի տեղադրումը իրականացվում է աղբավայրերի շահագործման եւ սանիտարա-հիգիենիկ կանոնների պահանջների պահպանմամբ:
3. Աղբավայրերում կատարվում է տեղադրված աղբի հաշվառում օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Արգելվում է աղբի տեղադրումը դրա համար չնախատեսված վայրերում:
Հոդված 13. Սանիտարական մաքրման սխեմային (ծրագրին) ներկայացվող պահանջները
1. Սանիտարական մաքրման սխեման (ծրագիրը) պարունակում է հետեւյալ հիմնական տարրերը` համայնքում առաջացող աղբի ծավալների հաշվարկը, սանիտարական մաքրման ենթակա տարածքները, սանիտարական մաքրման աշխատանքների ծավալները, աղբի հավաքման, պահման, փոխադրման, տեղադրման, տեսակավորման եւ վնասազերծման ձեւերն ու մեթոդները, անհրաժեշտ մեքենա-մեխանիզմների քանակը, սանիտարական մաքրման օբյեկտների տեղակայումը:
2. Սանիտարական մաքրման սխեմայով սահմանված պահանջները պարտադիր չեն օպերատորի համար, երբ համաձայն սույն օրենքի 8-րդ հոդվածի սանիտարական մաքրման աշխատանքներն իրականացվում են նրա կողմից:
3. Սանիտարական մաքրման սխեման համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի ավագանին:
ԳԼՈւԽ 3
ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԻՄՔԸ, ԴՐԱ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 14. Աղբահանության վճարի դրույքաչափը
1. Աղբահանության վճար կարող է սահմանվել եւ հաշվարկվել ըստ զանգվածի` մեկ տոննա աղբի համար` առավելագույնը 30000 դրամ, կամ ըստ ծավալի` մեկ խորանարդ մետր աղբի համար` առավելագույնը 10000 դրամ, կամ ըստ հաշվառված անձանց քանակի` համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող յուրաքանչյուր բնակչի համար` առավելագույնը ամսական 1000 դրամ, կամ ըստ անշարժ գույքի բնակելի մակերեսի` անշարժ գույքի գրանցված սեփականատիրոջ (համասեփականատերերի) համար` 1 քմ բնակելի մակերեսի հաշվով` առավելագույնը 100 դրամ:
2. Աղբահանության վճարի հաշվարկման կիրառվող մեթոդները եւ աղբահանության վճարի դրույքաչափերը յուրաքանչյուր համայնքի համար տվյալ համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանվում է համայնքի ավագանու կողմից օրենքով սահմանված կարգով` սույն օրենքով սահմանված դրույքաչափի սահմաններում եւ դրույքաչափի ձեւավորման հետեւյալ սկզբունքների պահպանմամբ`
1) ծառայության արժեքի սահմանում (ներառյալ` գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ եւ հիմնավորված ծախսերը, հիմնական միջոցների մաշվածության փոխհատուցման ապահովումը),
2) ողջամիտ շահույթի ստացման հնարավորության ապահովում,
3) հիմնավորված վարկերի սպասարկման ծախսերի ներառում` օպերատորի ներգրավման դեպքում,
4) աղբահանության վճարի կարգավորման միջոցով մատուցվող ծառայությունների որակի ապահովում` սպառողների վճարունակության համադրմամբ,
5) աղբահանությանը ներկայացվող նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանում,
6) աղբահանության վճարի չափը նվազեցնելու նպատակով համայնքի բյուջեից օպերատորի սուբսիդավորման հնարավորություն,
7) համայնքի տարածքում կուտակված աղբի` օգտահանումից ստացվելիք համայնքի բյուջեի եկամուտները հաշվի առնելը,
8) օրենսդրությամբ նախատեսված` հիմնավորված եւ անհրաժեշտ այլ ծախսերի ներառումը:
3. Աղբի կամ հատուկ աղբի տարբեր տեսակների համար եւ վճարողների տարբեր խմբերի համար կարող են սահմանվել տարբեր դրույքաչափեր:
Հոդված 15. Աղբահանության վճարի հաշվարկման կարգը
1. Աղբահանության վճարի հաշվարկման հաշվետու ժամանակահատված է հանդիսանում օրացուցային ամիսը:
2. Աղբահանության վճարը հաշվարկվում է`
1) բազմաբնակարան շենքի դեպքում`
ա. ըստ առաջացրած աղբի ֆիզիկական մեծության հիմքով սահմանված դրույքաչափի դեպքում մեկ բնակչի համար`
ԱՎ = Դ x Ք կամ Ծ բանաձեւով,
որտեղ` ԱՎ-ն` բազմաբնակարան շենքի մեկ բնակչի կողմից վճարման ենթակա աղբահանության պարտադիր վճարն է, Դ-ն` համայնքի ավագանու սահմանած դրույքաչափն է 1 տոննայի կամ 1 խորանարդ մետր աղբի համար, Ք կամ Ծ-ն` հաշվետու ամսում 1 բնակչի առաջացրած աղբի քաշն է (Ք) կամ ծավալը (Ծ), որը հաշվարկվում է տվյալ հաշվետու ամսում շենքի առաջացրած աղբի քաշը կամ ծավալը բաժանելով հաշվետու ամսում շենքում փաստացի բնակվող բնակիչների թվաքանակի վրա:
բ. ըստ համայնքում անշարժ գույքում հաշվառված անձանց քանակի` համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող յուրաքանչյուր բնակչի հիմքով սահմանված դրույքաչափի դեպքում` համայնքի ավագանու կողմից մեկ բնակչի համար սահմանված ամսական դրույքաչափից ելնելով.
գ. ըստ բնակարանի բնակելի մակերեսի` անշարժ գույքի գրանցված սեփականատիրոջ (համասեփականատերերի) համար` 1 քմ բնակելի մակերեսի հաշվով համայնքի ավագանու կողմից սահմանված ամսեկան դրույքաչափից ելնելով:
2) ոչ բազմաբնակարան շենքի դեպքում`
ա. ըստ առաջացրած աղբի ֆիզիկական մեծության հիմքով սահմանված դրույքաչափի դեպքում մեկ բնակչի համար`
ԱՎ = Դ x (Ք կամ Ծ) բանաձեւով,
որտեղ` ԱՎ-ն սույն կետում սահմանված աղբահանության պարտադիր վճար վճարող մեկ բնակչի կողմից վճարման ենթակա աղբահանության վճարն է, Դ-ն համայնքի ավագանու սահմանած դրույքաչափն է 1 տոննայի կամ 1 խորանարդ մետր աղբի համար, Ք կամ Ծ-ն` հաշվետու ամսում սույն կետում սահմանված աղբահանության պարտադիր վճար վճարող մեկ բնակչի առաջացրած աղբի քաշն է (Ք) կամ ծավալը (Ծ):
բ. ըստ համայնքում անշարժ գույքում հաշվառված անձանց քանակի` համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող յուրաքանչյուր բնակչի հիմքով սահմանված դրույքաչափի դեպքում` համայնքի ավագանու կողմից մեկ անձի համար սահմանված ամսական դրույքաչափից ելնելով:
գ. ըստ բնակելի տան/բնակարանի բնակելի մակերեսի անշարժ գույքի գրանցված սեփականատիրոջ (համասեփականատերերի) համար` 1 քմ բնակելի մակերեսի հաշվով համայնքի ավագանու կողմից սահմանված ամսեկան դրույքաչափից ելնելով:
3) սույն օրենքով նախատեսված եւ սույն մասի 1-ին, 2-րդ կետերով չնախատեսված վճարողների դեպքում`
ԱՎ = Դ x (Ք կամ Ծ) բանաձեւով,
որտեղ` ԱՎ-ն սույն կետով սահմանված աղբահանության պարտադիր վճար վճարողի կողմից վճարման ենթակա աղբահանության վճարն է, Դ-ն համայնքի ավագանու սահմանած դրույքաչափն է 1 տոննայի կամ 1 խորանարդ մետր աղբի համար, Ք կամ Ծ-ն սույն կետով սահմանված աղբահանության պարտադիր վճար վճարողի կողմից հաշվետու ամսում առաջացրած աղբի քաշն է (Ք) կամ ծավալը (Ծ):
3. Անշարժ գույքի սեփականատիրոջ ցանկացած հիմքով փոփոխության դեպքում նոր սեփականատիրոջն են անցնում աղբահանության վճարի գծով նախկին սեփականատիրոջ չկատարած պարտավորությունը կամ ավել վճարածի գերավճարի իրավունքը:
4. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալի կամ անհատույց օգտագործողի աղբահանության վճարի գծով պարտավորությունները նոր վարձակալին կամ անհատույց օգտագործողին չեն փոխանցվում, եթե այլ բան սահմանված է նոր կողմի հետ կնքված գործարքով:
5. Աղբահանության վճար վճարողի պարտավորությունը դադարում է կատարմամբ` դրամական միջոցների վճարմամբ, ինչպես նաեւ ֆիզիկական անձ հանդիսացող վճարողի մահվամբ, եթե`
ա) վճարողի անշարժ գույքն անժառանգ ճանաչվելու հիմքով փոխանցվել է համայնքին ի սեփականություն, կամ
բ) պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության կամ անհատույց օգտագործման մահացածի իրավունքը այլ անձի չի փոխանցվել:
Հոդված 16. Աղբահանության վճարի գերավճարները
1. Աղբահանության վճարի ավել մուծված գումարները հաշվարկվում են որպես կանխավճար կամ, այդ վճարը վճարողի դիմումի հիման վրա, ենթակա են համայնքի կողմից վերադարձման` դիմումը տալուն հաջորդող 30 օրվա ընթացքում, անկախ օպերատորի հետ պայմանագրի լուծման հանգամանքից:
2. Աղբահանության վճարը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ, եթե այդ վճարը վճարվել է ավելի, քան հաշվարկված գումարն է:
Հոդված 17. Աղբահանության վճարի վճարման կարգը
1. Աղբահանության վճարը վճարվում է կանխիկ կամ անկանխիկ յուրաքանչյուր ամսվա համար մինչեւ հաջորդող ամսվա 20-ը:
2. Աղբահանության վճարը հաշվարկողը մինչեւ հաջորդող ամսվա 10-ը աղբահանության համար վճարողներին իրազեկում է հաշվարկված վճարի չափի մասին, հաշվանցելով կանխավճարը:
Հոդված 18. Աղբահանության վճար վճարողներին հաշվառողները, աղբահանության վճարը հաշվարկողները եւ աղբահանության վճարի գանձումը
1. Աղբահանության վճար վճարողների հաշվառումը, աղբահանության վճարը հաշվարկելը, ինչպես նաեւ այդ վճարի գանձումը եւ համայնքի բյուջե փոխանցումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները, իսկ բազմաբնակարան շենքերի դեպքում` դրանց կառավարման մարմինները (առկայության դեպքում):
2. Աղբահանության վճար վճարողների հաշվառումը, աղբահանության վճարը հաշվարկելը, ինչպես նաեւ այդ վճարի գանձումը (մուտքագրումը) համայնքի բյուջե կամ արտաբյուջետային հաշիվ համայնքի ղեկավարի ներկայացմամբ եւ համայնքի ավագանու կողմից կարող են վերապահվել օպերատորին կամ այլ կազմակերպությանը (կազմակերպություններին):
3 Բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինները եւ/կամ օպերատորը աղբահանության վճար վճարողների հաշվառում, աղբահանության վճարի հաշվարկում, ինչպես նաեւ այդ վճարի գանձում իրականացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմնին է ներկայացնում ամսեկան տեղեկատվություն` հաշվետու ժամանակաշրջանում իրենց կողմից աղբահանության վճար վճարողների հաշվառման, պարտադիր վճարի հաշվարկման, ինչպես նաեւ այդ վճարի գանձման գործառույթների իրականացման արդյունքների (հաշվետվություն) վերաբերյալ:
4. Աղբահանության վճար վճարողների հաշվառման կարգը սահմանում է համայնքի ղեկավարը:
5. Աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման, ինչպես նաեւ այդ վճարի գանձման կարգի պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացնում է համայնքի ղեկավարը:
ԳԼՈւԽ 4
ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 19. Աղբահանության վճար վճարողների հիմնական իրավունքները
Աղբահանության վճար վճարողների հիմնական իրավունքներն են`
1) ինքնուրույն հաշվարկել իրենց կողմից կատարվող վճարի չափը եւ uտուգել դրա համապատաuխանությունը կատարված հաշվարկների հետ,
2) ծանոթանալ իրենց կողմից կատարվող վճարի չափի եւ հաշվարկների հետ, ինչպեu նաեւ տեղեկություններ uտանալ իրենց կողմից կատարված վճարումների մաuին,
3) oրենքով uահմանված կարգով բողոքարկել աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման, ինչպես նաեւ այդ վճարի գանձման համար համապատասխան պաշտոնատար անձանց գործողությունները այն մարմնին, որին անմիջականորեն ենթարկվում են այդ անձինք,
4) համայնքից կամ օպերատորից պահանջել աղբահանությունը կազմակերպողի պարտավորությունների ոչ պատշաճ կատարելու հետեւանքով իրենց կողմից սեփական միջոցների հաշվին կատարված աղբահանության ծախսերի հատուցում:
Հոդված 20. Աղբահանության վճար վճարողների հիմնական պարտականությունները
Աղբահանության վճար վճարողների հիմնական պարտականություններն են`
1) սույն օրենքով սահմանված ժամկետում եւ համայնքի ավագանու սահմանած դրույքաչափով վճարել աղբահանության վճարը,
2) ապահովել սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով իրենց կողմից տիրապետվող տարածքների մաքրությունը` սահմանված սանիտարա-հիգիենիկ կանոնների պահպանմամբ:
Հոդված 21. Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար
1. Աղբահանության վճարի վճարման ուշացման համար վճարողներից գանձվում է` տույժ յուրաքանչյուր ուշացված օրվա համար 0,15 տոկոս դրույքաչափով, բայց ոչ ավել, քան 180 օր:
2. Աղբահանության վճարի գծով չվճարած պարտքը գանձման ենթակա չէ, եթե վճարի հաշվարկման հաշվետու ամսվանից հետո անցել է երեք տարի:
3. Սույն հոդվածով նախատեսված տույժերը հաշվարկում ու գանձում են սույն օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված աղբահանության վճար վճարողներին գանձողները:
4. Օպերատորի պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման պատասխանատվությունը, ինչպես նաեւ պայմանագրի վաղաժամկետ լուծման հիմքերը սահմանվում են պայմանագրով:
ԳԼՈՒԽ 5
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 22. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո համայնքներում աղբահանության եւ/կամ սանիտարական մաքրման առկա պայմանագրերը գործում են կամ դրանց գործողությունը կարող է երկարացվել, ինչպես նաեւ համանմա պայմանագրեր կարող են կնքվել մինչեւ սույն օրենքով սահմանված պայմաններին ու պահանջներին համապատասխան օպերատորի հետ պայմանագիր կնքելը:
3. Սույն օրենքի ընդունումը պետության համար չի առաջացնում «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 2-րդ մասով եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 80-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված փոխհատուցման պարտավորություն:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման անհրաժեշտության
«Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ տվյալ ոլորտը կանոնակարգող իրավական դաշտը լիարժեք չէ, որի հետեւանքով էլ առկա է անարդյունավետ ինստիտուցիոնալ համակարգ: Այդ է վկայում Երեւան քաղաքում մի շարք փոքր պետական եւ մասնավոր ընկերությունների միջոցով աղբահանության ծառայությունների մատուցման ներկայիս ապակենտրոնացված համակարգի առկայությունը, որը բնութագրվում է ծառայության որակական մեծ տարբերություններով եւ անարդյունավետությամբ:
Վերոնշյալ նախագծերի ընդունումը հնարավորություն կտա կանոնակարգելով իրավական դաշտը հստակեցնել պետական ռազմավարությունը, ստեղծել ներդրումների եւ արդյունավետ գործունեության խթաններ, որոնց արդյունքում էլ համապատասխան պայմաններ կստեղծվեն մարդու առողջության եւ շրջակա միջավայրի վրա կոմունալ թափոնների բացասական (վտանգավոր) ներգործությունը նվազեցնելու եւ չեզոքացնելու, բնակչության համար հարմարավետ եւ էկոլոգիապես անվտանգ հնարավորություններ ապահովելու համար: