Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի «է» կետից հետո առաջին պարբերությունում «գրավոր հայտարարություն» բառերը փոխարինել «վերադաս հարկային մարմնի հաստատած ձեւով գրավոր հայտարարություն» բառերով:
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածում.
1) առաջին մասից հանել «` մինչեւ այդ գործարքի մասով ԱԱՀ-ի պարտավորության ծագման պահը» բառերը,
2) երկրորդ մասը «հաշվարկային» բառից հետո լրացնել «թղթային կամ էլեկտրոնային» բառերը եւ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.
«Էլեկտրոնային հարկային հաշիվը պետք է հանդիսանա էլեկտրոնային փաստաթուղթ եւ պաշտպանված լինի էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
Հարկային հաշիվ չեն համարվում օրենսդրությամբ կրճատ հաշիվ համարվող հաշվարկային փաստաթղթերը:»:
Հոդված 3. ՈՒժը կորցրած համարել Օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ կետը:
Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 20. Թղթային կամ էլեկտրոնային հարկային հաշվում պարտադիր նշվում են.
1) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած` ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջներով նախատեսված տվյալները,
2) ԱԱՀ-ի դրույքաչափն ու գումարը` առանձին տողով,
3) հարկային հաշվի սերիան ու համարը,
4) ԱԱՀ վճարողի հաշվառման համարը:
Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների օտարման դեպքերում հարկային հաշվում առանձնացվում է նաեւ ակցիզային հարկի գումարը:
Հարկային հաշվում առանձին տվյալների բացակայության (բացառությամբ` ԱԱՀ-ի գումարի) կամ սխալ լրացման դեպքում հարկային հաշիվը համարվում է սահմանված կարգի խախտումով լրացված հարկային հաշիվ:
Հարկային հաշիվները դուրս են գրվում`
1) էլեկտրոնային եղանակով կամ`
2) հարկային մարմնից ձեռք բերված հարկային հաշիվների թղթային ձեւերի լրացմամբ:
Հարկային մարմնից ձեռք բերվող հարկային հաշիվների ձեւերը ենթակա չեն այլ անձանց օտարման կամ պատճենահանման: Հարկային հաշիվների թղթային ձեւերի տրամադրման, դուրսգրման, պահպանման, ստացված հարկային հաշիվների ձեւերի օգտագործման վերաբերյալ հաշվետվության ներկայացման, խոտանված, անվավեր ճանաչված եւ չօգտագործված հարկային հաշիվների ձեւերի վերադարձման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Սույն օրենքի համաձայն` ԱԱՀ վճարող համարվող անձինք հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո, մինչեւ դրան հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ), Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներկայացնում են տեղեկանք հաշվետու ժամանակաշրջանում իրենց կողմից ձեռք բերված ապրանքների եւ ստացված ծառայությունների դիմաց մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների եւ իրենց կողմից մատակարարված ապրանքների եւ մատուցված ծառայությունների գծով դուրս գրված (գնորդներին տրված) հարկային հաշիվների վերաբերյալ: Տեղեկանքում ԱԱՀ վճարող անձը ներառում է տեղեկություններ միայն այն հարկային հաշիվների վերաբերյալ, որոնցում տվյալ անձին հարկային հաշիվ տրամադրած կամ նրանից հարկային հաշիվ ստացած անձի համար տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ստացված կամ տրամադրված հաշիվներում ներառված հարկվող շրջանառության արժեքը գերազանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը: Սույն մասում նշված տեղեկանքը կարող է ներկայացվել էլեկտրոնային եղանակով:
Սույն օրենքի 8 հոդվածի 4-րդ կետում նշված դեպքերում հարկային պարտավորություն կրելիս ավելացված արժեքի հարկ վճարող անձինք Հայաստանի Հանրապետությունում չգրանցված օտարերկրյա անձի անունից կարող են օրենքով սահմանված կարգով դուրս գրել հարկային հաշիվներ, որոնցում, որպես ապրանք առաքող կամ ծառայություն մատուցող անձի ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համար (Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այդպիսի կարգ սահմանված լինելու դեպքում) եւ հարկ վճարողի հաշվառման համար նշում են իրենց համապատասխան հաշվառման համարները: Նշված կարգով դուրս գրված հարկային հաշիվները համարվում են մատակարարի կողմից դուրս գրված:
Էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունները այդ հաշիվները դուրս գրողի կողմից չեն ներառվում սույն հոդվածով սահմանված տեղեկանքում.
1) այն հաշիվների մասով, որոնք դուրս են գրվել ինտերնատային կապի միջոցով,
2) այն հաշիվների մասով, որոնք դուրս են գրվել առանց ինտերնատային կապի եւ որոնց վերաբերյալ տեղեկատվությունը, մինչեւ տեղեկանքի ներկայացման ժամկետի ավարտը, էլեկտրոնային եղանակով ներկայացվել է հարկային մարմին:
Էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունները չեն ներառվում այդ հարկային հաշիվները ստացողի կողմից ներկայացման ենթակա` սույն հոդվածով սահմանված տեղեկանքում, եթե այդ հաշիվների ստացումը էլեկտրոնային կարգով, մինչեւ տեղեկանքի ներկայացման ժամկետի ավարտը, հավաստվել է ստացողի կողմից:
Սույն հոդվածով սահմանված տեղեկանքը հարկային մարմին չի ներկայացվում, եթե այլ պայմաններում դրանում ներառվելիք` բոլոր հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկություները սույն հոդվածի համաձայն ենթակա չեն ներառման հարկային մարմին ներկայացվող տեղեկանքում:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է ԱԱՀ վճարողների հաշվառման կարգը, հարկային հաշիվների դուրս գրման կարգը, հարկային մարմնից հարկային հաշիվների թղթային ձեւերի ձեռքբերման գինն ու կարգը, հարկային մարմնի կողմից տրամադրվող հարկային հաշիվների ձեւերի տպագրության, հարկային հաշվի սերիայի եւ համարի գեներացման կարգը:»:
Հոդված 5. ՈՒժը կորցրած համարել 23-րդ հոդվածի 1-ին կետի երրորդ պարբերությունը:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքի 1-ին հոդվածը կիրառվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար: